Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 6499 բայտ, 13:40, 29 Հունվարի 2013
   Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։
 
  Բայց թզուկները միաձայն կողմանկից էին ընթրելուն, ընդ որում անհապաղ, դրա համար էլ չցանկացան ուշանալ։ Պոնիների սանձերից բռնած՝ նրանք առաջ շարժվեցին։ Էլֆերը նրանց դուրս բերեցին ուղիղ գետափի երկարությամբ ձգվող մի լավ արահետ։ Գետակը հոսում էր արագ, աղմուկով, ինչպես բոլոր լեռնային վտակները ամառվա գիշերներին, երբ արևն ամբողջ օրը հալեցնում է լեռնագագաթների ձյունը։ Մի քարե կամուրջ էր տանում մյուս ափ, առանց բազրիքների, այնքան նեղ, որ պոնիները դժվարությամբ կարող էին անցնել։ Ստիպված եղան առաջ շարժվել զգուշորեն, մեկ-մեկ իրենց ետևից ձիերին տանելով։ Էլֆերը նրանց ուղին լուսավորում էին պայծառ լապտերներով և ուրախ երգեր երգում, մինչև ամբողջ խումբը գետն անցավ։
 
  ― Մորուքդ ջուրը չգցես, հերիկ,― գոռում էին էլֆերը Տորինին, որը կամրջոց քայլում էր երեքտակված։― Թրջել պետք չէ, առանց այդ էլ երկար է։
 
  ― Հետևեցեք, որ Բիլբոն բոլոր կեքսերը չուտի,― խնդրում էին մյուսները։
 
  ― Այդպիսի գիրուկը բանալու անցքով չի մտնի։
 
  ― Կամաց, կամաց, Բարի ժողովուրդ։ Բարի գիշեր․․․― կանգնեցրեց նրանց Հենդալֆը, որ եզրափակում էր երթը։― Հովիտներն էլ ականջներ ունեն, իսկ էլֆերից ոմանք՝ չափազանց երկար լեզու։ Բարի գիշեր։
Եվ այդ ժամանակ նրանք վերջապես մոտեցան Ընտանեկան Վերջին Հանգրվանին, որի դռները հյուրընկալորեն բաց էին։
 
 
  Տարօրինակ բան է․ լավի մասին, լավ անցկացրած օրերի մասին արագ են պատմում, և դրանց մասին լսելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Իսկ ահա այն մասին, ինչը տհաճ է, ինչը սարսափ կամ զզվանք է առաջացնում, երկար ու գրավիչ պատմություններ են պատմում։
 
  Ճանապարհորդները հյուրընկալ տանը շատ օրեր անցկացրին, ամենաքիչը տասնչորս, և չէին ուզում այստեղից հեռանալ։ Բիլբոն ուրախությամբ դեռ էլի ու էլի կմնար, նույնիսկ այն դեպքում, եթե կարողանար առանց որևէ դժվարության, ցանկությամբ միայն փոխադրվել տուն՝ հոբիտական իր բույնը։ Եվ այնուամենայնիվ այդ օրերի մասին պատմելու համարյա ոչինչ չկա։
 
  Տանտեր Էլրոնդը էլֆերի բարեկամն էր և այն մարդկանց առաջնորդը, որոնց նախնիների թվում էլֆեր և Հյուսիսը հայտնագործողներ են եղել։ Նա դեմքով ազնվածին էր ու գեղեցիկ, որպես բարի ոգիների տիրակալ, հզոր՝ որպես ռազմիկ, իմաստուն՝ որպես կախարդ, վեհապանծ՝ որպես թզուկների արքա, և բարի, ինչպես զով ամառը։ Էլրոնդի տունը ինքնին կատարելություն էր․ այնտեղ բոլորի համար էր լավ․ և՛ նրանց, ովքեր սիրում են ուտել ու քնել, և՛ նրանց, ովքեր սիրում են աշխատել, և՛ նրանց, ովքեր սիրում են պատմություններ լսել կամ պատմել, երգել կամ պազրապես նստել ու մտածել, և՛ նրանց, ովքեր սիրում են ամեն ինչ, բայց չափավոր։ Չարը այս հովտում տեղ չուներ։
 
  Մեր ճանապարհորդներն ու նրանց ձիերը մի քանի օրվա ընթացքում հանգստացան և ուժերը վերականգնեցին։ Նրանց տրամադրությունը բարձրացավ, հագուստները կարկատեցին, կապտուկները ու չանգռվածքները բուժեցին, պարկերը լցրեցին թեթևաքաշ, բայց շատ սննդարար ուտելիքով և մեծ քանակությամբ օգտակար խորհուրդներ տվեցին։ Այսպես նրանք ապրեցին մինչև Իվանի օրվա նախօրյակը և Իվանի օրը արևը ծագելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։
 
  Էլրոնդը կատարելապես գիտեր ամեն տեսակ սեպագրերը։ Մեկնելուց մեկ օր առաջ նա զննեց թրերը, որ գտել էին տրոլների որջում, և ասաց․
 
  ― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միաին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք․․․