Changes
/* 3. ԴԱԴԱՐ */
― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միաին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք․․․
― Հետաքրքիր է, ինչպես են դրանք ընկել տրոլների մոտ,― խոսեց Տորինը՝ հետաքրքրությամբ զննելով իր թուրը։
― Երևի ասել չի լինի,― պատասխանեց Էլրոնդը,― բայց կարելի է կռահել, որ ձեր տրոլները թալանել են ուրիշ հափշտակիչների կամ քանդել հանել են լեռներում թաքցրած ուրիշների ավարի մնացորդները։
Տորինը մտածում էր նրա ասածի շուրջը։
― Ես սա աչքիս լույսի պես կպահպանեմ,― ասաց նա։― Թող խորտակի գոբլիններին, ինչպես վաղեմի ժամանակներում․․․
― Հնարավոր է, որ ձեր ցանկությանը ի վերուստ վիճակված է կատարվել, հենց որ դուք հայտնվեք լեռներում,― նկատեց Էլրոնդը։― Այժմ ցույց տվեք քարտեզը։
Նա բացեց քարտեզը և գլուխն օրորելով երկար զննեց։ Էլրոնդը թզուկների նկատմամբ այնքան էլ բարեհաճ վերաբերմունք չուներ, ավելի ճիշտ՝ այնքան էլ չէր խրախուսում նրանց սերը դեպի ոսկին, բայց նա ատում էր վիշապներին, նրանց դաժանությունն ու խարդախությունը։ Նա ափսոսանքով էր հիշում Դեյլ քաղաքի ուրախ զանգերը, քանի որ հետո տեսել էր նրա ավերակներն ու Արագահոս գետի խանձված ափերը։ Քարտեզի վրա ընկնում էր լայն լուսնի արծաթե լույսը։ Էլրոնդը քարտեզը բարձրացրեց վեր, պահեց այնպես, որ լուսնի լույսը քարտեզի ետևից թափանցի։
― Սա ի՞նչ է,― բացականչեց նա,― սովորական սեպագրերի ետևում, որոնք ասում են․ «Հինգ ոտնաչափ բարձրությամբ դուռ, երեքը կարող են անցնել մի շարքով», լուսնային տառեր են երևում։
― Ի՞նչ բան է լուսնային տառը։― Հոբիտն այլևս չկարողացավ զսպել իրեն։ Ես արդեն ասել եմ, թե նա որքան էր քարտեզներ սիրում։ Նրան դուր էին գալիս նաև սեպագիր և, առհասարակ, ամեն տեսակ արտասովոր տառերն ու պաճուճավոր ձեռագրերը։ Նա ինքը մի երևելի ձեռագիր չուներ։
― Լուսնային տառերը նույն սեպագրերն են, բայց սովորաբար չեն երևում,― պատասխանեց Էլրոնդը։― Դրանք կարող ես տեսնել միայն լուսնյակ գիշերներին․ երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, իսկ կան այնպիսի խորամանկ լուսնային տառեր, որ երևոյմ են միայն լուսնի այն փուլում, որում եղել է լուսինը, երբ նկարել են այդ սեպագրերը։ Դրանք հնարել են թզուկները և գրել արծաթե փետուրով։ Այդ մակագրություններն արել են, ըստ երևույթին, այս գիշերվա նման մի գիշեր, Իվանի օրվա նախօրյակին։
― Ի՞նչ են նշանակում դրանք,―հարցրին Հենդալֆն ու Տորինը միաժամանակ, մի քիչ սրտնեղելով այն բանի համար, որ առաջինը Էլրոնդը հայտնաբերեց դա, չնայած, այն էլ ասենք, որ մինչև այժմ այդպիսի առիթ չէր ներկայացել։
― «Դյուրինի օրը կանգնիր մոխարգույն քարի մոտ, երբ կկչկչա կեռնեխը»,― կարդաց Էլրոնդը,― և մայր մտնող արևն իր վերջին ճառագայթը կնետի բանալու անցքի վրա»։
― Դյուրին, դե, իհարկե,― ձայնեց Տորինը։― Նա եղել է Երկարամորուք թզուկների հնագույն տոհմի ավագներից ավագը և իմ ամենավեջին նախահայրը։ Ես Դյուրինի շառավիղն եմ։
― Ի՞նչ բան է Դյուրինի օր,― հետաքրքրվեց Էլրոնդը։
― Ինչպես բոլորին պետք է հայտնի լինի, մենք Դյուրինի օր ենք անվանում այն օրը, երբ աշնան վերջին լուսինը և արևը միաժամանակ են լինում երկնքում։ Վախենում եմ, որ այդ իմացությունը մեզ այդքան էլ չի օգնի, քանի որ մեր ժամանակներում կորսված է այդպիսի օրվա գալու ժամկետը հաշվելու կարողությունը։
― Դա դեռ կտեսնենք,― միջամտեց Հենդալֆը։― Էլի որևէ բան գրվա՞ծ է։
― Այսօրվա լուսնով այլևս ոչինչ վերլուծել հնարավոր չէ,― պատասխանեց Էլրոնդը և քարտեզը տվեց Տորինին։ Դրանից հետո բոլորն իջան դեպի ջուրը, տեսնելու, թե ինչպես են երգում ու պարում էլֆերը։
Իվանի օրվա առավոտն այնքան հրաշալի էր, որ միայն երազել կարելի է․ լազուր երկնքում ոչ մի ամպ, արևի շողերը պարում էին ջրի վրա։ Ուղևորները ճանապարհ ընկան, նրանց ուղեկցում էին հրաժեշտի երգերն ու բարի մաղթանքները։ Նրանք պատրաստ էին հետագա արկածների համար և հաստատ գիտեին ճանապարհը, որ Մառախլապատ Լեռների միջով իրենց դուրս էր բերելու լեռներից այն կողմ գտնվող երկիրը։