Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Իսկ հիմա, տիրակալ,– ասաց Գենդալֆը,– շուրջդ նայիր: Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք գետի մոտից սկսվելով կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսսից էր փչում և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ, դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:
–Այստեղ շա՛տ ավելի լուսավոր է,– գոչեց Թեոդենը:
–Դու իրավացի ես,– ասաց Գենդալֆը: Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներն ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:
Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ որ բեռի տակ կռացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք, և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:
–Մութ էին իմ երազները,– ասաց նա,– բայց այժմ ես արթուն եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում: