Changes
Չորսն անց քսան րոպե, կամ կոպիտ ասած քսան րոպե այն բանից, երբ վերջին հույսն էլ կտրվեց, չպսակադրված հարսը, գլուխը խոնարհած, նյարդային քայլվածքով, ծնողների երկկողմյա հսկողությամբ ցած իջավ երկար քարե աստիճաններից։ Այնտեղ, ասես ձեռքից ձեռք հանձնելով, նրան տեղավորեցին լաքապատ այն սև մեքենաներից առաջինում, որոնք սպասում էին մայթի երկարությամբ երկու շարք կազմած։ Պահը բավական գեղանկարային էր և ամսագրային իլյուստրացիա էր հիշեցնում, ու ինչպես ընդունված է նման իլյուստրացիաներում, այնտեղ պատկերվեց նաև վկաների անհրաժեշտ քանակություն․ հարսանեկան հյուրեր (այդ թվում և ես), թեև, ջանալով հետևել օրինավորությանը, մարդիկ արդեն խմբերով դուրս էին թափվում տնից ու ագահաբար, եթե չասենք աչքները չորս արած, նայում էին հարսին։ Ու եթե ինչ֊որ բան մեղմում էր պատկերը, ապա դրա համար պետք էր գոհություն հայտնել եղանակին։ Հուլիսյան արևը դաղում էր ու այրում էր հազարավոր ֆոտոբռնկումների անողորմությամբ, այնպես որ կիսաուշաթափ վիճակում աստիճաններից իջնող հարսի դեմքը շողշողում էր ինչ֊որ մշուշում, և դա միանգամայն ժամանակին էր։
Գուցե խախտեմ պատմությանս կարգը, բայց կարծում եմ, որ այստեղ մի փոքր նահանջ պետք է կատարեմ, որպեսզի պատասխան տամ մի քանի մութ հարցերի։ Եվ դրանցից առաջինն այս է, թե ինչո՞ւ չէի իջնում մեքենայից։ Բացի ամեն տեսակ կողմնակի դատողություններից, հաստատ գիտեի, որ մեքենան ամբողջ խմբին տանում է հարսի ծնողների տուն։ Ու եթե կարողանայի որևէ արժեքավոր տեղեկություն ստանալ վշտաբեկ չպսակված հարսից կամ նրա անհանգստացած (գուցեև կատաղած) ծնողներից, դարձյալ ոչինչ չէր կարող հարթեցնել նրանց բնակարանում իմ հայտնվելու անհարմարությունը։ Հապա էլ ինչո՞ւ էի նստել մեքենայում։ Ինչո՞ւ դուրս չթռա, ասենք, այն ժամանակ, երբ մեքենան կանգ առավ լուսաֆորի առաջ։ Եվ վերջապես, ամենաանհասկանալին․ ինչո՞ւ առհասարակ նստեցի այդ մեքենան․․․
«Իրիկնային ստուգման ժամանակ շատ ցուրտ էր, և այնուամենայնիվ, միայն մեր դասակում վեց հոգի վատ զգացին, մինչ նվագախումբը «Աստաղային դրոշ» էր նվագում։ Հավանաբար, կանոնավոր արյան շրջանառություն ունեցող մարդու համար անտանելի է կանգնել «զգաստ» հրամանի տակ, մանավանդ եթե հրացանը պահում ես պատվի առած։ Ես, հավանաբար, ո՛չ արյան շրջանառություն ունեմ, ո՛չ զարկերակ։ Անշարժության հարցում ես ոնց որ տանը լինեմ։ «Աստդային դրոշի» տեմպը վերին աստիճանի համահնչյուն է ինձ։ Դա ինձ համար ռոմանտիկ վալսի ռիթմ է։
«Այսօր զարմանալիորեն ծիծաղելի նամակ եմ ստացել Բադիից․ նա նոր է ավարտել վերակարգը կամբուզում։ Գրում եմ Մյուրիելի մասին և միշտ մտածում եմ Բադիի մասին։ Բադին կատեր Մյուրիելին այն բանի համար, ինչի համար սա ուզում է ամուսնանալ, ես այդ մասին արդեն գրել եմ։ Բայց մի՞թե, դրա համար կարելի է ատել։ Ինչ֊որ տեսանկյունից, հավանաբար այո, բայց ինձ այդ ամենը այնքան մարդկային, այնքան գեղեցիկ է թվում, որ նույնիսկ հիմա էլ չեմ կարող գրել առանց խորապես, խորապես հուզվելու։ Բադին չէր հավանի նաև Մյուրիելի մայրիկին։ Նա սոսկալի զայրացնում է իր անառարկելիությամբ, իսկ Բադին այդպիսի կանանց տանել չի կարող։ Չգիտեմ, Բադին կհասկանա՞ր, թե նա ինչպիսին է իրականում։ Նա մի մարդ է, որ ընդմիշտ զրկված է ամեն տիպի ըմբռնումից, պոեզիան զգալու ճաշակից։ Հայտնի չէ, նման տիպերն ինչո՞ւ են ապրում աշխարհում։ Իսկ նա ապրում է, վազում է գաստրոնոմները, գնում է իր գոգեվերլուծողի մոտ, ամեն երեկո մի վեպ է կարդում, կորսետ է հագնում, հոգ է տանում Մյուրիելի առողջությանը, նրա բարօրությանը։ Ես սիրում եմ Մյուրիելին։ Ես նրան անսահման քաջարի եմ համարում։
«Ամբողջ վաշտն այսօր արձակուրդ չունի։ Մի ամբողջ ժամ հեռախոսի հերթի եմ կանգնել գրասենյակում, որպեսզի զանգահարեմ Մյուրիելին։ Նա կարծես թե ուրախացավ, որ այդ երեկո չեմ գնալու։ Դա ուրախություն ու հիացմունք է պատճառում ինձ։ Ամեն մի աղջիկ, եթե նույնիսկ իսկապես չցանկանա տվայլ երեկոն իր փեսացուի հետ անցկացնել, հեռախոսով անպայման ափսոսանք կհայտնի։ Իսկ երբ ես Մյուրիելին ասացի, թե չեմ կարող գնալ, նա ուրախությունից միայն բացականչեց՝ «Աա՜։ Ինչպե՜ս եմ պաշտում այդ պարզությունը, նրա անհավաըալի ազնվությունը։ Ինչպիսի՜ հույսեր եմ կապում նրա հետ։
«Առավոտյան 3,30 է։ Նստած եմ օրապահությունում։ Շինելը ուսերիս գցեցի պիժամայիս վրայից ու եկա այստեղ։ Հերթապահում է Էլը։ Ասպեզին։ Նա քնել է հատակին։ Կարող եմ նստել այստեղ, եթե նրա փոխարեն ես մոտենամ հեռախոսին։ Ա՜յ թե երեկո էր։ Ճաշին հայտնվեց միսիս Ֆեդերի հոգեվերլուծողը, ընդմիջումներով մինչև տասնմեկն անց կես հարցաքննության ենթարկեց ինձ։ Երբեմն շատ խորամանկորեն, ոչ հիմար ձևով։ Երկու անգամ ես նույնիսկ ենթարկվեցի նրան։ Երևում է նա իմ ու Բադիի հին երկրպագուներից է։ Կարծեմ, նա անձամբ և մասնագիտորեն հետաքրքրվում էր, թե ինչու են ինձ տասնվեց տարեկանում հանել ծրագրից։ Նա ինքը լսել էր Լինքոլնի մասին հաղորդումը, բայց այնպիսի տպավորություն է ստացել, իբր ես հայտարարեմ եմ եթերում, որ Լինքոլնի հետիսբուրգյան ճառը «վնասակար է երեխաների համար»։ Դա ճիշտ չէ։ Ես նրան բացատրեցի, որ ասել եմ, թե երեխաների համար վնասակար է այդ ճառն անգիր անել դպրոցներում։ Նա այնպիսի տպավորություն էր ստացել, իբր ես ասել եմ դա ողորմելի ճառ էր։ Ես նրան բացատրեցի, որ Հետիսբուրգի մոտ սպանվել և վիրավորվել են 51, 112 մարդ, ու եթե որևէ մեկին վիճակված էր ելույթ ունենալ այդ իրադարձության տարելիցի կապակցությամբ, ապա նա պետք է դուրս գար, թափահարեր բռունցքները հավաքվածների վրա ու հեռանար, եթե, իհարկե, հռետորը մինչև վերջ ազնիվ մարդ էր։ Նա ինձ չէր առարկում, բայց կարծես թե որոշեց, որ ես կատարելության ձգտելու կոմպլեքս ունեմ։ Նա երկար և բավական խելացիորեն խոսեց պարզ, անհրապույր կյանքի մասին, այն մասին, թե ինչպես պետք է ընդունել և՛ սեփական, և՛ ուրիշի թուլությունները։ Ես նրա հետ համաձայն եմ, միայն տեսականորեն։ Ես ինքս ամեն տիպի հանդուրժողականություն եմ ցուցաբերելու մինչև կյանքիս վերջը, հիմնվելով այն բանի վրա, որ դա առողջության գրավականն է, որ դա ինչ֊որ խիստ ռեալ, նախանձելի երջանկության գրավականն է։ Իրականում հենց դա Դաոյի ուղին, անշուշտ, ամենաբարձր ուղին։ Բայց խստապահանջ մարդը այդպիսի բարձրունքների հասնելու համար պետք է կտրվի պոեզիայից, քայլի պոեզիայի ետևից։ Որովհետև նա ոչ մի կերպ չի կարող սովորել կամ ստիպել իրեն վերացականորեն սիրել վատ պոեզիան, էլ չեմ ասում այն հավասարեցնել լավին։ Նա հարկադրված կլինի լիովին հրաժարվել պոեզիայից։ Եվ ես ասացի, որ դա անելը շատ դժվար բան է։ Դոկտոր Սիմսը ասաց, թե ես շատ կտրուկ եմ դնում հարցը, այդպես, նրա խոսքերով, կարող է անել նա, ով կատարելության է ձգտում բոլոր հարցերում։ Իսկ մի՞թե ես ժխտում եմ դա»։
Հիշում եմ, ինչպես ծածկեցի օրագիրը, նույնիսկ շրխկացրի «երջանիկ» բառի վրա։ Որոշ ժամանակ նստել էի, օրագիրը թևիս տակ դրած, մինչև որ բավական անհարմարություն զգացի վաննայի եզրին երկար նստելուց։ Ելա տեղիցս այնպես տաքացած, ասես վաննայից էի դուրս գալիս, ոչ թե պարզապես եզրին նստած էի եղել։ Մոտեցա կեղտոտ սպիտակեղենով լեցուն կողովին, բարձրացրի կափարիչը և գրեթե կատաղությամբ տառացիորեն այնտեղ նետեցի Սիմորի օրագիրը, կեղտոտ սավանների ու բարձի երեսների մեջ։ Հետո առավել գործնական մտքերի բացակայության հետևանքով նորից նստեցի վաննայի եզրին։ Մի պահ նայեցի դեղարկղիկի հայելուն, կարդալով Բու֊Բուի ուղերձը, հետո վեր կացա ու դուրս գալով լոգարանից, այնպես շրխկացրի դուռը, ասես հնարավոր էր ընդմիշտ փակել այդ շինությունը։
Անհաստատ քայլերով ես վերադարձա իմ բնակարանը՝ ջանալով քայլելիս արձակել բաճկոնիս կոճակները կամ մի կերպ հանել այն։
Ես միայն մեկ անգամ կարդացի այս գրառումը, փակեցի օրագիրը, տարա ննջարան և գցեցի Սիմորի պայուսակի մեջ, որ դրված էր պատուհանի մոտ, բազմոցի վրա։ Եվ հետո ընկա, ավելի ճիշտ ինքս փռվեցի մոտակա մահճակալին։ Ինձ թվաց, որ քնեցի կամ կորցրի գիտակցությունս ավելի շուտ, քան հպվեցի անկողնուն։