Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,– ասաց Ջիմլին: –Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն ի դեպ թզուկներն են օգնել կառուցել: Դե ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին և հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են ջահերը, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, նրա ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել, կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն՝ ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են նրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները՝ որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լուսը չի կարողանում թափանցել: Հանկարծ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ նրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...
–Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,– ժպտաց Լեգոլասը,– մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
–Դու ոչինչ չես հասկանում,– նեղացավ Ջիմլին: –Ոչ մի թզուկի սիրտ չի կարող անտարբեր մնալ նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չես գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ այնտեղ, երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր կտրելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: