Changes

Սպիտակ ժանիք

Ավելացվել է 125 284 բայտ, 20:27, 4 Ապրիլի 2015
/* ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ */
== Գլուխ I։ Հեռավոր ուղևորություն ==
Դա զգացվում էր օդից։ Սպիտակ ժանիքը աղետի հոտն առավ ավելի շուտ, քան դա իմաց տվեց իր մոտենալը։ Գալիք փոփոխության լուրը ինչ֊որ անհայտ ուղիներով հասավ նրան։ Նախազգացումը սկիզբ առավ նրա մեջ աստվածների հանցանքով, թեև նա իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչու և ինչպես եղավ դա։ Աստվածները մտքից չացկացնելով՝ իրենց մտադրությունները հայտնեցին շանը, և սա արդեն չէր հեռանում խրճիթի անդաստակից ու առանց մտնելու սենյակ՝ գիտեր, որ մարդիկ մի բան են նյութում։ — Ականջ դրեք,— ասաց մի անգամ Մեթը ընթրիքի ժամանակ։ Ուիդոն Սքոթը ականջ գրեց։ Դռան մյուս կողմից տագնապալի կաղկանձ էր լսվում, որ ավելի շուտ նման էր զսպված լացի։ Հետո էլ լսվեց, թե ինչպես Սպիտակ Ժանիքը հոտոտում է դուռը՝ ցանկանալով համոզվել, որ իր աստվածը դեռ այնտեղ է և ոչ թե անհետացել է խորհրդավոր կերպով, ինչպես այն անգամ։ — Հասկացել է՝ ինչն ինչոց է,— ասաց սահնակավարը։ Ուիդոն Սքոթը համարյա պաղատագին նայեց Մեթին, սակայն նրա խոսքերր չէին համապատասխանում աչքերի արտահայտությանը։ — Ինչի՞ս է պետք գայլը Կալիֆորնիայում,— հարցրեց նա։ — Ես էլ հենց այդ եմ ասում,— պատասխանեց Մեթը.— ինչների՞դ է պետք գայլը Կալիֆորնիայում։ Բայց այս խոսքերը չբավարարեցին Ուիդոն Սքոթին. նրան թվաց, թե Մեթը դատապարտում է իրեն։ — Մեր շները նրա հախիցը չեն գա,— շարունակեց Սքոթը.— սա բոլորին էլ կգզի։ Եվ եթե ես վերջնականապես չսնանկանամ հենց միայն տուգանքները վճարելուց, ոստիկանությունը, մեկ է, կվերցնի դրան ինձանից և իր ուզած ձևով կփակի հաշիվը։ — Իսկական ելուզակ է, ի՜նչ խոսք,— հաստատեց Մեթը։ Ուիդոն Սքոթը անվստահ նայեց նրան։ — Ոչ, անկարելի է դա,— ասաց նա կտրականապես։ — Իհարկե անկարելի է,— համաձայնեց Մեթը։— Դուք էլ ստիպված կլինեք մի հատուկ մարդ կցել դրան։ Սքոթի բոլոր տատանումները փարատվեցին։ Նա հրճվազին գլխով արեց։ Դրան հաջորդած լռության մեջ լսվեց, թե ինչպես Սպիտակ ժանիքը կամացուկ կաղկանձում է՝ ասես զսպելով լացը, և դուռն է հոտոտում։ — Բայց և այնպես սաստիկ կապվել է ձեզ,— ասաց Մեթը։ Սքոթը հանկարծ բորբոքվեց. — Գրո՛ղը տանի ձեզ, Մե՛թ։ Ինքս էլ գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ — Չեմ վիճում, միայն թե... — Միայն թե ի՞նչ,— ընդհատեց Սքոթը։ — Միայն թե...— կամացուկ սկսեց սահնակավարը, բայց հանկարծ դարձավ համարձակ ու այլևս չսքողեց, թե բարկանում է.— ինչո՞ւ եք այդպես վրդովվել։ Ձեզ նայողը կասի, թե այնուամենայնիվ չեք իմանում ինչ անեք։ Մի րոպե Ուիդոն Սքոթը պայքարում էր ինքն իր հետ, հետո արդեն ասաց ավելի մեղմ շեշտով․ — Իրավունք ունեք, Մե՛թ. ինքս էլ չեմ իմանում ինչ անեմ։ Ամբողջ ցավն էլ այդ է...— Եվ մի փոքր լռելուց հետո ավելացրեց.— ոչ, իհարկե, կատարյալ անմտություն կլիներ շանը տանել ինձ հետ։ — Լրիվ համաձայն եմ ձեզ,— պատասխանեց Մեթը, բայց նրա խոսքերը այս անգամ էլ չբավարարեցին տիրոջը։ — Ինչպե՞ս է նա գուշակում, որ դուք մեկնում եք. ահա թե ինչը չեմ կարողանում հասկանալ,— շարունակեց Մեթը՝ կարծես բան չէր եղել։ — Ես ինքս էլ չեմ հասկանում,— պատասխանեց Սքոթը՝ գլուխը տխրագին օրորելով։ Հետո արդեն եկավ այն օրը, երբ խրճիթի բաց դռնից Սպիտակ Ժանիքը տեսավ, թե ինչպես իր տերը իրերն է տեղավորում նույն այն անիծած ճամպրուկի մեջ։ Սքոթն ու Մեթը ստեպ-ստեպ ելումուտ էին անում, և խրճիթի խաղաղ կյանքը խախտվել էր։ Սպիտակ Ժանիքն այլևս ոչ մի կասկած չուներ․ վաղուց էր նա դժբախտության հոտն առել, հիմա էլ հասկացավ, թե ինչ է սպառնում իրեն աստվածը դարձյալ պատրաստվում էր փախչել։ Եվ եթե առաջին անգամ իրեն հետը չտարավ, ապա ակներևաբար չի տանի և հիմա։ Այդ գիշեր Սպիտակ Ժանիքը ոռնոց գցեց՝ գայլի երկարաձիգ ոռնոց։ Սպիտակ Ժանիքը ոռնում էր դունչը ցցած դեպի անտարբեր աստղերը և իր վիշտն էր թափում նրանց առաջ ճիշտ այնպես, ինչպես մանկության օրերին, երբ խուլ Հյուսիսից ետ դառնալով՝ ավանը չգտավ և միայն աղբակույտ տեսավ այն տեղում, որտեղ առաջ Գորշ Ջրշունի վիգվամն էր։ Խրճիթում նոր էին անկողին մտել։ — Նորից դադարել է բան ուտել,— ասաց իր թախտից Մեթը։ Ուիդոն Սքոթը մի բան մրթմրթաց և շուռումուռ եկավ վերմակի տակ։ ― Այն Ժամանակ կարոտամաշ էր լինում, իսկ հիմա երևի սատկի։ Մյուս թախտի վրա վերմակը նորից սկսեց շարժվել։ — Սուս արեք, էլի՛,— խավարում գոռաց Սքոթը,― պառավ կնկա պես մի բան ես գցել գլուխդ։ — Միանգամայն ճիշտ է,— պատասխանեց սահնակավարը, իսկ Սքոթը հաստատ համոզված չէր, թե Մեթը լռելյայն չի ծիծաղում իր վրա։ Հաջորդ օրը Սպիտակ ժանիքի անհանգստությունն ու վախը սաստկացավ միայն։ Նա կրնկակոխ հետևում էր տիրոջը, իսկ երբ Սքոթը մտնում էր խրճիթ, տնկվում էր անդաստակին։ Բաց դռնից նա տեսնում էր հատակին դրված իրերը, ճամպրուկին ավելացել էին երկու խոշոր պայուսակ ու մի արկղ։ Մեթը տեղավորում էր Սքոթի վերմակն ու մուշտակե զգեստը բրեզենտե տոպրակի մեջ։ Սպիտակ Ժանիքը նայելով այդ պատրաստություններին կաղկանձեց։ Շուտով երկու հնդկացի երևացին խրճիթի մոտ։ Սպիտակ Ժանիքը ուշադիր դիտեց, թե ինչպես նրանք իրերն առան ուսերին և իջան բլրից Մեթի հետևից, որը ճամպրուկն ու բրեզենտե տոպրակն էր տանում։ Շուտով Մեթը վերադարձավ։ Սքոթը դուրս եկավ անդաստակ և Սպիտակ Ժանիքին կանչեց խրճիթ։ — Ի՜նչ ասեմ քեզ, խղճո՛ւկս,— քնքշագին ասաց նա քոբելով նրա ականջատակը և շոյելով մեջքը։― Մեկնում եմ, բարեկա՛մս։ Այդքան հեռու տեղ չեմ կարող քեզ տանել։ Դե՛, մռնչա հրաժեշտի առթիվ, մռնչա՛, մռնչա ինչպես պետք է։ Բայց Սպիտակ Ժանիքը հրաժարվում էր մռնչալ։ Փոխարենը նա մի տխրագին խուզարկու հայացք նետեց տիրոջը և գլուխը թաքցրեց նրա թևատակը։ — Շչա՛կը,— գոչեց Մեթը։ Յուքոնից լսվեց շոգենավի շչակի ականջ ծակող ճիչը։ — Վերջացրեք հրաժեշտը և մի մոռանաք փակել առջևի դուռը։ Ես դուրս կգամ հետևից։ Շտապեցե՛ք։ Երկու դռներն էլ միաժամանակ փակվեցին, և Սքոթը սպասում էր անդաստակի վրա, մինչև Մեթը դուրս գար խրճիթի անկյունից։ Դռան հետևից լսվեց լացի նմանվող ցածրաձայն վնգստոց։ Այնուհետև Սպիտակ Ժանիքն սկսեց ամբողջ կրծքով օդ ներշնչել՝ քիթը շեմքին կպցրած։ — Լավ նայեցեք նրան, Մե՛թ,— ասում էր Սքոթը, երբ նրանք իջնում էին բլրից։― Գրեցեք ինձ, թե ինչպես է օրերն անցկացնում այստեղ։ — Անպայման,— պատասխանեց սահնակավարը։― Կացե՛ք... Լսո՞ւմ եք։ Նա կանգ առավ։ Սպիտակ Ժանիքը ոռնում էր, ինչպես շներն էին ոռնում իրենց տիրոջ դիակի վրա։ Խոր վիշտ էր հառնում այդ ոռնոցից, որը վերածվում էր մերթ սրտակեղեք լացի, մերթ էլ աղերսաձայն տնքոցների, մերթ կրկին վեր էր թռչում՝ հուսահատության նոր պոռթկումից։ «Ավրորա» շոգենավը առաջինն էր այս տարի մեկնում Քլոնդայկից, և նրա տախտակամածները լեփ֊լեցուն էին ուղևորներով։ Այդտեղ խռնվել էին մարդիկ, որոնց բախտը բանել էր ոսկու հետազոտման գործում, մարդիկ, որոնց սնանկացրել էր ոսկու տենդը, և բոլորն էլ շտապում էին մեկնել այդ երկրից, ինչպես մի ժամանակ ձգտում էին հասնել այդտեղ։ Կամրջակի մոտ կանգնած Սքոթը հրաժեշտ էր տալիս Մեթին։ Սահնակավարն արդեն ուզում էր իջնել ափ, երբ հանկարծ նրա աչքն ընկավ տախտակամածի խորքում գտնվող մի բանի վրա, և նա չպատասխանեց Սքոթի ձեոքսեղմումին։ Սա ետ նայեց, նրանցից մի քայլ հեռու նստել էր Սպիտակ Ժանիքը ու կարոտաբաղձ նայում էր իր տիրոջը։ Մեթը կիսաձայն նզովում էր, իսկ Սքոթը նայում էր շանը խիստ վարանած։ — Առջևի դուռը փակե՞լ եք։ Սքոթը գլխով արեց ու հարցրեց․ — Իսկ դուք՝ հետևի՞նը։ — Իհարկե փակել եմ,— եռանդագին պատասխանեց Մեթը։ Սպիտակ ժանիքը շողոքորթ արտահայտությամբ սեղմել էր ականջները, բայց շարունակում էր նստած մնալ մի կողմ ում՝ չփորձելով մոտենալ նրանց։ — Ստիպված կլինեմ տանել ինձ հետ։ Մեթը երկու քայլ առաջացավ դեպի Սպիտակ ժանիքը, բայց սա նետվեց մի կողմ։ Սահնակավարն ընկավ նրա հետևից, սակայն Սպիտակ ժանիքը սահեց ուղևորների ոտքերի արանքով։ Խույս տալով, մի կողմից մյուսը նետվելով՝ նա վազվզում էր տախտակամածի վրա ու չէր հանձնվում Մեթին։ Սակայն բավական էր, որ Սքոթը խոսի, և Սպիտակ ժանիքը հլու֊հնազանդ մոտենա նրան։ — Որքա՜ն ժամանակ կերակրել եմ սրան, իսկ նա չի էլ թողնում մոտենամ իրեն,— նեղացած մրթմրթաց սահնակավարը։― Իսկ դուք գոնե մի անգամ կերակրեիք այն առաջին օրվանից հետո։ Ինձ որ սպանեք էլ, չեմ կարող ասել, թե ինչպես կռահեց, որ տերը դուք եք։ Սքոթը, որ շոյում էր Սպիտակ ժանիքին, հանկարծ կռացավ ու ցույց տվեց թարմ կտրվածքներ դնչի վրա ու մի խոր վերք էլ աչքերի միջև։ Մեթը ձեռքով տնտղեց նրա փորը։ — Իսկ լուսամուտը երկուսս էլ մոռացել ենք, չէ՞։ Հապա մի նայեցեք՝ ամբողջ փորը կտրատված է։ Երևի ջարդել է ապակին ու դուրս նետվել։ Սակայն Ուիդոն Սքոթը չէր լսում և արագ մի բան էր մտմտում։ «Ավրորան» վերջին անգամ սուլեց։ Ողջերթ մաղթողներն շտապ֊շտապ իջնում էին ափ։ Մեթը արձակեց վզի թաշկինակը և ուզեց Սպիտակ Ժանիքին կապելու տանել։ Սքոթը բռնեց նրա ձեռքը։ — Մնաք բարո՜վ, Մե՛թ, մնաք բարո՜վ, բարեկա՛մս։ Ինչպես երևում է՝ գայլի մասին գրելու կարիք չեք ունենա... Ես․․․ ես․․․ — Ի՞նչ,— բացականչեց սահնակավարը,— չլինի՞ թե դուք... — Այդ է որ կա։ Թաքցրեք ձեր թաշկինակը։ Ես ինքս կգրեմ ձեզ նրա մասին։ Կամրջակի վրա Մեթը հապաղեց․ ― Կլիմային չի՜ դիմանա։ Շոգ եղանակին հարկ կլինի, որ խուզեք դրա մազերը։ Կամրջակը վեր քաշեցին, և «Ավրորան» հեռացավ ափից։ Ուիդոն Սքոթը ձեռքով հրաժեշտ տվեց Մեթին ու շրջվեց դեպի կողքին կանգնած Սպիտակ Ժանիքը։ — Դե՛ հիմա մռնչա, անպիտան, մռնչա՛,— ասաց՝ նայելով վստահությամբ իր ոտքերին փարած Սպիտակ Ժանիքին ու քորելով ականջատակերը։ 
== Գլուխ II։ Հարավում ==
Սպիտակ Ժանիքը շոգենավից իջավ Սան֊Ֆրանցիսկոյում։ Ցնցված էր նա։ Հզորության պատկերացումը նրա մեջ միշտ էլ միանում էր աստվածության պատկերացման հետ։ Եվ երբեք մարդիկ այնքան հրաշագործ չէին թվացել նրան, որքան հիմա, երբ ինքը քայլում էր Սան֊Ֆրանցիսկոյի սայթաքուն մայթերով։ Իրեն ծանոթ գերանե խրճիթների փոխարեն երկու կողմից բարձրանում էին հսկայական շենքեր։ Փողոցները լի էին ամեն տեսակ վտանգով՝ սայլակներով, կառքերով, ավտոմոբիլներով, խոշոր ֆուրգոններին լծված հաղթահասակ ձիերով, իսկ դրանց միջև երթևեկում էին սարսափելի տրամվայները, որոնք անընդհատ սպառնում էին Սպիտակ ժանիքին սուր զնգոցով ու շառաչով, իսկ դա հիշեցնում էր նրան այն լուսանի ծղրտոցը, որին հանդիպել էր Հյուսիսի անտառներում։ Ամբողջ շրջապատը հզորության ապացույց էր։ Այդ ամենի տակ զգացվում էր իրերի վրա իր իշխանությունը հաստատած տիրակալ մարդու ներկայությունը։ Սպիտակ ժանիքը շշմել ու ընկճվել էր այդ տեսարանից։ Սեփական ոչնչության գիտակցությունը համակեց խրոխտ, կենսալի շանը, կարծես նա դարձյալ վերածվեց հեռավոր Հյուսիսից դեպի Գորշ Ջրշունի ավանը հասած լակոտին։ Իսկ ինչքա՜ն շատ աստվածներ կային այստեղ։ Սպիտակ Ժանիքի աչքերր խտղտում էին նրանցից։ Փողոցային դղրդոցը խլացնում էր նրան. նա գլուխր կորցրել էր իրերի անընդհատ հոսանքից ու միմյանց հաջորդելուց։ Ավելի քան երբեք զգում էր նա իր կախումը տիրոջից և կրնկակոխ քայլում էր նրա հետևից՝ ջանալով տեսողությունից չկորցնել։ Քաղաքն անցավ մղձավանջի պես, բայց դրա հուշը երկար ժամանակ հետապնդում էր Սպիտակ ժանիքին քնի մեջ։ Այդ նույն օրն էլ տերը կապեց նրան բեռավադոնի մի անկյունում՝ ճամպրուկների ու սնդուկների կույտի միջև։ Այդտեղ ամեն ինչի կարգադրողը մի թիկնեղ, խիստ ուժեղ աստված էր, որ դխդխկացնելով շարժում էր սնդուկներն ու ճամպրուկները, քաշում էր դրանք վագոն, դիզում իրար վրա և կամ դռնից դուրս նետում, ուր բռնում էին դրանք այլ աստվածներ։ Եվ այդտեղ՝ այդ զարհուրելի դժոխքում, տերը լքեց Սպիտակ Ժանիքին, համենայն դեպս, Սպիտակ Ժանիքը լքված էր համարում իրեն մինչև այն պահը, երբ տիրոջ իրերի հոտն առավ իր կողքից, և երբ հոտն առավ, պահակ կանգնեց դրանց մոտ։ ― ժամանակին բարեհաճեցիք գալ,— մրթմրթաց թիկնեղ աստվածը, երբ մի ժամ հետո դռան մեջ երևաց Ուիդոն Սքոթը։— Այս շունը չթողեց ձեռք տամ ձեր ճամպրուկներին։ Սպիտակ Ժանիքը դուրս եկավ վագոնից։ Նորից անակնկալ․ մղձավանջը վերջացավ։ Նա վագոնն ընդունել էր որպես ամեն կողմից քաղաքով շրջապատված տան մի սենյակ։ Բայց այդ ժամվա ընթացքում քաղաքն անհետացել էր։ Նրա դղրդոցն արդեն չէր խուժում ականջները։ Սպիտակ Ժանիքի առջև տարածվել էր մի ուրախ, արևաշող ու խաղաղիկ երկիր։ Բայց այդ փոփոխության վրա զարմանալու ժամանակ չկար։ Սպիտակ ժանիքը հաշտվեց դրա հետ, ինչպես հաշտվում էր աստվածների յուրաքանչյուր քայլափոխին ուղեկցող բոլոր հրաշքներին։ Նրանց սպասում էր մի երկանիվ։ Մի տղամարդ ու մի կին մոտեցան տիրոջը։ Կինը պարզեց թևերն ու գրկեց տիրոջ վիզը... Թշնամի՜ է դա։ Հաջորդ րոպեին Ուիդոն Սքոթը պոկվեց այդ կնոջ գրկից ու բռնեց Սպիտակ ժանիքին, որը ցասումից խելակորույս մռնչում էր ու դիվոտում։ — Վնաս չունի, մայրի՛կ,— ասում էր Սքոթը առանց բաց թողնելու Սպիտակ Ժանիքին և ջանալով հանդարտեցնել նրան։― Սա կարծում էր, թե դուք ուզում եք նեղացնել ինձ, իսկ դա թույլ չի տրվում անել։ Ոչինչ, վնաս չունի, շուտով ամեն ինչ կհասկանա։ — Իսկ մինչ այդ ես կարող կլինեմ իմ սերն արտահայտել իմ որդուն միայն այն ժամանակ, երբ նրա շունը մոտերքում չի լինի,— ծիծաղեց տիկին Սքոթը, թեև նրա դեմքը սարսափից սպիտակել էր։ Նա նայում էր Սպիտակ ժանիքին, որը տակավին մռնչում էր և ամբողջովին փշաքաղված աչքերը չէր կտրում նրանից։ — Շուտով ամեն ինչ կհասկանա. ա՛յ, կտեսնեք, պե՛տք է հասկանա,— ասաց Սքոթը։ Եվ սկսեց քաղցրությամբ խոսել Սպիտակ Ժանիքի հետ ու վերջնականապես հանգստացնելուց հետո, խստաձայն գոչեց. — Պառկի՛ր. քե՛զ եմ ասում։ Սպիտակ Ժանիքին արդեն ծանոթ էին այս բառերը, և նա ենթարկվեց հրամանին, թեև չկամությամբ։ — Հը՜, տեսա՞ր, մայրիկ։ Սքոթը պարզեց ձեռքը՝ առանց աչքը կտրելու Սպիտակ Ժանիքից։ — Պառկի՛ր,— գոչեց նա մի անգամ ևս։ Սպիտակ ժանիքը փշաքաղվեց, կիսով չափ վեր կացավ, բայց իսկույն էլ նստեց տեղը՝ շարունակելով հետևել անծանոթ աստվածների թշնամական գործողություններին։ Մինչդեռ ո՛չ կինը, ո՛չ էլ տղամարդը, որ նրանից հետո գրկեց տիրոջը, ոչ մի վատ բան չարեցին նրան։ Անծանոթներն ու տերը իրերը դարսեցին երկանվի մեջ, նստեցին այնտեղ, և Սպիտակ ժանիքը վազեց նրա հետևից՝ ժամանակ առ ժամանակ կիպ մոտենալով ձիերին և կարծես նախազգուշացնելով նրանց, թե ինքը թույլ չի տա ոչ մի վնաս հասցնել աստծուն, որին նրանք այդքան արագ տանում են ճանապարհով։ Քառորդ ժամ հետո երկանիվը մտավ քարաշեն դարպասից ներս ու ընթացավ խիտ, վերևից իրար գրկած պնդուկի թփերով երիզված ծառուղով։ Ծառուղու այս ու այն կողմը փռված էր մի մեծ մարգագետին, ուր տեղ֊տեղ հուժկու կաղնիներ էին երևում։ Մարգագետնի խուզված կանաչը ստվերում էին ոսկեթուխ ու արևախանձ դաշտեր. ավելի հեռվում կային բլուրներ լանջերին արոտավայրեր։ Ծառուղու ծայրին, բլրակի վրա, կար մի տուն՝ երկար պատշգամբով ու բազմաթիվ պատուհաններով։ Բայց Սպիտակ ժանիքը այդ ամենը լավ դիտելու ժամանակ չունեցավ։ Երկանիվը նոր էր մտել ծառուղին, երբ վրդովմունքից ու չարությունից բոցավառվող աչքերով մի գամփռ հարձակվեց նրա վրա։ Եվ Սպիտակ ժանիքը կարվեց տիրոջից։ Ամբողջ մարմնով փշաքաղված և ինչպես միշտ լռելյայն, նա պատրաստվում էր ջախջախիչ հարված հասցնել նրան, բայց այնպես էլ հարվածը չհասցվեց։ Սպիտակ Ժանիքը կանգ առավ ճամփի կեսին ասես քարացած ու նստեց հետևի թաթերին՝ ջանալով ինչ էլ լինի խուսափել այդ շան հետ շփում ունենալուց, որին մի րոպե առաջ ուզում էր գետին գցել։ Էգ էր այդ շունը, իսկ նրա ցեղի օրենքը պահպանում էր նրան այդպիսի հարձակումներից։ Հարձակվել քածի վրա՝ Սպիտակ ժանիքի համար նշանակում էր ոչ ավեի, ոչ պակաս գործել բնազդի հրամանի դեմ։ Սակայն բնազդը բոլորովին այլ բան էր ասում էգին։ Որպես գամփռ՝ նա անգիտակից վախ էր զգում հեռավոր Հյուսիսից և մանավանդ նրա այնպիսի բնակչից, ինչպիսին է գայլը։ Սպիտակ Ժանիքը գամփռի համար գայլ էր՝ վաղնջական թշնամին, որ հոտեր էր կողոպտում դեռ այն հեռավոր ժամանակներում, երբ առաջին մաքին հանձնվեց նրա հեռավոր նախնիների հոգատարությանը։ Ուստի և հենց որ Սպիտակ Ժանիքը հրաժարվելով կռվից կանգ առավ, գամփռն ինքը հարձակվեց նրա վրա։ Նա ակամա մռնչաց՝ զգալով, թե ինչպես սուր ատամները խրվեցին իր ուսը, բայց և այնպես գամփռին չկծեց, այլ միայն շվաթված ետ֊ետ գնաց՝ ջանալով շրջանցել նրան։ Սակայն և այնպես նրա բոլոր ջանքերր զուր էին անցնում․ գամփռը ճամփա չէր տալիս նրան։ — Ե՛տ, Կոլլի, ե՛տ,— գոռաց երկանիվում նստած անծանոթը։ Ուիդոն Սքոթը ծիծաղեց։ — Վնաս չունի, հա՛յր։ Սա լավ դաս է Սպիտակ ժանիքի համար։ Շատ բանի պետք է նա վարժվի։ Ուրեմն թող միանգամից սկսի։ Ոչի՜նչ, մի կերպ գլուխը կպահի։ Երկանիվը հեռանում էր, իսկ Կոլլին դեռևս փակում էր Սպիտակ Ժանիքի ուղին։ Նա փորձեց առաջ անցնել գամփռից, իրեն գցեց բացատը, բայց մյուսը վազեց ներքին շրջանով, և Սպիտակ Ժանիքը ամենուրեք դեմ էր առնում նրա բաց երախին։ Սպիտակ Ժանիքը շրջվեց ետ՝ դեպի մյուս բացատը, բայց այստեղ էլ գամփռը հասավ նրան։ Իսկ երկանիվը տանում էր տիրոջը։ Սպիտակ ժանիքը տեսնում էր, թե ինչպես կառքը քիչ-քիչ անհետանում է ծառերի հետևում։ Դրությունն անելանելի էր։ Նա փորձեց մի շրջան ևս կատարել։ Գամփռը ետ չէր մնում։ Այն ժամանակ Սպիտակ Ժանիքը ամբողջ թափով շրջվեց դեպի նա։ Որոշեց գործադրել իր փորձված մարտական հնարանքը. խփեց նրա ուսին ու գցեց դետին։ Գամփռը այնքան արագ էր վազում, որ այդ հարվածը ոչ միայն դետին տապալեց նրան, այլև իներցիայի ուժով մի քանի անգամ իրար հետևից թավալգլոր արեց։ Եվ ջանալով կանգ առնել՝ ճանկերով հողը փորեց և բարձրաձայն ոռնաց վրդովմունքից ու վիրավորված հպարտությունից։ Սպիտակ Ժանիքը չսպասեց։ Ճանապարհը ազատ էր, իսկ նրան այդ էր միայն պետք։ Շարունակելով գռմռալ գամփռը ընկավ նրա հետևից։ Սպիտակ Ժանիքն էլ ուղիղ գծով ծլկեց, իսկ ինչ վերաբերում է վազել կարողանալուն, ապա այս հարցում գամփռը շատ բան կարող էր սովորել նրանից։ Սա արշավում էր ջղայնացած հաչելով՝ ամեն մի նոր ոստյունի համար բոլոր ուժերը հավաքելով, իսկ Սպիտակ Ժանիքը սլանում էր առջևից լռելյայն, առանց նվազագույն լարման և ուրվականի պես էր սահում խոտի վրայով։ Շրջանցելով տունը՝ Սպիտակ Ժանիքը տեսավ, թե ինչպես տերը դուրս է գալիս շքամուտքի առաջ կանգ առած երկանվից։ Նույն րոպեին էլ նա հասկացավ, որ մի նոր հարձակում է պատրաստվում իր վրա։ Նրա վրա էր սլանում մի շոթլանդական քերծե։ Սպիտակ ժանիքը ուզում էր արժանի ընդունելություն ցույց տալ նրան, բայց չկարողացավ միանգամից կանգ առնել, իսկ քերծեն արդեն համարյա իր կողքին էր։ Սա կողքից հարձակվեց նրա վրա։ Այդպիսի անսպասելի հարվածից Սպիտակ ժանիքը ամբողջ թափով գլուխկոնծի տվեց ու թավալգլոր գնաց։ Իսկ երբ ոտքի ելավ, նրա տեսքը ահարկու էր, ականջները սեղմ կպած էին գլխին, ջղաձգորեն երերում էին շրթունքներն ու քիթը, ժանիքները կափկափում էին քերծեի կոկորդից համարյա մի մատնաչափ հեռու։ Տերը շտապեց ազատելու, բայց նա շատ հեռու էր շներից, և քերծեին փրկողը եղավ Կոլլի գամփռը։ Վրա հասնելով ճիշտ այն պահին, երբ Սպիտակ ժանիքը պատրաստվում էր ոստյունի, Կոլլին թույլ չտվեց մահացու հարված հասցնել հակառակորդին։ Գամփռը գրոհեց փոթորկի նման։ Վիրավորված արժանապատվությունն ու իրավացի զայրույթը բորբոքում էին միայն ատելությունը խուլ Հյուսիսի այդ բնիկի հանդեպ, որը կարողացավ խորամանկ մանևրով խաբել ու անցնել իրենից և ի լրումն դրա՝ թավալել ավազի մեջ։ Նա ուղղանկյուն գծով խոյացավ Սպիտակ Ժանիքի վրա այն ակնթարթին, երբ սա գրոհեց քերծեի վրա, ու երկրորդ անգամ գետին տապալեց նրան։ Այդ րոպեին վրա հասած տերը բռնեց Սպիտակ ժանիքին, իսկ տիրոջ հայրը ետ կանչեց շներին։ — Ինչ խոսք, որ լա՜վ են ընդունում այստեղ Արկտիկայից եկած տարաբախտ գայլին,— ասում էր Սքոթը՝ հանդստացնելով Սպիտակ Ժանիքին։― Իր ամբողջ կյանքում միայն մեկ անգամ է գետին տապալվել, իսկ այստեղ ցած գցեցին երկու անգամ, այն էլ ինչ֊որ կես րոպեում։ երկանիվը գնաց, իսկ տնից դուրս եկան նոր անծանոթ աստվածներ։ Սրանցից մի քանիսը կանգ առան տիրոջից պատկառելի հեռավորության վրա, բայց երկու կին մոտեցան ու գրկեցին նրա վիզը։ Սպիտակ Ժանիքն սկսում էր քիչ-քիչ վարժվել այդ թշնամական արարքին, որը ոչ մի վնաս չէր հասցնում տիրոջը, իսկ այդ առթիվ աստվածների արտաբերած խոսքերի մեջ նվազագույն սպառնալիք անգամ չէր լսվում։ Անծանոթներն ուզում էին մոտենալ Սպիտակ Ժանիքին, բայց նա նախազգուշական մռնչոց արձակեց, տերն էլ նրա նախազգուշացումը հաստատեց խոսքով։ Սպիտակ ժանիքր սեղմվել էր տիրոջ ոտքերին, սա էլ հանգստացնում էր նրան՝ քնքշաբար շոյելով նրա գլուխը։ «Դի՛կ, գնա տեղդ» հրամանը լսելուն պես քերծեն սանդուղքով վազեց վեր ու պառկեց պատշգամբում՝ շարունակելով գռմռալ ու աչքերը չկտրել նորեկից։ Կանանցից մեկը գրկեց Կոլլիի վիզը և սկսեց փաղաքշել ու շոյել նրան։ Բայց Կոլլին ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել և գայլի ներկայությունից վրդովված՝ վնգստում էր, կատարելապես համոզված, որ աստվածները սխալ են գործում թողնելով նրան իրենց հասարակության մեջ։ Աստվածները բարձրացան պատշգամբ։ Սպիտակ Ժանիքը կրնկակոխ հետևում էր տիրոջը։ Դիկը մռնչաց նրա վրա։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց և նույն կերպ պատասխանեց նրան։ — Կոլլիին տարեք տուն, իսկ այս երկուսը թող կռվեն,— ասաց Սքոթի հայրը։― Կռվից հետո կբարեկամանան։ ― Այն ժամանակ, Դիկի հանդեպ ունեցած իր բարեկամությունն ապացուցելու համար, Սպիտակ Ժանիքը ստիպված կլինի հանդես գալ որպես գլխավոր ողբասաց նրա հուղարկավորության ժամանակ,— ծիծաղեց տերը։ Հայրը վարանամիտ նայեց նախ Սպիտակ Ժանիքին, ապա Ղիկին և ի վերջո իր որդուն. — Դու կարծո՞ւմ ես, թե․․․ Ուիդոնր գլխով արեց։ — Ճիշտ կռահեցիք։ Ձեր Դիկը կմեկնի այն աշխարհը մեկ, ամենաշատը երկու րոպեից։ Եվ շրջվեց դեպի Սպիտակ Ժանիքը։ — Գնանք, գա՛յլ։ Ինչպես երեում է՝ պետք է տուն տանել ոչ թե Կոլլիին, այլ քեզ։ Սպիտակ ժանիքը զգույշ բարձրացավ աստիճանները և անցավ ամբողջ պատշգամբը՝ պոչը տնկած, աչքը Դիկից չկտրելով և միաժամանակ պատրաստվելով ամեն մի անակնկալի, որ կարող էր պատահել իրեն տանը։ Բայց ոչ մի սարսափելի բան չկար այնտեղ։ Մտնելով սենյակները՝ նա մանրակրկիտ հետազոտում էր բոլոր անկյունները՝ առաջվա պես սպասելով, որ վտանգ է սպառնում իրեն։ Հետո գոհունակ վնգստալով պառկեց տիրոջ ոտքերի մոտ, առանց դադարելու հետևելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում շուրջը, և պատրաստ ամեն րոպե վեր թռչելու ու կռվի բռնվելու այն սարսափների հետ, որ, ինչպես թվում էր նրան, պարունակում էր այդ ծուղակը։ 
== Գլուխ III։ Աստծու կալվածքները ==
Մի տեղից մյուս գնալը Սպիտակ Ժանիքի մեջ նկատելիորեն զարգացրին շրջապատին հարմարվելու ունակություն, որ բնությունն էր պարգևել նրան, և ամրացրին նրա մեջ այդպես հարմարվելու անհրաժեշտության գիտակցությունր։ Նա արագ վարժվեց Սիերրա Վիսթայի (ինչպես կոչվում էր դատավոր Սքոթի կալվածքը) կյանքին։ Այլևս ոչ մի լուրջ թյուրիմացություն չպատահեց շների հետ։ Այդտեղ Հարավում, շները աստվածների սովորություններն ավելի լավ էին իմանում, քան նա, և նրանց աչքում Սպիտակ Ժանիքի գոյությունը արդարանում էր հենց այն փաստով, որ աստվածները թույլ տվեցին նրան մտնելու իրենց կացարանը։ Մինչև հիմա Կոլլին ու Դիկը երբեք առիթ չէին ունեցել բախվելու գայլի հետ, բայց քանի որ աստվածները արտոնեցին նրան լինելու իրենց մոտ, ապա երկուսին էլ այլ բան չէր մնում անել, եթե ոչ ենթարկվել։ Սկզբնական շրջանում Դիկը չէր կարող որոշ չափով զգույշ չվերաբերվել Սպիտակ Ժանիքին, բայց շուտով նա հաշտվեց դրան, որպես Սիերրա Վիսթայի մի անքակտելի անհրաժեշտություն։ Եթե ամեն ինչ կախված լիներ միայն Դիկից, ապա նրանք կդառնային բարեկամ, բայց Սպիտակ ժանիքը բարեկամության կարիք չէր զգում։ Նա պահանջում էր, որ շները հանգիստ թողնեն իրեն։ Ամբողջ կյանքում մեկուսի էր պահել իրեն իր ցեղակիցներից և հիմա նվազագույն ցանկություն անգամ չուներ խախտելու այդ իրադրությունը։ Դիկը հաճախակի մերձեցումներով ձանձրացնում էր Սպիտակ ժանիքին, նա էլ մռնչալով հեռու էր վանում նրան։ Դեռ Հյուսիսում Սպիտակ Ժանիքը հասկացել էր, որ տերերի շներին դիպչել չի կարելի, և այդ դասը այստեղ էլ չէր մոռանում։ Սակայն շարունակում էր հաստատ մնալ իր մեկուսացածության և ինքնամփոփության մեջ և այն աստիճան էր անտեսում Դիկին, որ այս բարեհոգի շունը հրաժարվեց գայլի հետ բարեկամանալու բոլոր փորձերից և վերջ ի վերջո ավելի ուշք չէր դարձնում նրան, քան ախոռի մոտ ցցված ձի կապելու սյունին։ Սակայն Կոլլիի բանը մի քիչ տարբեր էր։ Հաշտվելով այն հանգամանքի հետ, որ աստվածները թույլ տվեցին գայլին ապրելու տանը, նա դրա մեջ բավականաչափ հիմք չէր գտնում նրան բոլորովին հանգիստ թողնելու համար։ Կոլլիի հիշողությունից չէին ջնջվել այն անհամար հանցագործությունները, որ կատարել էին գայլն ու նրա ցեղակիցները իր նախնիների հանդեպ։ Ոչխարանոցների վրա կատարված գրոհները չի կարելի մոռանալ ո՛չ մեկ օրվա ընթացքում, ո՛չ էլ մի ամբողջ սերնդից հետո. դրանք վրեժի էին կոչում։ Կոլլին չէր կարող խախտել կամքն աստվածների, որոնք Սպիտակ Ժանիքին ներս էին առել. բայց դա չէր խանգարում նրան թունավորել գայլի կյանքը։ Բազմադարյան թշնամություն կար նրանց միջև, և Կոլլին ձեռնամուխ եղավ շարունակ հիշեցնելու դա Սպիտակ Ժանիքին։ Օգտվելով այն առավելությունից, որ տալիս էր նրան սեռը, նա շարունակ հանում էր նրա հոգին ու հալածում։ Բնազդը գայլին թույլ չէր տալիս հարձակվելու Կոլլիի վրա, բայց պարզապես անկարելի էր անտարբեր մնալ նրա մշտական ոտնձգությունների նկատմամբ։ Երբ գամփռը նետվում էր նրա վրա, նա շան սուր ատամներին դեմ էր անում իր թավամազ ուսը և փառաշուք կերպով քաշվում էր մի կողմ․ երբ դա չէր օգնում, համբերությամբ ու ձանձրացած սկսում էր պտույտներ գործել՝ գլուխը թաքցնելով Կոլլիից։ Ասենք, երբ սա կարողանում էր կառչել նրա հետևի ոտքից, Սպիտակ ժանիքն ստիպված էր նահանջել շատ ավելի հապշտապ՝ այլևս չմտածելով փառաշուքության մասին։ Սակայն մեծ մասամբ Սպիտակ ժանիքը պահում էր արժանապատիվ ու գրեթե հանդիսավոր տեսք։ Նա Կոլլիին չէր նկատում, եթե, իհարկե, հնարավոր էր դա, և ջանում էր չերևալ նրա աչքին, իսկ տեսնելով կամ ձայնն առնելով մոտերքում՝ վեր էր կենում տեղից ու հեռանում։ Սպիտակ Ժանիքը շատ բան պետք է սովորեր Սիերրա Վիսթայում։ Հյուսիսում կյանքը պարզ էր այստեղի բարդ գործերի համեմատությամբ։ Նախ և առաջ հարկ եղավ ծանոթանալ տիրոջ ընտանիքին, բայց դա նորություն չէր նրա համար։ Միթ-Սան և Կլու-Քուչը պատկանում էին Գորշ Ջրշունին, ուտում էին նրա ձեռք բերած միսը, տաքանում էին նրա օջախի մոտ և քնում նրա վերմակների տակ, ճիշտ այդպես էլ Սիերրա Վիսթայի բոլոր բնակիչները պատկանում էին Սպիտակ ժանիքի տիրոջը։ Բայց այստեղ ևս տարբերություն էր նկատվում, այն էլ բավական նշանակալի։ Սիերրա Վիսթան շատ ավելի մեծ էր Գորշ Ջրշունի վիգվամից։ Սպիտակ ժանիքն այստեղ հարկադրված էր գործ ունենալ շատ մարդկանց հետ։ Սիերրա Վիսթայում էին դատավոր Սքոթն ու նրա կինը, այնուհետև տիրոջ երկու քույրերը՝ Բեթն ու Մերին։ Այստեղ էր տիրոջ կինը՝ Էլիսն ու վերջապես նրա երեխաները՝ Ուիդոնն ու Մոդը, չորս ու վեց տարեկան երկու մանկիկները։ Ոչ ոք չէր կարող Սպիտակ Ժանիքին պատմել այդ բոլոր մարդկանց մասին, իսկ ազգակցական կապերի ու մարդկային հարաբերությունների վերաբերյալ նա ոչինչ չգիտեր և երբեք էլ չէր կարողանա իմանալ։ Եվ այնուամենայնիվ նա արագ հասկացավ, որ այդ բոլոր մարդիկ պատկանում են տիրոջը։ Հետո էլ հետևելով նրանց վարքին, ունկնդրելով նրանց խոսակցությանն ու ձայնաշեշտերին՝ նա քիչ-քիչ ըմբռնեց Սիերրա Վիսթայի բնակիչների ու իր տիրոջ մոտիկության աստիճանը, զգաց տրամադրության չափը, որ ցուցաբերում էր տերը նրանց հանդեպ։ Եվ այդ ամենին համապատասխանորեն էլ Սպիտակ ժանիքն սկսեց վերաբերվել նոր աստվածներին, այն, ինչ տերն էր գնահատում, գնահատամ էր և ինքը, այն, ինչ թանկ էր տիրոջը, հարկ էր, որ ինքն էլ ամեն կերպ պահպանի։ Այդպես էր տիրոջ երեխաների հանգամանքը։ Սպիտակ Ժանիքը իր ամբողջ կյանքում երեխաներին չէր հանգուրժել, վախենում էր ու չէր սիրում նրանց ձեռքերի հպումը․ չէր մոռացել մանկական այն դաժանությունն ու բռնակալությունը, որոնց ստիպված էր եղել բախվել հնդկացիների ավաններում։ Եվ երբ առաջին անգամ Ուիդոնն ու Մոդը մոտեցան նրան, նա նախազգուշացման համար մռնչաց ու չարացած շողշողացրեց ատամները։ Տիրոջ բռունցքի հարվածն ու սուր ճիչը ստիպեցին Սպիտակ Ժանիքին ենթարկվելու նրանց փաղաքշանքներին, թեև նա չէր դադարում մռնչալ, քանի դեռ փոքրիկ թաթիկները շոյում էին նրան, և այդ մռնչյունի մեջ քաղցր շեշտ չկար։ Հետագայում, նկատելով, որ տղան ու աղջիկը սիրելի են աիրոջը, նա թույլ էր տալիս նրանց շոյել իրեն՝ արդեն չսպասելով հարվածի ու սուր ճիչի։ Այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը չէր կարողանում երևան բերել իր զգացմունքները։ Ենթարկվում էր տիրոջ երեխաերին բացահայտ չկամությամբ ու հանդուրժում նրանց մոտեցումները այնպես, ինչպես տանջալի վիրահատությունն են հանդուրժում։ Երբ նրանք շատ էին արդեն ձանձրացնում իրեն, նա վեր էր կենում ու վճռականորեն հեռանում։ Սակայն շուտով Ուիդոնն ու Մոդը Սպիտակ Ժանիքին տրամադրեցին ի նպաստ իրենց, թեև սա դեռ ոչ մի կերպ ցույց չէր տալիս իր վերաբերմունքը։ Երբեք ինքը չէր մոտենում երեխաներին, բայց արդեն չէր փախչում նրանցից և սպասում էր, որ մոտենան։ Հետո էլ հասակավորներն սկսեցին նկատել, որ երեխաներին տեսնելիս Սպիտակ Ժանիքի աչքերում ի հայտ է գալիս գոհունակ արտահայտություն, որն իր տեղը զիջում էր թեթև սրտնեղության պես մի բանի, հենց որ նրանք հեռանում էին այլ խաղերի համար։ Շատ նոր բաների Սպիտակ Ժանիքը ստիպված եղավ հասու լինել, բայց այդ ամենին ժամանակ պետք եղավ։ Երեխաներից հետո, հաջորդ տեղը Սպիտակ Ժանիքը հատկացրեց դատավոր Սքոթին։ Երկու պատճառ ուներ դա, առաջին՝ տերը ակներևաբար շատ էր գնահատում նրան, երկրորդ՝ դատավոր Սքոթը զուսպ մարդ էր։ Սպիտակ Ժանիքը սիրում էր պառկել նրա ոտքերի մոտ, երբ նա թերթ էր կարդում ընդարձակ պատշգամբում։ Հայացք կամ մի բառ, որ երբեմն նետում էր նա Սպիտակ Ժանիքի կողմը, ասում էին Սպիտակ Ժանիքին, որ դատավոր Սքոթը նկատում է իր ներկայությունը և կարող է զգացնել դա առանց որևէ աներեսության։ Բայց այդպես էր լինում, երբ տերը գնում էր որևէ տեղ։ Բավական էր, որ նա երևա, և մնացած ամբողջ աշխարհը դադարում էր գոյություն ունենալ Սպիտակ Ժանիքի համար։ Սպիտակ ժանիքը Սքոթի ընտանիքի բոլոր անդամներին թույլ էր տալիս շոյել ու փաղաքշել իրեն, բայց ոչ մեկին այնպես չէր վերաբերվում, ինչպես տիրոջը։ Ոչ մի փաղաքշանք չէր կարող սիրո շեշտ մտցնել նրա մռնչյունի մեջ։ Որքան էլ Սքոթի հարազատները ջանում էին, այնուամենայնիվ ոչ մեկը չէր կարողացել ստիպել Սպիտակ Ժանիքին, որ գլուխը սեղմի իրենց։ Անսահման վստահության, ենթարկման ու անձնվիրության այդ արտահայտությանն արժանացնում էր Սպիտակ Ժանիքը միայն Ուիդոն Սքոթին։ Ըստ էության՝ ընտանիքի մյուս անդամները նրա համար ոչ այլ ինչ էին, եթե ոչ տիրոջ սեփականությունը։ Ճիշտ այդպես էլ Սպիտակ ժանիքը շատ շուտ զգաց տիրոջ ընտանիքի անդամների ու ծառաների տարբերությունը։ Ծառաները վախենում էին նրանից, նա էլ իր կողմից զսպում էր իրեն այդ մարդկանց վրա հարձակվելուց, որովհետև դրանց էլ համարում էր տիրոջ սեփականությունը։ Նրանց ու Սպիտակ Ժանիքի միջև պահպանվում էր չեզոքություն, և ուրիշ ոչինչ։ Նրանք ճաշ էին պատրաստում տիրոջ համար, աման էին լվանում և ամեն տեսակ այլ աշխատանք կատարում, ինչպես Քլոնդայկում այդ ամենը Մեթն էր անում։ Կարճ ասած՝ ծառաները Սիերրա Վիսթայի կենսակառուցվածքի մի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն էին։ Շատ նոր բաներ իմանալու կարիք ունեցավ Սպիտակ Ժանիքը նաև դաստակերտից դուրս։ Տիրոջ կալվածքները լայն էին ու ընդարձակ, բայց և այնպես սահման ունեին։ Սիերրա Վիսթայի մոտից խճուղի էր անցնում, որից դենը սկսվում էին բոլոր աստվածների ընդհանուր կալվածքների ճանապարհներն ու փողոցները։ Իսկ նրանց անձնական կալվածքները ցանկապատերի հետևումն էին։ Այդ ամենը կառավարվում էր անհամար օրենքներով, որոնք և Սպիտակ Ժանիքին թելադրում էին նրա վարվելակերպը, թեև նա չէր հասկանում աստվածների լեզուն և կարող էր ծանոթանալ նրանց օրենքներին սեփական փորձի հիման վրա։ Նա դործում էր ըստ իր բնազդների այնքան ժամանակ, քանի դեռ չէր բախվել մարդկային օրենքներից որևէ մեկին։ Մի քանի այդպիսի բախումներից հետո Սպիտակ Ժանիքը ըմբռնում էր օրենքն ու այլևս երբեք չէր խախտում։ Սակայն Սպիտակ Ժանիքի վրա ամենից ավելի ազդում էին տիրոջ ձայնի խիստ շեշտերը և պատժող ձեռքը։ Սպիտակ Ժանիքն իր աստծուն սիրում էր անձնուրաց սիրով, և նրա խստությունը այնպիսի կսկիծ էր պատճառում, որպիսին չէին կարող պատճառել ո՛չ Գորշ Ջրշունը, ո՛չ էլ Սիրուն Սմիթը։ Նրանց ծեծը զգում էր միայն մարմինը, իսկ ոգին՝ Սպիտակ Ժանիքի հպարտ ու աննկուն ոգին, շարունակում էր փոթորկվել։ Նոր տիրոջ հարվածները չափազանց թույլ էին, որպեսզի ցավ պատճառեին, բայց և այնպես դրանք ավելի խոր էին թափանցում։ Տերը ցույց էր տալիս, որ ինքը չի հավանում Սպիտակ Ժանիքի արածը և դրանով խոցում էր նրա սիրտը։ Ճիշտն ասած՝ տերը Սպիտակ ժանիքին այնքան էլ հաճախակի չէր պատժում։ Նրա ձայնը միանգամայն բավական էր․ ըստ այդ ձայնի էլ Սպիտակ Ժանիքը եզրակացնում էր՝ ճիշտ է անում թե ոչ, և դրան էլ համաձայնեցնում էր իր վարքն ու արարքները։ Այդ ձայնը նրա համար կողմնացույց էր, ըստ որի ուղղում էր իր ճամփան և որը օգնում էր նրան ծանոթանալու նոր երկրին ու նոր կյանքին։ Հյուսիսում միակ ընտելացված կենդանին շունն էր․ մնացածներն ապրում էին ազատ և ամեն մի շան օրինական որսն էին, եթե իհարկե սա կարողանում էր նրանց հախից գալ։ Առաջ Սպիտակ Ժանիքը հաճախ էր ստիպված լինում զբաղվել որսով և չէր իմանում, որ Հարավում կարգն այդպես չէ։ Նա համոզվեց դրան Սանտա Կլարա հովտում լինելու առաջին իսկ օրերը։ Մի անգամ վաղ առավոտյան ման գալով տան մոտ՝ անցավ անկյունն ու դեմ առավ հավանոցից փախած մի հավի։ Միանգամայն հասկանալի է, որ նա ցանկացավ ուտել դրան։ Մի ոստյուն, շողշողացող ատամներ, վախեցած կրթկրթոց, և անվեհեր ուղևորուհին շունչը փչեց։ Լավ սնուցված հավ էր դա, ճարպակալած ու քնքշահամ։ Սպիտակ Ժանիքը լպստեց շրթունքներն ու եզրակացրեց, որ վատ ուտելիքի չէր պատահել։ Հենց նույն օրը ախոռի մոտ դեմ առավ մի ուրիշ մոլորված հավի, որին փրկելու համար վազեվազ եկավ ձիապանը։ Չիմանալով Սպիտակ Ժանիքի բնավորությունր՝ նա սարսափեցնելու համար վերցրեց մի բարակ ճիպոտ։ Առաջին հարվածից անմիջապես հետո Սպիտակ Ժանիքը բաց թողեց հավը և հարձակվեց մարդու վրա։ Նրան կարելի էր կասեցնել մահակով, բայց ոչ ճիպոտով։ երկրորդ հարվածը, որ հասավ նրան ոստյունի կեսին, նա ընդունեց լռելյայն, առանց ցավից ցնցվելու։ Ձիապանը ճչաց ու ընկրկեց իր կրծքին ցատկած շնից, բաց թողեց ճիպոտը և ձեռքերով բռնեց վիգը։ Դրա հետևանքով ձեռքր պատռվեց դաստակից ցած՝ մինչն ոսկորը։ Ձիապանը սաստիկ վախեցավ։ Նա շշմեց ոչ այնքան Սպիտակ ժանիքի չարությունից, որքան այն բանից, որ նա նետվեց անձայն, առանց հաչելու, առանց մռնչալու։ Կծված ու արնաշաղախ ձեռքը տակավին չհեռացնելով դեմքից ու կոկորդից՝ ձիապանն սկսեց նահանջել դեպի մարագը։ Եթե Կոլլին մեջտեղ չգար, նրա բանը վատ կլիներ։ Կոլլին փրկեց ձիապանի կյանքը, ինչպես ժամանակին Դիկի կյանքն էր փրկել։ Կատաղությունից խելակորույս գամփռը հարձակվեց Սպիտակ Ժանիքի վրա։ Նա ավելի խելացի գտնվեց չափից ավելի դյուրահավատ աստվածներից։ Նրա բոլոր կասկածներն արդարացան, այո․ կողոպտի՜չ է սա, նորից է ձեռնամուխ եղել իր հին արարքներին, անուղղելի է։ Ձիապանը փախավ ախոռ, իսկ Սպիաակ ժանիքը սկսեց նահանջել Կոլլիի վայրագ ատամներից՝ պտտվելով և նրա խածումներին դիմահարելով մերթ այս, մերթ այն ուսը։ Բայց Կոլլին շարունակում էր նրա հոգին հանել՝ այս անգամ չսահմանափակվելով սովորական պատժով։ Նրա ցասումն ու կատաղությունը բորբոքվում էին րոպե առ րոպե, և վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը մոռացավ իր ամբողջ արժանապատվությունն ու փախավ դաշտ։ — Հավ չի որսա այլևս,— ասաց տերը,— բայց նախ պետք է բռնեմ նրան հանցանք կատարելիս։ Առիթը ներկայացավ երկու օր հետո, բայց տերը նույնիսկ չէր ենթադրում, թե ինչ չափերի կհասնի այդ հանցագործությունը։ Սպիտակ Ժանիքը ուշադիր հետևում էր հավանոցին ու նրա բնակիչներին։ Երեկոյան, երբ հավերը թառեցին, նա բարձրացավ վերջերս բերված տախտակի կույտի վրա, այնտեղից ցատկեց հավանոցի կտուրը, անցավ նրա գագաթնագերանի վրայով ու թռավ ցած։ Մի վայրկյան հետո հավանոցում սկսվեց կոտորածը։ Առավոտյան, երբ տերը դուրս եկավ պատշգամբ, նրա աչքերի առաջ հետաքրքրական տեսարան բացվեց․ ձիապանը կողք-կողաի շարել էր հիսուն մորթված լեգհորն սպիտակ հավերը։ Սքոթը կամացուկ սուլեց՝ նախ զարմանքից, այնուհետև հիացմունքից։ Նրա աչքին երևաց նաև Սպիտակ Ժանիքը, որը շփոթվելու կամ սեփական հանցանքը գիտակցելու նվազագույն նշան ցույց չէր տալիս։ Նա շատ խրոխտ էր պահում իրեն, կարծես իսկապես էլ ամենայն գովեստի արժանի արարք էր կատարել։ Մտածելով, որ անախորժ խնդիր է կատարելու, տերը սեղմեց շրթունքները. այնուհետև խստորեն սկսեց խոսել անխռով տրամադրված հանցագործի հետ, և նրա ձայնի՝ աստծու ձայնի մեջ զայրույթ էր զգացվում։ Ավելին, տերը Սպիտակ Ժանիքի քիթը դիպցրեց մորթված հավերին ու բռունցքով խփեց նրան։ Այդ օրվանից Սպիտակ Ժանիքն այլևս հարձակումներ չկատարեց հավանոցի վրա։ Հավերին պաշտպանում էր օրենքը, և Սպիտակ Ժանիքը հասկացավ դա։ Շատ չանցած տերը նրան տարավ հավանոց։ Հենց որ կենդանի թռչունն սկսեց վազվզել Սպիտակ Ժանիքի քթի տակ, սա անմիջապես պատրաստվեց ոստյունի։ Միանգամայն բնական շարժում էր դա, սակայն տիրոջ ձայնը կասեցրեց նրան։ Նրանք մնացին հավանոցում մոտ կես ժամ։ Եվ ամեն անգամ, երբ Սպիտակ Ժանիքը ենթարկվելով բնազդին՝ ընկնում էր թռչունի հետևից, տիրոջ ձայնը կանգնեցնում էր նրան։ Այսպիսով նա սովորեց ևս մի օրենք և անմիջապես, թռչնային այդ թագավորությունից դուրս չեկած, սովորեց չնկատել նրա բնակիչներին։ — Այսպիսի հավորսներն անուղղելի են,— գլուխը տխուր օրորելով կրկնում էր դատավոր Սքոթը նախաճաշի ժամանակ, երբ որդին պատմում էր նրան Սպիտակ Ժանիքին տրված դասի մասին։― Բավական է, որ վարժվեն թռչնանոց գնալուն ու արյան համն առնեն...— Եվ նա կրկին գլուխը տխուր օրորեց։ Սակայն Ուիդոն Սքոթը չէր համաձայնում հոր ասածին։ — Գիտե՞ք ինչ կանեմ,— ասաց նա ի վերջո.— մի ամբողջ օր Սպիտակ Ժանիքին կփակեմ հավանոցում։ — Իսկ ի՞նչ կլինի հավերին,— բողոքեց հայրը։ — Ավելի՛ն,— շարունակեց տղան,— ամեն մի խեղդված հավի համար կվճարեմ մի ոսկե դոլլար։ — Հայրիկի համար էլ պետք է մի որևէ տուգանք նշանակել,— միջամտեց Բեթը։ Քույրը պաշտպանեց Բեթին, և բոլոր սեղանակիցները հավանություն տվեցին այս առաջարկությանը։ Դատավորր չառարկեց։ — Լա՛վ,— Ուիդոն Սքոթը մի պահ մտածեց։― Եթե օրվա վերջին Սպիտակ Ժանիքը ոչ մի հավի ձեռք չտա, թռչնանոցում անցկացրած նրա ամեն մի տասը րոպեի համար կասեք նրան միանգամայն լուրջ ու հանդիսավոր ձայնով, ինչպես դատարանում վճիռն ընթերցելիս․ «Սպիտակ Ժանիք, դու ավելի խելացի ես, քան կարծում էի»։ Ընտրելով այնպիսի տեղ, ուր չէին նկատվում, ընտանիքի բոլոր անդամները պատրաստվեցին հետևել դեպքերին։ Բայց հարկադրված եղան լուրջ հիասթափություն զգալ։ Հենց որ տերը հավանոցից գուրս եկավ, Սպիտակ Ժանիքը պառկեց ու քնեց։ Հետո արթնացավ ու մոտեցավ ջրի տաշտակին, խմեց։ Հավերին ամենևին ուշք չդարձրեց, շան համար նրանք գոյություն չունեին։ Ժամը չորսին նա թափ առնելով ցատկեց հավանոցի կտուրը, մյուս կողմից նետվեց ցած և մանրաքայլ, բայց պատկառելի դիրքով վազեց դեպի տուն։ Նա սովորեց մի նոր օրենք։ Եվ դատավոր Սքոթը, ի մեծ հաճույս պատշգամբում հավաքված ամբողջ ընտանիքի, հանդիսավոր ձայնով տասնվեց անգամ իրար հետևից ասաց․ «Սպիտա՛կ Ժանիք, դու ավելի խելացի ես, քան կարծում էի»։ Սակայն օրենքների բազմազանությունը շատ հաճախ շփոթեցնում էր Սպիտակ Ժանիքին և շնորհազրկության ենթարկում նրան։ Վերջ ի վերջո նա հաստատապես պարզեց, թե չի կարելի ձեռք տալ նաև մյուս աստվածներին պատկանող հավերին։ Նույնը վերաբերում էր նաև կատուներին, ճագարներին ու հնդկահավերին։ Ճիշտն ասած՝ առաջին անգամ այդ օրենքին ծանոթանալուց հետո նա այն տպավորությունն ստացավ, թե բոլոր կենդանի արարածներն անձեռնմխելի են։ Լորերը մարգագետնում, նրա քթի տակ, ճախր էին առնում ու անվնաս թռչում։ Սպիտակ Ժանիքը գողում էր ամբողջ մարմնով, բայց և այնպես հանդարտեցնում էր թռչունը բռնելու բնազդական ցանկությունը։ Հնազանդվում էր աստվածների կամքին։ Մի անգամ էլ նա տեսավ, որ Դիկը մարգագետնում խրտնեցրեց մի նապաստակ։ Տերը նույնպես տեսավ դա, և ոչ միայն չմիջամտեց, այլև դրդեց Սպիտակ Ժանիքին միանալու հետապնդմանը։ Այսպիսով Սպիտակ ժանիքն իմացավ, որ նոր օրենքը չի տարածվում նապաստակների վրա, և ի վերջո ամբողջովին սովորեց դա։ Ընտանի կենդանիների հետ պետք է խաղաղ ապրել։ Եթե նրանց հետ բարեկամություն չի ստեղծվում, ապա համենայն դեպս պետք է չեզոքություն պահպանել։ Բայց մյուս կենդանիները՝ սկյուռները, լորերը և նապաստակները, որոնք կապը չեն խզել անտառի թավուտից ու չեն ենթարկվել մարդուն, ամեն մի շան օրինական բաժին են։ Աստվածները պաշտպանում էին միայն ընտանի կենդանիներին և թույլ չէին տալիս նրանց թշնամանալ իրար հետ։ Աստվածներն իրավազոր էին իրենց հպատակների կյանքի ու մահվան գործում և նախանձախնդիր կերպով պահպանում էին այդ իրավազորությունը։ Սիերրա Վիսթայում կյանքը բնավ էլ այնքան պարզ չէր, ինչպես Հյուսիսում։ Քաղաքակրթությունը Սպիտակ Ժանիքից պահանջում էր ամենից առաջ տիրապետել իրեն ու զուսպ մնալ, այնպես հավասարակշռված լինել, որն անշոշափելի է, ինչպես սարդոստայնը, բայց և ավելի պինդ է, քան պողպատը։ Այստեղ կյանքը հազարադեմ էր, և Սպիտակ ժանիքը շփվում էր դրան նրա ամբողջ բազմազանությամբ։ Օրինակ՝ երբ հարկ էր լինում վազել տիրոջ երկանվի հետևից Սան Խոսե քաղաքում կամ սպասել տիրոջը փողոցում, կյանքը ընթանում էր նրա մոտով որպես մի խոր, անընդգրկելի հորձանք՝ անընդհատ պահանջելով վայրկենապես հարմարվել իր օրենքներին և համարյա մշտապես ստիպելով խեղդել ներսում բոլոր բնական պոռթկումները։ Քաղաքում նա տեսնում էր մսի խանութներ, որտեղ հենց քթի առաջ կախված էր միսը։ Բայց թույլ չէր տրվում դիպչել դրան։ Տիրոջ այցելած տներում կային կատուներ, որոնց նույնպես պետք էր հանգիստ թողնել։ Իսկ շներ պատահում էին ամենուրեք, և նրանց հետ էլ կռվել չէր կարելի, թեև սրանք գռմռում էին նրա վրա։ Բացի դրանից, մայթերով երթևեկում էին անհամար մարդիկ, որոնց ուշադրությունը գրավում էր նա։ Մարդիկ կանգ էին առնում, մատնացույց էին անում իրար, զննում ամեն կողմից, խոսում նրա հետ և, որ ավելի վատ էր, ձեռք էին տալիս նրան։ Հարկ էր լինում համբերությամբ դիմանալ օտար ձեռքերի հպումին. բայց Սպիտակ ժանիքն արդեն կարողացել էր համբերությամբ զինվել։ Նա արդեն սովորել էր հաղթահարել իր անշնորհք ամոթխածությունը և մեծամտորեն էր ընդունում ուշադրության այն բոլոր նշաններր, որ ցուցաբերում էին նրա հանդեպ անծանոթ աստվածները։ Նրանք ներողամիտ էին Սպիտակ Ժանիքի նկատմամբ, և սա էլ նույն կերպ էր պատասխանում նրանց։ Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի մեջ կար այնպիսի մի բան, որը թույլ չէր տալիս ավելի մտերմաբար վարվել նրա հետ։ Անցորդները շոյում էին նրա գլուխն ու թողնում գնում սեփական համարձակությունից գոհ։ Սակայն Սպիտակ Ժանիքը ամեն անգամ այդպես հեշտ պրծնել չէր կարողանում։ Երբ տիրոջ երկանիվը անցնում էր Սան Խոսեի արվարձաններով, ճանապարհին հանդիպած մանչուկները քարերով էին դիմավորում նրան։ Սպիտակ ժանիքը գիտեր, որ չի կարելի հասնել դրանց ու կարգին հախներիցը գալ։ Ստիպված էր վարվել ինքնապահպանման բնազդին հակառակ, ուստի ներսում խեղդելով բնազդի ձայնը՝ քիչ-քիչ դառնում էր ընտանի, քաղաքակրթված շուն։ Եվ այնուամենայնիվ այդ իրադրությունը այնքան էլ չէր բավարարում Սպիտակ Ժանիքին, թեև նա չէր էլ իմանում՝ ինչ բան են անաչառությունն ու ազնվությունը։ Բայց ամեն մի կենդանի արարած որոշ չափով ունի արդարության զգացողություն, ուստի և Սպիտակ ժանիքի համար դժվար էր հաշտվել այն բանի հետ, որ իրեն թույլ չեն տալիս պաշտպանվել այդ տղաներից։ Նա մոռացել էր, որ իր և աստվածների միջև կնքված պայմանագիրը պարտավորեցնում է սրանց հոգ տանել ու պահպանել իրեն։ Եվ ահա մի օր էլ տերը կառքից դուրս նետվեց մտրակը ձեռքին և մի լավ հասցրեց թոկից փախածներին։ Դրանից հետո նրանք դադարեցին քար շպրտել, Սպիտակ Ժանիքն էլ ամեն ինչ հասկացավ ու կատարյալ գոհունակություն զգաց։ Շուտով Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ զգալու մի ուրիշ նման դեպք։ Մի գարեջրատան մոտ, որի կողքից նա անց էր կենում քաղաք գնալիս, միշտ թրև էին գալիս երեք շուն, որոնք կանոն էին դարձրել հարձակվել նրա վրա։ Իմանալով, թե ինչով են վերջանում Սպիտակ Ժանիքի ու շների մղած բոլոր մենամարտերը, տերը անդադար նրա գլուխն էր մտցնում կռիվներն արգելող օրենքը։ Սպիտակ Ժանիքը լավ էր յուրացրել այդ օրենքը, և գարեջրատան մոտի քառուղին անցնելիս միշտ անախորժ դրության մեջ էր ընկնում։ Նրա չարագույժ մռնչոցը անմիջապես բոլոր շներին քշում էր պատշաճ հեռավորության վրա․ բայց սրանք շարունակում էին հեռվից հետապնդել նրան, հաչում էին, վիրավորանք հասցնում նրան։ Բավական երկար շարունակվեց այդպես։ Գարեջրատան հաճախորդները նույնիսկ խրախուսում էին շներին և մի անգամ էլ բացահայտորեն քըսքըս արին նրանց Սպիտակ ժանիքի վրա։ Այդ ժամանակ տերը երկանիվը կանգնեցրեց։ — Բռնի՛ր դրանց,— ասաց նա Սպիտակ Ժանիքին։ Սպիտակ Ժանիքը սեփական ականջներին չհավատաց։ Նայեց շներին, նայեց իր տիրոջը։ Հետո նորից մի հարցական ու տագնապալի հայացք նետեց տիրոջը։ Սա գլխով արեց։ — Բռնի՛ր դրանց, բարեկա՛մս։ Մի լա՜վ դաս տուր դրանց։ Սպիտակ Ժանիքը դեն գցեց ամենայն երկմտություն։ Նա շրջվեց ու սուս ու փուս հարձակվեց թշնամիների վրա։ Սրանք չնահանջեցին։ Սկսվեց թավալակռիվ։ Շները հաչում էին, մռնչում, կրճտում ատամները։ Սյունի պես բարձրացած փոշին ծածկեց ռազմադաշտը։ Բայց մի քանի րոպե հետո երկու շուն արդեն ցնցվում էին ճանապարհի վրա մերձիմահ ջղաձգություններից, իսկ երրորդը ոտ առավ, ցատկեց առուն, ոստնեց ցանկապատի միջով ու ճղեց դաշտ։ Սպիտակ ժանիքը բոլորովին անշշուկ, որպես իսկական գայլ, արագությամբ էլ չզիջելով գայլին, ընկավ նրա հետևից, դաշտի կեսին հասավ նրան ու հաշիվը մաքրեց։ Այս եռյակ սպանությունը վերջ դրեց նրա և օտար շների միջև ծագող տարաձայնություններին։ Տեղի ունեցածի լուրը տարածվեց ամբողջ հովտում, և մարդիկ սկսեցին հետևել, որ իրենց շները գլուխ չդնեն մարտական գայլի հետ։ 
== Գլուխ IV։ Արյան ձայնը ==
Ամիսներն իրար էին հաջորդում։ Հարավում ինչքան ասես ուտելիք կար, Սպիտակ Ժանիքից չէին պահանջում աշխատել, և նա մարմնեղացավ, լավ կյանք էր վարում ու երջանիկ էր։ Հարավը Սպիտակ Ժանիքի համար դարձավ ոչ միայն աշխարհագրական կետ, այլև կենսավայելման վայր։ Մարդկային փաղաքշանքը ջերմացրեց նրան, և նա փթթեց լավ հողի մեջ տնկված բույսի նման։ Եվ այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքի ու շների միջև ինչ֊որ տարբերություն էր նկատվում։ Նա գիտեր բոլոր օրենքները նույնիսկ ավելի լավ իր ցեղակիցներից, որոնք այլ պայմաններում ապրելու առիթ չէին ունեցել, և պահում էր դրանք մեծագույն ճշգրտությամբ. և չնայած դրան՝ վայրագությունը ձեռ չէր քաշում նրանից, կարծես հեռավոր հյուսիսը դեռ իր իշխանության տակ էր պահում նրան, կարծես թե նրա մեջ ապրող գայլը մի առժամանակ քնել էր։ Սպիտակ ժանիքը շների հետ ընկերություն չէր անում։ Նա միշտ էլ մենակ էր և մտադիր էր հետագայում ևս հեռու մնալ իր ցեղակիցներից։ Իր կյանքի առաջին իսկ տարիներից, որոնք մռայլվել էին Լիփ֊Լիփի և լակոտների ամբողջ ոհմակի հետ թշնամանալով, ինչպես նաև այն ամիսների ընթացքում, որ նա հարկադրված եղավ անցկացնել Սիրուն Սմիթի մոտ, Սպիտակ ժանիքն ատեց շներին։ Նրա կյանքը շեղվեց նորմալ ընթացքից, և նա հեռանալով իր ցեղակիցներից՝ մոտեցավ մարդուն։ Բացի դրանից, Հարավում շները խիստ կասկածամտորեն էին վերաբերվում Սպիտակ ժանիքին․ սա նրանց մեջ հարուցում էր բնազդական վախ Հյուսիսի նկատմամբ, և նրանք դիմավորում էին նրան հաչոցով ու մռնչոցով, որի մեջ ատելություն էր զգացվում։ Նա էլ իր կողմից հասկացավ, որ նրանց կծելը բնավ էլ պարտադիր չէ։ Բաց ժանիքները և ցնցվող շրթունքները ազդում էին անսխալ ու կասեցնում համարյա ամենակատաղի շանը։ Բայց կյանքը Սպիտակ Ժանիքին ուղարկեց մի փորձություն, և այդ փորձությունը Կոլլին էր։ Սա ոչ մի րոպե հանգիստ չէր թողնում նրան։ Կոլլիի համար օրենքը այնպիսի անառարկելի ուժ չուներ, ինչպես Սպիտակ ժանիքի համար, և Կոլլին դիմադրում էր նրանց բարեկամանալ ստիպող տիրոջ բոլոր փորձերին։ Նրա չարամիտ, հիստերիկ մռնչոցը անընդհատ հետապնդում էր Սպիտակ ժանիքին. Կոլլին չէր կարող ներել հավերի գլխին բերածը և հաստատ համոզված էր, որ նրա բոլոր մտադրությունները չարամիտ են։ Նա հանցանք էր գտնում այնտեղ, ուր դեռ այդպիսի բան չկար։ Նա թունավորում էր Սպիտակ Ժանիքի գոյությունը՝ ոստիկանի նման կրնկակոխ հետևելով նրան, և բավական էր, որ գայլը մի հետաքրքրասեր հայացք նետի աղավնուն կամ հավին, և գամփռը խելահեղ ու ցասումնալից հաչոց էր գցում։ Դրանից պոկ գալու Սպիտակ Ժանիքի նախասիրած միջոցը այն էր, որ սա պառկում էր գետնին, գլուխը դնում առջևի թաթերին ու քնած ձևանում։ Այդպիսի դեպքերում գամփռը միշտ շփոթվում էր ու անմիջապես լռում։ Կոլլիի պատճառած անախորժություններից բացի, մնացած ամեն ինչ հարթ էր ընթանում։ Սպիտակ Ժանիքը սովորեց զսպել իրեն, հաստատ սովորեց օրենքները։ Նրա բնավորության մեջ երևան եկան դրականություն, հանդարտություն և փիլիսոփայական համբերատարություն։ Շրջապատը դադարեց նրան թշնամի լինելուց։ Վտանգի նախազգացումը, ցավի ու մահվան սպառնալիքները ասես չէին էլ եղել։ Քիչ-քիչ վերացավ նաև մինչ այդ ամեն քայլափոխին նրան դարանակալ սպասող անհայտի ազդած սարսափը։ Կյանքը դարձավ հանգիստ ու հեշտ, սկսեց ընթանալ միահավասար՝ չմթագնելով ո՛չ վախով, ո՛չ էլ թշնամությամբ։ Ձյունն էր պակասում նրան, բայց նա չէր հասկանում դա։ «Ի՜նչ երկար տևեց ամառը», հավանորեն կմտածեր Սպիտակ Ժանիքը, եթե մտածել կարողանար։ Ձյան պահանջը տարտամ էր, անգիտակցական։ Ճիշտ այդպես էլ ամռան օրերին, երբ արևը անողոք վառում էր, նա Հյուսիսի նկատմամբ կարոտի թեթև նոպաներ էր ունենում։ Սակայն այդ կարոտը երևան էր գալիս անհանգստությամբ, որի պատճառները պարզ չէին նաև իր համար։ Սպիտակ ժանիքը երբեք աչքի չէր ընկնում սրտաբացությամբ։ Նա գլուխը սեղմում էր տիրոջը, փաղաքշաբար վնգստում և միայն այդ կերպ էր արտահայտում իր սերը։ Բայց շուտով հարկ եղավ ճանաչել և երրորդ ձևը։ Նա չէր կարող անտարբեր մնալ, երբ աստվածները ծիծաղում էին։ Ծիծաղը կատաղեցնում էր նրան, զայրույթից ստիպում կորցնել բանականությունը։ Բայց իր տիրոջ վրա Սպիտակ ժանիքը չէր կարող բարկանալ, և երբ սա մի անգամ սկսեց բարեմտորեն կատակ անել ու ծիծաղել իր վրա, նա շփոթվեց։ Նախկին չարությունը գլուխ բարձրացրեց նրա մեջ, բայց այս անգամ ստիպվեց պայքարել սիրո դեմ։ Բարկանալ չէր կարող, ուրեմն ի՞նչ պիտի աներ։ Աշխատում էր վեհաշուք արտահայտություն պահել, բայց տերը քրքջաց ավելի բարձր։ Նա ավելի վեհաշուք տեսք տվեց իրեն, իսկ տերը սկսեց ավելի ու ավելի քրքջալ։ Վերջ ի վերջո Սպիտակ Ժանիքը անձնատուր եղավ. նրա շրթունքը ցնցվեց՝ ցուցադրելով ատամները, և աչքերը բոցավառվեցին չգիտես խորամանկ թե՞ սիրատոչոր կայծով։ Սպիտակ Ժանիքը սովորեց ծիծաղել։ Նա սովորեց նաև խաղալ տիրոջ հետ. թույլ էր տալիս գետին գցել իրեն, շուռ տալ մեջքի վրա, ամեն տեսակ օյին խաղալ գլխին, իսկ ինքը ձևանում էր կատաղած, ամբողջ մարմնով փշաքաղվում էր, մռնչում ու ատամները կրճտում, ցույց տալիս, թե ուզում է կծել տիրոջը։ Սակայն բանը երբեք չէր հասնում դրան, նրա ատամները կափկափում էին օդում՝ առանց դիպչելու Սքոթին։ Եվ այդպիսի խաղերի վերջում, երբ հարվածները, հրումները, ատամների կրճտոցները հետզհետե սաստկանում էին, հանկարծ մարդն ու շունը նետվում էին տարբեր կողմեր, դադար առնում ու նայում իրար։ Հետո էլ, նույնպես հանկարծակի, ասես արևը անսպասելիորեն ծագեր կատաղած ծովի վրա, նրանք սկսում էին ծիծաղել։ Խաղը սովորաբար վերջանում էր նրանով, որ տերը գրկում էր Սպիտակ ժանիքի վիզը, սա էլ ծոր էր տալիս իր վնգստան֊քնքուշ սիրերգը։ Սակայն տիրոջից բացի, ոչ ոք չէր համարձակվում այդպիսի գզվռտոց սկսել Սպիտակ Ժանիքի հետ։ Սա թույլ չէր տալիս այդպիսի բան։ Բավական էր, որ մի ուրիշը ոտնձգություն աներ նրա անձնական արժանապատվության դեմ, և սպառնագին մռնչոցն ու փշաքաղված մազերը սպանում էին նրա հետ խաղալ ուզող համարձակի ամբողջ ցանկությունը։ Եթե Սպիտակ Ժանիքը թույլ էր տալիս տիրոջը այդպես ազատ վարվել իր հետ, ապա դա բնավ չէր նշանակում, թե նա շռայլում է իր սերը աջ ու ձախ, ինչպես մի սովորական շուն, որը պատրաստ է գզվռտել ու խաղ անել ում հետ ասես։ Տերը շատ էր ձիով տեղ գնում, և Սպիտակ Ժանիքը իր առաջնակարգ պարտականությունն էր համարում այդպիսի զբոսանքների ժամանակ ուղեկցել նրան։ Հյուսիսում նա իր հավատարմությունը մարդկանց ապացուցում էր սահնակ քաշելով, բայց հարավում ոչ ոք սահնակ չէր նստում, և այստեղի շների վրա բեռ չէին դնում։ Այդ պատճառով էլ Սպիտակ ժանիքը միշտ տիրոջ հետ էր լինում նրա երթևեկությունների ժամանակ դրանով իր հավատարմությունն արտահայտելու մի նոր ձև գտնելով. թեկուզ և ամբողջ օրը այդպես վազելը ոչ մի նեղություն չէր պատճառում նրան։ Սա վազում էր առանց նվազագույն լարումի՝ հոգնություն չզգալով, գայլի հավասարաչափ ընթացքով, միշտ միահավասար սլանալով ձիու առջևից։ Տիրոջ այդ երթևեկությունները հնարավորություն տվեցին Սպիտակ Ժանիքին իր զգացմունքներն արտահայտելու մի նոր ձև ևս սովորել, և հատկանշական է այն, որ նա իր ամբողջ կյանքում երկու անգամ օգտվեց դրանից։ Առաջին անգամ այդ պատահեց այն դեպքում, երբ Ուիդոն Սքոթը իր զտարյուն ու դյուրաբորբոք նժույգին ուզում էր վարժեցնել, որ թույլ տա իրեն դռնակը բացել ու փակել առանց թամբից իջնելու։ Մի քանի անգամ նա մոտեցավ դռնակին ու փորձեց դռնակը փակել իր վրա, բայց նժույգը վախեցած ընկրկեց, մի կողմ նետվեց։ Նա հետզհետե ավելի էր բորբոքվում, ծառս ելնում, իսկ երբ տերը խթանում էր նրան ու ստիպում առջևի ոտքերը ծալել, սկսում էր հետույքով խփել։ Սպիտակ Ժանիքը հարաճուն անհանգստությամբ հետևում էր նրանց և ի վերջո, այլևս իրեն զսպելու ուժ չունենալով, ցատկեց ձիու մոտ և սկսեց կատաղի ու սպառնալի հաչել նրա վրա։ Ձիու այս դեպքից հետո նա հաճախ էր փորձում հաչել, և տերը խրախուսում էր նրա փորձերը. բայց նա կարողացավ անել այդ միայն մի անգամ էլ, ըստ որում այդ ժամանակ տերը մոտերքում չէր։ Դրա պատճառը դարձավ հետևյալ դեպքը․ տերը արշավում էր դաշտում, երբ հանկարծ ձին նետվեց մի կողմ՝ վախենալով հենց սմբակների տակից դուրս պրծած նապաստակից, գայթեց, տերը թամբից թռավ մի կողմ, ընկավ ու ոտքը կոտրեց։ Սպիտակ Ժանիքը գազազեց և ուզում էր կառչել հանցագործ ձիու կոկորդից, բայց տերը կասեցրեց նրան։ — Հայդե, տո՛ւն, գնա տո՛ւն,— գոչեց նա, երբ համոզվեց, որ ոտքը կոտրվել է։ Սպիտակ Ժանիքը չէր ցանկանում մենակ թողնել նրան։ Տերն ուզում էր մի երկտող գրել, բայց գրպանում ո՛չ թուղթ գտավ, ո՛չ մատիտ։ Դրանից հետո դարձյալ հրամայեց Սպիտակ Ժանիքին վազել տուն։ Սպիտակ ժանիքը տխուր նայեց նրան, մի քանի քայլ արեց, ապա վերադարձավ ու կամացուկ վնգստաց։ Տերը խոսեց նրա հետ քաղցր, բայց լուրջ շեշտով. Սպիտակ ժանիքը ականջները սրեց ու տանջալի լարվածությամբ ունկնդրեց նրա խոսքին։ — Մի՛ շվարի, բարեկամս, գնա տուն,— ասում էր Ուիդոն Սքոթը։― Գնա տուն ու պատմիր, թե ի՛նչ պատահեց։ Գնա տուն, գա՛յլ, գնա տո՛ւն։ Սպիտակ Ժանիքը հասկանում էր «տուն» բառը և առանց ըմբռնելու մյուսները, այնուամենայնիվ կռահում էր, թե ինչ է ասում տերը։ Եվ շրջվեց ու դժկամությամբ վազեց դաշտի միջով։ Հետո տարակուսած կանգ առավ ու ետ նայեց։ — Գնա տուն,— թնդաց խիստ հրամանը, և այս անգամ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց։ Երբ նա մոտեցավ տանը, բոլորը նստած էին պատշգամբում և իրիկնային զովություն էին վայելում։ Սպիտակ ժանիքը փոշեթաթախ էր ու ծանր էր շնչում։ — Ուիդոնը վերադարձավ,— ասաց Սքոթի մայրը։ Երեխաները հրճվագին աղաղակներով դիմավորեցին Սպիտակ Ժանիքին ու վազեցին նրան ընդառաջ։ Նա խույս տվեց նրանցից ու քաշվեց պատշգամբի հեռավոր ծայրը, բայց փոքրիկ Ուիդոնն ու Մոսը քշեցին նրան ճոճի ու ճաղերի միջև եղած անկյունը։ Շունը մռնչաց ու փորձեց դուրս նետվել այդտեղից։ Սքոթի կինը վախեցած նայեց այդ կողմը։ — Այնուամենայնիվ ես մշտապես վախենում եմ երեխաների համար, երբ նրանք պտույտ են գալիս Սպիտակ Ժանիքի շուրջը,— ասաց նա։― Շարունակ մտածում եմ, որ մի գեղեցիկ օր էլ կհարձակվի նրանց վրա։ Սպիտակ Ժանիքը կատաղի մռնչոցով դուրս նետվեց այդ ծուղակից՝ մանչուկին ու աղջկան ցած գցելով։ Մայրը կանչեց նրանց իր մոտ և սկսեց մխիթարել ու համոզել, որ Սպիտակ Ժանիքին հանգիստ թողնեն։ ― Գայլը միշտ էլ գայլ կմնա,— նկատեց դատավոր Սքոթը։— Նրան վստահել չի կարելի։ — Բայց իսկական գայլ չէ,— միջամտեց Բեթը՝ բացակա եղբոր կողմը բռնելով։ — Դու հավատ ես ընծայում Ուիդոնի ասածին, — առարկեց դատավորը։― Նա կարծում է, թե Սպիտակ ժանիքի մեջ շան արյուն կա․ բայց դա լոկ ենթադրություն է։ Իսկ արտաքուստ... Դատավորն իր խոսքը չկարողացավ ավարտել. Սպիտակ Ժանիքը կանգնեց նրա դիմաց ու սկսեց կատաղաբար մռնչալ։ — Կորիր տեղդ, շո՛ւտ, տե՛ղդ,— խստորեն ասաց դա տավոր Սքոթը։ Սպիտակ Ժանիքը շրջվեց դեպի տիրոջ կինը։ Սա սարսափահար ճչաց, երբ շունը ատամներով բռնեց նրա շրջաղգեստը և քաշելով պատռեց թեթև գործվածքը։ Այգ միջոցին էլ Սպիտակ Ժանիքը դարձավ ընդհանուր ուշադրության կենտրոն։ Գլուխը բարձր պահած՝ կանգնել էր նա և ուշադիր նայում էր մարդկանց դեմքին։ Նրա կոկորդը ջղաձգությունից ցնցվում էր, բայց ոչ մի ծպտուն չէր արձակում։ Նա ճգնում էր մի կերպ արտահայտել այն, որ ուզում էր դուրս ժայթքել, բայց ելք չէր գտնում։ — Չլինի՞ թե կատաղել է,— ասաց Ուիդոնի մայրը։― Ես ասում էի Ուիդոնին, որ Հյուսիսի շունը տաք կլիմային չի դիմանա։ ― Մեկ էլ տեսար սկսեց խոսել,— բացականչեց Բեթը։ Այդ րոպեին Սպիտակ Ժանիքը խոսելու շնորհք ստացավ ու սկսեց խլացուցիչ հաչոց գցել։ — Բան է պատահել Ուիդոնին,— վստահ ասաց Ուիդոնի կինը։ Ամենքն էլ տեղներից վեր թռան, իսկ Սպիտակ ժանիքը սլացավ սանդուղքն ի վար՝ ետ նայելով ու կարծես մարդկանց հրավիրելով հետևել իրեն։ Նա հաչեց կյանքում երկրորդ ու վերջին անգամ և կարողացավ իր միտքը հասկացնել։ Այս դեպքից հետո Սիերրա Վիսթայի բնակիչներն սկսեցին ավելի լավ վերաբերվել Սպիտակ ժանիքին, և նույնիսկ ձիապանը, որի թևը կծել էր, խոստովանեց, որ Սպիտակ Ժանիքը խելացի շուն է, թեկուզ և գայլ է։ Դատավոր Սքոթը նմանապես այս տեսակետն ուներ և, ի դժգոհություն ամենեցուն, իր իրավացիության իբր ապացույց բերում էր հանրագիտարանից ու կենդանաբանության տարբեր գրքերից քաղած նկարագրություններ և աղյուսակներ։ Օրերն իրար էին հաջորդում՝ շռայլորեն արևի ճաճանչներ շաղ տալով Սանթա Կլարա հովտի վրա։ Սակայն ձմեռը, հարավում անցկացրած նրա երկրորդ ձմեռը մոտենալու հետ Սպիտակ Ժանիքը մի տարօրինակ հայտնագործություն արեց. Կոլլիի ատամները դադարեցին առաջվա պես սուր լինել, նրա ծեքծեքուն, թեթև կծոցները այլևս ցավ չէին պատճառում։ Սպիտակ Ժանիքը մոռացավ, որ մի ժամանակ գամփռը թունավորում էր իր կյանքը, և ջանալով նույն աշխուժությամբ պատասխանել նրան, ծիծաղելիորեն անշնորհք էր անում դա։ Մի անգամ Կոլլին երկար վազվզեց մարգագետնում, հետո էլ Սպիտակ Ժանիքին հրապուրեց իր հետ՝ անտառ։ Տերը պատրաստվում էր ճաշից առաջ ձիով մի փոքր զբոսնել, իսկ Սպիտակ Ժանիքը գիտեր դա. թամբած ձին կանգնել էր շքամուտքի մոտ։ Սպիտակ Ժանիքը երկմտում էր. այնպիսի բան էր զգում իր մեջ, որ ավելի ուժեղ էր իր ճանաչած բոլոր օրենքներից, բոլոր սովորույթներից, տիրասիրությունից, կենսասիրությունից ավելի ուժեղ։ Եվ երբ գամփռը կծեց նրան ու փախավ մի կողմ, նա հրաժարվեց իր անվճռականությունից, շրջվեց ու հետևեց նրան։ Այդ օրը տերը մենակ գնաց, իսկ Սպիտակ Ժանիքը վազում էր անտառում Կոլլիի հետ՝ կողք-կողքի, այնպես, ինչպես շատ տարիներ առաջ հյուսիսային անձայն թավուտում նրա մայրը՝ Կիչին էր վազում Միակնանու հետ։ 
== Գլուխ V։ Նիրհած գայլը ==
 
Մոտավորապես այդ ժամանակ թերթերը մի հաղորդագրություն տպեցին, թե Սան Քվենթինի բանտից համարձակ փախուստ է կատարել իր վայրագությամբ հռչակված մի կալանավոր։ Դա մի մարդ էր, որ հենց մանկությունից էլ այլանդակվել էր և շրջապատից ոչ մի աջակցություն չէր ստացել, մի մարդ, որ ինքնին օրինակ էր ծառայում այն բանի, թե ի՛նչ կարող է դառնալ մարդկային ատաղձը, երբ ընկնում է հասարակության անողոք ձեռքը։ Անասուն էր նա, ճիշտ է՝ մարդակերպ անասուն, բայց և այնպես նրան այլ կերպ չէր կարելի անվանել, եթե ոչ գիշատիչ։
 
Սան Քվենթինի բանտում նա համարվում էր անուղղելի։ Ոչ մի պատիժ չէր կարող կոտրել նրա համառությունը։ Նա ընդունակ էր ըմբոստանալ մինչև վերջին շունչը՝ կատաղությունից խելակորույս, բայց չէր կարող ապրել ծեծկված, հնազանդեցված։ Որքան ավելի սաստիկ էր նա ըմբոստանում, այնքան խիստ էլ հասարակությունն էր վարվում հետը, և այդ խստությունը բորբոքում էր միայն նրա չարությունը։ Զսպաշապիկը, քաղցը, ծեծը չէին հասնում իրենց նպատակին, իսկ Ջիմ Հոլը կյանքից ուրիշ ոչինչ չէր ստացել։ Այդպես էին վարվել Ջիմ Հոլի հետ վաղ մանկությունից, որ անց էր կացրել Սան֊Ֆրանցիսկոյի ետ ընկած թաղամասերում, երբ նա փափուկ կավ էր և պատրաստ էր ուզած ձևն ընդունել հասարակության ձեռքում։
 
Երրորդ անգամ կալանքը բանտում անցկացնելիս Ջիմ Հոլը հանդիպեց այդտեղ մի պահակի, որը համարյա նույնպիսի գազան էր, ինչպես ինքը։ Պահակը ամեն կերպ հալածում էր նրան, զրպարտում էր վերակացուի առաջ․ և Ջիմին զրկում էին բանտային վերջին զիջումներից։ Ջոնի ու պահակի ամրողջ տարբերությունն այն էր միայն, որ պահակը կրում էր բանալիների մի կապոց և ատրճանակ, իսկ Ջիմ Հոլն ուներ միայն մերկ ձեռքեր ու ատամներ։ Բայց մի անգամ էլ նա հարձակվեց պահակի վրա և ատամներով բռնեց նրա կոկորդը, ինչպես վայրի գազանը ջունգլիներում։
 
Դրանից հետո Ջիմ Հոլին փոխադրեցին առանձին մի խուց, ուր նա ապրեց երեք տարի։ Այդ խցի հատակը, պատերն ու առաստաղը ծածկված էին երկաթով։ Ամբողջ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ դուրս չեկավ այդտեղից, ոչ մի անգամ արև ու երկինք չտեսավ։ Ցերեկի փոխարեն այդ խցիկում մթնշաղ էր, գիշերվա փոխարեն՝ սև լռություն։ Ջիմ Հոլը ողջ-ողջ թաղված էր երկաթե գերեզմանում։ Նա մարդկային կերտարանք չէր տեսնում, որևէ մեկի հետ մի խոսք չէր փոխանակում։ Երբ ուտելիքը ներս էին մտցնում, նա մռնչում էր վայրի գազանի պես։ Նա ատում էր ամբողջ աշխարհը, կարող էր կատաղությունից ոռնալ օրեր շարունակ, գիշերները մինչև լույս, այնուհետև շաբաթներով ու ամիսներով լռում էր ոչ մի ծպտուն չհանելով, հոգու խորքը թափանցած այդ սև լռության մեջ։
 
Հետո էլ մի գիշեր նա փախավ։ Վերակացուն հավատացնում էր, թե դա անկարելի է, բայց և այնպես խցիկը դատարկ էր, իսկ դրա շեմքին փռված էր սպանված պահակը։ Երկու դիակ ևս ընկած էին ոճրագործի այն ուղու վրա, որ բանտի միջով տանում էր դեպի արտաքին պատը, և երեքին էլ Ջիմ Հոլն սպանել էր լոկ իր ձեռքերով, որպեսզի ոչ մի ձայն չլսվի։
 
Սպանված պահապանների վրայից վերցնելով զենքը՝ Ջիմ Հոլը փախել էր ու թաքնվել սարերում։ Նրա գլխի համար նշանակել էին մեծ գումար ոսկով։ Ընչաքաղց ֆերմերները հրացանները ձեռքներին հետապնդում էին նրան։ Նրա արյան գնով կարելի էր գնել գրավ դրված մի կայք կամ տղային ուղարկել քոլեջ։ Պարտքի գիտակցությամբ ոգևորված քաղաքացիները զենքը ձեռքին դուրս էին եկել Հոլի դեմ։ Խուզարկու շների մի ոհմակ արշավում էր նրա արյունոտ հետքերով։ Իսկ օրենքի խուզարկուները, որոնք ռոճիկ էին ստանում հասարակությունից, հեռախոսում էին, հեռագրեր տալիս, հատուկ գնացքներ պատվիրում, իրենց որոնումները չէին դադարեցնում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։
 
Երբեմն Ջիմ Հոլն ընկնում էր իրեն հետապնդողների աչքին, և այն ժամանակ մարդիկ հերոսաբար գնում էին նրան ընդառաջ կամ թե թողնում փախչում էին նրանից՝ ի մեծ գոհունակություն ամբողջ երկրի, որ կարդում էր այդ մասին նախաճաշելիս։ Այդպիսի ընդհարումներից հետո սպանվածներին և վիրավորներին տանում էին հիվանդանոցները, իսկ նրանց տեղերը գրավում էին մարդորսի այլ սիրահարներ։
 
Հետո էլ Ջիմ Հոլն անհետացավ։ Խուզարկուները իզուր էին սլքտում նրա հետքերով։ Զինված մարդիկ ձերբակալում էին ոչ մի հանցանք չունեցող ֆերմերների ու պահանջում, որ հաստատեն իրենց ինքնությունը։ Իսկ Հոլի գլխի փրկագինը ստանալու ծարավի մարդիկ տասնյակ անգամ նրա դիակն էին գտնում սարերում։
 
Այդ ժամանակ թերթեր էին կարդում նաև Սիերրա Վիսթայում, բայց ոչ այնքան հետաքրքրությամբ, որքան անհանգստությամբ։ Կանայք սարսափահար էին եղել։ Դատավոր Սքոթը հոխորտում էր ու ձեռք առնում նրանց, ասենք առանց որևէ հիմքի, որովհետև պաշտոնաթող լինելուց քիչ առաջ Ջիմ Հոլը դատարանում կանգնել էր նրա առաջ ու լսել իր վճիռը։ Եվ այնտեղ էլ, դատարանի դահլիճում, ամբողջ հասարակության առաջ, Ջիմ Հոլը հայտարարել էր, թե կգա մի օր, երբ ինքը վրեժ կլուծի այդ դատավճիռը կայացնող դատավորից։
 
Այդ անդամ Ջիմ Հոլը հանցավոր չէր։ Նրան դատապարտել էին հանիրավի։ Գողերի աշխարհում և ոստիկանների միջավայրում դա կոչվում էր «գլորել բանտ»։
 
Ջիմ Հոլին «գլորեցին» մի հանցագործության համար, որը նա չէր կատարել։ Նկատի ունենալով Ջիմ Հոլի նախորդ երկու դատվածությունը դատավոր Սքոթը հիսնամյա կալանքի էր դատապարտել նրան։
 
Դատավոր Սքոթը չէր իմանում գործի հանգամանքներից շատերը, մտքով էլ չացկացրեց, թե դարձավ ոստիկանական դավի ակամա մասնակիցը, թե ցուցմունքները սարքված էին ու աղավաղված, թե Ջիմ Հոլը այդ ոճրագործության մասնակից չէր։ Ջիմ Հոլն էլ չէր իմանում, որ դատավոր Սքոթը չիմանալով էր գործում, այլ համոզված էր, որ դատավորը հիանալի իրազեկ է ամեն ինչին և արձակելով իր անարդարությամբ հրեշավոր այդ դատավճիռը՝ ոստիկանության հետ ձեռք ձեռքի տված է գործում։ Ուստի և երբ դատավոր Սքոթը հրապարակեց վճիռը, որը Ջիմ Հոլին դատապարտում էր մահվանից շատ քիչ տարբերվող հիսնամյա կալանքի, ապա իր հետ այդքան դաժանորեն վարված աշխարհն ատող Ջիմ Հոլը վեր թռավ իր տեղից ու զայրույթից մոլեգնեց այնքան ժամանակ, մինչև որ կապույտ համազգեստավոր թշնամիները տապալեցին նրան գետին։ Նա դատավոր Սքոթին համարում էր իր վրա իջած անարդարության ամրոցի անկյունաքարը և սպառնաց վրեժ լուծել նրանից։ Այնուհետ և Ջիմ Հոլին կենդանի թաղեցին բանտի խցիկում․․․ և նա փախավ այդտեղից։
 
Այս ամենի մասին ոչ մի բան չէր իմանում Սպիտակ ժանիքը։ Սակայն նրա և իր տիրոջ կնոջ՝ Էլիսի միջև կար մի գաղտնիք։ Ամեն գիշեր, երբ Սիերրա Վիսթայում բոլորն էլ գնում էին քնելու, Էլիսը անկողնից վեր էր կենում և Սպիտակ Ժանիքին ամբողջ գիշերվա համար բերում ներս՝ նախասենյակ։ Բայց քանի որ Սպիտակ ժանիքը սենյակային շուն չէր և պատշաճ չէր, որ տանը քնի, ապա վաղ առավոտյան, բոլորի վեր կենալուց առաջ, Էլիսը կամացուկ իջնում էր ներքև և արձակում նրան բակ։
 
Մի այդպիսի գիշեր, երբ ամբողջ տունը քուն էր մտել, Սպիտակ Ժանիքը արթնացավ, բայց շարունակեց անծպտուն պառկած մնալ։ Եվ նույնպես անձայն տարուբերեց քիթը ու անմիջապես էլ որսաց օդում տարածվող մի լուր, թե տանը կա մի անծանոթ աստված։ Նրա ականջին հասան ոտնաձայներ։ Սպիտակ Ժանիքը չհաչեց։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Անծանոթ աստվածը քայլերը փոխում էր խիստ կամացուկ, բայց ավելի կամաց էր քայլում Սպիտակ Ժանիքը, որովհետև հագուստ չուներ վրան, որը մարմնին կպչելիս շրշում է։ Անձայն էր շարժվում նա։ Խուլ Հյուսիսում նա կարիք էր ունեցել հետամուտ լինել խրտնող որսին և գիտեր, թե որքան կարևոր է հանկարծակիի բերել նրան։
 
Անծանոթ աստվածը կանգ առավ սանդուղքի մոտ ու ականջ դրեց։ Սպիտակ Ժանիքը քարացավ տեղում։ Նա կանգնեց անշարժ ու սպասեց, թե ինչ է լինելու։ Սանդուղքը տանում էր դեպի միջանցք, որտեղ տիրոջ ու նրա համար ամենասիրելի էակների սենյակներն էին։ Սպիտակ ժանիքը փշաքաղվեց, բայց շարունակեց լռիկ սպասել։ Անծանոթ աստվածը ոտքը դրեց ներքևի աստիճանին, սկսեց սանդուղքով վեր բարձրանալ․․․
 
Եվ այդ րոպեին Սպիտակ Ժանիքը հարձակվեց։ Նա արեց դա առանց որևէ նախազգուշացման, անդամ չմռնչաց։ Նրա մարմինը սլացավ օդում և իջավ ուղիղ անծանոթ աստծու կռնակի վրա։ Սպիտակ Ժանիքը կախվեց նրա ուսերից և ատամները խրեց նրա վզի մեջ։ Իր ամբողջ ծանրությամբ նա կախվեց անծանոթ աստծուց և մի ակնթարթում գցեց նրան մեջքի վրա։ Երկուսն էլ տապալվեցին գետին։ Սպիտակ Ժանիքը նետվեց մի կողմ, բայց հենց որ մարդը փորձեց ոտքի ելնել, դարձյալ նետվեց նրա վրա և նորից ատամները խրեց նրա վզի մեջ։
 
Սիերրա Վիսթայի բնակիչները սարսափահար արթնացան։ Սանդուղքից եկող աղմուկից կարելի էր կարծել, թե այնտեղ դևերի լեգեոններ են մարտնչում։ Որոտաց ատրճանակի կրակոց, ապա երկրորդը, երրորդը։ Մեկը սարսափից ու ցավից ճչաց։ Այնուհետև լսվեց բարձր մռնչոց։ Եվ այդ բոլոր ձայներին ուղեկցում էր ապակու զրնգոցն ու շուռ եկող կահույքի դղրդոցը։
 
Սակայն աղմուկը դադարեց նույնքան հանկարծակի, ինչպես և ծագել էր։ Այդ ամենը երեք րոպեից ավելի չտևեց։ Տան սարսափահար բնակիչները խռնվել էին սանդուղքի վերին հարթակում։ Ներքևից, խավարի միջից, լսվում էին քլթքլթոցներ, կարծես օդը պղպջակներով բարձրանում էր ջրի մակերեսը։ Երբեմն քլթքլթոցը վեր էր ածվում թշշոցի, համարյա թե սուլոցի։ Բայց այդ ձայներն էլ արագ կտրվեցին, և խավարից լսվում էր միայն ծանր շնչառություն, կարծես մեկը բերանով տանջալիորեն օդ էր որսում։
 
Ուիդոն Սքոթը պտտեց էլեկտրական կոճակը և լույսի հոսանքը ողողեց սանդուղքն ու նախասենյակը։ Հետո նա ու դատավոր Սքոթը զգույշ իջան ցած՝ ատրճանակները պատրաստ պահած։ Ասենք նրանց զգուշությունը պետք չեկավ. Սպիտակ Ժանիքը իր գործը տեսել էր։ Տապալված ու կոտրատված կահույքի միջև, կողքի վրա, պառկած էր մի մարդ՝ դեմքը ձեռքով ծածկած։ Ուիդոն Սքոթը կռացավ, դեն տարավ ձեռքը և մարդուն շրջեց երեսն ի վեր։ Կոկորդին բացված վերքը ոչ մի կասկած չէր թողնում նրա մահվան պատճառների մասին։
 
— Ջիմ Հոլն է,— գոչեց դատավոր Սքոթը։
 
Հայր ու որդի բազմանշանակ իրար նայեցին, ապա հայացքը սևեռեցին Սպիտակ Ժանիքին, որ նույնպես պառկել էր կողքի վրա։ Նրա աչքերը փակ էին, բայց երբ մարդիկ կռացան նրա վրա, նա բարձրացրեց կոպերը, ջանաց վեր նայել ու մի թեթև շարժեց պոչը։ Ուիդոն Սքոթը շոյեց նրան, և ի պատասխան այդ փաղաքշանքի, նա կամացուկ գռմռաց։ Բայց գռմռոցը հազիվ լսվեց ու անմիջապես էլ կտրվեց։ Սպիտակ ժանիքի կոպերը երերացին ու փակվեցին, ամբողջ մարմինը միանդամից կարծես կակղեց, և ինքն էլ ձգվեց հատակին։
 
— Բանդ բուրդ է, խե՜ղճ բարեկամս,— խոսեց տերը։
 
— Ոչ, դեռ շուտ է այդպես ասել,— հայտարարեց դատավորն ու վազեց հեռախոսի մոտ։
 
— Անկեղծ ասած՝ հազարից մեկ հավանականություն կա,— ասաց վիրաբույժը մեկ ու կես ժամ Սպիտակ ժանիքով զբաղվելուց հետո։
 
Պատուհանից նայած առաջին արեգական շողքերը մթագնեցին էլեկտրական լույսը։ Ամբողջ ընտանիքը, բացի երեխաներից, հավաքվել էին վիրաբույժի մոտ, իմանալու, թե ինչ կասի նա Սպիտակ Ժանիքի մասին։
 
— Կոտրվել է հետևի ոտքը,— շարունակեց նա։― Կոտրվել են կողոսկրերից երեքը և դրանցից առնվազն մեկը մտել է թոքի մեջ։ Արյուն շատ է կորցրել։ Հնարավոր է, որ ներքին վնասվածքներ ևս կան, քանի որ, ըստ երևույթին, տրորել են ոտքով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երեք գնդակներն էլ ծակել դուրս են եկել։ Եթե ասեմ, հազարից մի հավանականություն կա փրկվելու, խիստ լավատեսական կլինի։ Իրականում մեկ տասհազարերորդական հավանականություն էլ չկա։
 
— Բայց այդ հավանականությունն էլ չի՛ կարելի կորցնել,— գոչեց դատավոր Սքոթը։― Ուզած գումարը կտամ։ Պետք է լուսադիտում կատարել, ամեն ինչ, ինչ պետք լինի․․․ Ուիդո՛ն, անմիջապես հեռագրիր Սան֊Ֆրանցիսկո՝ դոկտոր Նիկոլսին։ Չնեղանաք, բժիշկ, մենք ձեզ հավատում ենք, բայց այս շան համար պետք է անել այն ամենը, ինչ կարելի է։
 
— Անշո՜ւշտ, անշո՜ւշտ։ Հասկանում եմ՝ շունն արժանի է դրան։ Սրան պետք է խնամել ինչպես մարդուն, ինչպես հիվանդ երեխային։ Հետևեցեք նաև ջերմությանը։ Կգամ ժամը տասին։
 
Եվ Սպիտակ ժանիքին խնամում էին իսկապես ինչպես մարդուն։ Դատավորի դուստրերը վրդովմունքով մերժեցին հիվանդապահուհի կանչելու առաջարկությունը և իրենք ստանձնեցին այդ պարտականությունը։ Եվ Սպիտակ ժանիքը կյանքից խլեց միակ հավանականությունը, որ մերժեց նրան վիրաբույժը։
 
Սակայն չպետք է դատապարտել վիրաբույժին իր սխալի համար։ Մինչև հիմա նա առիթ էր ունեցել բուժելու և վիրահատելու քաղաքակրթությունից քնքշացած մարդկանց՝ բաղմաթիվ քնքշացած սերունդների հետնորդներին։ Սպիտակ ժանիքի համեմատությամբ այդ բոլորը թվում էին նրբակազմ ու թույլ և չէին կարողանում կառչել կյանքից։ Սպիտակ ժանիքը բնիկ էր Հյուսիսի, որը ոչ ոքի թույլ չի տալիս քնքշանալ և արագ ոչնչացնում է թույլերին։ Ո՛չ նրա մայրը, ո՛չ հայրը, ո՛չ էլ նախնիների բազում սերունդները քնքշության նշույլ իսկ չունեին։ Հեռավոր Հյուսիսը Սպիտակ Ժանիքին պարգևել էր երկաթե օրգանիզմ և կենսունակություն, և նա կառչում էր կյանքից հոգով ու մարմնով այնպիսի համառությամբ, որը հին֊հին ժամանակներում հատուկ էր ամեն մի կենդանի արարածի։
 
Գամված իր տեղին, վիրակապերի ու գիպսի պատճառով անգամ շարժվելու հնարավորությունից զուրկ՝ Սպիտակ ժանիքը շաբաթներ շարունակ պայքարում էր մահվան դեմ։ Երկար քնում էր, շատ երազներ էր տեսնում, և նրա ուղեղով շարան֊շարան անցնում էին Հյուսիսի պատկերները։ Անցյալը վերակենդանանում էր և ամեն կողմից պաշարում Սպիտակ Ժանիքին։ Նորից նա ապրում էր որջում՝ Կիչիի հետ. ամբողջ մարմնով դողալով սողում էր դեպի Գորշ Ջրշունի ոտքերը՝ հայտնելով նրան իր հնազանդությունը. փախչելով ազատվում էր Լիփ-Լիփից ու լակոտների ոռնացող ոհմակից։
 
Սպիտակ Ժանիքը նորից էր վազում լուռ անտառով, քաղցի օրերին թռչուններ հետապնդում. նորից էր տեսնում իրեն լծվածքի գլուխ անցած, լսում էր, թե ինչպես Միթ֊Սան ու Գորշ Ջրշունը չլթացնում են մտրակը ու գոռում. «Ռաա՜, ռաա՜», երբ սահնակր կիրճ է մտնում և շները հովհարաձև սեղմվում են նեղ ճանապարհի վրա։ Նրա առջևով օր֊օրի հետևից անցավ Սմիթի մոտ անցկացրած կյանքը և այն մարտերը, որոնց մասնակցել էր։ Այդ րոպեներին նա կրճտում էր ատամները և մռնչում, իսկ նրա մոտ նստած մարդիկ ասում էին, թե Սպիտակ Ժանիքը վատ երազ է տեսնում։
 
Սակայն ամենատանջալին կրկնվող մղձավանջն էր։ Սպիտակ Ժանիքը երազում տեսնում էր տրամվայներ, որոնք դղրդոցով ու զնգզնգոցով սլանում էին նրա վրա սուր ոռնացող հսկայական լուսանների նման։ Ահա Սպիտակ Ժանիքը թաքնվել է թփերի մեջ ու սպասում է այն րոպեին, երբ սկյուռը վերջապես սիրտ կանի ծառից իջնել գետին։ Ահա նա ցատկում է իր որսի վրա... Բայց սկյուռը վայրկենապես վերածվում է սոսկալի տրամվայի, որը սարի պես ահագնանում է նրա գլխավերևը, սպառնալի ճչում, դղրդում ու կրակ է թքում նրա վրա։ Նույնը և բազեն։ Սա քարի նման երկնքից ընկնում է նրա վրա ու ճամփին դառնում էլի նույն տրամվայը։ Սպիտակ Ժանիքն իրեն տեսնում է Սիրուն Սմիթի ցանկապատում։ Շուրջը բազմություն է հավաքվում, և նա գիտե, որ շուտով մենամարտը կսկսվի։ Նայում է նա դռանը՝ սպասելով իր ախոյանին։ Դուռը բացվում է, և ահավոր տրամվայը սլանում է դեպի նա։ Այդ մղձավանջը կրկնվում է օրեր շարունակ, գիշեր ու ցերեկ, և ամեն անգամ Սպիտակ Ժանիքը սարսափ է զգում քնի մեջ։
 
Վերջապես մի գեղեցիկ առավոտ նրա վրայից հանեցին գիպսի վերջին մասը, վերջին վիրակապը։ Ինչպիսի՜ հանդես էր դա։ Ամբողջ Սիերրա Վիսթան հավաքվել էր Սպիտակ ժանիքի մոտ։ Տերը քորում էր նրա ականջատակերը, իսկ նա երգում էր իր մրթմրթան ու փաղաքշական երգը։ «Անգին Գայլ», անվանեց նրան տիրոջ կինը։ Այս նոր մականունը ընդունվեց հիացական գոչյուններով, և բոլոր կանայք սկսեցին կրկնել. «Անգի՜ն Գայլ, Անգի՜ն Գայլ»։
 
Նա փորձեց ոտքի ելնել, մի քանի անհաջող քայլ կատարեց ու ընկավ։ Ապաքինումն այնքան երկար էր տևել, որ նրա մկանները կորցրել էին ճկունությունը և ուժը։ Նա ամաչում էր իր թուլությունից, կարծես որևէ բանով հանցավոր էր աստվածների առաջ։ Եվ հերոսական ճիգ գործադրելով՝ նա կանգնեց չորս թաթի վրա՝ երերալով այս ու այն կողմ։
 
— Անգի՜ն Գայլ,— միաբերան բացականչեցին կանայք։
 
Դատավոր Սքոթը հաղթական հայացք նետեց նրանց։
 
— Ճշմարտությո՜ւնն է բարբառում ձեր շրթունքներով,— ասաց նա։― Ես պնդում էի դա շարունակ։ Ո՛չ մի շուն չէր կարող անել այն, ինչ արեց Սպիտակ Ժանիքը։ Նա գայլ է։
 
— Անգի՜ն Գայլ,— ուղղեց տիկին Սքոթը։
 
— Այո, Անգին Գայլ է,— համաձայնեց դատավորը։― Եվ այսօրվանից միայն այսպես կանվանեմ նրան։
 
— Ստիպված կլինի նորից քայլել սովորել,— ասաց բժիշկը։― Թող հենց հիմա էլ սկսի։ Հիմա արդեն կարելի է։ Տարեք նրան բակ։
 
Եվ Սպիտակ Ժանիքը դուրս եկավ բակ, իսկ նրա հետևից, ասես օգոստափառ անձնավորության հետևից, հարգալիր քայլում էին Սիերրա Վիսթայի բնակիչները։ Շատ թույլ էր նա և հասնելով մարգագետնին՝ պառկեց խոտի վրա ու մի քանի րոպե հանգստացավ։
 
Այնուհետև թափորը առաջ ընթացավ, և քիչ-քիչ, ամեն մի քայլափոխին Սպիտակ Ժանիքի մկանները ուժ էին առնում, արյունը ավելի ու ավելի արագ էր վազում երակներով։ Հասան ախոռ, որի դարպասի մոտ պառկել էր Կոլլին, իսկ նրա շուրջը արևի տակ խայտում էին կուշտ կերած վեց լակոտ։
 
Սպիտակ Ժանիքը վարանամիտ նայեց նրանց։ Կոլլին սպառնալի գռմռաց, և Սպիտակ Ժանիքը գերադասեց հեռու մնալ նրանից։ Տերը ոտքով նրա կողմը հրեց խոտի վրա սողացող լակոտին։ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց, բայց տերը հանգստացրեց նրան։ Կոլլին, որին զսպում էր Բեթը, աչալուրջ հայացքը չէր կտրում Սպիտակ Ժանիքից և մռնչալով նախազգուշացնում էր, թե դեռ վաղ է միամտվելը։
 
Լակոտը սողալով մոտեցավ Սպիտակ Ժանիքին։ Սա տնկեց ականջները և հետաքրքրությամբ զննեց նրան։ Հետո նրանք քիթ քթի դիպցրին, և Սպիտակ Ժանիքն զգաց, թե ինչպես լակոտի տաքուկ լեզուն լիզեց իր այտը։ Ինքն էլ չիմանալով, թե ինչու այդպես եղավ, նույնպես լեզուն հանեց ու լիզեց լակոտի դունչը։
 
Աստվածները ծափահարությամբ ու հիացմունքի բացականչություններով դիմավորեցին դա։ Սպիտակ ժանիքը զարմացավ ու տարակուսած նայեց նրանց։ Հետո նորից թուլություն զգաց նա, նստեց գետնին ու նայելով լակոտին՝ գլուխը թեքեց կողքի վրա։ Մյուս լակոտները նմանապես մոտեցան նրան ի մեծ դժգոհություն Կոլլիի, և Սպիտակ ժանիքը ծանրումեծ արտահայտությամբ թույլ տվեց նրանց մագլցել իր մեջքին ու գլորվել խոտի վրա։
 
Ծափահարությունները շփոթեցրին նրան և ստիպեցին զգալ երբեմնի անհամարձակությունը։ Բայց շուտով անցավ դա։ Լակոտները շարունակեցին իրենց խաղը, իսկ Սպիտակ ժանիքը արևի տակ պառկած, աչքերը կիսափակ՝ դանդաղորեն սկսեց նիրհել։
Վստահելի
1318
edits