Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
— Այ թե սենյակ է, հա՜,— ասաց նա: — Հը՞, ձեր սրտո՞վ է... Դե ես վազեցի, ներեցեք, մի բառ ասելու ժամանակ չկա: Երկու ոտք է, երկու ձեռք, էստեղ վեցն էլ չէր հերիքի, զանգեք, Նոբն ամեն ինչ կանի, ամեն ինչ կբերի: Իսկ եթե չլսի էդ դանդալոշը, զանգեք, ոտքերով խփեք հատակին ու գոռացեք:
Վերջապես պանդոկպանը վազեց ու նրանց շունչ քաշելու հնարավորություն տվեց: Ինչպես երևում է, իսկապես էլ նա մինչև ականջները թաղված է գործերի մեջ, բայց շատախոսել հաջողացնում էր: Նրանք շուրջները նայեցին. ոչ մեծ սենյակը շատ հարմարավետ տեսք ուներ: Բուխարիկում բոցկլտում էր կրակը, բուխարիկի առջև ցածրիկ բազկաթոռներ էին դրված: Կլոր սեղանը ծածկված էր թարմ սփռոցով, սեղանին՝ զանգակ: Զանգը խփել, սակայն, հարկ չեղավ: Նոբը ինքը հայտնվեց. մի ձեռքում մոմակալ, մյուսում՝ պնակներով սկուտեղը: Ընթրիքը մի ակնթարթում մատուցվեց. տաք արգանակ, դոնդողածածկ միս, մոշի ջեմ, նոր թխած հաց, մեծ առատությամբ կարագ և կես գլուխ պանիր: Մի խոսքով, համարյա ոնց որ Հոբիթստանում: Նույնիսկ Սամը դադարեց անվստահությամբ շուրջը զննել: Ի դեպ, նա դադարեց շուրջը նայել, հենց որ թարմ գարեջուր բերեցին: Հասցրեց երևալ պանդոկպանը, ման եկավ սեղանների շուրջը և, ներողություն խնդրելով, ասաց. — Այ կընթրեք, կցանկանաք հասարակության մեջ լինել,— ասաց նա դռան շեմքից,— իսկ գուց և չեք ցանկանա, գուցե իսկույն անկողին կմտնեք, բարի գիշեր, հանգիստ քուն, բայց եթե կցանկանաք, եկեք դահլիճ, բոլորը շատ կզարմանան ձեզ տեսնելով, բա ո՞նց, հյուրեր Հոբիթստանից, այն էլ, անտարակույս, նորություններով... Գուցե կպատմեք քիչ-միչ, գուցե կերգեք. մի խոսքով՝ կուզեք կգաք, չեք ուզի, ինչպես կուզեք: Որևէ բան պետք կլինի, զանգը խփեք: Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն ու Փինը, նրանց հետ էլ արդեն Սամը, որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր: — Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, հիշեք, որ մենք գաղտնի փաղստականներ ենք, իսկ Հոբիթստանը կողքին է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի... — Լավ, լավ... — ասաց Փինը: — Դու ինքդ չկորչես՝ և հաշվի առ, որ դրսում լավ է, իսկ ներսում՝ ավելի լավ: Դահլիճում ամենազանազան ու խայտաբղետ ժողովուրդ էր հավաքված: Ֆրոդոն զննեց նրանց, երբ աչքերը վարժվեցին այտեղի լույսին, եթե չասենք կիսախավարին: Հսկայական բուխարիկը կարմրավուն շողեր էր սփռում, իսկ երեք բազմամոմ աշտանակ կորչում էին ծխախոտի ծղի մեջ: Լավր Նարկիսը կրակի մոտ կանգնած խոսում էր միաժամանակ երկու թզուկի և երեք տարօրինակ տեսքով մարդկանց հետ: Նստարաններին խառը նստած էին լեռնամոտցիներ, տեղական հոբիթներ, թզուկներ և էլի ով ասես, ծխի մեջ լավ չէր զանազավում: Հոբիթստանի հոբիթներին տեսնելով դահլիճի լեռնամոտցիները ծափ տվեցին և ուրախ խժդժոց բարձրացավ: Օտարականները, հատկապես նրանք, որ Մամռոտ Ճամփից էին, նրանց ոտքից գլուխ չափեցին: Պանդոկպանի համբերությունը չէր տանում, որ լեռնամոտցիներին ներկայացնի նոր ժամանած հյուրերին, իսկ նրանց էլ՝ սրանց. այնքան չէր համբերում, որ հոբիթների գլխին ուղղակի անունների տարափ տեղաց: Լեռնամոտցիների ազգանունները մեծամասամբ բուսական էին՝ Եղեգնյակ, Հավամրգուն, Ուղտափուշիկ, Կաղամախունկ և նման այլ անուններ: Տեղական ամենահաճախ հանդիպող անունը Հինկաղնին էր: Բնունիները, Ավազունները, Փոսփորիկները, Երկարաոտքները, անկասկած ազգակիցներ կունենաին Հոբիթստանում: Երևան եկան նաև իսկական Զառիթափցիներ, նրանք արագորեն ըմբռնեցին, որ Ֆրոդոն ոչ այլ ոք է, քան իրենց նորահայտ հորեղբայրը: Այստեղի հոբիթների բարյացակամությունը խառնվեց հետաքրքրասիրության հետ, և Ֆրոդոն հասկացավ, որ առանց բացատրությունների նրանցից չես ազատվի: Նա ասաց, որ հետաքրքրվում է պատմությամբ ու աշխարհագրությամբ (բոլորը գլխով էին անում, թեպետ բառերը արտասովոր էին), որ պատրաստվում է գիրք գրել (զարմանք կտրած լռությունը եղավ նրա պատասխանը), որ նա ու իր ընկերները տեղեկություններ են հավաքում Հոբիթստանի սահմաններից դուրս ապրող, հատկապես արևելյան հոբիթների մասին: Բոլորն իրար խանգարելով աղմկեցին. եթե Ֆրոդոն իսկապես մտադիր է գիրք գրել և, եթե հարյուրավոր ականջներ ունենար, մի քանի րոպեի ընթացքում տասը գրքի նյութ կհավաքեր: Դեռ ավելին, նրան խորհուրդ տվեցին դիմել այսինչներին, այնինչներին և այսինչներին, սկսելով թեկուզ հենց նրանից. Նարկիսից: Հետո պարզ դարձավ, որ Ֆրոդոն այս պահին ոչինչ չի գրելու. այդ ժամանակ հոբիթները նորից սկսեցին հարցնել հոբիթական գործերից: Ֆրոդոն, ինչպես միշտ, ժամը մեկ բառ էր ասում և շուտով մենակ մնաց՝ նստեց անկյունում, նայում էր ու լսում: Մարդիկ ու թզուկները քննարկում էին արևելքի իրադարձություններն ու նորություններ էին փոխանակում՝ վերջին հաշվով բոլորին հայտնի: Այնտեղ, որտեղից եկել էին Մամռոտի մարդիկ, հողը վառվում էր նրանց ոտքերի տակ և նոր հողեր էին փնտրում: Լեռնամոտցիները կարեկցեցին, բայց, երևում է, հույս ունեին, որ այդ որոնումները կշրջանցեին իրենց: Եկվորներից մեկը, մի շիլաչք ու այլանդակ, արշավանք գուշակեց հարավ-արևելքից մոտ ապագայում: — Եվ թող նրանց համար նախապես տեղ պատրաստեն, թե չէ նրանք իրենք կգտնեն իրենց համար: Ապրել հո հարկավոր է, և ոչ միայն որոշ-որոշներին: Դա դիտմամբ բարձր էր ասված, և տեղացիները տագնապալի հայացքներ փոխանակեցին: Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների գետնատները, կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սամի ու Փինի շուրջը, իսկ սրանք սոխակների պես գեղգեղում էին, հատկապես Փինը՝ նրա ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը: Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, դաժան, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած՝ մի բաժակ գարեջուր առջևը, ուշադիր ունկդրում էր հոբիթների անհոգ շաղակրատանքը: նա երկար ծխամորճ էր ծխում, հոգնած, որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը սեղանի տակ մեկնած: Հին, բծավոր մուգ կանաչ թիկնոցը չէր հանել և, չնայած տոթին, նույնիսկ կնգուղը չէր հանել: կնգուղի տակից նրա աչքերը խիստ փայլում էին, ու երևում էր, որ նա նայում էր հոբիթներին: — Ո՞վ է նա,— հարցրեց Ֆրոդոն պանդոկապետի հետ փսփսալու հարմար պահը որսալով: — Կարծես թե նրան չեք ներկայացրել: — Նա՞,— նույն փսփոցով պատասխանեց պանդոկպանը աչքերը շլելով և առանց գլուխը թեքելու: — Դե ոնց ասեմ ձեզ: Անհասկանալի ժողովուրդ է, քարշ են գալիս այստեղից այնտեղ... Մենք նրա անունը Հետքագետ ենք դրել: Նա հազվադեպ մի խոսք կասի, բայց առհասարակ պատմելու շատ բան ունի: կորչում է մի ամսով, եթե ոչ մեկ տարով, իսկ հետո հայտնվում է, նստում, գարեջուր է խմում: Անցած գարնանը հաճախ էր այստեղ լինում, հետո կորավ և ահա նորից է եկել: Չգիտեմ, թե իրականում ինչպես են նրան կոչում, իսկ մեզ մոտ կոչում են Պանդուխտ: Սակայն տարօրինակ է, որ դուք եք նրա մասին հարցնում: — Բայց այստեղ Լավրին կանչեցին, ինչ-որ տեղ գարեջուրը վեջացել էր, ու նրա վերջին խոսքերը մնացին առանց բացատրության: Ֆրոդոն նկատեց, որ պանդուխտ ուղիղ իրեն է նայում, ասես կռահել էր, որ խոսքն իր մասին էր: Հետո նա գլխով ու ձեռքով նշան արեց, հրավիրելով Ֆրոդոյին իր մոտ: Ֆրոդոն մոտեցավ, և Պանդուխտը կնգուղը հետ գցեց. ճերմակն արդեն դիպել էր նրա սև, խիտ մազերին, իսկ երկարուկ, շեշտված այտոսկրերով դեմքին դաժանորեն փայլում էին խաժ աչքերը: