Changes
/* Գլուխ XVI */
Այս աղաղակից բոլորն էլ վախեցան, և ամեն մեկը, լսելուն պես, դադարեցրեց կռիվը։ Իջևանի տերը շտապով վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Եվ միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։ Հրացանաձիգը, բաց թողնելով դոն Կիխոտի միրուքը, գնաց ճրագ գտնի, որպեսզի բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանի տերը դիտմամբ էր հանգցրել մուտքի մոտ և հրացանաձիքգը հարկադրված եղավ գնալու օջախի մոտ, որտեղ մեծ դժվարությամբ նրան հաջողվեց վերջապես կպցնել իր ճրագը։
==Գլուխ XVII==
Որ նկարագրում է քաջ դոն Կիխոտի և նրա հավատարիմ զինակրի կրած հետագա անհամար աղետները իջևանում, որ ասպետը, դժբախտաբար, դղյակի տեղ ընդունեց
Մինչ այս մինչ այն, դոն Կիխոտը ուշքի եկավ և նույն ձայնով, որ դագանակների դաշտում դիմել էր իր զինակրին, սկսեց նրան կանչել։
― Սանչո, բարեկամս, դու քնա՞ծ ես։ Քնա՞ծ ես դու, Սանչո բարեկամ։
― Էլ ի՞նչ քուն, ― ձայն տվեց Սանչոն վշտալից ու չար շեշտով, ― բոլոր սատանաները այս գիշեր գլխիս քյալագ եկան։
― Միանգամայն պատրաստ եմ հավատալու, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև կամ ես բան չեմ հասկանում, կամ այս դղյակը կախարդված է։ Իմացած եղի՛ր․․․ ասենք, առաջ դու պետք է երդվես, որ այն ամենը, ինչ ես քեզ կպատմեմ, դու գաղտնի կպահես թե՛ իմ կենդանի օրորք, թե՛ իմ մահից հետո։
― Երդվում եմ, ― ասաց Սանչոն։
― Նրա համար եմ այդ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես զզվում եմ մեկն ու մեկի պատիվը աղտոտելուց։
― Աում եմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն, ― որ երդվում եմ դրա մասին լռել մինչև այն օրը, երբ ձերդ ողորմածությունը հոգին կտա Աստծուն և, տա Աստված, որ վաղը ևեթ հաջողի ինձ դուրս տալ։
― Մի՞թե ես այնքան վատ եմ վարվում քեզ հետ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― որ դու իմ շուտափույթ մահն ես կամենում։
― Այդ չի բանը, ― պատասխանեց Սանչոն, ― այլ պարզապես ես զզվում եմ, որ մի բան մեջս երկար մնում է, վախենում եմ երկար մնալուց թթվի։
― Դե լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― այսպես թե այնպես ես վստահ եմ, որ դու ազնիվ ես և ինձ սիրում ես։ Դե, իմացած եղիր, որ այս գիշեր ինձ պատահեց ամենազարմանալի արկածներից մեկը, որոնցով ես կարող եմ պարծենալ։ Կարճ՝ նոր եկել էր մոտս այս դղյակի տիրոջ աղջիկը, չքնաղագեղ և հրապուրիչ մի աղջիկ, որ կարելի է գտնել աշխարհիս երեսին։ Ինչպե՞ս նկարագրեմ նրա հագուստը կամ մտքի սրությունը կամ նրա ծպտյալ հրապույրները, որոնց մասին համեստորեն լռելն ինձ հրամայում է հավատարմությունը իմ տիրուհուն՝ Դուլսինեա Տոբոսցուն։ Մի բան միայն կասեմ քեզ՝ կամ երկինքը նախանձել է իմ այդքան մեծ երջանկությանը, կամ (մի բան, որ ավելի ճիշտ կլինի) այս դղյակը, ինչպես ես քեզ արդեն ասացի, կախարդված է, միայն թե այն միջոցին, երբ որ ես նրա հետ ամենաքնքուշ սիրային խոսակցություն ունեի, հանկարծակի անտեսանելի և անհայտ է, թե որտեղից երևան եկած մի ձեռք, կպցրած ինչ֊որ հրեշավոր հսկայի ուսից, տարավ֊բերեց և իմ ծնոտին այնպիսի հարված հասցրեց, որ բերանս մինչև հիմա արնակալած է։ Դրանից հետո էլ ինձ այնպես ջարդ ու բուրդ արեց, որ հիմա դրությունս ավելի վատ է, քան թե երեկ, երբ որ ձիապանները մեզ վիրավորեցին, ինչպես դու հիշելիս կլինես, Ռոսինանտի անզսպության հետևանքով։ Այդ հարկադրում է ինձ մտածել, որ այդ աղջկա անգին գեղեցկությունը պահպանում է որևէ հմայված մավր և որ նա ինձ համար չի ստեղծված։
― Դե, անշուշտ, ոչ էլ ինձ համար, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ավելի քան չորս հարյուր մավր այնպես ման եկան իմ մեջքիս, որ դրա հետ համեմատած երեկվա մահակները գաթա ու փախլավա էին։ Բայց ասացեք, սինյոր, ինչպե՞ս կարող եք դուք մեզ այսպիսի մի կացության մեջ գցող արկածը հազվագյուտ անվանել։ Էլի ձերդ ողորմածությունը, այսպես թե այնպես, իր ձեռքերով բռնած է եղել այդ աննման գեղեցկությունը, որի մասին դուք ասում էիք, իսկ ես ― ինձ ի՞նչ հասավ բացի ծեծից, մի բան, որ երևի արդեն հալածելու է ինձ ողջ կյանքս։ Դժբախտ մարդ եմ ես և ցավի համար է ինձ մայրս ծնել, որովհետև ես թափառական ասպետ չեմ, երբեք չեմ էլ մտածել ասպետ դառնալ, մինչդեռ կրակը մեծ մասամբ իմ գլխին է թափվում։
― Ինչպե՜ս, մի՞թե քեզ էլ են ծեծել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Բա ես ձեզ այդ չասացի՞, անիծվե՜ն իմ ծնողները, ― պատասխանեց Սանչոն։
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկույն ես կպատրաստեմ թանկագին բալասան, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ մեզ բուժած կլինի։
Այդ իսկ վայրկյանին, հրացանաձիգը, որ վերջապես աջողել էր ճրագը վառել, ներս մտավ որ տեսնի կարծեցյալ մեռելին։ Տեսնելով, որ մենակ շապիկը հագին, գլուխը թաշկինակներով կապած, ճրագը ձեռքին և ոչ մի բարի բան չգուշակող դեմքով նա մոտենում է իրենց, Սանչոն հարցրեց իր տիրոջից․
― Սինյոր, չլինի՞ թե հմայված մավրը հենց սա է, որ իր գործը չի ավարտել և վերադարձել է, որ մեզ սպանի֊պրծնի։
― Սա չի կարող մավր լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հմայվածներն անտեսանելի են լինում։
― Եթե տեսնել չի լինում, ապա զգալ անշուշտ հարկ է լինում, ― պատասխանեց Սանչոն։ ― Դրա մասին կարող են պատմել իմ կողերը։
― Իմն էլ, ― ասաց դոն Կիխոտը, ― այնուհանդերձ այդ պատճառով չի կարելի կարծել, որ մեր տեսած մարդը հմայված մավրն է։
Հրացանաձիգը մոտեցավ և, տեսնելով նրանց խաղաղ խոսակցելիս, սաստիկ զարմացավ։ Պետք է ձեզ ասեմ, որ դոն Կիխոտը շարունակում էր քիթը վերև պառկած մնալ, ուժ չունենալով տեղից շարժվելու, ծեծի և բազմաթիվ սպեղանիների պատճառով։ Հրացանաձիգը մոտեցավ նրան ու հարցրեց․
― Էհ, ո՞նց է բանդ, սիրելիս։
― Ձեր տեղը ես ավելի քաղաքավարի կլինեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թե՞ ձեր կողմերում թափառական ասպետների հետ այդպես է ընդունված խոսել, բռի գյուղացի։
Տեսնելով, թե այդ խղճուկ արտաքինով մարդն ինչպես է խոսում իր հետ՝ հրացանաձիգը չհամբերեց, տարավ֊բերեց ձեթով լի ճրագն ու խփեց դոն Կիխոտի գլխին այնպես, որ քիչ էր մնացել նրա գանգը փշուր֊փշուր աներ։ Սենյակն ընկղմվեց խավարի մեջ և հրացանաձիգն իսկույն դուրս եկավ։
― Անկասկած, սինյոր, ― ասաց Սանչո Պանսան, ― դա հենց հմայված մավրն է որ կա։ Նա, երևի, գանձը ուրիշների համար է պահում, իսկ մեզ՝ բռունցքի և ճրագի հարվածներ շնորհում։
― Երևի թե այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և չարժե փորձելն իսկ այդ տեսակ կախարդանքի դեմ կռվելու։ Անօգուտ է նմանապես զայրանալ կամ գանգատվել, որովհետև քանի որ այդ ուժերն աներևույթ են և ցնորական, մենք, ինչքան էլ ջանք թափելու լինենք, չենք կարող վրիժառու լինել։ Փորձի՛ր ապա, Սանչո, վեր կենալ՝ որոնիր այս դղյակի պարետին և աշխատիր մի քիչ յուղ, գինի, աղ և խնկունի գտնել, որպեսզի ես կարողանամ բուժիչ բալասան եփել։ Ճիշտն ասած, ես մեծ կարիք ունեմ, որովհետև այդ տեսիլի հասցրած վերքից սաստիկ արյուն է գալիս։
Ոսկորների սաստիկ ցավով Սանչոն վեր կացավ և մթան մեջ գնաց իջևանի տիրոջ մոտ։ Ճանապարհին դեմ առնելով հրացանաձիգին, որը հետևում էր, թե ինչ է մտադիր անելու իր թշնամին, ասաց․
― Ով էլ դուք լինեք, սինյոր, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույններից մեկի համար, որ պառկած է իր անկողնում, այս իջևանում բնակված, հմայված մավրի ձեռքով ծանր վիրավորված։
Լսելով այդ, հրացանաձիգը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և իջևանի տիրոջը կանչելով հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։ Իջևանի տերը հանձնեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ դոն Կիխոտին, որ կանգնել էր ձեռներով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվիածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա պարզապես քրտինքն էր ընդունել, որ կրած հուզմունքից առատորեն դուրս էր թափվում։
Նա իսկույն վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, խառնելով նրանք իրար և պահելով կրակի վրա, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա նա խնդրեց որ իրեն մի սրվակ տան, որպեսզի խառնուրդն ածի նրա մեջ, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որն իջևանի տերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա նա ոչ պակաս, քան ութսուն անգամ «Հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ՝ իր յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով, օրհնելու եղանակով։ Սանչո Պանսան, իջևանի տերն ու հրացանաձիգը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել իր վրա, իր կարծիքով այնքան բուժիչ բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղի ամանի մեջ չտեղավորված և կավե ամանում, որի մեջ եփվել էր, մնացածի մեծ մասը, ― մոտավորապես կես ասումբրա։ Բայց հազիվ էր նա խմել ինչ նրա սիրտն այնպես խառնեց, որ նա ստամոքսում եղած֊չեղածը դուրս թափեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ և նա խնդրեց, որ իրեն տաք֊տաք ծածկեն և մենակ թողնեն։ Կատարեցին։ Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա արթնացավ թարմ մարմնով և հարվածների ցավն այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ, իրոք, Ֆյերաբրասի իսկական բալասան է պատրաստել և շնորհիվ այդ դեղի նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու մուշտակռվից, ինչքան նրանք վտանգավոր թվալու լինեն։
Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը տա իրեն կավե ամանում մնացածը ― իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը թույլ տվեց և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու եռանդով իր կոկորդն ածեց իր տիրոջից շատ քիչ պակաս։ Սակայն հայտնաբերվեց, որ Սանչոյի ստամոքսն այնքան էլ զգայուն չէր, որքան իր տիջոջինը, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, նա այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրմացրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում դոն Կիխոտն ասաց․
― Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու իսկական ասպետ չես։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։
― Եթե ձերդ ողորմածությունն այդ գիտեր, ― բացականչեց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ― գետինը մտնեմ ես իմ օխտը պորտով ― թույլ տվեց, որ խմեմ։
Այդ վայրկյանին խմիչքն արեց իր ներգործությունը և դժբախտ զինակիրը սկսեց դատարկվել երկու ծակից այնպիսի արագությամբ, որ շուտով և՛ խսիրը, որի վրա նա վայր ընկավ և կտավե վերմակը, որ գցած էր նրա վրա, այլևս ոչ մի բանի պիտանի չէին։ Սառը քրտինք թափելով, Սանչոն այնպիսի սարսափելի ջղաձգությունների մեջ էր գալարվում, որ ոչ միայն ինքը, այլև բոլոր ներկա եղողներն այն կարծիքի էին, թե հասել է նրա վախճանը։ Այս փոթորիկն ու տանջանքները տևեցին մոտ երկու ժամ, որից հետո Սանչոն բնավ այնպիսի դրության չհասավ, ինչպես իր տերը, այլ ընդհակառակը՝ այնքան ջարդված էր և տանջված, որ ոտի վրա կանգնել չէր կարող։ Մինչդեռ դոն Կիխոտը, ինչպես մենք արդեն ասացինք, զգալով թարմ և առույգ, կամեցավ իսկույն ճամփա ելնել արկածներ որոնելու, որովհետև այստեղ անց կացրած յուրաքանչյուր ավելորդ ժամը նրան կորուստ էր թվում աշխարհի և նրա պաշտպանության ու հովանավորության կարոտ բոլոր զրկվածների համար ― և նրան առանձնապես մղում էր այդ անելու այն խորը հավատը, որ ներշնչել էին նրան իր բալասանի հատկությունները։ Տոչորվելով այդ ցանկությամբ՝ նա իր ձեռքով թամքեց Ռոսինանտին և փալանեց իր զինակրի էշը, ապա օգնեց վերջինիս, որ վեր կենա և նստի վրան։ Դրանից հետո նա հեծավ ձին և, անցնելով բակի ծայրը բռնեց այնտեղ դրած գյուղական նիզակը,<ref>Կարճ, կոպիտ տաշած նիզակ, որպիսին սովորաբար օգտագործում էին դաշտերի պահապանները։</ref> որ պիտի փոխարիներ մարտականը։
Իջևանի բոլոր կենվորները՝ մոտ քսան հոգի, եթե ոչ ավել, դուրս եկան նրան նայելու։ Նայում էր նաև իջևանի տիրոջ աղջիկը, որից նա էլ աչքը չէր հեռացնում և մերթ ընդ մերթ նա հոգոց էր քաշում, որ դուրս էր գալիս, ասես, նրա էության խորքից։ Ներկա եղողներին թվում էր, որ այդ հոգոցների պատճառը ցավն է, առնվազն այդպես էին կարծում նրանք, ովքեր նրան տեսել էին նախընթաց երեկոյան, երբ որ նրա մարմնին ամեն կողմից սպեղանի էին կպցնում։
Երբ որ նրանք երկուսով էլ անասունների վրա էին, դոն Կիխոտը մոտեցավ իջևանի պատշգամբին և, դիմելով տիրոջը, ծանր ու հանդիսավոր ձայնով ասաց․
― Ձեր դղյակում վայելածս բարիքները, կալվածատեր սինյոր, մեծ ու բազմաթիվ են, և ես ինձ պարտավոր եմ համարում մինչև վերջին օրերս շնորհակալ լինել ձեզ։ Օ՜, եթե կարենայի երախտամատույց լինել ձեզ, ձեզ վիրավորանք հասցրած որևէ հանդուգնի պատժելով։ Որովհետև, իմացած եղեք, իմ կոչումն է՝ օգնել տկարներին, կեղեքվածների վրեժը լուծել և պատժել ստորությունը։ Լավ մտաբերեցեք, չի՞ պատահել ձեզ նման մի դեպք և եթե գտնեք ինձ հանձնարարելու մի բան ― ասացեք շիտա՛կ։ Որովհետև ասպետական կոչման պատվով, որ ինքս դրել եմ ինձ վրա, խոստանում եմ, որ ձեր ամեն ցանկություն արդար կլինի և կբավարավի լիովին։
Դրան նույնպիսի արժանապատվությամբ իջևանի տերը պատասխանեց․
― Սինյոր կաբալյերո, ես կարիք չունեմ, որ ձերդ ողորմածությունը վրիժառու լինի ինձ հասցրած վիրավորանքների համար, որովհետև, տեղը եկած ժամանակ, ես էլ գիտեմ ինձ վիրավորողների հախիցը գալ։ Մի բան միայն կկամենայի ես ― որ ձերդ ողորմածությունը վճարեր ինձ իմ իջևանում գիշերելու համար, այսինքն՝ ընթրիքի և երկու անկողնու համար, ինչպես և ձեր երկու կենդանիների դարման ու կերի համար։
― Ուրեմն սա իջևա՞ն է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Այո՛, և լավագույն համբավ վայելող, ― պատասխանեց տերը։
― Մինչև այս վայրկյան ես մոլորության մեջ եմ եղել, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև, ճիշտն ասած, երևակայում էի, թե դղյակ է և վատը չէ։ Բայց քանի որ դղյակ չէ, այլ իջևան, ինձ մնում է խնդրել ձեզնից, որ ազատեք վճարից։ Որովհետև ես չեմ կարող փոփոխել թափառական ասպետների կանոնադրությունը, որի համաձայն, ― ինչպես ինձ լավ հայտնի է, քանի որ գրքերում հակառակը չեմ հանդիպել, ― նրանք երբեք գիշերելու կամ որևէ այլ բանի համար հյուրանոցում, որտեղ իջևանում էին, չէին վճարում։ Նրանք իրավամբ և ըստ օրինաց ամենուրեք վայելում էին լավագույն ընդունելություն, որ նրանց ցույց էր տրվում ի վարձատրություն մեծամեծ նեղությունների, որ նրանք կրում են՝ զոր ու գիշեր անց կացնելով արկածների որոնումների մեջ, ամառ ու ձմեռ, ոտով թե ձիով, տանելով քաղց ու ծարավ, շոգ ու սառնամանիք, ենթարկվելով երկնային արհավիրքների բոլոր փոփոխություններին և երկրային աղետներին։
― Այդ գործերից խելքս քիչ է կտրում, ― հայտարարեց իջևանի տերը, ― վճարեցե՛ք ինձ, ինչ որ հարկն է, թե չէ ես գործ չունեմ զանազան ասպետների և ասպետությունների հետ։
― Դուք անտաշ ու մուրտառ միկիտանչի եք, ― բացականչեց դոն Կիխոտը։
Եվ խթանելով Ռոսինանտին, ճոճելով իր գեղջկական նիզակը, նա անարգել դուրս եկավ բակից և բավական ճանապարհ կտրեց, առանց հետ նայելու, որ տեսնի՝ գալի՞ս է արդյոք իր ետևից զինակիրը, թե՞ ոչ։ Տեսնելով, որ կենվորը գնաց առանց վճարելու, իջևանի տերը իր հաշիվը ներկայացրեց Սանչո Պանսային։ Սանչոն հայտարարեց, թե քանի որ իր տերը չկամեցավ վճարել, ապա ավելի քիչ է հակված վճարելու ինքը, որովհետև թափառական ասպետի զինակիրը լինելով, նա ենթարկվում է նույն կանոնադրության, ինչ որ իր տերը, որը թույլ չի տալիս իջևաններում և պանդոկներում որևէ բանի համար վճարելու։ Իջևանի տերը, հանաքը դենը, զայրացավ և սպառնաց, որ եթե Սանչոն իրեն չվճարի, ապա նա նրա հախիցը կգա իր գիտցած ձևով։ Բայց Սանչոն դրան պատասխանեց, թե հնազանդելով ասպետական կանոնադրության, նա ոչ մի գրոշ չի վճարի, անգամ իր կյանքի գնով, որովհետև նա չի ուզում, որ իր պատճառով պախարակված լինի թափառական ասպետների գեղեցիկ և հին սովորությունը և որպեսզի իրենից հետո աշխարհ եկած զինակիրները չկարողանան դժգոհել իրենից և կշտամբել այնքան արդար օրենքի խախտման համար։
Դժբախտ Սանչոյի չար բախտից քարվանսարայի կենվորների թվում չորս սեգովիացի գզրարներ կային, երեք ետ եկած տղա՝ Պոտրոյից, որ գտնվում է Կորդովայում և էլի երկու սրիկա Սևիլիայի Տոնավաճառի թաղից ― բոլորն էլ ուրախ, կտրիճ, մոգոնող ու հանաքչի տղաներ։ Նրանց բոլորի գլխում միևնույն միտքը ծագեց և, առանց իրար հետ խոսքը մեկ անելու, նրանք շրջապատեցին Սանչոյին և վայր քաշեցին իշից։ Նրանցից մեկը վազեվազ գնաց բերեց քարվանսարայի տիրոջ վերմակը, որի վրա և գցեցին Սանչոյին։ Սակայն աչքերը բարձրացնելով և նկատելով, որ առաստաղը ցածր է իրենց մտահղացման համար, նրանք վճռեցին հետևի բակն անցնել, որի առաստաղը երկնակամարն էր։ Այնտեղ, Սանչոյին վերմակի մեջտեղը դնելով, նրանք սկսեցին վեր֊վեր գցել, խաղալով՝ ինչպես կառնավալի միջոցին խաղում են շան հետ։
Վեր֊վեր գցվող տառապյալի աղաղակները այնքան սուր էին, որ հասան իր տիրոջ ականջին, որը սկզբում կարծեց, թե իրեն որևէ նոր արկած է հանդիպել, սակայն շուտով ճանաչեց իր զինակրի ձայնը։ Շուռ տալով իր ձիու գլուխը, նա ահավոր արագությամբ քշեց, ետ եկավ իջևանը և, դարպասը փակ գտնելով, սկսեց շուրջը պտույտ գործել, որոնելով մուտքը։ Սակայն հազիվ էր մոտեցել հետին բակի ցանկապատին, որ շատ էլ բարձր չէր, ինչ տեսավ ուրախ խաղը, որ սկսել էին զինակրի հետ։ Նրա աչքի առջև նա թռչում էր օդը և ապա վայր ընկնում այնպիսի զվարճալի արագությամբ, որ եթե դոն Կիխոտի ցասումը չբռնկեր, կարելի է հավատացած լինել, որ նա ծիծաղից կթուլանար։ Նա փորձեց ձիու վրայից անցնել ցանկապատի վրա, բայց այնքան թույլ ու ջարդված էր, որ չկարողացավ անգամ ձիուց իջնել։ Ուստի շարունակելով ձիու վրա նստած մնալ, նա սկսեց չարաճճիների վրա կարկուտի պես այնպիսի անեծք ու հիշոց տեղալ, որ գրիչս հրաժարվում է վերարտադրել։ Իսկ հանաքչիները, չնայած դրան, չէին դադարում ուրախ֊ուրախ աշխատելուց, ինչպես և օդում թռչկոտող Սանչոն չէր դադարում իր վայնասուններից, որոնց մեջ միանում էին աղերսն ու սպառնալիքը։ Այդ ամենը, սակայն, նրան քիչ էր օգնում։ Վերջապես տղաները հոգնելով իրենք թողին խաղը։ Այստեղ նրանք մոտ բերին էշին, նստացրին Սանչոյին փալանի վրա և վերնարկը գցեցին նրա ուսերին, իսկ սրտացավ Մարիտորնեսը, տեսնելով, թե նա ինչպես է տանջվել, վճռեց, որ պատեհ կլինի կազդուրել նրան մի գավաթ ջրով, որ և բերեց նրա համար ջրհորից, որպեսզի ավելի թարմ լինի։ Սանչոն վերցրեց գավաթը և արդեն տարել էր բերանը, որ հանկարծ կանգ առավ, լսելով իր տիրոջ բարձր ճիչը․
― Սանչո, զավակս, ջուր մի՛ խմիր։ Մի՛ խմիր, եթե չես ուզում մեռնել։ Տես, ահա հրաշագործ բալասան (այս խոսքերի վրա նա ցույց տվեց թիթեղյա ամանը), որի երկու կաթիլը քեզ կբուժի։
Բայց ի պատասխան Սանչոն խեթ֊խեթ նայեց նրան և ոչ պակաս բարձր բղավեց․
― Ձերդ ողորմածությունը մոռացել է, հա՞, որ ես ասպետ չեմ, և կամենում է, որ ես այս գիշերվանից մնացած վերջին փորոտիքս փսխե՞մ։ Ձեր խմելիքը ձեզ մնա ― հազա՜ր սատանա ― իսկ ինձ հանգիստ թողեք։
Վերջին խոսքերը նա արտասանեց քիթը գավաթի մեջ կոխած։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և խնդրեց, որ Մարիտորնեսը գինի բերի և աղջիկը սիրով կատարեց, վճարելով գինու գինը իր սեփական գրպանից։ Ճիշտ են նրա մասին ասում, որ թեև նրա փեշակը բանի նման չի, բայց էլի իր սրտում քրիստենական զգացմունքների կտոր կար։ Խմելով գինին՝ Սանչոն տվեց էշի կողերին կրունկներով և դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իրասածի եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորողների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանի տերը պահել էր նրա ճամբորդական պայուսակը հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ այդ բանը չէր նկատել։ Երբ որ նա հեռացավ, իջևանի տերը կամեցավ դարպասը պինդ կապել, բայց մեր տաքգլուխ տղերքը խանգարեցին։ Եվ, իրավ, դրանք այնպիսի ղոչաղ տղերք էին, որ եթե դոն Կիխոտը Կլոր Սեղանի իսկական ասպետներից էլ լիներ, դարձյալ նրա փոխարեն ոչ մի կոպեկ չէին տա։