Changes
/* Գլուխ XVII */
Վերջին խոսքերը նա արտասանեց քիթը գավաթի մեջ կոխած։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և խնդրեց, որ Մարիտորնեսը գինի բերի և աղջիկը սիրով կատարեց, վճարելով գինու գինը իր սեփական գրպանից։ Ճիշտ են նրա մասին ասում, որ թեև նրա փեշակը բանի նման չի, բայց էլի իր սրտում քրիստենական զգացմունքների կտոր կար։ Խմելով գինին՝ Սանչոն տվեց էշի կողերին կրունկներով և դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իրասածի եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորողների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանի տերը պահել էր նրա ճամբորդական պայուսակը հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ այդ բանը չէր նկատել։ Երբ որ նա հեռացավ, իջևանի տերը կամեցավ դարպասը պինդ կապել, բայց մեր տաքգլուխ տղերքը խանգարեցին։ Եվ, իրավ, դրանք այնպիսի ղոչաղ տղերք էին, որ եթե դոն Կիխոտը Կլոր Սեղանի իսկական ասպետներից էլ լիներ, դարձյալ նրա փոխարեն ոչ մի կոպեկ չէին տա։
==Գլուխ XVIII==
Որ պարունակում է Սանչո Պանսայի զրույցը իր տիրոջ հետ, այլև զանազան ուրիշ արկածներ, որ արժանի են հիշատակության
Սանչոն հասավ իր տիրոջը այնքան տրորված ու թուլացած, որ ուժը չէր պատում անգամ իր էշին քշելու։ Տեսնելով նրան այդպիսի վիճակում դոն Կիխոտն ասաց․
― Հիմա ես սկսում եմ հավատալ, իմ բարի Սանչո, որ այդ դղյակը, կամ իջևանը, իրոք, կախարդված է։ Իհարկե, որ այդպես է։ Որովհետև ովքե՞ր կարող էին լինել քեզ ծաղր ու ծանակ անող այն էակները, եթե ոչ տեսիլներ և այն աշխարհից դուրս եկած ոգիներ։ Դրա հաստատումը ես նրա մեջ եմ տեսնում, որ երբ ես ցանկապատի վրայով հետևում էի քո տխուր ողբերգության ընթացքին, ես ի վիճակի չէի ոչ միայն ցանկապատի մյուս կողմը անցնելու, այլև անգամ Ռոսինանտից վայր գալու։ Անտարակույս, ինձ հմայել էին։ Որովհետև, երդվում եմ իմ պատվով, եթե միայն ես կարողանայի բակն անցնել կամ իջնել ձիուց, ես քո վրեժն այնպես կլուծեի, որ նրանք ողջ կյանքը չէին մոռանա, թեպետև ստիպված լինեի դրա համար խախտելու ասպետական օրենքը, որ ասպետին արգելում է, ինչպես քեզ քանիցս արդեն բացատրել եմ, ձեռք բարձրացնել նրա դեմ, ով ասպետ չէ, բացի միայն ծայրահեղ և ծանր դեպքերից, երբ որ հարկադրված ես լինում պաշտպանելու քո կյանքն ու անձը։
― Ես ինքս էլ վրեժ կլուծեի, եթե հնար լիներ, ասպետ եմ, թե ասպետ չեմ՝ մեկ է, միայն թե ոչ մի կերպ չէր կարելի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ գլխիս քյալագ բերողները ամենևին տեսիլներ չեն կամ կախարդված մարդիկ, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը, այլ ամենահասարակ մարդիկ, միս ու ոսկորից, ինչպես որ մենք ենք։ Ամեն մեկը նրանցից իր անունն ուներ, ես այդ լսեցի, երբ որ ինձ դեպի վեր գցելով նրանք իրար կանչում էին․ մեկի անունը Պեդրո Մարտինես էր, մյուսինը՝ Տենորիս Էռնանդես, իսկ իջևանի տիրոջը կոչում էին Խուան Պալոմեկե Լեվշա։ Այնպես որ, սինյոր, եթե դուք չկարողացաք ցանկապատը անցնել և իջնել ձիուց, ապա դրա պատճառը բոլորովին այլ է և ոչ թե կախարդությունը։ Գալով ինձ, այդ ամենից մեկ բան է պարզ՝ բոլոր այս արկածախնդրությունները մեզ այնպիսի պատահարների կհասցնեն, որ վերջ ի վերջո մենք չենք կարողանալու տարբերել աջ ոտը ձախից։ Ամենալավ և հանգիստ բանը, որ մենք հիմա կարող էինք անել ― դե ներեցեք ինձ, հիմարիս, ― դա տուն դառնալն էր։ Հունձի ժամանակն էլ վրա է հասնում և տնտեսությամբ զբաղվելու միջոցը հենց այս է, փոխանակ թրև գալու աշխարհովս մեկ, կրակից բոցեր նետվելով։
― Քի՛չ բան ես հասկանում դու, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ասպետական գործերում։ Լռի՛ր և զինվի՛ր համբերությամբ, որովհետև կհասնի օրը և դու սեփական աչքերով կհամոզվես, թե ի՜նչ ազնիվ գործ է այսպիսի սխրագործություններով զբաղվելը։ Դե, ասա տեսնեմ, աշխարհիս երեսին ավելի մեծ ուրախություն և բավարարվածություն կա՞, քան հաղթանակ տանելն ու թշնամուն ջախջախելը։ Խոստովանի՛ր, որ դրանից լավ բան չի լինի։
― Երևի թե այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― թեև անձամբ ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Մի բան միայն գիտեմ, այն օրից, ինչ մենք թափառական ասպետներ ենք դառել, ավելի ճիշտն ասած՝ միյան ձերդ ողորմածությունը, որովհետև ես չեմ կարող ինձ էլ դասել այդ բարձր կոչման կարգին, ― մենք և ոչ մի հաղթանակ չենք տարել, չհաշված բիսկայեցու վրա տարած հաղթությունը, այն էլ ասենք, որ այդ կռվում ձերդ ողորմածությունը կորցրեց իր ականջի և սաղավարտի կեսը, իսկ դրանից հետո բացի ծեծ ու ապտակից ուրիշ բան չենք տեսել։ Իսկ ինձ վերմակի վրա վեր թռցնել էլ բաժին հասավ, համ էլ վեր թռցնողները հմայված մարդիկ են եղել, որոնցից ես չեմ կարող վրեժ լուծել, որպեսզի կարողանայի փորձել, արդյոք վրեժից ստացած բավականությունն այնքան մե՞ծ է, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը։
― Հենց այդ է, Սանչո, ինձ առաքած պատիժը, որ դու էլ պետք է համբերես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Սակայն ապագայի համար ես կաշխատեմ ձեռք բերել որևէ սուր, որ այնպիսի հատկություններ ունենա, որ նրա տերը ենթակա չլինի ոչ մի կախարդանքի։ Եվ հնարավոր է, որ երջանիկ հնարավորությունը իմ ձեռը տա Ամադիսի սուրբ ― ա՛յն շրջանի Ամադիսի, երբ որ նա ինքն իրեն բոցավառ Արի Ասպետ էր կոչում, ― իսկ դա ― աշխարհիս լավագույն օրերից մեկն է, որ երբևիցե ունեցել են ասպետները, որովհետև բացի հիշատակված հատկություններից, նա կտրում է ածելու նման, և գոյություն չեն ունեցել այնպիսի ամուր կամ հմայված զրահներ, որ դիմանային նրա դեմ։
― Իմ քոռ բախտից, ― ասաց Սանչոն, ― եթե ձերդ ողորմածությունը աջողեր էլ այդպիսի սուր ձեռք բերել, ապա դուրս կգա, որ նա միայն ասպետների համար է պիտանի, ինչպես բալասանի նկատմամբ դուրս եկավ, իսկ զինակիցները թող հատուցեն իրենց կողերով։
― Դեն գցիր երկյուղդ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― շուտով երկինքը ավելի բարեհաճ կլինի քո նկատմա՛մբ էլ։
Այն ժամանակ, երբ որ նրանք գնում էին՝ զբաղված այս զրույցով, դոն Կիխոտը հանկարծ այն ճանապարհին, որով առաջ էին ընթանում, նկատեց իրենց դեմ սլացող ահագին ու թանձր փոշու ամպ։ Տեսնելով այդ՝ նա ետ դառավ Սանչոյին և ասաց․
― Հասավ այն օրը, օ՜ Սանչո, երբ դու կտեսնես, թե ինչ հաջողություն է պատրաստել ինձ համար բախտը։ Ահա՛ այն օրը, ասում եմ քեզ, երբ իմ բազուկի ողջ զորությունը պիտի հայտնաբերվի և երբ ես կկատարեմ գործեր, որոնք կգրվեն Փառաց Մատյանում գալիք սերունդների համար։ Տեսնո՞ւմ ես Սանչո, փոշու ամպը, որ սողում է այնտեղ։ Նա ահագին մի զորք է ծածկում զանազան, անթիվ ցեղերից, որ մեր կողմն է դիմում։
― Թե որ բանն այդպես դուրս եկավ, ― հայտարարեց Սանչոն, ― ապա երկու զորք, որովհետև մյուս կողմից ճիշտ դրան նման ուրիշ մի ամպ էլ է սլանում։
Շուռ գալով դոն Կիխոտը համոզվեց, որ Սանչոն ճիշտ էր ասում։ Եվ ծայր աստիճան ուրախացած, նա, առանց տատանվելու, որոշեց, որ երկու բանակ է շարժվում, որոնք պիտի մոտենան իրար և կռվեն լայնածավալ դաշտում։ Որովհետև ամեն ժամ, ամեն վայրկյան նրա երևակայության մեջ պատկերվում էին մարտեր, կախարդանքներ, արկածներ, սխրահործություններ, սիրային խելագարություններ, մենամարտություններ, որոնց մասին պատմում են ասպետական վեպերը և նրա բոլոր խոսքերը, գործողություններն ու մտքերը այդ կողմն էին ուղղված։ Մինչդեռ իրականում, փոշու ամպերը, որ նա նկատել էր, գառն ու ոչխարների երկու խոշոր հոտերից էր, որ առաջ էին շարժվում միևնույն ճամփով հակառակ ծայրերից, բարձրացնելով փոշի, որ խանգարում էր տեսնել նրանց, մինչև որ նրանք բոլորովին չմոտեցան։ Սակայն դոն Կիխոտը այնքան կրակոտ էր պնդում, թե դա երկու բանակ է, որ Սանչոն վերջ ի վերջո հավատաց ու ասաց․
― Բա հիմա ի՞նչ պիտի անենք, սինյոր։
― Ինչ անե՜նք, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Օգնության հասնենք և պաշտպանենք ավելի թույլ կողմը, որ պաշտպանության կարիք ունի։ Իմացած եղիր, Սանչո, որ մեզ ընդառաջ եկող բանակն առաջնորդում է Ալֆանֆարոն կայսրը, Տրապոբանա<ref>Տապրոբանայի փոխարեն (Ցեյլոն կղզու հին անունը)։</ref> խոշոր կղզու հրամայողը, իսկ մեր հետևից եկող զորքի առաջնորդը նրա թշնամին է, գարամանտների<ref>Գարամանտներ ― հեքիաթային ժողովուրդ, հին հեղինակների վկայությամբ՝ ապրել է Աֆրկայի խորքերում։</ref> թագավորը, «Թևը վեր քաշած» Պենտապոլինը, որը նրա համար է այդպես կոչվել, որ կռվի գնալուց միշտ մերկացնում է իր աջը։
― Ինչո՞ւ են ապա այդ երկու սինյորներն իրար այդպես ատում, ― հարցրեց Սանչոն։
― Որովհետև, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― Ալֆանֆարոն երդվյալ հեթանոսը սիրահարվել է Պենտապոլինի աղջկան, մի չքնաղ աղջկա, որ քրիստոնյա էլ է, իսկ հայրը չի ուզում նրան հեթանոս թագավորի մարդու տված լինի, մինչև որ նա չհրաժարվի սուրբ մարգարե Մոհամմեդի օրենքից և չընդունի մեր հավատը։
― Թող իմ միրուքը թափի, ― բացականչեց Սանչոն, ― թե Պենտապոլինը միանգամայն արդարացի չլինի։ Ես պատրաստ եմ նրան օգնելու իմ բոլոր ուժով։
― Եվ դու միանգամայն արդարացի կվարվես, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև այդպիսի կռիվներին մասնակցելու համար բոլորովին անհրաժեշտ չէ ասպետ լինել։
― Այդ ես հասկանում եմ, ― պատասխանեց Սանչոն։ Բայց ահա թե ինչ՝ որտե՞ղ թաքցնենք իմ էշին, որ այս տուր ու դմփոցից հետո նրան գտնենք։ Որովհետև էշի վրա կռվի ելնելը դժվար թե երբևիցե արված լինի։
― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― քեզ մնում է միայն բաց թողնել, տղաս, առանց հոգ տանելու, կկորչի թե չէ, ― որովհետև, եթե կռվից հաղթական դուրս գալու լինենք, մենք մեր տրամադրության տակ այնքան ձի կստանանք, որ անգամ Ռոսինանտին վտանգ է սպառնում, գուցե նրան փոխեմ՝ ուրիշ ձի վերցնեմ։ Իսկ հիմա լսի՛ր ինձ և ուշադրությամբ նայիր՝ ես քեզ մատնանշեմ երկու բանակի գլխավոր ասպետներին։ Եվ որպեսզի դու նրանցից յուրաքանչյուրին առանձին֊առնձին ավելի հեշտ տեսնես, բարձրանանք այս մոտիկ բլուրը, որտեղից երկու զորքն էլ լավ կերևան։
Նրանք այդպես էլ արին։ Բարձրացան բլուրը, որտեղից առանց դժվարության կարելի էր ջոկել երկու հոտն էլ, որ դոն Կիխոտը բանակների տեղ էր դրել, եթե միայն փոշու ամպերով պատած չլինեին, մի բան, որ մթագնում էր տեսողությունը։ Եվ ահա, իր երևակայության մեջ տեսնելով այն, ինչ նրա աչքերը չէին տեսնում և ինչ որ իրոք գոյություն չուներ, դոն Կիխոտը բարձրաձայն սկսեց․
― Տեսնո՞ւմ ես այն ասպետին խիստ դեղին զրահներով, որի վահանի վրա նկարված է աղջկա ոտների տակ պառկած թագակիր առյուծը։ Դա արի Լաուրկալկոն է, Պուենտե դե Պլատայի<ref>Պուենտե դե Պլատա ― «Արծաթե կամուրջ»։ «Ամադիս» և «Էսպլանդիան» ասպետական վեպերում հանդիպող այս անունը կոմիկական գույն է ստացել «փախչող թշնամուն արծաթե կամուրջ» առածի մեջ, այսինքն՝ փախչող թշնամու համար արծաթե կամուրջն էլ չպետք է ափսոսալ։</ref> իշխանավորը։ Իսկ այն, ոսկե ծաղիկներով զարդարած զրահներովը, որ վահանի վրա, լուրթ դաշտի մեջ երեք արծաթե թագ ունի, դա ահեղ Միկոկոլեմբոն է, Կիրոսիի մեծ դուքսը։ Հետո, նրա աջ կողմից՝ ճշմարիտ հսկա, անվախ Բրանդաբարբարան դե Բոլիչեն է, երեք Արաբիայի իշխողը։ Նրա հագին օձի կաշի է և ձեռքին, վահանի փոխարեն՝ դուռ, որ, ըստ ավանդության, պատկանելիս է եղել տաճարին, որ քանդեց Սամսոնը, երբ որ, մեռնելուց, իր թշնամիներից վրիժառու եղավ։ Հիմա, եթե դու մյուս կողմը դարձնելու լինես հայացքդ, երկրորդ զորքի առաջնորդներից, զորքի առջևից, կտեսնես միշտ հաղթող և տակավին երբեք չհաղթված Տիմոնել Կարկախոնցուն, նոր Բիսկայի տիրոջը։ Նրա հագին քառափեշ զրահ կա՝ լուրթ, կանաչ, ճերմակ ու դեղին գույներով, իսկ վահանի վրա շեկ դաշտում կատու, «Մյաու» ստորագրությամբ, ինչպես հաստատում են, նրա տիկնոջ կրճատ անունը, աննման Միուլինեի, Ալֆենիկեն Ալգարբացի հերցոգի դստեր։ Այն մյուսը, քիչ հեռուն, որի ծանրության տակ ծռվում է նրա զորավոր ձիու ողնաշարը, ձյունաթույր զրահներով ասպետը, ճերմակ վահանով առանց նշանաբանի, դա նորելուկ ասպետ է, ցեղով՝ ֆրանսիացի, անունը՝ Պիեր Պապին, Ուտրիկի բարոնությունների կալվածատեր։ Իսկ այն, ավելի հեռուն, երկնագույն լուրթ զրահներով, որ իր երկաթե խթանները խրում է իր արագաոտն շերտավոր վագերաձիու կողերը, Ներբիի զորավար հերցոգ Էսպարտաֆիլարդո դել Բոսկեն է, որի վահանի վրա մի կապ սպանաղ է նկարած և կաստիլերին նշանաբան գրած՝ Հետևիր իմ բախտին։
Եվ շարունակելով նույն եղանակով՝ դոն Կիխոտը բազմաթիվ ասպետների անուններ հիշատակեց, որ երկու կարծեցյալ բանակներում գտնվում էին, յուրաքանչյուրին հատուկ զինանշան, գույն, նշան ու ազդանշան տալով, որ հուշում էր նրա չտեսնված խելագարությունը և ապա, առանց հանգիստ առնելու, շարունակում էր․
― Մեր դիմացի զորքը ամենաբազմազան ցեղերից է բաղկացած։ Այստեղ հռչակավոր Կսանֆի անուշ ջրերը խմող ժողովուրդներ կան, մարդիկ, որ ոտնակոխ են անում մասսիլիական լեռնադաշտերը, ցեղեր, որ ցանում են երջանիկ Արաբիայի զուտ ոսկու փոշին, նրանք, որ երանավետ կյանք են քաշում վճիտ Տերմոդոնտի սքանչելի, զովասուն ափերին, նրանք, որ բազմատեսակ եղանակով սպառում են ոսկեբեր Պատոկլը, իրենց խոսքին անհավատարիմ նումիդիացիները, իրենց նետ ու աղեղով հայտնի պարսիկները, վազ տալու միջոցին կռվող մեդիացիկ ու պարթևները, արաբները, իրենց քոչվոր վրաններով, սկյութացիները, որոնք նույնքան հայտնի են իրենց դաժանությամբ, որքան և մորթու ճերմակությամբ, ծակված շուրթերով հաբեշստանցիները և հազար ու բյուր ուրիշ ցեղեր, որոնց դիմագծերը ես տեսնում ու ճանաչում եմ, թեև ի վիճակի չեմ մտաբերելու նրանց անունը։ Մյուս բանակում դու տեսնում ես ձիթենիների պուրակներ ոռոգող Բեթիսի բյուրեղյա կոհակները խմող ցեղեր, նրանց, որոնք իրենց երեսը թարմացնում ու լվանում են մշտառատ, ոսկեհեր Տախոյի ջրերով, նրանց, որոնք վայելում են սքանչելի Խենիլի պտղաբեր ջրերը, նրանց, որոնք պարարտ արոտներ ունեցող տարտեզիական դաշտերում են թափառում, նրանց, որոնք Խերեսի ելիսեյան մարգերում են անհոգ ապրում, հարուստ լամանչեցիներին, ոսկե հասկերից պսակներով, երկաթակապ մարդկանց, հին գոթերի վերջին սերունդներին, մարդկանց, որ ծանր հոսանքով հայտնի Պիսուրգվում են ընկղմում իրենց մարմինները, նրանց, որոնք արածացնում են իրենց հոտերը արձակ արոտներում ծուռումուռ Գվադիանայի, որ հռչակված է աչքերից թաքուն մնացող ջրերով,<ref>Վերին Գվադիանայի ջրերն իրենց հոսանքի ընթացքում մի քանի անգամ ծածկվում են հողի տակ և հետո նորից երևան են գալիս։</ref> նրանց, որոնք դողում են ցրտից անտառապատ Պիրենեյում և Ապենինի ձյունապատ բարձրունքներում, մի խոսքով բոլոր ցեղերը, որ պարունակում է իր մեջ և սնում Եվրոպան։
Տեր Աստվա՜ծ, քանի՜, քանի՜ երկրի անուն տվեց նա, քանի՜ ժողովուրդ հիշատակեց՝ վայրկյանապես ամեն մեկին առանձին հատկություն վերագրելով։ Եվ այս ամենը նա քաղում էր իր կարդացած սուտ վեպերից, որոնցով լի էր նրա գլուխը։ Սանչոն նրան ունկդրում էր՝ ուշի ուշով, սիրտ չանելով մի խոսք ասել և միայն ժամանակ առ ժամանակ գլուխը շուռ էր տալիս այն հույսով, որ տեսնի ասպետներին ու հսկաներին, որոնց հիշատակում էր իր տերը։ Բայց որովհետև նրանցից և ոչ մեկին նրան չհաջողվեց երևան բերել, նա վերջ ի վերջո ասաց․
― Ո՞ր ջհաննամն են կորել, սինյոր, բոլոր այդ ասպետներն ու հսկաները, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Ես, գոնե, նրանցից և ո՛չ մեկին չեմ տեսնում։ Թե՞ նրանք բոլորն էլ նույնպես հմայված են, ինչպես տեսիլները, որ հայտնվեցին մեզ անցյալ գիշեր։
― Այդ ինչե՜ր ես խոսում դո՛ւ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես լսում ձիերի խրխրնջոցը, թմբուկների թնդյունը և եղջերափողերի հնչյունը։
― Ես ոչինչ չեմ լսում, ― պատասխանեց Սանչոն, ― բացի գառն ու ոչխարների մայունը։
Եվ դա զուտ ճշմարտություն էր, որովհետև այդ միջոցին երկու հոտը բոլորովին մոտեցել էին իրար։
― Ահը, որ քեզ պատել է, ― ասաց դոն Կիխոտը, ― խանգարում է քեզ, Սանչո, ճիշտ տեսնել ու լսել։ Երկյուղի արտահայտություններից մեկն այն է, որ մեր զգացմունքները կորցնում են պայծառությունը, և ամեն ինչ մեզ աղճատված ձևով է ներկայանում։ Թե որ դու այդքան վախեցել ես, ապա մի կողմ քաշվիր և թող որ ես մենակ գործեմ, որովետև ես մենա՛կ էլ հերիք եմ, որպեսզի ապահովեմ հաղթանակը նրանց, որոնց ես օգնելու լինեմ։
Այս խոսքերով նա խթանները խրեց Ռոսինանտի կողերը և, նիզակը ճոճելով, կայծակի արագությամբ սլացավ բլուրից։
― Տեր իմ, սինյոր դոն Կիխոտ, ― սկսեց ճչալ Սանչոն, ― վերադարձեք, իմ հոգին վկա, դուք գառն ու ոչխարների վրա կհարձակվեք։ Վերադարձեք, աղաչում եմ հանուն իմ հոր։ Այդ ի՜նչ խելագարություն է։ Հավատացեք ինձ, այստեղ ո՛չ հսկա կա, ո՛չ ասպետ, ո՛չ կատու, ո՛չ զենք ու զրահ, ո՛չ ամբողջ, ո՛չ էլ քառափեշ վահաններ, ո՛չ լուրթ երկինք, ո՛չ էլ ձեր բոլոր սատանայական բաները։ Այդ ի՜նչ է անում նա, վա՜յ իմ մեղաց։
Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել դոն Կիխոտին, որ բարձրաձայն բացականչում էր․
― Համարձա՛կ, թևը վեր քաշած Պենտապոլին ազնիվ կայսեր դրոշակներին հավատարիմ ասպետներ։
Հառա՛ջ, ինձ հե՜տ։ Դուք կտեսնեք, թե ինչ արագ ես վիրժառու կլինեմ նրա թշնամի Ալիֆանֆարոն Տրապոբանացուց։
Այս կոչերով նա ներխուժեց ոչխարի հոտի խորքն ու սկսեց նրանց ծակել իր նիազակով այնպիսի կատաղի խիզախությամբ, ասես իսկ որ իր մահացու թշնամիները լինեին։ Հովիվները փորձեցին աղաղակներով նրան կանգնեցնել, սակայն տեսնելով, որ խոսքերը չեն օգնում, նրանք դիմեցին իրենց պարսերին և սկսեցին դոն Կիխոտի ականջները ողջունել բռունցքի մեծությամբ քարերով։ Սակայն սա, առանց քարերին ուշ դարձնելու, դես֊դեն էր ընկնում դաշտում բացականչելով․
― Որտե՞ղ ես, գոռոզ Ալիֆանֆարոն։ Դո՛ւրս եկ իմ դեմ։ Ես պատրաստ եմ մեկը մեկի դեմ կռվելու քեզ հետ և մահացու հարված հասցնել քեզ որպես պատիժ քո հանդուգն հարձակման Պենտապոլին Գարամանցու վրա։
Այդ վայրկյանին նրա կողքին մի բավական մեծ քար դիպավ բաց թողած պարսից և նրա երկու կողը ջարդեց։ Զգալով հարվածը, դոն Կիխոտը վճռեց, որ ինքը սպանված է կամ մահացու վիրավորված։ Սակայն մտաբերելով, որ բալասան ունի, նա բռնեց ամանը, տարավ բերանն ու սկսեց ածել հեղուկը փորը։ Սակայն նա բավական չափով, իր կարծիքով կուլ չէր տվել, երբ երկրորդ քարը վրա հասավ, որ այնքան ճարպիկ էր բաց թողնված, որ դիպչելով նրա ձեռքին, ոչ միայն ջարդեց նրա ամանը, այլ փշրեց նրա երեք֊չորս ատամը, համ էլ ճզմեց երկու մատը։ Եթե առաջին հարվածը վատ չէր, ապա երկրորդը, գետին գլորեց խեղճ ասպետին։ Հովիվները մոտ վազեցին և կարծեցին, թե վերջացրել են նրան։ Հավաքելով իրենց հոտը, նրանք գցեցին ուսերին սպանված ոչխարներին, որ յոթը հատ դուրս եկավ, և առանց երկար խորհելու, արագ֊արագ հեռացան։
Սանչոն, որ մնացել էր բլուրի վրա և դիտում էր իր տիրոջ խելագարությունը, փետտում էր մազերը և անիծում այն օրն ու ժամը, երբ բախտը միացրեց նրանց։ Տենսելով, որ դոն Կիխոտը պառկած է գետնին և որ հովիվներն արդեն հեռացել են, նա իջավ բլուրից և մոտեցավ դոն Կիխոտին, որը սաստիկ ողբալի վիճակի մեջ էր, թեև ուշագնաց չէր եղել։
― Չէ՞ի աշխատում ես, սինյոր դոն Կիխոտ, ― ասաց Սանչոն, ― ձեզ հետ կասեցնել։ Չէ՞ի ասում, թե դա բանակ չէ, այլ ոչխարի հոտ։
― Ահա թե իմ ստոր թշնամին, կախարդը, ինչ փոփոխում և կերպարանափոխություն է սարքում։ Իմացա՛ծ եղիր, Սանչո, որ կախարդների համար ավելի հեշտ բան չկա, քան մեզ ստիպել տեսնելու այն ամենը, ինչ նրանք կամենան։ Այսպես էլ այս անպիտանը, որ հալածում է ինձ, խանդելով իմ փառքին, որ պիտի վայելեի այս ճակատամարտից հետո, թշնամի բանակը ոչխարի հոտ դարձրեց։ Եթե չես հավատում, խնդրեմ, մի բան արա, որ ցրես քո տարակուսանքն ու համոզվես, որ ես ճիշտ եմ ասում։ Նստիր քո էշը և կամաց֊կամաց գնա նրանց հետևից ― և դու կտեսնես, որ մի քիչ հեռանալով, նրանք իրենց նախկին կերպարանքը կընդունեն և ոչխարից կրկին ամենաիսկական մարդիկ կդառնան, այնպես, ինչպես ես նկարագրել եմ նրանց քեզ համար։ Միայն թե իսկույն մի գնա, որովհետև ես հիմա կարոտ եմ քո խնամքին և օգնությանը։ Մոտ եկ և տես՝ քանի՞ ատամ եմ կորցրել։ Ինձ թվում է, թե այլևս ոչ մեկը չի մնացել։
Սանչոն այնպես կռացավ, ասես մտադիր էր գլխով ներս մտնել նրա բերանը։ Սակայն այդ իսկ պահին բալասանն սկսեց ներգործել դոն Կիխոտի ստամոքսում և այն վայրկյանին, որ Սանչոն սկսեց զննել նրա բերանը, նրա տերը, հրացանի արձակման ուժով սիրտ թափեց, այն ամենը, ինչ որ մեջը կար, կարեկից զինակրի միրուքի վրա։
― Մմենասուրբ կույս, ― բացականչեց Սանչոն, ― այս ի՞նչ է կատարվում։ Երևի խեղճը մահացու վերք է ստացել, որ արյուն է թափում։
Սակայն լավ նայելով, նա իսկույն գույնից, համից ու հոտից հասկացավ, որ դա արյուն չէ, այլ բալասան, որ դոն Կիխոտը նրա աչքերի առջև խմեց թիթեղյա ամանից։ Դրանից Սանչոյի սիրտը այնպես խառնեց, որ նրա ողջ ստամոքսը շուռ եկավ և նա սիրտ թափեց ուղղակի դոն Կիխոտի երեսին։ Նրանք երկուսով էլ փառավորապես զարդարված էին։ Սանչոն վազեց էշի հետևից, որ պայուսակից մի բան հանի, հա՛մ իրեն սրբի, հա՛մ տիրոջ վերքը կապի և հայտնաբերելով պայուսակի անհետանալը, քիչ էր մնացել խելագարվեր։ Կրկին անեծքի տոպրակը բաց անելով՝ նա հաստատ վճռեց իր հոգում թողնել իր տիրոջը և վերադառնալ իր տունը՝ խաչ դնելով աշխատած ռոճիկի և խոստացած կղզու նահանգապետ դառնալու հույսի վրա։
Նույն միջոցին դոն Կիխոտը բարձրացավ և, ձախ ձեռքը դնելով բերնին, որ ատամները չթափվեն գետին, աջ ձեռքով բռնեց Ռոսինանտի սանձը, որ ամբողջ այդ ժամանակ ոչ մի քայլ չէր հեռացել իր տիրոջից (մինչ ա՜յդ աստիճան հանգիստ ու հավատարիմ անասուն էր) և մի կերպ հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Սանչոն, կուրծքը հենած իր էշին և ձեռքով բռնած իր թուշը, դառը մտածմունքի մեջ։ Տեսնելով նրան այդ դիրքում, որ խորունկ վիշտ էր արտահայտում, դոն Կիխոտն ասաց․
― Իմացած եղիր, Սանչո, ով որ ուզում է ուրիշներից բարձր լինել, նա ուրիշներից շա՛տ էլ պիտի անի։ Մեր գլխին պոռթկած բոլոր այս փոթորիկները վկայում են, որ շուտով երկինքը կբացվի և մեր գործերը լավ կընթանան։ Որովհետև ո՛չ վիշտը, ո՛չ խինդը չափազանց տևական չեն լինում, իսկ դրանից բխում է, որ եթե վիշտը շատ եկրար է քաշել, ապա ուրեմն մոտ է խինդը։ Ոիստի ինձ հասած և քեզ բնավ չդիպած տառապանքների համար այլևես մի՛ վշտանար։
― Ո՜նց թե չդիպած, ― գոռաց Սանչոն։ ― Իսկ նա, որին վերմակի վրա վեր֊վեր էին թռցնում, իմ հոր որդին չէ՞ր։ Իսկ պայուսա՞կը, որ կորել է բոլոր իմ ունեցած֊չունեցածով, որիշի՞նն է, իմը չէ՞։
― Պայուսակը կորե՞լ է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ցավն էլ այն է, որ կորել է, ― պատասխանեց Սանչոն։
― Ասել է թե՝ այսօր մենք ճաշելու պատեհություն չենք ունենալու, ― ասաց դոն Կիխոտը։
― Դե, իհարկե, չէինք ունենա, ― ասաց Սանչոն, ― եթե այս արոտներում բսած չլինեին, ձերդ ողորմածության ասելով, ձեզ լավ ծանոթ խոտերը, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել սովորական սնունդը ձերդ ողորմածության պես ձախորդ թափառական ասպետների համար։
― Այնուամենայնիվ, ― ասաց դոն Կիխոտը, ― Դիոսկորիդի նկարագրած և անգամ դոկտոր Լագունայի<ref>Դիոսկորիդ ― հունական բժիշկ, մեր թվականության I դարում, դեղաբույսերին բերաբերող «De materia medica» քննախոսության (լատիներեն) հեղինակ։ Քննախոսությունը մեկնություններով դոկտոր Անդրեսոն դե Լագունան թարգմանել է իսպաներեն։ Թարգմանությունը XVI֊XVII դարերում լույս է տեսել մի քանի հրատարակությամբ։</ref> մեկնություններով հրատարակված բոլոր բույսերից ես կնախընտրեի լավ հացը կամ նույնիսկ հացի կտոր և մի երկու ապխտած սարդինկա հետը։ Սակայն ի՜նչ խոսենք դրա մասին։ Նստի՛ր, բարի Սանչո, քո էշի վրա, ե՛կ իմ հետևից։ Աստված, որ բոլորի մասին հոգ է տանում, չի մոռանա և մեզ քեզ հետ, մանավանդ որ մենք այնքան եռանդուն ծառայում ենք նրան, չէ՞ որ նա սնունդ է տալիս և՛ մոծակներին օդում, և՛ ճիճուներին հողի մեջ, և՛ գորտի շերեփուկին ջրի մեջ, նա, որ այնքան բարի է, որ նրա արևը լույս է տալիս և՛ բարիներին, և՛ չարերին, իսկ անձրևը թրջում է և՛ արդարներին, և՛ մեղավորներին։
― Ձերդ ողորմածությանը, ― ասաց Սանչոն, ― ավելի վայել է քարոզիչ լինել, քան թափառական ասպետ։
― Թափառական ասպետները միշտ ամեն բան կարող էին անել և ամեն բան պարտավոր էին իմանալ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եվ հին ժամանակները նրանց միջև պատահում էին այնպիսիները, որ կարող էին ճառ արտասանել կամ քարոզ կարդալ ռազմական բանակում Փարիզի համալսարանի ամեն դոկտորից ոչ վատ, ― մի բան, որից բխում է, որ երբեք նիզակը չի բթացրել գրիչը, ինչպես գրիչը՝ նիզակը։
― Լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Իսկ հիմա ճամփա ելնենք և որևէ տեղ գիշերելու տեղ գտնենք։ Եթե Աստված մեզ օգնե՜ր, տեղ գտնելու, որտեղ ո՛չ վերմակ կա, ո՛չ այն վերմակի վարպետները, ո՛չ տեսիլներ, ո՛չ հմայված մավրեր։ Գետինը մտնեմ, եթե նրանց հանդիպելու ցանկություն մնացած լինի մեջս։
― Խնդրի՛ր, զավակս, Աստծու օգնությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― և տար ինձ ուր որ կամենաս, որովհետև այս անգամ ես պատրաստ եմ քեզ թողնելու գիշերելու տեղի ընտրությունը։ Իսկ հիմա ձեռքդ պարզի՛ր և շոշափի՛ր՝ վերի ծնոտումս քանի՞ ատամ է պակասում աջ կողմից, որովհետև այստեղ ամենից ուժեղ է ցավում։
Սանչոն ձեռքը կոխեց նրա բերանը և մի լավ շոշափելուց հետո հարցրեց․
― Ձերդ ողորմածությունն առաջ քանի՞ ատամ է ունեցել այստեղ։
― Չորս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և բոլորը, բացի իմաստության ատամից, ողջ և առողջ են եղել։
― Հո չի՞ սխալվում ձերդ ողորմածությունը, ― հարցրեց Սանչոն։
― Ասում եմ քեզ՝ չորս, եթե ոչ հինգ, ― պատասպանեց դոն Կիխոտը, ― որովհետև կյանքումս դեռ ատամ չեն հանել և ոչ մի ատամս չի փտել կամ վեր չի ընկել մրսածությունից։
― Իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― այս կողմում, ներքևում երկու ու կես է մնացել, իսկ վերևից՝ ոչինչ ոչնից ոչինչ, անգամ կեսն էլ չկա՝ բոլորովին հարթացել է ոնց որ ձեռքի ափ։
― Ա՛յ քեզ դժբախտություն, ― ասաց դոն Կիխոտը, լսելով զինակրից այդ տխուր նորությունը։ ― Ավելի լավ էր ձեռքս կտրեին ― միայն թե, իհարկե, ոչ աջը, որպեսզի թուրս բռնելու բան ունենամ։ Որովհետև, իմացած եղիր, Սանչո, բերանը, առանց արմատական ատամների նույնն է, ինչ որ ջրաղացը առանց ջաղացքարերի և որ մարդուս համար յուրաքանչյուր ատամը ադամադից թանկ է։ Բայց ինչ արած, այդպիսի դժբախտությունների ենք մենք ենթակա, մենք, որ ասպետականության խիստ ուխտ ենք ընդունել։ Նստիր, բարեկամս, էշիդ վրա և ճամփա ընկիր, իսկ ես կհետևեմ քեզ ամենուրեք, ուր որ կամենաս։
Սանչոն այդպես էլ արեց։ Նա մեծ ճամփով, որ փռված էր ուղիղ նրա առջև, այն կողմը, որտեղ, նրա ենթադրությամբ, կարելի էր գիշերելու օթևան գտնել, առաջ ընկավ։
Կամաց֊կամաց, զորով֊գեժով գնալով, ― որովհետև դոն Կիխոտի ծնոտների անդադրում ցավերը թույլ չէին տալիս արագացնելու ընթացքը, Սանչոն, որպեսզի իր տիրոջը մի բանով ցրած լինի, որոշեց նրա հետ զրույց սկսել և շատ ուրիշ բաների թվում, նա արտահայտվեց մի բանի մասին, որի մասին մենք կիմանանք հետևյալ գլխից։