Changes
/* Օձի ձուն */
== Օձի ձուն ==
<b>1</b>
Աշունը մոտենում էր։ Ամռան երկարատև տապից չարչարված Սինգոն տուն վերադառնալիս հաճախ ննջում էր էլեկտրագնացքում։
Երթևեկության լարվածապահերին գնացքներն անցնում են յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ, և երկրորդ կարգի վագոններում առանձնապես շատ մարդ չի լինում։
Այժմ նրա կես֊քուն, կես-արթուն ուղեղից հանկարծ դուրս լողացին մայթի երկայնքով շարված ակացիաները, որ տեսել էր քիչ առաջ։ Դրանք ամբողջապես ծածկված էիկ ծաղիկներով։ «Մի՞թե Տոկիոյում մայթերը եզրապատող ակացիաներ են ծաղկում»,― մտածեց Սինգոն, երբ տաքսի նստած անցնում էր ծառերի կողքով։ Նա գնում էր մի փողոցով, որ սկսվում է Կուդանի շրջանից ու հասնում մինչև կայսերական պալատը շրջապատող պարսպախրամը։ Օգոստոս ամսի կեսն էր, անձրև էր մաղում։ Ծաղիկները թափվել էին միայն մի ակացիայի ծառից ու փռվել ասֆալտին։ Ինչո՞ւ էին թափվել։ Սինգոն գլուխը մեքենայի պատուհանից դուրս հանելով, ետ նայեց։ Գետնին սփռված ծաղիկները մանր էին, կանաչավուն֊դեղին։ Նրա հիշողության մեշ տպավորվեց, մնաց բուռն ծաղկած ակացիաների պատկերը, որովհետև ծառերից ընդամենը մեկն էր ծաղկաթափ եղել։ Սինգոն այդ տեսավ հիվանդանոցից վերադառնալու ժամանակ, գնացել էր լյարդի քաղցկեղով հիվանդ ընկերոջն այցելելու։
Ընկերը նրա համակուրսեցին էր։ Առօրյա կյանքում համարյա չէին հանդիպում։
Արդեն անչափ թուլացել էր, սակայն հիվանդասենյակում նրա հարազատներից ոչ ոք չկար, մոտը միայն հիվանդապահուհի դայակն էր։
Սինգոն չգիտեր՝ ընկերոջ կինը ո՞ղջ էր, թե ոչ։
― Միյամոտոյին հաճա՞խ ես հանդիպում։ Եթե չէ, ապա զանգահարիր նրան ու խնդրիր, քեզ անչափ երախտապարտ կլինեմ,― ասաց հիվանդը։
― Ի՞նչ խնդրեմ։
― Մայիսին, երբ համակուրսեցիներով հավաքվել էինք, նա ինքն այդ մասին ասաց։
Սինգոն հիշեց, խոսքը վերաբերում էր ցիանակալիումին։ Կնշանակի ընկերն իմանում է, որ քաղցկեղ ունի։
Հասակակիցներով հավաքվելիս՝ բոլորն էլ վաթսունն անց մարդիկ, խոսակցությունը միշտ պտտվում էր հիվանդությունների ու մահվան շուրջ։ Երևի նրանցից մեկն ասել է, ենթադրեց Սինգոն, թե այն գործարանում, որտեղ աշխատում է Միյամոտոն, արտադրության մեջ ցիանակալիում են գործածում։ Քաղցկեղով հիվանդանալիս վատ չի լինի դիմել Միյամոտոյին ու խնդրել այդ թույնից։ Ո՞վ կուզենա իր տանջանքները երկարաձգել, երբ հայտնի է, որ հիվանդությունն անբուժելի է։ Եվ եթե արդեն անխուսափելի է մահը, պետք է գեթ մահվան ժամկետն ընտրելու ազատություն ունենալ։
― Բայց դա, ախր, հարբած ժամանակվա սովորական դատարկախոսություն էր,― ասաց Սինգոն։
― Ես թույնը չեմ խմի։ Մտադիր էլ չեմ։ Ուզածս միակ բանը ազատություն ստանալն է, ազատություն, որի մասին խոսում էին։ Եթե մոտս ցիանակալիում լինի, ապա այն գիտակցությունը, որ ցանկացածս պահին կարող եմ թույնն ընդունել, ուժ կտա ինձ բոլոր տանջանքներին դիմանալու։ Ես համոզված եմ։ Կա՞ արդյոք որևէ ուրիշ միջոց ձեռք բերելու իմ վերջին ազատությունը, արտահայտելու իմ միակ վերջին բողոքը։ Բայg և այնպես խոստանում եմ ցիանակալիումը չխմել։
Հիվանդ ընկերոջ աչքերը խոսելիս փայլատակում էին։ Հիվանդապահուհին, լուռ նստած, ճերմակ բրդից սվիտեր էր գործում։
Սինգոն վատ զգաց, որ այնպես էլ չփորձեց Միյամոտոյից խնդրել ընկերոջ ուզածը, չնայած ընկերը մահվան շեմին մեծ հույսով սպասում էր դրան։
Նա փոքր֊ինչ հանգստացավ միայն ծաղկած ակացիաներին հասնելուց հետո և այժմ էլեկտրագնացքում ննջելիս այդ ակացիաները հիշեց, որովհետև հիվանդ ընկերը մտքից չէր հեռանում։
Հենց նոր էր մի քիչ ննջել, աչքերը դարձյալ բացեց։ Էլեկարագնացքը կանգ էր առել։
Դա կայարան չէր։
Երթ էլեկտրագնացքը կանգնեց, դղրդյունով եկավ նրա կողքով անցավ հանդիպակաց գնացքը։ Սինգոն երևի այդ դղրդյունից էլ արթնացավ։
Սինգոյի գնացքը առաջ շարժվեց ու նորից կանգ առավ։
Նեղ արահետով մի խումբ երեխաներ վազեցին դեպի էլեկտրագնացքը։
Ուղևորներից մի քանիսը պատուհաններից դուրս կախվելով՝ նայեցին առջևի ճանապարհին։
Ձախ կողմում ձգվում էր ինչ֊որ գործարանի բետոնապատ պարիսպը։ Պարսպի ու երկաթգծի արանքում հոսում էր աղտեղություններով լեփլեցուն մի առու, որից տարածվող գարշահոտությունը հասնում էր գնացքին։
Աջ կողմում երևում էր այն նեղլիկ արահետը, որտեղով երեխաները մոտ վազեցին։ Արահետի կողքին, քիթը խոտերի մեջ խրած, անշարժ փռվել էր մի շուն։
Այնտեղ, որտեղ արահետը մոտենում էր երկաթգծին, փտած տախտակներից շինած մի քանի խրճիթներ կային։ Խրճիթներից մեկի քառանկյուն անցք֊պատուհանից խելապակաս մի աղջիկ ձեռքով էր անում գնացքին։ Շարժումները թույլ էին, ուժասպառ։
― Մեր գնացքը կանգ է առել, որովհետև մեզանից քառորդ ժամ առաջ դուրս եկած գնացքը Ցուրումի կայարանում աղետի է ենթարկվել։ Ուշացման համար կներեք,― հայտարարեց վագոնի ուղեկցորդը։
Սինգոյի դիմաց նստած օտարերկրացին հրեց իրեն ընկերակցող պատանուն․
― Ի՞նչ ասաց,― հարցրեց անգլերեն։
Պատանին գլուխը օտարերկրացու ուսին դրած ու նրա ձեռքը բռնած քնել էր։ Արթնանալուց հետո դիրքը չփոխելով, փաղաքուշ նայեց օտարերկրացուն։ Պատանու աչքերը կարմրած էին, կոպերն ուռած։ Մազերը ներկած էին, բայց արմատներից դուրս էին եկել սևերը, որոնք վերին մասերում վերածվել էին պղտոր թեյի գույնի։ Շեկ էին մնացել միայն մազերի ծայրերը։ Երևի հոմոսեքսուալիստ է, օտարերկրացու սիրեկանը,― ենթադրեց Սինգոն։
Պատանին շրջեց իր ծնկներին հանգչող օտարերկրացու ափն ու ձեռքը մեջը դնելով՝ ամուր սեղմեց։ Ուղղակի ոնց որ մի բավարարված կին։
Օտարերկրացին կարճ թևքերով վերնաշապիկ էր հագել, թևերը ծածկված էին շիկավուն թավամազով, ասես գորշ արջ լիներ։ Պատանին այնքան էլ փխրուն չէր, բայց աժդահա օտարերկրացու կողքին երեխա էր թվում։ Օտարերկրացին հզոր կուրծք ուներ և այնպիսի հաստ վիզ, որ կարծես դժվարանում էր այս ու այն կողմ շրջել։ Նստած էր անհաղորդ տեսքով, ուշադրություն չդարձնելով իրեն կպած պատանուն։ Հայացքը մռայլ էր։ Նրա առողջ, փարթամ կերպարանքի համեմատությամբ պատանու դեմքն առավել հյուծված ու մոխրագույն էր երևում։
Օտարերկրացու տարիքը դժվար է որոշել, սակայն, դատելով գլխի մեծ ճաղատից, կնճռապատ ճակատից և ծերունական բծերով ծածկված ձեռքերից, պետք է, որ իմ հասակին լինի, մտածեց Սինգոն։ Օտարերկրացին նրան թվաց մի դաժան հրեշ, որ խուժել է ուրիշի երկիրն ու այդ երկրացի պատանուն հարկադրել ծառայելու իրեն։ Պատանու հագին մուգ կապույտ վերնաշապիկ էր․ վերին կոճակն արձակվել էր ու բացված օձիքն ի ցույց էր հանել դուրս ցցված անրակները։
Նեխահոտ առվի երկու կողմերում փարթամորեն աճել էր վառ կանաչ օշինդրը։
Էլեկտրագնացքը դեռ կանգնած էր։
<b>2</b>
Մոծակներից պաշտպանող ցանցի տակ հեղձուկ էր խավար։ Սինգոն որոշեց անկողնու վրա այլևս ցանց չկախել։
Յասուկոն ամեն երեկո շինծու տնքոցով ու գործիմաց փութկոտությամբ կոտորում էր մոծակներին։
― Իսկ Սյուիտին դեռ ցանց է օգտագործում։
― Ինչ կա որ, գնա նրա մոտ քնիր։― Սինգոն նայում էր առաստաղին, որտեղից այլևս ցանց չէր կախված։
― Չէ, նրա մոտ գնալ չեմ կարող, բայց վաղվանից Ֆուսակոյի սենյակում կպառկեմ։
― Ահա՜, լավ կանես, կքնես թոռնիկներիցդ մեկի հետ գրկախառնված։
― Ինչո՞ւ է Սատոկոն, չնայած փոքր քույր ունի, շարունակ կպչում մորից։ Գուցե հոգեպես այնքան էլ առողջ չէ։ Մեկ֊մեկ այնպիսի տարօրինակ հայացքով է նայում։
Սինգոն չպատասխանեց։
― Կարո՞ղ է հայր չունենալու պատճառով է այդպես դարձել։
― Լավ կլիներ դու հետն ավելի փաղաքշաբար վարվեիր։
― Ես Կունիկոյին ավելի եմ սիրում,― ասաց Յասուկոն։― Բայց չէր խանգարի, որ Սատոկոյին դու էլ քնքուշ վերաբերվեիր։ Մանավանդ հիմա։
― Աիխարայի մասին՝ մեռել է, թե ողջ է, բավական է խոսել։
― Լավ է գոնե ապահարզանի դիմումն ուղարկեցիր։
― Ասացի, վերջ տուր։
― Իրավացի ես, այլևս չեմ խոսի։ Բայց․․․ Աիխարան եթե չի մեռել, հայտնի էլ չէ, թե հիմա որտեղ է... Այնուամենայնիվ, ո՞վ է այդպես վարվում. որոշեցին, որ իրենց ընտանեկան կյանքը անհաջող է, թքեցին ամեն ինչի վրա ու բաժանվեցին, իսկ որ երկու երեխա ունեն, ամենևին հաշվի չառան։ Ընտանեկան կյանք կոչեցյալն անհուսալի բան է։
― Ընտանեկան կյանքը անհաջող լինելու դեպքում էլ դեռ չպետք է ամեն ինչ համարել վերջացած։ Ֆուսակոն էլ լա՜վն է, հա։ Ենթադրենք Աիխարան սխալ էր գործել, կարելի՞ էր այդպես հեշտությամբ հրաժարվել նրանից, մարդը հետո կնոջ երեսից որքան տառապանքներ կրեց։ Երևի Ֆուսակոյի համար հիմա ծանր է այդ մասին մտածել։
― Եթե ամուսինն ընկնում է հուսահատ կացության մեջ, կնշանակի կինը նրան ժամանակին չի օգնել, նրա համար իսկական ընկեր չի եղել։ Երբ կյանքի ընկերոջը թողնում են բախտի քմահաճույքին, նրան մնում է միայն անձնասպանություն գործել։ Սակայն անելանելի վիճակի մեջ ընկած մարդու հետ եթե համաձայնում է մեռնել ուրիշ մի կին, այդ մարդուն այլևս չի կարելի լքված համարել,― ասաց Յասուկոն։
― Սյուիտիի անձնական կյանքում առայժմ կարծես ամեն բան կարգին է, բայց ինչ կլինի հետագայում, հայտնի չէ։ Այդ ամբողջ պատմությունը Կիկուկոյի վրա էժան չնստեց։
― Երեխայի հետ կապված պատմությո՞ւնը։
Սինգոյի խոսքերը կրկնակի իմաստ ունեին, և՛ այն, որ Կիկուկոն երեխան չբերեց, և՛ այն, որ Կինուկոն պաարաստվում էր մայր դառնալ։ Երկրորդի մասին Յասուկոն անտեղյակ էր։
Հայտարարելով, որ հղիացել է ուրիշից, Կինուկոն Սինգոյի փորձը՝ խանգարել իրեն երեխա ունենալ, կասեցրեց։ Բայց Սինգոն քանի որ հաստատ չգիտեր երեխան ուրիշից է, թե Սյուիտիից, չէր կարողանում ձերբազատվել այն մտքից, որ Կինուկոն Սյուիտիի հայր լինելը դիտավորյալ է ժխտում։
― Կարծում եմ իսկապես անհրաժեշտ է, որ ես Սյուիտիի մոծակացանցի տակ քնեմ։ Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե նրանք խոսելիս ինչ անհեթեթությունների կարող են հանգել։ Երկուսին առանձին թողնելը հիմա պարզապես վտանգավոր է։
― Անհեթեթությունների կարող են հանգե՞լ։ Դու ի՞նչ նկատի ունես։
Յասուկոն, որ պառկած էր թիկունքը Սինգոյին դարձված, շրջվեց նրա կողմը։ Հետո այնպիսի մի շարժում կատարեց, ասես ցանկացավ ամուսնու ձեռքը բռնել, բայց Սինգոն թևը չպարզեց նրան, և Յասուկոն, մատները սահեցնելով բարձի վրա, գաղտնիք մատնելու պես շշնջաց․
― Ես, այնուհանդերձ, կարծում եմ, որ Կիկուկոն շուտով երեխա կունենա։
― Ի՞նչ։
Սինգոն հանկարծակիի եկավ։
― Ճիշտ է, ինձ թվում է, թե դեռ վաղ է, բայց Ֆուսակոն ասաց, որ արդեն նկատելի է։
Յասուկոն ամուսնու հետ ամաչել էր խոսել նույնիսկ իր հղիության մասին։
― Ուրեմն քեզ Ֆուսակո՞ն ասաց։
― Վաղ է, իհարկե,― կրկնեց Յասուկոն,― շատ քիչ ժամանակ է անցել։
― Ֆուսակոյին ո՞վ է ասել, Կիկուկո՞ն, թե Սյուիտին։
― Ոչ մեկն էլ չի ասել, իր սեփական դիտողականությունն է։
Յասուկոյի գործածած «դիտողականություն» բառը Սինգոյին թվաց ոչ տեղին։ Ինչ է դուրս գալիս, մտածեց նա, Ֆուսակոն, դեռ կարգին չտնավորված, արդեն սկսել է եղբոր կնոջը հետամտե՞լ։
― Դու Սյուիտիին ասա, թող Կիկուկոյի նկատմամբ ուշադիր լինի,― շշնջաց Յասուկոն։
Սինգոյի կուրծքը սեղմվեց։ Բավական էր իմանալ, որ Կիկուկոն հղի է, որպեսզի այդ հղիությունը անտանելի ծանրությամբ ճնշեր նրան։
Երբ երկու կին գրեթե միաժամանակ հղիանում են միևնույն տղամարդուց, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Բայց որքան սարսափելի է, եթե այդ տղամարդը քո որդին է։ Գուցե դրանով որևէ մեկն իր վրե՞ժն է լուծում Սինգոյից կամ որևէ մեկի անե՞ծքն է․ ինչ իմանաս, գուցեև սատանայի լարած դավերն են։
Սթափ դատելու դեպքում կատարվածը միանգամայն բնական կթվար, այսպես ասած, ֆիզիոլոգիական առողջ երևույթ, սակայն այժմ Սինգոն ընդունակ չէր սթափ դատել։
Մանավանդ, որ Կիկուկոն երկրորդ անգամն էր հղիանում։ Երբ առաջին երեխայից հրաժարվեց, Կինուկոն հղի էր։ Կիկուկոն նորից հղիացավ, իսկ Կինուկոն դեռ չի ազատվել։ Կիկուկոն չգիտեր, որ Կինուկոն հղի է, իսկ նրա հղի լինելն արդեն բոլորը նկատում են, հավանաբար, երեխան սկսել է խաղալ։
― Այս անգամ ամեն ինչ հայտնի է մեզ, այնպես որ Կիկուկոն չի կարող ինքնագլուխ գործ բռնել։
― Թերևս,― առանց համոզվածության ասաց Սինգոն,― ինքդ նույնպես խոսիր Կիկուկոյի հետ։
― Դու երևի Կիկուկոյից ծնված թոռնիկիդ մյուսներից ավելի շատ կսիրես։
Սինգոյի քունը չէր տանում։
«Կա՞ այնպիսի մի ուժ, որ Կինուկոյին հարկադրի երեխան չբերել»,― գրգռված մտորում էր Սինգոն, նրա գլխում դաժան մի միտք ծագեց։
Կինուկոն ասում է երեխան Սյոլիտիից չէ։ Գուցե պետք է հետամտել նրան, այդ դեպքում թերևս հաջողվի նրա վարքագծում հայտնաբերել այնպիսի մի բան, որ բոլորի խիղճը հանգստացնի։
Այգուց լսվեց միջատների ճռռոցը, նշանակում է գիշերվա երեքն է դառնում։ Ճռռոցն ինչ֊որ անծանոթ էր, ճպուռներն այդպես չեն երգում։ Սինգոյին թվաց՝ պառկած է խավարում, հողի մեջ թաղված։
Վերջին ժամանակներս անվերջ երազներ էր տեսնում։ Լուսադեմին դարձյալ մի երկար երազ տեսավ։
Չէր հիշում, թե դեպքերը որտեղ էին տեղի ունենում։ Արթնանալուց հետո դեռ աչքի առջևն էին երազի երկու ճերմակ ձվերը։ Մեկը աֆրիկյան ջայլամի հսկայական ձու էր։ Մյուսը՝ օձի էր, պստլիկ։ Կճեպը ճեղքված էր, և ձվից դուրս էր կախվել վետվետուն օձուկի սիրուն գլխիկը։
Սինգոն նայում էր օձի ճտին ու մտածում, որ նա իսկապես սիրուն է։
Համոզված էր, որ այդ երազը տեսավ, որովհետև քնելուց առաջ մտածել էր Կիկուկոյի ու Կինուկոյի մասին։ Թե նրանցից որի ճուտն էր ջայլամի ձվի մեջ և որինը օձի, իհարկե, չգիտեր։
― Հետաքրքիր է, օձն իրոք ձվեր է դնո՞ւմ, թե ծնում է կենդանի ձագեր,― ինքն իրեն մրթմրթաց Սինգոն։
<b>3</b>
Հաջորդ օրը կիրակի էր։ Սինգոն համարյա մինչև ժամը տասը մնաց անկողնում պառկած։ Ոտքերում թուլություն էր զգում։
Մտաբերեց երազն, ու նրան անախորժ թվացին թե՛ ջայլամի ձուն, թե՛ ձվից գլուխը հանած օձի ճուտը։
Ատամները խնամքով լվալուց հետո մտավ ճաշասենյակ։
Կիկուկոն ծալած թերթերը դարսելով իրար վրա քուղով կապում էր։ Ինչպես երևում է մտադիր է վաճառել, մտածեց Սինգոն։
Յասուկոյի համար թերթեր ընտրել, առանձնացնել,― առավոտվա լույս տեսածները՝ առավոտվանների հետ, երեկոյանները՝ երեկոյանների,― և դասավորել այնպես, որ ամսաթվերը մնան երեսից,― Կիկուկոյի պարտականությունն էր։
Կիկուկոն վերկացավ, Սինգոյի համար թեյ լցրեց։
― Երկուհազարամյա վաղեմիություն ունեցող լոտոսի մասին երկու հոդված կար։ Կարդացի՞ք։ Ձեզ համար առանձնացրել էի։ Ահա սրանք են։― Հարսը թերթերը մոտեցրեց նրա թեյի գավաթին;
― Այո, կարծեմ կարդացի։
Բայց և այնպես Սինգոն թերթերը ձեռքն առավ։
Յայոիի մշակութային հուշարձանների հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել էին լոտոսի մոտ երկուհազարամյա հնություն ունեցող սերմեր։ Լրագրում արդեն գրել էին, որ լոտոսները ծաղկել են։ Սինգոն մտել էր Կիկուկոյի սենյակն ու թերթը ցույց տվել նրան։ Այդ այն օրն էր, երբ Կիկուկոն վիժում անելուց հետո հենց նոր վերադարձել էր հիվանդանոցից ու անկողնում պառկել։
Ուրեմն, լոտոսի մասին ևս երկու հոդված է լույս տեսել։ Մեկում գրված էր, որ բուսաբան֊պրոֆեսորը լոտոսի արմատը մասնատելով սածիլել է Տոկիոյի համալսարանի (նա ավարտել էր այդ համալսարանը) զբոսայգու Սանսիրո լճակում։ Մյուս հոդվածում պատմվում էր, թե ինչպես Տոհոկուի համալսարանի ոմն պրոֆեսոր Մանջուրիայի տորֆաճահճուտներում գտել էր լոտոսի քարացած սերմեր և ուղարկել Ամերիկա։ Վաշինգտոնի Ազգային զբոսայգում, սերմերից հանելով կարծրացած թաղանթը, փաթաթել են խոնավածուծ թաց բամբակի մեջ ու տեղավորել ջերմոցում։ Անցյալ տարի սերմերը մանրիկ ծիլեր են արձակել։
Այս տարի, երբ ծիլերը սածիլել են լճակում, յուրաքանչյուր ցողունի վրա բացվել են երկուական վարդագույն ծաղիկներ։ Զբոսայգում աշխատող գիտնականները պարզել են, որ այդ լոտոսը պատկանում է հազար տարի, հնարավոր է և հիսուն հազար տարի առաջ գոյություն ունեցող տեսակին։
― Երբ անցյալ անգամ այս հոդվածները կարդացի, մտածեցի, որ կատարած հաշվումները խիստ մոտավոր են․ հազար տարի և հիսուն հազար տարի,― ծիծաղեց Սինգոն։ Նա սկսեց հոդվածը ուշադրությամբ վերընթերցել։ Ճապոնացի պրոֆեսորը ելնելով տորֆաշերտերի կաոուցվածքից, որոնց մեջ հայտնաբերվել էին սերմերը, ենթադրում էր, որ դրանք մի քանի տասնյակ հազար տարեկան են։ Իսկ Ամերիկայում, սերմերից հանված վերին շերտը ռադիոակտիվ անալիզի ենթարկելուց հետո որոշել են, որ հազար տարեկան են։
― Այլևս պետք չե՞ն։― Կիկուկոն վերցրեց մի կողմ դրված թերթերը։ Երևի ուզում էր հարցնել, կարելի՞ է այդ թերթերն էլ վաճառել։
Սինգոն հլխով արեց։
― Հազար տարի, թե հիսուն հազար տարի, միևնույն է, լոտոսի սերմերը երկար են դիմանում։ Բույսերի սերմերը մարդուց որքան ավելի երկարակյաց են,― ասաց նա, նայելով Կիկուկոյին։― Թեև չի բացառված, որ մենք նույնպեա կարող ենք, առանց մեռնելու, հողի տակ հազար, նույնիսկ երկու հազար տարի պառկած մնալ։
Կիկուկոն կիսաձայն հարցրեց․
― Ոնց թե, հողի տա՞կ։
― Ոչ գերեզմանի մեջ։ Չէ, մենք ննջեցյալներ չենք դառնա, պարզապես պառկած կմնանք։ Իսկապես, մի՞թե հնարավոր չէ հողի մեջ պառկել։ Իսկ երբ հիսուն հազար տարի անց լույս աշխարհ դուրս դանք, մեր բոլոր հոգսերը, սոցիալական բոլոր բարդ պրոբլեմները կարող է արդեն լուծված լինեն, և հողագունդը վերածված լինի դրախտի։
Ֆուսակոն խոհանոցում կերակրում էր երեխաներին։
― Կիկուկո֊սան,― ձայնեց նա,― մի արի տես, հայրիկի նախաճաշը կարծես թե պատրաստ է։
― Գալիս եմ։
Կիկուկոն բերեց Սինգոյի նախաճաշը։
― Բոլորն արդեն կերել են, միայն դուք եք մնացել։
― Հա՜, իսկ Սյուիտիին։
― Գնաց ձուկ բռնելու։
― Յասուկո՞ն։
― Այգում է։
― Չէ, այսօր ձու չեմ ուտի,― ափսեի մհջ դրված ձվերը ետ վերադարձրեց Սինգոն։ Նա հիշեց երազում տեսած օձի ձուն և տհաճություն զգաց։
Ներս մտավ Ֆուսակոն, տապակած տափակաձուկը լուռ դրեց հոր առջև ու վերադարձավ երախաների մոտ։
Երբ հարսը հավաքում էր կեղտոտ ափսեները, Սինգոն կամացուկ հարցրեց.
― Կիկուկո, դու երեխա ես ունենալո՞ւ։
― Ո՛չ։
Պատասխանելուց հետո Կիկուկոն հանկարծ վախեցավ ուղղակի տված այդ հարցից։
― Ոչ։ Չեմ ունենա,― օրորեց գլուխը։
― Ուրեմն, ոչ մի բան էլ չի՞ եղել։
― Չէ։
Կիկուկոն տարակուսած նայեց Սինգոյին ու կարմրեց։
― Կուզենայի այս անգամ այդ հարցին պատասխանատվությամբ վերաբերվեիր։ Վերջերս Սյուիտիի հետ լուրջ խոսեցի։ «Կարո՞ղ ես երաշխավորել, որ Կիկուկոն երեխաներ էլի կունենա»,― հարցրի նրան, և նա առանց մտածելու պատասխանեց. «Միանգամայն վստահ եմ»։― «Դա ապացույց է այն բանի, որ դու երկնքից չես վախենում,― ասացի ես։― Չէ՞ որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կպատահի վաղը»։ Անշուշտ, նա կլինի ձեր երեխան, Կիկուկո, բայց կլինի նաև մեր թոռնիկը։ Ես համոզված եմ, որ դու սքանչելի երեխա կծնես։
― Ինձ ներեցեք,― գլուխը կախեց Կիկուկոն։
Նման չէր, որ նա ինչ֊որ բան է թաքցնում։
Ֆուսակոյի ինչի՞ն էր պետք պնդել, թե Կիկուկոն հղի է։ Նրա հետապնդումների մեջ մեծ նախանձախնդրություն չկա՞ր։ Հնարավո՞ր բան է, որ Ֆուսակոն իմանար հարսի հղի լինելը, իսկ հարսը, որին դա ամենից շատ էր վերաբերում, չիմանար։
Չլինի՞ Ֆուսակոն խոհանոցից լսում է իրենց խոսակցությունը։ Սինգոն շրջվեց․ ոչ, կարծես թե երեխաների հետ դուրս է եկել բակ։
― Ասում ես Սյուիտին գնացել է ձուկ որսալո՞ւ։ Առաջ նա, որքան գիտեմ, ձկնորսությամբ չէր զբաղվում, ճի՞շտ է։
― Այո։ Հավանաբար որևէ ընկերոջից լսել է, որ այդ լճակում շատ ձկներ կան,― պատասխանեց Կիկուկոն, և Սինգոն մտածեց. «Գուցե Սյուիտին իսկապե՞ս հեռացել է Կինուկոյից»։
Չէ՞ որ առաջ նա կիրակի օրերն էլ էր սիրուհու մոտ անցկացնում։
― Քիչ հետո չգնա՞նք տեսնենք ինչպես է ձուկ բռնում,― առաջարկեց հարսին։
Սինգոն իջավ այգի։ Յասուկոն այնտեղ կանգնած ուշադրությամբ զննում էր բալենին։
― Բա՞ն է պատահել։
― Չէ։ Պարզապես տերևները բոլորովին թափվել են։ Մտածեցի՝ վրան հո բզեզներ չե՞ն հարձակվել։ Ինձ թվում էր՝ այս ծառին ծղրիդներ էին ճռռում, այնինչ համարյա տերևազուրկ է եղել։
Մինչ նրանք խոսում էին, դեղնած սաղարթները շարունակում էին թափվել։ Քամի չկար, և դրանք ոչ թե թռչկոտելով, այլ հանդարտորեն իջնում էին գետին։
― Սյուիտին կարծեմ գնացել է ձուկ որսալու։ Ես էլ Կիկուկոյի հետ գնամ տեսնեմ․․․
― Ձուկ որսալո՞ւ,― ետ շրջվեց Յասուկոն։
― Կիկուկոյին ես հարցրի, ասաց ոչ մի բան չկա։ Կարո՞ղ է Ֆուսակոն սխալվել է։
― Հնարավոր է։ Իրեն՝ Ֆուսակոյին, չե՞ս հարցրել։― Յասուկոն մտածկոտ ծոր տվեց բառերը։
― Այդ ամենը խիստ տխուր բան է։
― Ֆուսակոն ինչո՞ւ է անընդհատ որևէ սուտ հնարում։
― Իսկապես, ինչո՞ւ,― խոժոռվեց Սինգոն։
― Ես կհարցնեմ նրան։
Վերադարձան տուն։ Սպիտակ սվիտերով Կիկուկոն, գետան հագած, նախասենյակում կանգնել սպասում էր Սինգոյին։
Թեթևակի շառագունած այտերը նրան փթթուն տեսք էին տվել։
<b>4</b>
Պատուհանի մեջ անսպասելի կարմիր գույներ հայտնվեցին։ Դրանք լիկորիսի ծաղիկներ էին։ Լիկորիսն աճել էր երկաթուղային հաղաթմբի վրա, երկաթգծին այնքան մոտիկ, որ գնացքը կողքով անցնելիս, ծաղիկներն ասես ճոճվում էին։ Սինգոն ծաղկած լիկորիո տեսել էր նաև Տոցուկայի բալենիների միջև։ Ծաղիկները նոր էին բացվել և վառ կարմիր էին։
Այդ առավոտ կարմիր ծաղիկները Սինգոյին առիթ տվին աշնանային դաշտերի անդորրը հիշելու։
Արագորեն երևալով անցան միսկանտի փոքրիկ թփուտները։
Սինգոն հանեց աջ ոտքի կոշիկն ու ոտքը ձախ ծնկին դնելով, սկսեց ներբանը տրորել։
― Այդ ի՞նչ ես անում,― հարցրեց Սյուիտին։
― Թմրել է։ Վերջերս կառամատույցի աստիճաններով բարձրանալիս ոտքերս թմրում են։ Այս տարի ինչ-որ շատ եմ թուլացել։ Զգում եմ, ուժերս հետզհետե հատնում են։
― Կիկուկոն էլ է շարունակ անհանգստանում․ ասում է հայրիկը հոգնում է։
― Ճի՞շտ։ Այդ երևի այն պատճառով, որ նրան ասացի, թե կուզենայի հիսուն հազար տարի մնալ հողի մեջ պառկած։
Սյուիտին տարակուսանքով նայեց հորը։
― Խոսում էինք լոտոսի սերմերի մասին։ Հնամյա լոտոսի սերմերը ծլել ու ծաղիկներ են տվել։ Թերթում էր գրված։
― Ի՜նչ ես ասում։ Իսկապե՞ս։
Սյուիտին սիգարետ վառեց։
― Դու Կիկուկոյին հարցրել ես, հո երեխայի չի սպասում, և խիստ վշտացրել նրան, հայրիկ։
― Ինչո՞ւ։
― Որովհետև առայժմ չի կարող։
― Հա՞։ Իսկ այդ․․․ Կինուկոյի երեխան ինչպե՞ս է։
Սյուիտին վատ զգաց, բայց զսպեց իրեն։
― Ինձ ասացին, որ դու գնացել ես նրա մոտ։ Եվ փողի չեկ ես տվել։ Այդ մեկը պետք չէր անել։
― Որտեղի՞ց իմացար։
― Կողմնակի ճանապարհով։ Մենք՝ ես ու Կինուկոն, այլևս չենք հանդիպում։
― Նրա երեխան քեզանի՞ց է։
― Կինուկոն հավատացնում է, որ՝ ոչ․․․
― Ինչ էլ ասելու լինի, խոսքը վերաբերում է քո խղճին։ Համաձա՞յն ես,― Սինգոյի ձայնը դողում էր։
― Ճիշտը խոստովանած, չգիտեմ։
― Ո՞նց թե։
― Որքան էլ ինքս ինձ տանջեմ, միևնույն է, այդ դիվահար կնոջ հետ լեզու չեմ գտնի։
― Նա քեզանից անհամեմատ ավելի շատ է տանջվում։ Ինչպես նաև Կիկուկոն։
― Բայց հիմա, քանի որ հեռացել ենք իրարից, Կինուկոն դարձյալ կսկսի ապրել ինչպես առաջ, իր ցանկացած ձևով, ըստ իր հայեցողության։
― Եվ դա օրինավո՞ր բան է։ Մի՞թե իսկապես չես ուզում իմանալ՝ երեխան քոնն է, թե ոչ։ Կամ գուցե, այնուամենայնիվ, խիղճդ թելադրո՞ւմ է քեզ, թե նրա երեխան ումից է։
Սյուիտին չպատասխանեց. միայն ճպճպացնում էր իր՝ տղամարդու համար չափազանց գեղեցիկ, աչքերը։
Ֆիրմայում, Սինգոյի սեղանին սգո սև եզրանախշով մի բացիկ էր դրված։ Լյարդի քաղցկեղով հիվանդ ընկերոջ տանից էր։ Ճիշտ է, նրա վիճակը խիստ ծանր էր, բայց ինչ֊որ շատ շուտ մահացավ,― մտածեց Սինգոն։
Չլինի՞ թե մեկն ու մեկն, այնուհանդերձ, նրան թույն է տվել։ Հնարավոր է, որ նա ցիանակալիում խնդրել է ոչ միայն Սինգոյից։ Կամ, թերևս, ինքնասպան է եղել որևէ այլ միջոցով։
Մի նամակ ևս կար, Տանիձաքիից։ Հիդեկոն հայտնում էր, որ տեղափոխվել է ուրիշ սալոն։ Իրենից հետո Կինուկոն նույնպես դուրս է եկել նախկին տեղից ու մեկնել Նումաձու, գրում էր Հիդեկոն։ Տոկիոյում դժվար է, իսկ Նումաձուում ինքը կարող է սեփական փոքրիկ արհեստանոց բացել, ասել էր Հիդեկոյին։
Հիդեկոն, իհարկե, այդ մասին չէր գրել, բայց Կինուկոն ըստ երևույթին որոշել է Նումաձու գնալ երեխան այնտեղ գաղտնի ծնելու համար, ենթադրեց Սինգոն։
Մի՞թե Կինուկոն իրոք, ինչպես ասաց Սյուիտին, վճռել է այսուհետև ապրել ըստ իր հայեցողության, խզելով բոլոր կապերը և՛ Սյուիտիից, և՛ Սինգոյից։
Սինգոն որոշ ժամանակ նստել էր անշարժ, նայում էր պատուհանում փայլատակող արևի լվացված ճառագայթներին։
Կինուկոյի հետ ապրող Իկեդան մնացել է մենակ։ Տեսնես առանց ընկերուհու ինչպե՞ս է զգում։
Սինգոն վճռեց անպայման հանդիպել Իկեդային կամ Հիդեկոյին և նրանցից տեղեկություններ իմանալ Կինուկոյի մասին։
Օրվա երկրորդ կեսին գնաց հանգուցյալ ընկերոջ ընտանիքին ցավակցությունը հայտնելու։ Այնտեղ առաջին անդամ լսեց, որ ընկերոջ կինը յոթ տարի է ինչ մահացել է։ Ընկերն, ըստ երևույթին, ապրում էր ավագ որդու տանը։ Որդին հինգ երեխա ուներ։ Ո՛չ որդին, ո՛չ էլ թոռները նման չէին հանգուցյալին։
Սինգոյին հետաքրքիր էր իմանալ՝ հիվանդը իսկապե՞ս անձնասպանություն էր գործել, թե... Սակայն այդ մասին, բնականաբար, չէր կարելի հարցնել։
Դագաղի մոտ դրած ծաղիկների մեջ գերիշխում էին քրիզանթեմները։
Երբ ֆիրմա վերադառնալուց հետո Նացուկոյի հետ նստած փաստաթղթեր էին ստուգում, անսպասելի զանգահարեց Կիկուկոն։ Հո, վատ բան չի պատահե՞լ,― անցավ Սինգոյի մտքով։
― Կիկուկո՞, դու որտե՞ղ ես, Տոկիոյո՞ւմ։
― Այո։ Եկել էի մերոնց մոտ։― Զգացվում էր, որ հարսը ժպտում է։― Մայրիկս ասաց ուզում է ինձ հետ խոսել, բայց ոչ մի խոսելիք էլ չուներ։ Պարզապես կարոտ ել էր ինձ։
― Հասկանալի է։
Սինգոն խաղաղվեց։ Հեռախոսով Կիկուկոյի ձայնը հուզված չէր։
― Հայրիկ, դուք արդեն տո՞ւն եք գնում։
― Այո։ Գուցե բոլորս միասի՞ն գնանք։
― Շատ լավ։ Ես այնպե՜ս էի ուզում ձեզ հետ լինել։ Դրա համար էլ զանգահարեցի։
― Սքանչելի է։ Եթե դու դեռ գործ ունես, մի շտապիր։ Ես Սյուիտիին կնախազգուշացնեմ։
― Ոչ մի գործ էլ չունեմ, արդեն պատրաստվում էի տուն վերադառնալ։
― Այդ դեպքում, գուցե անցնես ֆիրմա՞։
― Իսկ հարմա՞ր է, որ գամ։ Որոշել էի ձեզ կայարանում սպասել։
― Ոչ, ավելի լավ է արի այստեղ։ Սյուիտին էլ մեզ հետ կգա, ռեստորանում մի բան կուտենք և երեքով կմեկնենք տուն։
― Ես նրան զանգահարել եմ, տեղում չէր։
― Այ թե ի՜նչ։
― Կարելի՞ է ես հենց հիմա գամ։ Բոլոր գործերս վերջացրել եմ։
Սինգոյի դեմքն այրվում էր․ նա հանկարծակի պարզ տեսավ պատուհանի ետևում ձգվող փողոցը։
== Ձուկն աշնանը ==