Changes
/* ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ */
Բիլբոն մկից էլ զգույշ հեռացավ պատից։ Բայց Գոլլումը իսկույն խլշկոտեց, քթով օդ ներս քաշեց, աչքերը վառվեցին կանաչ կրակով։ Նա ցածր, բայց սպառնալից ֆշշացրեց։ Գոլլումը հոբիտին տեսնել չէր կարող, բայց խավարը սրել էր նրա լսողությունն ու հոտառությունը։ Նա կռացավ՝ թաթերի տափակ ափերով գետնին հենված, և վիզն առաջ մեկնեց, համարյա քթով քարե հատակին քսվելով։ Նրա աչքերը թույլ լույս էին արձակում, այդ լույսի մեջ հազիվ նշմարվում էր նրա ուրվագիծը, բայց Բիլբոն զգաց, որ Գոլլումը, լարված աղեղի նման, պատրաստվեց թռիչքի։
Բիլբոն ինքն էլ քարացավ տեղում և համարյա դադարեց շնչել։ Նա հուսահատված էր։ Անհրաժեշտ է դուրս գալ այստեղից, այս սարսափելի խավարից, քանի դեռ իր մեջ ուժ է մնացել։ Հարկավոր է պայքարել։ Այդ չար արարածին դաշույնով խփել, սպանել, կանխել նրան, քանի դեռ նա չի սպանել Բիլբոյին։Ոչ։ Դա անազնվություն կլինի։ Բիլբոն անտեսանելի է, իսկ Գոլլումը դաշույն չունի, ասենք նա Բիլբոյին սպանելու փորձ էլ չի արել։ Եվ հետո, Գոլլումն այնքան միայնակ է, այնպես դժբախտ ու լքված։ Հանկարծակի Բիլբոյի սիրտը լցվեց կարեկցանքով, վախի հետ խառնված խղճահարությամբ, նա պատկերացրեց անվերջանալի անլույս օրերի շարանը, առանց լավ կյանքի որևէ հույսի՝ միայն կոշտ քար, սառը ձուկ, հավերժական վազվռտուք ու քրթմնջոց։ Այս բոլորը կայծակի պես անցան Բիլբոյի մտքով, նա ցնցվեց։ Եվ հանկարծ բոլորովին անսպասելի մի նոր միտք փայլատակեց նրա գլխում, և նա, ասես լցվելով վճռականությամբ ու եռանդով, թռավ․․․ Մարդու համար այդպիսի թռիչքը աստված գիտե, թե որքան դժվար կլիներ, բայց չէր որ դա նաև թռիչք էր դեպի անհայտություն․․․ Բիլբոն թռավ ուղիղ Գոլլումի գլխավերևով՝ մի մետր բարձրությամբ և երկուսուկես մետր երկարությամբ։ Նա գլուխ չէր հանում, թե ինչպես եղավ, որ գանգը չփշրեց թունելի ցածր կամարին խփելով։ Գոլլումը ետ թեքվեց ու փորձեց որսալ հոբիտին, բայց ուշացավ․ նրա թաթերը միայն օդ ճանկեցին, իսկ Բիլբոն, վայրէջք կատարելով իր ամուր, փրչոտ ոտքերի վրա, սուրաց կողմնային մուտքով։ Նա փախչում էր առանց ետ նայելու։ Ֆշշոցն ու նախատինքը լսվեցին Բիլբոյի ուղիղ թիկունքում, հետո դադարեցին։ Չարությամբ ու հուսահատությամբ լի մի հոգեցունց ճիչ բարձրացավ։ Գոլլումը պարտվել էր։ Առաջ վազել այլևս չհամարձակվեց։ Նա տարվեց․ բայց թողեց որսը և կորցրեց միակ բանը, որի վրա դրողում էր։ Նրա ճիչից Բիլբոյի սիրտը վախից քիչ մնաց դուրս թռչեր, բայց նա շարունակեց փախչել։ Հետո նրան հասավ արձագանքի պես թույլ, բայց սպառնալից գոռոցը․ «Գո՛ղ, գո՛ղ․․․ Բեգինս-ս-ս-սը գող է․․․ ատելի, գարշ-շ-շ-շելի, ընդմիշ-շ-շտ, ընդմիշ-շ-շտ․․․»։ Հետո լռություն տիրեց։ Բայց լռությունն էլ էր ահաբեկում Բիլբոյին։ «Եթե գոբլիններն այնքան մոտիկ են, որ Գոլլումը նարնց հոտն առավ,― մտածեց նա,― ուրեմն լսել են նրա ճղճղոցն ու հայհոյանքը։ Շատ զգույշ, թե չէ այս ճանապարհի վերջը վատ կլինի»։ Անցուղին ցածր էր ու հատակը շատ վատ մշակված։ Հոբիտի համար տեղը բավարար էր, բայց այնուամենայնիվ նա մի քանի անգամ ցավեցրեց ոտքերի մատները՝ ցցված քարերին խփելով։ «Գոբլինների համար ցածրիկ է, համենայն դեպս գոնե խոշորների համար»,― մտածեց Բիլբոն։ Նա չգիտեր, որ նույնիսկ ամենախոշոր գոբլինները կարող են կռացած շարժվել հսկայական արագությամբ, ձեռքերով գետնին հենվելով։ Շուտով թեք վայրէջքը վերջացավ ու նորից վերելք սկսվեց, ավելի ու ավելի զառիվեր դառնալով։ Բիլբոն ստիպված եղավ արագությունը նվազեցնել։ Թունելը թեքվեց մի կողմ, արահետև կտրուկ իջաց ներքև, և այնտեղ, կարճ վայրէջքի վերջում, Բիլբոն լույս տեսավ, որ հաջորդ շրջադարձից էր ընկնում։ Ոչ թե կարմիր, խարույկի կամ ջահի, այլ սպիտակ, ցերեկային, որ լինում է միայն բաց երկնքի տակ։ Բիլբոն սկսեց վազել։ Նա բառացիորեն գլորվեց ներքև, շրջվեց վերջին անկյունից և հայտնվեց մի փոքրիկ հրապարակում, որ ողողված էր արևի լույսով։ Այդքան երկար խավարից հետո լույսը նրան կուրացրեց, բայց իրակիանում դա ընդամենը լույսի մի շերջ էր, որ ընկնումէր քարե մեծ բաց դռնից։ Բիլբոն աչքերը թարփեց և հանկարծ տեսավ գոբլիններին․ նրանք, լրիվ զինված, թրերը մերկացրած, նստած էին դռան առջև, աչքերը չկտրելով դեպի դուռը եկող թունելից։ Նրանք զգոն էին, ականջները սրած, կազմ ու պատրաստ։ Գոբլինները Բիլբոյին ավելի շուտ տեսան, քան վերջինս՝ նրանց։ Այո, տեսան։ Պատահականորեն թե դիտմամբ՝ որոշելով իր նոր տիրոջը ֆոկուս անել, մատանին անհետացել էր։ Գոբլինները հիացմունքի վայրենի ոռնոցներով նետվեցին դեպի Բիլբոն։ Կորուստի ցավն ու սարսափը պատեցին Բիլբոյին, ինչպես քիչ առաջ Գոլլումին և, դաշույնը մոռացած, նա վշտից ձեռքերը մտցրեց գրպանները։ Ա՜յ քեզ ուրախություն, մատանին այնտեղ էր, ձախ գրպանում, մատը մտավ մատանու մեջ․․․ և գոբլինները տեղներում քարացան, ոնց որ արձան։ Նրանք ոչինչ չէին հասկանում․ հենց նոր նա այստեղ էր և հանկարծ կորավ։ Գոբլինները նորից ոռնացին, բայց այս անգամ ոչ թե հիացմունքից, այլ հիասթափությունից։ ― Որտե՞ղ է նա,― ճչում էին ոմանք։ ― Ետ գնաց թունել,― գոռում էին մյուսները։ ― Այստեղ,― կանչում էին երրորդները։― Այնտեղ։ ― Դռան ետևը նայեք,― մռնչաց գոբլինների կապիտանը։ Լսվեցին սուլոցներ, զենքերի շաչյուն, սայրերի զնգոց, գոբլինները մռնչալով ու հայհոյելով ետ ու առաջ էին վազվզում, մեկը մյուսին զարկելով, ընկնելով ու աստիճանաբար կատաղելով։ Սարսափելի իրարանցում, խառնաշփոթություն ու աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Բիլբոն սաստիկ վախեցավ, բայց նա ողջախոհություն ունեցավ մտնելու մեծ տակառի ետևը, որից պահակները ջուր էին խմում, որպեսզի իրեն ոտքի տակ չտային, չտրորեին և շոշափելով չբռնեին։ ― Հարկավոր է հասնել դռանը, ինչ գնով էլ ուզում է լինի հասնել դռանը,― ինքն իրեն կրկնում էր Բիլբոն, բայց միանգամից չվճռեց։ Հետագայում ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես պահմտոցի խաղի ժամանակ, միայն թե սարսափով։ Շուրջը գոբլիններ էին վազվզում, խեղճ Բիլբոն մի երկու անգամ խույս տվեց, բայց հետո նրան վայր գցեց մի գոբլին, որն այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչի վրա ընկավ։ Հետո Բիլբոն վեր կացավ չորեքթաթ, սողաց կապիտանի ոտքերի արանքով, ամբողջ հասակով կանգնեց և նետվեց դեպի դուռը։ Դուռը դեռևս փակված չէր, բայց մի ինչ-որ պահակ համարյա ամբողջովին ծածկել էր այն։ Բիլբոն փորձեց հրել դուռը, բայց այն նույնիսկ տեղից չշարժվեց։ Փորձեց ճեղքի միջոց անցնել, բայց լռվեց։ Այ քեզ սարսափելի բա՜ն։ Նրա բաճկոնի կոճակները կառչեցին կողափայտին։ Բիլբոն արդեն տեսավ, ինչ կա դռան ետևում, մի քանի աստիճաններ իջնում էին ներքև, դեպի բարձր լեռների միջև գտնվող նեղ կիրճը, արևը ամպերի տակից դուրս եկավ և պայծառ լուսավորեց դռան մյուս կողմում գտնվող բնապատկերը։ Բայց Բիլբոն չկարողացավ դուրս պրծնել աքցանից։ Հանկարծ գոբլիններից մեկը գոռաց․ ― Դռան մոտ ստվեր է երևում․․․ Այնտեղ ինչ-որ մեկը կա․․․ Բիլբոյի սիրտը կատաղորեն թպրտաց, նա ամբողջ ուժով խցկվեց առաջ, կոճակները թռան չորս կողմ, բաճկոնն ու անթև բաճկոնակը պատռելով՝ Բիլոբն դուրս պրծավ ու աստիճաններով այծի պես ցատկոտելով վազեց ներքև, իսկ ապշահար գոբլիններն ստիպված եղան նրա պղնձե գեղեցիկ կոճակները հավաքել։ Հասկանալի է, նրանք իսկույնևեթ հարայհրոցով ու ճիչերով ընկան Բիլբոյի ետևից։ Բայց գոբլիններն արևի լույս չեն սիրում, նրանց ոտքերը թուլանում են, գլուխները պտտվում։ Նրանց վիճակված չէր Բիլբոյին բռնել, որը մատանին մատին վազում էր ծառերի շվաքում՝ արագ, անաղմուկ, աշխատելով արևի տակ դուրս չգալ։ Շուտով, հայհոյելով և մռթմռթալով, գոբլինները ետ քաշվեցին, գնացին դուռը պահպանելու։ Բիլբոն փրկվեց․․․