Changes
/* ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԽԱՎԱՐՈՒՄ */
― Փնտրել պետք չ-չ-չէ, պետք չ-չ-չէ։ Մենք չենք կարող հիշ-շ-շել բոլոր տեղերը, որտեղ լինում ենք։ Անօգուտ է։ Մատանին Բեգինս-ս-սի գրպանում է։ Գարշ-շ-շելի ս-ս-ստահակն է գտել, մենք համոզված ենք։ Ոչ, մենք միայն կռ-ռ-ռահում ենք, իմ ս-ս-սքանչելի, միայն կռ-ռ-ռահում ենք։ Մենք չենք կարող իմանալ, մինչև չբռնենք գարշ-շ-շելի արարածին, մինչև նրա վիզը չոլորենք։ Ախր նա չգիտի, թե ինչ կարող է անել նվերը, ճի՞շտ է։ Նա այն ուղղակի կպահի գրպանում։ Նա չէր կարող հեռու գնալ։ Նա կորել է, գարշ-շ-շելի, խորամանկ արարածը։ Նա չ-չ-չգիտի այս-ս-ստեղից գնալու ճանապարհը, չ-չ-չգիտի, նա ինքն էր ասում։ Այո, աս-ս-սում էր, բայց նա խորամանկ է։ Նա պատասխանը չի աս-ս-սում, իմ ս-ս-սքանչելի․․․ Չի աս-ս-սում, թե ինչ կա իր գրպանում։ Նա կարող-ղացել է ներս մտնել, ուրեմն և կկարողանա դուրս-ս-գալ։ Նա փախել է դեպի ետնամուտքը։ Ուրեմն մենք էլ կգնանք այն կողմը։ Այնտեղ նրան գոբլինս-ս-սները կճանկեն։ Այնտեղից նա դուրս-ս-ս չ-չ-չի գա, իմ ս-ս-սքանչելի։ Գոբլինս-ս-սները․․․ Եթե մեր գանձը նրա մոտ է, ապա գոբլինս-ս-սներին բաժին կընկնի, գոլլմ․․․ Նրանք գլխի կընկնեն, թե ինչ կարող է անել մատանին։ Մենք երբեք անվտանգ չենք լինի, երբեք, գոլլմ․․․ Գոբլինս-ս-սը կդնի մատին ու կանհետանա։ Գոբլինս-ս-սը այս-ս-ստեղ կլինի, իս-ս-սկ մենք նրան չենք տես-ս-սնի։ Նույնիսկ մեր ս-ս-սուր աչքերը նրան չեն նկատի։ Եվ այն ժամանակ գոբլինս-ս-սը կձևացնի, գաղտնի կմոտենա և կճանկի մեզ-զ-զ, գոլլմ․․․ Բավական է․ շ-շ-շատախոսել, իմ ս-ս-սքանչելի, շ-շ-շտապիր։ Եթե Բեգինս-ս-սը գանցել է այն կողմը, պետք է հաս-ս-սնել։ Առաջ գնալ․․․ քիչ է մնացել․․․ Շ-շ-շ-շուտ․․․
Գոլլումը վեր թռավ, ասես նրան վեր նետեցին, և անհավատալի արագությամբ չլմփացնելով գնաց առաջ։ Բիլբոն շատպեց նրա ետևից, առաջվա պես զգուշություն պահպանելով։ Այժմ նրա գլխավոր հոգսն էր նորից չշրմփալ և աղմուկ չբարձրացնել։ Նրա գլխում փոթորիկ էր՝ հույսն ու հուսահատությունը խառնվել էին իրար։ Պարզվում է, որ իր գտած մատանին կախարդական է։ Այն անտեսանելի է դարձնում։ Բիլբոն, իհարկե, հնագույն հեքիաթներից գիտեր այդպիսի բաների մասին, բայց ինչ-որ դժվար էր հավատալ, որ դու ինքդ պատահաբար այդպիսի մատանի ես գտել։ Սակայն, հավատաս թե չհավատաս, միևնույն է, Գոլլումն իր լապտեր-աչքերով թռավ անցավ նրա կողքով։
Հետո լռություն տիրեց։ Բայց լռությունն էլ էր ահաբեկում Բիլբոյին։
«Եթե գոբլիններն այնքան մոտիկ են, որ Գոլլումը նարնց հոտն առավ,― մտածեց նա,― ուրեմն լսել են նրա ճղճղոցն ու հայհոյանքը։ Շատ զգույշ, թե չէ այս ճանապարհի վերջը վատ կլինի»։