Changes
/* Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ */
–Ա՜խ, դուք ծառերին նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես տեսնում եմ նրանց նույնքան պարզ, որքան դուք, սակայն ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ես մտածել էի և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:
–Այդ դեպքում եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,– հարցրեց Թեոդենը: –Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ -որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:
–Կախարդանքն այստեղ կապ չունի,– ասաց Գենդալֆը: –Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը:
–Այո, Իզենգարդ,– կրկնեց Գենդալֆը: –Ես գնում եմ այնտեղ, և ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կլինենք:
–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ -որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
–Եվ, այնուամենայնիվ, ես գնում եմ Իզենգարդ,– անվրդով կրկնեց Գենդալֆը: –Ճիշտ է, կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չբոլորած ես այնտեղ կլինեմ:
Արևն արդեն մտնում էր կիրճի արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ վերջապես Թեոդենը Գենդալֆի և մյուսների հետ ճանապարհ ընկավ: Նրանց ճանապարհելու էին եկել ռոհանի հեծյալները, Վեսթֆոլդցիները, ծերերն ու երիտասարդները, կանայք և երեխաները, թե՛ ճակատամարտի մասնակիցները, թե՛ քարանձավներում թաքնվածնները: Բոլորը հնչեղ, բարձր ձայնով երգեցին հաղթանակի հիմնը և լռեցին՝ սարսափով նայելով խորհրդավոր ծառերին:
Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ -որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ -որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ նրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց ճանապարհի եզրից այն կողմ՝ ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վերածվում անթափանց խավարի, որտեղ ինչ -որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... Բայց ո՛չ օրքեր, ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:
Լեգոլասն ու Ջիմլին ընթանում էին միասին, աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
–Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ -որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց:
–Մի շտապիր, Լեգոլաս,- էլֆին հանգստացրեց Գենդալֆը: –Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես տրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ -որ պիրկ, մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու՝ նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:
–Թողեք զենքերը,– ասաց Գենդալֆը,– դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
Երևում է Գենդալֆը գիտեր ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:
–Հովիվնե՛ր,– ուշքի գալով խոսեց Թեոդենը,– իսկ ու՞ր է նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է դու նրանց մասին ինչ -որ բան գիտես:
–Նրանք ծառերի հովիվներն են,– պատասխանեց հրաշագործը: Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ:
–Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,– հարցրեց Թեոդենը: –Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
–Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ -որ մեկին,– պատասխանեց Գենդալֆը: –Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից՝ ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին՝ ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
–Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով:
–Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,– հարցրեց Արագորնը: –Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
–Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,– ասաց Էոմերը,– բայց նման բան, թերևս, ես էլ չեմ տեսել: Բայց այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ -որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Երևի եռացրել է Իզենի ջրերը, այդ պատճառով էլ հունը դատարկ է:
–Ամեն ինչ հնարավոր է,– համաձայնվեց Գենդալֆը: –Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ -որ սև, գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:
–Տեղից չշարժվե՛ք,– հրամայեց Գենդալֆը: –Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ -որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց, վերջ ի վերջո, խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:
Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ -որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերը ինչպես հայտնվել էին՝ այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:
Այդ գիշեր ոչ թագավորը, ոչ էլ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը և գետը սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ -որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում, մշուշի միջից, աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ -որ մեկը թափանցել ամրոցի դարպասներից ներս, բացառությամբ երևի Օձի Լեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխոջում էին առվակները:
Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գույություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հոդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:
Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի ինչ -որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:
Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դռների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
–Երևի Կաթսայի հյուսիսային մասում,– պատասխանեց Մերին: –Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:
Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ -որ խուլ դղրդյուն էր գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:
–Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,– հարցրեց Գենդալֆը: