Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:
— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:
— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց Գանդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:
— Գնալը կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ էլ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.
Էնտերը հողածին, լեռների պես ծեր,
Հսկայաքայլ, ջուր խմող,
Հոբիթները ընդմիշտ սոված,
Զվարթ, փոքրիկ ժողովուրդ:
Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:
— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը և արագ շրջվեցին:
Ծառմորուսը երկար նայեց նրանց և մտահոգ գլուխն օրորեց: Ապա Գենդալֆին ասաց.
— Ուրեմն, Սարումանը վախեցա՞վ դուրս գալ: Ես այդպես էլ գիտեի: Նրա սիրտը փտել է, ինչպես հուորնի ներսը: Չնայած, եթե ես էլ պարտություն կրեի, և իմ բոլոր ծառերը ոչնչացված լինեին, ես էլ կթաքնվեի իմ ապաստանում և դուրս չէի գա:
— Իզուր ես համեմատում,— առարկեց Գենդալֆը: — Չէ՞ որ դու չես պատրաստվում ամբողջ աշխարհը լցնել քո ծառերով, ի վնաս բոլոր մյուս շնչավորների: Իսկ Սարումանը նախընտրեց հոգում պահպանել սև ատելությունը բոլորի նկատմամբ և նոր ցանցեր հյուսել: Օրթհանքի բանալին ձեռքից չես խլի, բայց նրան այնտեղից դուրս թողնել չի կարելի:
— Մի անհանգստացիր, էնտերն այդ մասին հոգ կտանեն,— խոստացավ Ծառմորուսը: — Առանց իմ թույլտվության նա մի քայլ էլ չի անի: Մենք գիշեր-ցերեկ կհսկենք Իզենգարդը:
— Հենց այդ մասին էլ ուզում էի քեզ խնդրել,— ասաց Գենդալֆը: Գոնե մի հոգս կպակասի: Այժմ ես կրող եմ հանգիստ հեռանալ և զբաղվել այլ գործերով: Միայն թե շրջահայաց եղեք: Ջուրը իջել է, և վախենում եմ, որ միայն աշտարակի շուրջը պահապաններ կանգնեցնելը բավարար չէ: Շատ հնարավոր է, որ ամրոցում ստորգետնյա խոր թունելներ լինեն: Սարումանն անկասկած կփորձի օգտվել դրանցից: Երևի արժե ևս մեկ անգամ ջրասույզ անել Իզենգարդը, թող այն վերածվի լճի, քանի դեռ բոլոր անցումները չեք գտել: Հարկավոր է ջրասույզ անել բոլոր ստորգետնյա թունելները, հորերը, քարանձավները: Միայն այդ դեպքում Սարումանը ստիպված կլինի հարմարվել իր ճակատագրին: Թող նստի աշտարակում ու պատուհանից նայի:
— Թող այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը: Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:
=== Գլուխ տասնմեկ. Պալանտիր ===
Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆն իր ուղեկիցներով և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: