Changes

Պահապանները

Ավելացվել է 6918 բայտ, 13:06, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Օ՜հ, ներեցե՛ք,— հանկարծ հորանջեց Փինը,— բայց ես սարսափելի հոգնել եմ: Տագնապներն ու հոգսերը թող մնան վաղը, իսկ հիմա պառկեմ, թե չէ մեկ էլ տեսար նստած քնեցի: Ու՞ր է այդ դդում Մերին: Եթե ստիպված լինենք գիշերով նրան փնտրել՝ ես հետո դրա գլուխը կթռցնեմ:
 
Նրա այդ խոսքերի վրա մուտքի դուռը շրխկաց, միջանցքում տարածվեց արագ քայլերի թխկթխկոցը և սենյակ ներխուժեց Մերին, իսկ նրա հետևից՝ իրեն կորցրած Նոբը: Մերին դժվարությամբ շունչ առավ ու գնդացրի նման շարեց.
 
— Ես տեսա նրանց, Ֆրոդո, տեսա, նրանք էնտեղ են՝ Սև Հեծյալները:
 
— Սև Հեծյալնե՞րը,— Ֆրոդոն վեր թռավ: — Որտե՞ղ:
 
— Էստեղ, հենց էստեղ, գյուղամիջում: Ես մոտ մի ժամ նստեցի կրակի մոտ, դուք չեկաք ու գնացի ման գալու: Կանգնել էի լապտերի մոտ ու նայում էի աստղերին: Հանկարծ վրաս դող եկավ. ինչ-որ զզվելի բան զգացի, սև ստվերը ծակեց խավարը լապտերներից քիչ հեռու: Երևաց ու սողաց թանձր խավարի մեջ ինչ-որ տեղ: Ձի չկար:
 
— Ու՞ր սողաց,— կտրուկ հարցրեց Պանդուխտը:
 
Մերին օտար մարդ նկատելով, սարսռաց:
 
— Խոսիր,— ասաց Ֆրոդոն,— նա Գանդալֆի բարեկամն է, հետո կբացատրեմ:
 
— կարծես թե Ուղու կողմը,— շարունակեց Մերին: — Ես էլ որոշեցի հետևել, բայց չգիտեի ինչին կամ ում, թեքվեցի մյուս տների արանքներով գնացող նեղլիկ փողոցն ու հասա վերջին տանը:
 
— Կարգին քա՜ջն ես,— նկատեց Պանդուխտը, ոչ առանց զարմանքի նայելով Մերիին: — Սակայն դա մեծ անխելքություն է:
 
— Ոչ քաջություն, ոչ էլ խենթություն ինձանից չէր պահանջվում,— առարկեց Մերին: — Ես գնում էի ասես ինձնից անկախ. ինչ-որ բան ձգում էր ու վերջ: Թե ուր՝ չգտեմ: Բայց հանկարծ կարծես ուշքի եկա՝ և համարյա կողքիս երկու ձայն լսեցի: մեկը ֆսֆսում էր, իսկ նրան ի պատասխան անհասկանալի մրթմրթոց էր հնչում: Ես ոչինչ չհասկացա, մոտենալ չէի համարձակվում, իսկ փախչել՝ ոտքերս չէին ենթարկվում: Կանգնել, դողում եմ, մի կերպ շուռ եկա մեջքով նրանց կողմը, արդեն ուզում էի ծլկել, հանկարծ թիկունքից վրա հասավ երկյուղը, և ես... երևի ընկել եմ:
 
— Տեր իմ, ես նրան գտա,— բացատրեց Նոբը: — Պարոն նարկիսն ինձ ուղարկեց լապտերով, որ նրան փնտրեմ: Դե ես սկզբում գնացի Արևմտյան Դարպասի մոտերքը, հետո Հարավայինի՝ ինչ տեսնեմ՝ Բիթ Կաղամախի տան ցանկապատի մոտ ինչ-որ բան էն չի: Կարծես թե երկու հոգի կռացել են երրորդի վրա, ուզում են քարշ տալով տանել: Ես գոռացի՝ «Պահա՜կ» ու՝ էդտեղ: Վազելով եկա՝ մարդ չկա, մենակ պարոն Բրեդիզայքն է պառկած, կարծես ճանապարհի վրա քնել է: Ես նրան ցնցում եմ, հա ցնցում, վերջը զոռով ուշքը տեղն եկավ ու հազիվ փսփսում է. «Ես,— ասում է,— խեղդվել եմ ու պառկած եմ ջրի հատակին»,— ու չի էլ շարժվում: Ես՝ դեսուդեն, ի՞նչ անեմ: Իսկ նա մեկ էլ հանկարծ նետի պես վեր թռավ դեպի պոնին, արի ու հասիր հետևից:
 
— Երևի հենց այդպես էլ եղել է ամեն ինչ,— ասաց Մերին: — Ճիշտ է, չեմ հիշում, թե ինչեր եմ դուրս տվել, թեպետ այդ քունն ավելի սարսափելի էր, քան մահը, ճիշտն ասած, քունն էլ չեմ հիշում, այդքանից էլ շնորհակալ եմ: Ասես ինձ ինչ-որ բանի խորքը քաշեցին:
 
— Քիչ է մնացած եղել, որ քաշեն,— ճշտեց Պանդուխտը,— անդրշիրիմյան խավար: Ըստ երևույթին, Հեծյալներն իրենց ձիերը թողել են ինչ-որ տեղ և Հարավային Դարպասով հասել Լեռնամոտ: Կաղամախից էլ հենց իմացել են վերջին նորությունները, շիլաչք հարավցին էլ անկասկած լրտես է: Զվարճալի գիշեր է լինելու:
 
— Իսկ ի՞նչ է,— հարցրեց Մերին,— կհարձակվեն պանդոկի վրա՞:
 
— Հազիվ թե,— ասաց Պանդուխտը,— դեռ բոլորն իրար գլխի չեն հավաքվել, և հետո էլ, նրանք այդպես չեն գործում: Նրանց ամայություն ու խավար է հարկավոր, իսկ մեծ տուն, իրարանցում, կրակներ, շատ ժողովուրդ՝ ոչ, դա նրանց ինչի՜ն է պետք, միևնույնն է, մեր ճանապարհը երկար է, ժամանակ կա: Իրենք չեն հարձակվի, բայց կամակատարներ այստեղ շատ ունեն՝ ոմանք սիրով կօգնենմ մյուսները՝ վախից:
 
— Հենց ա՜յ նրանք՝ Կաղամախը, հարավցիների հնգյակը, նաև դռնապան Գորրին: Հեծյալները երկուշաբթի օրը նրա հետ խոսեցին իմ աչքի առաջ, երբ հեռացան, նա քաթանի գույն էր ստացել, ու ծնկներն էլ դողում էին:
 
— Նշանակում է շուրջբոլորը թշնամիներ են,— ասաց Ֆրոդո: — Ի՞նչ անենք:
 
— Քնել այստեղ, ննջարանները չգնալ... Նրանք հավանորեն արդեն պարզել ենմ թե որտեղ են մեր ննջարանները, հյուսիսային կլոր պատուհանները համարյա գետնամած են: Կմնանք այստեղ, պատուհանները կրկնափեղկերով կփակենք, դուռը բոլոր կողպեքներով ու սողնակներով կկողպենք: Հիմա ես ու Նոբը կգնանք ձեր եղած-չեղածը կբերենք:
 
— Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գանդալֆի նամակի շուրջը:
 
 
Վստահելի
1342
edits