Changes
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
Գիշերը ավելի ու ավելի էր մթնում: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. մարգագետնով ձիեր էին արշավում: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը մոտենում էր դռանը, մյուս երկուսը տան անկյուններն էին հսկում: Ստվերները թաքնվեցին ու լռությունն ավելի խորացավ, իսկ գիշերը վերջ չուներ: Տան մոտակայքի ծառերն ասես քարացել էին համր լռության մեջ:
Բայց թեթև քամի անցավ տերևների միջով ու ինչ-որ տեղ կանչեց առաջին աքաղաղը: Վաղորդյան սահմռկելի ժամն անցավ: Դռան մոտի ստվերը շարժվեց: Անաստղ ու անլուսին մառախուղի մեջ փայլեց մերկացված շեղբը: Փափուկ, բայց ծանր հարվածը ցնցեց դուռը:
— Բաց անել, Մորդորի անունից,— հրամայեց չարագույժ, ուրվականային ձայնը: Երկրորդ հարվածից դուռը պոկվեց ու տապալվեց՝ շղթաների, կեռերի ու սողնակների հետ միասին: Սև ստվերները ներս խուժեցին: Եվ իսկույն էլ մոտակա անտառակում զիլ հնչեց եղջերափողը: Այն կայծակի նման ճեղքեց գիշերը.
''Ելի՛ր... Հարձակում... Հրդեհ ... Թծնամին...''
Գիրուկ Կուղբնոցը տանը չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացավ, որ ինքը պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտիկ տունը և ընկել շեմին: «Ոչ, ոչ... — տնքում էր նա: — Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»: Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, Արշավանք է Հավերժական Անտառից: Եվ թնդաց կոչը.
''Հարձակու՛մ... Հրդե՛հ... Թշնամի՛... Այրվու՛մ ենք...''
Բրենդիզայքները փչում էին հին եղջերափողը՝ ազդարարելով տագնապ, որ չէր հնչել արդեն մի ամբողջ հարյուր տարի, այն ժամանակից ի վեր, ինչ դաժան ձմռանը սառցակալած գետի սառույցի վրայով հյուսիսից սպիտակ գայլեր էին եկել: