V. Ստորին պալատի այն հանձնաժողովի առջև, որն զբաղվում էր 1857 թվականի, բանկային օրենքով (վերջինս մենք քաղբերում ենք իբրև „Bank Commettee”, 1857) երկու շուկայի փոխադարձ գերալցման մասին հետևյալն է ասում պարոն Ալեքսանդերը արևելահնդկական առևտրին մասնակցող վաճառականը. «4330. Ներկա մոմենտին, եթե ես Մանչեստրում վճարեմ 6 շիլլինգ, Հնդկաստանում ետ կստանամ 5 շիլլինգ. եթե Հնդկաստանում վճարեմ 6 շիլլինգ, Լոնդոնում ետ կստանամ 5 շիլլինգ»։ Այսպիսով ուրեմն, Հնդկական շուկան Անգլիայի միջոցով ու անգլիականը Հնդկաստանի միջոցով գերալցվում են միահավասար չափով։ Եվ այս տեղի ունեցավ հենց 1857 թվականի ամառը, 1847 թվականի դառը փորձից հազիվ տասը տատի անց։
</FONT>
===ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ. ՆՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎՐԱ===
«Անգլիայում տեղի է ունենում նորաստեղծ հարստության մի մշտական կուտակում, որը վերջում փողի ձև ընդունելու տենդենցն ունի։ Բայց փող ձեռք բերելու ցանկությանը համառորեն հետևում է փողից դարձյալ ազատվելու ցանկությունը մի որևէ այնպիսի ներդրման միջոցով, որը տոկոս կամ թե շահույթ է բերում, որովհետև փողն իբրև փող ոչինչ չի բերում։ Ուստի եթե հավելութային կապիտալի այս մշտական առհոսմանը զուգընթաց նրա գործունեության դաշտի մի աստիճանական ու բավարար ընդարձակում տեղի չի ունենում միաժամանակ, ապա մենք պետք է ականատես լինենք ներդրում փնտրող փողի պարբերական կուտակումների, որոնք, նայած պարագաներին, ավելի մեծ կամ ավելի փոքր չափեր են ընդունում։ Մի երկար շարք տարիների ընթացքում պետական փոխառություններն Անգլիայի հավելութային հարստության ծծման գլխավոր միջոցն էին։ Այն ժամանակվանից հետո, երբ պետական պարտքը 1816 թվականին իր մաքսիմումին հասավ և դադարեց . ծծել հավելութային հարստությունը, յուրաքանչյուր տարի առնվազը 27 միլիոնի մի գումար էր մնում, որը ներդրման մի ուրիշ պատեհություն էր փնտրում։ Բացի սրանից, կապիտալի տարբեր ետվճարումներ տեղի ունեցան... Այն ձեռնարկությունները, որոնք իրենց գործունեության համար կարիք ունեն խոշոր կապիտալի և որոնք ժամանակ առ ժամանակ դեպի իրենց են գրավում չզբաղված կապիտալի հավելույթը... գոնե մեր երկրում բացարձակորեն անհրաժեշտ են, որպեսզի մեջտեղից հեռացնեն հասարակության հավելութային հարստության այն պարբերական կուտակումները, որոնք ներդրման սովորական ճյուղերում իրենց համար տեղ գտնել չեն կարողանում», («The currency theory reviewed», London, 1845, էջ 32—54)։ Նույն տեղում 1845 թվականի մասին ասված է. «Մի շատ կարճ ժամանակաշրջանում գները դեպրեսիայի ամենացածր կետից վեր սլացան... պետական եռատոկոս փոխառությունը գրեթե al pari [նոմինալ արժեքի մակարդակի վրա] է կանգնած... Անգլիայի Բանկի նկուղներում եղած ոսկին գերազանցում է առաջներում որևէ ժամանակ այնտեղ կուտակված գումարից։ Ամեն տեսակի ակցիաների համար գոյացել են այնպիսի գներ, որոնք համարյա ոչ մի ժամանակ լսված չէին, և տոկոսադրույքն այնքան է իջել, որ նա գրեթե անվանական է... Ամեն ինչ ապացույց է այն բանի, որ հիմա Անգլիայում դարձյալ առկա է չզբաղված հարստության մի ծանրակիր կուտակում և որ մոտիկ ապագայում մեր հանդեպ նորից ելնելու է սպեկուլյատիվ տենդի մի ժամանակաշրջան» (Ն. տեղ, էջ 36)։
«Թեև ոսկու ներմուծումը բնավ ստույգ ցուցանիշ չի արտաքին առևտրի մեջ ձեռք բերած շահույթի, բայց և այնպես ներմուծվող այս ոսկու մի մասը, այլ ցուցանիշների բացակայության պարագայում, prima facie [ակներևորեն] նշանակում է այսպիսի շահույթ»։ (J. G. Hubbard: «The currency and the country», London, 1843, էջ 40—41)։ «Ենթադրենք, հարատև լավ գործի, շահաբեր գների ու հորդալիր փողային շրջանառության մի ժամանակաշրջանում վատ բերքն առիթ կտար 5 միլիոն ոսկի արտահանելու և նույն գումարի հացահատիկ ներմուծելու։ Շրջանառությունը» {այս, ինչպես իսկույն կերևա, նշանակում է ոչ թե շրջանառության միջոցներ, այլ չզբաղեցրած փողային կապիտալ.— Ֆ. Է.} «կնվազի միևնույն գումարի չափով։ Մասնավոր մարդիկ որքան էլ ապահովված լինեն շրջանառության միջոցներով, այնուամենայնիվ բանկերում պահ տված վաճառականների ավանդները, բանկերի հաշվեմնացորդներն իրենց փողային մակլերների մոտ ու պահեստի գումարները բանկերի կասսաներում — սրանք բոլորը կնվազեն և չզբաղված կապիտալի գումարի այս նվազման անմիջական հետևանքը կլինի տոկոսադրույքի մի բարձրացում օրինակ, 4%-ից մինչև 5%։ Որովհետև գործերն առողջ կացության մեջ են, վստահությունը չի խախտվի, բայց վարկն ավելի բարձր կգնահատվի» (ն. տ., էջ 42)։ «Եթե ընկնում են ապրանքների գներն ընդհանրապես, ապա հավելութային փողը աճած ավանդների ձևով ետ է հոսում բանկերը, չգործադրված կապիտալի գերառատությունը գցում է տոկոսադրույքը մինչև մինիմում, և իրերի այս դրությունը հարատևում է այնքան, մինչև որ բարձր գները կամ առևտրի աշխուժացումը գործի են դնում նիրհող փողը կամ թե չէ այս վերջինս կլանվում է, ներդրվելով արտասահմանյան արժեթղթերի ու կամ արտասահմանյան ապրանքների մեջ» (էջ 68)։
Հետևյալ քաղվածքները 1847—48 թվականների «Commercial distress»-ին [առևտրական ճգնաժամին] վերաբերյալ պառլամենտական հաշվետվությունից են դարձյալ։— 1846—47 թվականների անբերրիության ու սովի հետևանքով հարկավոր եղավ սննդամիջոցների մի խոշոր ներմուծում։ «Սրանից առաջ եկավ ներմուծման խոշոր հավելույթ արտահանման համեմատությամբ... Սրանից առաջ եկավ փողի մի մեծ տարհոսում բանկերից ու մուրհակներ զեղչագների մի ուժեղ խռնում զեղչման մակլերների մոտ. մակլերներն սկսում են ավելի խիստ պայմանով ընդունել մուրհակները։ Մինչև այժմ բացած վարկերը խստորեն սահմանափակվեցին, և թույլ ֆիրմաների շրջանում ծայր տվին սնանկությունները։ Նրանք, որոնք ամբողջովին գործում էին վարկի միջոցով, խորտակվեցին։ Այս սաստկացրեց արդեն առաջ էլ զգացվող անհանգստությունը. բանկիրները և ուրիշները տեսան, որ նրանք միևնույն վստահությամբ չէին կարող իրենց մուրհակներն ու այլ արժեթղթերը բանկնոտաների փոխարկելու վրա հույս դնել այն նպատակով, որ իրենց պարտավորությունները կատարեն. նրանք վարկատրումն է՛լ ավելի սահմանափակեցին և հաճախ դադարեցնում էին բոլորովին. շատ դեպքերում նրանք իրենց բանկնոտաները փականքի տակ էին պահում՝ իրենց սեփական պարտավորությունների ապագա հաշվեփակման համար. նրանք գերադասում էին ամենևին դուրս չտալ բանկնոտաները։ Անհանգստությունն ու շփոթությունն աճում էին օրեցօր, և եթե Լորդ Ջոն Ռասսելի նամակը չլիներ, ընդհանրական սնանկությունը պատրաստ էր» (էջ 74, 75)։ Ռասսելի նամակը դադարեցրեց բանկային օրենքը։— Վերևում հիշատակված Չառլզ Տերները վկայում է. «Մի քանի ֆիրմաներ խոշոր միջոցներ ունեին, բայց այդ միջոցներն ազատ չէին։ Նրանց ամբողջ կապիտալն ամուր ներդրված էր Մավրիկյան կղզու հողագույքի մեջ կամ թե լեղակի ու շաքարի արտադրության մեջ։ 500 000—600 000 ֆ. ստ. գումարի պարտավորությունների տակ մտնելուց հետո նրանք ոչ մի ազատ միջոց չունեին իրենց մուրհակները վճարահատուցելու համար, և վերջի-վերջո պարզվեց, որ նրանք իրենց մուրհակները կարող էին վճարահատուցել իրենց վարկի միջոցով միայն ու այն չափով, որչափով որ սա բավականացնում էր» (էջ 81)։ Հիշյալ Ս. Գարնիյը ասում է. [1864]. «Ներկայումս (1848 թ.) իշխում է շրջանառության սահմանափակում ու փողի մեծ գերառատություն»։— № 1763. «Ես չեմ կարծում, թե կապիտալի պակաս լինելն էր, որ այնպես վեր մղեց տոկոսադրույքը. պատճառը սարսափն էր (the alarm), բանկնոտաներ ստանալու դժվարությունը»։
1847 թվականին Անգլիան արտասահմանին ոսկով առնվազը 9 միլիոն ֆ. ստ. վճարեց ներմուծված սննդամիջոցների համար։ Սրանից 7½ միլիոնը վերցրած է Անգլիայի բանկից ու 1½-ը այլ աղբյուրներից (էջ 245) — Մորրիսն, Անգլիայի բանկի կառավարիչը, ասում է. «1847 թվականի հոկտեմբերի 23-ին պետական ֆոնդերը և ջրանցքների ու երկաթուղիների ակցիաներն արդեն գնազրկված էին 114 752 225 ֆ. ստ.-ի չափով» (էջ 312)։ Միևնույն Մորրիսը վկայում է՝ լորդ Ջ. Բենտինկի կողմից հարցափորձվելով հետևյալի մասին. «Արդյոք ձեզ հայտնի չէ՞, որ ամեն տեսակի արժեթղթերի ու արդյունքների մեջ ներդրված ամբողջ կապիտալի արժեքն ընկել էր միևնույն եղանակով, որ հումքը, բամբակը, մետաքսը, բուրդը մայր ցամաք ուղարկվեցին նույն ծայրահեղ ցածր գներով և որ շաքարը, սուրճն ու թեյը ծախծխվեցին աճուրդներով»։— «Անխուսափելի էր այն որ ազգը մի զգալի զոհաբերություն աներ՝ հակազդելու համար ոսկու այն տարհոսմանը, որը սննդամիջոցների վիթխարի ներմուծման հետևանքն էր»։— «Դուք չե՞ք կարծում, որ ավելի լավ կլիներ օգտագործել այն 8 միլիոն ֆ. ստ., որ դրված կար բանկերի պահեստներում, քան փորձել այսպիսի զոհերով ոսկին ետ վերադարձնել»։— «'''Ես այդ չեմ կարծում'''»։— Հիմա մի մեկնաբանություն այս հերոսության վերաբերմամբ։ Դիզրաելին հարցաքննում է պարոն Վ. Վ. Կոտտոնին, Անգլիայի բանկի դիրեկտորին ու նախկին կառավարչին։ «Ինչքա՞ն էր այն դիվիդենդը, որ բանկի ակցիոներներն ստացան 1844 թվականին»։— «Տարեկան 7% էր այն»։— «Իսկ 1847 թվականի՞ դիվիդենդը»։— «9%»։— «Ընթացիկ տարում բանկը վճարո՞ւմ է իր ակցիոներների եկամտային հարկը»։— «Անշուշտ»։— «Նա այս արեց 1844 թվականի՞ն էլ»։— «Ոչ»<ref>Այսինքն ասածներում նախ սահմանվում էր դիվիդենդը և ապա ամեն մի ակցիոների վճարելիս՝ այս դիվիդենդից հանվում էր եկամտային հարկը, իսկ 1844 թվականից հետո նախ վճարվում էր հարկը բանկի ամբողջ շահույթի համար և ապա բաշխվում free of income tax [եկամտային հարկից ազատ] դիվիդենդը։ Ուրեմն վերջին դեպքում միևնույն անվանական տոկոսներն ավելի բարձր էին հարկի գումարի չափով։— Ֆ. Է.։</ref>։— «Այս դեպքում ուրեմն բանկային այս (1844 թ.) օրենքը շատ շահավետ էր ակցիոներների համար... Հետևանքն այն էր այսպիսով, որ նոր օրենքը մտցնելուց հետո ակցիոներների դիվիդենդը 7%-ից բարձրացել է 9%-ի՞, և բացի սրանից, հիմա բա՞նկն է վճարում եկամտային հարկը, մինչդեռ առաջ պետք է ակցիոները վճարեր»։— «Այդ միանգամայն ճիշտ է»— (№№ 4356—4361)։
Միստեր Պիիզը, գավառական մի բանկիր, 1847 թվականի ճգնաժամի պահին բանկերում կուտակված պահեստի գումարների մասին ասում է. «4605. Որովհետև բանկն ստիպված էր ավելի ու ավելի բարձրացնելու իր տոկոսադրույքը, ուստի երկյուղն ընդհանուր դարձավ. գավառային բանկերը շատացրին իրենց փողի պաշարները, ինչպես և բանկնոտաների գումարները. և մեզանից շատերը, որոնք սովորաբար հոգում էին, գուցե մի քանի հարյուր ֆունտ ստերլինգ միայն պահած ունենալ ոսկով կամ, թե բանկնոտաներով, իսկույն հազարներ կուտակեցին փողի պահարաններում ու գրասեղաններում, որովհետև կատարյալ անհայտություն էր իշխում ղեղչի վերաբերմամբ ու մուրհակների շրջողունակության վերաբերմամբ շուկայում, և այսպիսով տեղի ունեցավ փողի պաշարի մի ընդհանրական կուտակում»։ Հանձնաժողովի մի անդամ նկատում է». «4691. Ըստ այսմ, անկախ նրանից, թե ինչով էին պայմանավորվում վերջին 12 տարվա դեպքերը, համենայն դեպս հետևանքը շատ ավելի նպաստավոր էր վաշխառուի ու փողի առևտրականի համար, քան արտադրող դասակարգի համար ընդհանրապես»։
Թե փողի առևտրականները որքան սաստիկ են շահագործում ճգնաժամի ստեղծած պայմանները (վկայում է Տուկը «Ուորվիկշիրի ու Ստաֆորդշիրի մետաղի արտադրության մեջ 1847 թվականին ապրանքների բազմաթիվ պատվերներ մերժվեցին, որովհետև այն տոկոսը, որ գործարանատերը պիտի վճարեր իր մուրհակները ղեղչել տալու համար, իր ամբողջ շահույթից ավելի խոշոր գումար կկլաներ» (№ 5451)։
Հիմա վերցնենք վերևում արդեն քաղբերված պառլամենտական մի ուրիշ հաշվետվություն «Report of Select Committee on Bank Acts, communicated from the Commons to the Lords, 1857» (ներքևում մենք քաղբերում ենք իբրև «B. C.» 1857)։ Այդտեղ պարոն Նորմենը, Անգլիայի բանկի դիրեկտորն ու գլխավոր լուսատուն currency principle սկզբունքի կողմնակիցների չարքերում, վկայում է հետևյալը.
«3685— Դուք ասացիք, որ այն հայացքին եք, թե տոկոսադրույքը կախված է ոչ թե բանկնոտաների մասսայից, այլ կապիտալի պահանջարկից ու առաջարկից։ Կհաճեի՞ք բացատրել, թե կապիտալ ասելով ինչ եք հասկանում բացի բանկնոտաներից ու մետաղե փողից»։ «Ես կարծում եմ, որ կապիտալի սովորական որոշումն այս է. «կապիտալը ներկայացնում է ապրանքներ կամ թե ծառայություններ, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։— «3636. Դուք բոլո՞ր ապրանքներն եք ընդգրկում կապիտալ բառով, երբ խոսում եք տոկոսադրույքի մասին»։— «Այո, այն բոլոր ապրանքները, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։— «3637. Դուք այս բոլո՞րն եք հասկանում կապիտալ բառի տակ, երբ խոսում եք տոկոսադրույքի մասին»։— «Այո։ Ընդունենք, բամբակեղենի մի գործարանատեր իր գործարանի համար բամբակի կարիք ունի. նա իր պահանջը հավանորեն նրանով կբավարարի, որ փոխառություն կանի իր բանկիրի մոտ և այս կերպով ձեռք բերած բանկնոտաներով կմեկնի Լիվերպուլ և բամբակ կգնի։ Նա իսկապես բամբակի կարիք ունի. իսկ բանկնոտաների կամ թե ոսկու կարիք ունի միմիայն նրա համար, որ սրանք բամբակ ստանալու միջոց են։ կամ թե նա միջոցների կար իք ունի՝ իր բանվորներին վարձատրելու համար. այս դեպքում նա դարձյալ փոխառություն է անում բանկնոտաներով և իր բանվորների վարձը վճարում այս բանկնոտաներով. իսկ բանվորներն էլ իրենց հերթին կարիք ունեն սննդի ու բնակարանի, և փողը միջոց է սրանց վճարման համար»։— «3638. Բայց չէ՞ որ փողի համար տոկոս է վճարվում»։— «Անշուշտ, տոկոսը վճարվում է առաջին հերթին. բայց վերցրեք մի ուրիշ դեպք։ Ընդունենք, որ նա բամբակը գնում է վարկով և ուրեմն այս նպատակով բանկից փող չի վերցնում. այս դեպքում այն տարբերությունը, որ գոյանում է կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին, կներկայացնի հենց տոկոսի չափանիշը։ Տոկոսը գոյություն կունենար, եթե փող նույն իսկ չլիներ ընդհանրապես»։
Այս ինքնագոհ ափեղցփեղությունը լիովին պատշաճ է currency principle-ի այս սյանը։ Ամենից առաջ՝ այն հանճարեղ հայտնագործությունը, թե բանկնոտաները կամ ոսկին մի բան գնելու միջոց են և թե մարդիկ սրանք փոխ են վերցնում ոչ հենց սրանց սիրուն։ Եվ սրանից պետք է հետևի, թե տոկոսադրույքն ինչո՞վ է կարգավորվում։— Ապրանքների պահանջարկով ու առաջարկով, որոնց մասին մինչև այժմ այն գիտեինք լոկ, որ նրանք ապրանքների շուկայի գներն են կարգավորում։ Բայց ապրանքների անփոփոխ շուկայի գների հետ համատեղելի են տոկոսի բոլորովին տարբեր նորմաներ։— Իսկ հետո էլ այս հնարամտությունը։ Այն ճիշտ նկատողությանը, թե «փողի համար է սակայն տոկոս վճարվում», մի նկատողություն, որն, իհարկե, իր մեջ պարփակում է հետևյալ հարցը — «այս ապրանքների հետ ի՞նչ կապ ունի այն տոկոսը, որ ստանում է բանկիրը, բանկիր, որն ապրանքների առուտուրով չի զբաղվում ամենևին և հավասար տոկոսադրույքով փող չե՞ն ստանում արդյոք այն գործարանատերերը, որոնք փողը ծախսում են բոլորովին տարբեր շուկաներում, հետևաբար այնպիսի շուկաներում, որտեղ արտադրության մեջ գործածվող ապրանքների պահանջարկի ու առաջարկի միանգամայն տարբեր հարաբերություն է իշխում»։ Այս հարցմունքին ի պատասխան այս հաղթական հանճարը նկատում է. երբ գործարանատերը բամբակը վարկով է գնում, «այս դեպքում այն տարբերությունը գոյանում է կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին, կներկայացնի հենց տոկոսի չափանիշը«։ Ընդհակառակը։ Տոկոսի գոյություն ունեցող նորման, որի կարգավորումը պետք է պարզաբանի Նորմենի հանճարը, մասշտաբն է հենց այն տարբերության, որ գոյանում է գործող գների միջև՝ մուրհակի ժամկետը հասնելու մոմենտին։ Կանխիկ փողով գնելու ու վարկով գնելու դեպքերում նախ պետք է բամբակը ծախել իր գնով ու կանխիկ վճարելով, իսկ այդ գինը որոշվում է շուկայի գնով, որն ինքը կարգավորվում է պահանջարկի ու առաջարկի պայմաններով։ Ասենք՝ գինը = 1 000 ֆ. ստ.։ Սրանով փակվում է գործարանատիրոջ ու բամբակի մակլերի միջև կատարվող գործարքը, որ չափով որ խոսքն առքին ու վաճառքին է վերաբերում։ Բայց սրան ավելանում է մի երկրորդ գործարք, որը կատարվում է վարկատուի ու փոխառուի միջև։ 1 000 ֆ. ստ.-անոց արժեքը գործարանատիրոջը փոխատրվում է բամբակի ձևով, և նա պետք է այս ետվճարի փողի ձևով, ասենք, երեք ամսում։ Եվ այն ժամանակ երեք ամսում 1 000 ֆ. ստ. համար տրվող տոկոսը, որը որոշվում է տոկոսի շուկայի նորմայով, կազմում է կանխիկ վճարվող գնի վրա դրվող հավելուրդը։ Բամբակի գինը որոշվում է պահանջարկով ու առաջարկով։ Սակայն բամբակի փոխադրված արժեքի գինը, 1 000 ֆ. ստ. գինը երեք ամսվա ընթացքում, որոշվում է տոկոսի նորմայով։ Եվ այս հանգամանքը, որ բամբակն ինքն այսպիսով փողային, կապիտալի է փոխարկվում, պարոն Նորմենի աչքում ապացույց է այն բանի, որ տոկոսը գոյություն կունենար, եթե փող նույնիսկ չլիներ ընդհանրապես։ Եթե ընդհանրապես փող չլիներ, տոկոսի ընդհանրական նորմա համենայն դեպս գոյություն չէր ունենա։
Ամենից առաջ այն գռեհիկ պատկերացման մասին, որպես թե կապիտալը ներկայացնում են այն «ապրանքները, որոնք գործ են ածվում արտադրության մեջ»։ Որչափով որ այս ապրանքները երևան են գալիս իբրև կապիտալ, նրանց, իբրև '''կապիտալի''', արժեքը, ի տարբերություն նրանց իբրև '''ապրանքների''', արժեքից, արտահայտվում է շահույթի մեջ, որը ձեռք է բերվում նրանց արտադրողական կամ առևտրային գործածությունից։ Եվ շահույթի նորման միշտ էլ անպայման մի որոշ առնչություն ունի գնված ապրանքների շուկայի գնի հետ և նրանց պահանջարկի ու առաջարկի հետ, բայց նա դեռ բոլորովին ուրիշ հանգամանքներով է որոշվում։ Եվ որ տոկոսի նորման ընդհանրապես իր սահմանն է գտնում շահույթի նորմայում, սրանում ոչ մի կասկած չկա։ Բայց պարոն Նորմենը թող մեզ ուղղակի ասի, թե այս սահմանն ինչպես է որոշվում։ Իսկ սա որոշվում է փողային կապիտալի պահանջարկով ու առաջարկով, '''ի տարբերություն''' կապիտալի բոլոր մյուս ձևերից։ Հիմա կարող է հետագա հարցը արվել։— Ի՞նչպես են որոշվում փողային կապիտալի պահանջարկն ու առաջարկը։ Որ մի գողտուկ կապակցություն կա իրեղեն կապիտալի առաջարկի ու փողային կապիտալի առաջարկի միջև, այս մասին ոչ մի կասկած. ինչպես և այն մասին, որ փողային կապիտալի նկատմամբ արդյունաբերական կապիտալիստների առաջադրած պահանջարկը որոշվում է իրական արտադրության պայմաններով։ Մեզ այս կետը լուսաբանելու փոխարեն պ. Նորմենը այն իմաստությունն է մեզ հրամցնում, թե փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը նույնը չի, ինչ որ է փողի, իբրև այսպիսու, նկատմամբ առաջադրվող պահանջարկը, և միմիայն այս իմաստությամբ էլ նա սահմանափակվում է, որովհետև նրա, Օվերստոնի և currency principle-ի մյուս մարգարեների հոգեկան խորքում միշտ դարանած է չար խիղճը, որից մղված նրանք ձգտել են արհեստական օրենսդրական միջամտությամբ շրջանառության միջոցները, իբրև այսպիսիները, կապիտալ դարձնելու և տոկոսադրույքը բարձրացնելու։
Հիմա դառնանք լորդ Օվերստոնին, որը նույնպես կոչվում է Սամյուել Ջոնս Լոյդ, և տեսնենք՝ սա ինչ կերպ պիտի բացատրի, թե ինչո՞ւ է 10% առնում իր «փոդի» համար քանի որ «կապիտալն» այնքան հադվադեպ է երկրում։
«3653. Տոկուսի նորմայի տատանումներն առաջ են գալիս երկու պատճառից մեկն ու մեկից — կապիտալի արժեքի մեջ տեղի ունեցած փոփոխությունից» (հիանալի՜ է. կապիտալի արժեքն, ընդհանրապես ասած, չէ՞ որ հենց նույն տոկոսադրույքն է։ Ուրեմն տոկոսի նորմայի փոփոխությունն այստեղ առաջ է գալիս տոկոսի նորմայի փոփոխությունից։ «Կապիտալի արժեքը», ինչպես ցույց ենք տվել առաջ, երբեք այլ կերպ չէ հասկացվում, կամ թե չէ՝ պարոն Օվերստոնը կապիտալի արժեք ասելով շահույթի նորման է հասկանում. այս դեպքում ուրեմն խորիմաստ մտածողը վերադառնում է այն դրույթին, թե տոկոսի նորման, կարգավորվում է շահույթի նորմայով) «և կամ երկրում առկա փողի գումարի մեջ տեղի ունեցած փոփոխությունից։ Տոկոսադրույքի բոլոր մեծ տատանումները — մեծ՝ կամ ըստ տատանման տևողության ու կամ ըստ տատանման լայնածավալության — կարող են պարզորոշաբար հանգեցվել կապիտալի արժեքի փոփոխություններին։ Այս իրողության ամենից ակնբախ գործնական լուսաբանումը կարող է տալ տոկոսադրույքի բարձրացումը 1847 թվականին ու դարձյալ վերջին երկու տարում (1855–1856 թվականներին), տոկոսադրույքի ավելի մանր տատանումները, որոնք առաջ են գալիս փողի առկա գումարի փոփոխությունից, փոքր են թե ըստ իրենց ծավալի ու թև ըստ իրենց տևողության։ Նրանք հաճախ են պատահում և որքան ավելի հաճախադեպ են, այնքան ավելի ներգործող են իրենց նպատակի տեսակետից», այսինքն Օվերստոնի տիպի բանկիրներին հարստացնելու տեսակետից։ Սիրելի բարեկամ Սամյուել Կարնեյն այս մասին շատ միամիտ կերպով է արտահայտվում լորդերի պալատի հանձնաժողովի առջև, «C. D.» 1848/57. «1324. Դուք այն հայացքի՞ն եք արդյոք, որ տոկոսադրույքի այն մեծ տատանումները, որոնք տեղի ունեցան անցյալ տարի, շահավետ էին բանկիրների ու փողի առևտրականների համար, թե՞ ոչ»։— «Ես կարծում եմ, որ նրանք շահավետ էին փողի առևտրականների համար։ Տնտեսական կյանքում կատարվող բոլոր տատանումները շահավետ են այն մարդկանց համար, որոնք այդ գործերում եփված են (to the knowing men)»։— «1325. Սակայն բարձր տոկոսադրույքի դեպքում արդյոք բանկիրը վերջիվերջո կորուստ չպիտի՞ ունենա իր լավագույն կլիենտների աղքատանալու հետևանքով»։ «Ոչ, ես այն հայացքին չեմ, թե այս ներգործությունը նկատելի աստիճանի է հասնում»։— violà ce que parler veut dire [ահա ձեզ շաղակրատանքի ամբողջ իմաստը]։
Մենք դեռ կվերադառնանք այն ներգործությանը, որ փողի առկա գումարն ունենում է տոկոսադրույքի վրա։ Բայց այժմ արդեն պետք է նկատել, որ Օվերստոնը այստեղ դարձյալ մի quad pro qua [խառնաշփոթություն] է առաջ բերում։ 1847 թվականին (հոկտեմբերից առաջ բոլորովին հոգս չէին քաշում փողի սակավադիպության համար, կամ ինչպես նա ասում է վերևում, «փողի առկա քանակի» համար) փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն աճում էր տարբեր պատճառներով. հացահատիկի թանկացում, բամբակի բարձրացող գներ, շաքարի չծախվելը գերարտադրության, պատճառով, երկաթուղային սպեկուլացիա ու փլուզում, արտաքին շուկաների գերալցում բամբակեղեն ապրանքներով, վերևում նկարագրված՝ սաստկացրած արտահանություն դեպի Հնդկաստան ու սաստկացրած ներմուծում Հնդկաստանից՝ սոսկ արուրամուրհակներ ձեռք բերելու նպատակով։ Այս բոլոր պարագաները՝ գերարտադրությունն արդյունաբերության ասպարեզում, ինչպես և թերարտադրությունը երկրագործության մեջ, ուրեմն, բոլորովին տարբեր պատճառներ, փողային կապիտալի նկատմամբ, այսինքն վարկի ու փողի նկատմամբ առաջադրվող պահանջարկի բարձրացում պատճառեցին։ Փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի բարձրանալն իր պատճառներն ուներ բուն իսկ արտադրության պրոցեսի ընթացքի մեջ։ Բայց, ինչն էլ որ լիներ պատճառը, '''փողային''' կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն էր, որ բարձրացնել տվեց տոկոսադրույքը, փողային կապիտալի արժեքը։ Եթե Օվերստոնն ուզում է ասել, թե փողային կապիտալի արժեքը բարձրացավ, '''որովհետև''' այդ արժեքը բարձրացավ, ապա այս նույնաբանություն է։ Իսկ եթե նա «կապիտալի արժեքի ասելով այստեղ հասկանում է շահույթի նորմայի բարձրացումն իբրև տոկոսադրույքի բարձրացման պատճառ, ապա այս դրույթի սխալ լինելն իսկույն երևան կբերվի։ Փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը և ուրեմն «կապիտալի արժեքը» կարող է բարձրանալ, չնայած, որ շահույթն ընկնում է. հենց որ փողային կապիտալի հարաբերական առաջարկն ընկնում է, նրա «արժեքը» բարձրանում է։ Օվերստոնն ուզում է ապացուցել այն, որ 1847 թվականի ճգնաժամն ու տոկոսի այն բարձր նորման, որ ուղեկցում էր նրան, ամենևին կապ չունեին «փողի առկա քանակի» հետ, այսինքն 0վերստոնի ոգեշնչած՝ 1844 թվականի բանկային օրենքի որոշումների հետ. թեև սրանք իրոք կապ ունեին այդ որոշումների հետ, որչափով որ բանկային պահեստի գումարի — Օվերստոնի այդ ստեղծագործության — սպառվելու վախը 1847/48 թվականների ճգնաժամի վրա նաև փողային խուճապ էր ավելացնում։ Բայց այստեղ հարցն այդ չի։ Առկա էր փողային կապիտալի մի կարիք, որի պատճառը գործառնությունների անչափ մեծությունն էր եղած միջոցների համեմատությամբ և որը հանգեց մի պայթյունի վերարտադրության պրոցեսի խանգարման հետևանքով, իսկ սա արդյունք էր անբերության, երկաթուղային ուռճացած շինարարության, գերարտադրության, մանավանդ բամբակեղեն ապրանքների գերարտադրության և հնդկական ու չինական խաբեբայական առևտրի, սպեկուլացիայի, շաքարի գերներմուծման և այլն։ Այն մարդկանց, որոնք հացահատիկ էին գնել, երբ սրա քվարտերը 120 շիլլինգ էր, մինչև 60 շիլլինգ ընկնելու դեպքում պակասում էր հենց 60 շիլլինգ, որ նրանք ավելի էին վճարել, պակասում էր նաև համապատասխան վարկը սրա չափով՝ հացահատիկի գրավադրությամբ։ Բանկնոտաների պակասությունը չէր ամենևին, որ նրանց խանգարում էր իրենց հացահատիկը փողի փոխարկել 120 շիլլինգով՝ հին գնով։ Նույնպես այս չէր խանգարում և այն մարդկանց , որոնք գերներմուծել էին շաքար, որը չծախված էր մնացել։ Նույն գրության մեջ էին նաև այն պարոնները, որոնք իրենց շրջանառու կապիտալը (floating capital) ամուր կերպով ներդրել էին երկաթուղիների մեջ և իրենց «օրինական» գործում հիշյալ կապիտալը փոխարինելու համար դիմել էին վարկի օգնության։ Այս բոլորն Օվերստոնի աչքում արտահայտվում է իբրև «իր փողի բարձրացած արժեքի մի բարոյական գիտակցում» («a moral sense of the enhanced value of his money»)։ Բայց փողային կապիտալի այս բարձրացած արժեքին մյուս կողմում հենց ուղղակի համապատասխանում էր իրական կապիտալի (ապրանքային կապիտալի ու արտադրողական կապիտալի) իջած փողային արժեքը։ Մի ձևի կապիտալի արժեքը բարձրանում էր, որովհետև մյուս ձևի կապիտալի արժեքն իջնում էր։ Իuկ Օվերստոնը ճգնում է կապիտալի տարբեր տեսակների այս երկու արժեքը նույնացնել իբրև ընդհանրապես կապիտալի մի միակ արժեք ու այն էլ նրանով, որ երկուսն, էլ հանդիպադրում է շրջանառության միջոցների, կանխիկ փողի պակաս լինելուն։ Բայց փողային կապիտալի միևնույն գումարը կարող է փոխատրվել շրջանառության միջոցների շատ տարբեր զանգվածներով։
Հիմա վեր առնենք 1847 թվականի նրա օրինակը։ Բանկային պաշտոնական տոկոսադրույքն էր հունվարին՝ 3—3½%, փետրվարին՝ 4—4½%, մարտին՝ մեծ մասամբ 4%, ապրիլին (խուճապ)՝ 4—7½%, մայիսին՝ 5—5½%, հունիսին՝ ընդհանրապես 5%, հուլիսին՝ 5%, օգոստոսին՝ 5—5½%, սեպտեմբերին՝ 5%, սակայն 5¼, 5½, 6%-ի հասնող մանր փոփոխակներով, հոկտեմբերին՝ 5, 5½, 7%, նոյեմբերին՝ 7—10%, դեկտեմբերին՝ 7—5%։ Այս դեպքում տոկոսը բարձրանում էր, որովհետև ընկնում էր շահույթը, անչափ ընկնում էին նաև ապրանքների փողային արժեքները։ Ուրեմն եթե Օվերստոնն այստեղ ասում է, թե 1847 թվականին տոկոսադրույքը բարձրանում էր, որովհետև կապիտալի արժեքն էր բարձրանում, ապա նա կարող է կապիտալի արժեք ասելով այստեղ հասկանալ փողային կապիտալի արժեքը միայն, իսկ փողային կապիտալի արժեքը հենց ինքը տոկոսադրույքն է և ուրիշ ոչ մի բան։ Բայց հետո դուրս է ցցվում աղվեսի պոչը, և կապիտալի արժեքը նույնացվում է շահույթի նորմայի հետ։
Ինչ վերաբերում է այն բարձր տոկոսադրույքին, որ վճարվում էր 1857 թվականին, ապա Օվերստոնն իրոք չգիտեր, որ սա մասամբ հայտանիշ է այն բանի, թե երևան է եկել վարկային ասպետների այն տեսակը, որը տոկոսը վճարում է ոչ թե շահույթից, այլ ուրիշի կապիտալից. նա 1857 թվականի ճգնաժամից լոկ մի քանի ամիս առաջ պնդում էր, թե «տնտեսական գործերը միանգամայն, առողջ ընթացք ունեն»։
Այնուհետև նա վկայում է. «3722. Այն պատկերացումը, թե ձեռնարկուային շահույթը ոչնչանում է տոկոսադրույքի բարձրացման հետ միասին, վերին աստիճանի սխալ է։ Նախ՝ տոկոսադրույքի բարձրացումը հազվադեպ է երկարատև լինում. երկրորդ՝ եթե նա երկարատև է լինում ու զգալի չափեր է ընդունում, ապա ըստ էության նա կապիտալի արժեքի բարձրացում է նշանակում։ Իսկ ինչո՞ւ է բարձրանում կապիտալի արժեքը։ Որովհետև շահույթի նորման բարձրացել է։ Այսպիսով ուրեմն, մենք այստեղ վերջապես իմացանք, թե ինչ իմաստ ունի «կապիտալի արժեք» արտահայտությունը։ Սակայն շահույթի նորման կարող է երկար ժամանակ բարձր մնալ, իսկ ձեռնարկուային շահույթը՝ ընկնել և տոկոսադրույքը բարձրանալ, այնպես որ տոկոսը կկլանի շահույթի մեծագույն մասը։
«3724. Տոկոսադրույքի բարձրացումը մեր երկրի առևտրային գործի վիթխարի ընդարձակման ու շահույթի նորմայի մեծապես բարձրանալու հետևանք էր և եթե գանգատվում են, թե բարձրացած տոկոսադրույքը խորտակում է նույն այն երկու բանը, որոնք նրա սեփական պատճառն են եղել, ապա այս մի տրամաբանական անհեթեթություն է, որի մասին չես իմանում, թե ինչ ասես»։— Այս ճիշտ նույնքան տրամաբանական է, որքան եթե նա ասեր.— շահույթի բարձրացած նորման հետևանք էր ապրանքային գների բարձրացման, որ կատարվում էր սպեկուլացիայի միջոցով, և եթե գանգատվում են, թե գների բարձրացումը խորտակում է իր սեփական պատճառը, այն է՝ սպեկուլացիան, ապա այս մի տրամաբանական անհեթեթություն է և այլն։ Որ մի իր վերջիվերջո կարող է խորտակել իր սեփական պատճառը, այս մի տրամաբանական անհեթեթություն է բարձր տոկոսադրույքի վրա սիրահարված վաշխառուի համար միայն։ Հռոմայեցիների հզորությունը նրանց տիրակալությունների պատճառն էր, և նրանց տիրակալությունները խորտակեցին նրանց հզորությունը։ Հարստությունը պերճանքի պատճառն է, և պերճանքը խորտակիչ կերպով է ներգործում հարստության վրա։ Ի՜նչ խորամանկն է, հատը չկա։ Այժմյան բուրժուական աշխարհի իդիոտիզմը ոչ մի բանով այնպես լավ չի ցուցանշվում, քան այն հարգանքով, որ ամբողջ Անգլիային ներշնչում էր «միլիոնատիրոջ», այս dung-hill aristocrat-ի [աղբակույտի արիստոկրատի] «տրամաբանությունը»։ Սակայն եթե շահույթի բարձր նորման ու ձեռնարկոունների ընդարձակումը կարող են բարձր տոկոսադրույքի պատճառները լինել ապա սրանից չի հետևում ամենևին, թե բարձր տոկոսադրույքը բարձր շահույթի պատճառ է։ Եվ հարցն էլ այն է հենց, թե որ այս բարձր տոկոսը (ինչպես իրոք երևան եկավ ճգնաժամի ժամանակ) չի հարատևել արդյոք կամ թե մինչև իր գագաթնակետը մղվել այն բանից հետո միայն, երբ շահույթի բարձր նորմայի հետքը վաղուց արդեն չքացել էր։
«3718. Ինչ վերաբերում է զեղչատոկոսի նորմայի մեծապես բարձրանալուն, ապա այս մի հանգամանք է, որ լիովին ու ամբողջապես առաջ է գալիս կապիտալի բարձրացած արժեքից, իսկ կապիտալի արժեքի այս բարձրացման պատճառը, կարծում եմ, կարող է լիակատար պարզությամբ հայտնագործվել ամեն ոք։ Ես արդեն հիշատակել եմ այն իրողությունը, որ այն 13 տարվա ընթացքում, երբ ուժի մեջ էր բանկային այս օրենքը, Անգլիայի առևտուրն աճելով 45-ից հասել էր 120 միլիոն ֆ. ստ.-ի։ Խորհրդածեք այն բոլոր անցքերի մասին, որ այս հակիրճ թվական տվյալը պարփակում է իր մեջ. մտածեցեք կապիտալի նկատմամբ առաջադրվող այն վիթխարի պահանջարկի մասին, որն առևտրի մի այնքան հսկայական աճում առաջ բերեց, և միաժամանակ հաշվի առեք, որ այս մեծ պահանջարկի դիմաց մատուցվող առաջարկի բնական աղբյուրը, այն է՝ երկրի տարեկան խնայողությունները, վերջին երեք կամ թե չորս տարում սպառվել է ռազմական նպատակների համար արված անշահութաբեր ծախսումով։ Խոստովանում եմ՝ ես ապշած եմ, որ տոկոսադրույքն է՛լ ավելի բարձր չի կամ թե ուրիշ խոսքով՝ ես ապշած եմ, որ կապիտալի շուրջն ստեղծված դժվարություններն այս հսկայական գործառնությունների հետևանքով է՛լ ավելի սաստիկ չեն, քան դուք արդեն տեսել եք»։
Մեր վաշխառուական տրամաբանի կողմից բառերի ի՜նչ զարմանալի խառնաշփոթում։ Նա այստեղ նորից հանդես է գալիս նույն երգով՝ կապիտալի բարձրացած արժեքով։ Ըստ երևույթին նա երևակայում է, թե մի կողմում կատարվում էր վերարտադրության պրոցեսի այս վիթխարի ընդարձակումը, հետևաբար իսկական կապիտալի կուտակումը, իսկ մյուս կողմում կանգնած էր մի «կապիտալ», որի նկատմամբ երևան էր գալիս «վիթխարի պահանջարկ»՝ առևտրի այս հսկայական աճումը գլուխ բերելու համար։ Բայց մի՞թե արտադրության այս հսկայական աճումը հենց բուն իսկ կապիտալի աճում չէր ներկայացնում, և եթե նա պահանջարկ էր ստեղծում, մի՞թե միաժամանակ չէր ստեղծում նաև առաջարկ ու միաժամանակ հենց բուն իսկ փողային կապիտալի բարձրացած առաջարկ։ Եթե տոկոսադրույքը բարձրանում էր շատ վեր, ապա չէ՞ որ այն պատճառով միայն, որ փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկն էլ ավելի արագ էր աճում, քան առաջարկը. ուրիշ խոսքով՝ այն պատճառով, որ արդյունաբերական արտադրության ընդարձակման հետ ընդարձակվում էր նաև վարկային սիստեմի պատվանդանի վրա կատարվող նրա վարումը։ Այլ կերպ ասած՝ արդյունաբերության իրական ընդարձակումն առաջացնում էր «փոխատվության» նկատմամբ առաջադրվող մի բարձրացած պահանջարկ, իսկ այս վերջին պահանջարկն ակներևորեն այն է, ինչ որ մեր բանկիրն է հասկանում «կապիտալի նկատմամբ առաջադրվող վիթխարի պահանջարկ» ասելով։ Անտարակույս, կապիտալի նկատմամբ առաջադրվող սոսկական '''պահանջարկի''' ընդարձակումը չէր, որ արտահանման առևտուրը 45-ից բարձրացրեց 120 միլիոնի։ Եվ այնուհետև ի՞նչ է ուզում ասել Օվերստոնը, երբ պնդում է, թե երկրի տարեկան այն խնայողությունները, որ Ղրիմի պատերազմն էր կլանում, կազմում են այս մեծ պահանջարկի դիմաց մատուցվող առաջարկի բնական աղբյուր։ Նախ՝ հապա ի՞նչ միջոցներով էր կուտակում Անգլիան 1792-ից մինչև 1815 թվականները, երբ մի բոլորովին այլ պատերազմ էր մղվում, քան Ղրիմի փոքրիկ պաաերազմը։ Երկրորդ՝ եթե բնական աղբյուրը չորացել էր, հապա ի՞նչ աղբյուրից էր հոսում կապիտալը։ Հայտնի է, որ Անգլիան ուրիշ ազգերից փոխ չէր առնում։ Բայց եթե բնական աղբյուրի կողքին արհեստական աղբյուր էլ կա, ապա չէ՞ որ մի ազգի համար ամենադուրեկան մեթոդը կլիներ՝ բնական աղբյուրը գործադրել պատերազմական նպատակներով, իսկ արհեստական աղբյուրը առևտրում։ Սակայն եթե առկա էր հին փողային կապիտալը միայն կարո՞ղ էր նա իր ներգործությունը կրկնապատկել բարձր տոկոսադրույքի միջոցով։ Պարոն Օվերստոնը, ըստ երևույթին, կարծում է, թև երկրի տարեկան խնայողությունները (որոնք այս դեպքում, սակայն, սպառվել են ըստ երևույթին) սոսկ փողային կապիտալի են փոխարկվում։ Բայց եթե իրական ոչ մի կուտակում, այսինքն արտադրության բարձրացում ու արտադրամիջոցների շատացում տեղի չունենար, ի՞նչ օգուտ փողի ձևով առաջադրվող այն պարտապահանջումների կուտակումից, որոնք արվում են այս արտադրության նկատմամբ։
«Կապիտալի արժեքի» այն բարձրացումը, որ առաջ է գալիս շահույթի բարձր նորմայից, Օվերստոնը շփոթում է այն բարձրացման հետ, որը փողային կապիտալի նկատմամբ առաջադրվող աճած պահանջարկից է բխում։ Այս պահանջարկը կարող է բարձրանալ այնպիսի պատճառներով, որոնք բոլորովին անկախ են շահույթի նորմայից։ Նա հենց ինքն իբրև օրինակ բերում է այն, որ 1847 թվականին այդ պահանջարկը բարձրացավ իրական կապիտալի արժեքի անկման հետևանքով։ Նայած թե իր համար ինչն է ավելի հարմար, նա կապիտալի արժեքը վերագրում է իրական կապիտալին կամ թե չէ՝ փողային կապիտալին։
Բանկային մեր լորդի անազնվությունը, նրա բանկիրական կարճամիտ տեսակետի հետ, որ նա շեշտում է ուսուցողաբար, այնուհետև երևան է գալիս հետևյալում. 3728. (Հարցմունք) «Դուք ասացիք, թե ձեր հայացաքով զեղչման նորման ոչ մի էական նշանակություն, չունի վաճառականի համար։ Կհաճեինք ասել, թե ինչն եք շահույթի սովորական նորմա նկատում»։ Պարոն Օվերստոնը հայտարարում է, թե այս հարցմունքին պատասխանելն «անհնարին է»։ 3729. «Ընդունենք, թե շահույթի միջին նորման 7—10% է. այս դեպքում զեղչման նորմայի բարձրացումը 2%ից 7 կամ թե 8%-ի պետք է էապես ազդի շահույթի նորմայի վրա, ճիշտ չէ՞»։ (Հենց ինքը հարցմունքի հեղինակը միմյանց հետ շփոթում է ձեռնարկուային եկամտի նորման ու շահույթի նորման և աչքաթող է անում, որ շահույթի նորման տոկոսի ու ձեռնարկուային եկամտի ընդհանուր աղբյուրն է։ Տոկոսի նորման կարող է անփոփոխ թողնել շահույթի նորման, բայց ոչ ձեռնարկուային եկամուտը։ Օվերոտոնը պատասխանում է). «նախ ձեռնարկուները չեն վճարի զեղչման մի այնպիսի նորմա, որը կլանում է նրանց շահույթի մի զգալի մասը, նրանք ավելի շուտ կդադարեցնեն իրենց գործը»։ (Այո՛, եթե միայն նրանք կարող են այս անել առանց իրենց կործանելու։ Քանի դեռ նրանց շահույթը բարձր է, նրանք զեղչ վճարում են, որովհետև ցանկանում են վճարել, իսկ երբ շահույթը ցած է, նրանք զեղչ վճարում են, որովհետև ստիպված են վճարել)։ «Ի՞նչ է նշանակում զեղչ։ Ինչո՞ւ է որևէ մեկը մուրհակ ղեղչում։ Որովհետև նա ցանկանում է մի ավելի մեծ կապիտալ ստանալ» (այստեղ կանգ առ. որովհետև նա ցանկանում է կանխել ամուր ներդրած իր կապիտալի ետհոսումը փողի ձևով ու իր գործի կանգառումից խուսափել։ Որովհետև նա պետք է իր ժամկետահաս վճարումները կատարի։ Նա աճած կապիտալ ուզում է լոկ այն ժամանակ, երբ գործը լավ է գնում, և կամ եթե նա սպեկուլացիա է անում ուրիշի կապիտալով՝ նույնիսկ երբ գործը վատ է գնում։ Զեղչը լոկ գործի ընդարձակման միջոց չի ամենևին)։ «Իսկ ինչո՞ւ է նա ցանկանում մի ավելի մեծ կապիտալ ձեռք բերել։ Որովհետև նա ցանկանում է այս կապիտալը բանեցնել։ Իսկ ինչո՞ւ է ուզում այս կապիտալը բանեցնել։ Որովհետև սա շահավետ է։ Բայց նույնը նրա համար շահավետ չէր լինի, եթե զեղչը կլաներ նրա շահույթը»։
Այս ինքնագոհ տրամաբանը ենթադրում է, թե մուրհակները զեզչվում են գործն ընդարձակելու համար միայն, և որ գործն ընդարձակվում է այն պատճառով, որ շահութաբեր է։ Առաջին ենթադրությունը սխալ է։ Սովորական ձեռնարկուն զեղչում է՝ իր կապիտալի փողային ձևը կանխակայելու և սրանով վերարտադրության պրոցեսի հոսանքը հարատև պահելու համար. ոչ թե գործն ընդարձակելու կամ թե ավելադիր կապիտալ ճարելու համար, այլ այն վարկը, որ ինքն է տալիս, հավասարակշռելու այն վարկով, որ վերցնում է ինքը։ Եվ եթե նա ցանկանում է իր գործը վարկով ընդարձակել, ապա մուրհակներ զեղչելը նրան քիչ կօգնի. չէ՞ որ զեղչն արդեն իր ձեռքին գտնվող փողային կապիտալի սոսկ մի փոխարկումն է մի ձևից մեկ ուրիշի. նա կգերադասի հաստատուն փոխառություն վերցնել ավելի երկար ժամանակով։ Վարկային ասպետը, անտարակույս, իր արուրամուրհակները զեղչում է իր գործն ընդարձակելու համար, իր մի անկայուն գործը մի ուրիշով փակելու, համար. ոչ թե շահույթ ձեռք բերելու, այլ ուրիշի կապիտալն իր տնօրինության տակ առնելու համար
Այն բանից հետո, երբ պարոն Օվերստոնը ղեղչը նույնացնում է ավելադիր կապիտալի փոխառության հետ (փոխանակ նույնացնելու կապիտալ ներկայացնող մուրհակները կանխիկ փողի փոխարկելու հետ), նա իսկույն նահանջում է, հենց որ նրան պատին են սեղմում։— «3730. (Հարցմունք) Արդյոք այն վաճառականները, որոնք մի անգամ արդեն մտել են գործի մեջ, չպե՞տք է մի որոշ ժամանակ իրենց գործառնությունները շարունակեն, չնայած տոկոսադրույքի ժամանակավոր բարձրացմանը»։— (Օվերստոն) «Կասկած չկա, որ մի որևէ առանձին գործարքի ժամանակ, եթե մեկը կարող է մի ավելի բարձր տոկոսադրույքի փոխարեն ավելի ցածր տոկոսադրույքով կապիտալ ձեռք բերել, այս սահմանափակ տեսակետից վերցրած՝ նման դեպքը հաճելի է նրա համար»։— Սրա հակառակ, մի անսահմանափակ տեսակետ է երևան գալիս, երբ անսպասելի կերպով պարոն Օվերստոնը «կապիտալ» ասելով հիմա միմիայն իր բանկային կապիտալն է հասկանում, ուստի և այն մարդուն, որը մուրհակ է զեղչում նրա մոտ, համարում է կապիտալ չունեցող մարդ, որովհետև սրա կապիտալը գոյություն ունի ապրանքային ձևով, կամ թե սրա կապիտալի փողային ձևը մի մուրհակ է, որը պարոն Օվերստոնը փոխարկում է փողային մի ուրիշ ձևի։
«3732. Կարո՞ղ եք 1844 թվականի բանկային օրենքի առնչությամբ մատնանշել, թե բանկի ոսկեպահեստի նկատմամբ տոկոսադրույքն ինչ մոտավոր հարաբերության մեջ էր գտնվում. ճի՞շտ է, որ երբ բանկում 9 կամ թե 10 միլիոնի ոսկի կար, տոկոսադրույքը 6 կամ թե 7% էր, իսկ երբ ոսկու գումարը բարձրացավ մինչև 16 միլիոն, տոկոսադրույքը հազիվ 3-ից մինչև 4% էր»։ (Հարցատուն ուզում է նրան ստիպել) որ նա տոկոսադրույքը, որչափով որ սրա վրա ազդում է բանկում եղած ոսկու քանակը, բացատրի տոկոսադրույքով, որչափով որ սրա վրա ազդում է կապիտալի արժեքը)։— «Ես չեմ ասում, թե այդ այդպես է... բայց եթե այդպես է, ապա մենք պետք է, իմ հայացքով, է՛լ ավելի խիստ միջոցների ձեռնարկենք, քան 1844 թվականինն էին. որովհետև եթե ճիշտ լիներ այն, թե որքան ավելի մեծ է ոսկեպահեստը, այնքան ավելի ցած է տոկոսադրույքը, ապա խնդրի նկատմամբ ունեցած այս հայացքի համաձայն մենք պետք է գործի դիմեինք ու ոսկեպահեստը հասցնեինք մի անսահմանափակ գումարի, և այն ժամանակ մենք տոկոսադրույքն իջեցրած կլինեինք զերոյի»։ Հարցատու Կեյլին, այս հոռի սրամտությունից չազդվելով, շարունակում է. «3733. Եթե այդպես լիներ, եթե, օրինակ, բանկին վերադարձվեր 5 միլիոն ոսկի, ապա մոտակա վեց ամսվա ընթացքում ոսկեսպահեստը կկազմեր մոտ 16 միլիոն, և ընդունենք, որ այսպիսով տոկոսադրույքը կիջներ 3-ից մինչև 4%-ի, այն ժամանակ ի՞նչպես կարելի էր պնդել, թե տոկոսադրույքի անկումը գործի մի մեծ կրճատման հետևանք է»։— «Ես ասացի, որ տոկոսադրույքի նորերումս տեղի ունեցած մեծ բարձրացումն ու ոչ թե նրա անկումն է սերտորեն շաղկապված գործի մեծ ընդարձակման հետ։— Բայց Կեյլիի ասածը հետևյալն է. եթե տոկոսադրույքի բարձրանալը ոսկու պաշարի նվազման հետ միասին գործի ընդարձակման ցուցանիշ է, ապա տոկոսադրույքի տնկումը, ոսկու պաշարի ընդարձակման հետ միասին, պետք է գործի կրճատման ցուցանիշ լինի։ Սրան Օվերստոնը ոչ մի պատասխան չունի։ «3736. (Հարցմունք) Ես մտաբերում եմ, որ դուք» (բնագրում միշտ գործ է ածվում Your Lordship [ձերդ լորդային պայծառափայլություն] «ասացիք, թե փողը գործիք է կապիտալ ձեռք բերելու համար»։ (Անհեթեթությունը հենց այն է, որ փողն ըմբռնվում է իբրև գործիք. փողը կապիտալի ձև է)։ (Անգլիայի բանկի) «ոսկու պաշարի կրճատման դեպքում մեծ դժվարությունն այն չի՞, ընդհակառակը, որ '''կապիտալիստները''' չեն կարողանում փող ստանալ։— (Օվերստոն). «Ո՛չ, այդ կապիտալիստները չեն, այլ ոչ-կապիտալիստներն են, որ ճգնում են փող ձեռք բերել. իսկ ինչո՞ւ են ճգնում նրանք փող ձեռք բերել... Որովհետև փողի միջոցով նրանք իրենց տնօրինության տակ են առնում կապիտալիստների կապիտալը, որպեսզի այն մարդկանց գործը վարեն, որոնք կապիտալիստներ չեն»։ Այստեղ նա ուղղակի բացատրում է, թե գործարանատերերն ու վաճառականները կապիտալիստներ չեն, և որ կապիտալիստների կապիտալը փողային կապիտալն է միայն։— «3737. Միթե մարդիկ, որոնք մուրհակ են տալիս, կապիտալիստներ չե՞ն»։— «Մարդիկ, որոնք մուրհակ են տալիս, գուցե կապիտալիստներ են, բայց գուցե և ոչ»։ Այստեղ նա պինդ խրվում է։
Հիմա նրանից հարցնում են, թե արդյոք վաճառականների մուրհակները չեն ներկայացնում այն ապրանքները, որ նրանք ծախել կամ թե նավառաքել են։ Օվերստոնը ժխտում է այն, որ այս մուրհակները ներկայացնում են ապրանքների արժեքը ճիշտ այնպես, ինչպես բանկնոտաները՝ ոսկին (3740, 41)։ Այս արդեն անամոթություն է։
«3742. Արդյոք վաճառականի նպատակը չի՞ փող ստանալը»։— «Ո՛չ, մուրհակ տալու ժամանակ նպատակը փող ստանալը չի. փող ստանալը նպատակ է մուրհակը զեղչելու ժամանակ»։ Մուրհակատվությունն ապրանքի փոխակերպումն է վարկային փողի մի ձևի, ինչպես որ մուրհակի զեղչումն այս վարկային փողի փոխակերպումն է մի ուրիշ փողի, այն է՝ բանկնոտաների։ Համենայն դեպս պարոն Օվերստոնն այստեղ համաձայնում է, որ մուրհակների զեղչման նպատակը փող ստանալն է։ Առաջ նա թույլ էր տալիս զեղչել ոչ թե կապիտալը մի ձևից մի ուրիշ ձևի փոխարկելու համար, այլ միմիայն լրացուցիչ կապիտալ ստանալու համար։
«3743. Մի այնպիսի խուճապի ճնշման տակ, որպիսին, ձեր վկայության համաձայն, տեղի է ունեցել 1825, 1837 ու 1839 թվականներին, առևտրա-արդյունաբեբական ձեռնարկուների խոշորագույն բաղձանքը ո՞րն է. նրանք նպատակադրում են տիրանալ կապիտալի՞, թև՞ վճարման օրինական փողի»։— «Նրանք նպատակադրում են ձեռք բերել կապիտալ իրենց գործը շարունակելու համար»։— Վարկի վերահաս սակավության պատճառով նրանք ձգտում են հենց իրենց վրա տրված ժամկետահաս մուրհակների համար վճարման միջոցներ ձեռք բերել, որպեսզի ստիպված չլինեն իրենց ապրանքը գնից ցած ծախծխելու։ Եթե նրանք իրենք կապիտալ չունեն ընդհանրապես, ապա վճարման միջոցների հետ միասին նրանք բնականաբար կապիտալ են ձեռք բերում միաժամանակ, որովհետև նրանք արժեք են ստանում առանց էկվիվալենտի։ Փողի իբրև այսպիսու պահանջը միշտ հանգում է այն ցանկությանը միայն, որ ապրանքի կամ թե պարտապահանջման ձևից արժեքը կարողանան փոխարկել փողի ձևին։ Հենց այստեղից էլ, նույնիսկ մի կողմ թողնելով ճգնաժամերը, առաջ է գալիս մեծ տարբերությունը կապիտալի փոխառության ու զեղչի միջև, որը միայն իրականացնում է փողի պահանջումների փոխարկումը մի ձևից մի ուրիշ ձևի կամ թե իսկական փողի։
{Ես — հրատարակիչս — այստեղ թույլ եմ տալիս ինձ մի միջանկյալ նկատողություն։
Նորմենի, ինչպես և Լոյդ-Օվերստոնի մոտ բանկիրը միշտ ներկայանում է իբրև մեկը, որ «կապիտալ է փոխատրում», իսկ նրա կլիենտը իբրև այն անձը, որ «կապիտալ» է պահանջում նրանից։ Այսպես, Օվերստոնն ասում է, թե մեկը բանկիրի միջոցով մուրհակ է զեղչել տալիս, «որովհետև նա ցանկանում է '''կապիտալ''' ստանալ» (3729) և այսպիսի մարդու համար հաճելի բան է, եթե նա կարող է մի ավելի ցածր տոկոսադրույքով '''կապիտալ''' ձեռք բերել» (3730)։ «Փողը գործիք է '''կապիտալ''' ձեռք բերելու համար» (3736) և խուճապի դեպքում առևտրա-արդյունաբերական ձեռնարկուների խոշորագույն բաղձանքն է «ձեռք բերել '''կապիտալ'''» (3743)։ Սակայն և այնպես այն ամբողջ խառնաշփոթման հետ միասին, որ Լոյդ-Օվերստոնն ունի այն կետի վերաբերմամբ, թե ինչ է կապիտալը, նրա ասածից պարզվում է գեթ հետևյալը՝ այն, ինչ որ բանկիրը տալիս է իր կլիենտին, նա անվանում է կապիտալ, մի կապիտալ, որ նրա կլիենտն առաջ չուներ, որ այժմ փոխատրված է նրան և լրացուցիչ է այն կապիտալի նկատմամբ, որ նա մինչև այժմ ուներ իր տնօրինության տակ։
Բանկիրն այն աստիճան է ընտելացել փողի ձևով գոյություն ունեցող ազատ հասարակական կապիտալը — փոխատվության ձևով — բաշխելու ֆունկցիայով հանդես գալուն, որ ամեն մի ֆունկցիա, որի կապակցությամբ նա փող է բաց թողնում, փոխատվություն է երևում նրան։ Նրա վճարած փողային ամեն մի գումար փոխատվություն է թվում նրան։ Եթե փողը ծախսված է ուղղակի փոխատվության վրա, ապա այս բառացի ճիշտ է։ Եթե փողը գործադրված է մուրհակների զեղչման վրա, ապա հենց իր բանկիրի համար այն փոխատվություն է իրոք՝ մինչև մուրհակի ժամկետի հասնելը։ Այսպիսով նրա գլխում ամրապնդվում է այն պատկերացումը, թե նա չի կարող ոչ մի այնպիսի վճարում կատարել, որը փոխատվություն չլինի։ Եվ այն էլ փոխատվություն ոչ թե լոկ այն իմաստով, որ առկա կամ թե շահույթ ստանալու նպատակով արված փողի յուրաքանչյուր ներդրում տնտեսականորեն մի փոխատվություն է նկատվում, որ համապատասխան փողատերն իբրև մասնավոր մարդ անում է ինքն իրեն իբրև ձեռնարկուի այլ փոխատվություն այն որոշակի իմաստով, որ բանկիրն իր կլիենտին փոխարինաբար հանձնում է մի գումար, որը վերջինիս տնօրինության տակ գտնվող կապիտալն ավելացնում է նույն չափով։
Հենց այս պատկերացումն է, որ բանկի գրասենյակից քաղաքատնտեսության մեջ փոխադրվելով ստեղծել է շփոթեցնող այն վիճահարցը, թե արդյոք այն, ինչ որ բանկիրը դնում է իր կլիենտի տնօրինության տակ իբրև կանխիկ փող, կապիտա՞լ է, թե՞ լոկ փող, շրջանառության միջոց currency։ Այս — իր հիմքում պարզ — վիճահարցը լուծելու համար մենք պետք է կանգնենք բանկի կլիենտի տեսակետի վրա։ Խնդիրը կախված է նրանից, թե այս կլիենտն ինչ է պահանջում և ինչ է ստանում։
Եթե բանկը հոժարում է իր կլիենտին մի փոխառություն տալու՝ պարզապես նրա անձնական վարկին վստահացած, առանց նրա կողմից ապահովում ներկայացնելու, ապա հարցը պարզ է։ Նա անպայման որոշ արժեմեծությամբ մի փոխատվություն է ստանում իբրև մինչև հիմա բանեցրած իր կապիտալի լրացում։ Նա այդ փոխատվությունն ստանում է փողի ձևով, ուրեմն ստանում է ոչ թե լոկ փող, այլ նաև փողային '''կապիտալ'''։
Եթե նա փոխատվությունն ընդունում է արժեթղթեր գրավադրելու դիմաց, ապա այս փոխատվություն է այն իմաստով, որ նրան փող է վճարվել ետվճարելու պայմանով։ Բայց այս՝ կապիտալի փոխատրում չի, որովհետև արժեթղթերն էլ են կապիտալ ներկայացնում, այն էլ մի ավելի մեծ գումարի, քան փոխատրված գումարն է։ Հետևաբար ընդունողն ավելի քիչ կապիտալային արժեք է ստանում, քան տալիս է իբրև գրավ նրա համար այս՝ ավելադիր կապիտալ հայթայթել չի ամենևին։ Նա այս գործարքը կատարում է ոչ թե այն պատճառով, որ կապիտալի կարիք ունի — չէ՞ որ նա կապիտալ ունի հանձին իր արժեթղթերի,— այլ այն պատճառով, որ նա փողի կարիք ունի։ Այսպիսով ուրեմն, մենք այստեղ գործ ունենք '''փողի''', բայց ոչ թե կապիտալի փոխատվության հետ։
Եթե փոխատվությունն ընդունվում է մուրհակների զեղչի դիմաց ապա չքանում է փոխատվության '''ձևն''' էլ։ Այստեղ լոկ առք ու վաճառք է կատարվում։ Մուրհակը փոխանցագրով դառնում է բանկի սեփականություն, իսկ փողը կլիենտի սեփականություն. սրա կողմից ետվճարելու մասին՝ ոչ մի խոսք։ Երբ կլիենտն իր մուրհակով կամ թե վարկի նման այլ գործիքներով կանխիկ փող է գնում, ապա այս, ոչ ավելի ու ոչ պակաս, նույնպիսի մի փոխատվություն է, որպիսին հանդես է գալիս այն դեպքում, երբ նա կանխիկ փող է գնում իր այլ ապրանքով՝ բամբակով, երկաթով, հացահատիկով։ Եվ այստեղ ամենից քիչ կարող է խոսք լինել '''կապիտալի''' փոխատվության մասին։ Առևտրականի ու առևտրականի միջև կատարվող ամեն մի առք ու վաճառք կապիտալի փոխհանձնումն է։ Իսկ փոխատվությունն առկա է այնտեղ միայն, որտեղ կապիտալի հանձնումը փոխադարձ չի, այլ միակողմանի է ու ժամկետով։ Հետևաբար մուրհակների ղեղչման միջոցով կապիտալի փոխատվություն կարող է տեղի ունենալ լոկ այնտեղ, որտեղ մուրհակը մի արուրամուրհակ է, որը ծախված ապրանքներ չի ներկայացնում ամենևին և որը ոչ մի բանկիր չի վերցնում հենց, որ իմանում է, թե այն ինչ տեսակի մուրհակ է։ Այսպիսով ուրեմն, զեղչման սովորական գործարքի դեպքում բանկի կլիենտը ոչ մի փոխատվություն չի ստանում ոչ իբրև կապիտալ ու ոչ էլ իբրև փող, այլ փող է ստանում ծախած ապրանքի փոխարեն։
Այն դեպքերը, երբ կլիենտը կապիտալ է պահանջում բանկից և կապիտալ է ստանում, այսպիսով շատ որոշակի տարբերվում են նրանցից, երբ նա փոխառությամբ սոսկ փող է ստանում կամ թե փող է գնում բանկից։ Եվ որովհետև պարոն Լոյդ-Օվերստոնը սովորություն ուներ միմիայն ամենահազվագյուտ դեպքերում իր ֆոնդերը փոխատրելու առանց փոխփակման (նա Մանչեստրի իմ ֆիրմայի բանկիրն էր), ուստի պարզ է նմանապես, որ նրա գեղեցիկ նկարագրությունները կապիտալի այն զանգվածների մասին, որ մեծահոգի բանկիրները փոխատրում են կապիտալի կարոտ գործարանատերերին — վատթար փչոցներ են։
XXXII գլխում Մարքսը, սակայն, միևնույնն է ասում ըստ էության. «Վճարման միջոցների նկատմամբ առաջադրվող պահանջարկը '''փողի վերածելու''' նպատակով առաջադրվող սոսկական պահանջարկ է, որչափով որ վաճառականներն ու արտադրողները կարող են կանոնավոր ապահովումներ ներկայացնել. նույնը '''փողային կապիտալի''' նկատմամբ առաջադրվող պահանջարկ է, որչափով որ այս ապահովումը չկա, ուրեմն որչափով որ վճարման միջոցների մի փոխատվություն ոչ միայն '''փողային ձևն''' է տալիս, նրանց, այլև վճարելու համար նրանց ձեռքին պակասող էկվիվալենտը, ինչ ձև էլ որ ունենալիս լինի սա»։ Հետո XXXIII գլխում. «Զարգացած վարկային գործի ժամանակ, երբ փողը բանկերի ձեռքում է համակենտրոնանում, սրանք են, '''գոնե անվանապես''', որ փող են փոխատրում։ Այս փոխատվությունը չի վերաբերում շրջանառության մեջ գտնվող փողին։ Այս՝ '''շրջանառության միջոցների''' փոխատվություն է, ոչ թե այն կապիտալների փոխատվություն, որոնք հիշյալ միջոցների կողմից շրջանառության մեջ են դրվում»։— Պարոն Չեպմենն էլ, որը պետք է այս գիտենա, հաստատում է զեղչման գործի վերևի ըմբռնումը. «B. C.» 1857 — «Բանկիրը մուրհակ ունի բանկիրը '''մուրհակ է գնել'''»։ Վկայություններ. հարցմունք 5139։
Սակայն XXVIII գլխում մենք նորից կվերադառնանք այս թեմային։ Ֆ. Է.}
«3744. Կհաճեինք նկարագրել, թե կապիտալ արտահայտության տակ իսկապես ինչ եք հասկանում»։— (Օվերստոնի պատասխանը). «Կապիտալը կազմված է տարբեր ապրանքներից, որոնց միջոցով գործը պահվում է իր շարժընթացքի մեջ (capital consists of various commodities, by the means of which trade is carried on). կա հիմնական կապիտալ, և կա շրջանառու կապիտալ։ Ձեր նավերը, ձեր նավանոցները, ձեր նավաշինարանները հիմնական կապիտալ են. ձեր կենսամիջոցները, ձեր հագուստները և այլն շրջանառու կապիտալ են»։
«3745. Ոսկու տարհոսումը դեպի արտասահման վնասակար հետևանքներ ունի՞ Անգլիայի համար»։— «Ոչ, քանի դեռ այս բառի հետ մի բանական իմաստ է շաղկապված»։ (Այստեղ երևան է գալիս Ռիկարդոյի փողի հին թեորիան)... «Իրերի բնական պայմաններում ամբողջ աշխարհի փողը հայտնի համամասնություններով բաշխվում է աշխարհիս տարբեր երկրների վրա. այս համամասնություններն այն բնույթն են կրում, որ» (փողի) «այսպիսի բաշխման հետևանքով մի կողմից՝ մի որևէ երկրի ու մյուս կողմից՝ աշխարհիս մյուս բոլոր երկրների միջև եղած հարաբերությունը մի սոսկական փոխանակային հարաբերություն է ներկայացնում. բայց կան խափանիչ ազդեցություններ, որոնք ժամանակ առ ժամանակ ներգործում են այս բաշխման վրա, և երբ այս ազդեցություններն առաջ են գալիս, տվյալ երկրի փողի մի մասը տարհոսում է ուրիշ երկրներ»։— «3746. Դուք հիմա գործ եք ածում «փող» արտահայտությունը։ Եթե ես առաջ ճիշտ եմ հասկացել ձեզ, ապա դուք փողն անվանեցիք կապիտալի մի կորուստ»։— Ի՞նչը ես անվանեցի կապիտալի մի կորուստ»։— «3747. Ոսկու, տարհոսումը»։— «Ոչ, ես այդ չեմ ասել։ Եթե դուք ոսկին իբրև կապիտալ եք բանեցնում, ապա, անկասկած, այդ՝ կապիտալի մի կորուստ է. այդ՝ նշանակում է զրկվել ազնիվ մետաղի մի որոշ մասից որից համաշխարհային փողն է կազմված»։— «3748. Դուք առաջ չէ՞իք ասում, թե զեղչի նորմայի փոփոխությունը կապիտալի արժեքի փոփոխության լոկ մի ցուցանիշ է»։— «Այո»։— «3749. Եվ զեղչի նորման ընդհանրապես փոփոխվում է Անգլիայի բանկում եղած ոսկու «պահեստի հետ զուգընթա՞ց»։— «Այո՛, բայց ես արդեն ասացի, որ շատ չնչին են տոկոսադրույքի այն փոփոխությունները, որոնք ծագում են մի երկրում փողի քանակի փոփոխությունից...» (ուրեմն սրա տակ նա այստեղ իրական ոսկու քանակն է հասկանում)։
«3750. Ուրեմն դուք ուզում եք ասել, որ կապիտալի նվազում է կատարվել, եթե տեղի է ունեցել զեղչի երկարատև, բայց և այնպես լոկ ժամանակավոր բարձրացում սովորական դրույքից վեր։— «Նվազում բառիս մի հայտնի իմաստով։ Կապիտալի ու սրա նկատմամբ առաջադրվող պահանջարկի միջև եղած հարաբերությունը փոխվել է. բայց հնարավոր է, որ փոխվել է աճած պահանջարկի հետևանքով, և ոչ թե .կապիտալի քանակի նվազման հետևանքով»։ (Բայց չէ որ նոր միայն կապիտալը = էր փողին կամ ոսկուն, և չէ՞ որ ավելի առաջ տոկոսադրույքի բարձրացումը բացատրվեց շահույթի բարձր նորմայով, որն առաջ էր գալիս առևտրական գործի կամ թե կապիտալի ընդարձակումից ու ոչ թե սահմանափակումից)։
«3751. Այդ ի՞նչ կապիտալ է, որ դուք հատկապես աչքի առաջ ունեք այստեղ։— «Այս ամբողջովին կախված է նրանից, թե ինչ կապիտալ է հարկավոր ամեն մի առանձին մարդի։ Այս այն կապիտալն է, որ ազգն իր տնօրինության տակ ունի իր գործերը շարունակելու համար, և եթե այս գործերը կրկնապատկվում են, ապա պետք է հանդես գա պահանջարկի մի խոշոր ավելացում այն կապիտալի նկատմամբ, որով շարունակվելու. է գործը»։ (Այս խորամանկ բանկիրը նախ կրկնապատկում է գործը ու հետո էլ՝ այն կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկը, որով կրկնապատկվելու է գործը։ Նա միշտ իր առջև տեսնում է իր կլիենտին միայն, որը պարոն Լոյդից մի խոշոր կապիտալ է պահանջում, իր գործը կրկնապատկելու համար)։— «Կապիտալը նույնն է, ինչ որ է ամեն մի ուրիշ ապրանք» (բայց չէ՞ որ հենց ըստ պարոն Լոյդի՝ կապիտալը ոչ այլ ինչ է, բայց եթե ապրանքների միագումարությունը). «նա իր գինը փոխում է նայած պահանջարկին ու առաջարկին» (ուրեմն ապրանքներն իրենց գինը փոխում են երկու անգամ, մի անգամ՝ որպես ապրանքներ, մյուս անգամ՝ որպես կապիտալ)։
«3752. Զէղչի նորմայի տատանումներն ընդհանրապես կապված են բանկի պահեստներում գտնվող ոսկու գումարի տատանումների հետ։ Ա՞յս է այն կապիտալը, որ դուք նկատի ունեք»։— «Ոչ»։— «3753. կարո՞ղ եք մի օրինակ բերել, երբ Անգլիայի բանկում կապիտալի խոշոր պաշար է եղել կուտակված, և միաժամանակ զեղչի նորման բարձր է եղել»։— «Անգլիայի բանկում ոչ թե կապիտալ է կուտակվում, այլ փող»։— «3754. Դուք վկայեցիք, որ տոկոսադրույքը կախված է կապիտալի քանակից. կհաճեի՞ք մատնանշել, թե դուք ինչ կապիտալ նկատի ունեք, և արդյոք կարո՞ղ եք մի օրինակ բերել, երբ բանկում ոսկու մի խոշոր պաշար է պառկած, և միաժամանակ տոկոսադրույքը բարձր է կանգնած»։— «Շատ հավանական է (ըհը՜), «որ ոսկու կուտակումը բանկում կարող է զուգադիպել ցածր տոկոսադրույքի հետ, որովհետև կապիտալի նկատմամբ» (այն է՝ հենց փողային կապիտալի նկատմամբ. այն ժամանակը, որի մասին է այստեղ խոսքը, 1844 ու 45 թվականները, ծաղկման ժամանակներ էին) «առաջադրվող ավելի թույլ պահանջարկի ժամանակաշրջանը մի ժամանակաշրջան է, երբ բնականորեն կարող է կուտակվել այն միջոցը կամ գործիքը, որի օգնությամբ մարդ կարող է հրամանատարություն անել կապիտալի վրա»։— «3755. Ուրեմն դուք կարծում եք, որ ոչ մի կապ չկա՞ զեղչի նորմայի ու բանկի պահեստում գտնվող ոսկու քանակի միջև»։— «Կարող է մի այդպիսի կապ լինել, բայց սկզբունքային կապ չի այս». (բայց 1844 թվականի նրա բանկային օրենքն Անգլիայի բանկի հենց սկզբունքն է դարձնում տոկոսադրույքի կարգավորումը նրա տնօրինության տակ գտնվող ոսկու քանակի համաձայն). «այդ երևույթները կարող են միաժամանակ գոյություն ունենալ» («there may be a coincidence of time»)։— «37587 Ուրեմն դուք կամենում եք ասել, թե այստեղ, երկրում, փողասակավ ժամանակաշրջանում, զեղչի բարձր տոկոսի հետևանքով, վաճառականների համար դժվարությունը կապիտալ ստանալն է, և ոչ թե փող ստանալը»։— «Դուք միմյանց հետ շփոթում եք երկու բան, որ ես չեմ միացնում այս ձևով. դժվարությունը կապիտալ ստանալն է և նմանապես դժվարությունը փող ստանալն է... «Փող ստանալու դժվարությունն ու կապիտալ ստանալու դժվարությունը միևնույն դժվարությունն է, վերցրած շարժման, երկու տարբեր մոմեն աներում»։— Այստեղ ձուկը նորից պինդ զարկվում է կարթին։ Առաջին դժվարությունը մուրհակ զեղչելն է կամ թե ապրանքի գրավադրությամբ փոխատվություն ստանալը։ Կապիտալ, կամ թե կապիտալի արժեքի մի առևտրանիշ փողի վերածելն է դժվարությունը։ Եվ այս դժվարությունն ի միջի այլոց արտահայտվում է բարձր տոկոսադրույքի մեջ։ Բայց երբ փողն արդեն ստացված է, ո՞րն է հապա երկրորդ դժվարությունը։ Եթե խոսքը վերաբերում է վճարելուն միայն, որևէ մեկը դժվարություն կունենա՞ իր փողից օձիքն ազատելու։ Իսկ եթե խնդիրը վերաբերում է գնելուն, ե՞րբ է որևէ մեկը ճգնաժամի շրջանում ապրանք գնելու դժվարության հանդիպել։ Եվ եթե հենց ենթադրենք էլ, թե այս վերաբերում է հացահատիկի, բամբակի և այլոց թանկացման մի առանձին դեպքի, ապա չէ՞ որ այս դժվարությունը կարող էր երևան գալ ոչ թե փողային կապիտալի արժեքի մեջ, այսինքն տոկոսադրույքի մեջ, այլ ապրանքի գնի մեջ. և չէ՞ որ այս դժվարությունը հաղթահարված է նրանով, որ կլիենտն ապրանք գնելու համար հիմա փող ունի։
«3760. Բայց չէ՞ որ զեղչի ավելի բարձր նորման, մի սաստկացած դժվարություն է փող ստանալու համար»։— «Նա մի սաստկացած դժվարություն է փող ստանալու համար, բայց գլխավորը փողը չի, որին տիրանալու մասին է խոսքը. փողը լոկ այն ձևն է» (և այս ձևը շահույթ է բերում լցնում բանկիրի գրպանը), «որով հանդես է գալիս կապիտալ ստանալու սաստկացած դժվարությունը մի քաղաքակիրթ հասարակության բարդ հարաբերություններում»։
3763. (Օվերստոնի պատասխանը). «Բանկիրն այն միջնորդն է, որը մի կողմից ավանդներ է ընդունում և մյուս կողմից գործադրում է այս ավանդները՝ սրանք '''կապիտալի ձևով''' վստահելով այն անձերի ձեռքը, որոնք և այլն»։
Այստեղ մենք ահա տեսնում ենք վերջապես, թե նա ինչ է հասկանում կապիտալ ասելով։ Նա փողը դարձնում է կապիտալ, երբ նա այս «վստահում է», կամ — ավելի պակաս նրբությամբ արտահայտած, երբ նա այս փոխատրում է տոկոսով։
Այն բանից հետո, երբ պարոն Օվերստոնն առաջ ասել էր, թե զեղչի նորմայի փոփոխությունն էական կապ չունի բանկի ոսկու պահեստի գումարի կամ թե առկա փողի քանակի փոփոխության հետ, այլ, շատ-շատ, ժամանակակցության կապ ունի,— նա կրկնում է.
«3804. Եթե տարհոսման հետևանքով փողը քչանում է երկրում, նրա արժեքը բարձրանում է, և Անգլիայի բանկը պետք է հարմարվի փողի արժեքի այս փոփոխությանը» (ուրեմն պետք է հարմարվի փողի, իբրև '''կապիտալի''', արժեքի փոփոխությանբ, ուրիշ խոսքով, տոկոսադրույքի փոփոխությանը, որովհետև փողի, '''իբրև փողի''', արժեքն ապրանքների համեմատությամբ մնում է միևնույնը)։ «Սրա տեխնիկական արտահայտությունն այն է, որ բանկը բարձրացնում է տոկոսադրույքը»։
«3819. Ես երկուսը չեմ խառնում միմյանց հետ»։— Այսինքն՝ փողն ու կապիտալր չի խառնում միմյանց հետ, և այս՝ այն հասարակ պատճառով, որ նա հիշյալները միմյանցից երբեք չի տարբերում։
«3834. Այն շատ մեծ գումարը, որ պետք եղավ վճարելու երկրի անհրաժեշտ ապրուստի համար» (1847 թվականին հացահատիկի համար) «և որն '''իրապես կապիտալ էր'''»։
«3841. Զեղչի նորմայի տատանումներն անկասկած մի շատ մոտիկ առնչություն ունեն» (Անգլիայի բանկի) «ոսկու պահեստի դրության հետ, որովհետև պահեստի դրությունը երկրում եղած փողի քանակի ավելանալու կամ թե նվազելու ցուցանիշն է. և այն համամասնությամբ, որով ավելանում կամ թե նվազում է փողը երկրում, ընկնում կամ թե բարձրանում է փողի արժեքը, իսկ սրան էլ զեղչի բանկային նորման է հարմարվում»։— Այսպիսով ուրեմն, նա այստեղ խոստովանում է այն, ինչ որ 3755-ի իր վկայության մեջ մի անգամ ընդմիշտ ժխտում էր։— «3842. Մի սերտ առնչություն կա երկուսի միջև»։— Որոնք են՝ ոսկու քանակն Issue department-ում [անգլիական բանկի էմիսիոն բաժնում] ու պահեստի բանկնոտաների քանակը Banking department-ում [բանկային օպերացիաների բաժնում]։ Նա տոկոսադրույքի փոփոխությունն, այստեղ բացատրում է փողի քանակի փոփոխությամբ։ Ընդսմին ինչ որ նա ասում է, սխալ է։ Պահեստի գումարը կարող է նվազել, որովհետև երկրում շրջանառու փողը շատանում է։ Այս պատահում է, երբ հասարակությունն ավելի շատ բանկնատաներ է վերցնում, և մետաղե փողի պահեստը չի նվազում։ Բայց այս դեպքում բարձրանում է տոկոսադրույքը, որովհետև 1844 թվականի օրենքի համաձայն Անգլիայի բանկի բանկային կապիտալը սահմանափակված է։ Բայց այս մասին նա չպետք է խոսի, որովհետև այս օրենքի հետևանքով բանկի երկու բաժինը միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն։
«3859. Շահույթի մի բարձր նորմա միշտ կծնի կապիտալի նկատմամբ առաջադրվող մեծ պահանջարկ, կապիտալի նկատմամբ առաջադրվող մեծ պահանջարկը կբարձրացնի նրա արժեքը» Ուրեմն այստեղ ահա տեսնում ենք շահույթի բարձր նորմայի ու կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի միջև եղած կապը, ինչպես որ Օվերստոնն է պատկերացնում այն։ Այնինչ, օրինակ, 1844—45 թվականներին բամբակեղենի արդյունաբերության մեջ իշխում էր շահույթի մի բարձր նորմա այն պատճառով, որ բամբակեղեն ապրանքների սաստիկ պահանջարկի պարագայում հում բամբակն էժան էր և էժան էլ մնաց։ Կապիտալի արժեքը (իսկ վերևում առաջ բերած մի հատվածի համաձայն Օվերստոնը կապիտալ անվանում է այն, ինչի կարիք որ ունի ամեն մեկը իր գործում), այստեղ ուրեմն հում բամբակի արժեքը գործարանատերերի համար չբարձրացավ։ Թող շահույթի բարձր նորման բամբակեղենի մի գործարանատիրոջ դրդած լինի իր գործի ընդլայնման համար փող փոխ առնելու։ Սրա հետևանքով կբարձրանար նրա պահանջարկը փողային կապիտալի նկատմամբ, և ուրիշ ոչինչի նկատմամբ։
«3889. Ոսկին կարող է փող լինել և կամ ոչ, ճիշտ ինչպես որ թուղթը կարող է մի բանկնոտա լինել և կամ ոչ»։
«3895. Ուրեմն ես ձեզ ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ետ եք վերցնում 1840 թվականին ձեր գործածած այն դրույթը, թե Անգլիայի բանկի շրջանառու բանկնոտաների քանակի տատանումները պետք է հետևեն ոսկու պահեստի գումարի տատանումներին»։— «Ես հիշյալը ետ եմ վերցնում այն չափով... որ մեր գիտելիքների այժմյան դրության համեմատ մենք շրջանառու բանկնոտաների վրա պետք է ավելացնենք դեռ այն բանկնոտաներն էլ, որոնք պառկած են Անգլիայի բանկի բանկային պահեստում»։ Սքանչելի է։ Այն քմահաճ որոշումը, որի համաձայն բանկն այնքան թղթե բանկնոտաներ է պատրաստում, որքան ոսկի ունի պահեստում ու 14 միլիոն էլ ավելի, բնականորեն պայմանավորում է այն, որ նրա բանկնոտաների թողարկը տատանվում է ոսկու պահեստի տատանումների հետ միասին։ Բայց որովհետև «մեր գիտելիքների այժմյան, դրությունը» պարզ ցույց տվեց, որ բանկնոտաների այն քանակը, որ բանկը կարող է պատրաստել ըստ այսմ (և որը Issue department-ը [էմիսիոն բաժինը] հանձնում է Banking department-ին [բանկային օպերացիաների բաժնին],— որ ոսկու պահեստի տատանումների հետ տատանվող ու Անգլիայի բանկի երկու բաժինների միջև կատարվող այս շրջանառությունը որոշիչ ներգործություն չունի Անգլիայի բանկի պատերից դուրս կատարվող՝ բանկնոտաների շրջանառության տատանումների նկատմամբ, ուստի այս վերջին, իրական շրջանառությունը հիմա բանկի վարչության աչքում կորցնում է ամեն մի նշանակություն, և միակ վճռական դառնում է բանկի երկու բաժնի միջև կատարվող շրջանառությունը, որի տարբերությունն իրական շրջանառությունից երևան է գալիս պահեստի գումարի վիճակում։ Այս ներքին շրջանառությունն արտաքին աշխարհի համար կարևոր է լոկ այն չափով, որ պահեստի գումարը ցույց է տալիս, թե բանկը որքան է մոտեցել իր բանկնոտաների թողարկի օրինասահմանված մաքսիմումին և բանկի կլիենտները դեռ որքան կարող են ստանալ Banking department-ից։
Օվերստոնի mala fides [անազնվության] մասին ՝ հետևյալ փայլուն օրինակը.
«4243. Ձեր հայացքով արդյոք կապիտալի քանակն ամսե-ամիս տատանվո՞ւմ է այն աստիճան, որ այդ տատանման հետևանքով նրա արժեքը փոխվի այնպես, ինչպես վերջին տարիներում տեսել ենք զեղչի նորմայի տատանումների օրինակով»։— «Կապիտալի նկատմամբ առաջադրվող պահանջարկի ու առաջարկի հարաբերությունն անկասկած կարող է տատանվել նույնիսկ կարճ ժամանակամիջոցներում էլ... Եթե Ֆրանսիան վաղը հայտարարի, թե նա ուզում է մի խոշոր փոխառություն կնքել, ապա այս, անկասկած, '''իսկույն փողի արժեքի, այսինքն կապիտալի արժեքի''' մի մեծ փոփոխություն առաջ կբերի Անգլիայում»։
«4245. Եթե Ֆրանսիան հայտարարի թե ինքը մի անգամից որևէ նպատակի համար 30 միլիոնի ապրանքների պահանջ ունի, ապա — եթե մի ավելի գիտական ու ավելի պարզ արտահայտություն գործ ածենք — կապիտալի մի խոշոր պահանջարկ կառաջանա»։
«4246. '''Կապիտալը''', որ Ֆրանսիան կցանկանար գնել իր փոխառությամբ, մի բան է. '''փողը''', որով Ֆրանսիան կգնի այս կապիտալը, մի '''ուրիշ''' բան է. իր արժեքը փոխողը փո՞ղն է, թե՞ ոչ»։ — «Մենք նորից