Changes

Վերոհիշյալ նյութերի մեջ հմայողներին գլխավոր կամ իբր զորավոր և ազդու են թվում երկաթը, նարոտը՝ ասղանին, այսինքն՝ կարմիր ու այլ գույներով հոյւսված դերձանները կամ ժապավենները, բայց ավելի՝ ջուրը, որով դյութությունը կոչվում է <i>ջուրհուռութք</i> կամ <i>ջուրհուռթույցք</i> և պարզապես <i>հուռութք</i>, <i>հուռթություն</i>, իսկ գործողությունը՝ <i>հուռթել</i>, ասել է թե՝ ջրով հմայել։ Այս բառին լծորդ է <i>հուռթի</i> հասարակ բառը, որ նշանակում է «ջրով առատ, ջրարբի տեղ» և կատարվում էր ամանի ջուրը և նրա մեջ երևացած դեմքը պարզապես զննելով․ քանի որ սովորաբար դյութությունը կատարվում էր տափակ մի ամանի, մի կոնքի, մի լագանի մեջ լցրած ջրի վրա, դյութողը կոչվում էր <i>լականագետ</i>, և հարկ էր, որ գործողությունն էլ կոչվեր <i>լականահմայություն</i>, թեև գրքերում այս բառին չեմ հանդիպել։ Իսկ մյուս կերպը հատընկեցությամբ էր, այսինքն՝ ջուրը գցելով գարի կամ այլ հատիկներ կամ էլ դրանց նման արհեստական հատիկներ, որ մեր լեզվով կոչվում են ուլունք։ Ըստ մեր հին պատմիչների ավանդության՝ Շամիրամը նախ այս ձևով էր հուռթում։ Ըստ մեկ այլ ավանդության՝ ուլունքը նետեց Բզնունյաց (Վանա) ծովը, ինչից էլ, ըստ Խորենացու, ծագեց «Ուլունք Շամիրամայ ի ծով» առակը, որը այլաբանելով՝ գուսանորեն երգել է մեր օրերի հռչակավոր բանաստեղծ Պատկանյանի բանաստեղծ հայրը՝ տեր Գաբրիելը։ Քրիստոնեության օրոք որևէ ձևով մանցած ջրով հմայությունը կոչվել է <i>ջուր աղոթել</i>: Ջրով հմայելու մի տեսակ կարող է համարվել այն սուտ կամ աղթարական հավատքը, ըստ որի պետք է դեկտեմբեր ամսի 29֊ին «ի բաց ամանէ ջուր չի խմել ի գիշերիս, վասն զի դեւք կու փսխեն ի ջուրն, և որ խմէ՝ նա կու դիւահարի և կու խեւնայ, կամ կու առնուի» կամ կզարկվի։
 
 
 
 
 
Հիշենք այստեղ, որ հմայության, դյութության և կախարդության գործողությունները նշանակում է <i>հեթեթանք</i> («հմայելու հնարք») բառը, առավել ևս՝ <i>բժժանք</i> կամ <i>բժժագործություն</i> բառերը, ինչպես մեր Շնորհալի հայրն է անվանում սամոսատցիներին ուղղված թղթի մեջ։ Բառի արմատն է <i>բժիկ</i>֊ը, և սրան էլ՝ <i>բիժ</i>֊ը, գուցե լծորդ է և <i>բույժ</i>֊ը, որից՝ <i>բժշկություն</i>֊ը, որովհետև այս տեսակ հմայությունների մի նպատակն էլ բժշկելն էր, այսինքն՝ բժշկությանը հավատացնելը, որ շատ այլ տեսակի հմայությունների էլ պատճառ է, և ըստ Պլինիուսի (ХХХ, 1)՝ հմայությունների և խտրությունների բոլոր տեսակները ծագել են բժշկական դիտողություններից և պատվերներից։ Այս առումով՝ հմայությունների հատուկ տեսակներ են մարդկանց կամ մարդու մարմնի վրա եղածը, սովորաբար մասերի շարժումները որևէ ձևով զննելով արվողները։ Այս է մարմնախաղ կամ մարմնի խաղալ կոչվածը, որի մասին կան ծավալուն գրվաշ և թարգմանված ձեռագիր ու տպագիր սնոտի բաներ, որոնց մեջ եթե պիտանի մի բան կա, մարդակազմությանը վերաբերող բառերն են։ Հմայությունները կոչվում են նաև առանձին անուններով՝ ըստ մարմնի գլխավոր մասերի, ինչպես՝ <i>ակնախաղ</i>։ Այսպիսի սնոտիքները հիշատակում է նաև մեր հին Եզնիկ վարդապետը․ «Յորժամ Ակն խաղայցէ բնական ազդեցութեամբ, վասն զնորորգ ոք տեսանելոյ լինի՝ ասեն՝ նշանակ, որք այմն ստէպ միտ դնեն։ Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է, ասեն, կամ հանդերձս ացնիւս ագանելոյ, կամ սիրելւոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ։ Նոյնպէս և յորժամ Ոտն կծիցէ՝ կամ Ձեռն, մին ասեն ճանապարհի գնալոյ նշանակ էկամ Անձրեւի, և միւսն՝ առնլոյ ինչ յումեքէ կամ տալոյ։ Նոյնպէս և ՓՆչելն և Լեզուին կծել, և Ունկանն հարկանել, և Ըմբանին կծել (կոկորդ ― Ղ․Ա․), ոչ թէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի։ ― Եւ յօրանջելն և ձգտիլն՝ ոչ ի դիւէ լինի, այլ ի մեղկութենէն և ի թուլութենէ մարմնոյ․․․ և ոչ փնչելն՝ ի հրեշտակէ, այլ կամ ի ցրտոյ կամ վասն այլ իրիք բնական ազդեցութեան։ Նա և յՈգւոցն հանել՝ երբեմն յիշատակաւ լինի և երբեմն առանց յիշելոյ զոք»։