Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 8270 բայտ, 13:49, 26 Ապրիլի 2015
/* Ծանոթագրություններ */
 
Հիշենք այստեղ, որ հմայության, դյութության և կախարդության գործողությունները նշանակում է <i>հեթեթանք</i> («հմայելու հնարք») բառը, առավել ևս՝ <i>բժժանք</i> կամ <i>բժժագործություն</i> բառերը, ինչպես մեր Շնորհալի հայրն է անվանում սամոսատցիներին ուղղված թղթի մեջ։ Բառի արմատն է <i>բժիկ</i>֊ը, և սրան էլ՝ <i>բիժ</i>֊ը, գուցե լծորդ է և <i>բույժ</i>֊ը, որից՝ <i>բժշկություն</i>֊ը, որովհետև այս տեսակ հմայությունների մի նպատակն էլ բժշկելն էր, այսինքն՝ բժշկությանը հավատացնելը, որ շատ այլ տեսակի հմայությունների էլ պատճառ է, և ըստ Պլինիուսի (ХХХ, 1)՝ հմայությունների և խտրությունների բոլոր տեսակները ծագել են բժշկական դիտողություններից և պատվերներից։ Այս առումով՝ հմայությունների հատուկ տեսակներ են մարդկանց կամ մարդու մարմնի վրա եղածը, սովորաբար մասերի շարժումները որևէ ձևով զննելով արվողները։ Այս է մարմնախաղ կամ մարմնի խաղալ կոչվածը, որի մասին կան ծավալուն գրվաշ և թարգմանված ձեռագիր ու տպագիր սնոտի բաներ, որոնց մեջ եթե պիտանի մի բան կա, մարդակազմությանը վերաբերող բառերն են։ Հմայությունները կոչվում են նաև առանձին անուններով՝ ըստ մարմնի գլխավոր մասերի, ինչպես՝ <i>ակնախաղ</i>։ Այսպիսի սնոտիքները հիշատակում է նաև մեր հին Եզնիկ վարդապետը․ «Յորժամ Ակն խաղայցէ բնական ազդեցութեամբ, վասն զնորորգ ոք տեսանելոյ լինի՝ ասեն՝ նշանակ, որք այմն ստէպ միտ դնեն։ Յորժամ յերանս կամ յայլ անդամս միս խաղայցէ, նշանակ հեծանելոյ ուրուք է, ասեն, կամ հանդերձս ացնիւս ագանելոյ, կամ սիրելւոյն պատահելոյ, կամ գան ըմպելոյ։ Նոյնպէս և յորժամ Ոտն կծիցէ՝ կամ Ձեռն, մին ասեն ճանապարհի գնալոյ նշանակ էկամ Անձրեւի, և միւսն՝ առնլոյ ինչ յումեքէ կամ տալոյ։ Նոյնպէս և ՓՆչելն և Լեզուին կծել, և Ունկանն հարկանել, և Ըմբանին կծել (կոկորդ ― Ղ․Ա․), ոչ թէ յԱյսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի։ ― Եւ յօրանջելն և ձգտիլն՝ ոչ ի դիւէ լինի, այլ ի մեղկութենէն և ի թուլութենէ մարմնոյ․․․ և ոչ փնչելն՝ ի հրեշտակէ, այլ կամ ի ցրտոյ կամ վասն այլ իրիք բնական ազդեցութեան։ Նա և յՈգւոցն հանել՝ երբեմն յիշատակաւ լինի և երբեմն առանց յիշելոյ զոք»։
 
Մարմնախաղի նման կարող ենք <i>մարմնակապ</i> կոչել պարզապես <i>կապ</i> ասվածը, որը, ըստ համողների, մարմնի որևէ մասի շարժման արգելումը կամ արձակումն է։ Եվ սա էլ, ըստ մասերի, ունի հատուկ անուններ, ինչպես՝ <i>քնակապ</i>՝ քնի մեջ թմրեցնելը․ իբրև բացատրություն՝ «նոր փեսայ կապել», որը մեկ այլ տգեղ բառով էլ է կոչվել, ինչպես նրա արձակման գրվածքի մեջ․ «Հաւբալն նստեալ ի յանհուր և յանջուր և յանեղեմն դաշտին, լայր զերդ զայրի և ողբայր զինչ զգերի, և ձայն ածէր զինչ զանեբայր քոյր։ ― Հրամայեաց տէրն․․․ թէ, Հաւբալ, է՞ր ես նստել ի յանհուր ի յանջուր ի յանեղեն դաշտին․ է՞ր կու լաս զերդ զայրի և կ՝ողբաս զերդ զգերի, և ձայն ածես զինչ զանեղբայր քոյր։ ― Հաւբալն արար պատասխանի, թէ ի՞նչ ցեղ չի նստիմ ի յանուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ ի՞նչ ցեղ չիլամ զերդ այրի և չողբամ զերդ զգերի և ձայն ածեմ զերդ անեղբայր քոյր/ երբ չիծնանին իմ յղիքն իմ երընճնիքն, և չի արձակեցան իմ գոզարքելքն։ ― Նա հրամայեաց տէրն․․․ թէ, մի՛ նստել ի յանհուր ի յանջուր և յանեղեմն դաշտին․ և մի՛ լար զերդ այրի, և մի՛ ողբար երդ զգերի, և ձայն ածել զերդ անեղբայր քոյր։ Քո յղիքն ծնանեցան, և քո երընճնիքն յղեցան, և արձակեցան քո գոզարգելքն։ ― Արձակեցաւ երկինք և արձակեացւ երկիր․ և արձակեցաւ ծառայն Աստուծոյ այս անուն» և այլն։
 
Լեզվակապը մեկի լեզուն հմայելով համրացնելը կամ արձակելն է։ Հմայողն էլ անվանվում էր <i>չար լեզու</i>։ Արձակման համար սնոտի աղոթքներ ու խոսքեր գտնվում են՝ գրված աղթարական գրքերում և առանձին թղթերի և ծրարների վրա, որոնք կոչվում են <i>պահպանակներ</i> և <i>գրապանակներ</i>, ինչը կհիշատակենք հետագա շարադրանքում․ օրինակ․ «Գայր երկինքն երկնաւորօքն, և գայր երկիր երկրաւորօքս․ կու առնուր ի հրոյն սուր և ի սրոյ հուր․ և դնեն ի ստորոտս բանք բերանոյն ամենայն չարկամաց և չարախօսաց, Հայի և Տաճկի և ամենայն միլաթի, թէ չկարեն խօսիլ․․․ Կարկեսցին բերանք թշնամեաց և լեզուք չարախօսաց, անուամբն Աստուծոյ» և այլն։
 
Լեզվակապից առավել տարածված է աչքակապը, որ կոչվում է նաև <i>աչխուփ</i> և շատ է հիշատակվում․ ըստ գրքերի՝ <i>հաչաղանք</i>, ըստ ռամիկների՝ <i>աչքիլել</i>՝ թշնամությամբ կամ ծուռ նախանձով մեկին, մանավանդ երեխաներին նայել, ինչի մասին մինչև այժմ էլ խոսվում է շատ ազգերի, նաև մեր մեջ, և դրա դարման սնոտի հնարքները հայնի են։ Հմայողը կամ ծուռ նայողը կոչվում է <i>չարակն</i>, որի դեմ էլ կան շատ սնոտի գրվածքներ։ Օրինակ․ «Անուամբն անեղին Աստուծոյ․ գայր Չարակն, և որոտայր իբրեւ զամպ և զառիւծն, և գալարէր իբրեւ զօձ․ տեսեալ զնա և ասէ․ Ո՞ւր երթաս, պիղծ անիծեալ։ Ասէ Չարակն․ Երթամ զիւրեացն գործն խափանեմ․ զեզն՝ ի լուծէն, զկովն ի կըթէն, զմաքին ի կաթէն, զաղիկ մանուկն՝ հալեմ, զտղայն՝ ի մօր գիրկն չարչարեմ և մասեմ։ Ասէ ողորմութեան հրեշտակն․ Կապեմ զքեզ կաթամբ Ս․ Կուսին և ամենազօր խաչին Քրիստոսի, չորեքկերպեան աթոռովն և չորս գլուխ աւետարանաւն, չորս տարերաւն, չորս կողմն աշխարհիս, չորս գետովն, տասն մասամբ արարածովս, որ ոչ մերձենաս ի ծառայս Աստուծոյ»։
== Ծանոթագրություններ ==
<references>