Changes
/* Գլուխ տասնմեկ. Պալանտիր */
— Քո կամքն է, տիրակալ,— ասաց Գենդալֆը,— բայց գնացեք լեռներ, Հելմյան Իջվածք:
Այդ պահին նրանց ծածկեց հսկայական ստվերը, և լուսինը հանկարծ հանգավ: Թիկնապահները ճչալով փռվեցին գետնին՝ ձեռքերով ծածկելով գլուխները: Բոլորին պատեց կույր սարսափը և մահվան սարսուռը: Սարսափահար նայելով վերև, նրանք տեսան, որ վիթխարի թևավոր հրեշը սև ամպի պես մի պահ ծածկեց լուսինը: Նա շրջան գծեց և հողմի պես սլացավ հյուսիս՝ ճանապարհին կուլ տալով աստղերին: Միջերկրի ոչ մի քամի չէր կարող հասնել նրա հետևից:
Բոլորը քարացել էին: Գենդալֆը կանգնած, լարված սեղմած բռունցքները, հայացքով ուղեկցում էր հրեշին:
— Նա՛զգուլ,— բացականչեց նա վերջապես,— Մորդորի սուրհանդա՛կը: Փոթորիկը մոտենու՛մ է, Նազգուլը հատել է Մեծ Գե՛տը: Արա՛գ: Արշավե՛ք, արշավե՛ք, մի՛ սպասեք լուսաբացին: Եվ մի՛ սպասեք նրանց, ովքեր հապաղում են: Արա՛գ:
Նա նետվեց առաջ՝ ճանապարհին կանչելով Լուսաչին: Արագորնը շտապեց նրա հետևից: Վազելով հոբիթների մոտ, Գենդալֆն առանց բացատրության բարձրացրեց Փինին ձեռքերի վրա:
— Այս անգամ ինձ հետ կգաս,— ասաց նա: — Կտեսնես, թե ինչպես է սլանում Լուսաչը:
Լուսաչն արդեն սպասում էր նրան: Գենդալֆն ուսին գցեց իր ոչ մեծ տոոպրակը, թռավ Լուսաչի մեջքին և ընդունեց Արագորնից ծածկոցի և թիկնոցի մեջ փաթաթված Փինին:
— Մնաք բարո՛վ, չհապաղե՛ք,— բղավեց նա: — Սլացի՛ր, Լուսա՛չ:
Գեղեցիկ նժույգը թափահարեց գլուխը, նրա ծածանվող պոչը շողշողաց լուսնի լույսի տակ: Նա պոկվեց տեղից, թռչելով գետնի վրայով և սլացավ, ինչպես հյուսիսային քամին լեռներից:
— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացու՛մ լինի:
— Իս եթե Փինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի քարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:
Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:
Փինը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Նա տաքացել էր, թեև դեմքին սառը, սուր քամի էր փչում: Իսկ կարևորը՝ Գենդալֆը կողքին էր: Սարսափազդու քարը և լուսինը ծածկող հրեշավոր ստվերը մնացել էին հետևում, լեռնային մշուշում և վերածվել վատ երազի, որի ազդեցությունն անցել էր: Նա ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց:
— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:
— Առհասարակ ես էլֆերի պես չեմ արշավում,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց Լուսաչը լծասարք չի հանդուրժում. նա կամ համաձայն է քեզ տանել, կամ ոչ: Իսկ եթե նա վերցնում է քեզ, ապա հոգ է տանում, որ չընկնես: Եվ չես ընկնի, եթե ինքդ չուզենաս:
— Իսկ ի՞նչ արագությամբ է նա սլանում,— հարցրեց Փինը: — Դատելով քամուց, կարելի է եզրակացնել, որ շատ արագ, բայց այնքան սահուն ենք ընդանում, որ առհասարակ չի զգացվում:
— Նա հիմա ամենաարագավազ ձիուց էլ արագ է սլանում,— պատասխանեց Գենդալֆը,— բայց դա Լուսաչի համար հեչ բան է: Ուղղակի մենք հիմա բարձրանում ենք և հարթավայրն էլ անհարթ է: Ահա՛ և Սպիտակ Լեռները: Տես, ինչ պարզ են երևում աստղերի ֆոնին: Տեսնու՞մ ես երեք գագաթները, որ ասես երեք եղջյուր լինեն: Դա Թրայհրինի եռաժանին է: Շուտով կհասնենք ճամփաբաժանին, և դու կտեսնես Հելմյան կիրճը, որտեղ երկու գիշեր առաջ տեղի ունեցավ ճակատամարտը:
Փինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.
Մեծ արքաներ և մեծ նավեր
Երեք անգամ երեք,
Ի՞նչ են բերել նավերով նրանք
Անդրծովյան հեռավոր երկրից:
Յոթ աստղ և յոթ քար
Եվ մեկ սպիտակ ծառ...
— Ինչի՞ մասին ես երգում, Գենդալֆ,— հարցրեց Փինը:
— Փորձում եմ հիշել հինավուրց երգերը,— պատասխանեց հրաշագործը: — Այդ երգերում պահպանվում են հնագույն ավանդությունները: Հոբիթները, երևի, վաղուց մոռացել են դրանք, նույնիսկ այն մի քանի հատվածները, որ գիտեին...
— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց Փինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...
Հնագույն արքաների պալանտիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:
— Պալանտիրնե՞ր: Իսկ ի՞նչ է պալանտիրը:
— Պալանտիր՝ նշանակում է «հեռատես»: Օրթհանքի քարը դրանցից մեկն է:
— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չէ ստեղծել:
— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտությունը հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Պալանտիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում, արևից էլ այն կողմ: Այդ քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերն են ստեղծել դրանք, կամ հնարավոր է նույնիսկ Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է...