Changes

Պահապանները

Ավելացվել է 11 766 բայտ, 13:01, 28 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
— Իհարկե, Կաղամախը կհետևի, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:
Թե Պանդուխտն էր նրանց այդպես առաջնորդում, թե էլի ինչ-որ այլ պատճառով, բայց նրանց հետապնդող չկար: Ճամփորդներին նկատում էին միայն թռչունները, աղվեսները, մեկ էլ կայտառ սկյուռիկները: Նրանք գիշերեցին անտառում, իսկ առավոտյան սուսուփուս շարունակեցին ճանապարհը: Անտառից դուրս եկան միայն երրորդ օրը, դուրս եկան ու իսկույն թաքնվեցին: Լեռնամոտի ագարակներից անցել էին, այժմ սկսվում էին Մոծակի Ճահճուտները:
 
Ոտքերի տակ ճլփում էր, ոտնահետքերի մեջ պղտոր ջուր էր լցվում: Սեզերի ու եղեգների միջից փոքրիկ թռչնակներ էին թռչում: Սկզբում հոբիթները գնում էին աշխույժ ու վստահ, հետո սկսեցին ցատկոտել հողակոշտից հողակոշտ: Այստեղ նույնիսկ հետքագետները ճանապարհը չգիտեին՝ ով ոնց կարողանար: Նրանց վրա էին թափվել մժեղները, բզզում էին գլխավերևում, մտնում մազերի, տաբատների մեջ և կպչում, կծում, խայթում:
 
— Է՜. էսպես հո ինձ կուտեն,— չդիմացավ Փինը: — Սա արդեն ոչ թե Մոծակների Ճահճուտ է, այլ մոծակների բուծարան:
 
— Իսկ որ հոբիթները մոտերքում չկան, այս զզվելիները ու՞մ արյունն են խմում,— հետաքրքրվեց Սամը, կատաղորեն իր վզին շփշփացնելով:
 
Այդ խուլ վայրում հազվագյուտ գարշելի օր եղավ: Գիշերատեղն էլ սառն էր, խոնավ, անհարմար. այդ բզզան արյունախումները թույլ չէին տալիս աչք կպցնել: Եղեգների ու սեզերի մեջ վխտում էին ճռճռացնող արարածները, ծղրիդի վատ ազգակիցները: Ամբողջ գիշեր ականջները սղոցում էր. «Արյու՜ուն... Արրյու՜ուն»: Մինչև առավոտ հոբիթներն ուղղակի խելագարվեցին:
 
Դրանից քիչ ավելի լավ էր չորորդ օրը. քիչ ավելի թեթև չորորդ գիշերը: «Արյունախնդիրները», ինչպես նրանց անվանեց Սամը, չէին ճռճռում, բայց մոծակների անկուշտ վնգացող ամպերը առաջվա պես ալիքվում էին ճամփորդների գլխավերևում:
 
Երբ Ֆրոդոն անասելի հոգնած, համարյա քնելու հույս չունենալով պառկեց, հանկարծ արևելքում լույսի հեռավոր ցոլք նկատեց. բռնկվում էր ու հանգչում: Իսկ մինչև լուսաբաց դեռ մի քանի ժամ կար:
 
— Այդ ի՞նչ բռնկումներ են,— հարցրեց նա Պանդուխտին, որը կանգնել ու նայում էր դեպի խոնավ մթությունը:
 
— Չափազանց հեռու է, անհասկանալի է,— պատասխանեց նա: — Շատ տարօրինակ է, կարծես բլրի գլխին կայծակ է խփում:
 
Ֆրոդոն պառկեց, բայց դեռ երկար տեսնում էր վառ բռնկումներն ու Պանդուխտի մութ կերպարանքը: Վերջապես ծանր քունը հաղթեց նրան:
 
Հինգերորդ օրը նրանք հետևում թողեցին խրուտ ճահիճներն ու շամբուտները: Սկսվեց հազիվ նկատելի, բայց երկար ու տառապալից վերելքը: Արևելքից սկսվում էին զառիկող լերկ բլուրները: Աջ կողմում ամենաբարձրն ու քարքարոտը մյուսներից վեր էր խոյանում և տափակ գագաթ ուներ:
 
— Դա Զավերտն է,— ասաց Պանդուխտը: — Հին ճանապարհը՝ մենք այն շրջանցեցինք աջից, ձգվում է լեռան ստորոտով: Վաղը կեսօրին կհասնենք այնտեղ, իսկ հետո գագաթը կբարձրանանք: Այո, գագաթից խուսափել չենք կարող:
 
— Ինչի՞ մասին ես խոսում,— հարցրեց Ֆրոդոն:
 
— Այն մասին, որ մեր ճանապարհը բացահայտված է, ոչինչ անել չես կարող... Հայտնի չէ, թե մեզ ինչ է սպասվում այնտեղ: Սարից, սակայն, լավ է երևում Ուղին:
 
— Չէ որ հույս ունեիր այնտեղ Գանդալֆին գտնելու:
 
— Հույս ունեի, բայց հիմա հույսը փոքր է: Եթե նա նույնիսկ գնա այս ճանապարհով, ապա կարող է պատահել, որ շրջանցի Լեռնամոտը և մեր մասին չի իմանա: Հազիվ թե այնտեղ հասնենք նույն ժամանակ, իսկ եթե չհասնենք, իրար կկորցնենք՝ ոչ մենք կարող ենք նրան սպասել, ոչ նա՝ մեզ: Եթե հեծյալները անտառում մեզ չբռնեցին, ուրեմն անպայման կգնան դեպի Զավերտ՝ այնտեղից ամեն-ամեն ինչ երևում է: Եվ հիմա էլ մենք կանգնած ենք, իսկ մեզ տեսնում են զանազան գազաններ ու թռչուններ...
 
Հոբիթները տագնապալի նայեցին հեռավոր բլուրներին, իսկ Սամը հայացքն ուղղեց դժգույն երկնքին, ասես այնտեղ սպասում էր տեսնել գորշ արծիվ կամ դժնդակ անգղ:
 
— Դե դու էլ հո հույս չե՜ս տալիս, Պանդուխտ,— գլուխն օրորելով մռթմռթաց նա:
 
— Ուրե՞մն,— հարցրեց Ֆրոդոն:
 
— Ուրեմն այսպես,— մտածկոտ ու կարծես դժկամորեն խոսեց Պանդուխտը: — Հիմա կգնանք անտառով ուղիղ Հողմակործ ծառերի Լեռնաստորոտը և կմոտենանք Զավերտին: Այնտեղ, հյուսիսից մի արահետ կա: Ինչ լինելու է՝ կլինի:
 
Նրանք գնում էին ու գնում, իրիկնային սառնությունը պարուրում էր խոնավությամբ: Ոտքերի տակ սակայն, մի քիչ չորացավ. հետևում թանձրանում էր մառախուղը: Արևի կարմիր սկավառակից բաժանվելով տնքում ու հեծեծում էին անտեսանելի թռչունները: Ապա մեռելային լռություն իջավ: Հոբիթները թախիծով հիշեցին մեղմ, անխռով մայրամուտները, որ դիտում էին Պարկուտի կլոր պատուհաններից:
 
Այդ գիշեր նրանք հերթով հերթապահեցին, իսկ Պանդուխտն առհասարակ չքնեց: Առավոտյան վեր կացան արևի առաջին ճառագայթներից: օդը սառն էր, երկինքը՝ բաց կապույտ: հոբիթները զգում էին, որ չնայած կիսաքուն գիշերին հանգստացել են, նրանք արդեն վարժվել էին երկար քայլելուն և սուղ օրապահիկին: Հոբիթստանում ուղղակի չէին հավատա, որ կարելի է համարյա առանց ուտելու ապրել: Իսկ Փինն ասաց, որ, միևնույնն է, Ֆրոդոն համարյա երկու անգամ գիրացել է:
 
— Ի՜նչ գիրանալու մասին է խոսքը,— հառաչեց Ֆրոդոն, գոտու մեջ նոր անցք բացելով,— ինձանից առհասարակ բան չի մնացել: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար ուրվական դարձա:
 
— Պետք չէ այդպիսի բաներ խոսել,— անսպասելիորեն կոպիտ նրանց խոսքը կտրեց Պանդուխտը:
 
Երեկոյան կողմ նրանք մոտեցան Լեռնաստորոտին: Քարքարոտ լեռնալանջերը բարձրանում էին նրանց վերևում, տեղ-տեղ երևում էին մթին հովիտներ: Գիշերեցին Լեռնաստորոտի արևմտյան կողմում, իսկ առավոտյան Պանդուխտը գտավ հարկավոր արահետը: Այն բարձրանում էր արևմտյան լանջով և շատ խորամանկ ձևով. սուզվում էր զանազան ձորեր, թաքնվում գահավանդի տակ, գալարվում ժայռերի միջով կամ ձգվում քարերի ծածկույթի տակով, որոնք ճամփորդներին էլ էին թաքցնում բարձր, հուսալի պատերի նման:
 
— հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական քարե անցուղու մեջ: — Սա ինձ այնքան էլ դուր չի գալիս. Թացաձորն է հիշեցնում: Զավերտում գերեզմանոցներ կա՞ն:
 
— Չկան,— պատասխանեց Պանդուխտը: — Դունադանցիները Հողմակործ ծառերի Լեռնաստորոտում չեն ապրել, այլ միայն պաշտպանվել են Անգմարի կախարդների հարձակումներից: Դրա համար էլ գցել են այս գաղտնի արահետը: Ինչ-որ ժամանակ Զավերտի վրա բարձրանում էր Ամոն Սուլ, Ընդհանուրի լեզվով՝ Քամուսար կոչվող դիտաշտարակը: Թշնամիներն այրեցին ու հիմնահատակ ավերեցին այն, մնացել է միայն քարաշեն մի անկանոն շրջան, ասես պսակ լինի հինավուրց լեռան գագաթին: Մինչդեռ աշտարակը բարձր էր ու վես. Վերջին դաշինքի օրերին այնտեղ կանգնել էր Էլենդիլն ինքը՝ սպասելով Գիլ-Գալադին:
 
Հոբիթները խեթ նայում էին Պանդուխտին: Ըստ երևույթին, նրան հայտնի էին ոչ միայն գաղտնի ճանապարհները, այլև հին-հին եղելություններ:
 
— Իսկ Գիլ-Գալադն ո՞վ է,— հարցրեց Մերին,— բայց Պանդուխտը չպատասխանեց. նա մտածմունքի մեջ էր:
 
Պատասխանեց մի ցածր ձայն.
 
<poem>
Գիլ- Գալադ արքան, լուսավոր արքան,
Ու վերջին արքան բոլոր էլֆերի.
Ուզում էր ցրել մութը դարավոր,
Որ աշխարհ հասնեն շողերը վերին:
 
Խավարում փայլեց վահանը նրա,
Ու սև սրերը ջարդվեցին անվերջ,
Նրա հաղթ թուրը կայծակ էր, կրակ,
Շողում, շանթում էր սև ժայռերի մեջ:
 
Սակայն Խավարը նահանջեց միայն,
Հավետ չցրվեց Մութը դարավոր
Եվ նրա աստղը գլորվեց, մարեց
Երկնի խորրքերում հեռու հեռավոր:
</poem>
 
Բոլորը զարմացած շրջվեցին դեպի Սամը:
Վստահելի
1342
edits