Changes

Երկ ռազմարվեստի մասին

Ավելացվել է 49 531 բայտ, 19:32, 28 Ապրիլի 2015
Հետևաբար, զորավարի մոտ կան հինգ վտանգավոր սխալներ՝ երբ նա ձգտում է անպայման մահանալ նա կարող է սպանվել, երբ նա ձգտում է անպայման կենդանի մնալ՝ նա կարող է գերի ընկնել, երբ նա շուտ է զայրանում՝ նրան կարող են արհամարհել, երբ նա պատվի նկատմամբ զգայուն է՝ նրան կարող են խայտառակել, երբ նա սիրում է մարդկանց՝ նրա համար կարող են անհանգստություններ ստեղծել։ Այս բոլոր վտանգները զորավարի թերություններն են, (և) աղետ են պատերազմի ժամանակ։ Ջախջախում են զորքին, սպանում են զորավարին անպայման այս հինգ վտանգներով։ Չի կարելի այդ չիմանալ։
 
 
== Գլուխ իններորդ։ Զորքն արշավի ժամանակ ==
 
(Սինցզյուն)
 
Սուն Ցըզին ասաց. սովորաբար զորքի տեղակայումը և հակառակորդին հետևելը իրականացվում է հետևյալ կերպ. լեռներով անցնելիս շարժվիր հովիտներով, տեղավորվիր բարձունքի արևային կողմի վրա, բարձրում գտնվող հակառակորդի վրա մի հարձակվիր։ Ահա ամեն ինչ լեռներում զորքի տեղակայման մասին։
 
Ջրային արգելքն անցնելիս, անպայման գետից հեռու գտնվիր։ Երբ ներխուժած հակառակորդն անցնում է գետը, նրան ջրի վրա մի դիմավորիր։ Ընդհանրապես շահավետ է նրա մի մասին թույլ տալ գետն անցնել և հետո հարվածել։ Ով որ ցանկանում է հակառակորդի հետ մարտի բռնվել, չպետք է նրան գետի մոտ հանդիպի։ Տեղավորվիր գետի արևային կողմում։ Հակառակորդի հետ հանդիպելու համար մի շարժվիր հոսանքի ուղղությամբ։ Ահա ամեն ինչ զորքը ջրային տարածքի վրա տեղակայելու մասին։
 
Ճահճով անցնելիս, շտապիր արագ հեոանալ, մի հապաղիր։ Եթե քեզ առաջիկայում սպասվում է մարտը վարել ճահճի շրջանում, անպայման տեղավորվիր այնտեղ, որտեղ կա ջուր և խոտ, իսկ թիկունքում էլ անտառ լինի։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է ճահճում զորքի տեղակայմանը։
 
Հարթավայրային տեղանքում տեղավորվիր (այնպիսի) հարմար տեղում, որտեղ աջից ու ձախից կան բարձունքներ, վտանգը սպասիր առջևից, իսկ թիկունքն ապահովված է։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է հարթավայրում զորքերի տեղակայմանը։
 
Զորքերի տեղակայման այս չորս շահավետ եղանակներն ապահովեցին Խուանդիի հաղթանակը չորս կայսրերի նկատմամբ։
 
Ընդհանրապես զորավարը պետք է սիրի բարձր վայրերը և ատի ցածրերը, գնահատի արևային լույսը և մերժի ստվերը, հոգ տանի (մարդկանց) կյանքի մասին և հաշվի առնի տեղանքի իրողությունը, այդ դեպքում զորքերում հիվանդություններ չեն լինի։ Դա կոչվում է պարտադիր հաղթանակ։
 
Բլրապատ և բարձունքաշատ տեղանքում տեղավորվիր նրանց արևային կողմում, դրանք ունեցիր աջից և թիկունքում, դա շահավետ է զորքի համար։ Այդպիսին է տեղանքի օգնությունը։
 
Եթե գետի վերին հոսանքերում անձրևներ են եկել, և ջուրը փրփրում է, ապա նա, ով ցանկանում է (գետն) անցնել, թող սպասի, մինչև գետը հանդարտվի։ Ընդհանրապես, այն տեղանքում, ուր կան ուղղաձիգ ժայռեր, բնական ջրհորներ, քարանձավներ, բնական ծուղակներ, ճահճուտներ, բնական ճեղքեր, անպայման փութացեք նրանցից հեռանալ և մի մոտեցեք նրանց։ Ինքդ հեռացիր դրանցից, իսկ հակառակորդին հրապուրելով, տար այնտեղ։ Այնպես արա, որ նման տեղանքը գտնվի հակառակորդի թիկունքում։
 
Եթե զորքի տեղակայման վայրում կան ձորակներ, խոտածածկ ճահճուտներ, անտառներ, թփեր, մացառուտներ անպայման հետազոտիր դրանք։ Այդպիսի վայրերում դարաններ են լինում, և գտնվում են հակառակորդի դետքերը։
 
Երբ հակառակորդը մոտիկ է գտնվում, նա իրեն լուռ է պահում, դա նշանակում է, որ նա ցանկանում է, որպեսզի դու առաջանաս։ Երբ հակառակորդը հարմար է տեղավորված, նշանակում է նա շահ ունի։
 
Երբ ծառերը սկսում են շարժվել, նշանակում է նա (հակառակորդը) մոտենում է, երբ խոտից պատրաստված մեծ քանակությամբ արգելափակիչներ են պատրաստված, նշանակում է նա ցանկանում է քեզ մոլորության մեջ գցել, որտեղ թոչունները դեպի վեր են թռչում՝ (նշանակում է, որ) այնտեղ դարան է արված, եթե գազանները վախեցած փախչում են այնտեղ ինչ-որ մեկը թաքնվել է։ Երբ փոշին վեր է բարձրանում, նշանակում է մարտակառքերն են շարժվում, երբ փոշին բարձրանում է ցածր և լայն, նշանակում է՝ ամբոխն է գալիս (մեծ թվով հետիոտն մարտիկներ), երբ փոշին տարբեր ուղղություններով է բարձրանում, նշանակում է վառելիք են հավաքում, եթե փոշին քիչ է և այս ու այն կողմ է շարժվում, նշանակում է հակառակորդը ճամբար է կազմակերպում։
 
Երբ հակառակորդի ճառերը խոնարհ են, իսկ նախապատրաստություններն ուժեղացված, նշանակում է՝ նա պատրաստվում է հարձակման, երբ նրա ճառերը հանդուգն են և նա փորձեր է անում առաջ շարժվել, նշանակում է՝ նա պատրաստվում է նահանջել։ Երբ նրա թեթև մարտակառքերն առաջ են գալիս, իսկ զորքը տեղավորվում է նրանց թևերում, նշանակում է՝ հակառակորդը մարտակարգ է կազմում։ Եթե հակառակորդն ընկճված չէ և խաղաղություն է խնդրում, նշանակում է՝ նա գաղտնի դիտավորություն ունի։ Երբ նրա մոտ արագ այս ու այն կողմ են վազում, և ռազմիկները մարտակարգեր են գրավում, նշանակում է՝ պահը հասել է։ Երբ նրա մոտ ոմանք հարձակվում, իսկ ուրիշները նահանջում են՝ նշանակում է, որ նա փորձում է հրապուրել (հարձակման)։ Երբ նրա ռազմիկները զենքին հենված կանգնած են՝ նշանակում է, որ նրանք սոված են։ Երբ նրա (հակառակորդի) ջրկիրները մոտենալով ջրին, սկզբում իրենք են խմում նշանակում է՝ նրանք տառապում են ծարավից։ Երբ նա տեսնում է շահը և չի հարձակվում, նշանակում է նա ուժասպառ է եղել։
 
Որտեղ թոչունները հավաքվում են երամներով՝ այնտեղ ոչ ոք չկա։ Երբ գիշերը հակառակորդի մոտ միմյանց ձայն են տալիս՝ նշանակում է, որ այնտեղ վախենում են։ Երբ զորքը կազմալուծված է՝ նշանակում է, որ զորավարը հեղինակություն չունի։ Երբ դրոշակներն ու դրոշները տեղից տեղ են փոխադրվում, նշանակում է տեղի են ունենում անկարգություններ։ Երբ նրա (հակառակորդի) հրամանատարները զայրանում են՝ նշանակում է՝ զինվորները հոգնել են։ Երբ հակառակորդի զորքում ձիերին կերակրում են կորեկաձավարով, իսկ իրենք միս են ուտում, սափորները չեն կախում և չեն վերադառնում իրենց ճամբարը, նշանակում է, որ նրանք հուսահատության են հասել, ինչպես ավազակները։
 
Երբ զորավարը ռազմիկների հետ զրուցում է երկար, քնքուշ, հարգանքով, նշանակում է՝ նա կորցրել է զանգվածների վստահությունը։ Երբ նա (զորավարը) հաճախ է պարգևատրում, նշանակում է՝ զորքը գտնվում է դժվարության մեջ, երբ հաճախ է պատժում, նշանակում է՝ ընկել է կարգապահությունը։ Երբ նա սկզբում դաժան է, իսկ հետո վախենում է զանգվածներից, նշանակում է՝ ռազմական արվեստի գեր անհասկացություն։
 
Երբ հակառակորդի կողմից գալիս են դեսպանները հաճոյախոսություններով և սիրալիրություններով, նշանակում է՝ նա զինադադար է խնդրում։ Երբ հակառակորդի զորքը գրգռված առաջ է գալիս, սակայն երկար ժամանակ չի ցանկանում մարտի մեջ մտնել և ետ չի քաշվում՝ այդ դեպքում պահանջվում է ուշադիր հետևել նրան։
 
Պարտադիր չէ զորքն ավելացնել մինչև քանակական գերազանցությունը, չի պահանջվում առաջ գնալ միայն ռազմական հզորությամբ։ Բավական է ունենալ անհրաժեշտ քանակությամբ զորք և կենտրոնացնելու ճանապարհով ու դրության ճիշտ գնահատմամբ կարելի է վերցնել (հաղթել) հակառակորդին։ Ով չի մտածում և հակառակորդին թեթևամտորեն է վերաբերվում, նա անպայման նրա (հակառակորդի) գերին է դառնում։
 
Եթե ռազմիկներին, մինչև նրանց քո հետ կապվելը, սկսես պատժել, նրանք քեզ չեն ենթարկվի, և այդ դեպքում նրանց դժվար կլինի օգտագործել։ Եթե ռազմիկները լավ են տրամադրված քո նկատմամբ, սակայն պատիժներ չեն կիրառվում, այդ դեպքում նրանց բացարձակապես չի կարելի օգտագործել։
 
Ուստի, հրամայելով ռազմիկներին՝ օգտվիր քաղաքացիական սկզբունքից՝ պահանջելով նրանցից լիակատար հնազանդություն, անպայման օգտվիր զինվորական սկզբունքներից, երբ հրամաններն ընդհանրապես կատարվում են, այն ժամանակ, երբ դու ժողովրդին մի ինչ-որ բան ես հրամայում՝ ժողովուրդը հնազանդվում է, երբ հրամանները ընդհանրապես չեն կատարվում, ապա, երբ դու որևէ բան ես հրամայում՝ ժողովուրդը չի ենթարկվում։ Երբ հրամաններն ընդունվում են վստահությամբ և պարզ գիտակցմամբ, ապա դու և զանգվածները փոխադարձաբար հասկանում եք միմյանց։
 
 
== Գլուխ տասներորդ։ Տեղանքի ձևերը ==
 
(Դիսին)
 
Սուն Ցըզին ասաց. տեղանքն իր ձևով լինում է` մատչելի, թեք, կտրտված, դաշտավայրային, լեռնային, հեռավոր։
 
Երբ ես կարող եմ անցնել և նա (հակառակորդը) կարող է գալ, այդպիսի տեղանքը կոչվում է մատչելի։ Մատչելի տեղանքում առաջին հերթին զբաղեցրու արևային կողմի բարձունքները և ապահովիր մատակարարման ուղիների պահպանումը, այդ դեպքում օգուտ (աոավելություն) կունենաս։
 
Երբ դյուրին է գնալ և դժվար է վերադառնալ, այդպիսի տեղանքը կոչվում է թեք։ Թեք տեղանքում, եթե հակառակորդը պատրաստ չէ մարտի, եթե առաջանաս կհաղթես նրան, եթե հակառակորդը պատրաստ է մարտի, առաջանալով չես հաղթի նրան, վերադառնալ դժվար է, օգուտ չես ունենա։
 
Երբ և քո, և հակառակորդի համար հարձակվելը շահավետ չէ, այդպիսի տեղանքը կոչվում է կտրտված։ Կտրտված տեղանքում մի հարձակվիր նույնիսկ այն ժամանակ, ռերբ հակառակորդը տալիս է այդ հնարավորությունը, ետ քաշիր զորքերդ և հեոացիր, հարկադրիր հակառակորդին անցնել այնտեղ կիսով չափ (ուժերի մի մասով), հարվածելով նրան՝ օգուտ կունենաս։
 
Դաշտավայրային տեղանքում, եթե առաջինն այն գրավես, տեղավորիր (զորքը) ամենուրեք և սպասիր հակառակորդի մոտենալուն։ Եթե հակառակորդը, կանխելով, կգրավի այն, մի հետևիր նրան։ Հետևիր նրան (այն դեպքում), երբ նա այն ամբողջությամբ չի գրավի։
 
Լեռնային տեղանքում, եթե առաջինը այն գրավես, անպայման տեղավորվիր արևային կողմի բարձունքի վրա և սպասիր հակառակորդի մոտենալուն։ Եթե հակառակորդը, կանխելով քեզ, կգրավի այն, ետ քաշիր զորքերդ և հեռացիր։ Մի հետևիր նրան։
 
Հեռավոր տեղանքում, ուժերի հավասարության դեպքում դժվար է մարտը սկսել։ Եթե սկսես մարտը, (ապա) չես շահի։
 
Այս բոլոր վեց կանոնները ուսմունքն են տեղանքի մասին։ Զորավարի հիմնական պարտականությունն է դրանք լավ իմանալ։
 
Ուստի, երբեմն զորքը հապճեպորեն նահանջում է, երբեմն այն ուժասպառ է լինում, երբեմն ընկնում է հակառակորդի ձեռքը, երբեմն նա կազմալուծվում է, երբեմն անկարգություններ են ծագում։ Այդ վեց աղետները միակը չեն։ Դրանք առաջանում են զորավարի սխալների հետևանքով։ Եթե հավասար պայմաններում մեկը հարձակվում է տասի վրա, արդյունքում ստացվում է հապճեպ նահանջ։ Եթե ռազմիկներն ուժեղ են, իսկ հրամանատարները թույլ՝ նշանակում է զորքն անհնազանդ է։ Երբ հրամանատարներն են ուժեղ, իսկ ռազմիկները թույլ՝ նշանակում է՝ զորքը կգերվի հակառակորդի կողմից։ Երբ բարձրաստիճան հրամանատարներն իրենց դժգոհությունն են արտահայտում, չեն ենթարկվում իրենց պետին, իսկ հակառակորդի հետ բախման ժամանակ իրենց պետի նկատմամբ ունեցած թշնամանքի պատճառով հակառակորդի դեմ ինքնագլուխ մարտ են սկսում, նշանակում է զորավարը չգիտի նրանց ընդունակությունները, այդպիսի պայմաններում զորքը կկործանվի։ Եթե զորավարն ի վիճակի չէ գնահատել հակառակորդին, երբ նա իր փոքրաթիվ ուժերով հարձակվում է հակառակորդի մեծաքանակ ուժերի վրա, երբ զորքում չկան հարվածային ջոկատներ, նշանակում է զորքը դատապարտված է փախուստի։ Այս վեց կանոնները պարտության մասին ուսմունքն են։ Զորավարի հիմնական պարտականությունն է դրանք հաստատորեն իմանալ։
 
Չէ՞ որ տեղանքի ձևն օգնում է զորքերին։ Ուստի գլխավոր զորահրամանատարի խնդիրն է կարողանալ գնահատել հակառակորդին, կազմակերպել հաղթանակը, հաշվի առնել անանցանելիությունը, կիրճերը, հեռու և մոտ լինելը։ Ով մարտը վարում է գիտենալով այս, նա անպայման հաղթում է, ով որ վարում է մարտը չգիտենալով այս, նա անպայման պարտություն է կրում։
 
Ուստի, եթե համոզված ես, որ պատերազմի վարման մասին ուսմունքի համաձայն անպայման կհաղթես, ապա կռվիր, նույնիսկ այն դեպքում, եթե տիրակալն ասում է «Մի կռվիր»։ Եթե պատերազմի մասին ուսմունքի համաձայն չես հաղթելու, մի կռվիր, եթե նույնիսկ տիրակալն ասում է. «Անպատճառ կռվիր»։
 
Հետևաբար, երբ զորավարը մարտի է ելնում, փառք չփնտրելով, իսկ նահանջում է չվախենալով խայտառակությունից, այս պարագայում նա մտածում է ժողովրդի մասին՝ այդպիսի զորավարը գանձ է պետության համար։
 
Երբ ռազմիկներին կդիտես (կընդունես) այնպես, ինչպես քո երեխաներին, այդ դեպքում նրանց հետ կարող ես գնալ նույնիսկ ամենախոր կիրճերը։ Երբ ռազմիկներին կդիտես (կվերաբերվես) այնպես, ինչպես քո սիրելի որդիներին, այդ դեպքում նրանց հետ կարող ես գնալ թեկուզ մահվան։ Երբ նրանց հետ առատաձեռն լինես՝ ապա չես կարող նրանց հրամայել, երբ անկարգություններ առաջանան, ապա դու չես կարող կարգ ու կանոն հաստատել նման դեպքում նրանք նման են քմահաճ որդիների նրանցից օգտվելն անհնարին կլինի։
 
Երբ գիտակցում ես, որ քո ռազմիկների հետ կարելի է հարձակվել հակառակորդի վրա, սակայն չգիտես, որ հակառակորդի վրա չի կարելի հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։ Երբ գիտես, որ հակառակորդի վրա կարելի է հարձակվել, սակայն չգիտես, որ քո ռազմիկների հետ չի կարելի հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։ Երբ գիտես, որ հակառակորդի վրա հարձակվել կարելի է, որ քո ռազմիկների հետ կարող ես հարձակվել, սակայն չգիտես, որ տեղանքի ձևից ելնելով չի կարելի նրա վրա հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։
 
Ուստի, ով գիտի պատերազմը, առաջանալով չի սխալվի, սկսելով փորձանքի մեջ չի ընկնի։
 
Հետևաբար ասվում է՝ եթե գիտես նրան (հակառակորդին) և գիտես քեզ հաղթանակն ապահովված է, եթե դու նաև գիտես Երկինքն ու Երկիրը՝ հաղթանակն անպայման կարող է լինել ամբողջական։
 
 
== Գլուխ տասնմեկերորդ։ Ինը տեղանք ==
 
(Ցըզյուդի)
 
Սուն Ցըզին ասաց. պատերազմի վարման կանոնների համաձայն, գոյություն ունեն սփՌված տեղանքներ, թեթև (կամ սահմանային) տեղանքներ, վիճարկելի տեղանքներ, լուրջ տեղանքներ, դժվարանցանելի տեղանքներ, շրջապատման տեղանքներ, մահացու տեղանքներ։
 
Երբ իշխանները մարտնչում են իրենց տարածքի սահմաններում՝ դա սփռված տեղանքն է. երբ թափանցում են օտար տարածքը, սակայն այնքան էլ չեն խորանում թեթև (սահմանային) տարածքն է. երբ ես կզավթեմ և այն ինձ համար շահավետ է, նա (հակառակորդը) կզավթի՝ նրան նույնպես շահավետ է՝ վիճարկելի տեղանքն է։ Երեք հարևան իշխանությունների միջև գտնվող տարածքը ով կգրավի՝ առաջինը նա կտիրի ողջ Երկնաբարձունքին՝ մեծ ճանապարհներով հատող տեղանքն է։ Երբ օտար տարածքի մեջ խորանում են և թիկունքում թողնում են մեծ ամրացված շատ քաղաքներ՝ լուրջ տեղանքն է. երբ անցնում են լեռներով և անտառներով, անդունդների և զառիթափերի վրայով, ճահճուտներով և ճահիճներով և ընդհանրապես դժվարանցանելի ճանապարհներով՝ դժվարանցանելի տեղանքն է, (իսկ) երբ ճանապարհի մուտքը նեղ է, իսկ ճանապարհը, որով գնում են, ոլորապտույտ, երբ նա (հակառակորդը) փոքրաթիվ ուժերով կարող է հարձակվել իմ մեծաքանակ ուժերի վրա՝ շրջապատման տեղանքն է. երբ արագ մարտի մեջ չեն մտնում, կործանվում են՝ մահվան տեղանքն է։
 
Ուստի սփռված տեղանքում մի կռվիր, թեթև տեղանքում մի հապաղիր, վիճարկելի տեղանքում մի հարձակվիր, բաց տեղանքում կապը մի կտրիր, մեծ ճանապարհների հատման տարածքում միավորվիր դաշնակիցների հետ, լուրջ տեղանքում թալանիր, դժվարանցանելի տեղանքն անցիր, շրջապատման տեղանքում խորհիր, մահվան տեղանքում կռվիր։
 
Հնում ասում էին՝ լավ է կռվել նա, ով կարող է հակառակորդին այնպիսի կացության մեջ դնել, որ նրա առաջավոր և թիկունքային մասերն իրար հետ փոխադարձ կապ չունենան, մեծ և փոքր ուժերը չհենվեն միմյանց վրա, ազնվազարմներն ու ստորինները չօգնեն միմյանց, բարձրագույններն ու ստորադասները կապված չլինեն միմյանց հետ, նրա (հակառակորդի) մոտ ռազմիկները բաժանված են եղել, խոչընդոտել են նրանց միավորումը, իսկ եթե զորքը միավորվել է, ապա, այնուամենայնիվ, միասնական չեն եղել։ Շարժվել է, երբ ձեռնտու է եղել, երբ ձեռնտու չի եղել՝ մնացել է տեղում։
 
Համարձակվում եմ հարցնել, իսկ եթե հակառակորդը դա մեծ ուժերով, լրիվ մարտակարգով, ինչպե՞ս նրան դիմավորել։ Ասեմ՝ նախ գրավիր այն, ինչը նրա համար թանկ է, երբ կգրավես՝ նա կհնազանդվի քեզ։
 
Պատերազմում ամենագլխավորը արագությունն է։ Գրավիր այն, ինչին նա (հակառակորդը) չի հասցրել մոտենալ։ Շարժվիր այն ճանապարհներով, որի մասին չի էլ ենթադրել։ Հարձակվիր այնտեղ, որտեղ նա չի զգուշանում։
 
Ընդհանրապես, հակառակորդի սահմանները ներխուժած օտարականի մտադրությունն այն է, որպեսզի իր ուշադրությունը կենտրոնացնի գլխավորի վրա, և այդ դեպքում տերը չի հաղթի։
 
Թալանիր բերրի արտերը, որպեսզի զորքի համար առատ պարեն ունենաս։ Ուշադիր հետևիր քո ռազմիկների բարեկեցությանր, մի հոգնեցրու նրանց, ոգին ամրացրու և նրանց ուժերը կուտակիր։ Զորքը շարժիր հաշվարկով և ծրագրի համաձայն, այնպես արա, որպեսզի հակառակորդը չկարողանա (կռահել) քո դիտավորությունները։ Ռազմիկներիդ այնպիսի տեղում կանգնեցրու, որտեղ ելք չկա, այդ դեպքում նրանք կնախընտրեն մահը փախուստից, (իսկ) եթե նրանք պատրաստ են մեռնելու, ինչպե՞ս չհասնել հաղթանակի։ Հրամանատարներն ու մյուսները նման դրության ժամանակ լարում են իրենց բոլոր ուժերը։ Երբ զորքը գտնվում է կործանման եզրին, (այն ժամանակ) նա ամուր կանգնում է (դիմակայում է)։ Երբ նա գտնվում է խորքում (հակառակորդի երկրի), նրան ոչինչ չի պահում։ Երբ ելք չկա, նա (զորքը) անզիջում կռվում է։
 
Ուստի, քո զորքերն առանց հրամանի էլ զգույշ կլինեն, առանց պահանջելու կատարող, առանց համոզելու համերաշխ, առանց հրամանի հավատարիմ։
 
Արգելեք հավատալ նախանշաններին, վերացրեք կասկածները, մինչև մահ մի երկյուղեք աղետներից։
 
Եթե ձեր ռազմիկների մոտ ավելորդ փող չկա, դա չի նշանակում, որ նրանք հարստություն չեն սիրում։ Եթե նրանց կյանքը երկարատև չի, չի նշանակում, որ նրանք չեն սիրում երկարակեցությունը։
 
Այն օրը, երբ հրատարակվում է մարտական հրամանը, նստած հրամանատարների և ռազմիկների արցունքները հոսում են նրանց կրծքին, նրանց մոտ, ովքեր պաոկած են, արցունքները հոսում են այտերով, բայց բավական է, որ նրանք հայտնվեն անելանելի դրության մեջ՝ նրանք կլինեն արի, ինչպես Չժուն և Գույը։
 
Հետևաբար, ով լավ է վարում պատերազմը, նման է Շուայժանին։ Շուայժանը Չանշան լեռների օձն է։ Երբ նրա գլխին են հարվածում, նա գրոհում է պոչով, երբ հարվածում են նրա պոչին՝ նա հարձակվում է գլխով, երբ հարվածում են նրա մեջտեղին, նա գրոհում է գլխով և պոչով։
 
Համարձակվում եմ հարցնել, կարո՞ղ է արդյոք զորքը նմանվել Շուայժանին։ Կաս եմ՝ այո։ Չէ որ ուժենը և յուժենը թշնամի են միմյանց, սակայն երբ հայտվեն մի նավակի մեջ և սկսեն անցնել գետը և փոթորիկը վրա հասնի՝ նրանք կսկսեն միմյանց օգնել այնպես, ինչպես ձախ ձեռքն օգնում է աջին։
 
Ուստի, երբ կկապես ձիերին և անիվները (մարտակառքերի) հողի մեջ կթաղես, այնուամենայնիվ, դրա վրա հույս մի դիր։ Երբ բոլորը մի մարդու նման քաջ են ապա միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել զորքերի իսկական ղեկավարումը։
 
Ինչպես ուժեղները, այնպես էլ թույլերր, կարող են օգտվել տեղանքի օրենքներից։ Հետևաբար, ով վարպետորեն է վարում պատերազմը, նա իր զորքի ձեռքից բռնած, ինչպես մի մարդու, դուրս է բերում, թվում է, թե անելանելի դրությունից։
 
Զորքի հրամանատարը պարտավոր է լինել հանգիստ և դրանով ստեղծել անթափանցելիություն, լինել արդարացի և դրանով պահպանել կարգը, կարողանալ հրամանատարների և ռազմիկների աչքերն ու ականջները մոլորության մեջ գցել նրանց պահելով անգիտության մեջ, փոխել իր մտադրություններն ու պլանները, թույլ չտալ, որ որևէ մեկը դրանց մասին որևէ բան իմանա, փոխել իր գտնվելու վայրը, իր համար շրջանցիկ ճանապարհներ ընտրել, և թույլ չտալ, որպեսզի ուրիշներն այս մասին կռահեն։
 
Ղեկավարելով (զորքը) ճգնաժամային վիճակում, (նրան) զորքին դիր այնպիսի դրության մեջ, ասես թե բարձունք ես բարձրացել և մի կողմ նետել աստիճանները։ Երբ զորքը գլխավորելով կխորանաս իշխանների տարածքը՝ ցույց տուր քո վճռականությունը, վառիր նավերը, ջարդիր կաթսաները, ռազմիկներիդ ղեկավարիր ինչպես ոչխարների հոտը, նրանց քշելով մեկ այստեղ, մեկ այնտեղ, նրանց պահելով անգիտության մեջ։ Հավաքելով զորքը մեկ ամբողջության մեջ, նետիր նրանց ամենավտանգավոր տեղերը։ Դա է զորքի հրամանատարի պարտականությունը։
 
Տեղանքի ինը տեսակների փոփոխությունները, խտացման և ձգման շահի, մարդկային զգացմունքների օրենքները այդ ամենը պետք է լավ իմանալ։
 
Օտարերկրացու գործողությունների ուղին ընդհանրապես, եթե հակառակորդի տարածքը շատ ես խորացել՝ կենտրոնացիր գլխավորի վրա, եթե այնքան էլ չես խորացել ցրվածություն է առաջանում։
 
Երբ հեռանում են իրենց երկրից և զորքով անցնում են սահմանը՝ կտրվելու տեղանքն է, երբ չորս կողմը ճանապարհները բաց են՝ մեծ ճանապարհների խաչմերուկների տեղանքն է, երբ այնքան էլ չեն խորանում՝ թեթև (սահմանային) տեղանքն է, երբ թիկունքում թողնում են ամրացված կետեր, իսկ առջևում՝ նեղ անցումներ՝ շրջապատման տեղանքն է, երբ գնալու տեղ չկա մահվան տեղանքն է։
 
Հետևաբար, սփռված տեղանքում ես բոլորին կբերեմ միասնական նպատակադրվածության, թեթև տեղանքում ես կստիպեմ բոլոր զորամասերին միմյանց հետ սերտորեն կապ պահպանել, վիճարկելի տեղանք ես կգնամ հակառակորդներիցս հետո, բաց տեղանքում ես ուշադիր կլինեմ պաշտպանության նկատմամբ, մեծ ճանապարհների հատման տեղանքում ես կամրապնդեմ կապը դաշնակիցների հետ, լուրջ տեղանքում ես կշարժվեմ ճանապարհով, շրջապատման տեղանքում ես կփակեմ անցումները, մահվան տեղանքում ես ռազմիկներին կներշնչեմ, որ նրանք չեն ապրի։
 
Ուստի ռազմիկների զգացմունքները հետևյալն են. երբ նրանք շրջապատված են՝ նրանք պաշտպանվում են, երբ ելք չկա՝ նրանք մարտնչում են, երբ դրությունը չափից դուրս վտանգավոր է՝ նրանք հնազանդվում են։
 
Հետևաբար, ով չգիտի իշխանների մտադրությունները, նա չպետք է նրանց հետ դաշինք կնքի, ով չգիտի տեղանքի ուրվապատկերները՝ լեռների ու անտառների, անդունդների ու կիրճերի, ճահճուտների և ճահիճների նա չի կարող ղեկավարել զորքը, ով չի օգտագործում տեղացի ուղեկցորդներին, նա չի կարող օգտվել տեղանքի առավելություններից։
 
Ով չգիտի ինը կանոնները, (նրա մոտ) զորքը չի լինի բավանի (հեգեմոնի) զորքը։ Եթե հեգեմոնի զորքը պատերազմի գնա մեծ պետության վրա, ապա չի կարող հավաքել բավականաչափ ուժ, եթե նրա ողջ հզորությունը ուղղված լինի հակառակորդի դեմ, ապա չի կարող դաշինքներ կնքել։
 
Այդ պատճաոով հեգեմոնը չի պայքարում դաշինքների համար Երկնաբարձունքում, չի աջակցում Երկնաբարձունքում ուրիշների իշխանության վերելքին, նա հավատում է իր սեփական հզորությանը և ազդում է հակառակորդի վրա իր հզորությամբ։ Ուստի նա կարող է գրավել նրանց քաղաքները, ավերել նրանց պետությունները, բաժանում է պարգևներ, չի կառչում սովորական կանոններից, հրապարակում է հրամաններ՝ չհետևելով սովորական ղեկավարման կանոններին։ Հարձակվում է իր զորքերով, ասես ղեկավարում է մի մարդու, հարձակվելով խոսում է գործերի մասին, չմտնելով մանրամասնությունների մեջ, հարձակվելով խոսում է օգուտի, այլ ոչ թե վնասի մասին։
 
Այն բանից հետո, երբ զորքին կնետեն մահվան վայրը, նա կապրի, քանի որ, երբ զանգվածները (զինվորները) ընկնում են աղետի մեջ, այդ դեպքում նրանք կարող են վճռել մարտի ելքը։
 
Ուստի պատերազմի վարումն այն է, որպեսզի տրվելով հակառակորդի նկատառումներին, մանրազնին ուսումնասիրել դրանք, որից հետո անհրաժեշտ է հակառակորդի ուշադրությունը կենտրոնացնել մի ինչ-որ բանի վրա և սպանել զորավարին, եթե անգամ նա գտնվում է 1000 լիից հեռու։ Դա նշանակում է գործը հմտորեն ավարտել։
 
Հետևաբար, զորքերի ղեկավարումն ընդունելու օրը փակիր սահմանային անցարանները, արգելիր պատվիրակների շփումները արտասահմանի հետ։ Թող տիրակալը ղեկավարի արքունի խորհրդին և պատերազմական գործերի համար պատասխան պահանջի իր զորավարից։
 
Եթե (նկատես, որ) հակառակորդը բացվում և փակվում է, անպայման սրընթաց ներխուժիր նրա մոտ։ Առաջին հերթին գրավիր այն, ինչն արժեքավոր է նրա համար և հանգիստ սպասիր նրան։ Գնա հաստատված կանոնների ուղիով և հետևիր հակառակորդին։ Նման միջոցներով կվճռես պատերազմը։
 
Ուստի սկզբում եղիր ամոթխած, ինչպես կույսը, և հակառակորդը կբացի դռները, հետո եղիր արագ, ինչպես նապաստակը, և հակառակորդը չի հասցնի դիմադրություն ցույց տալ։
 
 
== Գլուխ տասներկուերորդ։ Հարձակում կրակով ==
 
(Խոգուն)
 
Սուն Ցըզին ասաց. սովորաբար կրակով հարձակվելու հինգ եղանակ կա. առաջին՝ երբ վառում են մարդկանց, երկրորդ՝ երբ հրդեհում են պալատները, երրորդ՝ երբ վառում են գումակը, չորրոդ՝ երբ հրդեհում են պահեստները, հինգերորդ՝ երբ վառում են ջոկատները։
 
Կրակով գործելու համար անհրաժեշտ է առաջնորդվել քո խնդրով, և անպայման պետք է առկա լինեն հրդեհման անհրաժեշտ միջոցները։ Կրակի օգտագործման հարմար պահին կրակ տալու համար ընտրում են հարմար օր։ Ժամանակը հարմար է, երբ եղանակը չոր է, (իսկ) օրը հարմար է, երբ հայտնվում են Ցըզի (մաղ), Բի (պատ), Ի (թև), Չժեն (արգելք) համաստեղությունները։ Այս չորս համաստեղությունների օրերին եղանակը, սովորաբար, քամոտ է։
 
Կրակով հարձակվելիս սովորաբար ընտրում են կրակով հարձակվելու հինգ եղանակներից մեկը և հետևում նրան։ Երբ կրակը բռնկվում է ներսում, անհրաժեշտ է նրան աջակցել դրսից։ Երբ կրակը բռնկվում է, սակայն հակառակորդի ռազմիկները հանգիստ են, համբերատար սպասիր և մի հարձակվիր։ Երբ կրակի ուժը հասնում է գագաթնակետին՝ հետևիր նրան, եթե կարելի է հետևել մնա տեղում։ Երբ կարելի է հրդեհել դրսից, մի սպասիր նրան դրա ներսում, ընտրիր ժամանակը և հրդեհիր։ Երբ հրդեհումն իրականացվում է քամու ուղղությամբ, մի հարձակվիր քամուն ներհակ։ Երբ ցերեկը քամին երկար է փչում երեկոյան այն թուլանում է։
 
Ընդհանրապես, պատերազմում պարտադիր է գիտենալ կրակով հարձակվելու հինգ տեսակները և մշտապես պաշտպանվել նրանցից։ Հետևաբար, հարձակմանը կրակին ցույց տված օգնությունը հասկանալի է, հարձակմանը ջրի օգնությունը առավել ուժեղ է։ Ջրով կարելի է խափանել, սակայն նրանով գրավել չի կարելի։
 
Երբ ճակատամարտով ցանկանում ես հաղթել, հարձակումով ցանկանում ես գրավել, նման դեպքում, չօգտագործելով այդ միջոցները (հարձակում կրակով և ջրով), կստացվի աղետ, (որը) կոչվում է «տևական ծախսեր»։ Ուստի ասում են. խելացի տիրակալը հոգում է այդ միջոցների մասին, իսկ լավ զորավարը օգտագործում է դրանք։
 
Եթե շահ չունես, մի առաջացիր, եթե չես կարող ձեռք բերել, (ապա) զորքը գործողության մեջ մի մտցրու, եթե վտանգ չկա մի պատերազմիր։ Տիրակալը չպետք է զորքը բարձրացնի զայրույթի պատճառով, զորավարը մարտի մեջ չպետք է մտնի ոխի պատճառով։ Շարժվում են, երբ դա շահավետ է, երբ դա շահավետ չէ մնում են տեղում։ Զայրույթը կարող է փոխվել ուրախության, չարությունը կարող է փոխվել խնդության, սակայն կործանված պետությունը չի կարելի կրկին վերածնել, մահացածներին չի կարելի վերակենդանացնել։
 
Ուստի խելամիտ տիրակալը զգույշ է պատերազմի նկատմամբ, իսկ լավ զորավարը կանխում է այն։ Դա է պետությունը պահպանելու, իսկ զորքն անվնաս պահելու ուղին։
 
 
== Գլուխ տասներեքերորդ։ Հետախույզների օգտագործումը ==
 
(Յունցըզյան)
 
Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես, երբ ոտքի են հանում հարյուր հազարանոց զորք և այդ զորքը արշավում է 1000 լիից ավելի, ժողովրդի ծախսերը, տիրակալի ծախսերն օրական կազմում են 1000 ցըզին (ոսկի)։ Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հուզումներ են առաջանում։ 700000 ընտանիքներ բեռնափոխադրման պարհակների հետևանքով ուժասպառ են լինում և չեն կարողանում զբաղվել իրենց աշխատանքով։
 
Միմյանցից պաշտպանվում են մի քանի տարի, իսկ հաղթանակը վճռվում է մեկ օրվա ճակատամարտով, և դրա համար խնայել տիտղոսներ, մի քանի հարյուր ցըզի (ոսկի) պարգևներ և միևնույն ժամանակ չիմանալ հակառակորդի դրությունը, (ապա) դա անմարդկայնության բարձրագույն սահմանն է։
 
Ով նման կերպ է գործում, մարդկանց հարմար զորավար չէ, իր տիրակալի համար օգնական չէ, հաղթանակի տիրակալը չէ։
 
Ուստի խելամիտ տիրակալը և իմաստուն զորավարը շարժվում և հաղթում էին, սխրանքներ էին գործում գերազանցելով սովորական մահկանացուներին միայն այն պատճառով, որ նրանք կանխավ ամեն ինչ գիտեին։
 
Գիտելիքները չի կարելի վաղօրոք ստանալ դևերից և աստվածներից, չի կարելի ստանալ գործերում ընդօրինակելուց, չի կարելի ստանալ չափումների և հաշվարկների ուղիով։ Հակառակորդի դրության մասին գիտելիքներն անպայման ստանում են մարդկանցից։
 
Հետևաբար օգտագործում են հինգ տեսակի հետախույզների՝ կան տեղական հետախույզներ, կան ներքին հետախույզներ, կան վերադարձող հետախույզներ, կան մահվան հետախույզներ, կան կյանքի հետախույզներ։
 
Երբ հինգ կատեգորիաների հետախույզներն աշխատում են, (ապա) ոչ ոք չգիտի նրանց ուղիները։ Այդ կոչվում է աստվածային գաղտնիք։ Նրանք պետության համար թանկարժեք զարդեր են։
 
Տեղական հետախույզներին հավաքագրում են հակառակորդի տեղացի բնակիչներից և օգտագործում են նրանց, ներքին հետախույզներին հավաքագրում են աստիճանավորներից և օգտագործում են նրանց, մահվան հետախույզները նրանք են, երբ կատարելով որևէ խաբեություն, ես այդ մասին տեղեկացնում եմ իմ հետախույզներին, իսկ նրանք այդ մասին հայտնում են հակառակորդին, կյանքի հետախույզները նրանք են, ովքեր վերադառնում են հակառակորդի մասին տեղեկություններով։
 
Ուստի զորքերում չկան այնպիսի սերտ հարաբերություններ, ինչպես հետախույզների հետ, չկան ավելի առատաձեռն պարգևներ, ինչպես հետախույզների համար, հետախույզների գործերից չկան առավել գաղտնի գործեր։
 
Բազմակողմանի գիտելիքների չտիրապետելով, չես կարող օգտագործել հետախույզներին, չտիրապետելով հումանիզմին և արդարացիությանը, չես կարող հետախույզներ ուղարկել, չտիրապետելով նրբանկատության և դիտողականության՝ հետախույզներից չես կարող ստանալ օգտակար տեղեկություններ։ Օ՜, նրբություն։ Նրբությո՜ւն։ Չկա ոչինչ, որում կարելի չլինի օգտագործել հետախույզներին։
 
Եթե որևէ հետախուզական տեղեկություն դեռևս չի ուղարկվել, իսկ նրա մասին արդեն հայտնի է դարձել, ապա հետախույզը և նա, ում այդ տեղեկությունը հայտնի է դարձել սպանվում են։
 
Ընդհանրապես, երբ ցանկանում ես հարվածել հակառակորդի զորքին, սպանել նրա մարդկանցից որևէ մեկին, անպայման նախապես իմացիր զորավարի պահակախմբի (մարդկանց) անունները, նրա (զորավարի) մերձավոր օգնականներին, մշտական այցելուներին, բարապաններին։ Հրամայիր քո հետախույզներին՝ անպայման պարզեն այդ ամենը։
 
Նկատելով քեզ մոտ հակառակորդի հետախույզի հայտնվելը, շահով գրավիր նրան քո կողմը, տար քեզ մոտ և տեղավորիր քո տանը։ Այդ դեպքում կարելի է ձեռք բերել վերադարձող հետախույզի և օգտագործել նրան։ Նրանից դու շատ բան կիմանաս։ Ուստի կարելի է ձեռք բերել տեղական և ներքին հետախույզների և ուղարկել նրանց (հակառակորդի մոտ)։ Հետևաբար, մի ինչ-որ բան հնարելով (կեղծ տեղեկություն) դու կարող ես ստիպել քո մահվան հետախույզներին հաղորդել այդ մասին հակառակորդին։ Նրանից դու շատ բան կիմանաս։
 
Ուստի կյանքի հետախույզներին կարելի է ստիպել գործել քո մտադրությունների համաձայն։
 
Այս բոլոր հինգ կատեգորիաների հետախույզների գործերը տնօրինում է տիրակալը։ Հակառակորդի մասին ամեն ինչ իմանում են վերադարձող հետախույզների միջոցով։ Ուստի վերադարձող հետախույզների նկատմամբ պետք է հատկապես առատաձեռն լինել։
 
Հնում Ին թագավորությունն իր բարձրացմամբ պարտական է Լյու Յաին, որը ծառայում է իր Ինի գլխավորության ներքո։ Ուստի միայն լուսավորյալ տիրակալները և իմաստուն զորավարները կարող են իրենց համար հետախույզներ դարձնել (միայն) լայնածավալ գիտելիքներ ունեցող մարդկանց և դրանով մեծ գործեր կատարեի։
 
Հետախույզներն անհրաժեշտ են հատկապես պատերազմի ժամանակ։ Նրանք այն հենարանն են, որի օգնությամբ շարժվում է զորքը ։
Վստահելի
1318
edits