Changes
Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։<ref>Երկի սկզբում Սուն Ցըզին պատերազմը դիտարկում է նրա արդյունքներով և պետության համար կարևոր նշանակությամբ։ «Պատերազմը պետության համար մեծ գործ է»։ Այն վտանգավոր քայլ է, քանզի պատերազմի միջոցով որոշվում է «կյանքի և մահվան» հարցը։ Այդպիսի կանխազգացումն ունի կոնկրետ իմաստ։ Արևելյան Չժոուի թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 770–249 թթ.) իշխանությունների միջև անընդհատ երկպառակտչական պատերազմներ էին մղվում։ Շատ հաճախ պատերազմն ավարտվում էր կռվող իշխանություններից մեկի կործանումով։ Այսպես օրինակ՝ Ու իշխանությունում, որտեղ Սուն Ցըզին մ.թ.ա. VI դարի վերջին զորավար էր, մ.թ.ա. 529 թ. գրավեց Չժոուլայ իշխանական կալվածքր և էլի մի քանի իշխանությունների տարածքներ։ Ուստի դա էր պատճառը, որ Սուն Ցըզին նախազգուշացնում էր, որ «այդ հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատապես իմանալ»։</ref> Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։
''Ուղին''՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։<ref>Դաո (ուղի)։ Հին Չինաստանում Ուղին հասկանում էին ոչ միայն կոնկրետ իմաստով ուղի, ճանապարհ, այլև, նկատի ունենալով դրա վերացական նշանակությունը կյանքի ուղի, հասարակական կյանքի առանձին կողմերի ընդհանուր ուղղություն։ Սուն Ցրզին «ուղի» հասկացության մեջ ներդնում է նեղ մասնագիտական նշանակություն։ Նա գտնում է, որ պատերազմել կարելի է միայն այն ժամանակ, երբ հասարակական կյանքում առկա է ներքին համաձայնություն, միասնություն տիրակալի և ժողովրդի միջև։ Այնպիսի միասնություն, որ ժողովրդի մոտ որևէ կասկած չլինի իր տիրակալի գործողությունների ճշմարտացիության մեջ, որպեսզի ժողովրդի կողմից լինի ամբողջական, անառարկելի հնազանդություն իր տիրակալին։ Այսպիսով, Սուն Ցըզին ընդունում է, որ ժողովուրդը կենդանի ուժ է, որը պատերազմի պայմաններում գլխավոր գործոնն է։</ref>
''Երկինքը''՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։