Changes
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
— Անտառը կկերակրի,— հուսադրեց նրան Պանդուխտը: — Հատապտուղներ, արմատներ, մեկ էլ տեսար մի բան որսացի: Ձմեռ չէ, ուտելիք կգտնվի: Պինդ ձգեք գոտիներդ ու հույսներդ դրեք Էլրոնդի ապագա ճաշկերույթների վրա:
Մթնշաղը լցվում էր ահավոր մթությամբ: Սամն ու Մերին կծկվեցին, վեր կացան ու գնացին վառելիք բերելու: Կարծես թե խաղաղ ու լուռ էր, բայց Ֆրոդոյին հանկարծ սարսռեցնող վախ պատեց, և նա շուտափույթ տեղափոխվեց կրակին մոտիկ: Վերևներից վազելով եկավ Սամը:
— Կարծես թե ոչ ոք չկա,— ասաց նա,— բայց թե ես վախեցա: Այստեղից ոչ մի տեղ չեմ գնա: Ոնց որ գաղտագողի գալիս են...
— Դու որևէ մեկին տեսա՞ր,— հարցրեց Ֆրոդոն, ոտքի թռչելով:
— Ոչ, տեր իմ, ոչ ոքի չեմ տեսել, նույնիսկ չեմ էլ նայել:
— Իսկ ես ոնց որ տեսա,— ասաց Մերին: — Ինձ թվաց երկու կամ երեք ստվեր եմ տեսնում: Գոնե այս կողմը չսողային:
— Խարույկին մոտիկ, մեջքով կրակին,— հրամայեց Պանդուխտը: — Ավելի լավ է չոր ու երկար ճյուղեր ընտրեք:
Զգուշավոր ու լուռ նստեցին՝ նայելով համր մթության մեջ: Ոչ մի շրշյուն: Ֆրոդոն ուզում էր ամբողջ ձայնով գոռալ՝ այդ կեղեքող լռությունից փրկվելու համար...
— Սու՜ս,— շշնջաց Պանդուխտը, և այդ նույն պահին էլ Փինը խեղդվողի ձայնով բացականչեց.
— Այն ի՞նչ է, ի՞նչ է այնտեղ:
Նրանք ավելի շատ զգացին, քան տեսան, թե ինչպես լեռնագոգի եզրին ստվեր բուսնեց. մեկը, երկրորդը, երրորդը... Երեք, ոչ, արդեն չորս աղոտ կերպարանք քարացել էին նրանց վերևում, ձորակի լանջին՝ սև, ասես մթության մեջ խոռոչներ լինեին: Օձի ֆշշոց լսվեց, գերեզմանային սառնություն փչեց: Ապա ստվերներն օրորվեցին ու սկսեցին մոտենալ:
Փինն ու Մերին սարսափահար փռվեցին խոտերին: Սամն անճարակ նստեց տիրոջ կողքին: Իսկ Ֆրոդոյին պատել էր անտանելի, սահմռկեցնող վախը... և հանկարծ հասկացավ, որ հարկավոր է ընդամենը Մատանին հագնել: Նա դամբարանները չէր մոռացել, չէր մոռացել նաև Գանդալֆի նախազգուշացումները, բայց դիմադրելու ուժ չուներ: Լեզուն էլ պապանձվել էր: Սամը վախեցած նայում էր նրան. տերը վտանգի մեջ է և նրան ոչ մի կերպ չես օգնի, ոչ մի կերպ: Ֆրոդոն աչքերը փակեց ու փորձեց դիմադրել, հաղթահարել... Ոչ, ուժերից վեր է: Նա շղթան ձգեց, շոշափեց Մատանին և՝ դանդաղորեն հագավ ձախ ձեռքի ցուցամատին:
Ամեն ինչ մնաց նույնը, ինչպես որ կար աղոտ մառախուղում, միայն սև ստվերները հանկարծ մոտ եկան ու որոշակի դարձան: Նրա առջև ծառացան մոխրագույն թիկնոցներով հինգ բարձրահասակ զինվոր. երկուսը կանգնել էին բլրի կատարին, երեքը մոտենում էին: Նրանց փոս ընկած ակնախոռոչները փայլում էին սուր, դաժան նայվածքով, ճերմակ մազերին՝ արծաթե սաղավարտներ, ձեռքներին՝ պողպատե թրեր: Նրանք նորից քայլեցին դեպի առաջ, սառցե աչքերը նրա վրա սևեռելով: Ֆրոդոն իրեն կորցրած մերկացրեց դաշույնը՝ և դաշույնը բոսոր դարձավ, ասես շիկացած խանձող: Երկուսը քարացան: Երրորդը բոլորից բարձրահասակ էր, նրա սաղավարտը թագով էր պսակված: Մի ձեռքում արկար թուր ուներ պահած, մյուսում՝ դաշույն. շեղբերը մեռելային լույս էին արձակում: Նա նետվեց դեպի Ֆրոդոն:
Իսկ Ֆրոդոն ընկավ գետնին ու ինքն էլ չիմանալով, թե ինչու, հանկարծ գոռաց. «Ով, Էլբերեթ... Գիլթոնիել...» և դաշույնով հարվածեց մոտեցող թշնամու ոտքին: Կատաղի ոռնոցը սասանեց մթությունը, և սառցե մահաբեր շեղբը խրվեց Ֆրոդոյի ուսը: Գիտակցությունը կորցնելու պահին նա տեսավ, թե ինչպես մառախուղից դուրս նետվեց Պանդուխտը՝ երկու ջահ ձեռքին: Վերջին ճիգերով Ֆրոդոն Մատանին պոկեց մատից, դաշույնը ձեռքից ընկավ, ու նա երեսի վրա փռվեց գետնին:
===Գլուխ տասներկու․ Գետանցում===
Երբ Ֆրոդոն ուշքի եկավ՝ Մատանին սեղմված ձեռքի մեջ էր: Նա պառկած էր պայծառ, բոցկլտացող խարույկի մոտ, իսկ նրա վրա խոնարհված էին Սամը, Փինը և Մերին: