Changes

Պահապանները

Ավելացվել է 4250 բայտ, 14:15, 30 Ապրիլի 2015
/* Գլուխ տասներկու․ Գետանցում */
Երեք օր նրանք անձրևի տակ մագլցում էին քարքարոտ լանջերով: Ֆրոդոն ստիպված էր իջնել ձիուց և շուտով ուժասպառ եղավ: նրա ձախ ձեռքը անկյանք կախված էր մարմնի երկայնքով: Սուր ցավի ճիրանները սեղմում էին կուրծքն ու ուսը: Ծառերն ու քարերը աղոտ ստվերներ էին երևում աչքին:
 
— Այլևս չի կարելի գնալ,— Պանդուխտին ասաց Մերին: — Ֆրոդոն ոտքի վրա կանգնել չի կարողանում: Շատ եմ վախենում նրա համար: Ի՞նչ ես կարծում Ազատքում կարո՞ղ են նրան բուժել, եթե մենք հասնենք այնտեղ:
 
— Կտեսնենք,— պատասխանեց Պանդուխտը: — Ես ոչինչ ավելի անել չեմ կարող: Նրա վերքի պատճառով եմ ձեզ այսպես վազքով տանում: բայց այսօր, ճիշտ է, շարունակել չի կարելի:
 
— Իսկ ի՞նչ է կատարվում տիրոջ հետ,— ցածր հարցրեց Սամը, աղաչական հայացքով Պանդուխտին նայելով: Վերքը մի պստլիկ էր և արդեն կպել է, միայն սպիտակ սպի է մնացել ուսին:
 
— Ֆրոդոյին թշնամու զենքն է կպել,— ասաց Պանդուխտը,— թունավոր, կործանիչ, կախարդված զենքը: Այդ սև հմայանքն իմ ուժերից դուրս է: Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել քեզ: Դիմացիր, Սամ:
 
Բացվում էր ցուրտ ու պայծառ, թեպետ և անարև առավոտը: Նրանք գիշերել էին բարձր ժայռի վրա, և հիմա Պանդուխտը կարող էր ինչպես հարկն է դիտել շրջապատը:
 
— Շատ հեռու և ձախ ենք գնացել,— ասաց նա,— և չենք էլ կարողանա անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև, դեպի Ուղին, որն այնքան էլ հեռու չէ: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք:
 
... Ուղի դուրս եկան երեկոյան կողմ: Այն առաջվա պես դատարկ էր, ու հոբիթները վազում էին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր էլ զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին: Նրանք արդեն տեղ էին որոնում գիշերելու համար, երբ հեռվից լսվեց զզվելի, հստակ ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Նրանք նետվեցին մի կողմ, լանջն ի վեր և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ, հստակ ու հատ-հատ, լսվեց բոժոժների զնգզնգոցը:
 
— Ինչ-որ նման չէ Սև Հեծյալներին,— ասաց Ֆրոդոն, ականջ դնելով:
 
Հոբիթները համաձայնեցին՝ նման չէ, բայց բազմօրյա հետապնդումից հետո ամեն մի ձայն վտանգավոր ու սպառնալից էր թվում: Սակայն Պանդուխտն առաջ մղվեց, ձեռքի ափերը դրեց ականջի մոտ ու պայծառացավ:
 
Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Իսկ բոժոժներն ավելի ու ավելի հնչեղ էին տարածվում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի, շողշողալով մթնշաղում ինչպես մի ճերմակ թռչուն: Սանձը հուրհրում էր կիսաթանկարժեք քարերով, որ աստղերի կրակների էին նման: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, կնգուղը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:
Վստահելի
1342
edits