Changes
/* Գլուխ տասներկու․ Գետանցում */
Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Իսկ բոժոժներն ավելի ու ավելի հնչեղ էին տարածվում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի, շողշողալով մթնշաղում ինչպես մի ճերմակ թռչուն: Սանձը հուրհրում էր կիսաթանկարժեք քարերով, որ աստղերի կրակների էին նման: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, կնգուղը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:
Ֆրոդոյին թվաց, թե հեծյալը արծաթավուն լույս է ճառագում:
Պանդուխտը դուրս թռավ թփուտից և ուրախ բացականչություններով նետվեց դեպի Ուղին, բայց ավելի շուտ, քան նա դուրս թռավ ու ճչաց, հեծյալը հայացքը բարձրացրեց ու զսպեց ձիուն: Պանդուխտին տեսնելով նա ձիուց իջավ ու վազեց ընդառաջ:
— ''Աի նա վեդուն Դունադան... Մաէ գվերիննիէն'',— բացականչեց նա: Անծանոթի և խոսքը և ջինջ ձայնը կասկածի տեղ չէին թողնում. նրանց առջև էլֆ էր: Բայց նրա ձայնում տագնապ էր հնչում, նա Պանդուխտի հետ խոսում էր արագ ու մտահոգ: Հետո Պանդուխտը ձեռքով կանչեց նրանց, հոբիթները թաքստոցից դուրս եկան ու շտապեցին ներքև, դեպի ճանապարհը:
— Սա Փառքաշատն է, էլֆերեն՝ Գլորֆինդել, Էլրոնդի դղյակից,— ասաց Պանդուխտը (Մուրավյովը սխալ է թարգմանել, իրականում էլֆի անունը Գլորֆինդել է, որը թարգմանաբար նշանակում է Ոսկեմազ):
— Ողջույն քեզ, երկար սպասված հյուր... — դիմեց Ֆրոդոյին էլֆ ռազմիկը,— ինձ ուղարկել են քեզ դիմավորելու, մենք քեզ համար անհանգստանում էինք:
— Ուրեմն Գանդալֆը Ազատքու՞մ է,— ճչաց Ֆրոդոն:
— Երբ ես մեկնում էի, նա դեռ այնտեղ չէր,— պատասխանեց Գլորֆինդելը,— բայց ես մեկնել եմ ինը օր առաջ: Էլրոնդին վատ լուրեր էին հասել. իմ ազգականները ձեր կողմերով անցնելիս իմացել են և իսկույն մեզ տեղյակ պահել, որ Ինը Մատանեկիրները շրջում են արևմտյան հողերում, իսկ դուք վտանգավոր ճանապարհ եք դուրս եկել առանց ուղեկցողի, չսպասելով Գանդալֆին: Նույնիսկ մեզ մոտ, Ազատքում, շատ քչերի ուժը կպատի դիմակայել Իննին երես առ երես: Բայց Էլրոնդը, այնուամենայնիվ, հավաքեց ու սուրհանդակներ ուղարկեց հյուսիս, արևմուտք ու հարավ՝ չէ՞ որ դուք հետապնդումից խուսափելով կարող էիք թավուտներում մոլորվել: Ես պետք է հսկեի Ուղին. յոթ օր առաջ հասա Միթեյթիլի (Դիվոտի) կամրջին և ձեզ համար նշան թողեցի՝ մի բյուրեղ: Կամրջի հետևում թաքնվել էին Սաուրոնի երեք կամակատար: Ինձ տեսնելով, նրանք նահանջեցին և գնացին արևմուտք: Հետո ևս երկուսը հանդիպեցին՝ սրանք շրջվեցին հարավ: Այն ժամանակ ես սկսեցի որոնել ձեր հետքերը, գտա երկու օր առաջ, իսկ այսօր նշմարեցի, թե որտեղ եք իջել սարից: Սակայն բավական է, հիմա պատմությունների ժամանակը չէ: Դուք ստիպված կլինեք դիմանալ բաց ճանապարհի վտանգավորությանը՝ երեկոյան և գիշերը: Մեզ հետևում են հինգը: Եթե նրանք գտնեն ձեր հետքրը, քամուց արագ կսուրան: Թե ուր են մնացածները, չգիտեմ, պետք է որ ծանծաղուտը հսկելուց լինեն: Այդ մասին ավելի լավ է հիմա չմտածենք:
Այդ ընթացքում իրիկնային ստվերները թանձրացան, և Ֆրոդոյին մի անհաղթահարելի հոգնածություն պատեց: Դեռ մայրամուտից առաջ նրա աչքերի առջև մթնում էր. հիմա ընկերների դեմքերը համարյա չէին երևում: Ցավից ամբողջ մարմնով սարսռում էր: Օրորվելով, նա ընկավ Սամի ուսին:
— իմ տերը վիրավոր է, վիճակը վատ է,— զայրույթով ասաց Սամը: — Եթե նա չհանգստանա, չի կարող ճանապարհը շարունակել:
Գլորֆինդելը պահեց ընկնող Ֆրոդոյին, գրկեց նրան ու տագնապահար նայեց դեմքին:
Պանդուխտը համառոտ պատմեց Զավերտի գագաթին տեղի ունեցած գրոհի, մահաբեր դաշույնի մասին: Կոթը նա պահել էր, ու հիմա հանեց ու մեկնեց էլֆին: Վերջինս զզվանքով այն վերցրեց ձեռքը, բայց ուշադիր զննեց:
— Այս կոթի վրա չարագործների լեզվով բառեր են գրված,— ասաց նա,— թեպետ դրանք դուք չեք տեսնում: Պահիր սա, Արագորն, Էլրոնդի մոտ պետք կգա: Միայն թե խորը թաքցրու և ձեռք մի տուր: Ոչ, այսպիսի վերքը ես բուժել չեմ կարող: Գուցե ցավը կմեղմեմ... Բայց հանգստանալ մեզ ոչ մի կերպ չի կարելի:
Զգայուն մատներով նա շոշափեց Ֆրոդոյի ուսը և դեմքը խոժոռեց: Իսկ Ֆրոդոն հանկարծ զգաց, որ կաշկանդող սառնությունը ասես ճիրանները բաց թողեց, թևը մի քիչ տաքացավ ու ցավը կարծես հանգստացավ: Աչքերի առջևի վարագույրն անհետացավ: Ֆրոդոն նորից տեսավ ընկերներին, և դրանից ասես ուժ ու հույս ստացավ:
— Իմ ձիով կգնաս,— ասաց Գլորֆինդելը: — Ասպանդակները կձգեմ, իսկ դու պինդ պահիր քեզ: Ի դեպ, չվախենաս, եթե նույնիսկ ընկնես, իմ ձին քեզ չի թողնի ընկած: Ձին թեթև վարգում է և վտանգից հեռու կտանի՝ նույնիսկ թշնամու նժույգները նրա համար մրցակից չեն:
— Չեմ գնա,— վճռական հայտարարեց Ֆրոդոն: — Ես, ուրեմն, թաքնվեմ էլֆերի մոտ ու ընկերներիս թողնեմ վտանգի մեջ... Ոչ մի դեպքում:
— Առանց քեզ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում,— ժպտաց Գլորֆինդելը,— քեզ են հետապնդում, ոչ թե նրանց: Դու և քո բեռը՝ ահա գլխավոր վտանգը քո բարեկամների համար:
Դա իրոք այդպես էր, և Ֆրոդոն համաձայնեց նստել սպիտակ ձին: Փոխարենը՝ պարկերը բարձեցին պոնիին և արագ քայլեցին, թեպետ էլֆի հետևից երբեք չես հասնի... Նա առաջ էր տանում հոբիթներին. սկզբում՝ երեկոյան դժգույն մթնշաղով, հետո՝ անձրևային գիշերվա մթության միջով. ոչ աստղ կար, ոչ լուսին: Գլորֆինդելը կանգ առավ առավոտյան: Փինը, Մերին ու Սամը հազիվ էին ոտքի վրա կանգնում, նույնիսկ Պանդուխտն էլ էր ինչ-որ կուզիկացել, Ֆրոդոն կպել էր ձիու պարանոցին՝ ծանր քուն էր մտել: