Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7004 բայտ, 16:57, 2 Մայիսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
Պարզվեց, որ իջնելն այնքան էլ սարսափելի չէր, որքան նրան թվում էր: Պարանն ինչ-որ վստահություն էր ներշնչում Սեմին, թեև, ամեն անգամ ներքև նայելուց, նա վախեցած փակում էր աչքերը: Միայն մի դժվարին տեղ հանդիպեց. ժայռը բոլորովին հարթ էր և, Սեմը հենվելու տեղ չգտնելով, ամբողջ ծանրությամբ կախվեց պարանից: Սակայն Ֆրոդոն ուշադիր էր. նա դանդաղ ու հավասարաչափ բաց էր թողնում պարանը, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ամենից շատ Սեմը վախենում էր, որ պարանը կավարտվի, իսկ թռչելու համար դեռ բարձր կլինի: Բայց երբ նա ոտքի կանգնեց ու բղավեց. «հասե՛լ եմ», Ֆրոդոյի ձեռքին դեռ բավականին մեծ կտոր պարան էր մնացել: Սեմի ձայնը գերազանց լսվում էր, բայց նրան տեսնել հնարավոր չէր. էլֆական մոխրագույն թիկնոցը լուծվել էր մթնշաղում:
Ֆրոդոյի վայրեջքն ավելի երկար տևեց: Նա պարանը փաթաթեց մարմնի շուրջը, ստուգեց, ամուր է արդյոք այն կապված կոճղից, կարճացրեց՝ եթե ինչ-որ բան լինի, կկախվի օդում, ոչ թե կծեփվի գետնին, և սկսեց իջնել: Նա չէր ուզում ռիսկի դիմել և աշխատում էր օգտագործել ամեն մի ելուստ՝ ի տարբերություն Սեմի, Ֆրոդոն այնքան էլ չէր վստահում այդ բարակ մոխրագույն լարին: Սակայն երկու անգամ, միևնույնն է, ստիպված եղավ վստահել. ժայռը բոլորովին հարթ էր, և նույնիսկ նրա հոբիթական ճարպիկ մատները ճեղք անգամ չգտան կառչելու համար: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և շուտով Ֆրոդոն արդեն կանգնած էր Սեմի կողքին:
— Ուռա՛,— թեթևացած բացականչեց նա,— իջա՛նք վերջապես: Մնաս բարո՜վ, Էմին Մուիլ: Լավ, բա հետո՞: Էհ, այ կտեսնես, մենք դեռ կարոտով ենք հիշելու այս քարերը, երբ ոտքերի տակ սկսի ճողփալ:
Սեմը չպատասխանեց. նա նայում էր քարափին, որտեղից իջել էին:
— Ցրվածի՛ մեկը,— դժգոհում էր նա,— ուռա՛ծ գլուխ: Իմ պարա՜նը: Ախր այն կապված է վերևում՝ կոճղից, իսկ մենք ահա՛ թե որտեղ ենք: Էհ, փառավոր սանդուղք թողեցինք այդ չարագործ Գոլլումի համար: Միայն ցուցանակն է բացակայում. «Հոբիթները գնացել են ա՜յ այն ուղղությամբ»: Էդպես էլ գիտեի, որ մի բան թարս է գնալու. ախր շա՜տ հեշտ իջանք:
— Դե,— ասաց Ֆրոդոն,— եթե կարողանաս հնարել, թե ինչպես կարելի է իջնել սարից, իսկ հետո պարանը արձակել ու վերցնել հետդ, ապա ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել «ուռած գլուխն» ու մնացած մականունները. է՞լ ինչպես էր քեզ պատվում ծերուկդ: Բարձրացիր վերև, արձակիր ու իջիր, եթե ուզում ես, իսկ ես կնայեմ:
Սեմը ծոծրակը քորեց:
 
— Չէ, չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել, ներեցեք,— խոստովանեց նա: — Ուղղակի ափսոս է պարանը, ձեռքս չի գնում թողնել էստեղ: — Նա նրբորեն ձգեց այն: — Դժվար է բաժանվել էլֆերի նվերից: Իսկ եթե հանկարծ Գալադրիելն ի՞նքը հյուսած լինի մեզ համար: Գալադրիել...
 
Սեմը վշտացած օրորեց գլուխը, լռեց, նայեց վերև ու, ասես հրաժեշտ տալով, վերջին անգամ քաշեց պարանի ծայրից:
 
Ի զարմանս հոբիթների, պարանը արձակվեց կոճղից: Անսպասելիությունից Սեմն ընկավ մեջքի վրա, իսկ պարանի փափուկ օղակները ոտքից գլուխ ծածկեցին նրան: Ֆրոդոն չկարողացավ ծիծաղը զսպել:
 
— Հետաքրքիր է, ո՞վ է հանգույցը կապել,— հարցրեց նա: — Դեռ շնորհակալություն, որ ավելի շուտ չարձակվեց: Ես էլ հանգիստ կախվել էի. մտածում եմ, Սեմը հուսախաբ չի անի:
 
— Ես, իհարկե սար մագլցելու վարպետ չեմ, տեր իմ,— նեղացած ասաց Սեմը,— բայց պարաններից ու հանգույցներից, ներողություն ենք խնդրում: Դա, ձեր թույլտվությամբ, մեր ընտանեկան արհեստն է: Վերցնենք թեկուզ իմ նախապապին. նա, իսկ հետո էլ հորեղբայր Էնդին, դե, իմ ծերուկի ավագ եղբայրը, երկար տարիներ պարանի արտադրամաս ունեին: Եվ ոչ Հոբիթստանում, ոչ էլ մեկ ուրիշ տեղ ինձանից լավ պարան կապող չեք գտնի:
 
— Դե, այդ դեպքում, երևի, պարանը կտրվե՞լ է: Ինչ-որ սուր ելուստի հետ շփումից:
 
— Էդպիսի բան չկա՛,— ավելի վիրավորվեց Սեմը: Նա կռացավ և հետազոտեց պարանի ծայրը: — Չի կտրվել, տեսե՛ք, նույնիսկ վնասված չէ:
 
— Դե ուրեմն հանգույցն է արձակվել,— պնդեց Ֆրոդոն:
 
Սեմը գլուխն օրորեց և չպատասխանեց: Նա մտախոհ շոշափում էր պարանը:
 
— Մտածեք ինչ ուզում եք, պարոն Ֆրոդո,— վերջապես ասաց նա,— բայց ես կարծում եմ այն ինքն իրեն արձակվեց, երբ ես կանչեցի:
 
Նա ճարպկորեն փաթաթեց պարանը և խնամքով տեղավորեց ուղեպարկի մեջ:
 
— Թող այդպես լինի,— համաձայնեց Ֆրոդոն,— կարևորն այն է, որ մենք նորից պարան ունենք: Եկ ավելի լավ է մտածենք, թե ինչ պետք է անենք: Շուտով Գիշերը կսկսվի: Տես ի՜նչ աստղեր են, լուսնի մասին էլ չեմ խոսում:
 
— Նայում ես, ու սիրտդ ուրախանում է, չէ՞,— նայելով երկնքին ասաց Սեմը: — Դրանց մեջ ինչ-որ էլֆական բան կա: Եվ լուսինն էլ է մեծացել այս երկու օրվա ընթացքում, որ թաքնված էր ամպերի հետևում: Հո չի՜ փայլում:
 
— Այո, բայց լիալուսնին դեռ մի քանի օր կա: Կարծում եմ, չարժե հիմա խցկվել ճահճուտը, թե չէ մեկ էլ տեսար խրվեցինք...
 
Այդպես, մթնշաղի քողի տակ, հոբիթները սկսեցին իրենց ճանապարհորդության նոր փուլը: Որոշ տարածություն քայլելով, Սեմը շրջվեց: Անդունդի եզրին սևին էր տալիս ձորի բերանը, որտեղից նրանք իջել էին:
 
— Լավ է, որ պարանն էնտեղ կախված չմնաց,— ասաց նա: — Բարդ խնդրի առջև կանգնեցրինք էդ լպրծունին, դե թող հիմա մտածի, թե ուր ենք կորել: Տեսնենք ոնց է իր լպրծուն թաթերով թռչկոտելու ելուստից ելուստ:
Վստահելի
1342
edits