Changes
/* Գլուխ XXVII */
Այսպիսի խոսքերով եզրափակեց Կարդենիոն իր դժբախտ սիրո երկար պատմությունը։ Քահանան մտադիր էր մի քանի մխիթարիչ խոսք ասի, բայց այդ վայրկյանին նրան կասեցրեց ականջին հասած մի ինչ֊որ ձայն։ Ձայնը խոսում էր ցավագին տոնով, բայց ինչ էր ասում ― դուք կիմանաք այս պատմության չորրորդ մասում։ Որովհետև այստեղ իմաստուն ու խորաթափանց պատմաբան Սիդ Համետ Բենենխելին ավարտում է իր պատմության երրորդ մասը։
==Գլուխ XXVIII==
Ուր պատմվում է նույն լեռներում քահանայի և դալլաքի գլխին եկած նոր ու հաճելի անցքի մասին
Բախտավոր ու բարի էր այն ժամանակը, երբ աշխարհ եկավ խիզախ ասպետ դոն Կիխոտը, որովհետև թափառական ասպետության գրեթե կորած ու անհետացած ուխտին հարություն տալու և աշխարհին վերադարձնելու նրա վեհանձն որոշումը ուրախ ժամանցից զուրկ մեր դարում մեզ վայելք է պատճառում ոչ միայն նրա ճշմարտապատում պատմությամբ, այլև միջանկյալ վիպակներով ու դիպվածներով, որոնք մեծ մասամբ պակաս հաճելի, ճարտար ու ճշմարտապատում չեն, քան բուն պատմությունը։ Իսկ վերջինս, հետևելով գզած բրդից մանած հավասար թելին, պատմում է, թե այն րոպեին, երբ քահանան մտադիր էր մխիթարել Կարդենիոյին, նրանց ականջին մի վշտալի ձայն հասավ, որ հետևյալն էր ասում․
― Տե՜ր Աստված։ Մի՞թե այս լեռներում ես գտա վերջապես գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս՝ իբրև բեռ։ Այո՛, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Այս թավուտներում ու ժայռերում ես կարող եմ գանգատվել երկնքին իմ ցավերից, և անապատն ինձ համար մարդկանց հասարակությունից ավելի սիրելի է, որովհետև աշխարհիս երեսին չկա մեկը, որից կարելի լինի տարակուսանքների համար խորհուրդ ակնկալել, մխիթարանք՝ ցավերի և դեղ՝ վշտերի համար։
Քահանան և նրա ուղեկիցներն առան այդ ձայնն ու լսեցին այդ խոսքերը և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (ինչ որ, իրոք, այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և, քսան քայլ չանցած, հանկարծ ժայռի ետևում, հացենու տակին գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։ Նա նստած էր, ոտները դրած այնտեղից հոսող վտակի մեջ և գլուխը ցածր խոնարհած, այնպես որ նրանք սկզբում նրա դեմքը չտեսան։ Նրանք այնքան կամացուկ մոտեցան, որ երիտասարդը չլսեց։ Նա խնամքով լվանում էր ոտները, որ ճերմակ բյուրեղի կտորների էին նմանում, որ կարծես թե այլ քարերի միջև ծնվել էին վտակում։ Նրանց գեղեցկությունն ու ճերմակությունը զարմացրին մեր բարեկամներին։ Նրանց հավատալը չէր գալիս, որ նման ոտիկներ ստեղծած լինեին վարած դաշտ կոխ տալու կամ գութանի ու գոմեշների ետևից քայլելու, թեև շորերին նայած երիտասարդը գյուղացի էր։ Համոզվելով, որ նա իրենց չի նկատել, քահանան, որ առջևից էր գնում, իր ուղեկիցներին նշան արեց, որ անհետանան և թաքնվեն ժայռերի կույտերի ետևում, մի բան, որ նրանք արին՝ շարունկելով ուշի֊ուշով հետևել երիտասարդին։ Նրա հագին գորշագույն կապա կար, որ կողքերից կտրված էր և ամուր սեղմված էր ճերմակ գոտիով, ապա՝ վարտիք և ոտի փաթաթան գորշագույն մահուդից, իսկ գլխին՝ գորշագույն գործած գլխարկ։ Փաթաթանը փաթաթած էր մինչև ծնկները, իսկ ծնկները ճերմակ ալեբաստրի նման էին։ Իր չքնաղ ոտները լվանալուց հետո նա իր գլխարկի միջից մի թաշկինակ հանեց, որով գլուխ են կապում և սկսեց սրբել ոտները։ Սակայն գլխարկը հանելու միջոցին նա գլուխը բարձրացրեց և նրան նայողները այնպիսի աննման գեղեցկություն տեսան, որ Կարդենիոն շշնջաց քահանային․
― Էհ, եթե դա Լյուսինդան չէ, ապա մարդ էլ չէ, այլ՝ հրեշտակ։
Մինչ այս, մինչ այն, երիտասարդը գլխարկը հանեց և թափ տվեց գլուխը, և իսկույն արձակվեցին ու թափվեցին մինչև ուսերը նրա մազերը, որոնց կարող էին նախանձել արևի ճառագայթները։ Այստեղ մեր բարեկամները գլխի ընկան, որ կարծեցյալ գյուղացին կին է, այն էլ՝ չքնաղ, որից գեղեցիկը նրանք մինչ այդ չէին տեսել, անգամ Կարդենիոն, որ տեսել ու ճանաչել էր Լյուսինդային, հավատացնում էր, որ միմիայն նրա սիրածն էր կարող գեղեցկությամբ մրցել անծանոթի հետ։ Նրա երկար խարտյաշ մազերը այնքան առատ ու ոլորուն էին, որ ոչ միայն ուսերն էին ծածկում, այլև նրան ամբողջապես ծածկում էին, այնպես որ նրա ողջ մարմնից միայն ոտերն էին երևում։ Նա իր մազերը ձեռներով էր սանրում։ Եվ եթե նրա ոտները վտակում բյուրեղի կտորներ էին թվում, ապա ձեռները վարսերի վետերում հիշեցնում էին ամուր ձյունի կտորներ։ Այդ ամենի տեսքից նայողների մեջ հիացումի հետ միասին աճում էր նրան ճանաչելու ցանկությունը։ Ուստի նրանք որոշեցին երևելի դառնալ։ Աղմուկի ձայն առնելով, որ դուրս եկավ այդ շարժման հետևանքով, չքնաղ աղջիկը գլուխը բարձրացրեց և աչքերը ծածկող մազերը երկու ձեռքով ետ գցելով, նայեց այն կողմը, որտեղից նրան հասան այդ ձայները։ Սակայն, եկվորներին դեռ չտեսած, նա վեր թռավ, վերցրեց իր իրեղենների կապոցը և ինչպես որ կար ― բոբիկ, հերարձակ, ահ ու դողի մեջ փախուստ տվեց։ Սակայն նրա քնքուշ ոտները չկարողացան տանել քարերի կոշտությունը և մի հինգ֊վեց քայլ անելուց հետո նա վայր ընկավ։ Տեսնելով այդ՝ երեքն էլ մոտեցան նրան և քահանան առաջինը խոսեց․
― Ով էլ որ լինեք դուք, տիրուհի, հավատացած եղեք, որ ձեր առջև այնպիսի մարդիկ են, որոնց միակ ցանկությունն է ծառայել ձեզ։ Դուք պատճառ չունեք այդքան շուտափույթ փախուստ տալու։ Ձեր ոտիկներն էլ չեն կարող տանել, մենք էլ չենք կարող թույլ տալ այդ։
Զարմանալով ու քաշվելով նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Նրանք մոտեցան և քահանան, բռնելով նրա ձեռքը, շարունակեց այսպես․
― Այն, ինչ ծածկում էր մեզնից ձեր հանդերձը, մատնեցին ձեր մազերը։ Երևի թե կարևոր պատճառներ կան, որ հարկադրել են ձեզ ձեր գեղեցկությանն այնքան անվայել հագուստ հագնել և այս խուլ վայրերը քաշվել, որտեղ երջանիկ պատահականությունն օգնեց մեզ ձեզ գտնելու։ Եթե մենք ի վիճակի էլ չլինենք ձեր դարդը բուժելու, ապա գոնե կօգնենք ձեզ խորհրդով։ Որքան էլ դժբախտությունը մեզ կեղեքելու լինի, ինչ աստիճանի էլ նա հասնելու լինի, քանի որ մենք կենդանի ենք, մենք չպիտի խուսափենք խորհուրդներից այն մարդկանց, որ կամենում են ձեր տառապանքը թեթևացրած լինեն։ Ուստի, տիրուհիս, կամ տեր իմ, կամ որպես ձեզ հաճելի լինի, մի կողմ թողեք երկյուղը, որ մեր երևան գալը պատճառեց ձեզ՝ և պատմեցեք մեզ ձեր վիշտն ու խինդը, իսկ մենք բոլորս միասին կամ յուրաքանչյուրս ջոկ֊ջոկ կօգնենք ձեզ ձեր դարդը տանելու։
Քահանայի ամբողջ ճառի ընթացքում շորերը փոխած աղջիկը կանգնած էր հմայվածի պես և նայում էր նրանց առանց շուրթերը շարժելու և առանց ձայն֊ծպտուն հանելու, բոլորովին գեղջուկ տղայի պես, որին հանկարծ հազվագյուտ, երբեք չտեսնված բաներ են ցույց տվել։ Քահանան նորանոր ապացույցներ էր բերում, որ նույն նպատակին էին ուղղված։ Վերջապես խորունկ հոգվոցով նա խզեց լռությունն ու ասաց․
― Քանի որ այս լեռների ամայությունն էլ չկարողացավ թաքցնել ինձ, իսկ իմ բաց ու արձակ մազերը թույլ չտվին, որ լեզուս ստի, ապա զուր կլիներ, որ ես ուրիշ մարդ ձևանայի։ Դուք ինձ հավատալու տեսք կընդունեք, սակայն քաղաքավարությունից դրդված, ոչ ավել։ Ուստի սինյորներ, ես շնորհակալ եմ ձեր առաջարկությունների համար և պարտավորված եմ համարում ինձ կատարելու ձեր խնդիրը։ Միայն թե երկյուղ եմ կրում, որ իմ տառապանքների պատմությունը ձեր մեջ միայն կարեկցություն չի հարուցանի, այլև հուսահատություն, որովհետև դուք ոչ դեղ կգտնեք նրանց բուժելու համար, ոչ խորհուրդ՝ թեթևացնելու։ Այնուհանդերձ, որպեսզի դուք իմ պատվի նկատմամբ տարակուսած չլինեք, իմանալով, որ ես կին եմ և տեսնելով ինձ այսքան երիտասարդ, առանց ուղեկիցների և այսպիսի հագուստ հագիս ― իսկ բոլոր այդ հանգամանքները միասին և նրանցից յուրաքանչյուրը առանձին կարող են արատավորել ամեն մի բարի անուն ― ես ձեզ կպատմեմ այն, ինչ որ ես, եթե կարողանայի, կգերադասեի լռությամբ անցնել։
Այդ ամենը նա արտասանեց առանց կանգ առնելու։ Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և խնդրել, որ նա իր խոստումը կատարի։ Առանց իրեն թախանձել տալու աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգի բերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և, դժվարությամբ զսպելով արցունքները, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը․
― Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր հերցոգը՝ Իսպանիայի մեծամեծներից մեկը։<ref>Ինչպես ենթադրում են մեկնաբանները, այստեղ նկատի է առնվում հերցոգ դե Օսունան, որի ընտանիքում 1581-1582 թթ․ իսկապես որ տեղի են ունեցել պատմվող նովելլային հար և նման դեպքեր։ Օսունա քաղաքը գտնվում է Սևիլյաից 85 կիլոմետր դեպի արևելք։</ref> Նա երկու որդի ունի, մեծը՝ իր տիտղոսի և, ինչպես թվում է, նրա ազնիվ բարքերի ժառանգը, փոքրը՝ չգիտեմ, թե ում ժառանգն է, թերևս իր դավաճանությամբ Վելյիդոյինը կամ նենգամտությամբ Գանելոնինը։ Իմ ծնողները այդ տերերի ծառաներն են։ Նրանք համեստ տոհմից են, բայց այնքան հարուստ, որ եթե նրանց ազնիվ ծագումը հավասար լիներ հարստության ― նրանք ոչինչ ցանկություն չէին ունենա, իսկ ես կարող կլինեի երկյուղ չկրել դժբախտություններից, որ հիմա թափվել են գլխիս, որովհետև, թերևս, բոլոր իմ աղետները նրանից են ծագում, որ նրանք ազնվական չեն ծնվել։ Ճիշտ է, նրանց ծագումը այնքան ստոր էլ չէ, որ մարդ ամաչի, սակայն բավականաչափ բարձր էլ չէ։ Ուստի ես կարծում եմ, որ նա է իմ տառապանքների պատճառը։ Մի խոսքով՝ նրանք գյուղացիներ են, հասարակ մարդիկ, առանց որևէ ամոթաբեր արյան խառնուրդի և, ինչպես ասվում է, բարի հին քրիստոնյաներ, համ էլ այնքան հարուստ, որ հարստությունն ու շքեղ կենցաղավարությունը նրանց կամաց֊կամաց հավասարեցրել են հիդալգոներին և անգամ կաբալյերոներին։<ref>Հիդալգո ― յուրաքանչյուր ազնվական՝ անկախ նրա հասարակական դիրքից, կաբալյերո ― ազնվական, որն աչքի ընկնող դիրք ունի։</ref> Սակայն առավել քան հարստությունից և ազնվական ծագումից նրանք պարծենում էին ինձնով՝ իրենց աղջկանով։ Նրանի՞ց էր արդյոք, որ նրանք ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ նրանք ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողները իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Ես նրանց համար հայելի էի, որի մեջ նրանք տեսնում էին ինքներն իրենց, նրանց ծերության ցուպը, նրանց հոգսերի առարկան և նրանց երկնքին հնազանդ ցանկությունը այնքան էր գեղեցիկ, որ ինքս էլ այլ ցանկություն չէի կարող ունենալ։ Ես նրանց հոգիների տերն էի և նրանց տան տնտեսուհին։ Ես էի վարձում ու արձակում ծառաներին, ես էի հաշվի և գրի առնում, թե ինչքան է ցանվում ու հնձվում, ես էի կարգադրություններ անում, հաշիվը պահում խոշոր ու մանր անասունների, փեթակների ― մի խոսքով՝ այն ամենի, որ կարող է ունենալ և ուներ այնպիսի հարուստ մի շինական, ինչպիսին իմ հայրն է։ Ես կառավարչուհու ու տիրուհու պես էի ինձ պահում, և իմ եռանդն ու նրանց ուրախությունը այնքան մեծ էին, որ ես պարզապես խոսք չեմ գտնում նկարագրելու համար։ Արձակելով վերակացուներին, ավագ հովիվներին և բատրակներին՝ ես ազատ ժամերս զբաղվում էի գործերով, որոնք նույնքան անհրաժեշտ են, որքան և վայել աղջիկներին, օրինակ՝ կար էի անում, ասեղնագործում և երբեմն թել մանում։ Իսկ երբ ցրվելու համար ես թողնում էի այդ զբաղմունքները, ինձ գրավում էր կամ բարեպաշտ գրքի ընթերցանությունը կամ տավիղ նվագելը, որովհետև ես փորձով գիտեի, որ երաժշտությունը բուժում է հոգու խռովությունը և հանգստացնում խելքից ծագած հուզմունքը։ Այդպես էր անց կենում ծնողական տանը իմ կյանքը, և եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա հավատացեք, որ սնապարծությունից կամ հարստությունովս պարծենալու ցանկությունից չեմ անում այդ, այլ ես կամենում եմ, որպեսզի դուք ըմբռնեք, թե ինչպես առանց որևէ մեղքի ես այն երջանիկ կացությունից անցա այս ցավագինին։
Օրերս աշխատանքի ու մենության մեջ անցկացնելով, մենության, որ կարելի է վանական փակ կյանքի նմանեցնել, ես հավատացած էի, որ բացի մեր տան ծառաներից ոչ ոք չի կարող ինձ տեսնել, քանի որ անգամ եկեղեցի ես վաղ առավոտյան էի գնում մորս ու սպասավորների ուղեկցությամբ, այն էլ այնպիսի թանձր քողով ծածկված, որ իմ աչքերը հազիվ էին տեսնում գետնի այն կտորը, որի վրա ես ոտ էի դնում։ Այնինչ այնպես պատահեց, որ սիրո, կամ ավելի լավ է ասել, պարապության աչքերը, որոնք չեն հավասարվի և լուսանի աչքերին, նկատեցին ինձ։ Դոն Ֆերնանդոն ― այդպես էր հերցոգի կրտսեր որդու անունը, որ ես արդեն հիշատակել եմ, ― ինձ վրա ուշ դարձրեց։
Հազիվ անծանոթ աղջիկը արտասանեց այդ անունը, Կարդենիոն գունաթափվեց, քրտնեց և այնպիսի ուժգին հուզմունք ցուցադրեց, որ նրան նայող քահանան ու դալլաքը վախեցան՝ կարծելով, թե նորից խելագարությունը բռնեց նրան, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակ առ ժամաակ նրան այդ ցավը բռնում է։ Սակայն Կարդենիոն տեղում սառեց՝ քրտնակոխ, անշարժ, նայում էր նա պատմող աղջկան, աշխատելով գլխի ընկնել, թե ով է նա։ Իսկ աղջիկը առանց նկատելու նրա հուզմունքը շարունակեց իր պատմությունը։
― Հազիվ նա ինձ տեսավ, համակվեց սաստիկ սիրով (ինչպես նա ինքը խոստովանեց հետո), որի ուժը հաստատեցին նրա վարմունքները։ Սակայն իմ դժբախտությունները թվելուն վերջ տալու համար ― մեկ է, անկարելի է բոլորը թվել ― ես լռությամբ կանցնեմ Ֆերնանդոյի իր զգացմունքներն իմ առջև բանալու բոլոր փորձերը։ Տանը բոլոր ծառաներին նա կաշառել էր, ծնողներիս վրա թափվում էին նվերներ ու շնորհներ։ Յուրաքանչյուր օր մեր փողոցում տոն ու խնդություն կար, իսկ գիշերները սերենադները ոչ ոքի չէին թողնում քնել։ Անհայտ ճանապարհներով ինձ հասնող նամակները անհաշիվ էին և լի սիրային խոսքերով ու առաջարկներով։ Նրանց մեջ երդում ու խոստումները տառերից շատ էին։ Այդ ամենը ոչ միայն չսիրաշահեց իմ սիրտը, այլև, ընդհակառակ, խստասիրտ դարձրեց, ասես նա իմ մահացու թշնամին լիներ և կարծես այն ամենը, ինչ որ նա անում էր իմ սիրտը գրավելու համար, հակառակ նպատակի էր ուղղվում։ Սակայն դոն Ֆերնանդոյի սիրաբանությունն ինձ չէր վրդովեցնում, և նրա ձգտումներն ինձ հանդգնություն չէին թվում, որովհետև ես ինչ֊որ բավարարություն էի զգում այն մտքից, որ ինձ սիրում ու պաշտում է նրա պես ազնվազարմ մի կաբալյերո։ Ես չէի զզվում կոմպլիմենտներից, որ կարդում էի նրա նամակներում։ Այդ կողմից, թվում է ինձ, թե կանայք, անգամ ամենաանճոռնիները, միշտ գոհ են մնում, երբ որ նրանց գեղեցկուհի են անվանում։ Սակայն դոն Ֆերնանդոյի դեմ ծառանում էին իմ պատիվը և ծնողներիս թախանձագին խորհուրդները։ Նրանց շատ լավ հայտնի էր նրա կիրքը դեպի ինձ, որովհետև դոն Ֆերնանդոն իրեն հոգնություն չէր պատճառում որևէ մեկի մոտ այդ բանը ծածկելու։ Ուստի ծնողներս հայտարարեցին ինձ, թե քանի որ գործը մեր պատվի և մեր անվան բարի համբավի մասին է, ապա նրանք լիովին վստահում են իմ առաքինությանն ու բանականությանը։ Որ ես չեմ կարող անտես առնել, թե ինչ անհավասարություն կա մեր միջև։ Որ դոն Ֆերնանդոյի ձգտումներն ուղղված են ավելի իր հաճույքին հագուրդ տալու, քան իմ բարօրությանը։ Որ ես պետք է որևէ կերպով նրա անտեղի պահանջների առաջն առնեմ, ապա թե նրանք ինձ մարդու կտան նրան, ով որ ամենից շատ սրտովս լինի, անգամ եթե նա մեր կողմերում կամ ամբողջ շրտանում ամենաազնվազարմ երիտասարդը լինի։ Չէ՞ որ ունենալով մեր հարստությունն ու իմ բարի համբավը դժվար չէր այդ անելը։ Նրանց արդարացի և լրջմիտ հավաստիացումները թև տվին իմ հաստատակամությանը, և ես դոն Ֆերնանդոյին չհաճեցի գեթ մի խոսք ասել, որ նրան անգամ հեռավոր հույս ներշնչեր, թե նա հաջողություն կունենա։
Սակայն իմ զսպվածությունը, որ նրան արհամարհանք էր թվում, առավել ևս հրահրում էր նրա հեշտագին ցանկությունը։ Այո՛, նրա կիրքը դեպի ինձ արժանի է այդ անվան, որովհետև եթե այն այնպես լիներ, ինչպես պիտի սերը լինի, դուք նրա մասին բան չէիք իմանա, որովհետև ես տեղիք չէի ունենա պատմել նրանից։ Վերջապես, դոն Ֆերնանդոն իմացավ, որ իմ ծնողները մտադիր են ինձ մարդու տալու, որպեսզի նրանից ինձ տիրանալու հույսը խլած լինեն, կամ թե, առնվազն, որպեսզի ավելի լավ պահպանած լինեն ինձ, և այդ լուրը կամ կռահումը մղեց նրան անելու այն, ինչ որ հիմա դուք կլսեք։ Մի անգամ, աշնանը, երբ որ ես սպասուհու հետ մենակ էի իմ սենյակում և դուռը ամուր փակված էր երկյուղից, որպեսզի իմ պատիվը անփութության հետևանքով վտանգի չենթարկվի, բոլոր այդ ցանկապատների և նախազգուշացումների միջում փակված միջոցիս, մեկուսացմանս խաղաղ պահին, հանկա՛րծ, ― ես չեմ կարող ոչ ըմբռնել, ոչ երևակայել, թե ինչպես պատահեց, ― ես նրան տեսնում եմ իմ առջև։ Նրա երևան գալը ինձ այնպես շշմեցրեց, որ աչքերս մթնեցին և լեզուս պապանձվեց։ Ես անգամ ճչալ չկարողացա, ասենք՝ նա ինձ այդ անելու միջոց էլ չտվեց, որովհետև անմիջապես հարձակվեց վրաս և, սեղմելով ինձ իր գրկում (ես այնքան շփոթված էի, որ ուժ չունեցա պաշտպանվելու), սկսեց ինձ այնպիսի բաներ ասել, որ, ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչպես սուտը կարող է այդքան ճարտար լինել և ստի հիմնավորումը որքան կարող է նմանվել ճշմարտության։ Համ էլ այդ դավաճանի արցունքը հաստատում էր նրա խոսքը, իսկ ախ ու վախը՝ մտադրությունները։ Իսկ ես՝ ողորմելիս, մեն֊մենակ, նմանօրինակ պարագաներում մերոնց միջև ոչ մի փորձ ստացած չլինելով, հավատ ընծայեցի նրա հավաստիացումներին։ Այնուհանդերձ, ոչ այն չափով, որպեսզի նրա արցունքն ու ախ ու վախը մեջս ցավակցությունից ավելին առաջ բերեին։ Եվ ետ գալով առաջին երկյուղից, ես սիրտ արի և կտրուկ, ― չէի էլ կարծում, որ ընդունակ եմ դրան, ― ասացի․ «Եթե ես քո գրկում չլինեի, այլ ամեհի առյուծի ճիրաններում և եթե իմ փրկության համար ինձ առաջարկեին ասել կամ անել իմ պատվին որևէ հակառակ բան, ես կպատասխանեի, որ այդ նույնքան անհնար է, որքան եղածը չեղած դարձնելը։ Եվ, ինչպես որ դու ես սեղմում իմ մարմինը քո գրկում, այնպես էլ ես եմ կաշկանդել իմ հոգին բարի դիտավորություններով և որքան իմ դիտավորությունները նման չեն քոնին, դու այդ կտեսնես, եթե բռնություն գործադրելով, կամենալու լինես ավելի հեռուն գնալ։ Ես քո հպատակն եմ, սակայն՝ ոչ ստրկուհին։ Քո արյան ազնվությունը չունի և չի կարող ունենալ իշխանություն խայտառակլու իմ ոչ ազնվական արյունը։ Ես, հասարակ գեղջկուհի լինելով, հարգում եմ ձեզ ոչ պակաս, քան դու, սինյոր կաբալյերո, քեզ ես հարգում։ Քո ուժը քեզ չի օգնի, քո հարստությունը չի ազդի։ Քո խոսքերը ինձ չեն խաբի, իսկ քո ախ ու վախն ու արցունքը չեն շարժի իմ սիրտը։ Սակայն եթե իմ հիշատակած հատկություններից մեկն ու մեկը ես տեսնելու լինեմ այն մարդու մեջ, որին իմ ծնողներն ընտրելու լինեն ամուսին ինձ համար, իմ կամքը կենթարկվի նրանց կամքին և նշանախեց անգամ զանց չի առնի։ Եվ եթե իմ պատիվը անարատ մնա, ես առանց խնդության, բայց կամովին, կտամ նրան այն, ինչը, սինյոր, դու ես այդքան համառ ձգտում։ Հասկացիր ապա իմ խոսքը՝ աշխարհիս երեսին ոչ ոք բացի օրինավոր ամուսնուց չի ձեռք բերի իմ շնորհը»։ ― Եթե բանը հենց այդ է, չքնաղ Դորոթեա (այդպես է թշվառականիս անունը) ― պատասխանեց անազնիվ կաբալյերոն, ― ահա քեզ իմ ձեռքը, որպես նշան մեր նշանադրության։ Թող երկինքը վկա լինի ― նրանից թաքուն բան չի մնա ― և Տիրամոր այս պատկերը, որ քո առջև է»։
Երբ որ Կարդենիոն լսեց, որ անծանոթ աղջկա անունը Դորոթեա է, դարձյալ հուզվեց, որովհետև նրա ենթադրությունը վերջնականապես հաստատվեց։ Սակայն նա չկամեցավ ընդհատել պատմությունը, որպեսզի իմանա, թե բանն ինչով է վերջանում, թեև նա արդեն գրեթե գիտեր վերջավորությունը։ Նա միայն հարցրեց․
― Սինյորա, քո անունը Դորոթե՞ա է։ Ես լսել եմ մի աղջկա մասին, որ այդ անունով է կոչվելիս եղել։ Նրա կրած աղետները հավասար են քոնին։ Սակայն շարունակիր, ժամանակը կհասնի, և ես քեզ այնպիսի մի բան կպատմեմ, որ քեզ նույնքան կզարմացնի, որքան որ կվշտացնի։
Կարդենիոյի այս խոսքերը, ինչպես և նրա տարօրինակ և խղճուկ հագուստը գրավեցին Դորոթեայի ուշադրությունը, և աղջիկը խնդրեց նրանից, որ իսկույն ևեթ նա պատմի այն մյուս աղջկանից։ Քանի որ բախտը մի բարիք է շնորհել իրեն ― դժբախտությունը տանելու արիություն, ― ուստի ինքը համոզված է, որ ինչ աղետ էլ իր գլխին գալու լինի ― այլևս չի ավելացնի իր տառապանքը։
― Ես չեմ հապաղի, սինյորա, ասելու քեզ այն, ինչ որ խորհում եմ, եթե իմ ենթադրությունը հաստատվի։ Սակայն ժամանակը դեռ չի հասել, և առայժմ դու կարիք չունես իմանալու այդ բանը։
― Ինչպես կհաճեք, ― պատասխանեց Դորոթեան։ ― Ուրեմն՝ ես շարունակում եմ իմ պատմությունը։ Դոն Ֆերնանդոն վերցրեց սրբապատկերը, որ սենյակում էր և դրեց մեր առջև, որպես թե վկա մեր նշանադրության։ Հանդիսավոր հավաստիացումներով և արտասովոր երդումներով նա ինձ խոսք տվեց, որ կդառնա իմ ամուսինը։ Ես չթողի որ նա ավարտի և սկսեցի աղերսել, որ նա միտք անի իր արածի մասին, մի՞թե նրա հայրը չի վրդովվի, երբ որ իմանա, թե իր որդին ամուսնանում է հպատակ գեղջկուհու հետ։ Թող չշլանա իմ գեղեցկությամբ, որովհետև ինչքան էլ գեղեցիկ լինեմ, այդ նրա վարմունքը չի արդարացնի։ Իսկ եթե նա ինձ իրոք որ սիրում է, ապա թող չխանգարի ինձ կապելու իմ բախտը ինձ հավասար մարդու հետ, որովհետև այդքան անհավասար ամուսնությունները երբեք երջանկություն չեն բերում և ուրախությունը, որով նրանք սկսվում են, երկար չի տևում։ Բոլոր այս փաստարկումները և դեռ շատ ուրիշները, որ հիմա չեմ հիշում, ես բերի, սակայն նրանք չհարկադրեցին, որ նա ետ կանգնի իր դիտավորությունից։ Չէ՞ որ մեկը, որ առևտրական պայման է կապում առանց վճարելու մտադրության, այլևս չի հոգում պայմանների մասին։ Իսկ ես այդ վայրկյանին մեջս խորհեցի․ «Ես հո առաջինը չեմ, որ ամուսնության միջոցով ստոր դասից կանցնեմ բարձր, դոն Ֆերնանդոյից առաջ էլ ազնվազարմ սինյորներ են եղել, որ իրենց սիրեցյալների գեղեցկությունից, կամ, ավելի ճիշտ, իրենց իսկ կույր կրքից մղված՝ անհավասար ամուսնության մեջ են մտել։ Եվ քանի որ ես չէ, որ փոփոխում եմ աշխարհս և նրա սովորույթները, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեմ նման պատվից։ Անգամ եթե իր ցանկությունը բավարարելուց հետո նա ինձ դադարի սիրելուց, մի՞թե Աստծու առջև ես նրա ամուսինը չեմ մնա։ Իսկ եթե ես նրան արհամարհանքով մերժելու լինեմ, ապա նա, թերևս, մոռանալով իր պարտքը, բռնության դիմի, և այն ժամանակ ես կմնամ անարգված և չեմ կարողանա արդարանալ, որովհետև ոչ ոք ինձ չի հավատա, որ անմեղ տեղն եմ այդ դրության մեջ ընկել։ Ինչպես ապացուցեմ ծնողներիս և մյուս մարդկանց, որ նա առանց իմ համաձայնության է ներս մտել իմ ննջարանը։ Բոլոր այս հարց ու պատասխանները վայրկյանապես անցան իմ մտքով։ Սակայն ամենից շատ համոզում ու հակում էին դեպի կորուստ (ես այն պահին այդ դեռ չէի ըմբռնում) դոն Ֆերնանդոյի երդումները, հավաստիացումները և առատ արցունքը։ Սիրուն ու սիրալիր կավալերի անկեղծ սիրո նման արտահայտությունները կարող էին նվաճել ում ասես տակավին ազատ և ամոթխած սիրտը։ Ես կանչեցի սպասուհուս, կամենալով մեր միության երկնային վկաներին ավելացնել մի երկրային վկա ևս։ Եվ դոն Ֆերնանդոն նորից սկսեց կրկնել և հաստատել իր երդումը, կոչել նորանոր սրբեր, երեսը թրջել արցունքով և բազմապատկել իր ախ ու վախը։ Եթե նա երբևիցե դավաճանի ինձ, ― ասում էր նա, ― թող նրան խոցի հազար սարսափելի անեծք։ Նա ավելի ամուր սեղմեց ինձ իր գրկում, որից նա ինձ բաց չէր թողնում մեր հանդիպումի սկզբից ևեթ։ Եվ ահա, երբ որ սպասուհին դուրս եկավ սենյակից, ես կորցրի պատիվս, և նա կատարեց նենգությունն ու դավաճանությունը։
Իմ դժբախտության գիշերին հաջորդող օրը այնքան էլ շուտ չբացվեց, ինչպես, կարծես թե կկամենար դոն Ֆերնանդոն։ Չէ՞ որ տղամարդը, բավարարելով իր մարմնասիրական կիրքը, հենց այն է խորհում, թե ինչպես շուտ դուրս պրծնի այն տեղից, որտեղ նա բավարարություն գտավ։ Ես այդ նրա համար եմ ասում, որ դոն Ֆերնանդոն մեծ փութկոտությամբ անջատվեց ինձնից այն իսկ սպասուհու օգնությամբ, որ նրան ներս էր բերել իմ սենյակը և փողոց դուրս եկավ դեռ լույսը չծագած։ Հրաժեշտ տալով՝ նա ինձ ասաց, ― բայց արդեն ոչ առաջվա ջերմությամբ ու թափով, ― որ ես կասկած չտածեմ նրա հավատարմության նկատմամբ և որ նրա երդումները ամուր ու արդար են։ Եվ, ի հաստատումն իր խոսքերի, նա հանեց իր մատից թանկագին մի մատանի և դրեց իմ մատին։ Ահա նա գնաց, իսկ ես մնացի՝ ո՛չ տխուր, ո՛չ ուրախ։ Ավելի շուտ, ես շփոթված ու մտազբաղ էի, միանգամայն մոլորված այն ամենից, որ պատահեց ինձ։ Ես սիրտ չարի կամ, գուցե, ես պարզապես մոռացա կշտամբել սպասուհուս իր դավաճանության համար։ Չէ՞ որ ես ինքս էլ դեռ չգիտեի՝ լա՞վ էր արել նա, թե՞ վատ, թաքուն իմ սենյակը ներս բերելով դոն Ֆերնանդոյին։ Նրա գնալու միջոցին ես իրեն ասացի, որ նա նույն ճամփով կարող է ամեն գիշեր գալ մոտս, քանի որ հիմա ես պատկանում եմ նրան և որ այդ կտևի այնքան ժամանակ, մինչև որ նա կամենա ամենքին հայտարարել մեր միության մասին։ Հետևյալ գիշերը նա եկավ, բայց դրանից հետո այլևս չերևաց։ Անցավ ամբողջ մի ամիս, իսկ ես նրան չէի տեսել ոչ փողոցում, ոչ եկեղեցում և զուր էի փորձում տեսակցել նրա հետ։ Մինչդեռ ես գիտեի, որ նա ապրում է միևնույն քաղաքում և օրերով որս է անում, ― դա իր սիրած զբաղմունքն է։
Դառն ու տխուր էին, հիշում եմ, այդ օրերն ու ժամերը։ Հոգուս մեջ ներս սողաց մի կասկած, և խախտվեց հավատս դոն Ֆերնանդոյի նկատմամբ։ Այն էլ եմ հիշում, որ այն պահին սպասուհիս լսեց իմ հանդիմանությունն իր հանդգնության համար, որ առաջ չէր լսել։ Եվ ես հարկադրվեցի արցունքիս հաշիվը պահել և դեմքիս ուրախ արտահայտություն տալ, որպեսզի ծնողներս հարցնելու չլինեն, թե ինչն է ինձ վիշտ պատճառում և հարկադրելու չլինեն ինձ հերյուրանքի դիմելու։ Սակայն վրա հասավ օրը, երբ այդ ամենը միանգամից վերջացավ, երբ որ իմ հարգանքը ոտնակոխ եղավ և մոռացության տրվեցին ազնիվ խոհերս, երբ որ համբերությունս հատավ և ամենքի առջև բացվեցին իմ գաղտնի մտքերը։ Այդ նրանից եղավ, որ շուտով մեր կողմերում լուր տարածվեց, որ դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է ամենաարտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմի մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ, իր օժիտին նայած, աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։ Ասում էին, թե նրա անունը Լյուսինդա է և որ նրա նշանադրությունը դոն Ֆերնանդոյի հետ առանց զարմանալի անցք ու դեպքերի չի գլուխ եկել։
Լյուսինդայի անունը լսելով, Կարդենիոն դողաց, շրթունքը կծեց, հոնքերը կիտեց և նրա աչքերից թափվեցին հորց արցունքներ։ Իսկ Դորոթեան, այնուհանդերձ, շարունակեց իր պատմությունը։
Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակը՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով վառվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ֊գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհն էի դառել ես։ Սակայն ես առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերը անել այն, ինչ որ արեցի էլ։ Հագա այս շորերը, որ ինձ տվեց հորս կալվածում աշխատող հովիվը։ Ես պատմեցի նրան իմ դժբախտության մասին և խնդրեցի ինձ ուղեկցել մինչև այն քաղաքը, ուր ապրում էր իմ թշնամին։ Նա կշտամբեց ինձ իմ անխոհեմության համար և հավանություն չտվեց իմ վճռին, սակայն տեսնելով, որ ես համառում եմ, առաջարկեց ուղեկցել ինձ, ինչպես ինքն էր ասում, թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես անմիջապես մի կտավե շորի մեջ փաթաթեցի հագուստներիցս մեկը, պատեհ առիթի համար վերցրի մի քիչ փող ու թանկարժեք իրեր և նույն գիշերը թաքուն, առանց զգուշացնելու իմ մատնիչ֊սպասուհուն, թողեցի տունը և հովվի ուղեկցությամբ ու անհանգիստ մտքերով մեկնեցի ոտով քաղաք։ Ես մտադիր չէի խանգարել արդեն եղածը, ո՛չ, ես ցանկություն ունեի հարցնել դոն Ֆերնանդոյին՝ ինչպե՞ս նա կարողացավ անել այն, ինչ արել էր։
Երկուս ու կես օրից ես հասա քաղաքը և մտա թե չէ, հարցրի՝ որտե՞ղ է Լյուսինդայի ծնողների տունը։ Առաջին իսկ մարդը, որին դիմեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Նա մատնանիշ արեց Լյուսինդայի տունը և պատմեց, թե ինչ է պատահել նշանադրության միջոցին (որովհետև այդ դեպքի լուրը այնպես էր տարածվել, որ ողջ քաղաքում նրա մասին ասեկոսներ էին պտտում)։ Ահա թե ինչ էր պատահել։ Այն երեկոյան, երբ դոն Ֆերնանդոն նշանվեց Լյուսինդայի հետ և նրա հարցին, ուզում է արդյոք Լյուսինդան իր կինը լինել, Լյուսինդան պատասխանեց «այո՛», աղջիկը հանկարծ ուշագնաց եղավ, և երբ որ փեսացուն նրա շնչառությունը դյուրացնելու համար արձակեց կրծքի կոճակները, գտավ մի տոմս, որ գրված էր հարսնացուի սեփական ձեռքով։ Նրա մեջ ասված էր, թե Լյուսինդան չի կարող դոն Ֆերնանդոյի կինը դառնալ, որովհետև արդեն նշանված է Կարդենիոյի հետ (պատմողի ասելով Կարդենիոն շատ ազնվական կաբակյերո է եղել, նույն քաղաքից) և որ ինքը պատասխանել է «այո՛» միմիայն այն պատճառով, որ չի հանդգնել չանսալ իր ծնողներին։ Վերջ ի վերջո, նրա ասելով, տոմսից պարզ էր, որ Լյուսինդան մտադիր է եղել նշանադրությունից հետո ինքնասպան լինել և բացատրում էր, թե ինչու է վճռել լքելու կյանքը։ Դաշյունը, ինչպես ասում են, որ գտնվել է նրա զգեստում, հաստատել է նրա դիտավորությունը։ Այդ ամենը տեսնելով, դոն Ֆերնանդոն որոշում է, որ Լյուսինդան ծաղրել է իրեն, խայտառակել և ստորացրել և, նախքան աղջիկը կսթափվեր, հարձակվում է հարսնացուի դաշյունը ձեռքին՝ կամենալով նրան սպանել ― մի բան, որ նա կաներ էլ, եթե ծնողներն ու ներկա գտնվողները չխանգարեին։ Ապա ինձ պատմեցին, թե դոն Ֆերնանդոն իսկույն հեռացավ քաղաքից, իսկ Լյուսինդան միայն հետևյալ օրը ուշքի եկավ և խոստովանեց ծնողներին, որ, իրոք, այդ Կարդենիոյի կինն է։ Ես նույնպես իմացա, որ Կարդենիոն ներկա է եղել ծիսակատարության և տեսնելով, որ Լյուսինդան նշանվել է ուրիշի հետ ― իսկ այդ նրան թվում էր հրեշավոր բան, ― հուսահատ փախավ քաղաքից, գրելով աղջկան նամակ, որով կշտամբում էր իրեն հասցրած վիրավորանքի համար և հայտարարում, թե ընդմիշտ հեռանում է մարդկանց աչքերից։ Այդ ամենը հայտնի էր ողջ քաղաքին։ Ամենքը միայն դրանից էին խոսում, բայց ավելի շատ սկսեցին խոսել, երբ որ բացվեց, թե Լյուսինդան անհայտացել է ծնողական տնից և թե ոչ մի տեղ նրան գտնել չեն կարողանում։ Նրա ծնողները բոլորովին կորցրել են իրենց գլուխը և չգիտեն, թե ինչպես գտնեն նրան։
Բոլոր այս լուրերը ինձ հույս ներշնչեցին։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե ես նրան գտնեի ամուսնացած։ Քանի որ նա ամուսնացած չէր, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռևս փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է նրա երկրորդ ամուսնությունը նրա համար, որպեսզի նա զգա իր պարտավորությունները առաջինի նկատմամբ և մտաբերի վերջապես, որ ինքը քրիստոնյա է, և որ հոգու փրկությունը բոլոր մարդկային հաշիվներից վեր է։ Այդ ամենը ես միտք էի անում, միտք և, անմխիթարս, մխիթարվում՝ հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս, միայն թե կարողանայի պահպանել ատելի կյանքս։ Ես չէի գտնում դոն Ֆերնանդոյին և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի հրապարակային մունետիկի ձայնը, որ պարգև էր հայտարարում նրան, ով որ ինձ գտնի և հաղորդում էր իմ նշանները ― հասակս և հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետո հեռացել էր տնից։ Վերջին լուրը առանձնապես զարմացրեց ինձ, որովհետև ես տեսա, թե իմ բարի անունը կործանվեց և որ իմ փախուստի խայտառակությունը կապում են ստոր և իմ սիրուն անարժան մի մարդու հետ։ Հենց որ ես լսեցի մունետիկին, ես ծառայիս հետ հեռացա քաղաքից և այդ միջոցին սկսեցի նկատել, որ նրա մեջ տատանվում են հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնց մեջ նա երդվում էր ինձ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ վրա չհասնեն։ Սակայն ինչպես ասում են, մեկ դժբախտությունը կանչում է մյուսին և մեկ աղետի վերջավորությունը մյուսի՝ դառնագույնի սկիզբն է։ Այդպես էլ ինձ հետ եղավ։ Իմ մինչ այդ հավատարիմ և վստահելի ծառան, մղված ոչ այնքան իմ գեղեցկությունից, որքան իր սեփական ստորությունից, կամեցավ օգտվել առիթից, որ նրան տալիս էր այս վայրերի ամայությունը։ Հենց որ մենք այս լեռներում մնացինք երկուսով՝ մոռանալով ամոթը, Աստծու ահը, հարգանքը դեպի ինձ, նա սկսեց ձգտել իմ սիրուն։ Եվ, երբ որ ես կտրուկ ու արդարացի խոսքերով պատասխանեցի նրա անամոթ առաջարկներին, նա թողեց աղերսանքը, որով սկզբում հույս ուներ շարժել իմ սիրտը և դիմեց բռնության։ Սակայն արդար երկինքը, որ գրեթե միշտ բարեհայաց է նայում բարի դիտավորությունների վրա, ինձ օգնեց։ Իմ թույլ ձեռներով ես առանց դժվարության ցած գլորեցի նրան անդունդը և չգիտեմ կենդանի մնաց նա, թե՞ ջարդվեց։ Ապա թե աշխուժորեն, չնայած երկյուղիս ու հոգնածությանս, գնացի լեռներն ի վեր մի հատիկ մտքով և մեկ բաղձանքով՝ թաքնվել հորիցս և ետևիցս ընկած մարդկանցից։
Չգիտեմ՝ քանի ամիս արդյոք անց կացրի ես լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում էր ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ առավ աշխատանքի և ամբողջ այս ժամանակը ես ծառայեցի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անց կացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն բոլոր իմ աշխատանքն ու ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև տերս վերջապես իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Այնինչ բախտը միշտ էլ ցավի հետ դարման չի ուղարկում, և այս անգամ ես չկարողացա նրան նետել անդունդը, ինչպես արի իմ ծառային, որ նա, չափելով նրա խորությունը, մեղմացներ իր կրքի կրակը։ Ուստի ես նախընտրեցի փախչել և նորից թաքնվել այս ժայռերի մեջ՝ առանց փորձելու խոսքերով կամ ուժով պաշտպանվելու։ Եվ ահա այդ պահից ես թափառում եմ լեռներում և որոնում մի տեղ, որտեղ կարողանայի անարգել գանգատվել երկնքին իմ դառը բախտից և նրանից հնար ու միջոց խնդրել կա՛մ թեթևացնելու վիճակս, կա՛մ թե միանգամայն հրաժեշտ տալ կյանքիս այս անապատում, այնպես որ անգամ հիշատակը չմնա թշվառիս մասին, որ անմեղ տեղը արժանացել է, որպեսզի վրան խոսեն ու փսփսան իր հայրենի հողում և օտար երկրներում։