Changes

Մարտին Իդեն, Գլուխ XLI

No change in size, 10:13, 9 Մայիսի 2015
Ամբողջ գիշերը Մարտինը քնեց ծանր քնով, իսկ առավոտյան նրան զարթեցրեց փոստատարը։ Մարտինն անտարբեր բացեց ծրարները։ Նրանցից մեկում մի չեք կար քսաներկու դոլլարի, որն ուղարկել էր «ծովահենական» ամսաթերթերից մեկը։ Գրեթե մեկուկես տարի էր, որ նա աշխատում էր ստանալ այդ դրամը, բայց հիմա նա բոլորովին սառնասիրտ վերաբերվեց դրան։ Նա արդեն չէր խանդավառվում, ինչպես առաջ, հրատարակչական չեքեր ստանալիս։ Անցյալում այդ չեքերը թվում էին նրան ապագա մեծ հաջողությունների գրավականը, իսկ հիմա նրա առաջ կար պարզապես քսաներկու դոլլար, որոնցով կարելի էր ուտելու բան գնել․ ուրիշ ոչինչ։
Մի այլ չեք ստացվել էր Նյու-Յորքի մի ամսաթերթից՝ հոնորար վաղուց ընդունված զավեշտական ոտանավորների համար։ Այդ չեքը տասը դոլլարի էր։ Մարտինի գլխովն անցավ մի միտք, որը նա սառնարյուն կշռադատեց։ Նա չգիտեր, թե ինչ է անելու հետագայում և առհասարակ ոչ մի անհրաժեշտություն չէր տեսնում մի բան անելու։ Այնուամենայնիվ պետք է ապրել, վճարել պարտքերը։ Ավելի ձեռնտու չէ՞ր լինի ծախսել այդ տասը դոլլարը փոստանիշների վրա և նորից ուղարկել ճամվարդության՝ սեղանի տակ թափված գրվածքների ամբողջ կույտը։ Հնարավոր է, որ նրանցից մեկը կամ երկուսը ընդունվեն որևէ խմբագրության կողմից, իսկ դա նրան հնարավորություն կտա ապրելու։ Մարտինն այդպես էլ արեց։ Չեքերը մանրելով Օքլենդի բանկում՝ նա գնեց նամականիշներ, բայց վերադառնալ իր խցիկը և ճաշ եփել անտանելի թվաց նրան։ Կյանքում առաջին անդամ անգամ նա վճռեց ուշադրություն չդարձնել պարտքերի վրա։ Նա շատ լավ գիտեր, որ կարելի է համեստ ճաշ պատրաստել տանը տասնհինգ-քսան սենթով, սակայն գնաց «Ֆորում» սրճարանը և այնտեղ պատվիրեց ճաշ, որը նրա վրա նստեց երկու դոլլար։ Նա մատուցողին պարգև տվեց հիսուն սենթ և նույնքան էլ հատկացրեց եգիպտական ծխախոտների։ Ռութի արգելելուց հետո նա դեռ չէր ծխել, իսկ հիմա ոչ մի պատճառ չկար, որ նա զրկի իրեն այդ բավականությունից։ Նա ծխելու մեծ ցանկություն ուներ և արժե՞ դրամ խնայել։ Իհարկե, նա կարող էր հինգ սենթով գնել ծխախոտ և թուղթ, որը բավական էր քառասուն գլանակ փաթաթելու համար, բայց ի՞նչ միտք ունի դա։ Դրամն արդեն ոչ մի նշանակություն չունի նրա համար, բացի այն, որ դրանով կարելի է այժմ՝ այսօր, որևէ բան գնել։ Նա ձեռքից բաց էր թողել ղեկը, ուղեցույց քարտեզ չուներ և չէր ձգտում հասնել ոչ մի նավահանգիստ։ Լողալով հոսանքի ուղղությամբ՝ նա ավելի քիչ էր զգում կյանքը, իսկ կյանքի զգացողությունը ցավ էր պատճառում։
Օրերն անցնում էին իրար հետևից, միօրինակ, և Մարտինն այժմ քնում էր օրական ութ ժամ։ Թեպետ, սպասելով չեքերի, նա ուտում էր ճապոնական փոքրիկ ճաշարաններում, ուր ճաշն արժեր տասը սենթ, բայց և այնպես մինչև անգամ չաղացավ։ Նրա այտերը լցվեցին, որովհետև հիմա չէր մաշում իրեն անքնությամբ և լարված աշխատանքով։ Նա ոչինչ չէր գրում, իսկ գրքերը դարակում խաղաղ հանգստանում էին։ Նա հաճախ գնում էր քաղաքից դուրս, դեպի բլուրները, ամբողջ ժամեր անց էր կացնում պուրակում։ Նա չուներ ո՛չ բարեկամներ, ո՛չ էլ ծանոթներ և չէր էլ ուզում ունենալ․ ինչի՞ն էին հարկավոր նրանք։ Մարտինը սպասում էր մի նոր գրգիռի (ինքն էլ չէր իմանում որտեղից), որը մղի իրեն վերսկսելու կանգ առած կյանքը, իսկ առայժմ նրա գոյությունը մնում էր տաժանելի, միօրինակ, դատարկ և բոլորովփն անիմաստ։
Վստահելի
1396
edits