Changes

Դեկամերոն

Ավելացվել է 4182 բայտ, 11:42, 14 Մայիսի 2015
/* ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ */
Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։
Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալՓարիզ և այդպես էլ արեց։ Հենց որ Ջիանոտոն լուր առավ, որ նա եկել է, շտապեց նրա մոտ՝ ամենից քիչ այն մասին մտածելով, թե նա կարող էր քրիստոնյա դառնալ։ Նրանք ուրախ-ուրախ ողջունեցին միմյանց, իսկ երբ հրեան մի քանի օր հանգստացավ, Ջիանոտոն նրան հարցրեց, թե ինչ կարծիքի է նա սուրբ հոր, կարդինալների և մյուս պալատականների մասին։ Հրեան իսկույն պատասխանեց․ «Վատ կարծիք ունեմ, թող Աստված նրանց գլխին թափի ամենայն չարիք։ Այդ ասելուս պատճառն այն է, որ եթե ճիշտ են իմ դիտողությունները, ես այնտեղ ոչ մի հոգևորականի մոտ չտեսա ո՛չ սրբություն, ո՛չ բարեպաշտություն, ո՛չ բարի գործեր, ո՛չ ապրելու լավ օրինակ կամ որևէ այլ բան, իսկ հեշտասիրությունը, որկրամոլությունը, ընչաքաղցությունը, խաբեությունը, նախանձամտությունը, գոռոզամտությունը և նմանօրինակ վատթար մոլությունները (եթե միայն կարող է ավելի վատթարը լինել) այնքան հարգի էին բոլորի համար, որ Հռոմը ինձ թվաց ավելի շուտ սատանայական, քան աստվածային գործերի մի վայր։ Որքան հասկանում եմ ես, ձեր հովվապետը, հետևապես նաև մնացած բոլորը, ամենայն ջանացողությամբ, հնարագիտությամբ և խորամանկությամբ աշխատում են ի չիք դարձնել և աշխարհից հալածել քրիստոնեական կրոնը, մինչդեռ պարտավոր էին լինել նրա հիմքն ու նեցուկը։ Եվ քանի որ ես տեսնում եմ, որ արդյունքն այն չէ, որին ձգտում են նրանք, այլ որ ձեր կրոնը անդադրում տարածվում է՝ շարունակ հանդես գալով ավելի ու ավելի մեծ փայլով ու փառքով, ապա ինձ համար պարզ է դառնում, որ այդ կրոնի հիմքն ու նեցուկն է սուրբ հոգին, մի կրոն, որ առավել ճշմարիտ է ու սուրբ, քան մի ուրիշը։ Եվ դրա համար էլ ես, որ համառորեն հակառակում էի քո հորդորանքներին և չէի ցանկանում քրիստոնյա դառնալ, այժմ ասում եմ անկեղծորեն, որ ոչինչ չի կարող ինձ ետ կանգնեցնել քրիստոնեությունն ընդունելու մտադրությունից։ Ուրեմն գնանք եկեղեցի, և այնտեղ, գետևելով ձեր սուրբ հավատի ծեսերին, մկրտիր ինձ»։ Ջիանոտոն, որ բոլորովին հակառակ լուծում էր սպասում, լսելով այս խոսքերը, գոհ եղավ, ինչպես երբեք։ Նրա հետ միասին գնալով Փարիզի Աստվածամոր տաճարը՝ նա այնտեղի հոգևորականներին խնդրեց մկրտել Աբրահամին, և նրանք իսկույն կատարեցին նրա պահանջը։ Ջիանոտոն դարձավ նրա կնքահայրը և կնքեց նրան Ջիովաննի անունով։ Այնուհետև նա գիտակ մարդկանց հանձնարարեց հրեային լիովին մեր հավատին բերել, որի օրենքները նա յուրացրեց շուտով և ապա եղավ բարի, արժանավոր և սրբակյաց մարդ։ ==='''ՆՈՎԵԼ ԵՐՐՈՐԴ'''===''Հրեա Մելիքսեդեկը, երեք մատանիների պատմությունն անելով, խուսափում է մի մեծ վտանգից, որ նրա դեմ նյութել էր Սալադինը''
54
edits