Changes
/* Գլուխ XXXIV */
Աշխարհիս երեսին դեռ ոչ ոք այդքան զվարճալի խաբված չի եղել, ինչպես Անսելմոն։ Նա ինքը, ձեռքից բռնած, իր տունը մտցրեց նրան, որին նկատում էր իբրև իր փառքի գործիք և որ նրա բարի անվան կործանողը դարձավ։ Կամիլան նրան դիմավորեց քիթ ու մռութը կիտած, բայց ուրախ սրտով։ Այդ խաբեությունը միաժամանակ շարունակվեց, մինչև որ մի քանի ամիս անց, բախտը շուռ տվեց իր անիվը։ Եվ հանցագործությունը, որ մինչ այդ այնքան վարպետորեն թաքցված էր, աշխարհ դուրս եկավ, և Անսելմոն զրկվեց կյանքից իր անխոհեմ հետաքրքրության համար։
==Գլուխ XXXV==
Ուր պատմվում է դոն Կիխոտի դժնակ և արտասովոր մարտի մասին ընդդեմ կարմիր գինու տկերի և Անխոհեմ հետաքրքիրի վեպի վերջավորությունը
Մինչև վեպի ընթերցանության ավարտումը մի քանի էջ էր մնացել, որ դոն Կիխոտի քնած սենյակից սարսափահար դուրս վազեց Սանչո Պանսան գոռալով․
― Վազեք այստեղ, սինյորներ, շտապով օգնության հասեք։ Իմ տերը դժնակ պայքար է մղում, որից ահավորը իմ աչքերը դեռ չեն տեսել։ Աստված վկա, նա այնպիսի հարված հասցրեց հսկային՝ Միկամիկոնայի տիրուհի իշխանուհու թշնամուն, որ գլուխը թռցրեց, բողկի պես։
― Այդ ի՞նչ եք ասում, եղբայր, ― ասաց քահանան՝ ընդհատելով ընթերցանությունը։ ― Խելքդ գլխի՞դ է, Սանչո։ Ինչպե՞ս կարող է այդ պատահել, սատանան տանի, քանի որ հսկան այստեղից երկու հազար մղոն հեռու է։
Այդ միջոցին սենյակից լսվեց դոն Կիխոտի սաստիկ աղմուկն ու աղաղակը։
― Կա՛ց, գող, ավազակ, դավաճան, դու իմ ձեռքում ես և քո յաթաղանը քեզ չի օգնի։
Եվ թվում էր, որ միևնույն ժամանակ նա կատաղի հարվածներ էր հասցնում պատերին։ Սանչոն ասաց․
― Ի՞նչ եք կանգնել, ականջ դնում, եկեք, բաժանեցեք նրանց կամ թե օգնեցեք տիրոջս, թեև, կարծեմ, կարիք չկա, որովհետև անտարակույս հսկան սպանված է և հիմա Աստծուն հաշիվ է տալիս իր անցյալ անբարիշտ կյանքի համար։ Ես տեսա, ինչպես էր արյունը թափվում և ինչպես թռավ նրա գլուխը՝ գինով լիքը տկի մեծությամբ։
― Գետինը մտնե՜մ, ― ասաց պանդոկապանը, ― այդ դոն Կիխոտը թե դոն Դևը կարմիր գինով լիքը տկերից մեկն է ճղել, որ նրա գլխի վերևը կախած է։ Գինին թափվել է, իսկ այդ ղոչաղը երևակայել է, թե արյուն է։
Այս խոսքերով նա բոլոր մնացածների ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։ Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում նրա ազդրերը, իսկ ետևից մի վեց մատ էլ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտները բավական կեղտոտ էին։ Նրա գլխին կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր պանդոկապանին։ Ձախ ձեռին փաթաթել էր Սանչոյին ատելի վերմակը, իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ այդ ամենը նա աչքերը խուփ էր անում՝ նա քնել ու երազում տեսել էր, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ նա երազում տեսավ, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Եվ նա այնպես պատառբզիկ արեց տկերը, ընդունելով նրանց հսկայի տեղ, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով պանդոկապանը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծլ, որ եթե Կարդենիոն ու քահանան չլինեին, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Դալլաքը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ունի հագին։ Դորոթեան, հայացք գցելով նրա թեթև ու կարճ հագուստին, սիրտ չարեց ներկա գտնվելու իր պաշտպանի և իր թշնամու մարտին։ Իսկ Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը որոնելուց հետո, ասաց․
― Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ հմայված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այդպես էլ նրան չտեսա։ Հիմա էլ, ահա՝ գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքերով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։
― Ի՜նչ արյուն, ի՜նչ շատրվան։ Աստված բոլոր սրբերի հետ թող քեզ պատժի՜, ― գոռաց պանդոկապանը, ― մի՞թե դու, սրիկա, չես տեսնում, որ արյան այս ամբողջ շատրվանը ծակծկված տիկերից է և այստեղ կարելի է կարմիր գինու մեջ լողանալ։ Թող նա հանդերձյալ կյանքում սատանաների մոտ այդպես լողանա, տե՜ս, ինչպես է ծակծկել, է՜։
― Բան չեմ հասկանում, ― պատասխանեց Սանչոն, ― միայն կասեմ որ, եթե ես այնքան դժբախտ լինեմ, որ այդ գլուխը չգտնեմ, ապա իմ կոմսությունը կլուծվի, ինչպես աղը ջրի մեջ։
Սանչոն արթմնի ավելի վատթար էր, քան իր տերը երազում՝ այնպես էին դոն Կիխոտի խոստումները պտտցրել նրա գլուխը։ Պանդոկապանը, կատաղած ծառայի պաղարյությունից և տիրոջ անկարգապահությունից, երդում էր ուտում, որ այս անգամ նրանց չի հաջողվի առաջվա պես առանց վճարելու գնալ։ Հիմա նրանց ասպետական արտոնությունները չեն օգնի։ Նա կստիպի վճարել անգամ ծակված տկերի կարկատանների համար։ Քահանան բռնել էր դոն Կիխոտի ձեռները, իսկ դոն Կիխոտը, համարելով, որ իր սխրագործությունը կատարված է, և որ իր առջև իշխանուհի Միկոմիկոնան է, չոքեց քահանայի առջև և ասաց․
― Այսուհետև, ձերդ մեծություն, բարձրազարմ ու ազնիվ տիրուհի, դուք կարող եք ապրել հանգիստ, առանց երկյուղ կրելու այդ ստոր էակի դավերից։ Իսկ ես այսուհետև ազատ եմ ինձ վրա վերցրած պարտավորությունից, քանի որ Աստծու օգնությամբ և ողորմությամբ այն կնոջ, որի համար ես ապրում ու շնչում եմ, խոստումս կատարեցի։
― Ես չէ՞ի ասում, ― բացականչեց Սանչոն։ ― Ես հո հարբած չէի։ Մտիկ տվեք, թե իմ տերը ինչպես է աղաջրի մեջ դրել հսկային։ Եզների ճաշն եփած է,<ref>Ցլամարտից վերցրած արտահայտություն։</ref> կոմսությունս տարա՜ծ։
Ինչպե՞ս մարդ ծիծաղը պահեր, լսելով այս երկու ցնդածներին՝ տիրոջն ու ծառային։ Բոլորն էլ ծիծաղեցին, բացի պանդոկապանից, որ շուն էր կտրել։ Վերջապես դալլաքին, Կարդենիոյին և քահանային հաջողվեց մի կերպ դոն Կիխոտին պառկեցնել անկողին։ Նա քնեց և երևում էր, որ ծայր աստիճան հյուծվել է։ Նրանք թողին քնածին և դուրս եկան նախասենյակ՝ մխիթարելու Սանչո Պանսային, որը հսկայի գլուխը չկարողանալով գտնել, բոլորովին հուսահատվել էր։ Սակայն ամենադժվարը նրանց համար պանդոկապանին հանգստացնելն էր, որ լալիս էր իր հանկարծամահ տիկերի համար։ Իսկ պանդոկապանի կինն այդ պահին լաց ու կոծի մեջ էր։
― Անիծված վայրկյանին և տարաժամ մեզ մոտ եկավ այդ թափառական ասպետը։ Երանի՜ նրան տեսած չլինեի, այնքան թանկ նստեց նա մեզ վրա։ Անցյալ անգամ նա գնաց առանց վճարելու ընթրիքի, անկողնու, դարմանի, վարսակի համար, որ վերցրել էր իրեն, իր զինակրի, ձիու և էշի համար։ Նա հայտարարեց, որ ինքը ասպետ է, արկածախնդիր, Աստված նրա և ուրիշ ասպետների գլխին թող այնպիսի արկած բերի, որ նրանք ողջ կյանքը հիշեն ― և, որ նա պարտավոր չէ վճարելու։ Իբրև թե թափառական ասպետների կանոնադրության մեջ այդպես էլ գրած է։ Հետո էլ, նրա երեսից, այս սինյորը եկավ մոտս և տարավ պոչս, որ վերադարձրեց ինձ այնքան փչացած, որ վնասը երկու կուարտիլյոյից<ref>Կուարտիլյո ― ամենից մանր դրամ (⅛ ռեալ) «գրոշ»։</ref> ավելի կլինի ― այնքան մազը պոկել է, որ մարդս այլևս չի կարող նրան բանեցնել։ Իսկ այդ ամենը լրացնելու և պսակելու համար այդ անիծյալ ասպետը տկերս ծակծկոտեց և միջի գինին ողջ թափեց՝ թող նրա արյունը այդպես թափվի՜։ Թող նա չերևակայի, որ էժան կպրծնի՝ երդվում եմ հորս ոսկորներով և մորս կյանքով, նա կվճարի այդ ամենի համար մինչև վերջին կոպեկը, թե չէ ես՝ ես չեմ լինի և հորս աղջիկը չեմ լինի։
Տանտիրուհին, սաստիկ զայրացած, շատ ուրիշ բաներ էլ ասաց, նրա բարի սպասուհի Մարիտորնեսն էլ ձայնակցում էր նրան։ Իսկ նրա աղջիկը լուռ էր և մերթ֊մերթ քմծիծաղ էր տալիս միայն։ Վերջապես քահանան նրանց հանգստացրեց, խոստանալով լավ վարձատրություն թե՛ տկերի, թե՛ գինու համար և մանավանդ կովի պոչը փչացնելու համար, որ նրանք այդքան գնահատում էին։ Դորոթեան մխիթարեց Սանչո Պանսային, ասելով, թե հենց որ հաստատվի, որ նրա տերը գլխատել է հսկային և ինքը խաղաղ տիրանա իր թագավորությանը, Սանչոն այնտեղ կստանա լավագույն կոմսությունը։ Սանչոն հանգստացավ և սկսեց հավատացնել իշխանուհուն, որ ինքն, անկասկած, տեսել է հսկայի գլուխը, և որ այդ գլխի միրուքը մինչև գոտին էր հասնում, իսկ չքացել է այն պատճառով, որ այս տանն ամեն ինչ հմայված է, ինչպես նա արդեն համոզվել է անցյալ անգամվանից։ Դորոթեան պատասխանեց, որ ինքն էլ է այդպես կարծում, ուստի չարժե նեղություն քաշել, ամեն ինչ լավ կլինի և բանը կհեշտանա։ Երբ որ բոլորը խաղաղվեցին, քահանան առաջարկեց վեպի ընթերցանությունն ավարտել, որովհետև քիչ էր մնացել։ Կարդենիոն, Դորոթեան և մնացյալները, բոլորն էլ խնդրեցին նրանից նույնը։ Տեսնելով, որ նրանք նույն հաճույքով լսում են, ինչ հաճույքով ինքը կարդում է, նա նորից վերցրեց ձեռագիրը և կարդաց հետևյալը․
Վստահությունը, որ Անսելմոն կարծում էր, թե ձեռք է բերել իր կնոջ առաքինության նմատմամբ, դարձրել էր նրան աշխարհիս ամենագոհ ու երջանիկ մարդը։ Կամիլան, իր սերը Լոտարիոյի նկատմամբ ավելի լավ թաքցնելու համար այնպես էր ձևացնում, իբրև թե զզվում է նրանից։ Վերջապես Լոտարիոն, վերջնականապես Անսելմոյին իր կարծիքի մեջ հաստատ պահելու համար, խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն քաշվելու, քանի որ իր ներկայությունն այնքան անախորժ է Կամիլային։ Սակայն խաբված Անսելմոն ամենևին դրան չհամաձայնեց։ Այդպիսով և հազար ու մի այլ եղանակներով Անսելմոն ինքը նպաստեց իր անպատվությանը, երևակայելով, որ հասել է երջանկության։ Այնինչ Լեոնելան, հպարտացած, որ տիրուհին ճանաչել է իր սիրային կապը, հասավ կատարյալ սանձարձակության և այլևս ոչ մի բանի վրա ուշ չէր դարձնում, հավատացած լինելով, որ տիրուհին ոչ միայն կծածկի, այլև կպաշտպանի, ուստի կարող է անձնատուր լինել սիրային հաճույքներին՝ առանց մի բանից զգուշանալու։ Եվ ահա մի գիշեր Անսելմոն Լեոնելայի սենյակում ոտնաձայն լսեց։ Նա կամեցավ ներս մտնել և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց զգաց, որ մեկը ներսից բռնած պահում է դուռը։ Նա ավելի սաստիկ կամեցավ բաց անել, լարեց ուժերը, դուռը տեղի տվեց և նա նկատեց, որ մի մարդ լուսամուտից թռավ փողոց։ Նա նետվեց, որ անհայտ մարդուն բռնի կամ գոնե տեսնի նրա երեսը, բայց չկարողացավ անել ոչ այս, ոչ էլ այն, որովհետև Լեոնելան փաթաթվեց նրան ձեռներով և սկսեց խոսել․
― Հանգստացեք, տեր իմ, մի՛ հուզվեք և մի՛ վազեք նրա ետևից։ Ե՛ս եմ միայն խառնված այդ գործին, այդ անծանոթը իմ ամուսինն է։
Անսելմոն նրան չհավատաց։ Ցասումից կուրացած՝ նա դաշյունը ձեռք գցեց, քաշեց Լեոնելայի վրա, մահ սպառնաց, եթե նա ողջ ճշմարտությունը իրեն պատմելու չլինի։ Լեոնելան ահից խելակորույս ասաց․
― Մի՛ սպանեք ինձ, տեր իմ, ես ձեզ ավելի կարևոր բան կպատմեմ, քան դուք կարող եք երևակայել։
― Դե, ասա, ― գոռաց Անսելմոն, ― կամ թե չէ դու իսկույն կմեռնես։
― Հիմա չեմ կարող պատմել, ― պատասխանեց Լեոնելան, ― որովհետև ես չափազանց հուզված եմ։ Սպասեցեք մինչև առավոտ և դուք մի զարմանալի բան կիմանաք։ Միայն թե հավատացեք, որ լուսամուտից դուրս թռչողը մեր քաղաքացի մի երիտասարդ է, որ խոստացել է ամուսնանալ ինձ հետ։
Անսելմոն հանգստացավ և համաձայնեց հետաձգել, որովհետև նրա մտքին էլ չէր անցնում, որ սպասուհին իրեն Կամիլայի մասին է բան պատմելու՝ այնքան վստահ էր նրա հավատարմությանը։ Ուստի նա դուրս եկավ սենյակից, թողնելով մեջը Լեոնելային և փակելով դռան կողպեքը բանալիով, ասելով նրան, թե բաց չի թողնի, մինչև որ նա ամեն ինչ իրեն չպատմի։
Ապա նա գնաց Կամիլայի մոտ և հայտնեց նրան այն ամենը, ինչ որ պատահել էր իր և Լեոնելայի միջև, հիշատակելով նաև այն, որ սպասուհին իրեն խոսք է տվել ինչ որ շատ կարևոր և նշանակալից բան պատմելու։ Ավելորդ է նկարագրել Կամիլայի շփոթմոունքը, որը հասկացավ (և չէր սխալվում), թե Լեոնելան մտադիր է պատմելու Անսելմոյին իր դավաճանության մասին։ Նրան այնպիսի սարսափ պատեց, որ վճռեց չսպասել՝ կճշտվի՞ իր կասկածը, թե՞ ոչ։ Նույն գիշերը, հենց որ նա նկատեց, որ Անսելմոն քնել է, թաքուն թողեց տունը, վերցնելով հետը մի քիչ փող և իր լավագույն թանկարժեք իրեղենները և, գալով Լոտարիոյի մոտ, պատմեց նրան եղելության մասին, աղերսելով, որ նա կամ թաքցնի իրեն, կամ իր հետ փախչի հեռու Անսլեմոյից։ Կամիլայի խոսքերը այնպես շփոթեցրին Լոտարիոյին, որ նա ուժ չուներ ոչ պատասխան տալու, ոչ որևէ բան ձեռնարկելու։ Վերջապես նա միտք արեց տանելու նրան մի վանք, որի մայրապետը իր քույրն էր։ Կամիլան համաձայնեց և շուտափույթ, ինչպես պահանջում էին հանգամանքները, Լոտարիոն նրան տարավ, թողեց այնտեղ, իսկ ինքը առանց մեկն ու մեկին նախազգուշացնելու լքեց քաղաքը։
Հետևյալ առավոտ Անսելմոն վեր կացավ և, մտահոգված լինելով, թե ինչ է իրեն պատմելու Լեոնելան, անգամ չնկատեց Կամիլայի բացակայությունը, իսկույն գնաց այն սենյակը, որի մեջ երեկ կողպել էր Լեոնելային։ Նա դուռը բաց արեց, ներս մտավ, բայց սպասուհին չկար։ Լուսամուտից ցած կախվել էին սավաններ և պարզ վկայում էին, որ նա նրանցով ցած է իջել ու փախել։ Վշտացած, նա ետ գնաց, որ պատմի Կամիլային, բայց չգտավ նրան ոչ անկողնում, ոչ ամբողջ տանը, մի բան, որից ամենից շատ մռայլվեց նա։ Նա սկսեց հարց ու փորձ անել ծառաներից, սակայն ոչ ոք նրանցից չկարողացավ նրան պատասխան տալ։ Կամիլային որոնելուց նա պատահաբար դեմ առավ նրա սնդուկներին՝ նրանք բաց էին և շատ թանկարժեք իրեր պակաս էին։ Այստեղ նա ըմբռնեց, թե ինչ աղետ է եկել իր գլխին և կռահեց, որ այդ աղետի պատճառը Լեոնելան չէր։ Ապա նա, ինչ որ կար հագին, առանց հագնվելը պրծնելու, վշտահար ու մտամոլոր գնաց, որ իր դարդը պատմի իր բարեկամ Լոտարիոյին։ Սակայն երբ որ նա նրան էլ չգտավ և սպասավորները հաղորդեցին նրան, որ Լոտարիոն գիշերով գնացել է տնից, վերցնելով հետը բոլոր իր փողերը, Անսելմոյին թվաց, թե կորցնում է իր բանականությունը։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, երբ որ նա վերադարձավ տուն, տեսավ, որ բոլոր սպասավոր֊սպասուհիները փախել են և որ իր տունը լքված ու դատարկ է։
Նա չգիտեր՝ ինչ մտածեր, ինչ ասեր, ինչ աներ և կամաց֊կամաց զգում էր նա, որ կորցնում է գլուխը։ Նա տեսավ, որ վայրկյանապես մնացել է առանց կին, առանց բարեկամ, առանց ծառաների, երկինքն էլ է աչքաթող արել իրեն և դրանց վրա ավելանում է իր անպատվությունը, որովհետև Կամիլայի փախուստը նա իր կործանումն էր համարում։ Վերջապես, երկար խորհելուց հետո նա վճռեց գնալ իր բարեկամի մոտ՝ գյուղը, ուր որ նա առաջ գնում էր, աջակցելով իր սեփական կործանումին։ Նա դռները կողպեց, ձի հեծավ և վշտահար ճամփա ընկավ։ Սակայն, ճանապարհը դեռ չկիսած, նա ստիպվեց իջնել ձիուց՝ այնքան անտանելի էին նրա հոգեկան տանջանքները։ Նա ձին կապեց ծառից, ընկավ գետին և սկսեց ցավագին ու աղեխարշ հառաչել։ Այդպես մինչև իրիկուն նա պառկած մնաց, մինչև որ տեսավ քաղաքից ձիով եկող մի մարդու։ Ողջունելով նրան՝ նա հարցրեց նրանից, թե ինչ նորություն կա Ֆլորենցիայում։ Քաղաքացին պատասխանեց․
― Շատ զարմանալի, երբեք չլսված բաներ։ Ասում են թե՝ Լոտարիոն, մեծահարուստ Անսելմոյի հավատարիմ բարեկամը, որ սուրբ Հովաննեսի մոտ է կենում, այս գիշեր հափշտակել է նրա կնոջը՝ Կամիլային։ Ինքը՝ Անսելմոն էլ անհետացել։ Այդ ամենը Կամիլայի սպասուհին է պատմել։ Պահակը վրա է հասել նրան այն վայրկյանին, երբ որ նա սավաններից կախ ընկած իջնելիս է եղել Անսելմոյի տնից։ Ասենք՝ ստույգ չգիտեմ, թե բանը ինչպես է եղել։ Գիտեմ միայն, որ ողջ քաղաքը ապշել է այդ դեպքից, որովհետև նման բան բնավ չէր կարելի սպասել։ Ախր, ասում են, որ Անսելմոյի և Լոտարիոյի միջև այնպիսի ջերմ ու սերտ բարեկամություն է եղել, որ նրանց այլ կերպ կոչելիս չեն եղել, քան երկու բարեկամներ։
― Պատահաբար չգիտե՞ք արդյոք, ― հարցրեց Անսելմոն, ― ինչ ճանապարհով են գնացել Լոտարիոն ու Կամիլան։
― Բոլորովին չգիտեմ, ― պատասխանեց քաղաքացին, ― միայն թե պահակը նրանց խիստ հետամուտ է։
― Բարի ճանապարհ ձեզ, սինյոր, ― ասաց Անսելմոն։
― Մնաք բարով, ― պատասխանեց քաղաքացին և շարունակեց իր ճամփան։
Այդ ցավալի լուրից Անսելմոն զգաց, որ մոտ է ոչ միայն խելքից, այլև կյանքից զրկվելու։ Դժվարությամբ վեր կենալով, նա ուղևորվեց իր բարեկամի մոտ, որը դեռևս նրա դժբախտության մասին բան չգիտեր։ Սակայն տեսնելով Անսելմոյի նիհարած ու այլայլված դեմքը, նա իսկույն ըմբռնեց, որ նրա գլխին մեծ դժբախտություն է եկել։ Անսելմոն խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն պառկելու և գրիչ ու թուղթ տա։ Նրա խնդիրքը կատարվեց՝ նրան պառկեցրին անկողին, թողին մենակ և անգամ նրա ցանկացածին պես դուռն էլ փակեցին։ Մենության մեջ գլխին եկած ցավի միտքը սկսեց նրան ավելի սաստիկ մաշել և իր տանջանքների մեջ նա զգաց, որ վրա է հասնում իր կյանքի վախճանը։ Ապա նա վճռեց նամակով բացատրել իր արտասովոր մահվան պատճառը։ Նա սկսեց գրել, սակայն դեռ ողջ ուզածը չհաղորդած, շնչակտուր եղավ և տանջանքի մեջ նա շունչը փչեց և դրանով վճարեց իր անմիտ հետաքրքրության համար։ Տանտերը, տեսնելով արդեն ուշ է, իսկ Անսելմոն դեռ նրան չի կանչում, որոշեց մտնել և հարցնել՝ հո ավելի վատ չի՞ զգում իրեն։ Անսելմոն կիսանստած էր մահճակալի վրա, կուրծքը հենած սեղանին և գլուխը խոնարհած բաց, անավարտ նամակի վրա։ Գրիչը դեռ նրա ձեռքին էր։ Տանտերը մոտեցավ և առաջ ձայն տվեց, ապա թե, պատասխան չստանալով, բռնեց նրա ձեռքից։ Ձեռքը պաղ էր։ Անսելմոն մեռած էր։ Տանտերը, սաստիկ զարմացած և վշտացած, կանչեց ծառաներին, որ վկա լինեն Անսելմոյի վախճանին։ Ապա նա վերցրեց նամակը և համոզվելով, որ ննջեցյալի սեփական ձեռքով է գրած, կարդաց հետևյալը․
<i>«Հիմար ու անմիտ ցանկությունը զրկեց ինձ կյանքից։ Եթե իմ մահվան լուրը Կամիլային հասնելու լինի, ապա թող նա իմանա, որ ներում եմ նրան, որովհետև նրա ուժերից վեր է եղել հրաշք գործելը, և ես պետք չէ, որ նրանից պահանջեի այդ։ Ես ինքնս եմ իմ խորտակության մեղապարտը, ուստի և․․․»</i>
Դրանով ընդհատվում էր նամակը։ Պարզ էր, որ այդ իսկ վայրկյանին, առանց նախադասությունը վերջացնելու, Անսելմոն վախճանվել էր։ Մյուս օրը Անսելմոյի բարեկամը հաղորդեց նրա ծնողներին, որոնք արդեն գիտեին իրենց որդուն հասած դժբախտության և Կամիլայի վանք քաշվելու մասին։ Անհավատարիմ կինը հազիվ չհետևեց իր ամուսնուն նրա վերջին ճամփորդության մեջ՝ ոչ թե նրա մահվան լուրն առնելու պատճառով, այլ ուրիշ լուրի համար, ― իր բարեկամի փախուստի համար։ Եվ, ասում են, այրիացած, նա ոչ կամեցել է դուրս գալ վանքից, ոչ միանձնուհի ձեռնադրվել, մինչև որ նրան շուտով չհասավ Լոտարիոյի կործանման լուրը։ Նա սպանվել էր Նեապոլի թագավորության մեջ Լոտրեկի և Մեծ կապիտան Գոնսալո Ֆերնանդո Կորդովցու միջև տեղի ունեցած ճակատամարտում։<ref>Այստեղ Սերվանտեսը անախրոնիզմի մեջ է ընկնում։ Մեծ կապիտանը մեռել է 1515 թվին, մինչդեռ մարշալ դե Լոտրեկը Իտալիայում ֆրանսիական բանակի հրամանտարություն է ընդունել միայն 1527 թվին։</ref> Այդպես ավարտեց շատ ուշ զղջացած բարեկամը։ Իմանալով դրա մասին, Կամիլան ձեռնադրվեց միանձնուհի և ցավ ու վշտի մեջ կարճ ապրեց։ Ահա թե ինչ վախճանի հասցրեց նրանց բոլորին մեկի անխոհեմ ցանկությունը։
― Ես հավանում եմ վեպին, ― ասաց քահանան, ― միայն թե ես բնավ չեմ կարող հավատալ, որ դա ճշմարտություն է։ Իսկ եթե այդ ամենը հնարովի է, ապա անհաջող է հնարած, որովհետև չի կարելի երևակայել աշխարհիս երեսին այդքան անխոհեմ ամուսնու գոյությունը, որը սիրտ աներ այդքան վտանգավոր փորձի։ Եթե սիրահարների միջև նման բան կարող է պատահել, ապա մարդ ու կնոջ միջև՝ դա ուղղակի անհնար է։ Իսկ շարադրության եղանակին ես բավական հավանում եմ։