Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 31 148 բայտ, 16:50, 24 Մայիսի 2015
/* Գլուխ XLIII */
Դոն Կիխոտի հետ խոսակցության բռնված ձիավոր ուղեկիցների զահլան վերջապես գնաց այդ վեճից, և նրանք նորից սկսեցին այնքան կատաղի դուռը բախել, որ պանդոկում բոլորը զարթնեցին, և տերը դուրս եկավ իմանալու, թե ով է դուռը թակում։ Այդ միջոցին ձիվորների չորս ձիերից մեկը մոտեցավ և սկսեց հոտոտել Ռոսինանտին, որ ականջները կախ արած, տխուր ու մտազբաղ և անշարժ պահում էր իր կախ ընկած տիրոջը։ Սակայն թեև նա փայտ էր թվում, այնուամենայնիվ, նրա երակներում արյուն էր հոսում։ Նա անզգա չմնաց փաղաքշանքին և իր հերթին ձգվեց, բարեկամին հոտոտելու համար։ Սակայն հենց որ նա թեթև շարժում արեց, դոն Կիխոտի ոտները տեղաշարժ եղան և սահեցին թամքից, այնպես որ նա գետին կթրմփար, եթե կախ ընկած չմնար նոխտայից։ Նա իսկույն սարսափելի ցավ զգաց, ասես թե նրա թաթը կտրելիս լինեին կամ թե ձեռքը պոկելիս՝ ուսից։ Նա այնքան մոտիկ էր կախվել գետնից, որ ոտով դիպչում էր, բայց դրանից ավելի վատ էր՝ որովհետև, տեսնելով, որ կարող է ողջ ոտով կանգնել գետնի վրա, նա բոլոր ուժով աշխատում էր հասնել գետնին այն մարդկանց պես, որոնց տանջում են իր առանցքի շուրջը պտտող գործիքով, երբ որ նրանք, աշխատելով ձգվել, ավելացնում են իրենց տանջանքը, որովհետև նրանց խաբում է ոտներով գետնին հասնելու հույսը։
 
 
==Գլուխ XLIV==
 
Պանդոկում ունեցած անլուր անցքի շարունակությունը
 
 
Դոն Կիխոտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ պանդոկապետը արագ֊արագ դարպասը բաց անելով, ահով բռնված վազեց իմանալու, թե որտեղից են գալիս այդ աղաղակները։ Նրան հետևեցին հյուրանոցի առջև կանգ առած մարդիկ։ Մարիտորնեսը, զարթնելով այդ գոռգոռոցից, գլխի ընկավ բանի էությունը, վազ տվեց դարմանատուն և ամենքից թաքուն քակեց նոխտան, որից կախ էր ընկել դոն Կիխոտը։ Վերջինս պանդոկապանի և ճամթորդների աչքի առջև թրմփաց գետին։ Բոլորը շրջապատեցին նրան և սկսեցին հարց ու փորձ անել, թե ինչ է եղել նրան և ինչու է նա այդքան սաստիկ գոռում։ Մեր ասպետը առանց բառ անգամ պատասխանելու բաց արեց հանգույցը ձեռքից, ոտի կանգնեց, թռավ Ռոսիսնանտի վրա, ծածկվեց վահանով, նիզակը ճոճեց և, բավական տարածություն հեռանալով վազքի համար, ձին խաղցնելով վերադարձավ և ճչաց․
 
― Ով որ ասի, թե ինձ կախարդելը արդարացի բան է, ես իմ Միկոմիկոնի իշխանուհի֊տիրուհուս թույլտվությամբ կհայտարարեմ ստասաց, պատասխանատվության կկոչեմ և կկանչեմ մենամարտի։
 
Դոն Կիխոտի այս խոսքերը շատ զարմացրին նորեկներին։ Սակայն նրանց զարմանքն անցավ, երբ որ պանդոկպանը բացատրեց նրանց դոն Կիխոտի ով լինելը և խորհուրդ տվեց, որ ուշ չդարձնեն նրա վրա, որովհետև նա խելագար է։ Նրանք պանդոկպանից հարցրին՝ չի՞ իջևանել արդյոք պատահմամբ այս հյուրանոցում տասնհինգ տարեկան, ջորեպանի զգեստով մի տղա։ Նրանք հաղորդեցին դոնյա Կլարայի երկրպագուի բոլոր նշանները։ Պանդոկպանը պատասխանեց, թե հիմա այնքան շատ կենվոր ունի, որ չի հիշում նրանց հարցրած մարդը կա՞ նրանց մեջ, թե՞ չէ։ Այդ միջոցին ձիավորներից մեկը նկատեց կառքը, որով եկել էր աուդիտորը, և ասաց․
 
― Դե, իհարկե, նա պետք է այստեղ լինի, ահա՛ կառքը, որին, ինչպես մեզ ասում էին, նա հետևում էր։ Թող մեզնից մեկն ու մեկը դարպասի առջև կանգնի, իսկ մնացածները ներս մտնեն և որոնեն, իսկ ավելի լավ կլինի, եթե մեզնից մեկն ու մեկն էլ պտտի հյուրանոցի շուրջը, որովհետև նա կարող է պատի պարսպից դուրս թռչել ու փախչել։
 
― Ամեն ինչ կկատարվի, ― պատասխանեց ձիավորը։
 
Նրանցից երկուսը մտան պանդոկը, երրորդը մնաց դարպասի առջև, իսկ չորրորդը սկսեց պտտել հյուրանոցի շուրջը։ Պանդոկպանը նայում էր նրանց և գլխի չէր ընկնում ի՞նչ նպատակով են նրանք անում այդ ամենը, թեև շատ լավ ըմբռնում էր, որ որոնում են երիտասարդի, որի նշաններն իրեն նկարագրել են։
 
Այդ միջոցին լույսը բոլորովին բացվել էր և արևի ճառագայթներն ու դոն Կիխոտի հարուցած իրարանցումը արթնացրին կենվորներին, որոնք սկսեցին վեր կենալ։ Ամենից շուտ դոնյա Կլարան ու Դորոթեան վեր կացան՝ մեկը հուզված էր, որ իր սիրեցյալն այդքան մոտիկ է, մյուսը իրենը շուտով տեսնելու ցանկությամբ էր վառված, ուստի երկուսն էլ գիշերս վատ էին քնել։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ ձիավորներից և ոչ մեկն իր վրա ուշադրություն չի դարձնում և չի ընդունում իր մարտակոչը, տհաճությունից ու կատաղությունից իրեն ուտում էր, և եթե իր ասպետական ուխտի կանոնադրության մեջ նա կարողանար գտնել մի կետ, որ թույլատրում է թափառական ասպետին արիանալ և նետվել նոր քաջագործությունների մեջ, չնայած իր խոստմանը՝ հեռու կենալու, մինչև որ ավարտի նախապես ձեռնարկած գործերը, նա, անշուշտ, կհարձակվեր նրանց վրա և կստիպեր կամա֊ակամա մարտակոչն ընդունել։ Սակայն նրան անվայել էր թվում և անարժան նոր ձեռնարկ սկսելը, քանի Միկոմիկոնի իշխանուհին դեռ չի գրավել իր գահը, ուստի նա հարկադրվեց լռել, հանգստանալ և սպասել, թե նորեկների խնամքով կատարվող խուզարկությունն ինչով կվերջանա։ Վերջապես նրանցից մեկը գտավ որոնած երիտասարդին, որ քնած էր մի ուրիշ ջորեպանի կողքին և որի մտքիցն էլ չէր անցնում, թե իրեն որոնում են, առավել ևս, որ կարող են գտնել։ Գտնողը, բռնեց նրա թևից և ասաց․
 
― Ճշմարիտ խոսք, սինյոր դոն Լուիս, ձեր շորը միանգամայն համապատասխանում է ձեր դիրքին, և քնատեղը, որտեղ գտա ձեզ, միանգամայն համապատասխանում է այն փարթամության, որի մեջ ձեզ դաստիարակել է ձեր մայրը։
 
Երիտասարդը տրորեց քնաթաթախ աչքերը, երկար նայեց իր ձեռքը բռնողին և, վերջապես ճանաչելով իր հոր ծառային, այնքան վախեցավ, որ երկար ժամաակ չէր կարողնում բառ անգամ արտասանել։ Այնինչ ծառան շարունակում էր․
 
― Սինյոր դոն Լուիս, ձեզ այլ բան չի մնում, քան զինվել համբերությամբ և վերադառնալ տուն, եթե ձերդ ողորմածությունը չի կամենում, որ ձեր հայրը՝ իմ տերը, այն աշխարհը գնա, որովհետև ձեր չքանալը նրան այնպիսի սուգի մեջ է գցել, որ այլ վախճան չի կարող լինել։
 
― Բայց հայրս ի՞նչ գիտի, ― հարցրեց դոն Լուիսը, որ ես այս կողմն ու այս զգեստով եմ գնացել։
 
― Մի դպրոցական, որին դուք բաց եք արել ձեր ծրագիրը, ― հաղորդեց ծառան, ― տեղեկություն տվեց՝ խճալով ձեր հուսահատ հորը, և իմ տերը իսկույն իր ծառաներից չորսին ուղարկեց, որ վրա հասնեն ձեզ։ Մենք բոլորս այստեղ ենք և սպասում ենք ձեր հրամանին։ Մեր ուրախությունն աննկարագրելի է, երբ խորհում ենք, թե որքան երջանիկ է լինելու ձեր հայրը, երբ որ մենք բերենք նրա ջերմագին սիրած որդուն։
 
― Կլինի այնպես, ինչպես ես կկամենամ կամ ինչպես կհրամայի երկինքը։ Դուք պետք է համաձայնեք վերադառնալ, ուրիշ ոչինչ չի կարող լինել։
 
Դոն Լուիսի կողքին քնած ջորեպանը, լսելով այս խոսակցությունը, վեր կացավ ու վազ տվեց, որ պատմի դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին ու մնացածյալներին, որ այդ միջոցին արդեն հագնվել֊պրծել էին։ Նա հաղորդեց խոսակցության բովանդակությունը և ասաց, որ անծանոթը երիտասարդին դոն էր անվանում և ուզում է նրան տանի տուն, իսկ նա չի համաձայնում։ Այդ ամենը ներկա գտնվողների մոտ ցանկություն հարուցեց ավելի մոտ ճանաչել երիտասարդին, որին երկինքն այդքան սիրուն ձայն էր շնորհել և օգնելու նրան, եթե անծանոթները նրա վրա բռնանալու լինեն։ Նրանք շտապեցին նրա մոտ և տեսան, որ նա դեռևս խուսում ու վիճում է իր ծառայի հետ։ Այդ միջոցին սենյակից դուրս եկավ Դորոթեան, իսկ նրա ետևից՝ հուզված Կլարան, և Դորոթեան մի կողմ կանչելով Կարդենիոյին, կարճառոտ արեց նրան դոնյա Կլարայի և երգչի պատմությունը, իսկ սա, իր հերթին, հաղորդեց երիտասարդին որոնելու ուղարկված ծառաների գալստյան մասին։ Սակայն ինչքան էլ ցածր ձայնով խոսելու լիներ նա, դոնյա Կլարան դարձյալ լսեց և այնպիսի շփոթմունքի մեջ ընկավ, որ եթե Դորոթեան նրան բռնած չլիներ, կընկներ գետին։ Կարդենիոն խորհուրդ տվեց, որ Դորոթեան տանի աղջկան սենյակ՝ խոստանալով ամեն ինչ հարթել, և նրանք հնազանդեցին նրան։
 
Դոն Լուիսի ետևից եկած չորս ձիավորներն էլ ներս էին մտել պանդոկը և, շրջպատելով երիտասարդին, համոզում էին նրան անհապաղ վերադառնալ՝ հորը մխիթարելու համար։ Իսկ նա պատասխանում էր, թե ոչ մի կերպ չի կարող անել, մինչև որ մի գործ չավարտի, որից կախված են նրա պատիվը, կյանքն ու հոգին։ Իսկ ծառաները պնդում էին, ասելով, որ առանց նրան ոչ մի դեպքում չեն վերադառնա և կտանեն նրան հետները՝ ուզենա նա, թե չուզենա։
 
― Այդ դուք չեք անի, ― ասաց դոն Լուիսը, ― թերևս կարողանաք տանել իմ դիակը, որովհետև ինձ այստեղից տանել, կնշանակի՝ զրկել կյանքից։
 
Հյուրանոցի բոլոր կենվորները հավաքվեցին այդ վեճի վրա, նրանց թվում Կարդենիոն, դոն Ֆերնանդոն, նրա ուղեկիցները, աուդիտորը, քահանան, դալլաքը և դոն Կիխոտը (որովհետև վերջինս որոշել էր, որ այլևս դղյակը պաշտպանելու կարիք չկա)։ Կարդենիոն, տեղյակ լինելով երիատասարդի պատմությանը, հարցրեց ծառաներից, ինչո՞ւ են նրան ուզում բռնի տանել։
 
― Մենք ուզում եք այս կաբալյերոի հորը վերադարձնել կյանքը, ― պատասխանեց չորսից մեկը, ― որովհետև որդու բացակայությունը նրան կարող է մահ պատճառել։
 
Դոն Լուիսը դրան առարկեց․
 
― Իմ անձնական գործերի մասին այստեղ խոսելն ավելորդ է։ Ես ազատ եմ և կամենամ կվերադառնամ, չեմ կամենա՝ ձեզնից ոչ մեկը չի հանդգնի հարկադրել ինձ։
 
― Ձերդ ողորմածություն, խոհեմությունը կհարկադրի, ― պատասխանեց ծառան, ― իսկ եթե ձերդ ողորմածության խոհեմությունը պակասի, մերը հերիք կլինի, որպեսզի անենք այն, ինչ որ հրամայում է մեզ պարտականությունը։
 
― Պետք է պարզել՝ ինչո՞ւմն է բանը, ― ասաց աուդիտորը։
 
― Մի՞թե, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր, չեք ճանաչում այս կաբալյերոին, ձեր հարևանի որդուն։ Նա փախել է հոր տնից իր կոչման անհամապատասխան շորով, ինչպես ձերդ ողորմածությունը կարող է իր աչքերով համոզվել։
 
Աուդիտորը նայեց երիտասարդին ավելի ուշադիր և ճանաչելով գրկեց նրան՝ ասելով․
 
― Այս ի՞նչ երեխայություն է, սինյոր դոն Լուիս։ Ի՞նչ կարևոր պատճառներ են դրդել ձեզ ճամփա ընկնելու մի շորով, որ այնքան քիչ է վայելում ձեր կոչմանը։
 
Երիտասարդի աչքերից արցունք ցայտեց, և նա աուդիտորին չկարողացավ մի բառ անգամ պատասխանել։ Աուդիտորը հրամայեց ծառաներին հանգիստ մնալ՝ երաշխավորելով, որ ամեն ինչ լավ կվերջանա, ապա, բռնելով դոն Լուիսի ձեռքից, նրան տարավ մեկուսի և հարցրեց, թե ի՞նչ կնշանակի նրա երևան գալն այս կողմերում։ Այն միջոցին, երբ նա մանրամասն հարց ու փորձ էր անում, պանդոկի դարպասի մոտ աղմուկ բարձրացավ։ Պանդոկում գիշեր անցկացրած կենվորներից երկու հոգի, նկատելով, որ բոլորը զբաղված են նորեկ չորս ձիավորների գործով, որոշել էին ծլկվել առանց գիշերելու համար վճարելու։ Սակայն պանդոկպանը, որի համար իր շահերը ավելի թանկ էին, քան ուրիշներինը, բռնել էր նրանց դարպասի մոտ և վարձ էր պահանջում, հայհոյելով նրանց այնպիսի հիշոցներով, որ սրանք, ի պատասխան, մուշտակռիվ էին սկսել և այնպես էին ծեծում նրան, որ խեղճը գոռում և օգնության էր կանչում։ Պանդոկպանի կինն ու ուղջիկը մարդ չէին տեսնում, որ զբաղված չլիներ և խեղճին օգնության հասներ, բացի դոն Կիխոտից, ուստի աղջիկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
 
― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետ, եթե Աստված ձեզ օժտել է ուժով, ապա օգնեցեք խեղճ հորս, որին այս չարագործները այնպես են ծեծում, կարծես աղուն են աղում։
 
Դոն Կիխոտը դրան դանդաղ ու ծանր պատասխանեց․
 
― Չքնաղ աղջիկ, ներկայիս ես ի վիճակի չեմ ձեր խնդիրքը կատարելու, որովհետև ես իրավունք չունեմ նոր արկածների ձեռնամուխ լինելու, մինչև որ չավարտեմ այն, ինչին պարտադրում է ինձ տվածս խոսքը։ Սակայն ձեզ շահասիրած լինելու համար ես կարող եմ անել հետևյալը՝ վազ տվեք և ասացեք ձեր հորը, որ նա, ինչքան կարելի է, խիզախ կռվի և ոչ մի դեպքում անձնատուր չլինի, իսկ ես այդ միջոցին Միկոմիկոնի իշխանուհուց թույլտվություն կխնդրեմ նրան օգնելու, այդ դժբախտության մեջ։ Եթե իշխանուհին թույլ տալու լինի, դուք կարող եք համոզված լինել, որ ես նրան կազատեմ։
 
― Վա՜յ մեզ, մեղավորմերիս, ― բացականչեց Մարիտորնեսը, որ կանգնած էր մոտիկ։ ― Ախր, մինչև որ ձերդ ողորմածությունն այդ թույլտվությունն ստանա, իմ տերն արդեն այն աշխարհում կլինի։
 
― Միայն թե, տիրուհի, այդ թույլտվությունն ստանամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միևնույն է, այս աշխարհում լինի ձեր տերը, թե այն աշխարհում՝ ես նրան այնտեղից էլ ետ կբերեմ, անգամ եթե ամբողջ այն աշխարհը իմ դեմ դուրս գալու լինի, կամ թե չէ, առնվազն այնպես վրեժխնդիր կլինեմ նրանց, ովքեր նրան այդտեղ ուղարկեցին, որ դուք միանգամայն բավարարված կլինեք։
 
Այս խոսքերով նա մոտ վազեց և ծունկ չոքեց Դորոթեայի առջև և սկսեց խնդրել նորին մեծությունից ասպետական և թափառական ոճով, որ հաճի իրեն արտոնություն շնորհել օգնելու դղյակի տիրոջը, որ ներկայիս դժնակ մարտի մեջ է։ Իշխանուհին սիրով տվեց իր համաձայնությունը և, դոն Կիխոտը, ծածկվելով վահանով, թուրը քաշեց, իսկույն դիմեց դեպի պանդոկի դարպասը, որտեղ երկու կենվորները շարունակում էին ջարդ ու բուրդ անել պանդոկպանին։ Սակայն մոտենալով, նա կանգ առավ և տեղն ու տեղը քարացավ, թեև Մարիտորնեսն ու պանդոկպանի կինը աղաչում էին, որ նա չհապաղի և շուտով օգնի մեկի՝ ամուսնուն, մյուսի՝ տիրոջը։
 
― Ես դանդաղում եմ այն պատճառով, ― ասաց դոն Կիխոտը, ― որ վայել չէ ինձ սուր բարձրացնել ստոր կարգի մարդկանց դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նման դեպքերում նրան է արժան և վայել պաշտպանել և վրիժառու լինել։
 
Ահա թե ինչ էր կատարվում պանդոկի դարպասի մոտ, ծեծ ու հարվածները թափվում էին չարաղետ պանդոկպանի վրա և շեշտակի հասնում նպատակին՝ սաստկացնելով Մարիտորնեսի, տանտիկնոջ ու նրա աղջկա կատաղությունն ու հուսահատությունը։ Նրանք ճաքում էին, տեսնելով, թե ինչպես դոն Կիխոտը երկնչում է, մինչդեռ նրանց տերը, ամուսինն ու հայրը վատ օրի է։ Սակայն թողնենք նրան հանգիստ (հուսանք, որ մեկն ու մեկը նրան կօգնի, իսկ եթե ոչ, ապա թող համբերի ու լռի՝ ով որ իր ուժերն առանց հաշվի առնելու կռվի մեջ է խցկվում, տեղն է), ետ գնանք մի հիսուն քայլ և լսենք, թե ինչ պատասխանեց դոն Լուիսը աուդիտորին։ Մենք վերջիններիս հետ բաժանվեցինք այն րոպեին, երբ աուդիտորը հարցնում էր երիտասարդից այդքան անվայելուչ հագուստով ճամփորդելու պատճառը։ Դոն Լուիսը, ի պատասխան, ամուր բռնեց նրա ձեռքերը, կարծես թե դրանով կամենալով ցույց տալ, թե իր սրտին մեծ դարդ ունի և, արցունքի հեղեղ թափոլով ասաց․
 
― Տեր իմ, խոստովանում եմ, որ այն րոպեից, ինչ երկինքը կամեցավ, իսկ հարևանությունը ձեզ հետ թույլ տվեց , որ ես տեսնեմ դոնյա Կլարային, ձեր դստեր և իմ տիրուհուս, այն իսկ վայրկյանից նա դարձավ իմ սրտի իշխանուհին։ Եվ եթե դուք՝ իմ ճշմարիտ հայրը և տերը, չհակառակեք, նա այսօր իսկ կդառնա իմ ամուսինը։ Նրա համար ես լքեցի հորս տունը, նրա համար հագա այս զգեստը, որպեսզի հետևեմ նրան, ուր էլ գնալու լինի նա, ինչպեես նետը, որ հետևում է իր նպատակին, ինչպես ծովագնացը, որ հետևում է կողմնացույցին։ Իմ սիրո մասին նա ոչինչ չգիտի, եթե միայն մի քանի անգամ հեռվից տեսնելով աչքերիս արցունքը, նա չի կռահել, որ ես իրեն սիրում եմ։ Ձեզ հայտնի է, տեր իմ, իմ ծնողների ազնիվ ծագումն ու հարստությունը, դուք գիտեք նույնպես, որ ես միակ ժառանգն եմ։ Եթե այս երջանիկ հանգամանքները բավական են, որպեսզի դուք վճռեք ինձ լիովին երջանկացնել, ապա, անհապաղ անվանեցեք ինձ ձեր որդին և, եթե իմ հայրը, դրդված այլ մտադրություններից, չկամենա գնահատել այն գանձը, որ ես գտել եմ, ապա մտաբերեցեք, թե ժամանակը, որ ամեն ինչ քանդում է և ամեն բան փոխում, մարդկային ցանկություններից ուժեղ է։
 
Այդ ասելուց հետո սիրահարված երիտասարդը լռեց, մինչդեռ աուդիտորը մնացել էր շփոթված, շվար ու մոլոր՝ զարմացած խելացիությունից, որով դոն Լուիսը բաց արեց նրա առջև իր զգացմունքը և չիմանալով, թե ինչպես վարվի այդ հանկարծակի և անակնկալ գործում։ Ուստի պատասխանի փոխարեն նա դոն Լուիսից խնդրեց, որ հանգստանա և համոզի ծառաներին, որ այսօր հետները չտանեն, խոստանալով, որ այդ ժամանակամիջոցում ինքը կխորհի, թե ինչպես հարթել գործը, որպեսզի բոլորը բավարարված լինեն։ Դոն Լուիսը զոռով համբուրեց նրա ձեռները և թրջեց արցունքով։ Մարմարե սիրտն էլ կկակղեր այդ վարմունքից, ուր մնաց թե աուդիտորինը։ Վերջինս, իբրև խելացի մարդ, ըմբռնում էր, թե այդ միությունն ինչքան ձեռնտու է իր աղջկան։ Այնուամենայնիվ, նա նախադասում էր, որ այդ ամուսնությունը կատարվի, եթե միայն հնարավոր է, դոն Լուիսի հոր համաձայնությամբ, որը, ինչպես ինքը գիտեր, ցանկանում էր իր որդու համար բարձր տիտղոս ձեռք բերել։
 
Այդ միջողին կենվորները հաշտվել էին պանդոկպանի հետ, վճարել էին նրա պահանջածը, ոչ այնքան սպառնալիքների ազդեցության տակ, որքան դոն Կիխոտի համոզումների և խելացի փաստարկումների հետևանքով։ Իսկ դոն Լուիսի ծառաները սպասում էին, թե ինչով է վերջանալու խոսակցությունը աուդիտորի հետ, և իրենց տերը ինչ վճիռ է ընդունելու։ Սակայն այդ րոպեին սատանան, որ չի ննջում, բերեց պանդոկը այն իսկ դալլաքին, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան հանել էր նրա էշի փալանը և փոխել իրենի հետ։ Եվ ահա, դալլաքը, քաշելով իր էշը գոմը, գտավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանով և, իսկույն ճանաչելով իր ապրանքը, վրա տվեց ու գոռաց․
 
― Ա՜, սինյոր գող, հո բռնեցի՞ ձեզ։ Դեսը տվեք իմ լագանը, փալանն ու նոխտան, որ դուք թռցրել եք ինձնից։
 
Այսքան հանկարծակի գրոհն զգալով և հիշոցները լսելով՝ Սանչոն մեկ ձեռքով բռնեց փալանը, իսկ մյուսով բռուցքի այնպիսի հարված հասցրեց դալլաքին, որ նրա բերանը արնակալեց։ Սակայն, չնայած դրան, դալալքը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն՝ փալանը և այնքան բարձր էր աղաղակում, որ հյուրանոցի բոլոր կենվորները վազեվազ եկան աղմուկի վրա։ Դալլաքը կոչ էր անում․
 
― Արադարադատությո՜ւն, այստեղ արի՛, հանուն թագավորի՜։ Ես ետ եմ վերցնում իմ ապրանքը, իսկ այս գողը, բանուկ ճամփի այս ավազակն ուզում է ինձ սպանել։
 
― Սուտ ես ասում, ― պատասխանեց Սանչոն, ― ես բանուկ ճամփի ավազակ չեմ, և այս ավարը իմ տեր դոն Կիխոտը ազնիվ կռվում է ձեռք բերել։
 
Դոն Կիխոտը, կանգնած, մեծ հաճույքով նայում էր, թե ինչպես է հարձակվում ու պաշտպանվում իր զինակիրը և այդ րոպեին նա վճռեց, որ Սանչոն քաջ է և ինքն իրեն խորհեց՝ առաջին իսկ հարմար առիթով նրան պետք է ասպետ կարգել, քանի որ նա կարող է լավ ծառայել ասպետական ուխտին։ Իսկ դալլաքը վիճաբանելով Սանչո Պանսայի հետ, ի միջի այլոց ասաց հետևյալը․
 
― Որ այս փալանն իմն է, սինյորներ, դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ Աստված ինձ մահ կուղարկի։ Ես այդ նույնքան լավ գիտեմ, որքան եթե ինքս նրան ծնած լինեի։ Ասենք՝ այստեղ ախոռում է իմ էշը, որ սուտ չի խաբի։ Եթե չեք հավատում, չափեցեք ինքներդ՝ եթե փալանը նրա չափսովը չլինի, կոչեցեք ինձ խարդախ։ Ավելին կասեմ, նույն օրը, որ անհայտացավ իմ փալանը, նրանք թռցրին նաև իմ պղնձե լագանը, բոլորովին նորը, դեռ գործածության մեջ չեղած, մեկ էսկուդո արժողությամբ։
 
Այստեղ դոն Կիխոտն այլևս չկարողացավ իրեն զսպել՝ նա կանգնեց վիճաբանողների միջև, նրանց բաժանեց իրարից և փալանը գետնին դնելով այնպես, որ բոլորի աչքի առջև լինի, մինչև որ պարզվի, թե արդարությունն ում կողմն է, արտասանեց․
 
― Սինյորներ, հիմա բոլորիդ համար պարզ ու որոշ կդառնա մոլորությունը, որի մեջ է այս բարի զինակիրը, կոչելով լագան այն, որ եղել է, և կլինի Մամբրինի սաղավարտը։ Այդ սաղավարտը ես խլել եմ նրանից, ազնիվ մարտում և դրանից հետո ես եմ նրա օրինավոր և անվիճելի տերը։ Գալով փալանին՝ իմ գործը չէ։ Կասեմ միայն, որ իմ զինակիր Սանչո Պանսան ինձնից թույլտվություն խնդրեց հանելու այս հաղթված վախկոտի ձիու սարքը և իրենի վրա դնելու։ Ես նրան թույլ տվի և նա հանեց։ Իսկ եթե հիմա սարքը փալան է դառել, ապա ես այդ այլ կերպ չեմ բացատրում, քան եթե սովորական այլակերպությամբ, որ շարունակ տեղի է ունենում ասպետական պատմությունների մեջ։ Այս ամենը հաստատելու համար վազ տուր ապա որդի Սանչո, և բեր այստեղ սաղավարտը, որ այս բարի մարդու աչքին լագան է երևում։
 
― Սատանան տանի, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե մենք մեր արդարության համար այլ ապացույցներ չունենք, ապա դուրս կգա, որ Մամբրինի սաղավարտը նույնպես լագան է, ինչպես այս ղոչաղի սարքը՝ էշի փալան։
 
― Արա՛, ինչ որ քեզ հրամայում են, ― ասաց դոն Կիխոտը։ Այս դղյակում ամեն ինչ հո չի՜ կախարդված։
 
Սանչոն գնաց լագանը բերեց, և դոն Կիխոտը տեսավ թե չէ, իր ձեռքն առավ ու ասաց․
 
― Ինքներդ դատեցեք, սինյորներ, որքան հանդուգն է այս զինակիրը, որ պնդում է, թե սա սաղավարտ չէ, այլ լագան է։ Երդվում եմ պատկանածս ասպետական ուխտով, սա այն իսկ սաղավարտն է, որ ես նրանից խլել եմ և դրանից հետո ո՛չ մի բան եմ ավելացրել նրան, ո՛չ էլ մի բան պակսեցրել։
 
― Այդ մեկը հո ճիշտ է, ― ասաց Սանչոն, ― որովհետև այն օրից ի վեր, ինչ իմ տերը նրան նվաճեց, նա մի անգամ է այդ սաղավարտը դրած կռվել այն շղթայակապ դժբախտներին ազատելիս։ Եթե այս լագանե սաղավարտն այն պահին վրան չլիներ, նրա բանը բուրդ կլիներ, որովհետև այդ կռվում քարեր էին, որ թափվում էին մեզ վրա։
Ադմին, Վստահելի
1876
edits