Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6059 բայտ, 14:09, 4 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
=== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ===
Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մնիչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ. բոլոր ողջ մնացածները հավաքվել էին բլրի լանջին՝ ընդհանուր հաշվով երկու կամ երեք հարյուր:Ռազմիկները նստել էին լայն կիսաշրջանով: Կենտրոնում նստած էր Ֆարամիրը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ֆրոդոն: Այդ ամենը տարօրինակ կերպով գերու հարցաքննություն էր հիշեցնում:  Սեմն աննկատելի դուրս եկավ պտերի միջից ու տեղավորվեց կիսաշրջանի եզրին՝ այդտեղից ամեն ինչ լսվում էր ու երևում էր: Ականջները սրելով, նա սկսեց լարված նայել Ֆրոդոյին ու Ֆարամիրին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել տիրոջն օգնության: Դիմակն այլևս չէր ծածկում Ֆարամիրի խիստ ու տիրական դեմքը. նրա Ֆրոդոյին ուղղված մոխրագույն, պողպատյա աչքերը սուր էին, խորաթափանց ու մտախոհ:  Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:  — Իսիլդուրի Անեծքը Գոնդոր է բերելու կոլոտիկը, եթե հավատանք գուշակությանը,— ասաց նա: Եթե կոլոտիկը համարձակություն է ունեցել իր վրա վերցնել Իսիլդուրի անեծքը, և եթե դու հենց այդ կոլոտիկն ես, նշանակում է, քեզ հայտնի է, թե դա ինչ Անեծք է, և դու այն ցույց ես տվել Խորհրդի ժամանակ, որի մասին ասում ես, իսկ Բորոմիրը տեսել է այն: Այդպե՞ս է, թե ոչ: Ֆրոդոն չպատասխանեց: — Նշանակում է, այդպես է,— որոշեց Ֆարամիրը: — Դու ծածկամտում ես, սակայն այն ամենը, ինչ վերաբերվում է Բորոմիրին, վերաբերվում է նաև ինձ: Ըստ հնագույն ասույթների, Իսիլդուրին խոցել է օրքի նետը, բայց այդպիսի նետեր շատ կան, և Բորոմիրը միայն կծիծաղեր, եթե նրան սովորական նետ ցույց տային ու հայտարարեին, որ դա Իսիլդուրի Անեծքն է: Եվ ի՞նչ է դա: Դու եղել ես դրա պահապա՞նը: Դու ասում ես, որ այն գաղտնի է: Գուցե ի՞նքդ ես որոշել թաքցնել:  — Ոչ, ես չեմ որոշել,— պատասխանեց Ֆրոդոն: — Այն ինձ չի պատկանում, չի պատկանում նաև մահկանացուներից ոչ մեկին, ո՛չ ամենամեծերին, ոչ էլ առավել աննշաններին: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ կա, ով իրավունք ունի ժառանգել այն, ապա դա Արագորնն է, Արաթհորնի որդին, որի մասին արդեն ասել եմ: Մորիայից մինչև Ռաուրոս նա մեր ջոկատի առաջնորդն էր: — Իսկ ինչու՞ նա, այլ ոչ թե Բորոմիրը, իշխանը ամրոցի, որը հիմնել են Էլենդիլի որդիները:  — Որովհետև Արագորնը Իսիլդուրի, Էլենդիլի որդու անմիջական ժառանգն է: Էլենդիլին է պատկանում սուրը, որը հիմա նա կրում է:  Զարմանքի գվվոց անցավ հավաքվածների շարքերով: Լսվեցին բացականչություններ. — Էլենդիլի սու՛րը, Մինաս Թիրիթ է գալիս Էլենդիլի սու՛րը: Բարի՛ լուրեր են: Սակայն Ֆարամիրը նույնիսկ հոնքերը չշարժեց: — Գուցեև այդպես է,— ասաց նա,— Բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:  — Բորոմիրն ընդունեց Արագորնի իրավունքները,— ասաց Ֆրոդոն: Նշանակում է, նա հիմնավոր պատճառներ ուներ: Եթե նա այստեղ լիներ, ապա կպատասխաներ քո բոլոր հարցերին: Մի քանի օր առաջ մենք բաժանվեցինք նրանից Ռաուրոսի մոտ, և նա պատրաստվում էր այնտեղից ուղիղ Մինաս Թիրիթ գնալ, այնպես որ, տուն վերադառնալով, դու ամեն ինչ կիմանաս: Բորոմիրին, ինչպես նաև ջոկատում բոլորին հայտնի էր իմ այնտեղ գտնվելու պատճառը, որովհետև այդ մասին Խորհրդում հայտարարեց Էլրոնդը, Իմլադրիսի տիրակալը: Էլրոնդի հանձնարարությունն է բերել ինձ այստեղ, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին ջոկատի անդամներից բացի որևէ մեկի հետ:  
Վստահելի
1342
edits