— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված էր վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ՝ համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կոչը ամենուր լսելի կլինի:
Ինթիլիեն Իթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կոչը: Այն գալիս էր հյուսիսից, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ հեռավոր, թվացյալ արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշան համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով, գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիներն անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր, ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափը և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին, ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսողությունից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական արթնացում չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:
— Ավաղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է: