Changes
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
— Գետանցումի մոտ, երբ հետ նայեցի,— ոչ շատ վստահ հիշեց Ֆրոդոն,— ինձ թվաց, թե Սև Հեծյալների կողքին սպիտակ շողշողուն կերպարանք տեսա: Ուրեմն ես Գլորֆինդելի՞ն տեսա, այո՞:
— Այո՛,— ասաց հրաշագործը: Եվ լռելուց հետո ավելացրեց. — Գլորֆինդելը քեզ համար միավորել է երկու աշխարհ, իրական և ուրվականային, անտեսանելին՝ կենդանու հետ, որովհետև նա Կերպարանափոխվող էլֆ է, մեծ դյուցազն Առաջնածիններից: Մի խոսքով, Ազատքում ուժեր կգտնվեն, որոնք ընդունակ կլինեն ժամանակավորապես դիմադրել Թշնամուն, ուրիշ վայրերում էլ այդպիսի ուժեր կան, նույնիսկ ձեզ մոտ, Հոբիթստանում: Բայց եթե իրադարձությունների ընթացքը չփոխվի, ազատ հողերը կվերածվեն Սև զորքերի, (որ հավաքում է Մորդորի Տիրակալը) ծովերով շրջապատված կղզյակների... Իսկ առայժմ,— նա ընդհատեց ինքն իրեն, վեր կացավ, և նրա մորուքը խրոխտ տնկվեց,— մենք պետք է խաղաղ արիություն պահպանենք: Մի քանի օր հետո դու լրիվ կապաքինվես, եթե ես այսօր իմ խոսակցություններով քեզ մահվան դուռը չհասցնեմ: Այստեղ, Ազատքում, ձեզ ոչինչ չի սպառնում... առժամանակ: Այնպես որ մի անհանգստացիր:
— Ոչ արիություն ունեմ, ոչ էլ խաղաղ լինեմ,— արձագանքեց Ֆրոդոն,— բայց և չեմ վախենում: Պատմիր ինձ, խնդրեմ, իմ բարեկամների մասին, և այն ժամանակ արդեն իսկապես կխաղաղվեմ: Չգիտեմ ինչու, քունս տանում է, բայց մինչև չպատմես, թե նրանց ինչ է եղել, չեմ կարողանա քնել:
— Դու առողջ տեսք ունես,— բարձրաձայն ասաց նա: — Կարծում եմ, որ քո բարեկամների մասին ճշմարտությունը լսելն էլ քեզ չի խանգարի: Ես Էլրոնդից թույլտվություն չեմ խնդրում, բայց շատ համառոտ կպատմեմ, իսկ հետո կգնամ, ու չխանգարեմ քեզ նորից քնել: Ահա թե ինչ է պատահել Գետանցումի մոտ՝ որքան ինձ հաջողվեց պարզաբանել:
Հենց դու վարգեցիր դեպի գետը, Սև Հեծյալները սուրացին քո հետևից: Զավերտ սարի մոտ դու մուտք էիր գործել նրանց աշխարհը, դրա համար էլ նրանք քեզ պարզ տեսնում էին և հարկ չունեին իրենց ձիերի տեսողությանը ապավինել: Բացի դրանից, նրանց ձգում էր Մատանին: Նրանց ձիերը կկոխկրտեին քո բարեկամներին, և վերջիններս ստիպված եղան ճանապարհը զիջել Հեծյալներին: Հեծյալներին կասեցնել նրանք չէին կարող. ախր քեզ հետևում էին ինը Հեծյալ, այնպես որ նույնիսկ Արագորնն ու Գլորֆինդելը նրանց ջոկատին չէին դիմանա:
Հետո, երբ Մատանու Ուրվականները սուրացին, քո բարեկամները վազեցին դեպի գետը: Գետանցումից ոչ հեռու, ճանապարհի կիպ եզրին ծառերով կիսաքողարկված մի հովիտ կա, իջնելով այնտեղ, քո բարեկամներն ու Գլորֆինդելը արագորեն մի փոքրիկ խարույկ վառեցին, քանի որ Գլորֆինդելին հայտնի էր, որ եթե Հեծյալները մտնեն գետը, ապա Էլրոնդը փոթորկելու է գետը կատաղի ջրերի ալեբախությամբ, և նրանք չեն կարողանա հասնել քո հետևից, բայց ցամաքում մնացածների հետ ստիպված պետք է լինեն մարտի բռնվել: Հենց որ գետի ալիքները կատաղորեն փրփրեցին, Գլորֆինդելը, նրա հետևից էլ Արագորնն ու մյուսները բոցավառ խանձողներով դուրս թռան ճանապարհ: Հեծյալները գտնվում էին ջրի և հրի արանքում, հանձին Գլորֆինդելի ճանաչեցին կերպարանափոխվող էլֆին և կորցրեցին իրեն դիվային արիությունը, իսկ նրանց ձիերը վախից վայրկենապես գժվեցին: Երեք Հեծյալ քո հետքով գալով, փորձեցին ձիերով անցնել գետը՝ փոթորկալի առաջին իսկ ալիքը քշեց նրանց: Մնացած վեցին կատաղած ձիերը մի քիչ հետո քաշեցին գետը, և բոլորն էլ մնացին փրփրաբաշ ալիքների տակ:
— Այդպես էլ նրանք կործանվեցի՞ն,—ուրախացավ Ֆրոդոն:
— Ավա՜ղ, ո՜չ,— պատասխանեց Գանդալֆը,— հեղեղում կործանվեցին միայն նրան ձիերը... բայց առանց ձիերի, նրանք էլ ի՜նչ Հեծյալ են: Նրանք ստիպված եղան շտապ կարգով կորչել իրենց որջերը: Չնայած նրանց ոչնչացնելն այնքան էլ հեշտ բան չէ, սակայն նրանք, իմ կարծիքով, երկար ժամանակով շարքից դուրս են եկել... Երբ հեղեղը դադարեց, քո բարեկամները գետն անցան ու գտան քեզ այս ափին՝ պառկած էիր բերանքսիվայր, սառն ու գունատ, իսկ տակդ ընկած էր ջարդված սուրդ: Գլորֆինդելի ճերմակ նժույգը կանգնած էր կողքիդ: Արագորնը վախենում էր, որ սպանված ես՝ ավելի վատթարի մասին մտածել անգամ չէր ցանկանում: Քեզ բարձրացրին ու բերեցին Ազատք, և կես ճանապարհին ձեզ էլֆեր հանդիպեցին:
— Իսկ գետն ինչու՞ էր զայրացել Հեծյալների վրա:
— Նրանք էլֆերի վաղնջական թշնամիներն են, իսկ Էլրոնդը այս երկրամասի տեր ու տիրականն է: Երբ թշնամի է մոտենում Ռիվենդելին, Էլրոնդի կարգադրությամբ գետը հորդանում է ու թշնամական զորքերը խորտակվում են ալիքների մեջ: Հենց որ Մատանու Ուրվականների առաջապահը իջավ դեպի ջուրը, գետը վարարեց: Դե, և եթե կարելի է այդպես արտահայտվել, ես մի քիչ բորբոքեցի նրա զայրույթը: Չգիտեմ, հասցրեցի՞ր նկատել, թե ոչ, որ առաջին ամենակատաղի ալիքները փրփրում էին հզոր սպիտակ հեծյալների կերպարանքով, իսկ հեծելազորից հետո դղրդյոցով գլորվում էին հսկայական մոխրագույն գլաքարեր: Երբ ես տեսա հեղեղի ուժը, ինձ թվաց, որ մենք մեր գերջանքերով չափն անցել ենք և չենք կարողանա սանձել ջրե զորքը: Բայց ամեն ինչ հաջող անցավ՝ գետը ձեզ ձեռք չտվեց:
— Աա-յոո՜, ինչ-որ հիշում եմ,— ասաց Ֆրոդոն,— ես լսեցի սարսափելի դղրդացող մռնչյուն և որոշեցի, որ բոլորիս վիճակված է խեղդվել՝ և՛ ինձ, և՛ Հեծյալներին, և՛ իմ բարեկամներին: Փոխարենը հիմա մեզ ոչինչ չի սպառնում...
— Գանդալֆը սուր նայեց Ֆրոդոյին, բայց վերջինս արդեն լռել էր ու աչքերը փակել:
— Դու ճիշտ ես,— ասաց հրաշագործը,— մեզ ոչինչ չի սպառնում... առայժմ: Հենց որ ոտքի կանգնես, մենք շքեղ կտոնենք Գետանցումի ձեր հաղթանակը և տոնը նվիրված կլինի ձեզ՝ քեզ, Արագորնին և քո ուղեկիցներին:
— Մի՞թե մեզ,— զարմացավ Ֆրոդոն: — Գիտե՞ս, մինչև հիմա ինձ զարմացնում է, որ մեր մասին հոգ տարան Գլորֆինդելն ու Էլրոնդը, ըստ որում, ինչպես երևում է, առանց որևէ պատճառի:
— Դե, ասենք պատճառ նրանք ունեին, և, ճիշտն ասած, նույնիսկ ո՛չ մեկ պատճառ,— թեթևակի ժպտալով, առարկեց Գանդալֆը: — Առաջինը, ես եմ նրանց խնդրել այդ մասին: Երկրորդ, քեզ է վստահված Մատանին: Երրորդը, դու Բիլբոյի ազգականն ես ու ժառանգը, իսկ Մատանին նա է լույս աշխարհ հանել:
— Սիրելի Բիլբո... Տեսնես որտե՞ղ է հիմա... — քնկոտ ձայնով քրթմնջաց Ֆրոդոն: — Ա՜յ մի պատմեինք նրան մեր գլխին եկածը, կզվարճացներ նրան...
Այս խոսքերն ասելով, Ֆրոդոն լռեց:
Եվ այսպես, Ֆրոդոն բարեհաջող հասավ մինչև Վերջին պայծառ հանգրվանը արևելքում: Այդ Հանգրվանում, ինչպես հաճախ ասում էր Բիլբոն, ընդունված էր և՛ ուտել, և՛ քնել, և՛ իրենց վերջին արկածների մասին պատմել, և երգեր լսել ու բանաստեղծություններ կարդալ կամ բուխարու մոտ նստած խորհել, և կամ բոլորովին ոչինչ չանել: Եթե մեկն ընկնում է այնտեղ, պատմում էր Բիլբոն բարեկամներին Հոբիթստանում, ապա վայրկենապես բուժվում է հոգնածությունից ու ձանձրույթից, հոգսերից, վախից ու բոլոր հիվանդություններից:
Երեկոյան, երբ Ֆրոդոն նորից արթնացավ, իրեն բոլորովին առողջացած զգաց ու հասկացավ, որ շատ է ուզում ուտել, իսկ գուցեև մի գավաթ գինի խմել՝ բանաստեղծություններ կարդալու, կամ ուրախ երգեր երգելու, կամ սեփական ճանապարհորդության մասին պատմելու համար: Նա վերմակը նետեց վրայից, թռավ հատակին և ուրախությամբ զգաց, որ ձախ ձեռքն աշխատում է նույնքան լավ, որքան առաջ: Մահճակալի մոտ աթոռին դրված էր նրա հագուստը՝ ըստ երևույթին այն կարել էին, երբ ինքը քնած էր եղել՝ իսկ և իսկ վրայովն էր: Հագնվելիս հայելու մեջ նայեց իրեն և զարմանքով հայտնաբերեց, որ շատ է նիհարել. նա նորից հիշեցրեց այն պատանի Ֆրոդոյին, որին մի օր ապաստան տվեց Բիլբոն: Բայց հայելու միջից նայող նրա աչքերը հասուն հոբիթի աչքեր էին:
— Այո՜, այն ժամանակվանից ի վեր, ինչ հայելուց ինձ նայեցիր Հոբիթստանում, որոշ բան տեսար,— ասաց Ֆրոդոն իր կրկնակին: — Իսկ այժմ հապա մի տեսնենք ի՞նչ տոն է այստեղ... — Նա ձեռքերը տարածեց ու հաճույքով ձգվեց:
Այդ ժամանակ մեկը դուռը ծեծեց, և սենյակի շեմին հայտնվեց Սամը: Ուրախ ժպիտով նա մոտեցավ Ֆրոդոյին, խնամքով շոյեց նրա ձախ ձեռքը, իսկ հետո շփոթված շրջվեց մի կողմ:
— Բարև, Սամ,— խոսեց Ֆրոդոն:
— Տեսա՞ր դու՝ տաք է,— բացականչեց Սամը: — Ես ձեր ձախ ձեռքից եմ խոսում: Ախր նա սառ-սառույց էր, քիչ էր, որ սառն էր, դեռ մի բան էլ թափանցիկ էր: Դե, հիմա արդեն ամեն ինչ անցած է... Գանդալֆն ինձ ուղարկել է, որ հագցնեմ ձեզ, դուք պատրա՞ստ եք այսօրվա տոնին... Իմ մտքով անցավ, թե ինձ ձեռք է առնում:
— Լիովին պատրաստ եմ,— ասաց Ֆրոդոն,— և անհամբեր եմ բարեկամներիս հանդիպելու համար:
— Ես ձեզ կտանեմ,— առաջարկեց Սամը: Ախր էս դղյակը շատ մեծ է ու զարմանալի: Թվում է, էստեղ ամեն ծակուծուկ արդեն գիտես, բայց շուռ ես գալիս մի որևէ անկյուն ու դեմ առնում անսպասելի նորությունների: Իսկ էլֆերը, էդ էլֆերը... Ախր էստեղ նրանք են տերերը, ուր գնում ես, ամեն տեղ նրանք են... Ոմանք ոնց որ թագավոր լինեն, գեղեցիկ են ու խիստ, էնպես որ վախենում ես նայես: Իսկ մյուսները՝ ինչ ասեմ, իսկական երեղեք... Ու ամեն տեղ երաժշտություն, ամեն տեղ երգ... Ես էս տեղերը, իհարկե, դեռ էնքան էլ լավ չգիտեմ՝ համ ժամանակն է քիչ եղել, համ էլ քաջությունս, ճիշտը որ ասեմ, չէր հեռիքում...
— Գիտեմ, ինչու ժամանակ չունեիր,— երախտագիտությամբ ընդհատեց նրան Ֆրոդոն: — Դրա փոխարեն այսօր արդեն լիուլի կզվարճանանք... Գնանք, ցույց տուր այստեղի «ծակուծուկերը»:
Նրանք անցան բազում միջանցքներով, իջան թեք աստիճաններով և դուրս եկան մի հսկայական ստվերաշատ զբոսայգի, որ գտնվում էր գետի բարձր ափին: Եվ այստեղ, շենքի արևելյան ճակատի մոտ, դեպի արևելք նայող ընդարձակ ապակեպատ պատշգամբում Ֆրոդոն տեսավ բարեկամներին: Գետից այն կողմ գտնվող հովտում արդեն մթնշաղը թանձրանում էր, բայց արևելյան լեռների բարձր գագաթները դեռևս լուսավորված էին մայր մտնող արևի շողերով: Իրիկնային մթնշաղը թափանցիկ էր ու տաք, զրնգուն աղմկում էր հեռավոր ջրվեժը, իսկ օդը լի էր ծաղիկների բույրով, խոտի ու նորաբույս տերևների հոտով, կարծես թե այստեղ, Էլրոնդի այգում նահանջող ամառը կանգ էր առել հանգստանալու:
— Ուռ-ռա՜-ա՜ա,— տեղից ոստնելով գոռաց Փինը: — Ահա նա՝ մեր ազնվածին արյունակիցը... Կեցցե՜ Ֆրոդոն՝ Մատանու տիրակա՜լը...
— Զսպի՛ր քեզ, կոպտորեն նրան ընդհատեց Գանդալֆը, որ նստած էր ստվերաշատ պատշգամբի խորքում, այնպես որ Ֆրոդոն անմիջապես չնկատեց նրան: