Changes

Վեցերորդ Բաժին: Գերշահույթի Փոխարկումը Հողային Ռենտայի

Ավելացվել է 42 271 բայտ, 16:16, 11 Հունիսի 2015
Ոչ մի արտադրող, ո՛չ արդյունաբերողն ու ո՛չ էլ հողագործը, մեկուսացած վերցրած, արժեք կամ ապրանք չի արտադրում։ Նրա արդյունքն արժեք կամ ապրանք դառնում է հասարակական հարաբերությունների որոշ կապակցության մեջ միայն։ Առաջին՝ որչափով որ նա հանդես է գալիս իբրև հասարակական աշխատանքի արտահայտություն, հետևաբար, որչափով որ տվյալ արտադրողի սեփական բանվորական ժամանակը ներկայանում է իբրև ընդհանրապես հասարակական բանվորական ժամանակի մի մաս. երկրորդ՝ նրա աշխատանքի այս հասարակական բնույթը, որպես նրա արդյունքի վրա դրոշմված հասարակական բնույթ, երևան է գալիս նրա արդյունքի փողային բնույթի մեջ ու գնով նախանշված նրա ընդհանրական փոխանակելիության մեջ։
Այսպիսով ուրեմն, եթե մի կողմից ռենտան բացատրելու փոխարեն հավելյալ արժեքը կամ թե էլ ավելի նեղ ըմբռնմամբ հավելյալ արդյունքն են բացատրում, ապա մյուս կողմից այստեղ այն վրիպումն է տեղի ունենում, որ ապրանքների ու արժեքների ձևով հանդես եկող բոլոր արդյունքներին հատուկ բնույթը բացառապես երկրագործական արդյունքներին է վերագրվում։ Այս բացատրությունն էլ ավելի է տափականում, երբ արժեքի ընդհանրական որոշումից անցնում են մի որոշ ապրանքային արժեքի '''իրացմանը'''։ Ամեն մի ապրանք իր արժեքը կարող է իրացնել միմիայն շրջանառության պրոցեսում, իսկ թե արդյոք իրացնո՞ւմ է այն ու ո՞րչափով, այս կախված է ամեն անգամ շուկայի տվյալ պայմաններից։ Հետևաբար, հողային ռենտայի յուրահատկությունն այն չէ, որ հողագործական արդյունքները դառնում են արժեքներ և զարգանում են որպես արժեքներ, այսինքն այն չէ, որ նրանք իբրև ապրանքներ հակադրվում են մյուս ապրանքներին, իսկ ոչ-երկրագործական արդյունքներն էլ որպես ապրանքներ՝ նրանց են մակագրվում, կամ որ նրանք զարգանում են իբրև հասարակական աշխատանքի առանձնահատուկ արտահայտություններ։ Յուրահատկությունն այն է, որ այն պայմանների հետ, որոնցում հողագործական արդյունքները զարգանում են որպես արժեքներ (ապրանքներ) ու նրանց արժեքների իրացման պայմանների հետ զարգանում է նաև հողային սեփականության այն ուժը, որով նա յուրացնում է առանց իր գործակցության ստեղծված արժեքների մի հարաճուն մասը՝ և ուրեմն հավելյալ արժեքի մի հարաճուն մասը հողային ռենտայի է փոխարկվում։ ===ԵՐԵՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՌԵՆՏԱՆ։ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ=== Հողային ռենտայի վերլուծման ժամանակ մենք նախ և առաջ ելնելու ենք այն ենթադրությունից, թե այն արդյունքները, որոնցից մի այսպիսի ռենտա է վճարվում, որոնց մեջ պարունակվող հավելյալ արժեքի մի մասը, ուրեմն և ամբողջ գնի մի մասը փոխարկվում է ռենտայի,— մեր նպատակի համար բավական է նկատի ունենալ երկրագործական արդյունքները, կամ նաև հանքարանների արդյունքները,— թե, այսպիսով ուրեմն, հողի արդյունքներն ու հանքարանների արդյունքները մյուս բոլոր ապրանքների նման ծախվում են իրենց արտադրության գներով։ Այսինքն նրանց վաճառքի գները հավասար են նրանց արտադրության ծախքերի տարրերին (բանեցված հաստատուն ու փոփոխուն կապիտալների արժեքին), պլյուս մի շահույթ, որը որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով, ընդ որում այստեղ հաշվի է առնվում կանխավճարված ամբողջ կապիտալը, թե սպառված ու թե չսպառված կապիտալը։ Հետևաբար, մենք ենթադրում ենք, որ այս արդյունքների վաճառքի միջին գները հավասար են նրանց արտադրության գներին։ Եվ այստեղ ահա հարց է ծագում, թե նման ենթադրություն անելու դեպքում ի՛նչպես կարող է հողային ռենտա առաջ գալ, այսինքն՝ շահույթի մի մասը ի՛նչպես կարող է հողային ռենտայի փոխարկվել, ուստի և ապրանքի գնի մեկ մասը հողի սեփականատիրոջը բաժին ընկնել։ Հողային ռենտայի այս ձևի ընդհանրական բնույթը ցույց տալու համար մենք ենթադրենք, որ տվյալ մի երկրի գործարանների գերակշռող թիվը շարժման մեջ է գրվում շոգեմեքենաների միջոցով, իսկ որոշ փոքրամասնություն էլ՝ բնական ջրվեժներով։ Ենթադրենք, որ արդյունաբերական որոշ ճյուղերում արտադրության գինը 115 է ապրանքների մի այնպիսի քանակի համար, որի վրա 100-անոց մի կապիտալ է բանեցվել։ 15% շահույթը հաշվվում է ոչ թե միմիայն բանեցված 100-անոց կապիտալի նկատմամբ, այլ այն ամբողջ կապիտալի նկատմամբ, որը գործադրվել է ապրանքային այս արժեքի արտադրության մեջ։ Արտադրության այս գինը, ինչպես պարզաբանել ենք առաջ, որոշվում է ոչ թե արտադրող ամեն մի առանձին արդյունաբերողի անհատական արտադրական ծախքերով, այլ արտադրության այն ծախքերով, որ ապրանքը միջին հաշվով նստում է կապիտալի միջին պայմաններում՝ արտադրության տվյալ ամբողջ ոլորտում։ Սա իրապես շուկայական արտադրության գինն է, միջին շուկայական գինը՝ հաշվի չառնելով նրա տատանումները։ Շուկայական գնի ձևի և ապա կարգավորիչ շուկայական գնի կամ շուկայական արտադրության գնի ձևի մեջ է ընդհանրապես, որ իր արտահայտությունն է գտնում ապրանքների արժեքի բնությունը, արժեքի որոշման եղանակը, սակայն այդ որոշումը կատարվում է ոչ թե ապրանքների տվյալ քանակի կամ թե առանձին ապրանքների անհատական արտադրության համար անհրաժեշտ, մեկ որոշ առանձին արտադրողի համար անհրաժեշտ բանվորական ժամանակով, այլ հանրորեն անհրաժեշտ բանվորական ժամանակով, բանվորական այն ժամանակով, որ արտադրության հասարակական տվյալ միջին պայմաններում պահանջվում է՝ շուկայում գտնվող ապրանքատեսակների հանրորեն անհրաժեշտ ամբողջ քանակն արտադրելու համար։ Քանի որ որոշակի թվական հարաբերություններն այստեղ միանգամայն աննշանակ բաներ են, ուստի մենք այստեղ ընդունում ենք, թե այն֊ գործարաններում, որոնք ջրի ուժով են շարժման մեջ դրվում, արտադրության ծախքերը լոկ 90 են կազմում 100-ի փոխարեն։ Որովհետև այս ապրանքների մասսային շուկան կարգավորող արտադրության գինը = 115, որի մեջ կա 15%-անոց մի շահույթ, ուստի այն գործարանատերերը, որոնք իրենց մեքենաները ջրի ուժով են շարժման մեջ դնում, ապրանքները կծախեն նույնպես 115-ով, այսինքն շուկայական գինը կարգավորող միջին գնով։ Այսպիսով, ուրեմն, նրանց շահույթը 15-ի փոխարեն կաներ 25. արտադրության կարգավորող գինը նրանց հնարավորություն տված կլիներ 10%-անոց մի գերշահույթ կորզելու ոչ թե այն պատճառով, որ նրանք իրենց ապրանքը արտադրության գնից բարձր են վաճառում, այլ այն պատճառով, որ ծախում են արտադրության գնով, այն պատճառով, որ նրանց ապրանքներն արտադրվում ենք կամ թե նրանց կապիտալը գործում է բացառիկ բարենպաստ պայմաններում, որոնք այս ոլորտում իշխող միջին մակարդակից բարձր են։ Անմիջապես երևան է գալիս երկու հանգամանք. '''Առաջին'''. այն արտադրողների մոտ, որոնք բնական ջրվեժն են գործածում իբրև շարժիչ ուժ, գերշահույթն սկզբնապես նույն բնույթն է կրում, ինչ և ամեն մի ուրիշ գերշահույթ (իսկ այս կատեգորիան մենք արդեն լուսաբանել ենք, երբ խոսել ենք արտադրության գնի մասին), որը շրջանառության պրոցեսի գործարքների պատահական հետևանք, շուկայական գների պատահական տատանումների հետևանք չէ։ Հետևաբար, այս գերշահույթը նույնպես հավասար է այն տարբերությանը, որ գոյանում է բարենպաստ այս պայմանների մեջ գտնվող արտադրողների անհատական արտադրության գնի ու արտադրության այս ամբողջ ոլորտի ընդհանրական, հասարակական արտագրության գնի միջև, որով կարգավորվում է շուկան։ Այս տարբերությունը հավասար է ապրանքի ընդհանրական արտադրության գնի ավելցուկին՝ նրա անհատական արտադրության գնի հետ համեմատած։ Այս ավելցուկի երկու, կարգավորիչ սահմանն են մի կողմից՝ արտադրության անհատական ծախքերը և ուրեմն արտադրության անհատական գինը, մյուս կողմից՝ արտադրության ընդհանրական գինը։ Ջրվեժի միջոցով արտադրված ապրանքի արժեքն ավելի փոքր է այն պատճառով, որ նրա արտադրման համար պահանջվում է աշխատանքի մի ավելի փոքր ընղհանուր քանակ, այն է՝ ավելի քիչ այնպիսի աշխատանք, որն առարկայացած ձևով, իբրև հաստատուն կապիտալի մաս, մտնում է արտադրության մեջ։ Այստեղ կիրառվող աշխատանքն ավելի արտադրողական է, նրա անհատական արտադրողական ուժն ավելի մեծ է, քան միևնույն տեսակի գործարանների բազմության մեջ կիրառվող աշխատանքինը։ Նրա արտադրողական ավելի մեծ ուժը երևան է գալիս այն բանի մեջ, որ նա ապրանքների միևնույն մասսան արտադրելու համար գործ է ածում հաստատուն կապիտալի ավելի փոքր քանակ, առարկայացած աշխատանքի մի ավելի փոքր քանակ, քան մյուսները. ընդ որում, բացի սրանից, նաև կենդանի աշխատանքի մի ավելի փոքր քանակ է գործ ածում, որովհետև ջրանիվը ջեռուցման կարիք չունի։ Կիրառվող աշխատանքի այս անհատական արտադրողական ավելի մեծ ուժը քչացնում է ապրանքի արժեքը, միաժամանակ քչացնում է արտադրության ծախքերը, սրա հետ միասին նաև արտադրության գինը։ Արդյունաբերողին այս բանն այնպես է ներկայանում, թե նրա համար ապրանքի արտադրության ծախքերն ավելի փոքր են։ Նա ավելի քիչ գումար է վճարելու առարկայացած աշխատանքի համար ու նմանապես ավելի քիչ աշխատավարձ՝ ավելի փոքր չափով կիրառված կենդանի բանվորական ուժի համար։ Որովհետև նրա ապրանքի արտադրության ծախքերն ավելի փոքր են, ուստի ավելի փոքր է նաև նրա անհատական արտադրության գինը։ Նրա համար արտադրության ծախքերը 90 են, փոխարեն 100-ի։ Հետևաբար, նրա արտադրության անհատական գինն էլ 115-ի փոխարեն միմիայն 103½ կլիներ (100 : 115 = 90 : 103½)։ Նրա արտադրության անհատական գնի և արտադրության ընդհանրական գնի միջև եղած տարբերությանը սահման դնողը նրա արտագրության անհատական ծախքերի ու արտադրության ընդհանրական ծախքերի տարբերությունն է։ Սա մեկն է այն մեծություններից, որոնք նրա գերշահույթի սահմաններն են կազմում։ Մյուս մեծությունը արտադրության ընդհանրական գնի մեծությունն է, որի կազմավորման մեջ մտնում է շահույթի ընդհանրական նորման իբրև կարգավորող գործոններից մեկը։ Եթե ածուխն էժանանար, ապա կնվազեր նրա արտադրության անհատական ծախքերի ու արտադրության ընդհանրական ծախքերի միջև եղած տարբերությունը, և ուրեմն կպակասեր նաև գերշահույթը։ Եթե նա ստիպված լիներ ապրանքը սրա անհատական արժեքով կամ թե սրա անհատական արժեքով պայմանավորված արտադրության անհատական գնով ծախելու, ապա տարբերությունը կվերանար։ Այս տարբերությունը հետևանք է մի կողմից այն բանի, որ ապրանքը ծախվում է իր ընդհանրական շուկայական գնով, այն գնով, որի մեջ մրցման շնորհիվ համահարթվում են առանձին գները, մյուս կողմից էլ՝ այն բանի, որ արդյունաբերողի կողմից շարժման մեջ դրված աշխատանքի հասարակական արտադրողական ավելի մեծ ուժը ոչ թե բանվորների օգտին է ծառայում, այլ ինչպես աշխատանքի ամեն մի արտադրողական ուժ՝ նրա օգտին, ով բանեցնում է այն, որ նա ներկայանում է որպես կապիտալին պատկանող արտադրողական ուժ։ Որովհետև այս գերշահույթի մի սահմանն արտադրության ընդհանրական գնի բարձրությունն է, որի գործոններից մեկը շահույթի ընդհանրական նորմայի բարձրությունն է, ուստի այս գերշահույթը կարող է ծագել արտադրության ընդհանրական ու անհատական գների միջև եղած տարբերությունից միայն, հետևաբար, շահույթի անհատական ու ընդհանրական նորմաների տարբերությունից։ Այս տարբերությունից վեր եղած ավելցուկը ենթադրում է, որ արդյունքը ծախվել է ոչ թե արտադրության այն գնով, որը կարգավորում է շուկան, այլ սրանից ավելի բարձր գնով։ '''Երկրորդ'''. այն գործարանատիրոջ գերշահույթը, որը շոգու փոխարեն բնական ջրվեժն է գործածում իբրև շարժիչ ուժ, մինչև հիմա ոչ մի կերպ չի տարբերվում ամեն մի այլ գերշահույթից։ Ամեն մի նորմալ գերշահույթ, այսինքն այնպիսի գերշահույթ, որն առաջ չի գալիս պատահական վաճառագործարքների կամ թե շուկայական գնի տատանումների հետևանքով, որոշվում է այն տարբերությամբ, որ լինում է այս առանձին կապիտալի ապրանքների արտադրության անհատական գնի և արտադրության այն ընդհանրական գնի միջև, որը կարգավորում է արտադրության այս ոլորտի կապիտալի ապրանքների շուկայական գները կամ արտադրության այս ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի ապրանքների շուկայական գները։ Բայց հիմա արդեն գալիս է տարբերությունը։ Ներկա դեպքում գործարանատերը ո՞ր հանգամանքին է պարտական իր գերշահույթը, այն ավելցուկը, որ շահույթի ընդհանրական նորմայով կարգավորվող արտադրության գինն է տալիս նրան անձնապես։ Նա առաջին հերթին պարտական է մի բնական ուժի, ջրվեժի շարժիչ ուժին, որը բնությունից գոյություն ունի և նման չէ ջուրը շոգի դարձնող այն ածխին, որ ինքն աշխատանքի արդյունք է, ուրեմն արժեք ունի, որևէ էկվիվալենտով պետք է վճարահատուցվի, ծախքեր է պահանջում։ Ջրվեժը արտադրության մի բնական գործակալ է, որի գոյացման մեջ ոչ աշխատանք չի մտնում։ Բայց այս դեռ բոլորը չէ։ Այն գործարանատերը, որը շոգեմեքենայով է գործ անում, նույնպես բնական ուժեր է գործադրում, որոնք նրա վրա ոչինչ չեն նստում, բայց որոնք աշխատանքն ավելի արտադրողական են դարձնում և այնչափով, որով նրանք այսպիսով էժանացնում են բանվորների համար պահանջված կենսամիջոցները, շատացնում են հավելյալ արժեքը և ուրեմն նաև շահույթը. հետևաբար հենց նոր հիշած բնական ուժերը կապիտալի կողմից մենաշհորհացվում են ճիշտ այնպես, ինչպես աշխատանքի այն հասարակական բնական ուժերը, որոնք ծագում են աշխատանքի կոոպերացիայից, աշխատանքի բաժանումից և այլն։ Գործարանատերը վճարում է ածխի համար, բայց ոչ թե ջրի այն ունակության համար, որով սա փոխում է իր միացությունների վիճակը, շոգու է փոխարկվում, ոչ թե շոգու առաձգականության համար և այլն։ Բնական ուժերի այս մենաշնորհացումը, այսինքն սրանց շնորհիվ առաջացած՝ բանվորական ուժի բարձրացման այս մենաշնորհացումն ընդհանուր գիծ է ամեն մի կապիտալի համար, որը շոգեմեքենաներով է գործ անում։ Նա կարող է աշխատանքի արդյունքի այն մասը, որը հավելյալ արժեք է ներկայացնում, շատացնել այն մասի համեմատությամբ, որն աշխատավարձի է փոխարկվում։ Որչափով նա այս ուղղությամբ է գործում, նա բարձրացնում է շահույթի ընդհանրական նորման, բայց ոչ մի գերշահույթ չի ստեղծում, որն անհատական շահույթի՝ միջին շահույթից գերազանցող ավելցուկն է հենց։ Որ բնական ուժի, ջրվեժի կիրառումը գերշահույթ է ստեղծում այստեղ, սա չի կարող ուրեմն լոկ այն իրողությունից ծագել, որ աշխատանքի աճած արտադրողական ուժը իր գոյությամբ որևէ բնական ուժի կիրառմանն է պարտական։ Պետք է կերպափոխված նորանոր հանգամանքներ մեջտեղ գան։ Ընդհակառակը։ Բնական ուժերի սոսկական կիրառումն արդյունաբերության մեջ կարող է ներգործել շահույթի ընդհանրական նորմայի բարձրության վրա, քանի որ ներգործում է անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար պահանջվող աշխատանքի մասսայի վրա։ Բայց նա ինքնըստինքյան առաջ չի բերում ոչ մի շեղում շահույթի ընդհանրական նորմայից, այնինչ հենց մի այսպիսի շեղման մասին է խոսքն այստեղ։ Այնուհետև. այն գերշահույթը, որ ընդհանրապես անհատական կապիտալը իրացնում է արտադրության մեկ առանձին ոլորտում,— որովհետև շահույթի նորմաների շեղումներն արտադրության առանձին ոլորտներում շարունակ համահարթվելով դառնում են շահույթի միջին նորմա,— ծագում է, եթե մի կողմ թողնենք լոկ պատահական շեղումները, արտադրության ծախքերի, ուրեմն արտադրության վրա արած ծախսումների նվազումից, իսկ վերջինս իր գոյությունը պարտական է կամ այն հանգամանքին, որ կապիտալը գործադրվում է միջինից ավելի մեծ մասսաներով և ուրեմն արտադրության faux frais [անարտադրողական, ավելորդ ծախքերը] նվազում են, այնինչ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ընդհանրական պատճառները (կոոպերացիա, աշխատանքի բաժանում և այլն) հնարավորություն են ստանում ավելի բարձր աստիճանով, ավելի մեծ լարունությամբ գործելու, որովհետև աշխատանքի ավելի ընդարձակ ասպարեզում են գործում, կամ թե չէ արտադրության ծախքերի նվագումը պարտական է այն հանգամանքին, որ, մի կողմ թողած գործող կապիտալի ծավալը, կիրառվում են աշխատանքի ավելի լավ մեթոդներ, նոր գյուտեր, կատարելագործված մեքենաներ, տվյալ գործարանին հայտնի քիմիական գաղտնիքներ և այլն, կարճ ասած, նոր, կատարելագործված, միջին մակարդակից բարձր կանգնած արտադրության միջոցներ ու արտադրության մեթոդներ։ Արտադրության ծախքերի նվազումն ու սրանից բխող գերշահույթն այստեղ ծագում են այն հատուկ եղանակից, որով կիրառվում է գործող կապիտալը։ Նրանք ծագում են կա՛մ նրանից, որ կապիտալի բացառիկ մեծ մասսաներ են համակենտրոնացած լինում մի ձեռքում,— մի պարագա, որ վերանում է, հենց որ միջին հաշվով կապիտալի հավասարամեծ մասսաներ են կիրառվում,— կամ էլ նրանից, որ որոշ մեծություն ունեցող կապիտալը հատուկ արտադրողական եղանակով է գործում,— մի հանգամանք, որ չքանում է, հենց որ արտադրության այդ բացառիկ եղանակն ընդհանրականանում է, կամ թե գերազանցվում է է՛լ ավելի զարգացած եղանակի կողմից։ Հետևաբար, գերշահույթի պատճառն այստեղ հենց ինքը կապիտալն է (որի մեջ ընդգրկվում է նրա կողմից շարժման մեջ դրվող աշխատանքն էլ), լինի այս պատճառը կիրառվող կապիտալի մեծությունների տարբերությունը, թե նրա նպատակահամար կիրառուժը, միևնույն է. և ինքնըստինքյան ոչինչ չի խանգարում, որ ամեն կապիտալ արտադրության միևնույն ոլորտում նույն եղանակով գործադրվի։ Կապիտալների միջև կատարվող մրցումն, ընդհակառակը, ձգտում է ավելի ու ավելի համահարթելու, այս տարբերությունները. արժեքը հանրորեն անհրաժեշտ աշխատանքի ժամանակով որոշելը դրսևորվում է ապրանքների էժանացմամբ ու ապրանքները միևնույն նպաստավոր պայմաններում պատրաստելու հարկադրանքով։ Բայց խնդիրն այլ կերպ է դրվում այն գործարանատիրոջ գերշահույթի վերաբերմամբ, որը օգտագործում է ջրվեժը, նրա բանեցրած աշխատանքի ավելի բարձր արտադրողական ուժը ո՛չ բուն իսկ կապիտալից ու աշխատանքից է ծագում, ոչ էլ կապիտալից ու աշխատանքից տարբերվող, բայց կապիտալին միակցված բնական ուժի սոսկական կիրառումից։ Նա ծագում է աշխատանքի բնաճուն արտադրողական ավելի մեծ ուժից՝ կապակցված լինելով բնական ուժի օգտագործման հետ, բայց ոչ թե այնպիսի բնական ուժի, որն արտադրության տվյալ ոլորտում ամեն կապիտալի տրամադրության տակ է, ինչպես, օրինակ, շոգու առաձգականությունը, հետևաբար, որի կիրառումն ինքնինքյան հասկանալի չէ անպայման, հենց որ ընդհանրապես կապիտալ է ներդրվում այս ոլորտում, այլ մենաշնորհացնելի մի բնական ուժի, որն, ինչպես ջրվեժը, միմիայն նրանց տրամադրության տակ է լինում, որոնց ձեռին են երկրագնդի առանձին հողակտորներ ու սրանց պատկանելիքներ։ Կապիտալից չի կախված բնավ՝ աշխատանքի արտադրողական ավելի բարձր ուժի այս բնական պայմանը կյանքի կոչել այնպես, ինչպես ամեն մի կապիտալ կարող է ջուրը շոգու փոխարկել։ Այս բնական պայմանը միմիայն տեղտեղ է գտնվում, և այնտեղ, որտեղ նա չկա, չի կարելի նման պայման գոյացնել կապիտալի որոշ ծախսում անելով։ Նա կապված չէ աշխատանքի միջոցով պատրաստելի արդյունքների, ինչպես, օրինակ, մեքենաների, ածխի և այլոց հետ, այլ հողի որոշ մասի բնական որոշակի պայմանների հետ։ Գործարանատերերի այն մասը, որ ջրվեժների տերն է, ջրվեժներ չունեցող մասին հեռու է պահում այս բնական ուժը կիրառելուց, որովհետև հողն ու մանավանդ ջրի ուժով օժտված հողը սահմանափակ է։ Այս չի բացառում այն, որ, թեև բնական ջրվեժների քանակը մի երկրում սահմանափակ է, սակայն արդյունաբերության համար օգտագործելի ջրի ուժի քանակը կարող է շատացվել։ Կարող են ջրվեժն արհեստականորեն դենը տանել՝ նրա շարժիչ ուժը լիովին օգտագործելու համար. եթե ջրվեժ կա, կարելի է ջրանիվը կատարելագործել՝ ջրի ուժն ըստ կարելվույն ավելի լայն չափով օգտագործելու համար. որտեղ սովորական անիվը հարմար չէ ջուրն առբերելու համար, կարող են տուրբիններ գործածվել և այլն։ Այս բնական ուժի տիրությունը մենաշնորհ է կազմում նրա տիրոջ ձեռին, ներդրված կապիտալի ավելի բարձր արտադրողական ուժի մի այնպիսի պայման, որը չի կարող պատրաստվել բուն իսկ կապիտալի արտադրության պրոցեսի միջոցով<ref>Գերշահույթի մասին տե՛ս „Inquiry” (Մալթուսի դեմ)։</ref>. այս բնական ուժը, որը այս ձևով մենաշնորհացնելի է, միշտ հողի հետ է շաղկապված։ Մի այսպիսի բնական ուժ չի պատկանում ո՛չ արտադրության տվյալ ոլորտի ընդհանուր պայմանների շարքին ու ո՛չ էլ նրա այնպիսի պայմանների շարքին, որոնք կարող են ընդհանրապես ստեղծվել։ Հիմա եթե մենք պատկերացնենք, թե ջրվեժներն այն հողի հետ միասին, որտեղ նրանք գտնվում են, այնպիսի անձերի ձեռին են, որոնք երկրագնդի այս մասի տերեր են համարվում, որպես հողի սեփականատերեր, ապա կտեսնենք, որ սրանք արգելում են ջրվեժի նկատմամբ կապիտալ ներդրելն ու այն կապիտալի միջոցով օգտագործելը։ Նրանք կարող են թույլատրել օգտագործումը կամ թե մերժել։ Բայց կապիտալը չի կարող իր ուժով ջրվեժ ստեղծել։ Ուստի այն գերշահույթը, որ ջրվեժի այս օգտագործումից է առաջ գալիս, ո՛չ թե կապիտալից է ծագում, այլ այս մենաշնորհացնելի ու մենաշնորհացված բնական ուժի օգտագործումից կապիտալի կողմից։ Այս հանգամանքներում գերշահույթը փոխարկվում է հողային ռենտայի, այսինքն բաժին է ընկնում ջրվեժի սեփականատիրոջը։ Եթե գործարանատերը սրան տարեկան 10 £ է վճարում սրա ջրվեժի համար, ապա նրա շահույթն անում է 15 £. 15% այն 100 £-ի վրա հաշված, որին այս դեպքում հասնում են նրա արտադրության ծախքերը. և գործարանատերը հիմա ճիշտ նույն պայմաններում և միայն առանձին դեպքերում՝ ավելի լավ պայմաններում է աշխատում, քան արտադրության նույն ոլորտի մյուս բոլոր կապիտալիստները, որոնք շոգի են բանեցնում։ Իրերի այս դրությունը բնավ չէր փոխվի, եթե կապիտալիստն ինքը տիրանար ջրվեժին։ Նա առաջվա պես l0%-անոց գերշահույթ կկորզեր ոչ իբրև կապիտալիստ, այլ իբրև. ջրվեժի սեփականատեր. և հենց այն պատճառով, որ այս ավելցուկն առաջ է գալիս ոչ թե նրա կապիտալից իբրև այսպիսուց, այլ մի այնպիսի բնական ուժի տնօրինությունից, որը նրա կապիտալից անջատելի է, մենաշնորհացնելի ու ըստ իր չափերի՝ սահմանափակ,— հենց այս պատճառով հիշյալ ավելցուկը դառնում է հողային ռենտա։ '''Առաջին'''. պարզ է, որ այս ռենտան միշտ դիֆերենցիալ ռենտա է, որովհետև նա չի մտնում ապրանքի ընդհանրական արտադրության գնի մեջ, իբրև որոշիչ տարր, այլ ենթադրում է այն։ Ռենտան միշտ ծագում է այն տարբերությունից, որ լինում է իր տրամադրության տակ մենաշնորհացված բնական ուժ ունեցող առանձին կապիտալի անհատական արտադրության գնի ու արտադրության տվյալ ոլորտում ընդհանրապես ներդրված կապիտալի ընդհանրական արտադրության գնի միջև։ '''Երկրորդ'''. այս հողային ռենտան ծագում է ոչ թե կիրառվող կապիտալի, կամ թե սրա կողմից յուրացվող աշխատանքի արտադրողական ուժի բացարձակ բարձրացումից, որը ընդհանրապես միմիայն քչացնել կարող էր ապրանքների արժեքը, այլ որոշ, արտադրության տվյալ ոլորտում ներդրված առանձին կապիտալների հարաբերական ավելի բարձր արտադրողականությունից՝ համեմատած կապիտալի այն ներդրումների հետ, որոնք անզոր են օգտվելու արտադրողական ուժի բացառիկ, բնության կողմից ստեղծված, բարենպաստ պայմաններից։ Եթե, օրինակ, շոգու օգտագործումը, չնայած որ ածուխն արժեք ունի, իսկ ջրի ուժը՝ ոչ, ընձեռեր այնպիսի գերակշռող առավելություններ, որոնք հնարավոր չլիեին ջրի ուժի օգտագործման դեպքում և ավելի քան համակշռեին ծախքերը, ապա ջրի ուժը չէր կիրառվի և չէր կարող ոչ մի գերշահույթ, հետևաբար ոչ մի ռենտա առաջ բերել։ '''Երրորդ'''. բնության ուժը գերշահույթի աղբյուրը չէ, այլ նույնի բնական պատվանդանը միայն, որովհետև նա աշխատանքի բացառիկորեն բարձրացած արտադրողական ուժի բնական պատվանդանն է։ Այնպես, ինչպես ընդհանուր առմամբ սպառողական արժեքը փոխանակային արժեքի կրիչն է, բայց ոչ թե նրա պատճառը։ Եթե կարելի լիներ միևնույն սպառողական արժեքը առանց աշխատանքի ձեռք բերել, ապա նա ոչ մի փոխանակային արժեք չէր ունենա, բայց իր բնական օգտակարությունն առաջվա պես կպահպաներ իբրև սպառողական արժեք։ Բայց մյուս կողմից՝ իրը ոչ մի փոխանակային արժեք չունի առանց սպառողական արժեքի, ուրեմն առանց աշխատանքի այս բնական կրողի։ Եթե տարբեր արժեքները համահարթվելով չվերածվեին արտադրության գների, և արտադրության տարբեր անհատական գներն էլ ընդհանրական, շուկան կարգավորող արտադրության գնի, ապա ջրվեժի կիրառմամբ ծագող աշխատանքի արտադրողական ուժի սոսկական բարձրացումը լոկ կցածացներ ջրվեժի միջոցով արտադրված ապրանքների գինը՝ առանց բարձրացնելու այս ապրանքներում պարունակված շահութամասը, ճիշտ այնպես, ինչպես մյուս կողմից՝ աշխատանքի բարձրացած արտադրողական այս ուժն ընդհանրապես չէր փոխարկվի հավելյալ արժեքի, եթե կապիտալը չյուրացներ իր բանեցրած աշխատանքի բնական ու հասարակական արտադրողական ուժն իբրև իր սեփականը։ '''Չորրորդ'''. ջրվեժի նկատմամբ ունեցած հողային սեփականությունն ինքնըստինքյան ոչ մի գործ չունի հավելյալ արժեքի (շահույթի) այդ մասի ստեղծման և ուրեմն ընդհանրապես ապրանքի գնի հետ, որը ջրվեժի օգնությամբ է արտադրվում։ Այս գերշահույթը գոյություն կունենար նաև այն դեպքում, եթե ոչ մի հողային սեփականություն գոյություն չունենար, եթե, օրինակ, այն հողամասը, որտեղ գտնվում է ջրվեժը, գործարանատիրոջ կողմից օգտագործվեր իբրև անտեր հող։ Հետևաբար, հողային սեփականությունը չի ստեղծում արժեքի այն մասը, որը գերշահույթի է փոխարկվում, այլ նա լոկ հնարավորություն է տալիս հողի սեփականատիրոջը, ջրվեժի սեփականատիրոջը, որ սա այս գերշահույթը գործարանատիրոջ գրպանից փոխադրի իր գրպանը։ Հողային սեփականությունը ոչ թե այս գերշահույթի ստեղծման պատճառ է, այլ այն բանի պատճառ, որ գերշահույթն ընդունում է հողային ռենտայի ձև, և հետևաբար շահույթի կամ ապրանքագնի այս մասը յուրացվում է հողի սեփականատիրոջ կամ ջրվեժի սեփականատիրոջ կողմից։ '''Հինգերորդ'''. պարզ է, որ ջրվեժի գինը, այսինքն՝ այն գինը, որ հողի սեփականատերը կստանար, եթե այն ծախեր մի երրորդ անձի կամ թե հենց գործարանատիրոջը, նախ և առաջ չի մտնում ապրանքների արտադրության գնի մեջ, թեև մտնում է գործարանատիրոջ արտադրության անհատական ծախքերի մեջ որովհետև ռենտան այստեղ ծագում է շոգեմեքենաներով արտադրված միևնույն տեսակի ապրանքների արտադրության գնից, որը կարգավորվում է ջրվեժից անկախ։ Բայց այնուհետև ջրվեժի այս գինը ընդհանրապես իռռացիոնալ արտահայտություն է, որի թիկունքում իրական տնտեսական հարաբերություն է թաքնված։ Ջրվեժը, ինչպես երկիրն ընդհանրապես, ինչպես բնության ամեն ուժ, ոչ մի արժեք չունի, որովհետև նա չի ներկայացնում իր մեջ առարկայացած ոչ մի աշխատանք, ուրեմն չունի և ոչ մի գին, որը սովորաբար ուրիշ բան չէ, քան փողով արտահայտված արժեք։ Որտեղ ոչ մի արժեք չկաք այնտեղ eo ipso [ինքնըստինքյան] ոչինչ էլ չի կարող փողով արտահայտվել։ Այս գինը ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալացված հողային ռենտա։ Հողային սեփականությունը հողատիրոջը հնարավորություն է տալիս անհատական շահույթի ու միջին շահույթի միջև եղած տարբերությունը իր ձեռքը գցելու. այս եղանակով ձեռք գցած շահույթը, որը նորոգվում է ամեն տարի, կարող է կապիտալացվել և այս դեպքում հանդես է գալիս իբրև հենց բնության ուժի գին։ Եթե այն գերշահույթը, որ ջրվեժի օգտագործումն է տալիս գործարանատիրոջը, տարեկան 10 £ է, իսկ միջին տոկոսը՝ 6%, ապա այս տարեկան 10 £-ը ներկայացնում է 200 £-անոց մի կապիտալի տարեկան տոկոսը, և տարեկան 10 £-ի այս կապիտալացումը, 10 £-ի, որը գործարանատիրոջից հափշտակելու հնարավորությունը ջրվեժն է տալիս իր սեփականատիրոջը, այս դեպքում երևան է գալիս իբրև հենց ջրվեժի կապիտալային արժեք։ Որ ինքն այս ջրվեժն արժեք չունի, այլ նրա գինը զավթած գերշահույթի սոսկական արտացոլումն է՝ կապիտալիստորեն հաշված, այս իսկույն երևում է այն բանից, որ 200 £ գինը 10 £-անոց գերշահույթի լոկ 20 տարվա արտադրյալն է, մինչդեռ նույն ջրվեժն այլ հավասար հանգամանքներում իր սեփականատիրոջը հնարա-
Վստահելի
1396
edits