Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:
Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խունացավխամրեց: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին սրահի պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կան կուտակած:
— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը տանում է ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:
Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին սպասքը՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:
— Դու է՞լ ոչինչ չես տեսել և չե՞ս չես լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին: — Թերևս, ոչ, առաջնորդ,— պատասխանեց վերջինս: — Օրքերն ինչ-որ տեղ թաքնվել են: Սակայն, եթե ինձ չի թվացել, ես ինչ-որ արտասովոր արարածի հանդիպեցի: Արդեն մթնշաղ էր, իսկ մթության մեջ ամեն ինչ ավելի մեծ է թվում, քան կա իրականում: Երևի, դա ուղղակի սկյուռ էր: Սեմը սրեց ականջները: — Բայց եթե սկյուռ էր, ապա ամբողջովին սև և առանց պոչի: Ստվերի պես սահեց ու թաքնվեց ծառի հետևում: Հետո նայում եմ, մագլցում է վերև: Քեզ դուր չի գալիս, երբ առանց պատճառի սպանում են գազաններին, այդ պատճառով էլ ես չնետահարեցի նրան: Բացի այդ, մութ էր, իսկ այդ գազանիկն ակնթարթորեն թաքնվեց տերևների մեջ: Ես, ճիշտ է, մի փոքր էլ կանգնեցի՝ ամեն դեպքում այդ կենդանին ինձ կասկածելի թվաց՝ իսկ հետո, երբ վերջապես որոշեցի հեռանալ, ինձ թվաց, թե վերևից ֆշշոց է գալիս: Բայց ոչ, թերևս, դա սկյուռ էր, ուղղակի սովորականից մեծ: Հնարավոր է, գազանները փախչում են թշնամուց, թող չհնչի նրա անունը, և Չարքանտառից գալիս են մեզ մոտ: Ասում են, այնտեղ սև սկյուռիկներ կան: — Չի բացառվում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն, եթե դու ճիշտ ես, դա վատ նշան է: Մեզ այստեղ Չարքանտառի փախստականներ պետք չեն: Այդ էր միայն պակասում: Սեմին թվաց, որ վերջին բառերն ասելով, Ֆարամիրը նայեց իրենց, բայց նա մտածեց, որ ավելի լավ է լռել: Նրանք Ֆրոդոյի հետ պառկել էին կողք կողքի, նայում ջահերի ցոլքերին և սրահում քայլող ու ցածրաձայն զրուցող մարդկանց: Հետո Ֆրոդոն աննկատելի քնեց: Սեմը ինքն իրեն համոզում էր չքնել: «Արի ու իմացիր,— մտածում էր նա,— Մարդկանց գործը դժվար է: Իզուր չեն ասում. լեզվից մեղր է կաթում, սրտից՝ թույն: — Նա մինչև ականջները հորանջեց: — Էհ, քնեի մի շաբաթ՝ կարգին կթարմանայի... Բայց ենթադրենք չքնեցի՝ ի՞նչ կարող եմ անել, եթե ինչ-որ բան լինի: Միևնույնն է, էստեղ շատ հսկաներ կան մի հոբիթի համար... Եվ այնուամենայնիվ չքնես, Սեմ Գեմջի, չհամարձավկե՛ս քնել»: Եվ չհամարձակվեց: Դռան բացվածքը մթագնեց, և մոխրագույն ջրե վարագույրը կորավ մթության մեջ: Բայց թափվող ջրի միօրինակ աղմուկը չդադարեց ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան: Ջրի ձայնը օրոր էր ասում, և Սեմը, չկարողանալով այլևս իրեն զսպել, բռունցքներով կատաղորեն տրորեց աչքերը: Նոր ջահեր վառվեցին: Մի տակառիկ գինի գլորելով բերեցին, բացեցին սննդի արկղերը: Ոմանք ջրվեժից ջուր բերեցին, ոմանք լվացվեցին: Ֆարամիրի առջև պղնձե կոնք դրեցին, սպիտակ սրբիչ բերեցին, և նա սկսեց լվացվել: — Արթնացրեք հյուրերին,— կարգադրեց նա,— և ջուր տվեք նրանց լվացվելու համար: Ընթրիքի ժամանակն է: Ֆրոդոն նստեց, հորանջեց ու ձգվեց: Սեմը տարակուսած նայում էր բարձրահասակ ռազմիկին, որը ջրով լի կոնքը ձեռքին խոնարհվել էր նրա առաջ: — Դրեք գետնին, եթե կարելի է, պարո՛ն,— վերջապես ասաց նա: — Այդպես և՛ ինձ, և՛ ձեզ ավելի հարմար կլինի: Ի զարմանս և ուրախություն շրջապատողների, նա գլուխը մտցրեց կոնքի մեջ և, փնչացնելով, ջուր շփեց պարանոցին ու ականջներին: — Ձեզ մոտ մի՞շտ են ընթրիքից առաջ լվանում գլուխը,— Հարցրեց հոբիթներին սպասարկող ռազմիկը: — Ոչ, սովորաբար մենք դա անում են նախաճաշից առաջ,— պատասխանեց Սեմը: — Բայց եթե երկար ժամանակ չես քնել, սառը ջուր ցանիր գլխիդ՝ և կթարմանաս, ինչպես տերևները անձրևից: Ֆ-ֆու-ու՛: Այ հիմա երևի ուժերս կբավականացնեն, որ ընթրիքի ժամանակ չքնեմ: