Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Չի բացառվում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն, եթե դու ճիշտ ես, դա վատ նշան է: Մեզ այստեղ Չարքանտառի փախստականներ պետք չեն: Այդ էր միայն պակասում:
Սեմին թվաց, որ վերջին բառերն ասելով, Ֆարամիրը նայեց իրենց, բայց նա մտածեց, որ ավելի լավ է լռել: Նրանք Ֆրոդոյի հետ Հոբիթները պառկել էին կողք կողքի, նայում էին ջահերի ցոլքերին և սրահում քայլող ու ցածրաձայն զրուցող մարդկանց: Հետո Ֆրոդոն աննկատելի քնեց:
Սեմը ինքն իրեն համոզում էր չքնել: «Արի ու իմացիր,— մտածում էր նա,— Մարդկանց գործը դժվար է: Իզուր չեն ասում. լեզվից մեղր է կաթում, սրտից՝ թույն: — Նա մինչև ականջները հորանջեց: — Էհ, քնեի որ մի շաբաթ՝ շաբաթ քնեի՝ կարգին կթարմանայի... Բայց ենթադրենք չքնեցի՝ ի՞նչ կարող եմ անել, եթե ինչ-որ բան լինի: Միևնույնն է, էստեղ շատ հսկաներ կան մի հոբիթի համար... Եվ այնուամենայնիվ չքնես, Սեմ Գեմջի, չհամարձավկե՛ս քնել»:
Եվ չհամարձակվեց: Դռան բացվածքը մթագնեց, և մոխրագույն ջրե վարագույրը կորավ մթության մեջ: Բայց թափվող ջրի միօրինակ աղմուկը չդադարեց ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան: Ջրի ձայնը օրոր էր ասում, և Սեմը, չկարողանալով այլևս իրեն զսպել, բռունցքներով կատաղորեն տրորեց աչքերը:
Նոր ջահեր վառվեցին: Մի տակառիկ գինի գլորելով բերեցին, բացեցին սննդի արկղերը: Ոմանք և ջրվեժից ջուր բերեցին, ոմանք լվացվեցին: Լվացվեցին: Ֆարամիրի առջև պղնձե կոնք դրեցին, սպիտակ սրբիչ բերեցին, և նա սկսեց լվացվել:
— Արթնացրեք հյուրերին,— կարգադրեց նա,— և ջուր տվեք նրանց լվացվելու համար: Ընթրիքի ժամանակն է: