Changes
: Ուստի ապագա կենսագիրներու թողլով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքա՜ն դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ՝ ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ։
: Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875-ին։ Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով։ Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով։
[[Պատկեր:Phanjuni_pic_3.png|200px|thumb|left]]
: Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
: — Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
: Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։
: Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
[[Պատկեր:Phanjuni_pic_4.png|200px|thumb|right]]
: — Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
: — Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։