Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

Ավելացվել է 52 815 բայտ, 23:46, 16 Հունիսի 2015
— Երևի հենց այդպես էլ լինի,— ասաց նա,— ինչ լավն ես, որ մտածել ես այդ ուղևորության մասին։
 
==Միսս Ստայնը խրատում է==
 
Երբ մենք Փարիզ վերադարձանք, օրը պարզ էր, սառն ու հրաշալի։ Քաղաքը պարտաստվում էր ձմռանը։ Մեր տան դիմաց, փայտի ու ածխի պահեստում, հիանալի փայտ էին ծախում, եւ բազմաթիվ լավ սրճարանների պատշգամբներում մանղալներ էին դրված։ Մեր բնակարանը տաք էր ու հարմարավետ։ Վառվող խանձողների վրա դնում էինք boulets՝ մամլած ածխափոշու ձվաձեւ սալիկներ, իսկ փողոցում լույս էր, ձմեռային լույս։ Արդեն սովորական էին դարձել մերկ ծառերը երկնքի ֆոնի վրա եւ զբոսանքները՝ Լյուքսեմբուրգյան այգու անձրեւից լվացված ծառուղիներում, երբ փչում էր խիստ, բայց զովաշունչ քամին։ Տերեւաթափ ծառերը կանգնել էին քանդակների նման, ձմեռային քամիներն ակոսում էին լճակների ջրերը, եւ շատրվաններն էին ցայտում արեւի տակ։ Այն օրերից ի վեր, երբ մենք երկար ճանապարհորդել էինք լեռներում, մեզ արդեն չէր վախեցնում ոչ մի տարածություն։
 
Լեռներում դժվարին վերելքներից հետո հաճելի էր քայլել դիք փողոցներով եւ բարձրանալ հյուրանոցի ամենավերին հարկը, այն սենյակը, ուր ես աշխատում էի․ այնտեղից երեւում էին բլրալանջին ծվարած տների կտուրներն ու ծխնելույզները։ Բուխարիկը լավ էր վառվում, եւ տաք սենյակում հաճելի էր աշխատել։ Ես թղթե ծրարների մեջ իմ սենյակն էի բերել մանդարին ու բոված շագանակ, եւ երբ քաղցած էի լինում, ուտում էի շագանակ ու մանդարինի չափ մանր նարինջ, կեղեւը նետում բուխարիկի մեջ։ Կորիզները եւս թքում էի այնտեղ։ Զբոսանքը, ցուրտն ու աշխատանքը միշտ գրգռում էին ախորժակս։ Իմ սենյակում պահում էի մի շիշ բալի թրմօղի, որ մենք լեռներից էինք բերել, եւ երբ ավարտում էի որեւէ պատմվածք կամ ցերեկվա աշխատանքս, մի գավաթ թրմօղի էի խմում։ Աշխատանքս ավարտելով, ծոցատետրս կամ թղթերս դնում էի սեղանի գզրոցում, իսկ մնացած նարինջները՝ գրպանս։ Եթե դրանք գիշերը թողնես սենյակում, կցրտահարվեն։
 
Հաճելի է իջնել լայն միջնասանդուղքներով, երբ գիտակցում ես, որ լավ աշխատել ես։ Ես միշտ աշխատել եմ այնքան երկար, մինչեւ որ հաջողվել է որեւէ բանի հասնել եւ միշտ աշխատանքս դադարեցրել եմ այն ժամանակ, երբ արդեն գիտեի, թե ինչ պիտի լինի հետո։ Այնուհետեւ ես արդեն վստահ եմ եղել, որ գրելու եմ նաեւ վաղը։ Բայց երբեմն նոր պատմվածք սկսելով եւ ոչ մի կերպ սիզբը չգտնելով, ես նստում էի բուխարիկի դիմաց, մանր նարինջների կեղեւի հյութը ցայտեցնում էի ուղիղ կրակին եւ դիտում բոցի կապույտ բռնկումները։ Կամ կանգնում էի պատուհանի մոտ, նայում Փարիզի տանիքներին ու մտածում՝ «Մի՛ անհանգստանա։ Դու առաջ էլ գրել ես, հիմա էլ կգրես։ Քո անելիքը ընդամենն այն է, որ գրես մի իսկական դարձվածք։ Ամենաիսկականը, որպիսին միայն դո՛ւ գիտես»։ Եվ վերջ ի վերջո ես գրում էի մի իսկական դարձվածք, իսկ դրա հետեւից գալիս էին մյուսները։ Դա հեշտ էր, որովհետեւ միշտ գտնվում էր մի իսկական դարձվածք, որը ես գիտեի կամ կարդացել էի, կամ լսել ուրիշից։ Իսկ եթե ես որոշ հեղինակների նման փորձում էի մանրազնին հղկել յուրաքանչյուր բառը, բացատրել ու պարզաբանել, ապա համոզվում էի, որ կարող եմ առանց ցավ զգալու պոկել բոլոր այդ զարդարանքները, դեն նետել, եւ պատմվածքը սկսել նախկինի պես, այն պարզ ու իսկական դարձվածքով, որով հենց սկսել էի։ Վերին հարկի իմ սենյակում ես որոշեցի մեկական պատմվածք գրել այն ամենի մասին, ինչ գիտեմ։ Գրելիս միշտ աշխատել եմ հետեւել դրան, եւ դա շատ կարգապահ է դարձրել ինձ։
 
Այդ սենյակում, դրանից բացի, ես սովորեցի աշխատանքս դադարեցնելու պահից մինչեւ հաջորդ օրվա այն րոպեն, երբ կրկին սկսում եմ գրել, չմտածել, թե ինչի մասին եմ գրում։ Այսպիսով, իմ ենթագիտակցությունը շարունակում էր աշխատել պատմվածքի ուղղությամբ․ ես լսում էի մյուս մարդկանց եւ հուսով էի, որ ամեն ինչ կնկատեմ, հուսով էի, որ ինչ֊որ նոր բանե կսովորեմ, եւ բացի այդ, կարդում էի, որպեսզի մոռանամ աշխատանքս եւ չկորցնեմ աշխատելու ընդունակությունս։ Շատ հաճելի է սանդուղքներով ներքեւ իջնել, երբ գիտես, որ լավ շախատել ես․ իսկ դրա համար ներշնչանք է պահանջվում, ինչպես եւ կարգապահություն։ Այժմ ես կարող եմ Փարիզում գնալ ուր ուզում եմ։
 
Աշխատանքից հետո ես տարբեր փողոցներով գնում էի Լյուքսեմբուրգյան այգի, զբոսնում էի այնտեղ, այնուհետեւ մտնում Լյուքսեմբուրգյան թանգարան, որտեղ կային հոյակապ կտավներ, որոնց մեծ մասը այժմ գտնվում է Լուվրում եւ «Գնդակ խաղալու դահլիճում»<ref>Տաղավար է Լուվրի մոտ գտնվող Թյուիրի այգում, որտեղ այժմ գտնվում է իմպրեսիոնիստ նկարիչների թանգարանը։</ref>։ Ես գրեթե ամեն օր այնտեղ էի գնում Սեզանի պատճառով, ինչպես նաեւ Մանեի ու Մոնեի եւ մյուս իմպեսիոնիստների կտավները դիտելու համար, որոնց առաջին անգամ ծանոթացել եմ Չիկագոյի արվեստի ինտիստուտում։ Սեզանի գեղանկարչությունը ինձ սովորեցնում էր, որ միայն իսկական պարզ դարձվածքները դեռեւս քիչ են պատմվածքին այնպիսի տարողություն ու խորություն հաղորդելու համար, որին ես ձգտում էի հասնել։
 
Ես նրանցից շատ բան եմ սովորել, բայց չեմ կարող պարզորոշ բացատրել՝ հատկապես ինչ։ Բացի այդ, դա գաղտնիք է։ Իսկ ամպամած օրերին, երբ Լյուքսեմբուրգյան թանգարանում մութ էր լինում, ես քայլում էի այգով եւ մտնում Ֆլերյուս փողոցի № 27 տան բնակարան֊ստուդիան, որտեղ ապրում էր Գերտրուդ Ստայնը։
 
Ես եւ կինս այցելեցինք միսս Ստայնին, որն ապրում էր իր բարեկամուհու հետ, եւ նրանք մեզ ընդունեցին բարեկամաբար ու շատ սրտագին։ Մեզ շատ դուր եկավ հիանալի կտավներով զարդարված ստուդիան։ Այն հիշեցնում էր ամենանշանավոր թանգարանների լավագույն սրահները, միայն թե այնտեղ դրված էր մի մեծ բուխարի, տաք էր ու հարմարավետ, եւ մեզ հյուրասիրում էին համեղ բաներ, թեյ էին տալիս, նաեւ կարմիր ու դեղին սալորի կամ անտառամորու բնական լիկյորներ։ Այդ բուրումնավետ, անգույն ըմպելիքները մատուցում էին բյուրեղապակյա սրվակներով, լցնում էին փոքրիկ գավաթների մեջ, եւ ինչպես էլ դրանք կոչվեն՝ quetsche, mirabelle կամ framboise, միեւնոյն է, ունեին այդ մրգերի համը, հաճելիորեն վառում էին լեզուդ, ե՛ւ ջերմացնում, ե՛ւ խոսելու ցանկություն առաջացնում։
 
Միսս Ստայնը խոշոր կին էր, ոչ այնքան բարձրահասակ, բայց գեղջկուհու նման հաստամարմին։ Նա գեղեցիկ աչքեր ուներ եւ գերմանական հրեուհու հաստատակամ դեմք, որպիսին կարող էր լինել նաեւ Ֆրիուլիի<ref>Նահանգ Հյուսիս֊արեւելյան Իտալիայում։</ref> բնակչուհու դեմքը, եւ ընդհանրապես, նա ինձ Հյուսիսային Իտալիայում ծնված գեղջկուհի էր հիշեցնում ե՛ւ իր հագուստով, ե՛ւ արտահայտիչ, շարժուն դեմքով, ե՛ւ գեղեցիկ, փարթամ, անհնազանդ մազերով, որ նա, երեւի դեռեւս կոլեջում, ծամ է հյուսել ու փաթաթել գլխին։ Նա անընդհատ խոսում էր եւ սկզբից պատմեց զանազան մարդկանց ու երկրների մասին։
 
Նրա ընկերուհին հաճելի ձայն ուներ, փոքրահասակ էր, թխադեմ, Բուտտե դե Մոնվելի նկարած Ժաննա դʼԱրկի մազերով եւ կեռ քթով։ Երբ մենք ներս մտանք, նա ինչ֊որ բան էր ասեղնագործում եւ շարունակելով ասեղնագործել, սկսեց հյուրասիրել մեզ ու, դրանից բացի՝ կնոջս զբաղեցնել զրույցով։ Նա խոսում էր կնոջս հետ, լսում, թե մենք ինչ ենք խոսում եւ հաճախ միջամտում մեր զրույցին։ Ավելի ուշ նա ինձ բացատրեց, որ միշտ զրուցում է հյուրերի կանանց հետ։ Ես ու Հեդլին զգացինք, որ այստեղ հյուրերի կանանց սոսվ հանդուրժում են։ Բայց մեզ դուր եկան միսս Ստայնն ու նրա ընկերուհին, թեեւ վերջինս առանձնապես հաճելի կանանցից չէր։ Կտավները, կարկանդակն ու օղին լավն էին։ Մեզ թվաց, թե մենք եւս դուր ենք գալիս այդ երկու կանանց, եւ նրանք մեզ հետ վարվում են ինչպես դաստիարակված, հույսեր ներշնչող լավ երեխաների հետ, եւ ես զգացի, որ նրանք մեզ ներում են նույնիսկ այն, որ մենք սիրում ենք միմյանց եւ ամուսնացած ենք,— ժամանակը ամեն ինչ կհարթի,— եւ երբ կինս նրանց թեյի հրավիրեց, նրանք ընդունեցին հրավերը։ Երբ նրանք եկան, մենք կարծես թե նրանց է՛լ ավելի դուր եկանք։ Սակայն, գուցե դա բացատրվում էր մեր բնակարանի նեղությամբ, որտեղ բոլորս միմյանց շատ ավելի մօտ գտնվեցինք։ Միսս Ստայնը նստեց գետնին դրված ներքնակի վրա, որ մեր անկողինն էր, խնդրեց ցույց տալ իմ պատմվածքները եւ ասաց, որ դրանք բոլորն էլ իրեն դուր են գալիս, բացառությամբ «Մեզ մոտ՝ Միչիգանու» պատմվածքի։
 
— Լավ պատմվածք է,— ասաց նա,— բայց բանը դրանում չէ։ Այն inaccrochable<ref>Այս արտահայտությունը տվյալ դեպքում նշանակում է «բանի պետք չէ», «չի գնա»։</ref> է։ Դա նշանակում է՝ նման է այնպիսի կտավի, որ նկարիչը կերտել է, բայց չի կարող ցուցադրել, քանի որ հնարավոր չէ կախել, եւ ոչ ոք չի գնի, որովհետեւ տանը եւս չես կարող կախել։
 
— Իսկ եթե պատմվածքը ամենեւին էլ անպարկե՞շտ չէ, այնտեղ պարզապես այնպիսի խոսքեր են գործածված, որպիսիք մարդիկ կիրառում են նման դեպքերո՞ւմ։ Եվ եթե միայն այդ խոսքերն են պատմվածքը ճշմարտացի դարձնո՞ւմ եւ դրանք չես կարող շրջանցել։ Ահա եւ հարկադրված ես օգտագործել դրանք։
 
— Դուք ոչինչ չհասկացաք,— ասաց նա,— պետք չէ գրել inaccrochable բաներ։ Դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Դա սխալ է եւ անմիտ։
 
Նա ասաց, որ ուզում է տպագրվել «Ատլանտիկ Մանսլի»֊ում եւ կհասնի դրան։ Իսկ ես դեռեւս այնքան լավ գրող չեմ, որպեսզի տպագրվեմ այդ հանդեսում կամ «Սաթերդեյ իվնինգ պոստ»֊ում, թեեւ հնարավոր է, որ ես սեփական ոճ ունեցող նոր տիպի գրող եմ, բայց ամենից առաջ ես պետք է հիշեմ, որ չի կարելի գրել inaccrcochable պատմվածքներ։ Ես չփորձեցի նրա հետ վեճի բռնվել, եւ չուզեցի կրկնել, թե ես ինչպես եմ դիալոգներ ստեղծում։ Դա իմ անձնական գործն է։ Բայց ինձ համար հետաքրքիր էր նրան լսել։ Այդ երեկո նա, դրանից բացի, մեզ բացատրեց, թե ինչպես պետք է նկարներ գնել։
 
— Պետք է գնել կամ հագուստ, կամ նկար,— ասաց նա,— տեսնո՞ւմ եք, ինչ հասարակ բան է։ Ոչ ոք, շատ հարուստ մարդկանցից բացի, չի կարող իրեն թույլ տալ ե՛ւ այս, ե՛ւ այն։ Ուշադրություն մի՛ դարձրեք, թե դուք ինչպես եք հագնված։ Եվ հատկապես՝ ոչ մի ուշադրություն նորաձեւությանը։ Գնեցեք ամուր եւ հարմարավետ հագուստ, եւ այդ դեպքում ձեզ մոտ փող կմնա նկարներ գնելու։
 
Ես առարկեցի։
 
— Բայց եթե նույնիսկ այլեւս երբեք հագուստ չգնեմ, միեւնույն է, ես փող չեմ ունենա առնելու Պիկասոյի այն կտավները, որոնք ինձ դուր են գալիս։
 
— Այո, ձեզ համար նա անմատչելի է։ Դուք հարկադրված եք գնելու ձեր հասակի մարդկանց, ձեր զորահավաքի տարիքն ունեցող մարդկանց նկարները։ Դուք նրանց հետ կծանոթանաք։ Դուք նրանց կհանդիպեք ձեր թաղամասում, միշտ կան լուրջ ու նոր լավ նկարիչներ։ Բայց երբ խոսում էի հագուստեղենի մասին, ես նկատի ունեի ավելի շուտ ոչ թե ձեզ, այլ ձեր կնոջը։ Թանկ արժե հատկապես կանացի հանդերձանքը։
 
Ես նկատեցի, որ կինս աշխատում է չնայել միսս Ստայնի համար զարմանալիորեն էժան նրա զգեստին, եւ դա նրան լավ էր հաջողվում։ Երբ նրանք գնացին, ես որոշեցի, որ մենք դեռեւս նրանց դուր ենք գալիս, քանի որ մեզ հրավիրեցին կրկին այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը։
 
Ավելի ուշ, ձմռանը, ինձ հրավիրեցին ստուդիա այցելել ցանկացածս պահին, ժամը հինգից հետո։ Այն ժամանակ ես միսս Ստայնին հանդիպեցի Լյուքսեմբուրգյան այգում։ Չեմ հիշում՝ նա իր շան հե՞տ էր զբոսնում, թե ոչ, եւ ընդհանրապես այն ժամանակ նա շուն ունե՞ր արդյոք։ Միայն գիտեմ, որ ես մենակ էի զբոսնում, քանի որ միջոցներ չունեի ոչ թե շուն, այլ նույնիսկ կատու պահելու, եւ կատու տեսնում էի սոսկ սրճարաններում ու փոքրիկ ռեստորաններում կամ բարապանների սենյակների պատուհաններում՝ հիանալի, գիրուկ կատուներ։ Ավելի ուշ, ես միսս Ստայնին իր շան հետ հաճախ էի հանդիպում Լյուքսեմբուրգյան այգում։ Սակայն ինձ թվում է, որ այն ժամանակ նա դեռ շուն չուներ։
 
Շունը՝ շուն, բայց ես ընդունեցի նրա հրավերը եւ սկսեցի ավելի հաճախ այցելել նրա ստուդիան, եւ նա ինձ միշտ հյուրասիրում էր իսկական օղի, մերթ ընդ մերթ լցնելով բաժակս, իսկ ես դիտում էի նկարները, ու մենք զրուցում էինք։ Նկարները զարմանալի գեղեցիկ էին, իսկ զրույցը՝ շատ հետաքրքիր։ Մեծ մասամբ միսս Ստայնն էր խոսում։ Նա ինձ պատմում էր ժամանակակից նկարների ու նկարիչների մասին, նրանց՝ ավելի շատ որպես մարդկանց, քան նկարիչների մասին, եւ իր աշխատանքի վերաբերյալ։ Նա ինձ ցույց տվեց իր ծավալուն ձեռագրերը, որոնք նրա ընկերուհին մեքենագրում էր։ Միսս Ստայնը հպարտանում էր, որ ամեն օր աշխատում է եւ դրանով երջանիկ է, բայց նրան ավելի մոտիկից ճանաչելով, ես հասկացա, որ նա երջանիկ է լինում միայն այն ժամանակ, երբ նրա ամենօրյա արտադրանքը, որի քանակը կախված էր նրա եռանդից, հրապարակվում է, եւ ինքն էլ համբավ է վաստակում։
 
Երբ ես ծանոթացել էի նրա հետ, դա նրան դեռեւս չէր հուզում, քանի որ նա հրապարակել էր բոլորին հասկանալի երեք պատմվածք։ Այդ պատմվածքներից մեկը՝ «Մելանկտան» շատ լավն էր, իսկ նրա էքսպերիմենտալ ստեղծագործության գերազանց նմուշները հրապարակվել էին առանձին գրքով եւ նրան այցելով կամ պարզապես բարեւող քննադատները դրանք բարձր էին գնահատել։ Նա օժտված էր անձնական հատուկ հմայքով եւ երբ ցանկանում էր որեւէ մեկին իր կողմը գրավել, անհնարին էր դրան դիմադրել։ Քննադատները, որոնք ծանոթ էին նրան եւ տեսել էին նրա նկարները, այնքան էին նրանով՝ որպես մարդ, հիացած, եւ այնքան էին վստահ նրա դատողությունների ճշտությանը, որ հավատով ընդունում էին նրա ստեղծագործությունը, թեեւ չէին հասկանում այն։ Բացի այդ, նա բազմաթիվ ստույգ եւ արժեքավոր ճշմարտություններ է բացահայտել ռիթմի ու կրկնողությունների վերաբերյալ եւ կարողանում էր շատ հետաքրքիր կերպով խոսել այդ թեմայի շուրջը։
 
Սակայն, նա չէր սիրում ուղղել իր ձեռագրերը եւ աշխատել այն հաշվով, որպեսզի դրանք դուրընթեռնելի դարձնի, թեեւ նրան անհրաժեշտ էր տպագրվել ու պաշտոնական ճանաչում ստանալ։ Դա հատկապես վերաբերում է «Ամերիկացիների ձեւավորումը» խորագիրը կրող անասելի երկարաշունչ գրքին։
 
Գիրքը հոյակապ սկիզբ ուներ, հետո գալիս էին տասնյակ էջեր, որոնցից շատերը ուղղակի փայլուն էին, այնուհետեւ սկսվում էին անվերջանալի կրկնողությունները, որոնք առավել բարեխիղճ եւ սակավ ծույլ գրողը զամբյուղ կնետեր։ Ես այդ ստեղծագործությանը մոտիկից ծանոթացա, երբ Ֆորդ Մեդոքս Ֆորդին հորդորեցի, իսկ ավելի ճիշտ՝ հարկադրեցի այն շարունակաբար տպել «Տրանսատլանտիկ Ռեվյու»֊ում, հավատացած լինելով, որ հանդեսը իր գոյությունը ավելի շուտ կդադարեցնի, քան կտեսնի նրա վերջը։ Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում ես հարկադրված էի միսս Ստայնի փոխարեն կարդալ հանդեսի շարվածասյուները, քանի որ նման աշխատանքը նրան հաճույք չէր պատճառում։
 
Այն ցուրտ օրը, երբ ես անցնելով բարապանուհու փոքրիկ սենյակի կողքով, ցուրտ բակի միջով մտա տաք ստուդիան, այս ամենը դեռեւս առաեւումն էր։ Այդ օրը միսս Ստայնը ինձ ուսուցանեց սեռի հարցերը։ Մինչ այդ, մենք արդեն սկսել էինք շատ սիրել միմյանց, եւ ես հասցրել էի յուրացնել, որ այն ամենը, ինչ ես չեմ հասկանում, ինչ֊որ արժանիքներ ունի։ Միսս Ստայնը գտնում էր, որ պարզապես ոչինչ չեմ հասկանում սեռի հարցերում։ Պետք է խոստովանեմ, որ ես որոշակի կանխակալ կարծիք ունեի հոմոսեքսուալիզմի դեմ, քանի որ ինձ սոսկ հայտնի էին նրա առավել պրիմիտիվ ասպեկտները։ Ես գիտեի, թե ինչու դեռահաս պատանիները դանակ էին կրում, իսկ հաճախ էլ դա թափառաշրջիկների շրջապատում գործադրում այն օրերին, երբ «գայլ» բառը դեռեւս չէր նշանակում կանանց համար խելագարված տղամարդ։ Ես բազմաթիվ inaccrochable խոսքեր ու արտահայտություններ գիտեի, որոնք լսել էի Կանզաս֊Սիթիում բնակվածս տարիներին, ինչպես նաեւ ծանոթ էի այդ քաղաքի տարբեր շրջաններում, Չիկագոյում եւ լճանավերում տիրող շատ բարքերի։ Ի պատասխան միսս Ստայնի հարցերին, ես փորձեցի բացատրել, որ տղամարդկանց շրջանում ապրող դեռահաս պատանին պետք է պատրաստ լինի մարդ սպանելու, կարողանա սպանել եւ վստահ լինել՝ կսպանի, որպեսզի իր հետեւից չընկնեն։ Դա accrochable<ref>Մի արտահայտություն, որ տվյալ դեպքում նշանակում է «ընդունելի»։</ref> էր։ Եթե դու գիտես, որ պատրաստ ես սպանելու, մյուսները դա շատ շուտ են զգում եւ քեզ հանգիստ են թողնում։ Լինում է այնպես, երբ մարդ չի կարող թույլ տալ, որ իրեն ուժով կամ խորամանկությամբ թակարդ գցեն։ Ես իմ միտքը կարող էի ավելի պերճախոս արտահայտել լոկ մի inaccrochable դարձվածքի օգնությամբ, որը «գայլերը» կիրառում են լճանավերում։ Բայց միսս Ստայնի հետ զրույցի ժամանակ ես միշտ դարձվածքների ընտրություն էի կատարում նույնիսկ այն դեպքում, երբ ուղղակի խոսքը կարող էր ավելի ճիշտ բացատրել կամ արտահայտել որեւէ նախապաշարմունքի իմաստը։
 
— Այդ բոլորը ճիշտ է, Հեմինգուեյ,— հայտարարեց նա,— բայց դուք ապրել եք այնպիսի միջավայրում, որտեղ տիրապետել են հանցագործությունն ու այլասերվածությունը։
 
Ես չվիճեցի նրա հետ, թեեւ գիտեի, որ ապրել եմ այնպիսի աշխարհում, ինչպիսին այն կա, եւ այնտեղ եղել են տարբեր մարդիկ, ու ես ձգտել եմ հասկանալ նրանց, թեեւ նրանցից ոմանք ինձ դուր չեն եկել, իսկ ոմնց էլ ատում եմ մինչեւ այսօր։
 
— Դե, իսկ դուք ի՞նչ կասեք հիանալի շարժուձեւ եւ մեծ անուն ունեցող այն ծերունու մասին, որը եկավ ինձ մոտ իտալական հոսպիտալ եւ բերեց մի շիշ չեմ հիշում «մարսալի» թե «կամպարի» եւ իրեն անբասիր էր պահում, իսկ այնուհետեւ, մի գեղեցիկ օր, ես հարկադրված եղա բուժքրոջը խնդրել, որպեսզի այդ մարդուն այլեւս թույլ չտա մտնելու իմ հիվանդասենյակը,— հարցրի ես։
 
Դրանք հիվանդ մարդիկ են, որոնք ի վիճակի չեն իշխել իրենց արարմունքների վրա, եւ դուք պետք է խղճաք նրանց։
 
— Նշանակում է, ես պետք է խղճամ նաեւ այնինչի՞ն,— հարցրի ես եւ տվի նրա անունը, բայց նա հենց ինքն այնքան է սիրում իր անունը տալ, որ հարկ չկար նրա փոխարեն մի անգամ եւս այդ անել։
 
— Ոչ, նա արատավոր մարդ է։ Նա այլասերված է եւ իրոք արատավոր։
 
— Բայց նա լավ գրող է համարվում։
 
— Նա վատ գրող է,— ասաց նա,— նա ուղղակի կեցվածքամոլ է եւ այլասերում է, որովհետեւ նրան դուր է գալիս այլասերելը։ Բացի այդ, նա մարդկանց մեջ այլ արատներ էլ է ներարկում։ Օրինակ, նրանց հրապուրում է նարկոտիկներով։
 
— Դե, իսկ միլանցի այն մարդը, որին ես պետք է խղճամ, մի՞թե նա եւս չի փորձել այլասերել ինձ։
 
— Անմիտ բաներ եք ասում։ Նա ինչպե՞ս կարող էր այլասերել ձեզ։ Մի՞թե կարելի է մի շիշ «Մարսալի»֊ով այլասերել նրան, ով մաքուր սպիրտ է խմում ձեզ նման։ Նա ուղղակի մի ողորմելի ծերունի է, որը պատասխանատու չէ իր արարքների համար։ Նա հիվանդ է, չի տիրապետում իրեն, եւ դուք պետք է խղճաք նրան։
 
— Այն ժամանակ ես նրան խղճացի,— ասացի ես։ — Բայց ես շատ հուսախաբված էի․ չէ՞ որ նա այնպիսի լավ շարժուձեւեր ուներ։
 
Ես խմեցի մի կում օղի եւս ու խղճացի այն ծերունուն։ Սկսեցի դիտել Պիկասոյի ծաղիկների դամբյուղով մերկ աղջկան։ Ես չէ, որ սկսել էի այդ խոսակցությունը եւ այժմ մտածում էի, որ այն մի քիչ վտանգավոր է դառնում։ Միսս Ստայնի հետ մեր զրույցների պահին գրեթե երբեք դադար չէր լինում, բայց այժմ մենք լռել էինք, եւ նա ինչ֊որ բան էր ուզում ասել ինձ։ Ես լցրեցի իմ գավաթը։
 
— Դուք, Հեմինգուեյ, այս հարցում իրոք ոչինչ չեք հասկանում,— ասաց նա,— դուք կամ հանցագործների եք հանդիպել, կամ հիվանդների, կամ էլ արատավոր մարդկանց։ Բայց գլխավորն այն է, որ հոմոսեքսուալիզմը նողկալի ու գարշելի բան է, եւ մարդիկ դրանից սկսում են ատելի դառնալ իրենք իրենց աչքում։ Նրանք խմում են եւ նարկոտիկներ կիրառում, որպեսզի մոռանան, բայց շարունակում են զզվանք տածել իրենց արածի նկատմամբ։ Հաճախ փոխում են իրենց պարտնյորներին, բայց չեն կարողանում իսկական երջանկություն գտնել։
 
— Հասկանում եմ։
 
Այն օրերին ինձ անհրաժեշտ էր այնքան շատ բան հասկանալ, որ ես ուրախացա, երբ մենք սկսեցինք այլ բաներից խոսել։ Այգին փակ էր, եւ ես հարկադրված էի ցանկապատի երկայնքով անցնել մինչեւ Վոժիրար փողոցը եւ շրջանցել այն։ Տխուր էր, որ այգին փակ էր ու դռները կողպած, եւ իմ սրտին թախիծ էր իջել այն բանից, որ ես քայլում եմ ցանկապատի երկայնքով, այլ ոչ թե ուղիղ ճանապարհով եմ գնում դեպի տուն, որը գտնվում է կարդինալ Մեմուանի փողոցում։ Բայց չէ որ օրը այնքա՜ն լավ էր սկսվել։ Վաղը ես հարկադրված կլինեմ շատ աշխատել։ Այն ժամանակ ես հավատում էի, ինչպես եւ այժմ եմ հավատում, որ աշխատանքը բոլոր փորձանքների համադարմանն է։ Այնուհետեւ ես սկսեցի մտածել, թե միսս Ստայնը ցանկանում է ինձ բուժել ընդամենը ջահելությունից ու կնոջս նկատմամբ ունեցած իմ սիրուց։ Այնպես որ, երբ եկա կարդինալ Լեմուանի փողոցի մեր տունը եւ կնոջս պատմեցի իմ հասկացածը, ես արդեն տխուր չէի։ Իսկ գիշերը մենք բավականություն ստացանք նրանով, ինչ վաղուց գիտեինք եւ այն նոր գիտելիքներով, որ ձեռք էինք բերել լեռներում։
 
==«UNE GENERATION PERDUE»<ref>Կորած սերունդ (ֆրանս․)։</ref>==
 
Շուտով ինձ համար սովորություն դարձավ երեկոները այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը՝ ջերմության, նկարների ու զրույցի համար։ Միսս Ստայնը հաճախ մենակ էր լինում, ինձ միշտ դիմավորում էր շատ սրտաբաց ու երկար ժամանակ համակրանք էր տածում իմ նկատմամբ։ Երբ ես վերադառնում էի քաղաքական տարբեր կոնֆերանսներից, Մերձավոր Արեւելքից կամ Գերմանիայից, ուր մեկնում էի կանադական թերթի եւ այն գործակալությունների առաջադրանքով, որոնց համար աշխատում էի, նա պահանջում էր, որ պատմեմ բոլոր ծիծաղելի դեպքերը։ Զավեշտական պատմությունների պակասություն չկար, եւ դրանք նրան դուր էին գալիս, ինչպես եւ այն պատմությունները, որոնցից, գերմանացիների ասած, մահապարտի հումորի հոտ էր փչում։ Նա ցանկանում էր իմանալ աշխարհի իրադարձությունների միայն ուրախ կողմը, այլ ոչ թե ամբողջ ճշմարտությունը, ամբողջ հոռի կողմը։
 
Ես երիտասարդ էի եւ հակված չէի վստահության, իսկ զվարճալի ու անհեթեթ դեպքերը պատահում են նույնիսկ ամենավատ պահերին, եւ միսս Ստայնը սիրում էր լսել հենց դրանք։ Մնացած բաները ես նրան չէի պատմում, դրանց մասին գրում էի ինձ համար։
 
Իսկ երս ես Ֆլերյուս փողոցն էի մտնում ոչ թե ուղեվորություններից, այլ աշխատանքից հետո, հաճախ փորձում էի միսս Ստայնի հետ զրույց սկսել գրքերի շուրջը։ Երբ ես աշխատում եմ, գրելն ավարտելուց հետո զգում եմ կարդալու անհրաժեշտություն։ Եթե շարունակ մտածես աշխատանքի մասին, նախքան հաջորդ օրը սեղանի առջեւ նստելը, կարող ես կորցնել այն, ինչի մասին գրում ես։ Անհրաժեշտ է մարզել ոտները, ֆիզիկապես հոգնել եւ հատկապես լավ սիրել սիրեցյալիդ։ Ամենից լավը դա է։ Բայց հետո, երբ զգում ես, որ դատարկված ես, անհրաժեշտ է կարդալ, որպեսզի աշխատանքի մասին չմտածես ու չհոգաս այնքան ժամանակ, մինչեւ կրկին ձեռնամուխ լինես աշխատանքիդ։ Ես արդեն սովորել եմ երբեք մինչեւ վերջ չդատարկել ստեղծագործական մտքի ջրհորը եւ միշտ, երբ այդ ջրհորի խորքում դեռեւս որեւէ բան մնացել է, գրելը դադարեցրել եմ, որպեսզի նրան սնուցող աղբյուրները գիշերվա ընթացքում կարողանան վերստին լցնել այն։
 
Որպեսզի աշխատանքից հետո չխորհեմ գրածիս շուրջը, ես հաճախ կարդում էի այն տարիներին ստեղծագործող հեղինակների, օրինակ Օլդոս Հաքսլիի, Դ․ Գ․ Լոուրենսի եւ այլոց այն գրքերը, որ կարողանում էի գտնել Սիլվիա Բիչի գրադարանում կամ առափնյա փողոցի գրավաճառների մոտ։
 
— Հաքսլին ննջեցյալ է,— ասաց միսս Ստայնը,— ի՞նչ կարիք կա կարդալ մեռածի գրքերը։ Մի՞թե չեք տեսնում, որ նա մեռած է։
 
Ոչ, ես չէի տեսնում, թե նա մեռած է եւ ասացի, որ նրա գրքերը ինձ զվարճացնում են ու թույլ են տալիս չմտածել։
 
— Դուք պետք է կարդաք սոսկ այն, ինչ իսկապես լավ է կամ բացահայտորեն անպետք։
 
— Ես իսկական լավ գրքեր կարդացել եմ այս ամբողջ ձմռանը եւ ամբողջ անցած ձմռանը ու կկարդամ հաջորդ ձմռանը, իսկ բացահայտորեն անպետք գրքերը ես չեմ սիրում։
 
— Բայց ինչի՞ համար եք կարդում այդ դատարկությունը։ Դա հավակնոտ դատարկություն է, Հեմինգուեյ։ Ննջեցյալի գրվածք է։
 
— Ես ցանկանում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են գրում,— ասացի ես,— եւ դա ինձ ետ է պահում նույն բանը գրելուց։
 
— Է՞լ ում գործերն եք կարդում։
 
— Դ․ Գ․ Լոուրենսի,— պատասխանեցի։— Նա մի քանի շատ լավ պատմվածքներ է գրել, հատկապես «Պրուսացի սպան»։
 
— Ես փորձել եմ կարդալ նրա վեպերը։ Նա անտանելի է։ Ողորմելի ու անմիտ։ Եվ հիվանդի նման է գրում։
 
— Իսկ ինձ դուր են եկել «Զվավկներն ու սիրեկանները» եւ «Ճերմակ սիրամարգը»,— ասացի ես,— վերջինս, թերեւս, ոչ այնքան։ Բայց ահա «Սիրահարված կանայք» չկարողացա մինչեւ վերջ կարդալ։
 
— Եթե դուք չեք ուզում վատ գրքեր կարդալ եւ գերադասում եք ինչ֊որ առավել գրավիչ ու յուրովի գեղեցիկ բան, կարդացեք Մարի Բելլոկ Լաունդսին։
 
Ես առաջին անգամն էի լսում այդ անունը, եւ միսս Ստայնը ինձ հանձնարարեց կարդալ «Կենվորը»՝ Ջեկ Դիահատի մասին այդ հիանալի վիպակը, եւ էլի մի վեպ Փարիզի ինչ֊որ մատույցում (որը միայն Էնգիեն֊լե֊Բենը կարող էր լինել) կատարված սպանության վերաբերյալ։ Այդ երկու գրքերն էլ աշխատանքից հետո կարդալու հոյակապ բաներ են։ Նրանց հերոսները բավականին կենսական են, եւ նրանց արարմունքներն ու սարսափները՝ միանգամայն համոզիչ։ Աշխատանքից հետո կարդալու ավելի լավ բան չես գտնի, եւ ես ընթերցեցի միսիս Բելլոկ Լաունդսի բոլոր այն ստեղծագործությունները, որ կարողացա գտնել։ Բայց նա այնքան էլ շատ գրքեր չուներ, եւ ոչ մեկը չէր կարող համեմատվել առաջին երկուսի հետ, ու քանի դեռ չէին հայտնվել Սիմենոնի առաջին հիանալի գրքերը, ինձ չհաջողվեց դրանց հավասար ոչ մի այլ բան գտնել՝ ցերեկվա եւ գիշերվա ազատ ժամերիս կարդալու։
 
Կարծում եմ, միսս Ստայնին դուր կգային Սիմենոնի լավ գրվածքները (իմ կարդացածներից առաջինը կարծեմ «LʼEcluse <b>Numero 1</b>»ը կամ «Li Maison du Canal<ref>«Համար 1 ջրաելակը» եւ «Տունը ջրանցքի վրա» (ֆրանս․)։</ref>»֊ն է եղել), ինչեւէ, ես դրանում վստահ չեմ, որովհետեւ երբ ծանոթացա միսս Ստայնի հետ, նա չէր սիրում ֆրանսերեն կարդալ, թեեւ նրան շատ էր դուր գալիս խոսել այդ լեզվով։ Սիմենոնի իմ կարդացած առաջին երկու գրքերը ինձ տվել էր Ջեյնեթ Ֆլեները։ Նա սիրում էր ֆրանսերեն կարդալ եւ Սիմենոնին կարդում էր դեռեւս այն ժամանակներից սկսած, երբ վերջինս ոստիկանական թղթակից էր։
 
Երեք֊չորս տարվա մեր բարեկամության ընթացքում ես չեմ հիշում թե Գերտրուդ Ստայնը գեթ մեկ անգամ լավ կարծիք հայտնմած լինի որեւէ գրողի մասին, բացի այն գրողներից, որոնք գովում էին նրա ստեղծագործությունները կամ որեւէ օգտակար բան էին անում նրա կարիերայի համար։ Բացառություն էին կազմում Ռոնալդ Ֆերբենկը եւ ավելի ուշ՝ Սկոտ Ֆիցջերալդը։ Երբ ես ծանոթացել էի նրա հետ, նա Շերվուդ Անդերսոնի մասին չէր խոսում որպես գրողի, բայց դրա փոխարեն նրան փառաբանում էր՝ որպես մարդ, հատկապես գովում էր նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, նրա բարությունն ու հմայքը։ Ինձ չէին հետաքրքրում նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, բայց շատ էին դուր գալիս նրա որոշ պատմվածքները։ Դրանք գրված էին պարզ ու հասարակ, հաճախ հիանալի, եւ նա ճանաչում ու շատ էր սիրում այն մարդկանց, որոնց մասին գրում էր։ Միսս Ստայնը չէր ցանկանում զրուցել նրա պատմվածքների շուրջը, եւ նրա մասին խոսում էր միայն որպես մարդու։
 
— Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա վեպերի մասին,— հարցրի ես նրան։
 
Նա չէր ցանկանում խոսել Անդերսոնի ստեղծագործության, ինչպես նաեւ Ջոյսի մասին։ Բավական էր միայն երկու անգամ հիշատակել Ջոյսին, եւ ձեզ այլեւս երբեք չէին հրավիրի այդ տունը։ Դա նույնքան անտակտ բան էր, որքան եւ մի գեներալի հետ զրուցելիս մյուսի մասին լավ կարծիք հայտնելը։ Մեկ անգամ սխալ թույլ տալով, դուք այլեւս չեք կարող այն ուղղել։ Սակայն գեներալի հետ զրուցելիս թույլ է տրվում հիշատակել այն մյուս գեներալի անունը, որին նա հաղթել է։ Այս դեպքում ձեր զրուցակից գեներալը կսկի գովել իր ջախջախած գեներալին եւ գոհունակությամբ մանրամասնություններ կվերհիշի, թե ինչպես է ջախջախել նրան։
 
Անդերսոնի պատմվածքները չափազանց լավն էին հաճելի զրույցի թեմա դառնալու համար։ Ես կարող էի միսս ՍՏայնին ասել, որ Անդերսոնի վեպերը ծայր աստիճան վատն են, բայց այդ եւս անթույլատրելի էր, քանի որ կնշանակեր, թե ես քննադատում եմ նրա առավել նվիրված կողմնակիցներից մեկին։ Երբ Անդերսոնը գրեց ի վերջո «Մութ ծիծաղ» անունը ստացած վեպը, այնքան հիմար, վատ ու մտացածին մի գործ, որ ես չհամբերեցի ու պարոդիա<ref>«Գարնանային առվակներ»։</ref> գրեցի, միսս Ստայնը լրջորեն նեղացավ ինձանից։ Ես ինձ թույլ էի տվել հարձակվել մի մարդու վրա, որը նրա շքախմբին էր պատկանում։ Առաջ նա չէր բարկանում։ Եվ ինքը սկսեց գովեստներ շռայլել Շերվուդի հասցեին, երբ նրա՝ գրողի վարկը լիակատար անկում էր ապրում։
 
Նա Էզրա Պաունդի դեմ զայրացել էր սոսկ նրա համար, որ վերջինս բավականին փութաջան կերպով է նստել փոքրիկ, մաշված եւ հավանաբար բավականին անհարմարավետ աթոռին(որ, հնարավոր է, հենց հատուկ նրա համար էլ դրել էին), եւ այդ աթոռը չեմ հիշում ճաքել էր, թե ջարդվել։ Իսկ այն, որ նա մեծ պոետ էր, նրբազգաց ու ազնիվ մարդ եւ, անշուշտ, կարող էր նստել սովորական աթոռին, դա ուշադրության չի առնվել։ Էզրայի նկատմամբ նրա անբարյացկամության՝ մեծ ու չարաշունչ արվեստով շարադրված պատճառները հնարվել են շատ տարիներ անց։
 
Երբ մենք Կանադայից վերադարձել եւ բնակություն էինք հաստատել Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցում, եւ միսս Ստայնն ու ես դեռեւս լավ բարեկամներ էինք, ահա հենց այդ օրերին էլ նա արտասանեց իր դարձվածքը կորած սերնդի մասին։ Այն տարիներին միսս Ստայնին պատկանող «Թ» մոդելի հին «ֆորդի» վառոցքի հետ ինչ֊որ բան էր պատահել, եւ ջահել մեքենագետը, որը ընդամենը մեկ տարի ռազմաճակատում ծառայելուց հետո այժմ աշխատում էր գարաժում, չէր կարողացել կարգի բերել այն, իսկ գուցե եւ չէր ցանկացել արտահերթ նորոգել նրա «ֆորդը»։ Մի խոսքով, նա չէր դրսեւորել բավականաչափ serieux<ref>Լրջություն (ֆրանս․)։</ref>, եւ միսս Ստայնի բողոքից հետո գարաժի տերը նրան խիստ նկատողություն էր հայտարարել։ Տերը նրան ասել էր․ «Դուք բոլորդ génération perdue եք»։
 
— Ահա թե դուք ինչ եք։ Դուք բոլորդ՝ պատերազմում եղած ամբողջ երիտասարդությունը, այդպիսին եք,— ասաց միսս Ստայնը,— դուք կորած սերունդ եք։
 
— Դուք այդպե՞ս եք կարծում,— հարցրի ես։
 
— Այո, այո,— պնդեց նա,— դուք հարգանք չունեք ոչ մի բանի նկատմամբ։ Դուք բոլորդ կխմեք—կկործանեք ձեզ…
 
— Իսկ այդ մեքենագետը հարբա՞ծ էր։
 
— Իհարկե ոչ։
 
— Իսկ ինձ դուք երբեւէ հարբած տեսե՞լ եք։
 
— Ոչ, բայց ձեր բարեկամները հարբեցողներ են։
 
— Եղել է, որ ես լավ խմել եմ,— ասացի,— բայց ձեզ մոտ ես երբեք հարբած չեմ եկել։
 
— Իհարկե ոչ։ Ես այդպիսի բան չասացի։
 
— Հավանաբար ձեր այդ մեքենագետի տերը ժամը 11֊ին արդեն հարբած է եղել․ հենց դրանից էլ նա այդպիսի հիանալի աֆորիզմներ է ասել։
 
— Չվիճեք ինձ հետ, Հեմինգուեյ․ դա ոչինչ չի տա։ Գարաժի տերը ճիշտ է․ դուք բոլորդ կորած սերունդ եք։
 
Ավելի ուշ, երբ ես գրել էի իմ առաջին վեպը, փորձեցի միսս Ստայնի՝ գարաժում լսած դարձվածքը որեւէ կերպ համադրել «Գիրք ժողովի» խոսքերի հետ։ Բայց այն գիշեր տուն վերադառնալով, ես մտածում էի գարաժի երիտասարդ մեքենագետի մասին եւ այն մասին, որ գուցե նրան տարել են սանիտարական մեքենայի վերածած հենց մի այդպիսի «ֆորդով»։ Ես հիշում եմ, ինչպես էին վառվում նրանց արգելակները, երբ նրանք, վիրավորներով լցված, ամենափոքր արագությամբ իջնում էին լեռնային ուղիներով եւ հարկ էր լինում միացնել հետեւի հաղորդակը, հիշում եմ նաեւ, թե ինչպես էին վերջին մեքենաները դատարկ գլորում զառիթափն ի վրա, որովհետեւ նրանց փոխարինել էին հուսալի գլխավոր հաղորդակ ու անկոճղակ արգելակներ ունեցող մեծ «ֆիատներով»։ Ես մտածում էի միսս Ստայնի, Շերվուդ Անդերսոնի մասին, էգոիզմի մասին եւ այն մասին, թե որն է ավելի լավ՝ հոգեւոր ծուլությո՞ւնը, թե՞ կարգապահությունը։ Հետաքրքիր է, մտածում էի ես, մեզանից ո՞վ է կորած սերունդը։ Ես արդեն մոտեցել էի «Կլոզերի դե Լիլային»։ Լույսը ընկել էր իմ հին բարեկամի՝ մարդալ Նեյի արձանի վրա, եւ ծառերի ստվերը նստել էր նար մերկացրած թրի բրոնզին։ Կանգնած է մեն֊մենակ եւ թիկունքում ոչ ոք չունի։ Ա՜խ, ինչպես նրա բախտը չժպտաց Վաթերլոոյի օրը։ Եվ ես մտածեցի, որ բոլոր սերունդներն էլ ինչ֊որ չափով կորած են․ այդպես եղել է եւ այդպես կլինի։ Ես մտա «Լիլա», որպեսզի նա այդպես մեն֊մենակ չլինի եւ նախքան տուն՝ սղոցարանի վերին հարկում գտնվող սենյակս կգնայի, սառը գարեջուր խմեցի։ Բայց գարեջրի շուրջը նստած, ես նայում էի արձանին ու վերհիշում, թե Նեյը քանի օր է մարտնչել արիերգարդում, երբ նահանջում էր Մոսկվայից, որտեղից Նապոլեոնը Կոլենկուրի հետ մեկնել էր կառեթով։ Ես մտածում էի, թե ինչ լավ ու հոգատար բարեկամ է միսս Ստայնը եւ թե նա որքան գեղեցիկ է պատմում Ապոլիների ու նրա մահվան մասին՝ 1918 թվականին, հաշտության օրը, երբ ամբոխը գոռում էր «A bas Guillaume»<ref></ref>, իսկ զառանցանքի մեջ գալարվող Ապոլիներին թվացել է, թե այդ բացականչությունները իրեն են վերաբերում, եւ ես մտածեցի, որ ամեն ինչ կանեմ միսս Ստայնին օգնելու համար եւ կաշխատեմ, որ նրան արժանին հատուցեն նրա արած ամբողջ բարության համար․ վկա են աստված ու Մայք Նեյը։ Բայց թող սատանայի ծոցը կորչեն նրա խոսակցությունները կորած սերնդի մասին եւ այդ բոլոր էժան, կեղտոտ պիտակները։ Երբ տուն հասա, բակ մտա, բարձրացա սանդուղքներով եւ տեսա կնոջս, տղայիս ու նրա Ֆ․ փիսա կատվին, որոնք շատ երջանիկ էին վառվող բոխարիկի մոտ, ես կնոջս ասացի․
 
— Գիտե՞ս, Գերտրուդը, այնուամենայնիվ, շատ լավ կին է։
 
— Իհարկե, Տետի։
 
— Բայց նա հաճախ դատարկ բաներ է ասում։
 
— Ես չեմ լսում, թե նա ինչ է ասում,— ասաց կինս,— չէ որ ես քո կինն եմ։ Ինձ հետ զրուցում է նրա ընկերուհին։
[[Category: Արձակ]]
Վստահելի
593
edits