Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 3463 բայտ, 18:25, 17 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
— Գալի՛ս են,— բղավեց Դամրոդը,— տեսե՛ք, ոմանց հաջողվել է անցնե՛լ: Նրանք վազու՛մ են, տեսե՛ք: Մերոնք կրկնկակոխ հետևու՛մ են, և ամենաառջևում Ֆարամի՛րն է:
Սեմը, հետաքրքրասիրությունից այրվելով, միացավ հսկողներին: Նա բարձրացավ դափնու ամենաստորին ճյուղին և տեսավ լանջով ներքև վազող թխամաշկ, կարմիր հանդերձներով մարդկանց. կանաչ հանդերձներով ռազմիկները հասնում էին նրանց հետևից և հենց ընթացքից հարվածում սրերով: Նետերը սուլոցով ճեղքում էին օդը: Հանկարծ թաքստոցի վերևից, փոքրիկ բլրակի վրայից, ճյուղերը կոտրելով, նրանց գլխին փլվեց մի մարդ և քիչ մնաց տրորեր Ֆրոդոյին՝ բերանքսիվայր փռվելով նրանից մի քանի ֆուտ այն կողմ: Ոսկե վզնոցի տակից երևում էին պարանոցին ցցված կանաչափետուր նետերը, կարմիր թիկնոցը պատառոտված էր, պղնձե օղազրահը տեղ-տեղ խրվել էր մարմնի մեջ, տեղ-տեղ՝ պատռվել, իսկ ոսկեզօծ թելերով հյուսված մորուքը ներծծված էր արյունով: Նրա շագանակագույն ձեռքը դեռ սեղմում էր կոտրված սրի բռնակը: Այդպես Սեմն առաջին անգամ տեսավ, թե ինչպիսի կատաղությամբ են մարդիկ կռվում միմյանց հետ, և դա նրան բոլորովին դուր չեկավ: Նա ուրախ էր, որ գոնե չի տեսնում չի տեսնում մահացածի դեմքը: «Տեսնես ինչպե՞ս էր նրա անունը,— մտածում էր նա,— որտեղի՞ց էր եկել, չա՞ր էր արդյոք նրա սիտը, թե խաբեությամբ ու սպառնալով էին ուղարկել նրան հեռավոր երկրներ: Գուցե նա բոլորովին էլ չէր ուզում կռվել, այլ ուզում էր խաղաղ կյանք վարել»: Այդ մտքերը մի ակնթարթ փայլատակեցին Սեմի գլխում, բայց իսկույն էլ ցնդեցին, քանզի հազիվ էր Մաբլունգը քայլ արել դեպի նահատակը, երբ հանկարծ նոր, շատ ավելի բարձր աղմուկ բարձրացավ՝ ճչում էին, գոռում ու սարսափահար ոռնում: Հաջորդ ակնթարթին եղջերափողի ձայնը կամ, ավելի ճիշտ՝ մռնչյունը խլացրեց մնացած աղմուկը, ապա հողը ցնցվեց սարսափելի դղրդյունից՝ ասես լանջն ի վար ծանր գերաններ էին գլորվում:  — Զգուշացի՛ր, զգուշացի՛ր,— գոռաց Դամրոդն ընկերոջը: — Վալարնե՛րը մեզ պահապան, մումա՛կը, մումա՛կը: Ի զարմանք, ի սարսափ և ի անասելի ուրախություն Սեմի, ծառերի հետևից, ջարդելով ու դեսուդեն նետելով դրանք, հայտնվեց մի վիթխարի գազան: Ցրիվ տալով արգելքները, հրեշը սլացավ լանջն ի վար: Հսկայական, ինչպես տունը՝ ոչ, ավելի մեծ, նա Սեմին մոխրագույն կաշվով կենդանի սար թվաց: Ճիշտ է, վախից աչքիդ մեկը երկուսն է երևում, բայց հարադյան մումակն իսկապես աննախադեպ մեծության հրեշ էր, որից այժմ Միջերկրում այլևս չես հանդիպի: Նրա հեռավոր ժառանգները մինչև հիմա էլ շարունակում են թափառել աշխարհում, բայց դրանք գաճաճներ են իրենց վեհապանծ նախնիների համեմատությամբ: Հրեշը սլանում էր ուղիղ ռազմիկների ու հոբիթների ուղղությամբ, բայց վերջին պահին թեքվեց այլ կողմ և հողը դղրդացնելով անցավ նրանց մոտով: Ոտքերը ասես ծառեր լինեին, ականջները ծածանվում էին հսկայական առագաստների պես, երկար կնճիթը ցցվել և օրորվում էր խայթելու պատրաստ օձի պես, իսկ փոքրիկ կարմիր աչքերը վառվում էին ատելության կրակով: Դեպի վեր ոլորված, ոսկեզօծ ժապավեններով զարդարված եղջերանման ժանիքներից արյուն էր կաթում: Վրան գցված ոսկեկարմիր ծածկոցը ծվեն-ծվեն էր եղել, սապատավոր մեջքին դեռ երևում էին փոքրիկ աշտարակի մնացորդները, որը, ըստ երևույթին, շրջվել էր, երբ գազանը սլացել էր ծառերի միջով: Հրեշի պարանոցից, վերջին ուժերը լարելով, կառչել էր մի մարդ: Ներքևից նա շատ փոքրիկ էր թվում, բայց իր ցեղակիցների մեջ, երևի, աժդահա էր համարվում:
Գազանը կատաղությունից կուրացած սլացավ առաջ, ջուր ցայտեցնելով անցավ քարե ավազանի միջով և շարունակեց ճանապարհը՝ ջարդելով ճանապարհին հանդիպած ծառերը: Նետերը միայն քերծում էին նրա կաշին և, առանց վնաս պատճառելու, սահում ներքև: Հարավցիներն ու գոնդորցիները փախչում էին նրա առջևից, իսկ ով չէր հասցնում, գազանը կնճիթով բռնում էր նրանց, բարձրացնում վեր և շպրտում գետնին: Շուտով, վերջին անգամ շեփորահարելով, նա կորավ տեսադաշտից: Թե ինչ պատահեց նրա հետ հետագայում, Սեմն այդպես էլ չիմացավ: Գուցե նա, մինչ օտար երկրներում ոչնչանալը, դեռ երկար թափառեց ազատության մեջ, իսկ գուցե կույր կատաղությամբ համակված ընկավ ճանապարհին հանդիպած խորը փոսը, կամ հնարավոր է, հասավ Մեծ Գետին և հավիտյանս անհետացավ նրա ջրերում:
Վստահելի
1342
edits