Changes
Ուտոպիա
,Բացի ցապոլետներից, ուտոպիացիները պատերազմի ժամանակ օգտագործում են նաեւ այն երկրների զօրքերը, որոնք գտնւում են իրենց պաշտպանութեան տակ, ապա օժանդակ զօրքեր վերցնում են նաեւ իրենց դաշնակիցներից, իսկ ամէնից վերջն ուղարկում են սեփական քաղաքացիներին, որոնցից նրանք ընտրում մի տաղանդաւոր եւ խիզախ առաջնորդ։ Զինուորական այդ պետին ենթարկւում են երկու օգնականներ, որոնք ամենափոքր իսկ իշխանութիւն չունեն, ինչքան որ պետն ի վիճակի է հրամանատարութիւնը վարելու։ Բայց առաջնորդի մահուան կամ գերի ընկնելու դէպքում, նրան անմիջապէս փոխարինում է օգնականներից մէկը, իսկ վերջինիս էլ, ըստ անհրաժեշտութեան, միւսը։ Այս կերպով, զօրապետի կեանքի անձնական վտանգը, որը միւս ամէն մէկի նման ենթակայ է պատերազմի բոլոր պատահարներին, երբեք չի անդրադառնում զօրքի վրայ։ Իւրաքանչիւր քաղաք զօրքը հաւաքագրում է կամաւորներից ու վարժեցնում է նրանց։ Ոչ ոքի, հակառակ իր կամքի, չեն ստիպում մասնակցել հեռաւոր արշաւանքների այն հասարակ պատճառով, որ երկչոտ զինուորը կարող է իր վախկոտութեամբ վարակել նաեւ ընկերներին։ Բայց եւ այնպէս թշնամական յարձակումների դէպքում կամ ներքին կռիւների ժամանակ օգտագործում են բոլոր առողջ վախկոտներին, ընդ որում նրանց տեղաւորում են փորձուած զինուորների մէջ՝ ռազմական նաւերում կամ բերդերի պահակախմբերում։ Այդտեղ փախուտի մասին մտքով իսկ չի կարելի անցկացնել, նրանք թշնամու հանդէպ դէմ առ դէմ են եւ ընկերներն հետեւում են։ Վտանգաւոր դիրքը բթացնում է սարսափը, ու գագաթնակէտին հասած վտանգը յաճախ վախկոտին դարձնում է իսկական առիւծ։
Եթէ օրէնքը ոչ ոքի չի ստիպում հակառակ իր ցանկութեան երկրի սահմաններից դուրս գալ, ապա դրա հակառակ, նա թոյլատրում է կանանց՝ բանակում ընկերանալ իրենց ամուսիններին։ Փոխանակ արգելքներ դնելու, նրանք դրդում են կանանց անել այդ, եւ նման քայլը մեծ պատիւ է բերում նրանց։ Կռուի ժամանակ ամուսինները միեւնոյն պոստի վրայ են դրւում՝ շրջապատուած երեխաներովեւ մօտ ազգականներով, որ բնականօրէն միմեանց օգնելու ու պաշտպանելու հակումն ունեն։ Ամօթ է սպասում այն տղամարդուն, որը վերադառնում է առանց իր կնոջ, այն որդուն, որը կորցրել է հօրը։ Դրա համար էլ, երբ ուտոպիացիները պէտք է յարձակում գործեն, եւ թշնամին կռիւը յամառօրէն դիմադրում է, այդ ժամանակ կռիւը վերածւում է ոչ թէ յանուն կեանքի, այլ՝ մահուան։ Նրանք բոլոր ուժերով ձգտում են, որ իրենք կռուի չմտնեն եւ այդպիսին վերջացնեն վարձկանների օգնութեամբ։ Բայց եթէ արդեն կռուի մէջ են մտնում, այդ ժամանակ նրանց քաջութիւնը ետ չի մնում այն խորամանկութիւնից, որով նրանք, ինչքան հնարաւոր է, աշխատում էին խուսափել կռուից։ Առաջին յարձակման ժամանակ նրանք չեն սպառում իրենց ուժերը։ Դիմադրութիւնն ու կռուի տեւողութիւնը հետզհետէ բարձրացնում է նրանց արիութիւնը, այնպէս որ նրանք աւելի շուտ կը մեռնեն, քան թէ կը նահանջեն։ Նրանց առանձին առնականութիւն է ներշնչում այն վստահութիւնը, որ տանը նրանք այնքան կը գտնեն, որ կը կարողանան հանգիստ ապրել։ Բացի այդ, նրանք կարիք չունեն իրենց ընտանիքի մասին անհանգստանալում։ Այդ անհանգստութիւնն ուրիշ ամէն մի տեղ մինչեւ իսկ լաւագոյն հերոսներին էլ զրկում է հոգեկան հաւասարակշռութիւնից։ Դէպի յաղթանակն ունեցած հաւատը նրանց մէջ մեծանում է ռազմական գործի արտակարգ հմտութեան, ինչպէս եւ գլխաւորաբար այն հրաշալի դաստիարակութեան շնորհիւ, որ նրանք ամենավաղ մանկութիւնից ստանում են պետութեան դպրոցում եւ ուսումնական հիմնարկներում։ Նրանք վաղ տարիքում սովորում են կեանքը ոչ այնքան արհամարհել, որպէսզի անխոհեմ կերպով ռիսկի ենթարկեն այն, բայց եւ ոչ այնքան էլ սիրել, որպէսզի անամօթաբար խնայեն, երբ պատիւը պահանջում է զոհել անձը։ Կռուի ամենատաք միջոցին ընտիր տղամարդկանց մի խումբ, որը մահուան երդումն է տուել, մինչեւ ամենավերջին հնարաւորութիւնը հետապնդում է թշնամու զօրապետին։ Վերջինիս նրանք բռնում են կամ խորամանկութեամբ եւ կամ անմիջական բաց կռւում։ Այդ ոչ մեծ ջոկատը, մի երկար սեպ կազմած, ոչ հանգիստ գիտի եւ ոչ էլ դադար։ Այդ խումբն աստիճանաբար ուժեղացւում է թարմ մարդկանցով, որոնք փոխարինում են յոգնած ռազմիկներին․ հազուադէպ է, որ նրանք չհաջողեն սպանել կամ գերի բռնել առաջնորդին, եթէ միայն վերջինս փախուստ տալով չպրծնի։ Ուտոպիացիները յաղթանակից յետոյ երբեք անօգուտ ջարդ չեն կատարում։ Փախչողներին փոխանակ սպանելու, աւելի շուտ գերի են վերցնում ու միաժամանակ առանց ապահովելու կանոնաւոր նահանջը, ոչ ոքի չեն հետապնդում, բացառութեամբ այն դէպքերի, երբ առաջին շարքերն սպանուած են եւ հետապնդումը պայմանաւորում է յաղթանակը։ Նրանք նախամեծար են համարում թողնել, որ թշնամին փախուստ տայ, քան թէ նրա ետեւից ընկնում, քանի որ վերջին դէպքում զինուորը կարող է խառնակել իր շարքերը։ Ուտոպիացիները լաւ են յիշում, որ իրենց փրկութիւնը մէկից աւելի անգամներ պարտական էին նման տակտիկային։ Արդարեւ, թշնամին յաճախ բանակի գլխաւոր ուժը ջախջախելուց յետոյ՝ յաղթանակով արբեցած, հետապնդում է փախչողներին ու դրանով ջլատում իր շարքերը։ Նման դէպքերում մի աննշան ջոկատ կարող է հարմար մոմենտին կռուին բոլորովին այլ ուղղութիւն տալ, այսինքն աննկատելի կերպով յարձակուել թշնամու վրայ, որը՝ վստահ լինելով յաղթանակին, չի նախատեսել ոչ մի պատահականութիւն։ Այսպիսով մի անգամ չէ, որ յաջողուել է թշնամու յաղթանակը վիճելի դարձնել․ պարտուածները խփել են յաղթողներին ու խլել յաղթանակը։ Դժուար է պնդել, թէ արդեօք ուտոպիաիներն աւելի յաջողութեամբ իրե՞նք որոգայթներ կը լարեն, թէ դրանցի կարող են խուսափել։ Այնպէս է թւում, թէ նրանք նախապատրաստւում են փախուստի, մինչդեռ նրանք ճիշտ հակառակն են մտածում․ եթէ իսկապէս փախչելու դիտաւորութիւն ունենային, ապա նրանք կարող էին այդ վարպետօրէն թագցնել։ Եթէ նրանք թէ դիրքի եւ թէ թուական տեսակէտից իրենց շատ թոյլ են զգում, ապա գիշերը՝ խոր լռութիւնով վերցնում են բանակը, կամ պատերազմական այլ խորամանկութեամբ խուսափում են վտանգից։ Երբեմն նրանք օրը֊ցերեկով ետ են քաշւում, սակայն այնպէս կանոնաւոր, որ այդպիսի նահանջի ժամանակ նրանց վրայ յարձակուելը նուազ վտանգաւոր չէ, քան այն դէպքում, երբ նրանք իրենք են ճակատամարտի հրաւիրում։ Առանձին հոգատարութեամբ նրանք իրենց բանակատեղին շրջապատում են լայն ու խոր փոսերով․ փորուած հողը կուտակում են ներսում։ Այս աշխատանքները կատարում են ոչ թէ օրավարձուորները, այլ իրենք՝ զինուորները։ Այդ գործով զբաղւում է ամբողջ բանակը, բացառութեամբ պահակների, որ զէնքը ձեռքին շրջապատում են բանակատեղին՝ մի հաւանական անակնկալ յարձակում ի դերեւ հանելու համար։ Գործաւորների այդպիսի թուով՝ միանգամայն արագ սարքում են ուժեղ ամրութիւններ, որ նշանակալի տարածութիւն են բռնում։ Ուտոպիացիների զէնքերը շատ մասսիւ են եւ միաժամանակ հարմարեցուած են ամէն տեսակի շարժման, այնպէս որ լողանալիս էլ չեն խանգարում զինուորին։ Զինուորական առաջին վարժութիւններից մէկը, որ սովորեցնում են ուտոպիական զինուորին, այն է, որ նա զինուած լողանայ։ Նրանք կռւում են տէգով, որն ուժով եւ ապահով ձեռքով նետում են ինչպէս հեծելազօրը, այնպէս էլ հետեւակները։ Ձեռնամերձ կռւում նրանք սրի փոխարէն խփում են կացիններով, որ անմիջական մահ են պատճառում՝ ուր որ էլ ուղղուած լինի հարուածը։ Ռազմական մեքենաներ պատրաստելու գործում նրանք առանձին սրամտութիւն են ցուցաբերում․ այդ մեքենաների կառուցուածքը գաղտնի է պահւում մինչեւ այն ժամանակ, քանի դեռ պէտք չի լինում դրանք գործադրել։ Ուտոպիացիները վախենում են, որ եթէ դրանց մասին աւելի վաղ իմանան, այն ժամանակ դրանք աւելի շուտ անօգուտ խաղալիքներ կը լինեն, քան թէ իրական ծառայութիւն կը մատուցեն։ Այդ մեքենաների պատրաստման ժամանակ նրանք գլխաւոր ուշադրութիւնը դարձնում են նրանց տեղափոխման հեշտութեան եւ ամէն տեսակի գործածութեան յարմարեցնելու վրայ։ Ուտոպիացիները ժամանակաւոր զինադադարն այնքան բարեխղճօրէն են պահպանում, որ չեն խախտում այն մինչեւ իսկ այն դէպքում, երբ նրանց գրգռում են անել այդ։ Նրանք նուաճած երկրի դաշտերը չեն ամայացնում, հունձը չեն այրում․ մինչեւ իսկ, որքան հնարաւոր է, արգելում են, որ հունձքը զօրքի կողմից չկոխոտուի, քանի որ իրենք երբեւիցէ դրա կարիքը կունենան։ Անզէնի հետ նրանք երբեք անգթաբար չեն վարւում, եթէ միայն նա լրտես չէ։ Անձնատուր եղած քաղաքացիներին նրանք խնայում են ու նուաճուածներին կողոպուտի չեն ենթարկում։ Նրանք սպանում են միայն ամենաերեւելի պետերին, որ վայրերի յանձնումը ձգձգել են․ միւսներին, որ դիմադրութիւն են ցոյց տուել, դատապարտում են ստրկութեան։ Ինչ վերաբերւում է անտարբեր եւ խաղաղ մասսային, այդպիսին ամենափոքր խստութեան իսկ չի ենթարկւում։ Երբ ուտոպիացիներն իմանում են, որ պաշարուածներից ոմանք առաջարկել են անձնատուր լինել, այդպիսիններին նրանք վարձատրում են ստրկութեան դատապարտուածների ունեցուածքի մի մասով, իսկ միւս մասը յատկացւում է դաշնակիցների զօրքին։ Ուտոպիացիներն աւարից իրենց համար ոչինչ չեն վերցնում։ Պատերազմը վերջանալուց յետոյ նրա ծախքերն ընկնում են պարտուածների վրայ եւ ոչ թէ դաշնակիցների վրայ, որոնց օգտին մղուել է կռիւը։ Այս սկզբունքի հիման վրայ, ուտոպիացիները ամէնից առաջ փող են պահանջում, որը նրանք ապագայ մի պատերազմի դէպքում օգտագործում են ծանօթ նպատակների համար․ այնուհետեւ պահանջում են զիջել նշանակալի տարածութեամբ հողամասեր, որոնք պետութեան զգալի եկամուտ են ապահովում։ Պետութիւնն այժմ նման տեսակի անչափելի եկամուտների ունի, որ քիչ֊քիչ հաւաքուել են զանազան առիթներով եւ պետական գանձարանին տարեկան տալիս են եօթ հարիւր հազար ոսկի։ Պետութիւնն այդ կալուածքները քաղաքացիներ է ուղարկում, որ կոչւում են քուեստորներ։ Վերջիններն ապրում են իշխանաբար, ունեն մեծ շքախումբ եւ պետական գանձարանին ուղարկում են դրամական նշանակալի գումարներ։ Ուտոպիացիները երբեմն այդ եկամուտները փոխ են տալիս միեւնոյն երկրի բնակիչներին, քանի դեռ իրենք րա կարիքը չունեն։ Հազուադէպ է, որ նրանք ամբողջ վճարումը միանուագ պահանջեն։ Այդ կալուածների մի մասը տրւում է նրան, ով չի կարող փորձութեան դիմադրել եւ խորհուրդ է տալիս անձնատուր լինել, որի մասին ես արդեն ասացի ձեզ։ Հենց որ մի թագաւոր Ուտոպիայի դէմ զէնք է վերցնում ու շարժւում է կղզու հովանաւորութեան տակ գտնուող մի երկիր նուաճելու նպատակով, ուտոպիացիներն անմիջապէս հաւաքում են սարսափելի բանակ եւ ուղարկում թշնամու երկիրը։ Միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում են կղզեցիները պատերազմ վարում իրենց երկրում եւ այն ժամանակ աշխարհում ոչ մի ուժ չի կարող ստիպել նրանց թոյլ տալ, որ օտար զօրքը ոտք դնի կղզու վրայ։ ===Ուտոպիայի կրօնների մասին=== Ուտոպիայում կրօնները տարբեր են ոչ միայն զանազան գավառներում, այլեւ մինչեւ իսկ ամէն մի առանձին քաղաքի պարիսպների ներսում։ Ոմանք պաշտում են արեւը, ուրիշներ՝ լուսինը կամ որեւէ այլ լուսատում։ Ոմանք, որպէս գերագոյն աստուածութիւն, ընդունում են մարդու յիշատակը, որի հռչակն ու առաքինութիւնը չեն ունեցել իրենց նմանը։ Բնակիչների մեծամասնութիւնը սակայն, որը միաժամանակ ամենախելացի մասն է կազմում, պախարակում է այդ կռապաշտութիւնը եւ հաւատում է մի միակ, յաւիտենական, անհասանելի, անյայտ, անբացատրելի, մարդկային մտքի բոլոր գաղափարներից բարձր մի աստծոյ, որը լցնում է ամբողջ աշխարհն իր ամենազօրութեամբ եւ ոչ թէ իր մարմնական տարածականութեամբ։ Նրանք այդ աստծուն անուանում են հայր, նրան են վերագրում ամէն բանի ծագումը, աճում,ը առաջադիմութիւնները, կերպարանափոխութիւններն ու վախճանը։ Միայն նրան են մատուցում նրանք աստուածային պատիւներ։ Ի միջի այլոց, հակառակ իրենց կրօնական համոզմունքների տարբերութեան, բոլոր ուտոպիացիները համաձայն են այն բանին, որ գոյութիւն ունի մի էակ, որը միաժամանակ համարւում է ե՛ւ Արարիչ, ե՛ւ Նախախնամութիւն։ Այդ էակը համայնական անունով կոչւում է Միտրա։ Տարակարծութիւնների հիմքն այն է, որ Միտրան ոչ բոլորի համար միեւնոյնն է։ Սակայն անկախ այն եղանակից, որ իւրաքանչիւրը պաշտում է իւր աստծուն, բոլորը նրա մէջ պաշտում են բնութեան վեհութիւնն ու ամենազօրութիւնը եւ ժողովրդների ընդհանուր համաձայնութեամբ նրան են վերագրում աշխարհի բոլոր գործերի անսահման տիրապետութիւնը։ Սնոտիապաշտական կարծիքների ամէն մի տարբերութիւն սկսում է հետզհետէ նուազել եւ լուծուել մի միակ կրօնի մէջ, որն աւելի բանական է թւում։ Մինչեւ իսկ հաւանական է, որ այդ ձուլումը կատարուել է անգիտակցաբար, յամենայն դէպս այդ փոփոխութեան չյաջորդեցին դժբախտութիւններ, որ սովորաբար նոր հաւատադարձի ուղեկցողներ են համարւում, եւ որ միշտ ոնենում է հակառակորդներ։ Փոխանակ այս կարգի երեւոյթները պատահականութեան վերագրելու, ուտոպիացիների մեծ մասն իր սնոտիական սարսափով այդ բացատրում է որպէս աստուածային զայրոյթի եւ վրէժի ներգործութիւն, որով աստուածութիւնը հետապնդում է իրենից երես դարձնողներին։ Սակայն, երբ նրանք մեզնից իմացան Քրիստոսի մասին, նրա ուսմունքի, կեանքի, նրա հրաշքների, նրա արտակարգ համբերատարութեան ու տանջանքների, այլեւ այն մասին,թէ ինչպէս փրկչի ինքնակամ թափած արիւնը աւետարանի օրէնքին ենթարկեց աշխարհի գրեթէ բոլոր ժողովրդնեցին,— դուք հազիւ կարող էք պատկերացնել, թէ նրանք այդ յայտաբերումով որքան յափշտակուեցին։ Ո՛վ գիտի, թէ աստուած ծածուկ բոյն չէր դրել նրանց սրտում, կամ կարող է պատահել, որ քրիստոնէական կրօնը իսկապէս որ համապատասխանում է այն իդեալին, որը նրանց մէջ ամենամեծ յարգանքն է վայելում։ Ինչ որ ամէնից աւելի օժանդակեց նրանց այդ նպաստաւոր տպաւորութիւնը ներշնչելուն, իմ կարծիքով առաքեալների համայնական կեանքի մասին մեր պատմածն էր, որպիսի կեանքը Յիսուս Քրիստոս կտակեց նրանց, եւ որը տակաւին այժմ է սովորոյթ է ճշմարիտ եւ կատարեալ քրիստոնեաների համայնքներում։ Ինչ էլ լինի, նրանցից շատերն արտայայտուեցին յօգուտ մեր կրօնի եւ օծուեցին մկրտութեան սրբազան ջրով․ դժբախտաբար, մեր չորսի մէջ (քանի որ մեր երկու ընկերների մահը մեզ այդ թուին հասցրեց) քահանայ չկար։ Այդ պատճառով էլ, թէեւ նրանք իրազեկ էին մեր ուսմունքին, բայց չկարողացան ընդունել սրբազան խորհուրդը, որ մեզ մօտ կարող են միայն քահանաները տալ։ Բայց եւ այնպէս այդ խորհրդի մասին նրանց պատկերացումն այնքան կենդանի է, որ ես յաճախ այն հարցն էի լսում, թէ չի՞ կարող արդեօք նրանց ընտրած քաղաքացիներից մէկը ստանձնել քահանայի դերը։ Մինչեւ իմ մեկնելը նրանք տակաւին ոչ ոքի չէին ընտրել, բայց, ըստ երեւոյթին, հաստատ որոշել էին անել այդ։ Կղզու այն բնակիչները, որ չեն հաւատում քրիստոնէական կրօնին, նրա տարածմանը ոչ մի արգելք չեն յարուցում եւ նորադարձներին ճնշումների չեն ենթարկում։ Նրանցից մէկն իմ ներկայութեամբ ձերբակալուեց, որը հենց նոր միայն մկրտուած, հակառակ մեր նախազգուշացումների, սկսեց քարոզել աւելի շատ կրքով, քան խելացիութեամբ։ Կրքով յափշտակուած, նա չբաւականացաւ նրանով, որ քրիստոնէական կրոնը դասեց առաջին տեղը, այլ եւ սկսեց առաւել այլեւայլութեան անիծել բոլոր միւսները, յարձակուել նրանց ուսմունքի վրայ, այդպիսիները պիղծ անուանել, իսկ ուրիշ աղանդների հետեւորդներին՝ դժոխքի արժանի անխիղճ սրբապիղծեր։ Այս նորադարձն իր երկար ճառից յետոյ մեղադրուեց, ոչ թէ նրա համար, որ յարձակուել էր այս կամ այն աստուածապաշտութեան վրայ, այլ, որովհետեւ ժողովրդի մէջ որոշ գրգռութեան առիթ էր տուել․ նրան դատեցին ու աքսորի դատապարտեցին։ Ուտոպիացիների ամենահին որոշումների թուին է պատկանում արգելքը՝ որեւէ մէկին իր դաւանած կրօնի համար վիրաւորել։ Պետութեան հիմնադրման ժամանակ Ուտոպն իմացել էր, որ իր գալուց առաջ բնիկները կրօնական անվերջ պատերազմներ են մղել։ Բացի այդ, նա նկատել էր, որ երկրի այդ դրութիւնը նշանակալի չափով հեշտացնում է նրա նուաճումը, որովհետեւ թշնամի աղանդները փոխանակ միանալու եւ միասին կռուելու, ամէն մէկն առանձին է կռւում։ Հենց որ նա յաղթեց եւ տէր դարձաւ, շտապեց կրօնի կատարեալ ազատութիւն շնորհել։ Սակայն ի միջի այլոց նա ոչ մի կերպ չարգելեց միսիոներական գործունէութիւնը, որը մեղմութեամբ եւ համեստութեամբ, ապացոյցներով տարածում է իր հաւատը, եւ եթէ քարոզը յաջողութիւն չի գտնում՝ չի ձգտում կոպիտ ուժով ոչնչացնել մի ուրիշ կրօն։ Սակայն անհանդուրժողութիւնը եւ ֆանատիզմը պատժւում են աքսորով կամ ստրկութեամբ։ Երբ Ուտոպը կրօնական ազատութիւն սահմանեց, այդ անելիս նա աչքի առաջ ունէր ոչ միայն խաղաղութեան պահպանումը, որը դեռ նոր էր խանգարուել անվերջ պատերազմներով եւ անհաշտ ատելութեամբ, այլեւ, նրան թւում էր, որ հենց կրօնի շահերն են պահանջում նման միջոցառում։ Նա երբեք չհամարձակուեց կրօնի հարցում որեւէ օրէնք հրատարակել, ի վիճակի չլինելով վճռել, թէ արդեօք ինքը՝ աստուած, չի՞ ներշնչել մարդկանց զանազան հաւատի ուսմունքներ, ապա եւ այն պատճառով, որ ցանկացաւ փորձել աստուածապաշտութեան բազմաթիւ եղանակները։ Ինչ վերաբերում է մէկին մի այլ հաւատի բռնադատելու համար սպառնալիքներ գործադրելուն, այդ նրան որքան դաժան, նոյնքան էլ անմիտ էր թւում։ Նա նախատեսնում<ref>կրկին, հենց այդպէս է գրուած։ թուայնացնողի նօթ։</ref> էր, որ եթէ բոլոր կրօնները, բացի մէկից, կեղծ լինեն, կը գայ ժամանակը, երբ ճշմարտութիւնն ինքը՝ բանականութեան եւ հեզութեան օգնութեամբ, հանդիսաւորապէս կը յայտնուի մոլորութեան խաւարի միջից․ իսկ եթէ, ընդհակառակը, զէնքը ձեռքին կռուեն, այն ժամանակ,— քանի որ յայտն է, որ վատ մարդիկը ամէնից աւելի յամառ կը լինէն— լաւագոյն եւ սրբազան կրօնները կը թաղուեն սնոտիապաշտական նախապաշարումների ծովում, ինչպէս լաւ հունձը՝ տատասկների եւ եւ մացառների մէջ։ Այդ պատճառով էլ, Ուտոպը հաւատքի եւ մտածողութեան կատարեալ ազատութիւն տուեց բոլորին։ Սակայն եւ այնպէս, նա, յանուն բարոյականութեան, խստօրէն պատժում էր նրան, ով իր բնութեան արժանիքն ստորացնում էր այն վարդապետութիւնով, թէ իբր հոգին մեռնում է մարմնի հետ, կամ թէ աշխարհը կառավարւում է առանց որեւէ նախախնամութեան, պատահականութեան մի խաղի միջոցով։ Այդ պատճառով էլ ուտոպիացիները հաւատում են անդրշիրիմային կեանքին, ուր ոճիրը պատժւում է, իսկ առաքինութիւնը՝ վարձատրւում։ Նրանք մարդ անունը չեն տալիս նրան, ով ժխտում է այդ ճշմարտութիւնները եւ իր հոգու վսեմ էութիւնը հաւասար է դասում անասնական մարմնի ստորին դրութեանը։ Միանգամայն իրաւացիօրէն, նրանք նման մարդուն զլանում են քաղաքացու կոչումը՝ համոզուած լինելով, որ նա կը սկսի ոտքերով ցեխը կոխել բարքերն ու հասարակական հաստատութիւնները, եթէ միայն երկիւղը չկասեցնի նրան։ Արդարեւ ո՞վ է տարակուսում, որ այն անձնաւորութիւնը, որի միակ սանձն օրէնքն է, իսկ միակ յոյսը՝ մարմինը, չի սկսի ծաղրել երկրի օրէնքները, հենց որ այդ գոհացնի նրա հակումներն ու եսասիրութիւնը։ Ուտոպիացիները այդ նիւթապաշտներին (մատերիալիստներին) ամենաչնչին պատիւն իսկ չեն ցուցաբերում․ նրանք այդպիսիներին չեն հաւատում ո՛չ հասարակական պաշտօն եւ ոչ էլ մի կարեւոր գործ։ Նմաններին, որպէս ստորին եւ անօգուտ տեսակի էակների, արհամարհում են, սակայն, հաւատարիմ մնալով այն կանոնին, թէ ոչ ոքի հաւատը իր կամքից կախում չունի, նրանք այդպիսիներին ոչ մի պատժի չեն դատապարտում։ Ճիշտ նոյնպէս էլ հաւատը փոխել հարկադրելու համար նրանց վրայ ոչ մի սպառնալիք չեն գործադրում։ Ուտոպիայում կեղծաւորութիւնն արհամարհւում է, իսկ կեղծիքը, որպէս խաբեբայութեան հարազատ քոյր, զզուանքի առարկայ է։ Միակ բանը, որ նմանների հետ կատարում են, այն է, որ նրանց արգելում են իրենց համոզումները հրապարակով արտայայտել, բայց թոյլատրում են խօսել խորհող մարդկանց, մասնաւորապէս քահանաների հետ։ Այդպիսի մարդկանց մինչեւ իսկ հրաւիրում են նման վիճաբանութիւնների, այն յոյսով, որ բանականութեան ձայնի առաջ կը փոխուեն նրանց խելագար տեսակէտները։ Ուտոպիացիների մեծամասնութիւնը դաւանում է մի սիստեմ, որ տրամագծօրէն հակադրւում է մատերիալիզմին, բայց քանի որ նրանց կարծիքները ոչ միայն վնասակար չեն, այլ մինչեւ իսկ համապատասխանում են առողջ ատողութեանը, այդ պատճառով էլ նրա տարածումը չեն արգելում։ Ոմանք ընկնելով միւս ծայրայեղութեան մէջ, անմահ են համարում ոչ միայն մեր, այլ եւ բոլոր կենդանիների հոգին, թէեւ վերջինները թէ՛ ըստ ունակութիւնների եւ թէ՛ ըստ նրանց բաժին ընկած երջանկութեան, ետ են մնում մարդուց։ Բոլոր ուտոպիացիները, բացառութեամբ շատ քչերի, այն համոզման են, որ մարդուն գերեզմանից յետոյ անբացատրելի երջանկութիւն է սպասում։ Այդ պատճառով էլ նրանք սգում են միայն հիւանդների, բայց ոչ երբեք մեռելների վրայ, բացառութեամբ այն դէպքի, երբ մեռնողը կեանքը թողնում է անհանգիստ ու ոչ սիրով։ Մահից վախենալը նրանք վատ նշան են համարում․ նրանց թւում է, որ միայն արտասովոր խղճով անյոյս հոգիները կարող են դողալ յաւիտենականութեան առջեւ, ճիշտ այնպէս, երբ նրանք իրենց պատժի մօտենալը տեսնեն։ Բացի այդ, նրանց կարծիքով, աստուած տհաճութեամբ է իր գիրկն ընդունում այն մարդուն, որն ուրախ սրտով չի արձագանքում իր կոչին, ու մահը դիմաւորում է չուզենալով եւ նրա դէմ կռուելով։ Նման վախճանին ներկայ եղողները մեռնողի հանդէպ սարսափ են զգում․ նրանք տխուր եւ անձայն տանում են դիակը եւ միայն այն ժամանակ են հողին յանձնում, երբ կատարում են հանգուցեալի հանդէպ աստծոյ գթասրտութիւնը ցած բերելու բոլոր աղօթքները։ Դրա հակառակ, ոչ ոք չի մեղադրում այն քաղաքացուն, որը ուրախ եւ լի յոյսով է մեռնում։ Նրա յուղարկաւորութեանն ուղեկցում են ուրախ երգեր, նրա հոգին յանձնում են աստծուն եւ ապա լուրջ, բայց առանց տխրութեան, այրում են նրա մարմինը։ Գերեզմանի վրայ բարձրացւում է մի կոթող, որի վրայ արձանագրում են հանգուցեալի անունն ու ծառայութիւնները։ Թաղումից յետոյ, երբ նրա ընկերները տուն են վերադառնում, զրուցում են հանգուցեալի յատկանիշների ու գործունէութեան մասին․ նրանք աւելի յաճախ եւ ամէնից աւելի հաճոյքով յիշում են նրա փառաւոր վախճանը։ Առաքինի մարդու յիշատակին մատուցուած այդ մեծարանքները՝ կղզեցիների կարծիքով, առաքինութեան խոշոր քաջալերանք է եւ, բացի այդ, մեռածներին շատ հաճելի մեծարանքի պարտք։ Որովհետեւ, ուտոպիացիների մեծ մասի կարծիքով, մեռելները թէեւ անտեսանելի են, սակայն նրանք կենդանի մարդկանց այդ խօսակցութիւններին ներկայ են։ Երանութեան գաղափարի հետ վատ կը ներդաշնակի այն պատկերացումը, եթէ նրանք ազատ չլինեն շարժուել այնտեղ, որտեղ նրանց լաւ է թւում եւ, առանց անարդարացի լինելու, կարող էին նրանց երախտամոռութեան մէջ մեղադրել, եթէ նրանք չցանկանային կրկին տեսնել նրանց, որոնց հետ երկրի վրայ զօդում էին բարեկամութեան եւ փոխադարձ սիրոյ կապերը։ Բայց դա ոչ մի կերպ լինել չի կարող, որովհետեւ սէրն ու բարեկամութիւնը մահից յետոյ փոխանակ հանգելու, ամենայն հաւանականութեամբ, ընտրեալների սրտում միւս բոլոր ազնիւ յատկութիւնների նման, միայն աճել կարող են։ Դրա համաձայն, մեռելները խառնւում են ապրողների շրջանին եւ վկայ են լինում նրանց գործերին ու խօսակցութիւններին։ Նախնիքների ներկայութեան այդ հաւատը ժողովրդին ներշնչում է ամէն տեսակի հնարաւոր ձեռնարկումներ, որովհետեւ այդ հաւատն ապահովում է դրանց զօրաւոր պահապանների օգնութիւնն ու օժանդակութիւնը։ Բացի այդ, հաւատը կանխում է բազմաթիւ ծածուկ չարագործութիւններ։ Ինչ վերաբերում է գուշակութիւններին եւ ապագան քօղազերծ անելու սնոտիապաշտական այլ միջոցներին, որ միւս ժողովրդները շատ յաճախ ապաստանում են, մեր կղզեցիները դրանք չեն ընդունում եւ ծիծաղում են դրանց վրայ։ Նրանք պաշտում են հրաշքները, որ տեղի են ունենում առանց բնութեան օրէնքների ներգործութեան եւ դրանց մէջ տեսնում են աստուածութեան առկայութեան ապացոյցը։ Ուտոպիացիները մինչեւ իսկ հաւաստում են, որ իրենց երկրում մի քանի հրաշքներ են տեղի ունեցել եւ որ հասարակական աղօթքն ու զօրաւոր հաւատքը ստեղծել են հրաշքներ, որոնց միջոցով երկիրն ազատուել է ամենասարսափելի վտանգներից։ Տիեզերքի զննումը եւ արարչին մատուցուած գովքը նրանք համարում են աստուածահաճոյ գործ։ Միեւնոյն ժամանակ, նրանց մէջ քաղաքացիների մի դասակարգ կայ, որը կրօնական համոզումներով արհամարհում է գիտութիւնները, ժխտում ամէն կարգի հետազօտութիւն եւ հրաժարւում է ամէն տեսակի բաւականութիւններից։ Այդ մարդիկ ձգտում են իրենց գործունեայ կեանքով եւ մերձաւորի հանդէպ լաւ յարաբերութեամբ արժանանալ երկնքին։ Ոմանք խնամում են հիւանդներ, ուրիշներ նորոգում են ճանապարհներն ու կամուրջները, մաքրում են ջրանցքները, հարթում գետինը, փողոցները մաքրում են փոշուց եւ քարերից, խուզում են ծառերն ու սայլակներով քաղաք են փոխադրում փայտ, հացահատիկ, միրգ եւ գիւղատնտեսական այլ մթերքներ։ Նրանք ոչ միայն աշխատում են յօգուտ հասարակութեան, այլ մինչեւ իսկ ծառայութեան են մտնում նաեւ մասնաւոր մարդկանց մօտ եւ ստրուկներից աւելի հնազանդ ու եռանդուն են լինում։ Նրանք հոժարակամ եւ սիրով ստանձնում են ամէնից աւելի կեղտոտ, անհաճոյ ու դժուար աշխատանքները, որոնցից սարսափով հրաժարւում է մարդկանց մեծ մասը՝ նկատի ունենալով գործի զզուանքն ու նրա դժուարութիւնները։ Նրանք առանց դադարի նուիրւում են աշխատանքի ու դժուարութեան, որպէսզի ուրիշների համար հանգիստ եւ դիւրակեցիկ կեանք ստեղծեն․ այդ բոլորի համար նրանք ամենափոքր իսկ շնորհակալութիւն չեն պահանջում։ Նրանք ուրիշ մարդկանց կեանքը չեն դատապարտում, եւ իրենց կատարած բարութիւնով չեն պարծենում։ Ինչքան շատ նրանք նսեմացնում են իրենց ու ստորանում մինչեւ ստրուկների աստիճանը, նրանց հանդէպ նոյնքան աւելի է աճում հասարակական յարգանքը։ Անձնազոհ մարդկանց այդ դասակարգը բաժանւում է երկու աղանդի․ մէկը հրաժարւում է ոչ միայն կանանց հետ համակեցութիւնից, այլեւ մսի գործածումից, իսկ ոմանք էլ կենդանական աշխարհի ոչ մի մթերքով չեն սնւում։ Նրանք հրաժարւում են աշխարհիկ բոլոր հաճոյքներից եւ այդպիսիները վտանգաւոր են համարում։ Նրանք միայն ձգտում են, որ աշխատասիրութեամբ ու եռանդով արժանանան ապագայ կեանքի ուրախութիւններին։ Այդ ուրախութիւնները ճաշակելու յոյսը նրանց աշխուժ եւ ուժեղ է դարձնում։ Միւսները, որոնք ոչ պակաս աշխատասէր են, ամուսնանում են՝ հրապուրուելով ամուսնութեան պարտականութիւններով եւ հաճոյքներով։ Նրանք մտածում են, որ ի սէր բնութեան, իրենց եւ հայրենիքի՝ պարտաւոր են երեխաներ ունենալ։ Այդպիսիները բաւականութիւններից չեն խուսափում, ինչքան որ այդ չի կտրում իրենց աշխատանքից։ Նրանք ուտում են չորքոտանի կենդանիների միսը, որպէսզի ամէն տեսակի աշխատանքներին դիմանալու համար աւելի ուժ ստանան։ Ուտոպիացիներն այս վերջին աղանդն աւելի խելացի, իսկ առաջինն՝ աւելի բարեպաշտ են համարում։ Բայց եթէ նրանք, որոնք ամուրիութիւնը նախընտրում են ամուսնութիւնից, աշխատանքը՝ հանգստութիւնից, ուզենան այս կենցաղավարութիւնը հիմնել առողջ բանականութեան վրայ, այն դէպքում ուտոպիացիները կարեկցաբաց կը ծիծաղեն այդ բանի վրայ։ Սակայն ուտոպիացիներն այդ արտասովոր մարդկանց հանդէպ ցուցաբերում են կենդանի հիացմունք ու խոր յարգանք, որվոեհետւ նրանց զոհաբերութեան հիմնական պատճառը կրօնն է, իսկ ուտոպիացին կրօնական հարցերում զգուշանում է որեւէ վճիռ կայացնելուց։ Այս խստաբարոյ աղանդաւորները տեղական լեզուով իրենց անուանում են պութռեսկներ․ այս կոչումը համապատասխանում է վանական հասկացողութեան։ Ուտոպիական քահանաները շատ բարեպաշտ տղամարդիկ են եւ այդ պատճառով էլ նրանց թիւը շատ քիչ է․ իւրաքանչիւր քաղաքում ընդամէնը միայն տասներեք, որ համապատասխանում է եկեղեցիների միեւնոյն թուին։ Պատերազմի դէպքում սակայն բացառութիւն է արւում․ այդ ժամանակ եօթ քահանաներ ուղեկցում են բանակին եւ դրա համար էլ կարիք է լինում եօթ նոր քահանաներ նշանակել։ Իսկակակ քահանաներն արշաւանքից վերադառնալուց յետոյ, նորից ստանձնում են իրենց պաշտօնը։ Օգնականները հերթով յաջորդում են, երբ քահանաները մեռնում են․ իսկ մինչ այդ, նրանք օգնում են քահանայապետին, քանի որ քահանաներից մէկը համարւում է գլխաւորը։ Էնտրիգներից խուսափելու համար, միւս պաշտօնեաների նման, քահանաներին եւս գաղտնի քուէարկութեամբ ընտրում է ժողովուրդը։ Քահանաների կոլեգիան օծում է նորընծային։ Քահանաները նախագահում են կրօնական ժողվոներին, հսկում են կրօններին եւ համարւում են բարքերի դատաւոր։ Անպատւութիւն է համարւում կանչուել քահանայի մօտ՝ նրանից յանդիմանութիւններ ստանալու համար․ վերջինը համարւում է անկարգ կեանքի նշան։ Քահանաները թէեւ իրաւունք ունեն յանդիմանութիւն եւ նախազգուշացում անելու, սակայն մեղաւորին ձերբակալել ու քրէական տեսակէտից նրան հետապնդել կարող են միայն իշխանն ու կառավարութիւնը։ Քահանայի իշխանութիւնը սահմանափակւում է միայն նրանով, որ նա անվայել ընթացք ունեցողին կարող է արգելել սրբազան խորհուրդներին հաղորդակից լինել։ Քիչ պատիժներ գոյութիւն ունեն, որոնցից ուտոպիացիներն աւելի վախենան, քան բանադրանքից․ վերջինս պատուազուրկ է դարձնում, կրօնական հազար ու մի սարսափով վրդովում է եւ մինչեւ իսկ անձի ազատութեան անվտանգութեան երաշխիք չի տալիս։ Եթէ բանադրուածները չեն շտապում անկեղծ զղջումով վստահեցնել քահանային, այն ժամանակ սենատը ձերբակալում է նրանց եւ որպէս անաստուածների դատում։ Մանուկների եւ պատանիների դաստիարակութիւնը յանձնւում է քահանային, որ նրանց գերազանցապէս սովորեցնում է բարոյականութիւն եւ առաքինութիւն, իսկ յետոյ միայն՝ գիտութիւններ։ ՈՒտոպիական ուսոցիչն իր բոլոր ընդունակութիւններն ու փորձը գործադրում է երեխայի դեռեւս քնքոյշ եւ ընդունակ հոգու մէջ պատուաստելու այն լաւ սկզբունքները, որ պետութեան կռուանն են կազմում։ Մանուկը իւրացնելով այդ կանոնները, իր ամբողջ կեանքի ընթացքում հաւատարիմ է մնում դրանց եւ հետագայում պետութեան բարօրութեան յուսալի հենարան է հանդիսանում։ Պետութիւնները քայքայւում են մոլութիւնից, իսկ մոլութիւնը հետեւանք է բարոյականութեան վատ կանոնների։ Քահանաներն ազգաբանակութեան ամենաառաքինի ընտանիքներից են ընտրում իրենց կանանց։ Կանայք նոյնպէս զրկուած չեն քահանայութիւն անելու հնարաւորութիւնից, պայմանով, որ այրի լինեն եւ առաջացած տարիք ունեննան։ Ոչ մի պաշտօն չկայ, որ աւելի մեծ հարգանք վայելի, քան քահանայութիւնը։ Այն մեծարանքները, որոնցով շրջապատում են նրանց, այնքան բարձր են, որ երբ նրանցից որեւէ մէկը մեղանչում է, նրան մինչեւ իսկ պատասխանատւութեան չեն կանչում, այլ թողնում են աստծոյ եւ իր սեփական խղճին։ Ուտոպիացիները թոյլատրելի չեն համարում մահկանացուի ձեռքով շօշափել այն, որ ինչպէս սրբազան զոհ եւ րպէս անձեռնմխելի ու առանձնացած՝ նուիրուած է աստծոյ։ Այս սովորոյթի պահպանումն աւելի է հեշտանում նրանով, որ քահանաների թիւը շատ քիչ է եւ նրանց ընտրութիւնը կատարում են ամենամեծ զգուշութիւնով։ Այդ պատճառով էլ չափազանց հազուադէպ կարող է լինել, որ այն մարդը, որին վստահում են այդպիսի մեծ աստիճան, նկատի չառնելով իր ամբողջ առաքինութիւնն ու արդարամտութիւնը, ինչպէս եւ այն, որ նա լաւերից լաւագոյնն է համարւում, այնուամենայնիւ անձնատուր լինի մոլութեան ու փչացած բարքերի։ Եւ եթէ մինչեւ անգամ այդպիսի դէպք էլ պատահի (քանի որ մարդկային բնութիւնն անյուսալի է), դրանից երբեք պետութեան բարօրութիւնը չի տուժի, քանի որ քահանաների դասակարգն ինքնին շատ մեծ չէ եւ ոչ մի իշխանութեամբ չի օգտւում։ Քահանաների թիւը փոր սահմանելով, ուտոպիացիներն ուզում են պահպանել նրա նշանակութիւնը, որը հեշտութեամբ կարող էր ընկնել, եթէ այդ դասակարգի մէջ շատ անձնաւորութիւններ մտնէին։ Գլխաւոր պատճառը սակայն այն է, որ նրանց դժուար է թւում գտնել իսկապէս առաքինի այդքան մարդիկ, որոնք կատարէն այն ծառայութիւնը, որը պահանջում է աւելի, քան սովորական բարոյականութիւնը։ Ուտոպիական քահանաներն օտար ազգերի կողմից աւելի պակաս չեն գնահատւում։ Այդ ճշմարտութեան պատճառն ու բացատրութիւնը հետեւեալն է․ Կռուի ժամանակ քահանաներն իրենց մի կողմն են պահում, թէեւ ճակատամարտի դաշտից ոչ հեռու․ այնտեղ նրանք պաշտամունքի զգեստներ հագած ծնկաչոք եւ դէպի երկինք բարձրացրած ձեռքերով պաղատում են բարձրեալին ամէնից առաջ հաշտութիւն, ապա՝ իրենց երկրի յաղթանակը, բայց այնպիսի յաղթանակ, որը ոչ մէկ եւ ոչ էլ միւս կողմի համար արիւնոտ չլինի։ Երբ իրենց համաքաղաքացիները յաղթում են, նրանք խոյանում են ճակատամարտի մէջ ու դադարեցնում են արիւնահեղութիւնը։ Դժբախտը, որ տեսնում է նրանց մօտենալը եւ կոչում է նրանց, կենդանի է մնում․ ով շօշափում է նրանց երկար զգեստները, այդպիսին մինչեւ իսկ ունեցուածքից չի զրկւում։ Այդ լաւ սովորոյթը նրանց արժանիքին այնքան մեծութիւն է տալիս, հարեւան ժողովրդի մէջ այնպիսի յարգանք է ներշնչում, որ նրանց միջամտութիւնը յաճախ ուտոպիացիների սեփական բարօրութեան համար աւելի պակաս ծառայութիւն չի մատուցում, քան թշնամի զօրքին։ Արդարեւ, պատահել է, որ ուտոպիական զօրքը, կորցնելով ամէն յոյս՝ նահանջի ու փախուստի է դիմել․ բայց հենց այն մոմենտին, երբ թշնամին պատրաստուել է սպանութեան ու կողոպուտի նպատակով հետապնդել նրանց, քահանաների միջամտութիւնն արգելել է այդ եւ հաշտութիւնը կնքուել է աւելի նպաստաւոր պայմաններով։ Դեռեւս չի եղել այնպիսի բարբարոս ու դաժան ժողովուրդ, որը չյարգեր ուտոպիական քահանաներին, որպէս անձեռնմխելի եւ սրբազան կազմակերպութեան։ Ուտոպիացիներն ամսուայ եւ տարուայ առաջին ու վերջին օրը տօն են կազմակերպում։ Տարին նրանք բաժանում են լուսնի ամիսների եւ այն հաշւում են արեւի պտոյտով։ Առաջին եւ վերջին այդ օրերն ուտոպիական լեզուով կոչւում են ցենիմեռներ եւ տռապեմեռներ, որ մօտաւորապէս նշանակում է սկզբնական եւ եզրափակման տօն։ Ուտոպիայում կարելի է տեսնել ճոխ կառուցուած փառահեղ տաճարներ, որ իրենց մեծութեամբ ի վիճակի են տեղաւորել ժողովրդի մեծ բազմութիւն, ինչ որ՝ տաճարների քչութեան պատճառով, անհրաժեշտ է։ Մինչեւ իսկ օրուայ ամենալուսաւոր ժամանակ տաճարում տիրում է կիսախաւար․ այդպիսի կառուցուածքի պատճառը կառուցողների անգիտութիւնը չէ, այլ արուած է դիտմամբ՝ քահանաների խորհրդով։ Որովհետեւ շատ ուժեղ լոյսը ցրում է մտքերը, մինչդեռ թոյլ լուսաւորութիւնն ամփոփում է եւ աղօթքի համապատասխան տրամադրութիւն է առաջ բերում։ Թեպէտ ուտոպիացիները միեւնոյն կրօնը չեն դաւանում, բայց չնայած դրան, այդ երկրի պաշտամունքի բոլոր ձեւերն իրենց բազմապիսի առանձնայատկութեամբ, տարբեր ճանապարհներով ձգտում են մի միակ նպատակի։ Այդ նպատակը բնութեան աստուածացումն է։ Դրա համար էլ տաճարում չէք լսի ոչ մի այնպիսի բան, որ չհամապատասխանի բոլորի դաւանանքին։ Իւրաքանչիւր ոք իր հաւատի առանձին ծիսակատարութիւնները կատարում է իր ընտանիքի շրջանակում։ Հասարակական֊կրօնական պաշտամունքն այնպէս է կազմակերպուած, որ ոչ մի բանով չի հակասում տնային մասնաւոր աստուածապաշտութեանը։ Տաճարում ոչ մի տեսակ աստուածային նկարներ չկան, որպէսզի իւրաքանչիւրն ազատ լինի աստուածութիւնը պատկերացնել իր հաւատքին համապատասխան ձեւով։ Այնտեղ աստծուն դիմում են միայն Միթրա անունով, որն արտայայտում է ընդհանրապէս աստուածային մեծութիւնը՝ անկախ նրա էութիւնից։ Ուտոպիայում բոլոր աղօթքներն այնպէս են, որ ամէն ոք կարող է կրկնել, առանց իր կրօնական համոզմունքների դէմ մեղանչելու։ Եզրափակման տօների օրերին ժողովուրդը երեկոյեան եւ վաղ առաւօտեան հաւաքւում է տաճարներում։ Այնտեղ շնորհակալ են լինում աստծուն այն բարերարութիւնների համար, որ իրենց երկիրին ցոյց է տուել այդ տարուայ կամ ամսուայ ընթացքում, որը լրանում է այդ օրը։ Միւս օրը, արդեն սկզբնական տօնին, ժողովուրդը վաղ առաւօտից լցւում է տաճարները եւ երջանկութիւն է աղերսում սկսուող տարուայ կամ ամսուայ համար։ Եզրափակման տօների օրերին՝ կանայք, նախքան տաճար գնալը, ծունկ են չոքում իրենց ամուսինների, իսկ երեխաներն՝ իրենց ծնողների առաջ։ Նրանք խոստովանում են իրենց բոլոր սխալներն ու անփութութիւնները եւ ներողութիւն խնդրում։ Ընտանեկան այդ խոստովանութեան, այդ բարեպաշտ բաւարարման միջոցով, իսկոյն ցրւում են ատելութեան ամպերը, որոնք մթագնում էին տնային խաղաղութիւնը, եւ ապա բոլորը կարող են հանգիստ խղճով ու մաքուր հոգով աստուածապաշտութեան գնալ։ Այլ կերպ, ուտոպիացիներն անհանգիստ կը լինէին, եթէ ատելութիւնն ու վրդովմունքը սրտում՝ երեւային տաճարում։ Երբ զայրոյթը կամ խղճի խայթը լցնում է նրանց կուրծքը, նրանք երբեք չեն համարձակւում տաճարում երեւալ, քանի դեռ չեն մեղմել իրենց կիրքն ու չեն մաքրուել դրանցից։ Նրանք վախենում են, որ աստուած այդպիսի մեղքի համար վրէժ կը լուծի։ Տաճարում տղամարդիկ կանգնում են աջ, կանայք՝ ձախ կողմը։ Տեղերը բաշխւում են այնպէս, որ երեխաներն ըստ սեռի նստեն ծնողների առջեւ։ Այդ կարգը սահմանուած է նրա համար, որ ծնողները կարողանան հետեւել երեխաների ընթացքին, որոնց նրանք տանը սովորեցնում եւ դաստիարակում են։ Նրանք հոգ են տանում, որ երեխաները մեծերի միջեւ գտնուեն, միասին չլինեն ու խաղեր չսկսեն ու այդպիսով չկորցնեն այն ժամանակը, որի ընթացքում նրանք պէտք է նուիրուեն կրօնական պաշտամունքին։ Որովհետեւ երկիւղը միայն այդ տարիքում ամէնից աւելի իրական է եւ թերեւս առաքինութեան միակ ճանապարհը։ Ուտոպիացիները պաշտամունքի ժամանակ կենդանիներ չեն զոհում։ Նրանք կարծում են, որ աստծոյ ողորմածութիւնը կենդանիներին կեանք է տուել, որպէսզի նրանք օգտուեն դրանից․ արեան եւ սպանդի տեսքը հաճելի չի լինի։ Ուտոպիացիները տաճարում խունկ եւ ուրիշ բուրաւէտ նիւթեր են ծխում, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ մեղրամոմ են վառում։ Նրանք լաւ գիտեն, որ աստուածութիւնն այդ բաներին պէտք չունի, ինչպէս եւ կարիք չունի մարդկանց աղօթքներին, սակայն, չնայած դրան, նրանք աստծուն սիրով մատուցում են երկրպագութեան այդ տուրքը։ Բացի այդ, հազիւ թէ կարիք լինի ասելու, թէ ինչպէս այդ լոյսերի, բուրաւէտ նիւթերի, արարողութիւնների ազդեցութեան ներքոյ մարդ իրեն սրբազան օրհնութեամբ համակուած է զգում եւ ո՜րսպիսի ջերմեռանդութեամբ անձնատուր է լինում կրօնական պաշտամունքներին։ Տաճարում ժողովուրդը ամբողջովին սպիտակ է հագնում․ քահանան կրում է բազմազան գոյնի մի զգեստ, որը հրաշալի ձեւ ունի եւ հիանալի աշխատանքի արդիւնք է, թէեւ զգեստի նիւթը շատ թանկագին չէ։ Քահանայի վերնազգեստը ոչ ոսկով է հիւսուած եւ ոչ էլ քարերով ծածկուած։ Դա թռչունի փետուրներից մի հիւսուածք է․ փետուրներն այնպիսի մեծ արուեստով ու ճաշակով են դասաւորուած, որ մինչեւ անգամ ամենաթանկագին զարդարանքն իսկ այդ հրաշալի աշխատանքին չի հասնի։ Բացի այդ, թեւերն ու փետուրները, որ սահմանուած կանոնի համաձայն դասաւորուած են քահանայի զգեստի վրայ, կազմում են շատ սիմբոլներ, որոնք իրենց մէջ խորհուրդներ են պարունակում։ Քահանաները խղճմտօրէն մեկնաբանում են այդ խորհրդանշանները, որոնց տեսքն ուտոպիացիներին մշտապէս յիշեցնում է աստծոյ բարերարութեան, երախտագիտութեան մասին, որ պարտական են նրան եւ այն պարտականութիւնների մասին, որ պէտք է նրանք կատարեն միմեանց հանդէպ։ Հենց որ քահանան իր պաշտօնական զգեստով յայտնւում է սրբազան վայրի շեմքում, բոլորը մի այնպիսի երկիւղածութեամբ եւ խոր լռութեամբ ընկնում են գետին, որ այդ տեսարանը հոգին համակում է մի տեսակ դողով, կարծես թէ աստուած յայտնուի տաճարում։ Մի քանի րոպէ յետոյ քահանան մի նշան է տալիս ու ամբողջ բազմութիւնը եվր է կենում։ Ապա հնչում են աստծոյ փառաբանութեան երգեցողութիւնները, որոնց միջեւ եղած ընդմիջումները լցւում են երաժշտական սիմֆոնիաներով։ Ուտոպիայում երաժշտական գործիքները մեծ մասամբ տարբեր են մեզ մօտ եղածներից։ Նրանք աւելի ներդաշնակ են, իսկ մի քանիսը մինչեւ իսկ չեն կարող համեմատուել մեր ունեցածների հետ։ Բայց ինչ որ ուտոպիական գործիքային եւ վոկալ երաժշտութեան անվիճելի առաւելութիւն է տալիս, այն հանգամանքն է, որ նրանք հազուագիւտ կատարելութեամբ հոգեկան բոլոր տրամադրութիւնները պատկերում են ու վերարտադրում։ Ուտոպիացիները տոնն այնքան ճիշտ են ներդաշնակում, նրանք այնքան կենդանի են վերարտադրում աղօթքը, ուրախութիւնն ու կարեկցութիւնը, խռովութիւնը, վիշտն ու զայրոյթը, մի խօսքով նրանց մելոդիայի ձեւն այնպիսի մեծ հարազատութեամբ է արտայայտում ամենախոր զգացմունքները, որ դրանով ունկնդրի հոգին յուզուած, յագեցուած ու բոցավառուած է զգում իրեն։ Աստուածապաշտութեան վերջում ժողովուրդն ու քահանան միասին կարդում են հանդիսաւոր աղօթքներ, որոնց ձեւն այնպէս է սահմանուած, որ իւրաքանչիւրը կարող է ամբողջական բովանդակութիւնը իրեն պատշաճեցնել։ Այս աղօթքներով նրանք աստծուն ընդունում են որպէս աշխարհի արարիչը եւ պահապանը, շնորհակալ են լինում նրան այն բազմաթիւ բարերարութիւնների համար, որ նա ցոյց է տուել իրենց․ մասնաւորապէս շնորհակալութիւն են յայտնում, որ նա յատուկ շնորհով նրանց ծնունդ է տուել մի ամենաերջանիկ պետութեան եւ կրօնի մէջ, որը նրանց ամենաճշմարիտն է թւում։ Եթէ այդ հաւատքը մի մոլորութիւն լինէր, եթէ գոյութիւն ունենար մի աւելի լաւ, յաւիտենականին աւելի հաճելի կառավարութիւն եւ աստուածապաշտութիւն, այն ժամանակ նրանք դրա յայտնագործման համար աստծոյ շնորհը կաղերսէին եւ պատրաստակամութիւն կյայտնէին ամէն բանում հետեւել նրա կամքին։ Իսկ եթէ, ընդհակառակը, ուտոպիական աստուածապաշտութիւնը եւ կառավարութիւնն ամենակատարեալներն են, ապա նրանք խնդրում են աստծուն, որ նա իրենց տոկունութեան ուժ տայ մնացեալ մարդկանց եւս երջանկացնելու միեւնոյն կրօնական ու հասարակական հաստատութիւններով, եթէ միայն նա, ըստ իր անքննելի վճիռների, կրօնների այս մեծ տարբերութիւնների մէջ հաճոյք չի գտնում։ Ի վերջոյ նրանք աստուածային բարեգթութեանն աղերսում են իրենց թեթեւ եւ հանգիստ մահ տալ։ Նրանք չեն համարձակւում Երկնաւորից կեանքի երկարացում կամ կարճացում խնդրել, սակայն, առանց նրան վիրաւորելու վախ ունենալու, ասում են, որ աւելի սիրով ամենատանջալից մահոց կը միանան նրան, քան թէ մինչեւ իսկ ամենաերջանիկ կեանքով երկար ժամանակ զրկուեն նրա հովանաւորութիւնից։ Այս աղօթքից յետոյ— բոլորը նորից ծնկադրում են եւ մի քանի րոպէից վեր կենում, որպէսզի ճաշի գնան․ օրուայ մնացեալ մասը գործադրւում է խաղերի ու զինուորական պարապմունքներին համար։ ——— «Ես փորձեցի— շարունակեց Ռաֆայէլը— ըստ հնարաւորին հարազատ կերպով նկարագրել ձեզ այդ պետութեան կառուցուածքը, որ ես ոչ միայն ամենալաւն եմ համարում, այլ եւ միակը, որ իրաւամբ կարող է կոչուել ազատ պետութիւն։ Ամէն տեղ էլ կան մարդիկ, որոնք խօսելով ընդհանուրի բարօրութեան մասին, աչքի առաջ ունեն միայն իրենց անձնական շահը․ մինչդեռ այնտեղ, որտեղ ոչ ոք ոչ մի բանի սեփականատէր չէ, բոլորը լրջօրէն զբաղում են հասարակական գործերով, որովհետեւ մասնաւոր շահն իսկապէս միահիւսւում է հասարակական բարօրութեան հետ։ Ուրիշ երկրներում ո՞վ չի իմանում, որ անտես առնելով իր սեփական շահերը, նա քաղցից կը մեռնի, թէկուզ պետութիւնն ինչքան էլ ծաղկեալ լինի։ Դրա համար էլ այն անխուսափելիութիւնը, որով նա պէտք է նախ իր, ապա իր հայրենիքի, այսինքն իր մերձաւորների մասին մտածի։ Դրա հակառակ Ուտոպիայում, որտեղ ամէն ինչ բոլորին է պատկանում, ոչ ոք չի կարող մի բանի պակասութիւն զգալ, քանի հասարակական շտեմարանները լիքն են․ չէ՞ որ պետութեան կարողութիւնն այդ երկրում երբեք անարդար չի բաշխւում․ այնտեղ չի կարելի տեսնել ոչ աղքատ եւ ոչ էլ մուրացիկ եւ թէեւ ոչ ոք մի բան իր սեփականը չի անուանում, բայց եւ այնպէս բոլորն էլ հարուստ են։ Արդարեւ, երկրի վրայ գոյութիւն ունի՞ աւելի լաւ հարստութիւն, քան այն, որը մեզ թոյլ է տալիս զուարթ ու հանգիստ, անհոգ ու անխռով ապրել․ կա՞յ աւելի լաւ վիճակ, քան կարիք չունենալ դողալու իր գոյութեան համար, չյոգնել կնոջ անվերջ խնդրանքներից ու գանգատներից, չվախենալ իր որդու համար ոչ մի թշուառութիւնից, չանհանգստանալ աղջկայ օժիտի համար— այլ, ընդհակառակն, ապահով ու անհոգ լինել իր եւ բոլոր իւրայինների՝ ամուսնու, երեխաների, թոռների, ծոռների մինչեւ ամենահեռաւոր սերունդների գոյութեան եւ բարեկեցութեան համար, որով մի ազնուական կարող է յոխորտալ։ Այդ առաւելութիւններն ուտոպիական պետութիւնն ընձեռնում է ինչպէս հաշմանդամներին, որոնք առաջ աշխատել են, նոյնպէս էլ առողջ քաղաքացիներին, որոնք դեռեւս աշխատունակ են։ Ինձ հաճելի կը լինէր, եթէ մէկը համարձակուէր այս կարգերի հետ համեմատել միւս ժողովրդների կարգերը․ ինչ ինձ է վերաբերում, գլխովս կերաշխաւորեմ, եթէ ես միւս ազգերի մօտ իրաւունքի եւ արդարութեան ամենաչնչին նշոյլը գտնեմ։ Մի՞թէ արդար է, որ մի ազնուական, մի ոսկերիչ<ref>Մորի ժամանակ ոսկերիչները միաժամանակ դրամափոխներ եւ բանկիրներ էին։</ref>, վաշխառու, մի մարդ, որը կամ ոչինչ եւ կամ միայն պետութեան անօգուտ իրեր է պատրաստում— անգործունէութեան կամ դատարկ զբաղումների գրկում հաճելի կեանք վարեն, մինչդեռ օրավարձուորները, բեռնակիրները, արհեստաւորները, հողագործը խոր թշուառութեան մէջ են ապրում եւ հազիւ են ամենաանհրաժեշտ սնունդն ստանում․ թէեւ վերջինները երկար ու ծանր աշխատանքի են դատապարտուած, որին գրաստները հազիւ կարող են դիմանալ— այնքան շատ անհրաժեշտ աշխատանքներ, որ ոչ մի հասարակութիւն առանց դրանց մի տարի գոյութիւն ունենալ չի կարող։ Արդարեւ, գրաստի դրութիւնը հազար անգամ աւելի լաւ է թւում․ նա այնքան երկար չի աշխատում, նրա սնունդը նուազ վատ է եւ մինչեւ իսկ իր ճաշակելիքն աւելի համապատասխան․ բացի այդ, անասունը չի վախենում իր ապագայից։ Ի՞նչպէս է սակայն օրավարձուորի վիճակը․ մի անպտուղ, անշնորհակալ աշխատանք սպառնում է նրան ներկայումս, եւ թռուառ ծերութեան հեռանկարը նրան սպառնում է հենց այժմ, քանի որ օրական վաստակը չի բաւականացնում նրա այսօրուայ բոլոր կարիքներին։ Այդ պատճառով էլ, ի՞նչպէս նա կարող է բարելաւել իր վիճակը եւ ծերութեան կարիքների համար օրական մի բան ետ գցել։ Անարդար ու երախտամոռ չէ՞ այն հասարակութիւնը, որը այդքան շատ բարիքներ է շռայլում նրանց, որոնց երեւելի է անուանում, ծոյլերին կամ ճոխութեան առարկաներ արտադրողներին, որ իրենց գործունէութիւնը միայն ունայն հաճոյքների են նուիրում,— մինչդեռ միւս կողմից կարեկցութիւն եւ ոչ էլ հոգացողութիւն է ցուցաբերում հողագործի, ածխահատի, օրավարձուորի, բեռնակրի եւ ձեռքի աշխատողների նկատմամբ, առանց որոնց հասարակութիւնը գոյութիւն ունենալ չէր կարող։ Իր դաժան եսականութեան մէջ, հասարակութիւնը չարաշահում է նրանց երիտասարդութեան ուժը, դրա միջոցով որքան հնարաւոր է շատ աշխատանք ու օգուտ քամելու համար․ բայց հենց որ տարիքի եւ հիւանդութեան ծանրութեան տակ նրանց ուժերը նուազում են ու նրանք ամէն բանում թուլանում,— մոռանում է նրանց անքուն գիշերները, նրանց բազմաթիւ եւ կարեւոր ծառայութիւններն ու սովամահութեամբ է վարձատրում նրանց։ Դա դեռ բոլորը չէ։ Հարուստներն ամէն օր պակասեցնում են աղքատների վարձքը ոչ միայն ամէն տեսակ խորամանկութիւններով եւ խաբեբայութիւններով, այլեւ նոյն նպատակով օրէնքներ են հրատարակում։ Մի այդպիսի վրդովեցուցիչ հատուցում նրանց, որոնք պետութեան ամենամեծ երախտագիտութեանն են արժանի,— հենց սկզբից անժխտելի անարդարութիւն է թւում․ սակայն հարուստներն այդ անարդարութիւնը վերածում են իրաւական նորմայի՝ օրէնքի ուժ տալով դրան։ Դրա համար էլ, ես ամենածաղկեալ պետութիւններ մէջ, վկայ է դրան աստուած, ուրիշ ոչինչ չեմ տեսնում, քան ականաւորների դաւադրութիւն, որոնք պետութեան վեհ անուան եւ պիտակի տակ անում են այն, ինչ էլ որ ուզում են։ Դաւադիրներն ամէն տեսակի խաբեբայութիւնով, բոլոր հնարաւոր միջոցներով ձգտում են հասնել հետեւեալ կրկնակի նպատակին․ Ամէնից առաջ նրանք ուզում են ապահովել աւելի կամ պակաս կասկածելի ճանապարհով ձեռք բերուած կարողութեան անսահմանափակ սեփականութիւնը․ երկրորդ, նրանք ուզում են յօգուտ իրենց չարաշահել աղքատների թշուառութիւնն ու նրանց անձը, որպէսզի հնարաւորութեան չափ ցած գնով ձեռք բերեն նրանց աշխատանքն ու լարուածութիւնը։ Եւ այս խորամանկութիւններն ու խաբեբայութիւնները, որ հարուստները պետութեան անունով, հետեւապէս եւ աղքատների անունով, սահմանում են,— դառնում են օրէնքներ։ Սակայն թէեւ այս խորամանկները անհագ ընչասիրութեամբ իրենց միջեւ բաժանել են բոլոր բարիքները, որոնք մի ամբողջ ժողովրդի երջանկութեանը կը բաւականացնէին— այնուամենայնիւ շատ հեռու են այն նախանձելի վիճակից, որը վայելում են ուտոպիացիները։ Ուտոպիայում ագահութիւնն անկարելի է, որովհետեւ այնտեղ փող չի գործածւում։ Հոգսերի ի՜նչպիսի յորդառատ աղբիւրներ դրա շնորհիւ չեն ցամաքեցրել, ոճրագործութեան ո՜րպիսի առատ հունձք արմատահան չեն արել․ ո՞վ չգիտի, որ խաբեբայութիւնը, աւազակութիւնը, ճնշումները, ժողովրդական ապստամբութիւնները, գանգատները, խռովութիւնները, սպանութիւնները, դաւաճանութիւնները, թունաւորումները— ո՞վ չի իմանում, ասում եմ ես— որ բոլոր այս ոճիրները, որոնց համար հասարակութիւնը պատիժներով մշտապէս վրէժ է լուծում, առանց այդպիսիք ոչնչացնել կարողանալու,— հենց նոյն օրը կանհետանային երկրի երեսից, երբ փողը վերանար։ Այն ժամանակ կը դադարէին վախը, խռովութիւնը, հոգսերը, չափազանց լարուածութիւնները եւ անքուն գիշերները։ Ինքը՝ աղքատութիւնը, որ թւում է այդքան կարիք ունի փողի, ինքը՝ աղքատութիւնը կը վերանար փողի հետ միասին։ Ահա ձեզ ակնյայտ փաստը։ Ենթադրենք, թէ պատահում է մի վատ եւ անբերրի տարի, որի ընթացքում մի սարսափելի սով ոչնչացնում է հազարաւոր մարդկանց։ Ես պնդում եմ, որ, եթէ այս ընդհանուր կարիքի վախճանին հարուստների ամբարները հետախուզուեն, այնտեղ հացահատիկի անչափելի պաշարներ կյայտաբերուեն։ Եթէ այդ պաշարը ճիշտ ժամանակին բաժանուեր սովի եւ հիւծումի մատնուածների միջեւ, այն դէպքում այդ դժբախտներից եւ ո՛չ մէկը երկնային խստութիւնը եւ կամ հողի ժլատութիւնը չէր զգայ։ Այսպիսով, դուք տեսնում էք, որ առանց փողի կարելի կը լինէր ապահովել իւրաքանչիւրի գոյութիւնը․ ոսկու աղբիւրը, այդ երջանիկ գիւտը, որը մեր առաջ բաց էր անելու երջանկութեան դարպասները, անողոք կերպով փակում է մեր առջեւը։ Ես չեմ տարակուսում, որ իրենք՝ հարուստները, համոզուած չեն այս ճշմարտութիւնների մէջ։ Նրանք գիտեն, որ անսահմանօրէն աւելի լաւ է երբեք ոչ մի բանի կարիք չզգալ, քան թէ շրջապատուած լինել առատութիւնով․ որ լաւ է ազատ լինել շատ աղէտներից, քան թէ բոլոր կողմերից պաշարուած՝ մեծ հարստութիւնով։ Ես մինչեւ իսկ կարծում եմ, որ մարդկային սեռը վաղուց արդեն ուտոպիական պետութեան օրէնքները իւրացրած կը լինէր— լինի նա իր սեփական շահերի, թէ Քրիստոսի խօսքերին հետեւած լինելու համար՛ չէ՞ որ Փրկչի իմաստութեանը չէր կարող յայտնի չլինել այն, որ մարդկանց համար ամենաօգտակարն է, եւ նրա աստուածային բարութիւնը պէտք է սովորեցնէր մարդկանց այն, ինչ որ նա լաւ եւ կատարեալ է համարում։ Սակայն հպարտութիւնը, այդ անսանձ կիրքը, ամէն մի հասարակական վէրքի մայրն ու թագուհին, անյաղթելի դիմադրութիւն է հակադրում ժողովուրդների այդ շրջադարձին։ Հպարտը երջանկութիւնը անձնական հանգստութեամբ չի չափում, այլ՝ համաձայն մի ուրիշի տառապանքների մեծութեան։ Հպարտը չէր ցանկանայ մինչեւ իսկ աստուած դառնալ, եթէ շուրջը դժբախտներ չմնան, որոնց նա կարողանայ չարչարել ու շահատակել․ եթէ երջանկութեան փայլը թշուառութեան արհաւիրքի հառաչանքներով այլեւս չբարձրանայ․ եթէ իր հարստութեան ցուցադրումն աղքատներին այլեւս չտանջի եւ չգրգռի նրանց յուսահատութիւնը։ Հպարտութիւնը մի թունաւոր օձ է, որը սողոսկելով մարդկանց սրտի մէջ՝ իր թոյնով կուրացրել է նրանց եւ լաւագոյն կեանքի արահետից հեռու է մոլորեցրել։ Այդ սողունը շատ ու շատ խորն է կծում, որպէսզի հեշտութեամբ հնարաւոր չլինի կրկին թօթափել այն։ Ես բոլոր երկրներին սրտանց ցանկանում եմ այնպիսի մի կազմակերպութիւն, որ ես ձեզ նկարագրեցի։ Առնուազն ինձ ուրախացնում է, որ ուտոպիացիներն այս դէպքում բացառութիւն են կազմում եւ իրենց պետութիւնն այնպիսի հիմքերի վրայ են կառուցել, որ ոչ միայն ամենածաղկեալ վիճակն են ապահովում, այլեւ, ինչքան մարդկային սուր հայեացքը կարող է թափանցել յաւերժականութիւն։ Փառախնդրութեան, երկպառակութեան եւ ուրիշ բոլոր մոլութիւնների ծիլերը նրանց մօտ արմատախիլ են արուած։ Բացի այդ, պետութիւնը չի վախենում քաղաքացիական ոչ մի պառակտումից, որը այնքան շատ պետութիւնների զօրութիւնն են բարօրութիւնն աւերել է։ Այն ժամանակ, երբ քաղաքացիների միութիւնն ապահովում է երկրի ներսը, հիանալի եւ աշխոյժ հաստատութիւնները պաշտպանում են երկիրն արտաքին վտանգներից։ Բոլոր հարեւան թագաւորների նախանձը չի կարող ցնցել կամ անհանգստացնել պետութեանը․ նրանք արդեն այդ փորձել են, սակայն նրանց փորձերը միշտ ձախողման են ենթարկուել»։ ——— Երբ Ռաֆայէլը վերջացրեց իր պատմութիւնը, ես յիշեցի ուտոպիացիների օրէնքների եւ բարքերի մի խոշոր թիւ, որ ինձ անհեթեթ էր թւում․ դրանց շարքին են պատկանում նրանց պատերազմ վարելու եղանակը, աստուածապաշտութիւնը, կրօնը եւ ուրիշ բազմաթիւ հաստատութիւններ։ Սակայն, ինչ որ մասնաւորապէս իմ պատկերացումներին հակասում էր, այն բազան էր, որի վրայ հիմնուած է այդ տարօրինակ պետութիւնը։ Ես նկատի ունեմ կեանքի եւ հարստութեան համայնացումը՝ առանց փողի գործածութեան։ Որովհետեւ այս համայնացումը ամբողջովին ոչնչացնում է ամէն տեսակի առանձնաշնորհում եւ փայլ, երեւելիութիւն ու արիստոկրատիզմ, իսկ մինչդեռ հասարակական կարծիքի աչքում հենց դրանք են կազմում պետութեան իսկական զարդը։ Սակայն չնայած դրան, ես Ռաֆայէլին ոչ մի դիտողութիւն չարի, որովհետեւ գիտէի, որ երկար պատմութիւնը յոգնեցրել էր նրան։ Բացի այդ, ես վստահ չէի, թէ ինչքան համբերութեամբ նա կը լսէր իմ առարկութիւնները։ Ես յիշեցի, որ լսել եմ, թէ ինչպէս նա մի քանի առարկողների վախը խիստ կերպով երեսներովն էր տուել․ որոն կարծում են թէ տկարամիտ կհամարուեն, եթէ ուրիշների պնդումների դէմ առարկելու մի բան չգտնեն։ Դրա համար էլ ես գովեցի ուտոպիական հաստատութիւնները եւ իր պատմութիւնը, ապա վերցրի նրա ձեռքը, որպէսզի ընթրիքի գնանք, ասելով, որ մենք մի ուրիշ անգամ ազատ ժամանակ կը գտնենք այս նիւթի մէջ աւելի խորանալու եւ այդ մասին միմեանց հետ աւելի հանգամանօրէն զրուցելու։ Տա աստուած, որ այդ մի օր կատարուի։ Թէեւ ես մի կողմից չեմ կարող համաձայնուել այ բոլորի հետ, ինչ որ պատմեց այդ ամենագիտուն եւ փորձառու մարդը, բայց, միւս կողմից, սիրով խոստովանում եմ, որ ուտոպիական պետութեան մէջ շատ այնպիսի բաներ կան, որ կարելի կը լինէր ցանկանալ, որ մեր պետութիւններն էլ ընդօրինակէին։ Ես դա աւելի ցանկանում եմ, քան թէ յոյս ունեմ։ ==Յաւելուած=====Թոմաս Մորի նամակը Պետր Էգիդին<ref>Այս նամակը որպէս առաջաբան տպագրուած է «Ուտոպիա»֊ի առաջին հրատարակութեան մէջ (1516 թ․), որ ղեկավարել է Պետր Էգիտը։ Ծանօթ․ թարգմ․</ref>=== Ես ինձ շատ անհարմար դրութեան եմ զգում, թանկագին Պետր Էգիդ, որ գրքոյկը Ուտոպիայի պետութեան մասին միայն համարեայ մի տարի յետոյ եմ ուղարկում, մինչդեռ, ինչպէս միանգամայն իրաւացիօրէն դու կարող ես մտածել, այդպիսի աշխատանքի համար մէկ եւ կէս ամիսն էլ բաւական կը լինէր։ Չէ՞ որ քեզ յայտնի է, որ այս գիրքը կազմելու համար ինձ հարկաւոր չէր ոչ սովորել, ոչ էլ առանձին ճիգ գործադրել, ես պէտք չունէի առանձին գլուխների տեղաբաշխման յատուկ պլան յօրինել։ Ինձ մնում էր միայն ճիշտ հաղորդել մեր համատեղ խօսակցութիւնը Ռաֆայէլի հետ, որն ինքը պատմեց եւ բացատրեց ստորեւ շարադրուածը, բացի այդ, ես կարիք չունէի նոյնպէս առանձնապէս մտահոգուել գրքի նաեւ արտաքին կողմի մասին, շարադրման պերճախօսութեան մասին, չէ՞ որ նա աւելի լաւ ծանօթ է յունարէնին, քան լատիներէնին․ դրա համար նրա լեզուն չէր էլ կարող շատ գեղեցիկ լինել, ասենք նա չի էլ նախապատրաստուել եւ չի էլ մտածել դրանից առաջ այն մասին, ինչ որ պատմեց մեզ։ Սակայն, որքան ես կարողանամ աւելի մօտենալ նրա հասարակ, անշահաւէտ պատմութեանը, ես նոյնքան աւելի մօտ կը լինեմ ճշմարտութեանը։ Ես անկեղծօրէն խոստովանում եմ քեզ, իմ բարեկամ Պետր, որ այս բոլորն իմ աշխատութիւնն այնպէս հեշտացրեց, որ ինձ համարեայ ոչինչ չէր մնում անել, իսկ չէ՞ որ հակառակ դէպքում հենց շարադրման առարկան եւ այն տեղաբաշխել կարենալը քիչ ժամանակ չէին խլի մինչեւ իսկ այն մարդուց, որը սովոր է գիտնական աշխատանքի։ Բայց եթէ ինձնից պահանջուեր գործը ոչ միայն ճիշտ շարադրել, այլեւ գեղեցիկ, ապա, յիրաւի, ոչ ժամանակը կը բաւականացներ, ոչ էլ կարողութիւնը։ Սակայն իրերի դրութեան այս պայմաններում, երբ աշխատանքի ամենադժուար մասն ինձ չէր վերաբերում, ինձ մնում է միայն շարադրել այն, ինչ որ լսել ենք։ Մանաւանդ որ մինչեւ իսկ այս փոքր աշխատանքի աւարտմանն էլ խանգարեցին իմ միւս զբաղմունքներն ու հոգսերը։ Դատական գործերն ամէն օր ինձնից ահագին ժամանակ են խլում․ մի դատավարութեան ժամանակ ես ինքս պէտք է խօսեմ, մի ուրիշում լսեմ ցուցմունքները եւ խորհուրդ տամ, երրորդում պէտք է լինում արտայայտել իմ դատավճիռը։ Ապա յայտնւում են զանազան մարդիկ, ոմանք վարչական, ուրիշներ մասնաւոր գործերով։ Եւ ահա ես, դատարանում կորցնելով համարեայ իմ ամբողջ ժամանակը, մնացորդը պէտք է այնուամենայնիւ նուիրեմ ընտանիքին։ Իսկ ինձ համար, այլեւս ժամանակ չի մնում։ Չէ՞ որ տուն վերադառնալով՝ ես պէտք է զրուցեմ կնոջս հետ, կատակեմ երեխաների հետ, խօսեմ աղախնի հետ․ այս բոլորը ես համարում եմ իմ պարտականութիւնը, որ պէտք է կատարել․ եթէ այդ չանես, ապա քո սեփական տանը կարող ես օտարանալ։ Չէ՞ որ մարդ պէտք է ձգտի սիրալիր լինել նրանց հետ, որոնց բնութիւնը, պատահականութիւնը կամ սեփական ընտրութիւնը քո կեանքի ուղեկիցներն են դարձրել․ անշուշտ այս դէպքում պէտք չէ նրանց երես տալ կամ քո սպասաւորների նկատմամբ լինել ստորադրեալի վիճակում։ Այս բոլոր գործերով անցնում են օրեր, ամիսներ, տարիներ։ Իսկ ե՞րբ պէտք է ես գրեմ։ Ես դեռ ուշադրութեան չառայ քունն ու ուտելը, որ շատերի մօտ միայն նուազ ժամանակ է խլում, քան մինչեւ իսկ քունը․ իսկ սա իր հերթին խլում է մարդու կէս կեանքը։ Այդ պատճառով ինձ համար մնում է միայն այն ժամանակը, որ ես կտրում եմ ուտելուց կամ քնից։ Թէեւ այդ ժամանակը քիչ է, բայց այնուամենայնիւ բաւական կը լինէր, որպէսզի վերջացնէի Ուտոպիան՝ թէկուզ ուշացումով։ Ես այն ուղարկեցի քեզ, իմ բարեկամ Պետր, որպէսզի դու կարդաս եւ նայես, թէ արդեօք ես որեւէ բան բաց չե՞մ թողել․ թէեւ ես ընդհանպապէս վստահում եմ իմ յիշողութեան (եթէ ես գոնէ այնքան խելացիութիւն եւ գիտնականութիւն ունենայի, որքան յիշողութիւն), բայց եւ այնպէս չի կարելի վստահ լինել, որ ես ոչ մի սխալ կատարած չլինեմ։ Ահա, օրինակ, իմ որդին՝ Յոան Կլեմենտը, ինչպէս դու յիշում ես այն ժամանակ գտնւում էր մեզ հետ (ես ափսոսում էի նրան որեւէ օգտակար բան լսելու հնարաւորութիւնից զրկել․ ընդհանրապէս հին լեզուներում ունեցած նրա յաջողութիւններից յետոյ ես ուժեղ կերպով հենւում եմ նրա խելքի վրայ), նա ինձ շատ շփոթեցրեց․ եթէ ես չեմ սխալւում, Հիթլոդն ասաց, որ Անիդեր գետի կամուրջը Ամաուռոտ քաղաքում 500 քայլ է, իսկ Յոանը հաւաստիացնում է, որ խօսք եղաւ ընդամէնը 300 քայլի մասին, այնպէս որ 200 քայլ պէտք է հանել։ Արդեօք դու չե՞ս յիշում, թէ ինչպէս պատմեց մեզ․ շատ եմ խնդրում քեզ դր համար․ եթէ դու իմ որդու կողմը կը լինես, ապա ես կընդունեմ իմ սխալը, եթէ դու ինքդ էլ մոռացած լինես ճիշտ թիւը, ապա բոլորը կը թողնես նախկինը, ինչպէս ես եմ յիշում։ Այս բոլորը ես անում եմ նրա համար, որպէսզի իմ երկասիրութեան մէջ անճիշտ ոչինչ չլինի․ թող սխալ լինի, բայց ես չեմ ուզում, որ այնտեղ սուտ լինի, աւելի լաւ է ազնիւ լինել, քան զգուշ։ Ի միջի այլոց այս դէպքում կարելի է նեղ դրութիւնից դուրս գալ․ երբ տեսնես Ռաֆայէլին հարցրու եւ կամ գրիր նրան։ Բացի այդ, նրան պէտք է գրել նաեւ այլ առթիւ— թող նա վճռի միւս տարակուսանքը։ Չէ որ մեզնից ոչ մէկի մտքով չանցաւ հարցնել նրան թէ Նոր֊Աշխարհի ո՛ր մասում է գտնւում Ուտոպիան, իսկ նա, որքան յիշում եմ, այդ մասին չխօսեց։ Ես ոչինչ չէի խնայի այդ տեղեկութիւններն ստանալու համար․ չէ՞ որ ինձ համար անյարմար է չիմանալ, թէ ո՛ր ծովում է գտնւում այն կղզին, որ ես այդպէս մանրամասն նկարագրում եմ․ բացի այդ ես գիտեմ մի քանի անձնաւորութիւններ, որոնք կը ցանկանային ուղեւորուել այդ կղզին։ Դրանց թւում աստուածաբանութեան մի պատուարժան ուսուցիչ․ այս վերջինին չի հրապուրում ոչ սովորական հետաքրքրութիւնը, ոչ էլ նորութեան պահանջը, այլ այդ կղզում մեր կրօնը տարածելու ցանկութիւնը, որի քարոզումն արդեն սկսուել է այնտեղ։ Իր նպատակն աւելի լաւ իրագործելու համար, նա կը ցանկանար, որ մեր արքեպիսկոպոսը նրան Ուտոպիայի եպիսկոպոս նշանակէր։ Այս նպատակին հասնելու համար նա միջոցների առաջ կանգ չի առնում— նա գործի է դնում բոլոր հնարաւոր միջոցները, ոչ թէ փառասիրութեան եւ հարստութեան տենչով, այլ միմիայն կրօնական ջերմեռանդութիւնից։ Այսպէս, շատ եմ խնդրում քեզ, թանկագին Պետր, խորհրդակցել Ռաֆայէլի հետ անձամբ, եթէ այդ քեզ յաջողի, կամ գրաւոր եւ անել բոլորը, որ կախուած է քեզնից, որպէսզի գրքում մեղանչումներ չլինեն։ Լաւ չի՞ լինի արդեօք գիրքը ցոյց տալ հենց նրան։ Քանի որ, ո՞վ, բացի նրանից, աւելի լաւ կարող է ուղղել սխալները, եթէ այդպիսիք այնտեղ սպրդել են։ Դրա համար նրան հարկաւոր է միայն թերթել իմ գիրքը, ի միջի այլոց կարելի կը լինի նրանից իմանալ, թէ արդեօք նա հաւանութիւն տալի՞ս է իմ աշխատութեան, քանի որ կարող է պատահել, որ նա ինքն է պատրաստուել նկարագրել իր ճանապարհորդութիւնները եւ կարող է զայրանալ իմ վրայ այն պատճառով, որ ես կանխել եմ իրեն եւ թուլացրել նորութեան հետաքրքրականութիւնը․ լոյս ընծայելով «Ուտոպիայի պետութիւնը», ես չէի ցանկանայ նման բազխումներ ունենալ։ Սակայն, անկեղծ ասած, ես ինքս էլ դեռեւս չեմ իմանում, թէ արդեօք հրապարակե՞մ այս գիրքը, թէ ոչ․ մարդկանց ճաշակներն այնքան բազմազան են, իւրաքանչիւր մարդու բնութիւնն այնքան անհատական, կարծիքներն այնքան ապականուած, խորհելու ունակութիւնն այնքան աննշան, որ մարդիկ, որոնք օգտւում են զգայական բոլոր հաճոյքներով եւ բաւարարում են իրենց մարմնական պահանջները, թւում է թէ աւելի լաւ վիճակում են, քան գիտնականները, որոնք հոգ են տալում, որպէսզի բոլոր կողմերով օգտակար եւ հաճելի գիրք գրեն եւ հրատարակեն։ Բայց, հակառակ նրանց ճիգերին, առաջին կատեգորիայի մարդիկ այնուամենայնիւ դէպի գիրքը վերաբերւում են արհամարհանքով եւ անշնորհակալութեամբ ու չեն գնահատում այն։ Մարդկանց մեծամասնութիւնը անկիրթ է եւ հեգնում է գիտութիւնը։ Անտաշ մարդուն միայն կարող է հաճոյք պատճառել ա՛յն, ինչ կոպիտ է ու վայրենի։ Իսկ գիտնական մարդն ընկնում է միւս ծայրայեղութեան մէջ․ նա անարժան եւ գռեհիկ է համարում այն բոլորը, որ ժամանակակից է, կենդանի, որը գունազարդուած չէ գործածութիւնից վաղուց դուրս եկած բառերով։ Այդպիսին սիրում է միայն հնոտին, նա բաւարարւում է իր սեփական դատողութիւններով։ Մէկը մռայլ է, չի հասկանում կատակներ, նրան գրգռում են ամէն տեսակի զուարճանքներ․ միւսը չի հասկանում վերացական, փոխաբերական ոչ մի բան, ոմանք վախենում են երգիծանքից, ինչպէս ջրավախը սարսափում է ջրից․ ուրիշներ հանդէս են գալիս որպէս անկայուն մարդիկ, շարունակ փոխում են իրենց դատողութիւնը եւ կանգնած ժամանակ ասում են մի բան, իսկ հենց որ նստեն՝ նրանց մտքում արդեն բոլորովին այլ բան է լինում։ Վերջապէս, կարելի է հանդիպել նաեւ այլ տեսակի ընթերցողների․ սրանք նստում են պանդոկներում եւ, ծծելով թասերից, քննադատում են գրականագէտներին՝ դատափետելով նրանց ամենահեղինակաւոր տոնով, ծաղրում են նրանց եւ իրենցից վեր չընդունելով ոչ ոքի, այսպիսով խուսափում են դատաստանից։ Երանի թէ նրանք ունենային կարգին մարդու գեթ մի մազ, որից կարելի լինէր կառչել։ Վերջապէս կայ անշնորհակալ ընթերցողների մի տեսակ էլ, որ գրքի ընթերցումից ստանում է մեծ հաճոյք, բայց այնուամենայնիւ փնթփնթում է հեղինակի հասցէին եւ նրան շնորհակալութիւն չի արտայայտում։ Իրենց անշնորհակալութեամբ նրանք յիշեցնում են որովայնապաշտներին, որոնք տրաքելու աստիճան լափում ու լակում են հիւրատեղում՝ տանտիրոջ մինչեւ իսկ շնորհակալութիւն չասելով։ Ահա՛, արի ու այս բոլորից յետոյ հեղինակ դարձիր, կազմակերպիր խնջոյքներ բազմերանգ եւ ընդհանրապէս չար ու ապերախտ հասարակութեան համար։ Բայց եւ այնպէս, թանկագին Պետր, մի՛ զլանայ Հիթլոդից իմանալ այն բոլորը, ինչ ես քեզ խնդրում եմ այս նամակում— ես չեմ կարող չխորհրդակցել նրա հետ։ Չէ՞ որ ես այս երկասիրութեան վրայ այսպէս թէ այնպէս աշխատել եմ եւ եթէ նա դէմ ոչինչ չունի, կուզենայի հրատարակել այն։ Ես միայն առաջնորդւում եմ իմ մտերիմների եւ մանաւանդ քո խորհրդով։ Եղի՛ր առողջ, իմ թանկագին բարեկամ, Պետր Էգին քո հրաշագեղ կնոջ հետ միասին տածիր իմ նկատմամբ միեւնոյն սէրը, ինչպէս առաջ, իսկ ես քեզ սիրում եմ աւելի շատ, քան երբեւիցէ։