Changes
Ուտոպիա
,Ուտոպիացիներն ամբողջովին անձնատուր են լինում հոգեւոր հաճոյքներին, որ համարում են ամենաազնիւ ու ամէնից էական հաճոյքները։ Նրանք ամենամաքուր ու ամէնից ցանկալի բաւականութիւնների թուին են դասում առաքինութեան կենսագործումն ու անբիծ կեանքի գիտակցութիւնը։ Ֆիզիկական հաճոյքներից նախապատւութիւնը նրանք տալիս են առողջութեան, որովհետեւ, եթէ պէտք է լաւ ճաշի ու կենդանական միւս վայելքների բաւարարմանը ձգտել, ապա նրանց կարծիքով այդ կատարւում է լոկ առողջութիւնը պահպանելու համար, քանի որ դրանք ոչ թէ ինքնին, այլ միմիայն այն պատճառով են հաճելի, որ դիմադրում են հիւանդութեան ծածուկ յարձակումներին։
Բանական մարդն աւելի շուտ սնանկացումը կը կանխի, քան թէ յետոյ դրամական փոխառութիւնների կապաւինի․ աւելի շուտ ցաւից կը խուսափի, քան թէ յոյսը դեղորայքի վրայ կը դնի։ Այդ պատճառով ուտոպիացիներն օգտագործում են այն բոլոր բաւականութիւնները, որոնցից զրկուելը նրանց կհարկադրի դիմել բուժիչ միջոցների։ Սակայն ուտոպիացիներն իրենց ամբողջ երջանկութիւնն այդ բաւականութիւնների վրայ չեն հիմնում․ այլապէս մշտական քաղցն ու ծարաւը մարդկային բախտաւորութեան գագաթնակէտը կը համարուեր, քանի որ անհրաժեշտ կը լինէր անընդհատ ուտել ու խմել։ Հասկանալի է, որ այդպիսի կեանքը նոյնքան ողորմելի կը լինէր, որքան եւ արգահատելի։
Կենդանական հաճոյքները— դրանք ամենաստոր հաճոյքներն են, ամենից անմաքուրները, որոնց միշտ վիշտն է ուղեկցում։ Մի՞թէ կշտանալու հաճոյքի հետ քաղցը չի՞ մեռնում, եւ այն էլ չափազանց անհաւասար համեմատութեամբ։ Քաղցի զգացումն արդարեւ ամենաուժգինն է, նա միաժամանակ ամենից երկարատեւն է, քանի որ սկսում է բաւարարման զգացումից առաջ եւ վերջանում է միայն նրա հետ։
Այդ համոզումներով համակուած՝ ուտոպիացիները կարծում են, որ մարմնական հաճոյքները կարելի է այնքան ժամանակ միայն գնահատել, որքան նրանք օգտակար ու անհրաժեշտ են։ Չնայած այդ բոլորին, նրանք այնուամենայնիւ սիրով անձնատուր են լինում դրանց եւ շնորհակալ են բնութիւնից, որ մայրական քնքշութեամբ հոգ է տանում մարդկային կարիքների մասին՝ կեանքի անհրաժեշտ ֆունկցիան զուգակցելով հաճելի զգացողութիւններով։
Որքան տխուր կը լինէր մեր ճակատագիրը, եթէ հարկադրուած լինէինք քաղցն ու ծարաւն ամէն օր թոյնով ու դառը դեղորայքով վանել, ինչպէս այդ անում են՝ հիւանդութիւնների ժամանակ։
Ուտոպիացիները հաճոյքով խնամում են իրենց գեղեցկութիւնը, ուժն ու մարմնի ճկունութիւնը— բնութեան այդ լաւագոյն պարգեւները։ Նրանք նոյնպէս ախորժում են այն հաճոյքներից, որ վայելում են տեսողութեան, լսողութեան եւ հոտառութեան օրգանների օժանդակութեամբ— բաւականութիւններ, որ բնութիւնն ստեղծել է բացառապէս մարդու համար եւ որոնք կազմում են կեանքի աղն ու հրապոյրը։ Չէ՞ որ կենդանին իր հայեացքը չի ածում բնութեան գեղեցկութեան, տիեզերքի ներդաշնակութեան եւ կարգ֊կանոնի վրայ։ Նա հոտոտում է, որպէսզի զանազանի իր սնունդը, սակայն բուրմունքի գրգիռը չի զգում։ Նա չի իմանում ձայների փոխյարաբերութիւնը եւ դիսսոնանսը չի կարող տարբերել ներդաշնակութիւնից։
Ի միջի այլոց, ուտոպիացիներն ամէն տեսակի զգայական պահանջները բաւարարելիս, երբեք չեն մոռանում գործնական կանոնը, այսինքն՝ խուսափել այն բաւականութիւնից, որը բացառում է մի ուրիշ, աւելի մեծ հաճոյք եւ իրենից յետոյ որեւէ ցաւ է թողնում։ Նրանց կարծիքով, ցաւը իւրաքանչիւր ոչ մաքուր բաւականութեան անխուսափելի հետեւանքն է։
Նրանց սկզբունքներից մէկը հետեւեալն է․ արհամարհել մարմնի գեղեցկութիւնը, թուլացնել նրա ուժերը, բթացնել ճկուն անդամները, ծոմապահութեամբ եւ ժուժկալութեամբ փոխել իր տեմպերամենտը, փչացնել իր առողջութիւնը, կարճ, հրաժարուել բնութեան բոլոր պարգեւներից միմիայն այն յոյսով, որ աստուած գալիք կեանքում կը վարձատրի— նշանակում է մոռանալ իր անձը եւ կատարել կրօնական պարտքը։ Սակայն, մարմինը խարազանել, անձը զոհել սին պատրանքի եւ կամ նրա համար, որպէսզի վարժուի ապագայ տառապանքներին, որոնց գուցէ երբեք ենթակայ չի լինելու— ցոյց է տալիս յամառ յիմարութիւն, վախկոտ խստութիւն իրեն նկատմամբ եւ ամբարտաւան երախտամոռութիւն բնութեան հանդէպ․ դա նշանակում է ոտնակոխ անել արարչի բարերարութիւնը՝ որպէս թէ արհամարհելով դրանք։
Առաքինութեան եւ հաճոյքի հարցում ահա այդ է ուտոպիացիների տեսութիւնը։ Ինչքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն արժանանայ աստուածային յայտնութեանը, որը նրանց աւելի նպատակահարմարն է սովորեցնում, նրանք կարծում են, որ մարդկային բանականութիւնն ի վիճակի չէ ոչինչ աւելի լաւ բան յօրինել։ Այս բարոյականութիւնը լաւ է թէ վատ, այդ մասին ես դատողութիւն անել չեմ ուզում։ Դրա համար ինձ չի բաւականացնի ժամանակը եւ, բացի այդ իմ նպատակի համար անհրաժեշտ էլ չէ։ Ես յանձն առայ պատմել, ոչ թէ գովասանքներ շռայլել։ Բայց այնուամենայնիւ ես հաստատապէս համոզուած եմ, որ ուտոպիացիները, շնորհիւ այդ հիմնարկների, աշխարհի առաջին ժողովուրդն են եւ ուրիշ ոչ մի տեղ աւելի երջանիկ պետութիւն գոյութիւն չունի։
Ուտոպիացին ճարպիկ է եւ նեարդային․ առանց բարձրահասակ լինելու, նա աւելի ուժեղ է, քան իր արտաքինը թոյլ է տալիս ենթադրել։ Կղզին ոչ ամէն տեղ միատեսակ արգաւանդ է։ Օդը ոչ ամենուրէք հաւասարապէս մաքուր եւ առողջ․ բնակիչները միջավայրի վնասակար ազդեցութիւնների դէմ կռւում են ժուժկալութեան միջոցով։ Հողը նրանք լաւացնում են հրաշալի մշակումով, այնպէս որ ուրիշ ոչ մի տեղ չէք հանդիպի աւելի լաւ անասունների եւ առաւ բերքի։ Ոչ մի տեղ մարդու կեանքն աւելի երկարատեւ չէ եւ հիւանդութիւնների թիւն այնքան չնչին։
Հողագործ քաղաքացիները չեն միայն, որ մեծ կատարելութեամբ աշխատում են բնութիւնից անշնորհակալ հողն արգաւանդ դարձնելու աշխատանքի վրայ։ Երբեմն ամբողջ ժողովուրդը մասսայական կերպով հաւաքւում է արմատահան հանելու համար ամբողջ անտառներ, որոնք արգելում են հաղորդակցութիւնը, եւ դրա փոխարէն տնկում են ծովի եւ գետերի ափերին կամ քաղաքի շրջակայքում, որովհետեւ հողի բոլոր արտադրանքներից փայտն ամէնից դժուարն է ցամաքով տեղափոխելը։
Ուտոպիայի ժողովուրդը բանիմաց է, սիրալիր եւ աշխատասէր․ նա աշխատում է դանդաղ, բայց ուշադից, իսկ եթէ գործն անհրաժեշտ է, այն դէպքում ընդունակ է ծաւալել խոշոր գործունէութիւն․ նրանց ամենաազնիւ կիրքը մտաւոր ուժերի վարժեցումն ու զարգացումն է։
Կղզու վրայ մեր բնակութեան ընթացքում մենք բնակիչներին Յունաստանի արուեստների եւ գիտութիւնների մասին մի քանի բաներ յայտնեցինք։ Իսկապէս որ զարմանալի էր տեսնել, թէ ինչպէս այդ բարի կղզեցիները թախանձագին խնդրում էին մեզ բացատրել յոյն հեղինակները։ Լատինականների մասին մենք նրանց հետ չխօսեցինք, քանի որ կարծում էինք, որ վերջինների մէջ նրանք միայն պատմագիրներին ու բանաստեղծներին են գնահատելու։ Վերջապէս մենք ստիպուած եղանք տեղի տալ նրանց խնդրանքներին։ Մեր կողմից դա, խոստովանում եմ ձեզ, լոկ հաճոյակատարութեան մի արտայայտութիւն էր, որից մենք ոչ մի հետեւանք չէինք ակնկալում։ Սակայն մի քանի դասախօսութիւններից յետոյ մենք հիմք ունեցանք շնորհաւորելու մեզ մեր ձեռնարկումի յաջողութեան համար, որովհետեւ մեր աշակերտներն ապշեցուցիչ առաջադիմութիւն կատարեցին եւ մեծ եռանդ յայտաբերեցին։ Մենք ապշած էինք այն արագաշարժութեան վրայ, որով նրանք տառերի ձեւը ճիշտ ընօրինակում էին, ինչպէս եւ նրանց արտասանութեան, յիշողութեան ճշգրտութեան, թարգմանութեան հարազատութեան վրայ։ Նրանցից շատերը, որ սկզբում ինքնակամ եւ գովելի եռանդով նուիրուեցին այդ գործին, հետագայում, սենատի հրատարակած մի որոշման հիման վրայ, պարտաւորւում էին շարունակել այն։ Նրանք բոլորը գիտնականների դասակարգից լաւագոյններն էին, բոլորն էլ հասուն տարիքի մարդիկ։ Այսպիսով, աւելի պակաս, քան երեք տարում կլասիկ հեղինակների ստեղծագործութիւններից ոչինչ չմնաց, որ նրանք ընթերցելիս չհասկանային (բացառութեամբ անշուշտ գրչի սխալների պատճառով աղավաղուած մասերի)։
Իմ կարծիքով, այն մեծ դիւրութիւնը, որով նրանք սովորեցին յունարէնը, ապացուցում է, որ այդ լեզուն նրանց ամենեւին օտար չէր։ Ծագումով ես նրանց յոյներ եմ համարում, թեպէտ նրանց բնիկ լեզուն (գավառական լեզուն) կրում է պարսկական ազդեցութեան կնիք․ սակայն քաղաքների եւ պաշտօնատար անձերի անուանումների մէջ նկատելի են յունական լեզուի մի քանի հետքեր։
Իմ դէպի Ուտոպիա չորրորդ ճանապարհորդութեան ժամանակ, ապրանքների փոխարէն ինձ հետ վերցրել էի մի մեծ կապոց գիրք եւ հաստատ որոշել էի, որքան հնարաւոր է ուշ վերադառնալ Եւրոպա։ Երբ ես ուտոպիացիներից բաժանւում էի, իմ գրադարանը թողեցի նրանց․ այսպիսով, նրանք ինձնից ստացան Պլատոնի բոլոր գործերը, Արիստոտելից մի նշանակալի թիւ, եւ Թեոֆբաստի իրքը բոյսերի մասին, որը դժբախտաբար շատ տեղերում պատռուած էր։ Ճանապարհին ես այդ գրքի մասին շատ քիչ հոգ տարայ․ դժբախտաբար մի կապիկ գտաւ այն եւ այդ փուչն առանձին հաճոյք զգաց թերթիկներ պոկել մէկ այստեղից, մէկ այնտեղից։ Բոլոր քերականագէտներից ես կարողացայ մեր կղզեցիներին տալ միայն Լոսկարիսը, որովհետեւ Թեոդորը ես ինձ հետ չէի վերցրել։ Բառարաններից նրանք ունեն Հազիխիուսը եւ Դիոսկորիտը։
Պլուտարքը<ref>Պլուտարք (50—120 մ․ թ․ ա)— յոյն գրող․ ունի բազմաթիւ աշխատութիւններ կրօնի, փիլիսոփայութեան եւ պատմութեան վերաբերեալ։ Ամէնից աւելի հռչակ ստացան նրա
յամեմաական կենսագրութիւնները», որ բովանդակում է 46 նշանաւոր մարդկանց կենսագրութիւններ։ Պլուտարքը ծագում էր յունական միջին հողատէրերի շարքերից։ «Առաքինութիւնը» նա համարում էր պատմական պրոցեսի շարժիչ ուժը։ Նրա քաղաքական իդեալն էր Հռոմի համաշխարհային կայսրութիւնը՝ ուժեղ անձնաւորութիւնների կառավարութեամբ եւ յունական ինտելիգենցիայի ներգրաւումով։ Նրա գլխաւոր աշխատութիւնը վենետիկեան Մխիթարեանները թարգմանել են հայերէն («Զուգակշիռք»)։</ref> նրանց սիրած գրողն է։ Լուդիայի զուարթութիւնն ու աշխուժութիւնը զմայլեցնում է նրանց․ բանաստեղծներից նրանք ունեն Արիստոֆանը<ref>Արիստոֆան (մօտ 450—385 մ․ թ․ ա․)— հին յունական դրամատիկական գրող․ գրել է կոմեդիաներ։ Արիստոֆանը, սրամտութեամբ եւ ֆանգազիայով հարուստ իր կոմեդիաներում, ծաղրում էր Աթենքի հասարակութեան բոլոր նորութիւնները պետական եւ հասարակական կենցաղում, դեմոկրատիան եւ դեմոկրատական դատարանը։ Հասարակական֊քաղաքական կոնսերուատիզմի իդեոլոգէր՝ կապուած հողային արիստոկրատիայի հետ, որ իշխանութիւնից ետ մղուեց առեւտրական կապիտալի ներկայացուցիչների կողմից։</ref>, Հոմերոսը, Էւրիպիդէսը եւ Ալտուսի՝ Սոֆոկլէսի փոքր հրատարակութիւնը։ Պատմագիրներից ես նրանց թողեցի Թուկիդիտէսը, Հերոդոտը եւ Հերոդիան։
Բժշկականութեան բնագավառից նրանք ունեն Հիպոկրատի մի քանի գործերը եւ Գալիանի միկրոտեխնիկան, որը իմ ճանապարհի ընկեր Թրիցիուս Սպինան հետն էր վերցրել։ Վերջին երկու գրքերը նրանց մօտ մեծ հարգանք են վայելում․ թէեւ բժշկութիւնը ոչ մի երկրում այնքան նուազ պէտք չէ, ինչպէս Ուտոպիայում, բայց եւ այնպէս թւում է թէ այստեղ նրան աւելի են հարգում։ Ուտոպիացիները բժշկականութիւնը դասում են բնափիլիսոփայութեան ամենաօգտակար եւ ամէնից ազնիւ բնագաւառների չարիքը։ Բժիշկը, ասում են նրանք, որ ճիգ է գործ դնում թափանցել կեանքի գաղտնիքների մէջ, այդ ուսումնասիրութիւնից ոչ միայն անպատմելի հաճոյք է ստանում, այլ եւ իրեն դարձնում է կեանքի փնտռուած ստեղծագործողը։ Ուտոպիացիների հայեացքների համաձայն, արարիչը՝ երկրային վարպետի նման, աշխարհի մեխանիզմը բաց է անում մարդուն— միակ էակին, որը կարող է ըմբռնել նրա վսեմ անվախճականութիւնը։ Աստուած սիրով ցած է նայում այն մարդու վրայ, ով սքանչանում է այս մեծ գործով եւ ձգտում է յայտագործել նրա շարժումներն ու օրէնքները․ իսկ նրան, ով անբան անասունի նման այս հիասքանչ տեսարանի հանդէպ սառն ու անզգայ է մնում՝ աստուած կարեկցաբար է նայում։
Այժմ հասկանալի կը լինի, թէ ինչու ուտոպիացիները, որոնց միտքը մշտապէս զարգանում է գիտութիւնների ու գրականութեան ուսումնասիրութիւնով, կեանքի բարորութեանը նպաստող արուեստներն ու գիւտերը իւրացնելու հիանալի ընդունակութեամբ են օժտուած։ Տպագրութեան եւ թղթի պատրաստման արուեստը նրանք պարտական են մեզ․ բայց եւ այնպէս նրանց սրաթափանց միտքն այս գործում աւելի օգուտ բերեց, քան մեր տուած տեղեկութիւնները, որովհետեւ մենք այս երկու արուեստներից եւ ոչ մէկը հիմնաւոր կերպով չգիտէինք։ Այսպիսով, մենք սահմանափակուեցինք միայն նրանով, որ նրանց ցոյց տուինք Ալտուսի տպագրութիւնը եւ, որքան կարող էինք, բացատրեցինք թղթի պատրաստման ու տպագրութեան համար օգտագործուող նիւթերը եւ այդ գործի մի քանի եղանակները։ Նրանք շուտով կռահեցին այն, որի մասին մենք միայն ակնարկել էինք։ Նախապէս նրանք գրում էին կաշուի, ծառի կեղեւների եւ եղեգի տերեւների վրայ։ Նրանք իսկոյն փորձեցին թուղթ պատրաստել ու տպագրել։ Այդ առաջին փորձերը վատ արդիւնք տուեցին, սակայն հազար անգամ կրկնելով այն, նրանք կատարեալ հաջողութեան հասան, եւ եթէ ձեռքի տակ ունենային յունական բոլոր ձեռագրերը, դրանից կը կարողանային բազմաթիւ հրատարակութիւններ արտատպել։ Բացի այն գրքերից, որ ես թողել եմ նրանց, այժմ նրանք ուրիշ գրքեր չունեն, սակայն այդ գրքերն արդեն հազարաւոր օրինակներով բամացրել են։
Երբ մի օտարական Ուտոպիա է գալիս, նա հրաշալի ընդունելութիւն է գտնում, մասնաւորապէս, եթէ որեւէ ծառայութեամբ արժանի է դրան կամ եթէ երկարատեւ ճամբորդութեան միջոցով ճշգրիտ տեղեկութիւններ է ձեռք բերել մարդկանց ու մարդկային յարաբերութիւնների մասին։ Հաւանաբար վերջին պատճառին պէտք է վերագրել այն, որ մեզ այնքան լաւ ընդունեցին այդ երկրում, որտեղ չափազանց հաճոյքով լսում են այն բոլորի մասին, որ կատարւում է դրսի աշխարհում։ Առեւտրական նպատակներով այնտեղ շատ քիչ արտասահմանցիներ են գալիս եւ իսկապէս ի՞նչի կարիք ունեն ուտոպիացիները, բացի երկաթից։ Ոսկի՞ կամ արծա՞թ․— սակայն արտասահմանցիներն անկասկած հարկադրուած կը լինէին թէ մէկը եւ թէ միւսը իրենց հետ կրկին ետ տանել։ Ինչ վերաբերւում է արտահանման առեւտրին, ուտոպիացիներն այդպիսին իրենք են կատարում եւ դրանով հետապնդում են երկու նպատակ․ նախ՝ մշտապէս իմանալ, թծէ ինչ է կատարւում արտաքին աշխարհում եւ ապա՝ պահպանել եւ կատարելագործել իրենց նաւագնացութիւնը։
===Ստրուկների մասին===
Պատերազմական ոչ բոլոր գերիներն են ստրուկներ դառնում, այլ միայն նրանք, որ զէնքը ձեռքին գերի են ընկնում։ Ստրուկի որդին ազատ է․ օտար ստրուկը նոյնպէս ազատւում է, հենց որ ոտք է դնում Ուտոպիայի հողի վրայ։
Մասնաւորապէս այն քաղաքացիներն են ենթարկւում ստրութեան, որոնք ծանր ոճիր են գործում, ինչպէս նաեւ այն օտարերկրեացիները, որ մահուան են դատապարտուած․ վերջին դասակարգի ստրուկներն Ուտոպիայում շատ են․ ուտոպիացիներն այդպիսիներին ձեռք են բերում արտասահմանում չնչին գնով, իսկ յաճախ էլ՝ ձրի են ստանում։
Բոլոր այս ստրուկները հարկադիր աշխատանքի են դատապարտւում եւ կրում են շղթաներ։ Սակայն ուտոպիացիները տեղացի ստրուկների հետ աւելի մեծ խստութեամբ են վարւում․ վերջիններին նրանք համարում են գարշելի չարագործներ եւ արժանի՝ բարոյական պատուազրկութեամբ օրինակ ծառայել ուրիշներին։ Արդարեւ, դաստիարակելիս նրանց մէջ ցանել են առաքինութեան բոլոր սաղմերը․ նրանք հնարաւորութիւն ունէին լաւ եւ երջանիկ լինել, բայց չնայած դրան, չեն կարողացել հեռու մնալ ոճրագործութիւնից։
Ստրուկների մի դասակարգ էլ կազմւում է հարեւան երկրների աղքատ օրավարձուորներից, որոնք գալիս եւ ինքնակամ առաջարկում են իրենց ծառայութիւնները։ Վերջինների հետ սովորաբար այնպէս են վարւում, ինչպէս սեփական քաղաքացիների հետ, միայն թէ նկատի առնելով, որ նրանք սովոր են աւելի մեծ լարուածութեան՝ մի փոքր աւելի են աշխատեցնում։ Նրանք ազատ են ես վերադառնալու, երբ ուզենան (որ ի միջի այլոց հազուադէպ է լինու), եւ ուտոպիացիները նրանց երբեք դատարկաձեռն բաց չեն թողնում։
Արդեն յիշատակեցի, թէ ուտոպիացիներն ինչպէս հոգածու խնամք են տանում հիւանդներին․ նրանք չեն զլանում որեւէ բան, որ կարող է նպաստել նրանց ապաքինմանը, լինեն դրանք դեղորայք թէ սննդամիջոցներ։
Այն դժբախտները, որոնք անբուժելի հիւանդութիւններով են տառապում, ստանում են ամէն տեսակ մխիթարութիւն․ նրանց շրջապատում են լաւագոյն խնամքով եւ ձգտում են ամէն հնարաւոր ֆիզիկական ու բարոյական թեթեւացում պատճառել նրանց, որպէսզի այդպիսիների կեանքը կարելի չափով տանելի դարձնեն։
Իսկ եթէ անբուժելի հիւանդութեան միանում են նաեւ անտանելի ցաւեր, որ չի կարելի ոչ մի բանով ոչ հեռացնել եւ ոչ էլ մեղմել, այդ դէպքում քահանաներն ու պաշտօնական անձերն այցելում են հիւանդին եւ խորհուրդ տալիս նրան անել այն, ինչ տուեալ պայմաններում ամէնից յարմարն է թւում։
Նրանք բացատրում են նման հիւանդին, որ նա զրկուած է կեանքի բարիքներից ու գործառնութիւններից եւ վերապրում է իր սեփական մահը ու դրանով բեռ դառնում թէ իրենց եւ թէ ուրիշներին։
Նրանք համոզում են հիւանդին՝ չերկարացնել իր տառապանքները եւ արիաբար մեռնել, քանի որ նրա համար կեանքը միայն տանջանքների մի շարան է։
«Քաջասիրտ եղի՛ր,— ասում են նրանք,— փշրի՛ր քեզ կաշկանդող շղթաներն ու հոժար կամքով թո՛ղ կեանքի բանտը եւ կամ թոյլ տուր, որ ուրիշներն ազատեն քեզ նրանից․ քո մահը չի ներկայանում որպէս անմիտ հրաժարումն կեանքի բարիքներից, այն կը լինի միայն անտանելի տառապանքնեիր վախճանը»։ Այդ դէպքում քահանայի ձայնին հետեւելը, որն աստուածութեան կամքի արտայատողն է, նշանակում է կրօնական եւ սրբազան գործ կատարել։
Նրանք, որ համոզւում են, յօժարակամ վերջ են տալիս իրենց կեանքին․ նրանց թմրեցնում են քնաբեր խմիչքով, այնպէս որ առանց զգալու փոխադրւում են միւս կեանքը։ Իսկ նրանք, որ չեն համաձայնւում մեռնել, դրա համար չեն դադարում մնալ ամենահոգածու ուշադրութեան եւ խնամքի առարկայ․ իսկ երբ մեռնում են, հասարակական կարծիքը նրանց յիշատակը նոյնպէս յարգում է։
Այն մարդը, որ առանց իշխանութեան կամ քահանայի կողմից հաւանութեան արժանացած պատճառի ինքնասպանութիւն է գործում, անարժան է համարւում հողին ու կրակին․ նրա մարմինը չեն թաղում, այլ անարգելով նետում են տիղմի մէջ։
Աղջիկները տասնութ, իսկ տղաները քսան երկու տարեկան լինելուց առաջ չեն կարող ամուսնանալ։
Երկու սեռի մարդիկ, որոնք նախքան ամուսնութիւնը սեռական հաճոյքով մոլորւում են, ենթարկւում են ծանր պատիժների․ նրանց ընդմիշտ արգելւում է ամուսնանալ, եթէ միայն իշխանը նրանց մեղքը չների։ Այն ընտանիքի հայրն ու մայրը, որի մէջ տեղի է ունեցել այդ դէպքը, պատուազրկուած են համարւում, որովհետեւ բաւարար հոգածութեամբ չեն հսկել իրենց երեխաների ընթացքին։
Այս օրէնքը թերեւս ձեզ չափազանց խիստ թուայ․ սակայն Ուտոպիայում նման վարմունքի համար այդքան խիստ են վերաբերւում այն պատճառով, որովհետեւ կարծում են, թէ երկու անձերի ամուսնական սէրը, որոնք պէտք է ամբողջ կեանքը միասին ապրեն եւ այդ կենակցութեան ժամանակ հազարաւոր տհաճութիւններ կրեն, շատ շուտով կը սառի, եթէ նրանցից մէկի հանցագործ սէրը հանդուրժելի ու անպատիժ մնայ։
Ի միջի այլոց ուտոպիացիները կուրօրէն չեն ամուսնանում․ որպէսզի լաւագոյն կին ընտրեն, նրանք հետեւում են մի սովորոյթի, որը սկզբում մեզ բացարձակ ծիծաղելի եւ անհեթեթ կը թուայ, սակայն նրանք սառնարիւն եւ իսկապէս զարմանալի լրջութեամբ կատարում են։ Պատուաւոր ու հասուն տարիքի մի կին փեսացուին ցոյց է տալիս նրա հարսնացուին կատարելապէս մերկ վիճակում՝ լինի նա աղջիկ կամ այրի․ իսկ ազնւութեամբ փորձուած մի տղամարդ՝ երիտասարդ կնոջը մերկ ներկայացնում է նրա փեսացուին։ Այդ տարօրինակ սովորոյթը մեզ սրտանց ծիծաղելու առիթ տուեց, եւ մենք սկզբում բաւական տխմար համարեցինք այդ։ Սակայն մեր բոլոր հեգնանքներին ուտոպիացիները պատասխանում էին, որ իրենք էլ իրենց հերթին ուրիշ երկրների բնակիչների յիմարութիւնների վրայ չեն կարող պակաս չզարմանալ։ Երբ— ասում էին նրանք,— ձեզ մօտ մի ծեր յաբու են գնում, որը մի քանի տասնեակ ռուբլի արժի, այդ ժամանակ յայտաբերում են արտակարգ զգուշութիւն։ Կենդանին գրեթէ ամբողջովին մերկ է, բայց եւ այնպէս վերցնում են նրա թամբն ու սարքը՝ վախենալով, որ այդ չնչին պատեանները կարող են որեւէ հնացած վէրք ծածկել։ Իսկ երբ գործը վերաբերում է ամուսնու ընտրութեան, մի ընտրութիւն, որ հետագայ ամբողջ կեանքի վրայ ազդեցութիւն է գործում եւ որից կարող է հաճոյք կամ տանջանք առաջ գալ, այդ դէպքում գործի են անցնում առանց որեւէ զգուշութեան։
Ի՞նչպէս կարելի է անքակտելի կապերով միանալ մի մարմնի հետ, որն ամբողջովին շորերով է ծածկուած եւ մարդու մասին մնում է դատել միմիայն դէմքից, նրա մարմնի համեմատաբար փոքր մասից․ նրանք չեն վախենում շուտով մի ծածկուած այլանդակութիւն գտնելուց, որ նրանց հարկադրւում է ամբողջ կեանքի ընթացքում անիծել այդ չափազանց շտապ կնքուած ամուսնութիւնը։
Ուտոպիացիները որոշ չափով իրաւունք ունէին այդպէս խօսելու․ չէ՞ որ բոլոր մարդիկ բաւական փիլիսոփայ չեն, որ կնոջ մէջ միմիայն միտքն ու սիրտը գնահատեն։ Միչնեւիսկ փիլիսոփան էլ անբաւական չի լինի, երբ մարմնական գեղեցկութիւնը զուգորդւում է մտաւոր կարողութիւնների հետ։ Կասկածից վեր է, որ փայլուն զարդարանքը կարող է ծածկել ետ վանող տգեղութիւնը․ դժբախտ ամուսնու ինչպէս սիրտը, այնպէս էլ զգացմունքը կը վրդովուեն եւ նա կը սկսի անիծել իր կնոջը, որի հետ ամուսնալուծութիւնն անկարելի է, որովհետեւ խաբեբայութիւնը, երբ այն՝ ամուսնութիւնից յետոյ է միայն յայտաբերւում՝ չի վերացնում ամուսնութիւնը։ Հետեւապէս տղամարդուն ոչինչ չի մնում, քան այն, որ ինքն իր մէջ կրծոտի զայրոյթը։ Այդ պատճառով էլ, նման որոգայթներից խուսափելու համար օրէնքներին է մնում մարդուն տրամադրել մի վստահելի միջոց, մասնաւորապէս Ուտոպիայում, որտեղ բազմակնութիւնը խիստ արգելուած է եւ ամուսնութիւնը սովորաբար լուծւում է միայն մահուան պատճառով, բացի այն դէպքից, երբ ամուսնական անհաւատարմութիւն է տեղի ունենում, կամ մի կողմի ընթացքն անհանդուրժելի է։
Այս երկու պարագաներում սենատը վիրաւորուած ամուսնուն իրաւունք է տալիս կրկին ամուսնանալ․ միւս կողմը դատապարտւում է մշտական ամուրիութեան եւ ժուժկալ կեանքի։
Ոչ մի պատրուակով չի թոյլատրւում ամուսնական անբիծ վարք ունեցող կնոջն հակառակ իր կամքի թողնել այն պատճառով, որ նա մարմնական որեւէ վնասուածք է ստացել։ Ով այս եղանակով լքում է իր կնոջն այն մոմենտին, երբ վերջինս ամէնից աւելի օգնութեան կարիք ունի, այդպիսին մեր կղզեցիների կարծիքով անարգ դաժանութիւն է գործում։ Ծերութեան տարիքում նա խլում է ապագայի ամէն մի յոյս եւ դրժում երդումով տրուած հաւատարմութեան իւրաքանչիւր վստահութիւնը։ Չէ՞ որ տարիքը հիւանդութեան մայրն է, նա ինքն հենց հիւանդութիւն է։
Ուտոպիայում երբեմն պատահում է, որ բնաւորութեան մեծ տարբերութիւնների պատճառով ամուսինները միմիեանց չեն ներդաշնակում եւ նոր կապեր են որոնում, որ նրանց աւելի երջանիկ ու հաճելի կեանք են խոստանում։ Ամուսնալուծութեան դիմումները ներկայացւում են սենատի անդամներին, որոնք իրենց կանանց հետ գործը հանգամանօրէն քննելուց յետոյ, բաժանումը կամ թոյլ են տալիս եւ կամ ամուսնութիւնն անլուծելի յայտարարում։ Առաջին դէպքում երկու կողմերն էլ փոխադարձ համաձայնութեամբ բաժանւում միմեանցից եւ կարող են կրկին ամուսնանալ։ Ամուսնալուծութիւն հազուադէպ է թոյլատրւում․ ուտոպիացիները գիտեն, որ հեշտութեամբ կրկին ամուսնանալու յոյսը չի կարող բաւարար չափով ամրապնդել ամուսնութիւնը։
Ամուսնական հաւատարմութիւնը խախտողները դատապարտւում են ամենախիստ ստրութեան։ Եթէ մեղաւորները երկուսով էլ ամուսնացած են, տուժած ամուսիններից ամէն մէկն իրաւունք ունի թողնել միւսին․ նրանք կարող են ըստ ցանկութեան միմեանց հետ ամուսնանալ եւ կամ նոր ամուսին ընտրել։ Իսկ եթէ վիրաւորուած կողմը, լինի նա այր թէ կին, շարունակում է սիրել իր անհաւատարիմ կէսին, այդ դէպքում ամուսնութիւնը չի լուծւում, սակայն պայմանով, որ նա հետեւի մեղաւոր կողմին այն վայրը, որտեղ նրան աշխատանքի են դատապարտում։ Մէկի զղջումը, իսկ միւսի սիրալիր անձնազոհութիւնը իշխանի մէջ երբեմն կարեկցութիւն են առաջ բերում, եւ վերջինս երկսին էլ ազատութիւն է շնորհում։
Ամուսնական անհաւատարմութեան կրկնութիւնը մահով է պատժւում։
Այլ յանցանքների համար պատիժներ օրէնքով նախատեսնուած<ref>այսպէս է գրուած։ թուայնացնողի նօթ։</ref> չեն․ դրանք սահմանում է սենատը՝ նայած յանցանքի կարեւորութեան։
Այրերը պատժում են իրենց կանանց, հայրերն ու մայրերն իրենց երեխաներին։ Դատարանին դիմում են միայն յատուկ կարեւորութիւն ներկայացնող յանցանքի դէպքում։
Սովորական պատիժը, մինչեւ իսկ ամենամեծ ոճիրների համար՝ ստրկութիւնն է։ Ուտոպիացիները կարծում են, որ ստրկութիւնը յանցաւորի համար պակաս սարսափելի չէ, քան մահը եւ բացի դրանից, դա պետութեան աւելի է օգուտ բերում։
Աշխատող մարդը, ասում են նրանք, դիակից աւելի օգտակար է։ Անդադար պատժի օրինակն աւելի տեւականօրէն է ետ պահում ոճրագործութիւնից, քան թէ օրինական սպանութիւնը, որը մի րոպէում վերացնում է յանցաւորին։ Երբ ստրկութեան դատապարտուածներն ապստամբում են, նրանց սպանում են վայրի գազանների նման, քանի որ շղթաները նրանց համար այլեւս բաւական ծանր չեն։ Սակայն իրենց ճակատագիրը համբերատարութեամբ կրողները լաւագոյն վիճակի յոյսից չեն զրկւում։ Այդ դժբախտների մէջ գտնւում են այնպիսի մարդիկ, որ տառապանքների եւ ժամանակի ընթացքում մեղմանալով, անկեղծ զղջում են յայտաբերում ու ապացուցում, որ յանցագործութիւնն իրենց աւելի է ճնշում, քան պատիժը։
Իշխանի խօսքը կամ ժողովրդի ձայնն այդ դէպքում թեթեւացնում է նրանց պատիժը եւ երբեմն կատարեալ ազատութիւն է շնորհում նրանց։
Օրէնքի խախտման փորձութիւնն իսկ առաջ է բերում նոյն պատիժը, ինչ որ հենց գործողութիւնը։
Ընդհանրապէս քրէական ամէն տեսակ յանցանքի սոսկ դիտաւորութիւնն անգամ նոյն կերպ է հետապնդւում, ինչպէս եւ հենց ոճիրը։ Այն արգելքները, որ խափանում են վատ դիտաւորութեան իրագործումը, երբեք չեն կարող արդարացնել այն, որ յանցագործը չէր կատարի չար միտքը, եթէ դրա համար հնարաւորութիւն ունենար։
Ծաղրածուներն ուտոպիացիներին զուարճութիւն են պատճառում։ Նրանց վիրաւորելը ստորութիւն է համարւում․ բայց միւս կողմից անթոյլատրելի չէ նաեւ ուրիշի յիմարութեան վրայ ուրախանալը։ Ուտոպիացիները, զուարճանալով իրենց ծաղրածուների վրայ, նրանց ցոյց չեն տալիս այն մռայլ թախծոտներին, որոնց մինչեւ իսկ ամենածիծաղելի խօսքերն ու գործողութիւններն ի վիճակի չեն զուարթացնել։ Նրանք վախենում են, որ այդպիսի լուրջ պարոնները առանց հոգացողութեան եւ ուշադրութեան կը վերաբերուեն ծաղրածուին, որը չի կարող նրանց դէմքին մինչեւ իսկ մի ժպիտ առաջացնել, մինչդեռ դա միակ տաղանդն է, որ բնութիւնը պարգեւել է նրան։
Նրանք նոյնպէս ամօթալի են համարում տգեղութիւնն ու մարմնական պակասութիւնները ծաղրելը․ ով հաշմանդամին երեսով է տալիս նրա ֆիզիկական թերութիւնը, որի համար նա մեղաւոր չէ, այդպիսին, որպէս չարամիտ յիմար, արհամարհւում է։ Բնական գեղեցկութեան հանդէպ անփոյթ վերաբերմունքն յդ երկրում դիտում են որպէս աններելի թափթփուածութիւն։ Դէմքի զանազան ներկեր, ինչպէս նաեւ ուրիշ արհեստական միջոցներ գործածելն այնտեղ ամօթալի անպատկառութիւն է համարւում։ Մեր կղզեցիները փորձից գիտեն, որ կինն իր ամուսնու սէրը ոչ այնքան մարմնական առաւելութիւններով է գրաւում, որքան մաքուր բարքի, քաղցրաբարոյութեան եւ յարգանքի արժանիքներով։ Շատերը հրապուրւում են գեղեցկութեամբ, սակայն ոչ ոք իր կնոջ հաւատարիմ չի մնում, եթէ արտաքինի կողքին միաժամանակ ներքին հրապոյր ու առաքինութիւն չի գտնում։ Ուտոպիացիները ձգտում են ոչ միայն պատժական օրէնքներով ետ պահել ոճրագործութիւնից, այլեւ պատիւներով եւ վարձատրութեամբ քաջալերում են առաքինութիւնը։ Հանճարեղ եւ առհաարակ պետութեան փայլուն ծառայութիւններ մատուցող մարդկանց համար նրանք հասարակական հրապարակներում յուշարձաններ են կառուցում։
Այս եղանակով յաւերժացում է մեծ գործերի յիշատակը, եւ նախնիքների հռչակը խրախուսւում է յաջորդ սերունդներին՝ մշտապէս ձգտելու դէպի լաւը։
Ով շատ անհագ կերպով հետամուտ է լինում վարչական կարեւոր պաշտօնի, նա կորցնում է երբեւիցէ առհասարակ որեւէ պաշտօն զբաղեցնելու ամբողջ յոյսը։
Ուտոպիացիները բոլորը միասին ապրում են ինչպէս մի ընտանիք։ Կառավարող անձերը ոչ խիստ են եւ ոչ էլ հպարտ․ նրանց անուանում են հայրրե եւ արդարեւ նրանք կատարում են միայն արդարութիւն ու բարիք։ Նրանք պարզութեամբ ընդունում են այն մեծարանքները, որ արժանացնում են իրենց գործունէութեանը եւ այն էլ առանց որեւէ հարկադրանքի։ Մինչեւ իսկ իշխանը մասայից չի տարբերւում ոչ ծիրանիով եւ ոչ էլ թագով, այլ՝ միմիայն մի փունջ հասկով, որը նա բռնում է ձեռքին։ Քահանայապետի պատուանշանն է մի մեղրամոմ, որը տանում են նրա առաջից։
Ուտոպիայում օրէնքների թիւը շատ քիչ է, բայց եւ այնպէս դրանք բաւական են բոլոր հիմնարկների համար։ Ուտոպիացիներին մասնաւորապէս դուր չի գալիս ուրիշ ժողովուրդների գրաւոր օրէնքների, դեկրետների եւ կոմենտարիաների անվերջ քանակը, որը, չնայած դրան, շատ հեռու է բաւարարելու հասարակական անդորրութեանը։ Նրանք ամենամեծ անարդարութիւնն են համարում մարդկանց երկաթեայ օրէնքներով շղթայելը, որոնք չափազանց շատ են, որպէսզի հնարաւոր լինի կարդալ դրանք եւ երբեմն էլ չափազանց խրթին, որ կարելի լինի հասկանալ։
Այդ պատճառով էլ Ուտոպիայում փաստաբաններ չկան։ Այնտեղ գոյութիւն չունեն ըստ պրոֆեսիայի հռետորներ, որ յատկապէս զբաղւում են օրէնքները շուռ տալով եւ մեծ ճարպկութեամբ մի գործ գլուխ բերելով։ Ուտոպիացիները նախամեծար են համարում, որ իւրաքանչիւրն ինքը պաշտպանի իր գործը եւ անմիջօրէն դատաւորին վստահի այն, ինչ որ մեզ մօտ յանձնարարում են փաստաբանին։
Այս կերպով աւելի քիչ երկմտութիւն եւ խառնաշփոթութիւն է տեղի ունենում ու ճշմարտութիւնն աւելի հեշտ է յայտաբերւում։ Կողմերն իրենց գործը հասարակ ձեւով պատմում են, քանի որ փաստաբաններ չկան, որ կարողանան զանազան երկդիմի ճանապարհներ եւ ինտրիգներ սովորեցնել։ Դատաւորն առողջ դատողութեամբ ու գիտակ կշռադատում է կողմերի հիմքերը․ նա պաշտպանում է ուղիղ մարդու անկեղծութիւնը՝ խաբեբայի կեղծ պնդումների դէմ։
Արդարադատութեան նման եղանակը շատ դժուար կը լինէր կիրառել ուրիշ երկրներում, որտեղ արդարադատութիւնը օրէնքների մի դեզով թաղուած է հակասութիւնների եւ երկդիմութիւնների մէջ։ Ուտոպիայում ի միջի այլոց ամէն ոք «իրաւագիտութեան դոկտոր» է, քանի որ օրէնքների թիւն այնտեղ— ես կրկնում եմ այդ— չափազանց սահմանափակ է, եւ դրանց ամենահասարակ մեկնաբանումը համարւում է ամենից աւելի հիմնաւորն ու արդարը։
Օրէնքները, ասում են ուտոպիացիք, գրուած են բացառապէս նրա համար, որպէսզի ամէն մարդ իմանայ իր իրաւունքներն ու պարտականութիւնները։ Մեր կոմենտարիաների նրբութիւնը միայն շատ քչերին մատչելի կը լինէր եւ կարիք կը զգացուէր այդ կոմենտարիաները գիտուն մասնագէտների օգնութեամբ պարզաբանել․ մինչդեռ այնքան պարզ շարադրուած օրէնքը, որի իմաստը երկդիմի չէ եւ հեշտ ըմբռնելի է, միանգամայն մատչելի կը լինի ամէն մէկին։ Մասսայի, այսինքն հասարակութեան ամէնից աւելի բազմամարդ ու ամէնից աւելի օգնութեան կարիք ունեցող դասակարգի համար միեւնոյն չէ՞, թէ բնաւ օրէնքներ չեն լինի եւ կամ դրանք այնքան նուրբ շարադրուած կը լինեն, որ դրանց իմաստը պարզաբանելու համար կարիք կը լինի երկար հետազօտութեան եւ ուսումնասիրութեան։ Սովորական մարդու դատողութեան ուժը բաւական մետաֆիզիկ չէ, որ կարողանայ թափանցել այդ բոլոր նրբութիւնների մէջ․ բացի այդ, մարդկային մի կեանքը, որը հետամուտ է լինում օրական հացի անընդհատ աշխատանքին, բաւական չէր լինի այդպիսի պարապմունքների համար։
Հարեւան ժողովուրդները նախանձում են այս երջանիկ կղզուն՝ նրա կառավարութեան համար․ ուտոպիական հաստատութիւնների իմաստութիւնը եւ բնակիչների առաքինութիւնը հրապուրում է նրանց։ Ազատ ազգերը, ինչպէս նաեւ նրանք, որ օգտւում են ինքնավարութեամբ (նրանցից շատերին մի ժամանակ ուտոպիացիներն ազատագերլ են բռնակալութիւնից) գալիս են Ուտոպիա, նրանցից մէկ կամ հինգ տարով կառավարողներ խնդրելու համար։ Պաշտօնավարութեան ժամկէտը լրանալուց յետոյ այդ անձնաւորութիւնները բոլոր արժանի պատիւներով վերադառնում են հայրենիք ու նրանց փոխարէն ուրիշներն են ուղարկւում։ Այն ազգերը, որոնք այդպէս են գործում, անշուշտ այդ անում են ելնելով իրենց շահերից։ Չէ՞ որ մի երկրի բարօրութիւնը կամ անկումը կախուած է այն մարդկանց բարքերից, որոնք կառավարում են այդ ժողովուրդը։
Այն ժողովուրդներին, որ ուտոպիացիների միջից ընտրում են իրենց կառավարողներին, մեր կղզեցիները տալիս են քաղաքական գործունէութեանը բանիմաց մարդիկ։ Ուտոպիացին իրեն թոյլ չի տայ հրապուրուել հարստութեամբ, ինչքան էլ այդ փայլուն լինի․ չէ՞ որ շուտով նա ի վիճակի չի լինելու դրանից ամենաչնչին օգուտն իսկ ստանալ, քանի որ մի քանի տարուց կամ ամսից յետոյ պէտք է վերադառնայ իր հայրենիքը․ նա չի կարող նոյնպէս կողմնապահութիւն անել, որովհետեւ բոլորովին չի ճանաչում իր հպատակներին։ Դժբախտ է այն երկիրը, որտեղ դատաւորի աթոռի վրայ իշխում է անհատական շահերի հետապնդումը։ Այդտեղ խօսք անգամ լինել չի կարող արդարութեան՝ պետութեան այդ լաւագոյն յենարանի մասին։
Այն երկրները, որտեղ կառավարում են Ուտոպիայի քաղաքացիները, ուտոպիական հանրապետութիւնը դրանց համարում է իր դաշնակիցները, իսկ նրանց, ովքեր իրեն որեւէ բանով պարտական են՝ իր բարեկամները։
Ինչ վերաբերում է պաշտօնական պայմանագրերին, որ միւս ժողովուրդներն այնքան յաճախ կնքում են իրար հետ միմիայն նրա համար, որպէսզի մի տարի յետոյ խախտեն ու ապա կրկին նորոգեն— ուտոպիացիները երբեք պայմանագրեր չեն կնքում։ Ի՞նչի են պէտք այդպիսի պայմանագրերը,— հարցնում են ուտոպիացիները․— մի՞թէ բնութիւնը մարդկանց ամուր կապերով չի միացրել միմեանց։ Նա, ով խախտում է այդ ուժեղ եւ սրբազան կապերը, մի՞թէ կը տատանուի գրաւոր պայմանագրերը ոտնակոխ անելիս։
Ինչ որ նրանց այդ համոզումն աւելի է ամրապնդում, այն հանգամանքն է, որ Նոր Աշխարհի երկրներում իշխողների միջեւ կնքուած համաձայնութիւնները շատ թոյլ են պահպանւում։ Եւրոպայում եւ մասնաւորապէս քրիստոնեայ երկրներում պայմանագրերի լրջութիւնն ամէն տեղ համարւում է սրբազան եւ անձեռնմխելի։ Այս հանգամանքը հիմնաւորուած է մասամբ միապետի ազնւութեամբ, մասամբ էլ այն վախով ու յարգանքով, որ ներշնչում է նրանց բարձր հոգեւորականութիւնը։ Չէ՞ որ պապերը ոչ մի այնպիսի բան չեն խոստանում, որ կատարել չկարողանան․ եւ այդ պատճառով էլ նրանք միւս միապետներին ստիպում են հաւատարմօրէն կատարել իրենց խոստումները․ ընդ որում, որպէս հարկադրական միջոցներ օգտագործում են եկեղեցական պատիժներն ու բանադրանքը։ Պապերն իրաւացիօրէն մտածում են, որ քրիստոնէութեան համար անպատուաբեր է պայմանագրերի խախտում հանդուրժել նրանց կողմից, ովքեր բոլորի առաջ իրենց «հաւատացեալ» են անուանում։ Մինչդեռ Նոր Աշխարհում, որը մեր աշխարհից տարբերւում է ոչ այնքան հասարակածով, որքան
սովորոյթներով ու բարքերով, պայմանագրերին ոչ մի հաւատ չեն ընծայում։
Խաղաղութեան ամենահանդիսաւոր վստահացումներին սովորաբար յաջորդում են արագ խզումներ, թեպէտ պայմանագրերը կնքւում են ամենահանդիսաւոր սրբազան արարողութիւններով։ Չէ՞ որ շատ հեշտ է պայմանագրերի տեքստում էնտրիգի նիւթ գտնել, քանի որ կողմերը պայմանագիր կնքելիս վերջինի մէջ սովորաբար սողոսկեցնում են երկդիմութիւններ, որպէսզի իշխանը ոչնչով կաշկանդուած չլինի եւ միշտ կարողանայ իրեն համար գաղտնի ելք գտնել, որի միջոցով հարմար կը լինի, խուսափել պարտաւորութիւնների կատարումից։ Իսկ մինիստրը, որն իրեն պարծանք է համարում պայմանագիր կնքելիս յօգուտ իր տիրոջ կեղծիք կատարել, եթէ նման խորամանկութիւններ յայտաբերի երկու մասնաւոր մարդկանց միջեւ կնքուած պայմանագրում, այդ միեւնոյն դիւանագէտն իր արդարամտութեան գիտակցութեամբ ճակատը կը կնճռոտէր ու խաբեբայութիւնը կը պատժէր, որպէս կախաղանի արժանի ոճիր։
Այս բոլորից չի՞ կարելի հանգել այն եզրակացութեան, որ արդարութիւնը ստոր եւ անարգ առաքինութիւն է, որի տեղը թագից շատ ցած է։ Այդ դէպքում պէտք է տարբերել երկու տեսակի արդարութիւն․ մէկը՝ նպաստաւոր ժողովրդի համար, ոտագնաց եւ գլխակր, սեղմուած բազմաթիւ կապանքներով ու փակուած անելանելի նեղ շղթաներում․ իսկ միւսը՝ թագաւորների համար, շատ աւելի վսեմ ու պատկառելի, քան առաջինը, շատ աւելի ազատ, որին չեն արգելում անել այն, ինչ որ ուզում է։
Ես հակուած եմ մտածելու, որ մեզանից հեռու այդ վայրերում իշխանների անհաւատարմութիւնն է գլխաւոր պատճառը, որ ուտոպիացիները դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չեն սկսում։ Սակայն ուտոպիացիները դիւանագիտական ոչ մի յարաբերութիւն չեն սկսում։ Սակայն ուտոպիացիները պայմանագրեր կնքելն ընդհանրապէս չարիք են համարում մինչեւ իսկ այն դէպքում, երբ այդպիսիները բարեխիղճ կերպով կատարւում են։ Եւրոպայում թերեւս նրանց տեսակէտները փոխուեցին։ Այդ սովորոյթը հասցնում է այնտեղ, որ մարդիկ վարժւում են միմեանց փոխադարձ թշնամիներ համարել եւ պէտք է իրար ոչնչացնեն, եթէ նրանց միջեւ յատուկ պայմանագիր չկայ․ կարծես թէ երկու ազգերի միջեւ այլեւս արդեն գոյութիւն չունի ոչ մի բնական կապ, հենց որ մի սար կամ անտառ նրանց բաժանում է։
Թէ որ դաշնադրութիւններն ապահովէին դաշնակիցների բարեկամութիւնը, բայց չէ՞ որ պայմանագրերը երբեք չեն հեռացնում խզման, հետեւապէս եւ կողոպուտի ու պատերազմի առիթը, քանի որ դիւանագէտներն անխորհուրդ կերպով պայմանագրի զանազան կէտեր են սահմանում։ Հազուադէպ է, որ նրանք միանգամայն ուղիղ ու պարզ արտայայտուեն։
Ուտոպիացիներն սկզբունքով միայն նրան են թշնամի համարում, ով մեղաւոր է ճանաչւում անարդարութեան եւ բռնութեան մէջ։ Մէկ եւ միեւնոյն բնութեան ընդհանրութիւնը նրանք աւելի ամուր կապ են համարում, քան աշխարհի բոլոր պայմանագրերը։ Մարդը, ասում են նրանք, իր եղբայրների հետ աւելի սերտ է կապուած սրտով ու մարդասիրութեամբ, քան ամէն տեսակի խօսքերով ու ֆորմուլներով։
===Ռազմական գործի մասին===
Ուտոպիացիների համար պատերազմը մի սարսափ է․ այդ նրանք համարում են անասնական կոպտութեան մնացորդ, որին սակայն մարդն աւելի կողմնակից է երեւում, քան վայրի գազանների որեւէ մի տեսակը։
Հակառակ համարեայ միւս բոլոր ազգերի բարքերին, Ուտոպիայում ամենախայտառակ գործն է համարւում ռազմադաշտերի դափնիներին ձգտելը։ Սակայն չպէտք է մտածել, թէ ուտոպիացիներն այդ պատճառով աշխուժ կերպով չեն վարժւում ռազմական դիսցիպլինայի․ մինչեւ իսկ կանայք էլ՝ տղամարդկանց համահաւասար, ենթակայ են դրան։
Վարժութիւնների համար սահմանուած են որոշ օրեր, որպէսզի վճռական րոպէին ոչ ոք կռուի համար անպատրաստ չլինի։ Բայց ուտոպիացիներն առանց ծանրակշիռ շարժառիթների երբեք պատերազմ չեն ձեռնարկում։ Նրանք այդ պատճառների թուին են դասում իրենց եւ դաշնակիցների սահմանները յարձակումներից պաշտպանելը, ինչպէս եւ հարեւան ժողովրդին ազատագրելը՝ բռնապետութիւնից ու բռնակալի լծից։ Այդ անելիս նրանք բոլորովին նկատի չեն առնում իրենց սեփական շահերը, այլ աչքի առաջ ունեն միայն մարդկութեան բարօրութիւնը։ Ուտոպիայի պետութիւնն իր բարեկամին օգնութեան է շտապում առանց որեւէ պայմանի ու խոստումների եւ այն էլ ոչ միայն թշնամական յարձակման դէպքում, այլ երբեմն էլ վրէժ լուծելու ու բաւարարութիւն պահանջելու համար։ Սակայն պետութիւնն այդ կերպ վարւում է միայն այն ժամանակ, երբ նախքան պատերազմ յայտարարելը իր հետ խորհրդակցում են։ Վերջին դէպքում գործի էութիւնը լրջօրէն հետազօտւում է եւ, եթէ մեղաւոր կողմը չի ցանկանում հատուցել պատճառած վնասները, այն ժամանակ նրան համարում են պատերազմի հեղինակ եւ նրա բոլոր հետեւանքների պատասխանատու։ Ուտոպիացիներն այդպիսի անդրդելի որոշում ընդունում են ամէն անգամ, երբ կողոպուտի նպատակով զինուած յարձակում է կատարւում։ Նրանց զայրոյթն առանձնապէս գրգռւում է, երբ բարեկամ ազգերի վաճառականութիւնն օտարութեան մէջ յանուն ոչ ճիշտ օրէնքների եւ կամ դրանց սխալ մեկնաբանութեան, անարդարացի նեղութիւններ են կրում։ Այդպէս էպ այն պատերազմի առիթը, որը նրանք ներկայ սերնդից ոչ շատ ժամանակ առաջ յայտարարեցին ալաոպոլիտների դէմ՝ յօգուտ նեֆելոգետների<ref>Ալաոպոլիտներ նշանակում է «գոյութիւն չունեցող տեղերի ժողովուրդ», նեֆելոգետներ— մշուշից ծնուածներ։ Մորը հաւանաբար նկատի ունի անգլիացիներին։</ref>։
Ըստ նեֆելոգետների հաւաստիացումներին, ալաոպոլիտներն արդարադատութեան պատրուակով նրանց մի քանի վաճառականներին նշանակալի վնասներ պատճառեցին։ Այդ բողոքն իրաւացի էր թէ ոչ, բայց նա սարսափելի պատերազմի առիթ հանդիսացաւ։ Երկու գլխաւոր թշնամիների ատելութեանը եւ ուժին միացան հարեւան ժողովրդների<ref>Այսպէս է գրուած։ Թուայնացնողի նօթ։</ref> շահերն ու միջամտութիւնը։ Զօրաւոր ազգերը ցնցուեցին, միւսները ջարդուեցին։ Չարիքների այս տխուր շղթան վերջացաւ ալաոպոլիտների կատարեալ պարտութեամբ ու նուաճումով, ուտւպիացիները (նկատի առնելով, որ պատերազմն իրենց չէր վերաբերում) ալաոպոլիտներին ենթարկեցին նեֆելոգետների տիրապետութեան։ Սակայն եւ այնպէս, վերջինները շատ հեռու էին ալաոպոլիտների ծաղկեալ դրութեանը հասնելուց։ Մեր կղզեցիներն այս կերպով են հետապնդում իրենց բարեկամներին պատճառուած անարդարութիւնը, եթէ գործը մինչեւ իսկ միայն փողին էլ վերաբերի։ Նրանք շատ աւելի քիչ եռանդ են ցուցաբերում իրենց սեփական շահերի համար։ Եթէ պատահի, որ ուտոպիացի վաճառականը խաբեբայութեան զոհ դառնայ կամ կողոպտուի, այդ դէպքում, եթէ անձի վրայ բռնութիւն բոլորովին չի գործադրուած, նրանք միայն դադարեցնում են ամէն մի յարաբերութիւն այդ ժողովրդի հետ, մինչեւ վերջինիս գոհացում տալը։ Դրա պատճառն այն չէ, որ դաշնակիցների շահերը նրանց համար աւելի թանգ են, քան իրենց սեփական քաղաքացիների շահերը։ Դաշնակիցների կրած նիւթական վնասը նրանց աւելի է վրդովում, քանի որ օտար վաճառականը նման դէպքերում կորցնում է իր անհատական կարողութեան մի մասը, որ նրա համար աւելի մեծ դժբախտութիւն է։ Մինչդեռ ուտոպիացին կորցնում է հասարակական հարստութեան մի մասը միայն, աւելի ճիշտ իր երկրի աւելցուկի մի մասը, քանի որ արտահանումը միայն այդ պայմանով է թոյլատրւում։ Հենց այդ է պատճառը, որ Ուտոպիայում փողի կորուստը շատ քիչ է վերաբերում առանձին անհատին։ Դրա համար էլ նրանք իրաւմամբ շատ դաժան են համարում բազմաթիւ մարդկանց կեանքին եւ ոչ էլ բարօրութեանը։ Ի միջի այլոց, եթէ պատահի, որ մի ուտոպիացի անարդարացի պահանջների ենթարկուի կամ սպանուի, լինի դա հասարակական նախաձեռնութեամբ, թէ անհատական, այդ դէպքում պետութիւնը լիազօրում է իր դեսպանին հետազօտել գործի հանգամանքները։ Նա պահանջում յանձնել մեղաւորներին եւ մերժման դէպքում անյապաղ պատերազմ է յայտարարում։ Իսկ հակառակ պարագայում ոճիրի հեղինակները մահուան կամ ստրկութեան են դատապարտւում։
Ուտոպիացիները ոչ մի բանի վրայ այնքան չեն ողբում, որքան արիւնոտ պատերազմի դափնիների վրայ։ Նրանք մինչեւ իսկ ամաչում են դրանից, քանի որ անհեթեթութիւն են համարում մարդկային արեան գնով մինչեւ իսկ ամենափայլուն յաջողութիւններ ձեռք բերել։ Նրանք մեծագոյն արժանիք են համարում թշնամուն ճարպկութեամբ ու խորամանկութեամբ շրջանցելը։ Այդպիսի դէպքերում նրանք կազմակերպում են յաղթական ցնծութիւն եւ կանգնեցնում են յուշարձաններ՝ ճիշտ այնպէս, ինչպէս այդ անում են հերոսական գործեր կատարելուց յետոյ։ Նրանք մարդկային ու հերոսավայել վարմունք են համարում, երբ յաղթանակը ձեռք է բերւում բացառապէս շնորհիւ իրենց խելացիութեան, որին բոլոր կենդանի էակներից միայն մարդն է ի վիճակի հասնել։ Առիւծն, ասում են նրանք, արջը, վարազը, գայլը, շունը եւ միւս գիշատիչ գազանները կռուի մէջ կարող են օգտագործել միայն ֆիզիկական ուժը։ Նրանց մեծամասնութիւնը մեզ գերազանցում է ուժով եւ յանդգնութեամբ։ Սակայն այնուամենայնիւ նրանք ստիպուած են հպատակուել մեր բանականութեան եւ գիտելիքների կարողութեանը։
Ուտոպիացիները երբ պատերազմ են սկսում, դրանով հետապնդում են մի միակ նպատակ․ ձեռք բերել այն ինչ որ հակադրել է նրանց պատերազմ յայտարարելու․ եթէ զոհացումն անկարելի է, այդ դէպքում նրանք պատերազմը հրահրողներից այնպէս են վրէժ լուծում, որ հետագայում ուրիշներին հրապուրիչ չլինի ձեռնարկել նման արկածների։ Այս է ուտոպիացիների նպատակը՝ իրենց ծրագրերն իրականացնելիս, մի նպատակ, որին նրանք ձգտում են հնարաւորութեան չափ շուտ հասնել, ընդ որում աւելի սիրով խուսափում են վտանգից, քան թէ սին փառքի ետեւից ընկնում։
Պատերազմ յայտաբերելուց անմիջապէս յետոյ, նրանք հոգ են տանում, հենց նոյն օրը գաղտնի կերպով թշնամու երկրի աչքի ընկնող տեղերում պետական կնիքով կնքուած յայտարարութիւններ կպցնել։ Այդ յայտարարութիւններով նրանք շլացուցիչ վարձատրութիւն են խոստանում իշխանին սպանողին։ Աւելի պակաս— սակայն այնուամենայնիւ բաւական խոշոր— վարձատրութիւն էլ խոստանում են մի շարք մարդկանց գլուխների համար, որոնց անունները գրուած է մահուան այդ դատավճիռի մէջ։ Այսպիսով, ուտոպիացիները գնահատում են խորհրդականների եւ մինիստրների գլուխները, որոնք իշխանից յետոյ վէճի գլխաւոր հրահրողներն են։ Սպանողին խոստացուած վարձը կրկնապատկւում է, եթէ մահուան դատապարտուածին կենդանի են յանձնում։ Մինչեւ իսկ նրանց, որոնց գլուխներն արդեն գնահատուած են, նման վարձով եւ պատժից ազատելու խոստումով կոչ են անում մատնել իրենց մեղսակիցներին։ Այս միջոցառումները հակառակորդ կողմի պարագլուխների միջեւ շուտով առաջացնում է փոխադարձ անվստահութիւն։ Նրանց միջեւ այլեւս չի տիրում ոչ փոխադարձ վստահութիւն եւ ոչ էլ համաձայնութիւն։ Մէկը վախենում է միւսից՝ եւ այդ երկիւղը երբեք անհիմն չէ։ Հազուադէպ չէ, որ յաճախ շատերը, եւ դրանց մէջ մասնաւորապէս ինքը՝ իշխանը, մատնւում են հենց այն անձնաւորութիւնների կողմից, որոնց վրայ ամենամեծ յոյսն են դրած լինում։ Այդքան մեծ է փողի զօրութիւնը՝ ոճրագործութեան հանդէպ։ Ուտոպիացիները նման պարագաներում երբեք չեն խնայում փողը։ Նրանք ամենաերախտապարտ առատաձեռնութեամբ վարձատրում են նրան, ով հրապուրւում է դաւաճանութեան բոլոր վտանգներով։ Նրանք ոսկով են վարձատրում նրան՝ մեծ վտանգի համար։
Այդ նպատակով նրանք դաւաճաններին ոչ միայն հսկայական գումար են խոստանում, այլեւ մշտական եկամուտ ունեցող ընդարձակ կալուածներ, որ գտնւում են իրենց դաշնակիցների երկրներում։ Ուտոպիացիներն իրենց խոստումները կատարում են հաւատարմօրէն։
Թշնամիների գլուխները գնահատելու միջոցով նրանց իսկ դէմ կռուելու այդ սովորոյթն ուրիշ ամէն տեղ պախարակւում է իբրեւ խիստ վախկոտութիւն՝ յատուկ այլասերուած հոգիների։ Ուտոպիացիները սակայն փառաբանում են այդ, որպէս խելացիութեան յատուկ միջոցառում, որն առանց կռուի վճռում է ամենասարսափելի պատերազմները։ Նրանք հպարտանում են դրանով, որպէս քաջագործութիւն, մարդասիրութիւն եւ ողորմածութիւն․ որովհետեւ այդ դէպքում մի քանի մեղաւորների մահով խնայւում է կեանքը հազարաւոր անմեղների, որոնք այլապէս պէտք է մեռնէին ճակատամարտի դաշտում։ Էականն այն է, որ ուտոպիացիներն ափսոսում են ոչ միայն իրենց, այլեւ օտար զինուորներին։ Նրանք գիտեն, որ զինուորը իր սեփական ցանկութեամբ չէ որ պատերազմի է դուրս գալիս, այլ այդ բանին հարկադրում են նրան արիւնարբու առաջնորդները։ Եթէ վերոյիշեալ միջոցառումները նպատակին չեն հասնում, այն ժամանակ մեր կղզեցիները թշնամու երկրում անմիաբանութեան ու երկպառակութեան սերմեր են ցանում։ Իշխանի եղբորը կամ մի այլ ազնուական անձնաւորութեան նրանք գահը բարձրանալու օգնութիւն են առաջարկում։ Երբ ներքին անհաշտութիւնները նպատակին չեն հասնում, այն ժամանակ փորձում են հարեւան ժողովրդներին ապստամբեցնել թշնամու դէմ եւ այդպիսով նրանց էլ որեւէ պատրուակով, որը շատ հեշտ է գտնել, քաշում են կռուի մէջ։ Ուտոպիացիները միաժամանակ այդ նոր դաշնակցին օգնութիւն են խոստանում, գաղտնի փող են մատակարարում նրան, աւելացնում են նրա ուժերը, բայց այնուամենայնիւ խնայում են իրենց քաղաքացիներին։ Ուտոպիայում քաղաքացիներն ամենաարժէքաւոր եւ ամէնից թանկագին գանձն են։ Ակնածելի յարգանքը, որը կղզու բնակիչները տածում են միմեանց հանդէպ, այնքան մեծ է, որ նրանք միայն դժկամակութեամբ կհամաձայնուեն իրենցից մէկին փոխանակել թշնամի իշխանի հետ։ Նրանք առանց ափսոսանքի շռայլում են ոսկին, որովհետեւ այն գործադրում են ամենաստոր նպատակների համար, որոնց մասին ես արդեն յիշատակեցի։ Նրանցից ոչ ոք չի զրկուի դիւրակեաց կեանքից, եթէ նրանք մինչեւ իսկ հարկադրուեն ծախսել վերջին գրոշը։ Չհաշուած կղզու հարստութիւնները, նրանք, ինչպէս ես արդեն ասացի, պարտատէր են բազմաթիւ պետութիւններում, որ նրանց խոշոր գումարներ պարտք ունեն։ Այդ դրամի մի մասով նրանք հաւաքագրում են վարձկան զինուորներ, գլխաւորապէս ցապոլետների<ref>Ցապոլետներ (zapoletes) — այս անուան տակ Մորն անկասկած նկատի ունի շուեցարացիներին, որոնք այդ շրջանին որպէս վարձկան զինուորներ իրենց ծառայութիւններն առաջարկում էին այն պետութեան, որ ամէնից շատ էր վարձատրում։</ref> երկրից, որը գտնւում է Ուտոպիայից դէպք արեւելք հինգ հարիւր հազար քայլ հեռաւորութեան վրայ։ Ցոպոլետները՝ բարբարոս, կոշտ ու վայրենի մի ժողովուրդ, ապրում են միայն անտառներում եւ ժայռերի մէջ, որտեղ նրանք ծնւում ու մեծանում են։ Նրանք բրտացած են եւ համբերութեամբ տանում են ցուրտը, շոգն ու այլ զրկանքներ։ Փարթամ կեանքը նրանց անծանօթ է, նրանք արհամարհում են հողագործութիւնը, չեն իմանում ոչ վայելուչ ապրել եւ ոչ էլ տանելի հագնուել։ Նրանց սննդի միակ միջոցն անասնապահութիւնն է, իսկ եկամտի գլխաւոր աղբիւրը՝ որսն ու կողոպուտը։
Ծնուած լինելով միմիայն պատերազմի համար, ցապոլետները որոնում են եւ ագահութեամբ ձեռք մեկնում իւրաքանչիւր առիթի, որը նրանց ջարդելու հնարաւորութիւն է տալիս։ Նրանք հազարներով ցած են իջնում իրենց լեռներից եւ չնչին գնով իրենց ծառայութիւնը վաճառում են իրենց կարիքն ունեցող առաջին հանդիպած պետութեան։ Միակ արհեստը, որ նրանք գիտեն՝ սպանութիւնն է եւ նրանք կոտորում են քաջաբար ու անկաշառելի հաւատարմութեամբ յօգուտ նրանց, որոնց վաճառել են իրենց։ Ցապոլետները երբեք որոշ ժամանակով չեն կապւում, այլ միշտ միայն այն պայմանով, որ յաջորդ օրն իսկ անցնեն թշնամու կողմը, եթէ նա աւելի է առաջարկում ու ապա կրկին վերադառնում են այն դրօշի տակ, հենց որ այնտեղ վարձի մի թեթեւ բարձրացում են ստանում։
Այդ երկրներում հազուադէպ է տեղի ունենում մի պատերազմ, որի ժամանակ երկու կողմից ցապոլետներ չկռուեն։ Այսպիսով, ամէն օր կարելի կը լինի տեսնել շատ մօտ ազգականներ, բարեկամներ, որոնք ծառայելով մի բանակում միմեանց հանդէպ ցուցաբերում են քնքոյշ սէր, բայց յետոյ խիստ կատաղութեամբ կռւում են միմեանց դէմ, հենց որ դիպուածը նրանց բաժանում է ու երկու թշնամու բանակների շարքերը բերում։ Նրանք մոռանում են ընտանիքի եւ բարեկամութեան կապերի մասին։ Նրանք միմեանց սպանում են սարսափելի կատաղութեամբ եւ միայն այն պատճառով, որ երկու թշնամի թագաւորներ այդ արիւնի ու կատաղութեան համար նրանց մի քանի չնչին դրամով վարձատրում են։ Փողի տենչը նրանց մօտ այնքան ուժեղ է, որ բաւական է օրական վարձի վրայ մի գրոշի աւելացում, որպէսզի նրանք փոխեն իրենց դրօշը։ Այդ կիրքը ցապոլետների մէջ անսանձ ընչասիրութեան է այլասերուել, որը նրանց այնուամենայնիւ ոչ մի օգուտ չի բերում, քանի որ ցապոլետը, ինչ որ իր արեան գնով վաստակում է, նա այնտեղ էլ վատնում է ամենաստոր շռայլութիւնների մէջ։
Այդ ժողովուրդն ուտոպիացիների համար պատրաստ է կռիւ մղել ամբողջ աշխարհի դէմ, որովհետեւ նա ուրիշ ոչ մի տեղ աւելի լաւ վարձատրութիւն չի ստանում։ Միւս կողմից, իրենք՝ ուտոպիացիները, որ միշտ պատրաստ են ընդունել քաջ մարդկանց՝ նրանց ծառայութիւններն օգտագործելու համար, ուրախութեամբ հաւաքագրում են այդ ռազմասէրներին՝ ցանկանալով ոչնչացնել այդ ցեղը։ Դրա համար էլ, երբ նրանք ցապոլետների կարիք են ունենում, աշխատում են փայլուն խոստումներով հրապուրել նրանց եւ դնել ամենավտանգաւոր պոստերում։ Ցապոլետների մեծագոյն մասն սպանւում է եւ հետեւապէս երբեք ետ չի գալիս՝ խոստացուածը պահանջելու համար։ Կենդանի մնացածները սակայն ճշտօրէն ստանում են որոշուած գինը եւ խոստումն յարգելու տեսակէտից այս խիստ ճշտապահութիւնը քաջալերում է նրանց՝ հետագայ դէպքերում էլ նոյնքան խիզախութեամբ արհամարհել վտանգը։ Ուտոպիացիներին շատ քիչ է մտահոգում այն հանգամանքը, թէ ո՛րքան այդպիսի վարձկան զինուորներ են կորցնում։ Նրանք համոզուած են, որ մարդկութեան մեծ ծառայութիւն կը մատուցեն, եթ կարողանան աշխարհը երբեւիցէ մաքրել այդ անպատիւ աւազակների ցեղից։
Բացի ցապոլետներից, ուտոպիացիները պատերազմի ժամանակ օգտագործում են նաեւ այն երկրների զօրքերը, որոնք գտնւում են իրենց պաշտպանութեան տակ, ապա օժանդակ զօրքեր վերցնում են նաեւ իրենց դաշնակիցներից, իսկ ամէնից վերջն ուղարկում են սեփական քաղաքացիներին, որոնցից նրանք ընտրում մի տաղանդաւոր եւ խիզախ առաջնորդ։ Զինուորական այդ պետին ենթարկւում են երկու օգնականներ, որոնք ամենափոքր իսկ իշխանութիւն չունեն, ինչքան որ պետն ի վիճակի է հրամանատարութիւնը վարելու։ Բայց առաջնորդի մահուան կամ գերի ընկնելու դէպքում, նրան անմիջապէս փոխարինում է օգնականներից մէկը, իսկ վերջինիս էլ, ըստ անհրաժեշտութեան, միւսը։ Այս կերպով, զօրապետի կեանքի անձնական վտանգը, որը միւս ամէն մէկի նման ենթակայ է պատերազմի բոլոր պատահարներին, երբեք չի անդրադառնում զօրքի վրայ։ Իւրաքանչիւր քաղաք զօրքը հաւաքագրում է կամաւորներից ու վարժեցնում է նրանց։ Ոչ ոքի, հակառակ իր կամքի, չեն ստիպում մասնակցել հեռաւոր արշաւանքների այն հասարակ պատճառով, որ երկչոտ զինուորը կարող է իր վախկոտութեամբ վարակել նաեւ ընկերներին։ Բայց եւ այնպէս թշնամական յարձակումների դէպքում կամ ներքին կռիւների ժամանակ օգտագործում են բոլոր առողջ վախկոտներին, ընդ որում նրանց տեղաւորում են փորձուած զինուորների մէջ՝ ռազմական նաւերում կամ բերդերի պահակախմբերում։ Այդտեղ փախուտի մասին մտքով իսկ չի կարելի անցկացնել, նրանք թշնամու հանդէպ դէմ առ դէմ են եւ ընկերներն հետեւում են։ Վտանգաւոր դիրքը բթացնում է սարսափը, ու գագաթնակէտին հասած վտանգը յաճախ վախկոտին դարձնում է իսկական առիւծ։
Եթէ օրէնքը ոչ ոքի չի ստիպում հակառակ իր ցանկութեան երկրի սահմաններից դուրս գալ, ապա դրա հակառակ, նա թոյլատրում է կանանց՝ բանակում ընկերանալ իրենց ամուսիններին։ Փոխանակ արգելքներ դնելու, նրանք դրդում են կանանց անել այդ, եւ նման քայլը մեծ պատիւ է բերում նրանց։ Կռուի ժամանակ ամուսինները միեւնոյն պոստի վրայ են դրւում՝ շրջապատուած երեխաներով