Changes
31 — 36 էջերն բացակայում են։
անցկացրի ծրագիրը։ Այդ օրը ձիարշավը տեղի էր ունենալու Էնգիենում՝ փոքրիկ, համակրելի եւ մի քիչ էլ խարդախաբարո ձիարշավարանում, որը աուտսայդերների<ref>Վարգաձի, որը սակայն ֆավորիտ չէ։</ref> ապաստարանն էր։
Նշանակում է, երբ ես աշխատանքս ավարտեմ, մենք ձիարշավարան կգնանք։ Տորոնտյան թերթը, որի համար ես գրում էի, մի քիչ հոնորար էր ուղարկել, եւ մենք որոշեցինք գրազ գալ որեւէ մութ ձիու<ref>Մութ ձի (սպորտ․)— հաղթելու հնարավորություններ չունեցող ձի, որը, սակայն, հակառակ սպասածի, մրցանակ է շահում։</ref> վրա, որից կարելի է մի կարգին գումար շահել։ Կինս մի անգամ Օտեյլում Ոսկե Այծ մականունով ձիու համար գրազ էր բռնել, դնելով մեկի դիմաց հարյուր քսան, եւ ձին արդեն քսան մարմնով առաջ էր անցել, բայց վերջին արգելքի մոտ ընկել էր, մեզ անվերադարձորեն զրկելով խնայողություններից, որոնք մեզ կես կարի կբավարարեին։ Մենք աշխատում էինք չհիշել այդ մասին։ Այն տարի, մինչեւ Ոսկե Այծի հետ պատահած դեպքը, մենք շարունակ շահում էինք։
— Իսկ մենք փող ունե՞նք իսկապես խաղալու համար, Տետի,— հարցրեց կինս։
— Ոչ։ Անհրաժեշտ է հաշվել եւ ծախսել ճիշտ այնքան, որքան մենք կվերցնենք մեզ հետ։ Բայց գուցե դու ցանկանում ես այդ գումարը որեւէ ա՞յլ բանի վրա ծախսել։
— Ինչ ասեմ…— պատասխանեց կինս։
— Հասկանում եմ։
Այն տարիներին մենք շատ դժվար էինք ապրում, եւ ես գծուծ էի։
— Ոչ,— ասաց նա,— բայց…
Ես գիտեի, թե որքան խիստ էի ծախսերի հարցում եւ թե որքան վատ էր դասավորվել ամեն ինչ։ Կարիքը չի դառնացնում նրան, ով աշխատում է եւ բավարարություն ստանում աշխատանքից։ Լողասենյակները, ցնցուղները եւ տաք զուգարանները ես այնպիսի հարմարանքներ էի համարում, որոնք գոյություն ունեն մեզանից բոլոր տեսակետից ցածր կանգնած մարդկանց համար, իսկ մեզ դրանք գոհունակություն էին պատճառում միայն ճանապարհորդությունների ժամանակ, եւ մենք հաճախ էինք ճանապարհորդում։ Իսկ սովորական օրերի համար գետի մոտ, փողոցի ծայրին, բաղնիսներ կային։ Կինս երբեք չէր գանգատվում այդ բոլորից ճիշտ այնպես, իչնպես եւ լաց չեղավ, երբ Ոսկե Այծը ընկավ։ Հիշում եմ, նա լաց եղավ, որովհետեւ ափսոսաց ձիուն, այլ ոչ թե դրամը։ Ես ինձ հիմար կերպով պահեցի, երբ նրան ցիգեյկայի գորշագույն բաճկոնակ էր պետք, բայց երբ նա գնեց այդ բաճկոնակը, այն ինձ շատ դուր եկավ։ Ես ինձ հիմար էի պահել նաեւ այլ դեպքերում։ Բայց այդ ամենը աղքատության դեմ մղվող պայքարի հետեւանքն էր, աղքատության, որը կարելի է հաղթել, եթե փողը չվատնես։ Հատկապես, երբ հագուստեղենի փոխարեն նկարներ ես գնում։ Բայց բանն այն է, որ մենք մեզ ամենեւին էլ աղքատ չէինք համարում։ Մենք պարզապես չէինք ցանկանում հաշտվել այդ մտքի հետ։ Մենք մեզ դասում էինք ընտրյալների թվին, իսկ նրանք, որոնց մենք վերեւից ներքեւ էինք նայում, եւ որոնց ամենայն իրավունքով չէինք վստահում, հարուստ էին։ Ինձ միանգամայն բնական էր թվում այն, որ տաք լինելու համար ներքնաշապիկի փոխարեն սվիտր էին հագնում։ Դա տարօրինակ էր թվում միայն հարուստներին։ Մենք սնվում էինք լավ ու էժան, խմում էինք լավ ու էժան, լավ քնում էինք եւ միասին տաք էինք զգում ու սիրում էինք միմյանց։
— Իմ կարծիքով պետք է գնալ,— ասաց կինս,— շատ վաղուց է, որ ձիարշավներում չենք եղել։ Մեզ հետ ուտելու որեւէ բան վերցնենք ու մի քիչ գինի։ Ես լավ բուտերբրոդներ կպատրաստեմ։
— Մենք գնացքով կգնանք եւ, ի դեպ, դա էժան է։ Բայց եթե դու գտնում ես, որ մենք չպետք է գնանք, արի չգնանք։ Այսօր հիանալի օր է։
— Իմ կարծիքով, պետք է գնալ։
— Իսկ գուցե քեզ համար ավելի հաճելի կլինի փողը որեւէ այլ բանի վրա ծախսե՞լ։
— Ոչ,— գոռոզամտորեն պատասխանեց նա։ Նրա ցցուն այտոսկրները ասես թե ստեղծված էին հենց գոռոզամտության համար,— վերջ ի վերջո ո՞վ ենք մենք։
Մենք գնացք նստեցինք Հյուսիսային կայարանում, անցանք քաղաքի ամենակեղտոտ ու ամենատխուր մասը եւ կառամատույցից ոտքով հասանք ձիարշավարանի օազիսը։ Դեռեւս շատ վաղ էր, մենք իմ անձրեւակալը փռեցինք նոր հնձած կանաչի վրա, նստեցինք ու նախաճաշեցինք։ Գինին խմում էինք ուղղակի շշից եւ նայում էինք հին տրիբունաներին, տոտալիզատորի փայտե դարչնագույն փայլին, ճերմակացրած քարե պարսպին, սպիտակ սյուներին ու ճաղերին, կանաչ ծառերի տակ գոյացած պադդոկներին<ref>Պադդոկ (անգլ․)— ձիարշավարանի տերիտորիայում գտնվող փոքրիկ արոտավայր, մարգագետին։</ref> եւ այն առաջին ձիերին, որոնց դուրս էին բերում այնտեղ։ Մենք մի քիչ էլ գինի խմեցինք եւ ուշադիր ուսումնասիրեցինք ձիարշավի ծրագիրը։ Կինս պառկեց անձրեւակալի վրա մի քիչ ննջելու, դեմքը հառելով արեւին։ Ես գնացի դեպի տրիբունաները եւ շուտով հանդիպեցի մի մարդու, որին ճանաչում էի դեռեւս Միլանում եղածս օրերին։ Նա ինձ խորհուրդ տվեց գրազ բռնել երկու ձիերի վրա, մատնացույց անելով դրանց։
— Նրանք, իհարկե, ոսկու տակառ չեն, բայց չվախենաք խաղագումար դնելուց։
Դրանցից առաջինի վրա գրազ բռնելով, մենք դրեցինք մեր փողի կեսը, որ միտք ունեինք ծախսել, եւ այն մեզ շահույթ բերեց մեկի դիմաց տասներկու հաշվով։ Ձին լավ հաղթահարեց արգելքները, ճանապարհի հեռավոր ծայրում առաջ անցնելով մյուսներից, ֆինիշին հասավ նրանցից չորս մարմնով շուտ։ Մենք պահեցինք շահույթի կեսը, իսկ մյուս կեսը ներդրեցինք մյուս ձիու օգտին, որը իսկույն առաջ սլացավ, հաղթահարեց բոլոր դժվարությունները, սակայն հարթ ճանապարհին քիչ էր մնում տանուլ տար․ ֆավորիտը յուրաքանչյուր ցատկի հետ հասնում էր նրան, եւ երկու հեծնորդների խարազաններն էլ աշխատում էին անընդհատ։
Մենք գնացինք տրիբունաների տակ գտնվող ճաշարանում մի֊մի գավաթ շամպայն խմելու եւ սպասելու, մինչեւ հայտարարեն շահույթները։
— Այսուամենայնիվ, ձիարշավները սարսափելի քամում են մեզ,— ասաց կինս,— դու տեսա՞ր, այն ձին քիչ էր մնացել առաջինը հասներ։
— Սիրտս մինչեւ հիմա էլ դողում է։
— Որքա՞ն են վճարելու։
— Արժենշումը մեկի դիմաց տասնութ է եղել, բայց հնարավոր է՝ վերջին րոպեին նրա օգտին շատ խաղագումարներ են դրել։
Մեր կողքով տարան ձիերին։ Մերը ամբողջովին փրփուրի մեջ էր, նրա ռունգերը լայնացել էին, եւ հեծնորդը շոյում էր նրան։
— Խեղճ ձիուկ,— ասաց կինս,— իսկ մենք միայն խաղագումար ենք դնում դրանց օգտին։
Մենք այնքան նայեցինք, մինչեւ ձիերն անցան, մի֊մի գավաթ եւս շամպայն խմեցինք եւ այդ պահին հայտարարեցին շահույթը՝ 85։ Դա նշանակում էր, որ այդ ձիու համար տասը ֆրանկանոց տոմսի դիմաց վճարում են 85֊ական ֆրանկ։
— Երեւի վերջում այդ ձիու հետ շատերն են հույս կապել,— ասացի ես։
Բայց մենք շատ փող էինք շահել, շատ՝ մեզ համար, եւ այժմ մենք գարուն ունեինք եւ դրան գումարած՝ փող։ Եվ ես մտածեցի, որ մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Այդպիսի օրը, եթե ծախսերի համար մեզնից յուրաքանչյուրի հաշվով առանձնացնեինք շահույթի նույնիսկ մեկ քառորդ մասը, հնարավորություն էր տալիս մյուս կեսն էլ ետ գցել ձիարշավների ֆոնդի համար։ Ձիարշավների ֆոնդը ես գաղտնի էի պահում, մյուս փողերից առանձին։
Այդ նույն տարին, երբ մենք վերադարձել էինք մեր մի ճանապարհորդությունից եւ ձիարշավում մեր բախտը կրկին բանել էր, մի անգամ մենք մտանք Պրյունիեի մոտ, որպեսզի բարում ճաշենք։ Նախապես ծանոթացել էինք ցուցափեղկերի բոլոր հրաշալիքներին, ցուցափեղկեր, որոնցում դրված են գները ցույց տվող պարզորոշ պիտակներ։ Մենք պատվիրեցինք ոստրե ու crabe Mexicaine<ref>Կրաբներ մեքսիկական ձեւով (ֆրանս․)։</ref> եւ դրանք խմեցինք մի քանի գավաթ «սանսերա»֊ով։ Վերադարձի ճանապարհին մենք մթության միջով անցանք Թյուիլրիով եւ կանգ առանք, որպեսզի Կարուսելի կամարի միջով նայենք մութ այգիներին, որոնց թանձր մթության ետեւում երեւում էր Համաձայնության լուսավորված հրապարակը, եւ կրակների մի երկար շղթա էր բարձրանում դեպի Հաղթակամարը։ Հետո նայելով Լուվրի մութ բծին, ես ասացի․
— Դու իրո՞ք կարծում ես, որ բոլոր երեք կամարները գտնվում են միեւնույն ուղղաձիգի վրա։ Այս երկուսը եւ Միլանի Սերմիոնի կամարը։
— Չգիտեմ, Տետի։ Ասում են, որ այդպես է եւ հավանաբար իզուր չեն ասում։ Դու հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք մենք մագլցում ձյան միջով եւ Սեն֊Բերնարի իտալական մասում իսկույն ընկանք գարնան գիրքը, ու հետո դու, Չինկը եւ ես ամբողջ օրը գարնան միջով իջնում էինք դեպի Աոստա։
— Չինկը դա անվանեց «կոշիկներով՝ Սեն֊Բերնարի վրայով»։ Հիշո՞ւմ ես այն կոշիկները։
— Իմ խեղճ կոշիկներ։ Իսկ հիշո՞ւմ ես ինչպես մենք «Գալերեայում» մրգի սալաթ կերանք Բիֆիի մոտ եւ «կապրի» խմեցինք ու սառույցով գետնամորի կերանք ապակե բարձր սկահակից։
— Հենց այդ պատճառով է, որ ես մտածեցի երեք կամարների մասին։
— Ես հիշում եմ Սերմիոնի կամարը։ Այն նման է սրան։
— Իսկ հիշո՞ւմ ես պանդոկը Էգլեյում, որտեղ դուք Չինկի հետ ամբողջ օրը այգում կարդում էիք, իսկ ես ձուկ էի որսում։
— Հիշում եմ, Տետի։
Ես հիշեցի Ռոնան, որ նեղ էր, գորշ եւ ուռել էր հալած ձյունաջրերից, հիշեցի երկու գետակները, որոնցում իշխանաձուկ է լինում՝ Ստոկալպերը եւ Ռոնի ջրանցքը։ Ստոկալպերը այն օրը արդեն միանգամայն թափանցիկ էր, բայց Ռոնի ջրանցքում ջուրը դեռեւս պղտոր էր։
— Իսկ հիշո՞ւմ ես, ինչպես էին ծաղկել վայրի շագանակենիները, եւ ես աշխատեցի հիշել գլիցինիայի հետ կապված պատմությունը, որ ինձ պատմել էր կարծեմ Ջիմ Գեմբլը ու ոչ մի կերպ չէի կարողանում հիշել։
— Հիշում եմ, Տետի։ Եվ դուք Չինկի հետ շարունակ խոսում էիք այն մասին, թե գրելուց ինչպես պետք է հասնել ճշմարտության եւ ճիշտ արտացոլել, այլ ոչ թե նկարագրել։ Ես հիշում եմ բոլորը։ Մերթ նա էր ճիշտ, մերթ էլ՝ դու։ Ես հիշում եմ, թե ինչպես էիք դուք վիճում լուսավորության, տեքստուրայի եւ ձեւի շուրջը։
Այդ ժամանակ մենք դուրս էինք եկել Լուվրի դարպասից, անցել էինք փողոցը եւ կանգ առնելով կամրջի վրա, հենվեցինք ցանկապատին ու սկսեցինք դիտել գետը։
— Մենք երեքով վիճում էինք աշխարհում ամեն ինչի մասին եւ միշտ ինչ֊որ շատ կոնկրետ բանի մասին ու ձեռ էինք առնում միմյանց։ Ես հիշում եմ այն ամենը, ինչ մենք արել ենք ու խոսել այն ճանապարհորդության ժամանակ,— ասաց Հեդլին,— ճիշտ եմ ասում։ Բոլորը, բոլորը։ Երբ դուք Չինկի հետ խոսում էիք, ես ետ չէի մնում։ Այնպես չէր, ինչպես միսս Ստայնի մոտ, որտեղ ես սոսկ կին եմ։
— Ափսոս, որ ես չեմ կարողանում հիշել գլիցինիայի հետ կապված այն պատմությունը։
— Դա կարեւոր չէ։ Կարեւորը ինքը՝ գլիցինիան է, Տետի։
— Հիշո՞ւմ ես, Էգլից ես գինի բերեցի մեր տնակը։ Գինին մեզ վաճառել էին հյուրանոցում եւ ասել, որ դա իշխան ձկան հետ լավ է։ Կարծեմ գինին մենք փաթաթել էինք «Գազետ դե Լյուցերն» թերթի մի քանի համարների մեջ։
— Սիոնյան գինին ավելի լավ էր։ Հիշո՞ւմ ես, ինչպես տիկին Գանգեսվիշը կապույտ իշխանաձուկ տապակեց, երբ մենք մեր տնակն էինք վերադարձել։ Ի՜նչ համեղ ձուկ էր, Տետի, եւ մենք սիոնյան գինի խմեցինք, ճաշեցինք հենց խորխորատի վրա կախված պատշգամբում եւ նայում էինք լճին, կիսով չափ ձյունապատ Դան֊դյու֊Միդին, նայում էինք Ռոնայի գետաբերանում բուսած ծառերին, որտեղ գետը թափվում էր լճի մեջ։
— Ձմռանն ու գարնանը մենք միշտ զգում ենք Չինկի կարիքը։
— Միշտ։ Եվ այժմ, երբ ամեն ինչ ետեւում է մնացել, նրա կարիքը ես զգում եմ։
Չինկը կադրային զինծառայող էր եւ Սանդհերստից<ref>Անգլիական սպաների դպրոց։</ref> ընկել էր ուղիղ Մոնս<ref>Մոնսի ճակատամարտը (1914 թ․ օգոգտոսի 23—25)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիների եւ գերմանացիների միջեւ տեղի ունեցած առաջին ճակատամարտը, որը վերջացավ անգլիացիների պարտությամբ։</ref>։ Ես նրա հետ ծանոթացել եմ Իտալիայում, եւ նա երկար ժամանակ սկզբում իմ, իսկ հետո մեր լավագույն բարեկամն էր։ Այն ժամանակ նա մեզ հետ էր անցկացնում իր արձակուրդը։
— Նա կփորձի գարնանը արձակուրդ ստանալ։ Այդ մասին անցյալ շաբաթ գրել էր Քյոլնից։
— Գիտեմ։ Բայց այժմ պետք է ապրել այսօրվա օրով եւ օգտագործել նրա յուրաքանչյուր րոպեն։
— Մենք հիմա տեսանք, թե ջուրը ինչպես է խլթխլթում կամրջասյուների մոտ, իսկ այժմ, ես գետի երկայնքով վերեւ նայենք, տեսնենք այնտեղ ինչ է երեւում։
Մենք նայեցինք ու տեսանք ամեն ինչ՝ մեր գետը, մեր քաղաքը, մեր քաղաքի կղզին։
— Մենք լավ բախտ ունենք,— ասաց նա,— ես հուսով եմ, որ Չինկը կգա։ Նա միշտ այնքա՜ն հոգատար է մեր նկատմամբ։
— Նա չի կարծում, թե դա այդպես է։
— Իհարկե։
— Նա կարծում է, թե մենք միասին ենք փնտրում։
— Դա հենց այդպես է։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես փնտրում։
Մենք անցանք կամուրջը եւ հասանք մեր ափը։
— Դու քաղցած չե՞ս,— հարցրի,— թե չէ մենք մի գլուխ քայլում ենք ու զրուցում։
— Իհարկե, քաղցած եմ, Տետի, իսկ դո՞ւ։
— Գնանք որեւէ լաւ ռեստորան եւ արքայավայել ճաշենք։
— Ո՞ւր գնանք։
— Միշոյի մոտ։
— Շատ լավ։ Դա շատ մոտ է։
Մենք քայլեցինք սուրբ Հայրերի փողոցով, հասանք Ժակոբ փողոցի անկյունը, կանգ առնելով ու դիտելով ցուցափեղկերը, որոնցում դրված են նկարներ եւ կահույք։ Մենք մի պահ կանգ առանք Միշոյի ռեստորանի մուտքի առջեւ եւ կարդացինք ճաշացուցակը, որ փակցված էր դռանը։ Միշոյի մոտ ազատ տեղեր չկային, եւ մենք հարկադրված էինք սպասել, մինչեւ որեւէ մեկը գնա, ու մենք հետեւում էինք այն սեղաններին, որոնց արդեն սուրճ էին մատակարարում։
Քայլելուց մենք ավելի էինք քաղցել, իսկ Միշոյի ռեստորանը մեզ համար շատ հրապուրիչ էր ու թանկ։ Այն տարիներին այնտեղ ճաշում էր Ջոյսը իր ընտանիքով։ Նա եւ իր կինը նստել էին պատի մոտ, եւ Ջոյսը ճաշաքարտը աչքերին մոտեցրած, ակնոցի հաստ ապակիների միջով ուսումնասիրում էր։ Նրա կողքին նստել էր Նորան, որը ախորժակով էր ուտում, բայց քիչ, դիմացը՝ Ջորջին, նիհար, կտրիճավարի, ծոծրակի մոտ մազերը հարթ սղալած, եւ Լյուչիան, որը դեռ գրեթե փոքրիկ աղջիկ էր, գանգուր մազերի ծանր դեզով։ Ամբողջ ընտանիքը խոսում էր իտալերեն։
Քանի դեռ կանգնած էինք, ես մտածեցի, թե կարելի՞ է արդյոք պարզապես քաղց անվանել այն, ինչ մենք զգում էինք այնտեղ, կամրջի վրա։ Ես այդ հարցը տվի կնոջս եւ նա ասաց․
— Չգիտեմ, Տետի։ Կան քաղցի բազմաթիվ տարատեսակներ։ Գարնանը դրանք է՛լ ավելի են շատանում։ Բայց այժմ դա արդեն անցել է։ Վերհուշները նույնպես քաղց են։
Ես բթացել էի, եւ նայելով ռեստորանի պատուհանից ու տեսնելով մատուցողին, որ ափսեի մեջ տանում էր երկու teurnedos<ref>Ռուլետի նման փաթաթած տավարի ֆիլե (ֆրանս․)։</ref>, հասկացա, որ ինձ տանջում է ամենասովորական քաղցը։
— Դու ասացիր, որ այսօր մեր բախտը բանում է։ Դա իրոք այդպես է։ Բայց չէ որ մեզ հուշել էին, թե որ ձիու համար գրազ բռնենք։
Նա ծիծաղեց։
Ես նկատի ունեի ոչ թե ձիարշավը։ Դու իմ բոլոր ասածները հասկանում ես տառացիորեն։ Ես դա ուրիշ մտքով ասացի։
— Իմ կարծիքով Չինկին ձիարշավները չեն հետաքրքրում,— ասացի ես, հաստատելով իմ բթությունը։
— Այո։ Դրանք նրան կհետաքրքրեին միայն այն դեպքում, եթե նա ինքը արհավեր։
— Դու այլեւս չե՞ս ուզում գնալ ձիարշավի։
— Ուզում եմ։ Եվ այժմ մենք կարող ենք գնալ, երբ ցանկանանք։
— Չէ, ճիշտն ասա, ուզո՞ւմ ես։
— Իհարկե։ Չէ որ դու եւս ցանկանում ես։ Չէ՞։
Երբ մենք վերջապես ընկանք Միշոյի մոտ, հրաշալի ճաշեցինք։ Բայց երբ մենք վերջացրինք եւ քաղցի հարցը այլեւս չկար, այն զգացումը, որը կամրջի վրա մենք ընդունել էինք քաղցի տեղ, չանհետացավ եւ ապրեց մեր մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ ավտոբուսով տուն էինք վերադառնում։ Այն չանհետացավ նաեւ այն ժամանակ, երբ մենք մտանք սենյակ եւ պառկեցինք անկողնում։ Այն չանհետացավ նաեւ, երբ մթան մեջ սիրում էինք իրար։ Երբ ես արթնացա եւ բաց պատուհաններից այն կողմ, բարձր տների կտուրներին տեսա լուսնի լույսը, այն ահա այնտեղ էր։ Ես մի կողմ թեքվեցի, որպեսզի լուսինը չլուսավորի իմ դեմքը, բայց արդեն քնել չէի կարող եւ պառկել էի բաց աչքերով ու մտածում էի այդ մասին։ Մենք գիշերվա ընթացքում երկու անգամ արթնացել էինք, բայց այժմ կինս անխռով քնած էր, եւ լուսնի լույսը ընկել էր նրա դեմքին։ Ես ճիգ էի գործադրում հասկանալու, բայց չափազանց բթացած էի։ Բայց չէ որ դեռեւս առավոտյան, երբ ես արթնացել էի, տեսել կեղծ գարունը, լսել այծերին քշող հովվի շվին ու գնացել ձիարշավի առավոտյան ծրագիր ձեռք բերելու, կյանքը այնքա՜ն պարզ էր թվում։
Բայց Փարիզը հին քաղաք է, իսկ մենք երիտասարդ էինք, եւ այնտեղ ամեն ինչ պարզ ու հստակ չէր՝ ե՛ւ աղքատությունը, ե՛ւ անսպասելի հարստությունը, ե՛ւ լոսնի լույսը, ե՛ւ արդարությունը կամ չարիքը, ե՛ւ շնչառությունը նրա, ով լուսնի լույսի տակ պառկած էր կողքիդ։
==Մի հրապուրանքի վերջը==
Այդ տարի եւ հետագա մի քանի տարիների ընթացքում, առավոտյան աշխատանքս ավարտելուց հետո, մենք միասին շատ անգամ եղանք ձիարշավներին, եւ Հեդլիին այդ դուր էր գալիս, իսկ հաճախ նույնիսկ կլանում էր նրան։ Բայց դա ամենեւին նման չէր նրան, որ մենք բարձրանում էինք անտառների գոտուց այն կողմ ընկած բարձրանիստ մարգագետինները, կամ ուշ երեկոյան վերադառնում մեր պանդոկը, կամ Չինկի՝ մեր լավագույն բարեկամի հետ լեռնանցքով գնում դեպի տակավին անծանոթ վայրերը։ Եվ մեզ հետաքրքրում էր ոչ թե բուն ձիարշավը, այլ խաղալու հնարավորությունը։ Բայց մենք դա անվանեցինք ձիարշավի հրապուրանք։
Ձիարշավները մեզ երբեք չբաժանեցին․ դրան ընդունակ են միայն մարդիկ։ Սակայն երկար ժամանակ ձիարշավը ասես թե մեր մերձավոր ու պահանջկոտ բարեկամն էր։ Համենայն դեպս, հաճելի էր այդպես մտածել։ Եվ ես, որ մարդկանց վրա արդարացիորեն վրդովված էի այն պատճառով, որ նրանք ընդունակ են ամեն ինչ ավերելու, ներողամիտ էի այդ ամենակեղծ, ամենագեղեցիկ, ամենագրավիչ, արատավոր ու պահանջկոտ բարեկամիս նկատմամբ, որովհետեւ նրանից կարելի էր օգուտ ստանալ։ Որպեսզի ձիարշավը եկամտի աղբյուր դառնա, պետք է ամբողջ ժամանակդ նվիրես դրան։ Իսկ ես ժամանակ չունեի։ Բայց ես իմ հրապուրանքը նրանով էի արդարացնում, որ գրում էի դրա մասին, թեեւ այն ամենը, ինչ գրել եմ, ի վերջո կորել է, եւ ձիարշավների մասին իմ պատմվածքներից ընդամենը մեկն է մնացել, որովհետեւ այն խմբագրությունից վերադառնալով, ճանապարհորդում էր փոստից֊փոստ։
Հետո ես ավելի հաճախ սկսեցի մենակ գնալ ձիարշավների, եւ դրանք ինձ ավելի ու ավելի էին գրավում ու ձգում։ Հենց որ հնարավորություն էր ստեղծվում, ես հաճախում էի ե՛ւ Օթեյլի, ե՛ւ Էնգիենի ձիարշավարանները։ Շատ թե քիչ խելացի խաղալու համար անհրաժեշտ էր դրան նվիրել ամբողջ ժամանակդ, բայց միայն դրանով ապրել անհնարին է։ Թղթի վրա կատարած հաշիվները հենց այդպես էլ թղթի վրա էին մնում։ Եվ դրանց արդյունքները կարելի էր իմանալ յուրաքանչյուր լրագրից։
Օթեյլում ստիպլ֊չեզը ամենից լավ կարելի էր դիտել վերին տրիբունաներից եւ հարկադրված էի լինում աստիճաններով վեր բարձրանալ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գալիս ձիերից յուրաքանչյուրը, նկատեմ այն ձիուն, որը կարող էր շահել, բայց չի շահել, եւ հասկանամ, թե ինչու կամ ինչ պատճառով նա չի արել այն, ինչ կարող էր անել։ Անհրաժեշտ էր ամեն անգամ, երբ քո կողմից ուսումնասիրվող ձին վազքի մեջ է, հետեւել խաղագումարներին եւ արժենշումների փոփոխություններին։ Եվ անհրաժեշտ էր հմուտ լինել գնահատելու, թե տվյալ ձին ինչպես է աշխատում, որպեսզի կռահես այն պահը, թե երբ են ախոռի աշխատողները խաղագումար դնելու նրա վրա։ Այս դեպքում եւս նա կարող է տանունլ տալ, բայց դու արդեն գիտես նրա հնարավորությունները։ Դա դժվար խնդիր էր, բայց ի՜նչ հրաշալի բան էր օրեցոր ձիարշավներ տեսնել Օթեյլում, երբ հաջողվում էր խցկվել այնտեղ եւ ներկա լինել հրաշալի ձիերի ազնիվ մրցումներին։ Մինչ այդ, դու արդեն ձիարշավարանը ճանաչում ես հինգ մատիդ պես։ Վերջ ի վերջո դու այնտեղ ձեռք ես բերել բազմաթիվ ծանոթներ՝ հեծնորդներ, վարժեցնողներ, ձիատերեր եւ ճանաչել ես բազում ձիեր ու շատ այլ բաներ։
Որպես կանոն, ես գրազ էի բռնում միայն այն ձիու վրա, որը ճանաչում էի, բայց հաճախ բացահայտում էի այնպիսի ձիեր, որոնց ոչ ոք չէր հավատում վարժեցնողներից ու հեծնորդներից բացի, եւ որոնք շահում էին մրցաելույթը մրցաելույթի ետեւից, իսկ ես էլ խաղագումար էի դնում նրանց օգտին։ Ի վերջո ես դադարեցի ձիարշավ հաճախելուց, որովհետեւ դա չափազանց շատ ժամանակ էր խլում ու կլանում էր ինձ, եւ բացի այդ, ես չափազանց շատ բան գիտեի այն մասին, ինչ տեղի էր ունենում Էնգիենում եւ մյուս ձիարշավարաններում, որտեղ կազմակերպվում էին հարթ ձիարշավներ։
Ես ուրախ էի, որ դադարել եմ ձիարշավներում խաղալուց, բայց ասես ինչ֊որ բան էի կորցրել։ Այն ժամանակ ես արդեն գիտեի, որ երբ կյանքում ինչ֊որ բան վերջանում է, վատ բան լինի, թե լավ, մնում է դատարկությունը։ Սակայն վատ բանից հետո մնացած դատարկությունը ինքն իրենով է լցվում։ Լավից հետո գոյացած դատարկությունը կարելի է լցնել միայն լավագույնը գտնելով։ Ձիարշավների համար նախատեսված դրամը ես մտցրեցի ընդհանուր ֆոնդի մեջ եւ դրանից ինձ թեթեւացած ու լավ զգացի։
Այն օրը, երբ որոշել էի ձեռք քաշել ձիարշավներից, ես գնացի Սենայի մյուս ափը եւ «Գարանտի տրաստ» ընկերության ճանապարհորդական բյուրոյում, որը այն ժամանակ գտնվում էր Իտալական փողոցին եւ Իտալական բուլվարի անկյունում, հանդիպեցի իմ բարեկամ Մայք Ուորդին։ Ես գնացել էի այնտեղ ձիարշավների համար նախատեսված փողը բանկ գցելու նպատակով, բայց ոչ ոքի այդ մասին չէի ասել։ Ես այդ փողը չմտցրի չեկային գրքույկի մեջ, այլ ուղղակի հիշեցի թիվը։
— Գնանք ճաշենք,— առաջարկեցի Մայքին։
— Գնանք, փոքրիկս։ Ես դեմ չեմ։ Ի՞նչ է պատահել։ Միթե դու չես գնալու ձիարշավարան։
— Ոչ։
Լուվուա հրապարակում մենք ճաշեցինք մի շատ լավ, հասարակ ճաշարանում, որտեղ հրաշալի սպիտակ գինի էին մատուցում։ Ճաշարանի դիմաց գտնվում էր Ազգային գրադարանը։
— Մայք, չէ՞ որ դու հաճախ չես լինում ձիարշավներին,— հարցրի ես։
— Ոչ։ Ես արդեն վաղուց է, ինչ չեմ եղել ձիարշավարանում։
— Իսկ ինչո՞ւ այլեւս չես հաճախում։
— Չգիտեմ,— պատասխանեց Մայքը,— ինչեւէ, գիտեմ, եթե տեսարանը քեզ կլանում է միայն այն պատճառով, որ դու փող ես մուծել այդտեղ, նշանակում է չարժե այն դիտել։
— Եվ դու այլեւս ձիարշավարան չե՞ս գնում։
— Մեկ֊մեկ գնում եմ։ Երբ մեծ ձիարշավներ են լինում, լավագույն ձիերի մասնակցությամբ։
Մենք պաշտետը քսեցինք համեղ հացին, որ մատուցում էին ճաշարանում եւ վրայից սպիտակ գինի խմեցինք։
— Իսկ դու առաջ ձիարշավով հրապուրվո՞ւմ էիր, Մայք։
— Այո, իհարկե։
— Իսկ ի՞նչն է, քո կարծիքով, դրանից ավելի հետաքրքիր։
— Մոտովազքը։
— Մի՞թե։
— Այնտեղ պարտադիր չէ խաղալ։ Այ կտեսնես։
— Ձիարշավները շատ ժամանակ են խլում։
— Չափազանց շատ։ Դրանք խլում են քո ամբողջ ժամանակը։ Եվ այնտեղ հավաքվող բազմությունն էլ ինձ դուր չի գալիս։
— Ես դրանով շատ եմ հրապուրվել։
— Գիտեմ։ Դու չես վառվե՞լ։
— Ոչ։
— Իսկը ժամանակն է թողնելու,— ասաց Մայքը։
— Դե, ես էլ թողել եմ։
— Դա հեշտ բան չէ։ Լսիր, փոքրիկս, եկ մի օր գնանք մոտովազքի։
Մոտովազքը հիանալի նորություն էր, ինձ գրեթե անծանոթ։ Բայց իսկույն չէ, որ մենք հրապուրվեցինք դրանով։ Դա տեղի ունեցավ ավելի ուշ։ Այն մեծ դեր խաղաց մեր կյանքում, երբ փարիզյան առաջին փուլը անվերադարձ կերպով ավարտվել էր։
Բայց երկար ժամանակ մեզ համար լավ էր ապրել Փարիզի մեր մասում, ձիարշավարանից հեռու, եւ հույս դնել ինքներս մեզ վրա, մեր աշխատանքի վրա, մեր ծանոթ նկարիչների վրա, փոխանակ օրվա ապրուստը խաղով հոգալու եւ դա այլ կերպ անվանելու։ Ես մոտովազքերի մասին շատ պատմվածքներ եմ սկսել, բայց այդպես էլ չավարտեցի ոչ մի այնպիսի պատմվածք, որը կարողանար համեմատվել փակ կամ բաց վազքուղիներում կամ խճուղու վրա տեղի ունեցող բուն մրցումների հետ։ Բայց ես այնուամենայնիվ ցույց կտամ ե՛ւ Ձմեռային մոտո֊արշավարանը՝ անցնող օրվա մշուշի մեջ, ե՛ւ փայտե դիք վազքուղին, ե՛ւ դողերի առանձնահատուկ սվվոցը, երբ նրանք քսվում են փայտին, ե՛ւ վարորդների լարվածությունն ու նրանց հնարանքները, երբ իրենց մեքենաներին ձուլված վեր են սլանում կամ նետվում ներքեւ, ցույց կտամ demi֊fond֊ի<ref>Վազք լիդերների ետեւից (ֆրանս․)։</ref> ամբողջ հմայքը, ետնանիվավոր հռնդացող մոտոցիկլները, ե՛ւ նրանց՝ պաշտպանիչ ծանր սաղավարտներով ու կաշվե ներշնչուն բաճկոններով, entraîneurs<ref>Լիդերներ (ֆրանս․)։</ref>֊ներին, որ նստում էին ուսերը շտկած, որպեսզի հանդիպակաց օդի, հոսանքից պաշտպանեն ավելի թեթեւ սաղավարտ դրած վարորդներին, որոնք ղեկին հակված ամեհի արագությամբ պտտում են ատամնավոր հսկայական հաղորդակները, որպեսզի առջեւի փոքրիկ անիվը ետ չմնա մոտոցիկլի ետեւի անիվներից, որոնց համար առաջինը ճեղքում է օդը, ցույց կտամ ե՛ւ մոտորների հռնդյունը, ե՛ւ վարորդների շնչակտուր մրցավազքը, որոնք արմունկ֊արմունկի, անիվն անիվին քսելով, վեր ու վար շարունակ առաջ են սուրում կատաղի արագությամբ, մինչեւ որ որեւէ մեկը կորցնելով թափը, ետ մնա լիդերից եւ զարնվի օդի կոշտ շերտին, որից նա մինչ այդ պաշտպանված էր։
Մոտովազքը բազմաթիվ ձեւեր ունի։ Անջատ֊անջատ ստարտով սովորական սպրինտը կամ մատչային վազքերը, երբ երկու վարորդներ իրենց մեքենաների վրա երկար վայրկյանների ընթացքում հավասարակշռվում են, ստիպելով, որ ախոյանը առաջինը սկսի վազքը, հետո մի քանի դանդաղ շրջապտույտ են կատարում եւ վերջապես մոլեգնորեն նետվում գլխապտույտ արագության մեջ։ Բացի այդ, կան նաեւ ցերեկային երկժամյա թիմային վազքեր որոնց դեպքում սպրինտ ձեւի մի քանի վազք է կատարվում՝ ժամանակը լրացնելու համար։ Կան նաեւ բացարձակ արագության անհատական մրցումներ, երբ վարորդը մի ժամ շարունակ մրցում է վայրկենացույցի սլաքի հետ։ Վերջապես, շատ վտանգավոր, բայց եւ շատ գեղեցիկ մրցումներ՝ հարյուր կիլոմետրի վրա փայտե թեք վազքուղով «Բուֆֆալո»֊յի հինգ հարյուր մետրանոց գոգավոր, բացօթյա ստադիոնում, որ գտնվում է Մոնրուժում, որտեղ վարորդները ընթանում էին ծանր մոտոցիկլերի ետեւից։ Մենք տեսանք Լինարին՝ բելգիացի նշանավոր չեմպիոնին, որին դեմքի պատճառով Սիու<ref></ref> էին անվանել, եւ որը, վազքի վերջում ավելացնելով առանց այն էլ կատաղի արագությունը, գլուխը թեքում էր եւ իր մայկայի տակ գտնվող ռետինե պարկին միացրած խողովակից կոնյակ ծծում։ Տեսանք նաեւ Ֆրանսիայի չեմպիոնատը՝ լիդերի ետեւից վազքերի գծով, որ տեղի ունեցավ Օթեյլի մոտ գտնվող Արքայազնի այգում վեց հարյուր վաթսուն մետրանոց բետոնե վազքուղու վրա, ամենախարդախ վազքուղին, որտեղ մեր աչքի առջեւ ջախջախվեց մեծ Գանեն, եւ մենք լսեցինք պաշտպանիչ սաղավարտի տակ ջարդվող գանգի ճքճքոցը, ասես զբոսախնջույքի ժամանակ ինչ֊որ մեկը պինդ եփած ձու է կոտրել՝ քարին խփելով։ Ես պետք է նկարագրեմ վեցօրյա մոտովազքերի արտասովոր աշխարհը եւ լեռներում տեղի ունեցած խճուղային զարմանալի վազքերը։ Ֆրանսերենը միակ լեզուն է, որ կարող է արտահայտել այդ ամենը, որովհետեւ բոլոր տերմինները ֆրանսերեն են։ Ահա թե ինչու այդքան դժվար է դրա մասին գրել։ Մայքը ճիշտ էր ասում։ Մոտովազքերը լավ են նաեւ առանց տոտալիզատորի։ Բայց դա արդեն վերաբերում է Փարիզում անցկացրած իմ կյանքի մյուս փուլին։
[[Category: Արձակ]]