Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 10 605 բայտ, 23:32, 27 Հունիսի 2015
/* Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ */
— Դե լավ, լավ,— փնթփնթաց Սեմը,— հանգստանալ, մեկ է, պետք է, թեկուզ մինչև կեսգիշեր, հետո նոր կարելի է և գնալ, եթե դու իրոք ճանապարհը գիտես:
Գոլլումը դժկամությամբ համաձայնեց, և նրանք սկսեցին բարձրանալ լանջն ի վեր՝ փնտրելով, թե որտեղ կարելի է գիշերել: Նա վախենում էր գիշերել գետնին՝ չափազանց մոտ էր ահարկու ճանապարհը: Ոչ մեծ փնտրտուքներից հետո որոշեցին մագլցել մի մեծ փշարմավի կաղնու վրա և թաքնվել հսկայական ճյուղերի արանքում: Այդ ծառի վրա նրանց նկատելն անհնարին էր. գիշերվա գալու հետ սաղարթի տակ անթափանց մթություն տիրեց: Ֆրոդոն ու Սեմը չորացրած մրգեր ու հաց կերան, ապա վրայից ջուր խմեցին, իսկ Գոլլումն անմիջապես կծկվեց ու քնեց: Բայց հոբիթներն այդպես էլ աչք չփակեցին:
Գոլլումն արթնացավ, ըստ երևույթին, կեսգիշերին: Հոբիթներն առաջինը նրա գունատ կրակով վառվող աչքերը տեսան: Նա ականջ էր դնում ու հոտոտում. հոբիթները վաղուց նկատել էին, որ այդպես է նա որոշում ժամանակը, հատկապես գիշերը:
— Ո՛չ հանգստացել ենք, ո՛չ էլ քնել,— փնթփնաց Սեմը: — Բայց եթե հարկավոր է, ուրեմն գնանք:
Աչքները չթարթած, Գոլլումը հայտնվեց ներքևում՝ վայրեջք կատարելով միանգամից չորս թաթի վրա: Հոբիթները դանդաղ իջան նրա հետևից: Հասնելով գետնին՝ նրան անմիջապես, առանց ժամանակ կորցնելու Գոլլումի հետևից քայլեցին վերև՝ մթին լանջն ի վեր: Այնքան մութ էր, որ նրանք ոչինչ չէին տեսնում իրենց առջև և երբեմն բախվում էին ծառերի բներին: Սկսվեցին փոսեր, բլրակներ, գնալը դժվարացավ, բայց Գոլլումին դա առհասարակ չէր անհանգստացնում: Նա վստահորեն տանում էր հոբիթներին մոշի թփուտների արանքով, մերթ շրջանցելով մութ փոսերն ու խոռոչները, մերթ իջնելով թփուտաշատ ձորակների մեջ, որոնց հակառակ լանջերն ավելի բարձր էին ու կտրուկ, և այդպիսով նրանք շարունակ բարձրանում էին: Առաջին կանգառի ժամանակ հետ նայելով՝ նրանք տեսան, որ անտառը մնացել է հեռու ներքևում. այն ասես հսկայական խիտ ստվեր լիներ, խտացած մթություն: Արևմուտքում դեռևս մի քանի աղոտ աստղեր էին առկայծում, բայց արևելքից, կուլ տալով իր ճանապարհին ամեն ինչ, անթափանց խավար էր մոտենում: Մի պահ մոտեցող խավարի միջից դուրս լողաց մայր մտնող լուսինը, բայց այն պղտոր-դեղին էր ու չարագուշակ տեսք ուներ:
Վերջապես Գոլլումը շրջվեց դեպի հոբիթները:
— Շուտով լույսը կբացվի,— ասաց նա: — Հոբիթները պետք է շտապեն: Ցերեկով չի կարելի մնալ բաց տարածքում, այստեղ չի կարելի մնալ: Արա՛գ:
 
Նա արագացրեց քայլերը: Հոբիթները, վերջին ուժերը հավաքելով, քարշ եկան նրա հետևից: Շուտով զառիվայր վերելք սկսվեց. լանջը ծածկված էր խոպանուկի, հապալասի և մամխի անանցանելի թփուտներով, թեև տեղ-տեղ հանդիպում էին նաև մոխրացած բացատներ՝ վերջերս տեղի ունեցած հրդեհների հետքեր: Որքան մոտենում էին գագաթին, այնքան ավելի էին շատանում խոպանուկի թփուտները: Ծեր և բարձր այդ թփերը, ներքևամասում մերկացած ու հյուծված, վերևում խիտ ճյուղավորված էին ու ծածկված դեղին ծաղիկներով, որոնք թույլ բույր էին արձակում և ասես լուսարձակում էին մթության մեջ: Հոբիթները քայլում էին փշոտ ու մամռոտ գորգի վրայով և գրեթե առանց կռանալու անցնում թփերի միջով՝ փշերը բարձր էին աճած և չէին խանգարում: Բլրի գագաթին նրանք կանգ առան և սողոսկեցին խոպանուկի թփուտի տակ, որի ճյուղերը կռացել էին մինչև գետին: Խոպանուկի ճյուղերը միահյուսվել էին մասուրի չորացած ճյուղերի հետ՝ ձևավորելով տաղավարի պես մի բան, որի համար որպես հեծաններ ծառայում էին խոպանուկի չոր ճյուղերը, իսկ որպես տանիք՝ մատղաշ ընձյուղներն ու գարնանային առաջին տերևները: Հայտնվելով «տաղավարի» ներսում, ճամփորդները հոգնած պառկեցին գետնին՝ ուժ չունենալով մտածել նույնիսկ ուտելու մասին: Ճյուղերի արանքից երևում էր, որ գիշերը կամաց նահանջում է:
 
Բայց մեռյալ, գորշ մթնշաղը այդպես էլ օր չդարձավ: Արևելքում ցածր ամպերի տակ քարացել էր աղոտ կարմիր հրացոլքը, որը դժվար էր արշալույս անվանել: Էֆել Դուաթի խոժոռ ժայռերը նայում էին լայնարձակ, քարքարոտ հովտին: Գիշերը, չցանկանալով իր տեղը զիջել լուսաբացին, սև, անձև մշուշով պարուրել էր լեռների ստորոտները, բայց ատամնավոր գագաթները, սուր և ահարկու, հստակ ուրվագծվում էին կարմիր հրացոլքի ֆոնին: Աջ կողմում դեպի արևմուտք էր ձգվում խավարի մեջ սուզված սև ու մռայլ երկար լեռնաշղթան:
 
— Իսկ հիմա՞ ուր,— հարցրեց Ֆրոդոն: — Ա՜յ այնտեղ, այն սև բլրի հետևում, դա ինչ է, Մորգուլի հովտի մո՞ւտքն է:
 
— Իմ կարծիքով դեռ վաղ է որոշել,— ասաց Սեմը: — Հուսով եմ մինչև օրվա վերջ, եթե, իհարկե, սա օր է, էստեղից չենք շարժվի:
 
— Հնարավոր է, հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը,— բայց պառկել չի կարելի, հարկավոր է շտապել, հարկավոր է շտապ հասնել խաչմերուկին, այո-այո, խաչմերուկին: Տերը ճիշտ է, նա տեսնում է, ուր պետք է գնալ, այո, այնտեղ պետք է գնալ:
 
Մորդորի վրայի կարմիր հրացոլքը մարեց: Մթնշաղը խտացավ: Արևելքից խիտ մշուշ էր քուլա-քուլա սողում՝ պարուրելով հովիտը: Ֆրոդոն ու Սեմը հաց կերան ու պառկեցին, բայց Գոլլումը չէր ուզում հանգստանալ: Նա կրկին հրաժարվեց հոբիթների ուտելիքից. միայն մի քանի կում ջուր խմեց, քթի տակ փնթփնթալով դուրս սողաց թփուտի տակից և շուտով կորավ տեսողությունից:
 
— Երևի գնաց որս անելու, հորանջելով ասաց Սեմը:
 
— Այս անգամ առաջինը քնելու հերթը նրանն էր, և նա անմիջապես օգտվեց դրանից: Երազում նա տեսավ, իբր քայլում է Պարկուտի այգում և ինչ-որ բան փնտրում, իսկ մեջքին պարկ է կախված՝ այնքան ծանր, որ ծանրությունից կորացել է ու չի կարողանում ուղղվել: Այգին չգիտես ինչու ամբողջովին լցվել է մոլախոտերով, իսկ ներքևի ցանկապատի մոտի ծաղկաթմբերը ծածկվել են փշերով ու պտերով: «Ահագին գործ կա անելու, իսկ ես հակառակի պես էնպես եմ հոգնել... — ասաց նա քթի տակ և հանկարծ հիշեց, թե ինչ էր փնտրում: — Ծխամո՜րճ,— բարձրաձայն բացականչեց նա և արթնացավ:»
 
— Այ քեզ հիմար,— նախատեց նա ինքն իրեն՝ բացելով աչքերը և զարմանալով, թե այդ ինչու է պառկած ցանկապատի տակ: Հետո հասկացավ, որ ծխամորճը փնտրել պետք չէ՝ այն պարկի մեջ է, բայց նախ՝ ծխելու խոտ չկա, և հետո՝ ինքը հարյուրավոր մղոններ հեռու է Պարկուտից: Նա նստեց: Այդ ինչու՞ տերն իրեն չի արթնացրել: Ոնց որ թե երեկո՞ է արդեն:
 
— Էդ դուք էդպես էլ չե՞ք քնել, տեր իմ,— հարցրեց նա վախեցած: — Ժամը քանի՞սն է: Ոնց որ թե արդեն ուշ է:
 
— Ոչ, ուշ չէ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ուղղակի այսօր չգիտես ինչու չի լուսանում, այլ հակառակը, հա մթնում ու մթնում է: Իմ կարծիքով դեռ կեսօր էլ չկա: Դու ընդամենը երեք ժամ ես քնել:
 
— Հետաքրքիր է, էդ ինչու է էդպես,— զարմացավ Սեմը: — Կարող է պատահել փոթորի՞կ է մոտենում: Էդ դեպքում մեր գործը վատից էլ վատ է: Լավ կլիներ մի ավելի խորը որջ գտնեինք, թե չէ ոնց որ ցանկապատի տակ պառկած լինենք: — Նա ականջ դրեց: — Այդ ինչ է, ամպրո՞պ, թմբուկնե՞ր, թե՞ էլ ինչ կարող է լինել:
 
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Վաղուցվանից է որոտում: Երբեմն այնպես է թնդում, որ գետինը դղրդում է: Երբեմն էլ թվում է, թե ուղղակի օդն է զրնգում ականջներումս...
 
Սեմը շուրջը նայեց:
 
— Իսկ Գո՞լլումն ուր է,— հարցրեց նա,— մի՞թե դեռ չի երևացել:
 
— Չէ, չի երևացել,— պատասխանեց Ֆրոդոն: — Ոչ տեսել եմ, ոչ լսել:
 
— Դե լավ, մեծ կորուստ չէ,— ասաց Սեմը: — Էդպիսի ավելորդ բեռ, որից կուզենայի ժամ առաջ ազատվել, դեռ երբեք չէի վերցրել հետս: Էդ նրան իսկի նման չէ՝ հարյուր մղոն հետներս քարշ գա, իսկ հետո վերցնի ու կորչի, և էն ժամանակ, երբ իրոք պետք է: Չնայած պետք է թե ոչ՝ դա դեռ հարց է:
 
— Դու էլի մոռացար ճահիճները,— հանդիմանեց Ֆրոդոն: — Հուսով եմ, նրա հետ ոչինչ չի պատահել:
 
— Իսկ ես հուսով եմ, որ նա ինչ-որ գարշելի բան չի ծրագրում,— փնթփնթաց Սեմը: — Կամ գոնե չի ընկել ուրիշի ձեռքը: Թե չէ վիճակներս լավ չի լինի:
 
Այդ պահին կրկին տարածվեց տարօրինակ որոտը, բայց ավելի մոտիկ և ավելի բարձր: Հողը ոտքերի տակ դղրդաց:
 
— Մեր վիճակն արդեն լավ չէ,— նկատեց Ֆրոդոն: — Վախենում եմ, մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին:
 
— Գուցե և էդպես է,— համաձայնեց Սեմը,— բայց ինչպես ասում էր իմ ծերուկը. «Քանի դեռ ողջ ես, հույսդ մի կորցրու»: Եվ հետո էլ սովորաբար ավելացնում էր. «Իսկ եթե դեռ ողջ ես, ուրեմն ուտել էլ կուզենաս»: Հաց կերեք, տեր իմ, ու քնեք:
 
Մութ է, թե լույս՝ կեսօրը՝ կեսօր է, ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:
 
— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի:
Վստահելի
1342
edits