Changes
/* Գլուխ չորորդ. Սև Անդունդ */
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գանդալֆը,— որ այդ դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն միայն ընտրյալները հատուկ հանգամանքներում կարող են բացել փակը, քանի որ դրանք փականքով են կողպվում: Սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Դրանք սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի հնչյունների տակ. դարպասը մեխանիկական փակ չի ունեցել: Ես այդ մակագրությունը ճի՞շտ եմ հասկացել, Ջիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվի տոհմը վաղուց հանգել է:
— Մի՞թե դու էլ չգիտես գաղտնաբառը,— ապշահար Գանդալֆին հարցրեց Բորոմիրը:
— Ոչ, չգիտեմ,— պատասխանեց Գանդալֆը:
Պահապանները վախեցած նայեցին հրաշագործին՝ Միայն Արագորնը հանգիստ մնաց, քանի որ նա շատ էր ճանապարհորդել Գանդալֆի հետ և հավատում էր, որ նա կբացի դարպասը:
— Այդ դեպքում մենք ինչու՞ եկանք այստեղ,— տագնապալի ու զայրացած գոռաց Բորոմիրը: — Ասում էիր, որ իջել ես Մորիա, որ անցել ես այստեղով... Եվ չգիտե՞ս որտեղ է մուտքը:
— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գանդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես. մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ. որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: — Վերջինս չպատասխանեց և Գանդալֆը մեղմացավ: — Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից,— հանդարտ բացատրեց նա: — Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի ինչպես սովորական դուռ: Իսկ ով դրա առջև կանգնած է այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ինչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց Փինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Դու՝ գլուխդ դարպասով տուր,— պատասխանեց Գանդալֆը,— մեկ էլ տեսար կոտրեցիր: Իսկ ես կհանգստանամ անմտածված հարցերից և կաշխատեմ հիշել խոսք-բանալին: Կար ժամանակ,— մրթմրթաց հրաշագործը,— երբ դրանք իրենք էին իմ միտը գալիս: Դե հիմա էլ կարծես թե չեմ մոռացել: Արևմտյան Դարպասը ստեղծել են բարեկամների համար, ուրեմն գաղտնաբառը պետք է որ շատ պարզ լինի: Իսկ ո՞ր լեզվով: Ավելի հավանական է՝ էլֆերենով...
Գանդալֆը նորից մոտեցավ պատին և գավազանով հպվեց Ֆեանորի աստղին.
<poem>
''Աննոն էդելեն էդրո դո ամմին,
Ֆէննաս նոգոտրիմ աստո լամմին...''
</poem>
Նա խոսում էր ցածր, բայց զրնգուն: Արծաթավուն նկարը մի քիչ խունացավ, բայց պատը մնաց անփոփոխ:
Հրաշագործն այդ նույն խոսքերը կրկնեց ուրիշ բառակապակցություններում, բայց ոչնչի չհասավ: Մի քանի գաղտնաբառ փորձեց, խոսում էր մեկ ցածր ու դանդաղ, երգեցիկ, մերթ բարձր ու հրամայական, կարգադրության տոնով, արտասանում էր առանձին էլֆերեն բառեր և երկար, տարօրինակ հնչողությամբ արտահայտություններ: Միևնույնն է, ուղղաբերձ ժայռերն անդրդվելի էին մնում, և միայն մութն էր նսեմացնում դրանց ուրվագծերը: Լճից խոնավ քամի էր փչում: Երկնքում նորանոր աստղեր էին փայլում, իսկ դարպասը առաջվա պես փակ էր:
Գանդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.
— Էդրո՛...
Հետո նա կրկնեց այդ բառը՝ Բացվիր, առանց բացառության արևմտյան բոլոր լեզուներով, սակայն նորից ոչնչի չհասավ, զայրացած մի կողմ նետեց իր կախարդական գավազանն ու լուռ նստեց ժայռաբեկորի վրա:
Հենց այդ պահին էլ գիշերային սև լռության մեջ լսվեց գայլդարձյակների հեռավոր ոռնոցը: Տագնապալի խռխռացրեց վախեցած Բիլը, բայց Սամը մոտեցավ նրան, ինչ-որ բան շշնջաց, քորեց ականջի հետևը, և պոնին հանդարտվեց:
— Տե՜ս, հանկարծ վախից չփախչի, պինդ պահիր դրան,— ասաց Բորոմիրը: — Երևում է, նա դեռ պետք է գալու... Եթե մեզ գայլդարձյակներն այստեղ չգտնեն: Անիծյալ ջրափոս... — Բորոմիրը կռացավ, մի քար վերցրեց և նետեղ լիճը:
Ջուրը կուլ տվեց նետված քարը խուլ չփչփացնող ճողփյունով, իսկ լիճը ի պատասխան պղպջակներ բաց թողեց, բլթբլթաց և այնտեղ, որտեղ քարը սուզվեց, շրջանաձև ալեկոծվեց:
— Ի՞նչ ես անում, Բորոմիր,— իրար անցավ Ֆրոդոն: — Այստեղ առանց այդ էլ սարսափելի է: — Հոբիթը կծկվեց: — Սա սոսկալի լճակ է... Սա գայլդարձյակներից ահավոր է, Մորիայից զարզանդելի, իսկ դու վրդովվում ես...
— Այստեղից փախչել է պետք,— փնթփնթաց Մերին:
— Գանդալֆը ե՞րբ է բացելու դարպասը,— դողացող ձայնով հարցրեց Փինը:
Իսկ Գանդալֆը, թվում էր, իր ուղեկիցներին չէր նկատում: Նա նստած էր, արմունկները ծնկներին հենած ու գլուխը ձեռքերի ափերի մեջ առած՝ ոչ այն է մտքերի մեջ, ոչ այն է հուսահատության գիրկն ընկած: Նորից լսվեց գայլդարձյակների ոռնոցը: Լճակի երեսին տարածվող շրջանաձև ալեծածանքն ասես լիզում էր քարե ափը: Հանկարծ հրաշագործը ծիծաղելով վեր թռավ՝ վախեցնելով առանց այդ էլ սարսափահար ուղեկիցներին:
— Դե, իհարկե՜,— ուրախ բացականչեց նա: — Եվ ինչպես ես, հիմարս, իսկույն գլխի չընկա... Ի դեպ, բոլոր լուծված հանելուկներն էլ հետո զարմանալի հեշտ են թվում:
Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.
— Մելլո՜ն...
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին երկու գիրթ սանդուղք՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Այնտեղ բանալի բառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Համընդհանուր ընկերասիրության օրերն անցան... Սակայն դարպասը բաց է, գնացինք: