Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 39 626 բայտ, 14:57, 3 Հուլիսի 2015
/* X */
Եվ քաղաքում ամեն ոք գիտե, որ խաչի վրա պահվում է ուղղված սրբապիղծի կուզը։
 
 
===XI===
 
 
Լռակյացը Լիեժի շրջակայքում Մաաս գետն անցնելուց առաջ զանազան ռազմաերթեր էր կատարում իրար հակառակ ուղղությամբ՝ դքսի ուշադրությունը շեղելու և նրան խաբելու համար։
 
Ուլենշպիգելը գուգազի իր պարտականություններով զբաղվելով՝ ճարպկորեն բանեցնում էր իր հրահարը և աչքն ու ականջը լայն բացած հսկում էր։
 
Այդ օրերին ճամբար եկան ֆլամանդացի ու բրաբանտցի սեպուհներ, որոնք հաշտ ապրում էին Լռակյացի շքախմբի իշխանների, գնդապետների ու կապիտանների հետ։
 
Շատ չանցած ճամբարում կազմվեց երկու խմբակցություն, որոնք անվերջ վիճում էին իրար հետ։ Ոմանք ասում էին՝ «Իշխանը դավաճան է», մյուսները պատասխանում էին, թե մեղադրողները ստում են ամբողջ կոկորդով, ուստի և հարկավոր է կլլել տալ նրանց իրենց այդ սուտը։ Անվստահությունը մեծանում էր ձեթի բծի նման։ Բանը հասավ այնտեղ, որ վեց, ութ, տասներկու հոգիանոց խմբերով կռվում էին իրար հետ, մինչև իսկ պատերազմական ամեն տեսակի զենքերով, ներառյալ և հրահարը։
 
Մի անգամ աղմուկի լուրն առնելով վրա հասավ իշխանը՝ անցնելով երկու խմբակցությունների միջով։ Մի գնդակ նրա կողից թռցրեց իր սուրը։ Նա դադարեցրեց կռիվը և շրջագայեց ամբողջ ռազմական ճամբարով՝ իրեն ցույց տալու համար, որպեսզի չասեն․ «Մեռավ Լռակյացը, մեռավ և պատերազմը»։
 
Մյուս օրը, կես գիշերվա մոտ, մշուշոտ եղանակին, Ուլենշպիգելը երբ պատրաստվում էր դուրս գալ մի տնից, ուր գնացել էր ֆլամանդական սիրային երգեր երգելու մի վալոն աղջկա, տան կողքի հյուղակի դռնից լսեց ագռավի կռռոց, որը կրկնվեց երեք անգամ։ Հեռվից ուրիշ կռռոցներ պատասխանեցին դրան՝ երեք առ երեք։ Մի գեղջուկ երևաց հյուղակի շեմքին։ Ուլենշպիգելը ոտնաձայան լսեց ճանապարհից։
 
Իսպաներեն խոսող երկու մարդ մոտեցան գեղջուկին, որը նույն լեզվով հարցրեց նրանց․
 
― Ի՞նչ եք արել։
 
― Մի լավ գործ, ― ասացին նրանք, ― ստեցինք թագավորի համար։ Մեր շնորհիվ կապիտաններն ու գուգազները կասկածելով խոսում են իրար մեջ, «Ստոր փառասիրությունից մղված՝ իշխանը դիմադրում է արքային։ Նա հույս ունի այդպիսսով, որ կվախենան իրենից, որով ինքը, ի վարձատրություն հաշտության, կստանա քաղաքներ ու սինյորություններ։ Հինգ հարյուր հազար ֆլորինի համար նա պատրաստ է լքել հայրենյաց համար մարտնչող քաջարի սինյորներին։ Դուքսը նրան առաջարկել է կատարյալ ներումն՝ խոստանալով ու երդվելով, որ թույլ կտա իր, ինչպես և բանակի մյուս բոլոր բարձրաստիճան զորապետների կալվածները և ինչքը վերադարձնել՝ եթե նրանք հնազանդություն հայտնեն արքային։ Օրանժի իշխանը միայնակ է բանակցելու դքսի հետ»։ Իսկ Լռակյացի հավատարիմները պատասխանում են․ «Դքսի առաջարկը մի նենգ ծուղակ է․ Օրանժի իշխանը երբեք չի ընկնի այդ ծուղակի մեջ՝ հիշելով տյարք Էգմոնդին ու Հոորնին։ Նրանք այդ լավ գիտեն, քանի որ կարդինալ Գրանվելան Հռոմում լինելիս ասել է կոմսերին ձերբակալելու առթիվ․ «Երկու խարակաձկներին բռնել են, բայց գայլաձուկը մնացել է․ ուրեմն ոչինչ չի բռնված», քանի դեռ Լռակյացը մնում է»։
 
― Պառակտումը մե՞ծ է ճամբարում, ― հարցրեց գեղջուկը։
 
― Մեծ է պառակտումը, ― պատասխանեցին նրանք, ― օրավոր մեծանում է։ ― Ո՞ւր են նամակները։
 
Նրանք մտան հյուղակը, ուր մի լապտեր վառվեց։ Ուլենշպիգելը մի փոքրիկ երդիկից նայելով՝ տեսավ, որ նրանք բացին երկու ծրար, ուրախացան կարդացածից, մեղրաջուր խմեցին և վերջապես դուրս եկան՝ գեղջուկին իսպաներեն ասելով․
 
― Ճամբարը պառակտված, Օրանժը բռնված։ Հիանալի է։
 
«Սրանք չպետք է ողջ մնան», ― մտքում ասաց Ուլենշպիգելը։
 
Թանձր մառախուղին դուրս եկան նրանք։ Ուլենշպիգելը տեսավ, թե ինչպես գեղջուկը բերեց մի լապտեր, որը նրանք վերցրին։
 
Նկատելով, որ լապտերը հաճախ խափանվում էր մի սև ստվերով՝ Ուելնշպիգելը ենթադրեց, որ նրանք քայլում են իրար հետևից։
 
Նա լցրեց իր հրահարը և կրակեց սև ստվերի վրա։ Այնժամ նա տեսավ, որ լապտերը մի քանի անգամ իջավ ու բարձրացավ, և ենթադրեց, թե երկուսից մեկը ընկել է, և մյուսը ուզում է տեսնել, թե վերքն ինչպիսին է։ Նա դարձյալ լցրեց հրահարը։ Ապա տեսնլելով, որ լապտերը օրորվելով միայնակ ու արագ գնում է ճամբարի ուղղությամբ՝ նա նորից կրակեց։ Լապտերը երերաց, հետո ընկավ, հանգավ և խավարը պատեց ամեն ինչ։
 
Այնժամ վազելով դեպի ճամբարը՝ նա տեսավ ավագ սպային, որ հրահարի կրակոցներից արթնացած գուգազների բազմության հետ դուրս էր եկել։ Ուլենշպիգելը մոտենալով նրանց ասաց․
 
― Ես որսորդ եմ, գնացեք բերեք որսը։
 
― Զվա՛րթ ֆլամանդացի, ― ասաց ավագ սպան, ― այլ կերպ ես խոսում, քան լեզուդ։
 
― Լեզվի բառերը թեթև են, ինչպես քամին, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― իսկ կապարի բառերը մնում են դավաճանների մարմնի մեջ։ Հիմա հետևեք ինձ։
 
Եվ նրանց՝ լապտերները ձեռներին՝ տարավ այն տեղը, ուր ընկել էին երկու սպանվածները։ Նրանք տեսան գետին փռված երկու հոգի՝ մեկը մահացած, մյուսը խորդալիս և ձեռքը կրծքի վրա, ուր գտնվում էր կյանքի վերջին ճիգով ճմռթած մի նամակ։
 
Նրանք տարան այդ մարմինները, որոնց զգեստները ճանաչեցին սեպուհների դասին պատկանելը, և այդպես, իրենց լապտերներով եկան իշխանի մոտ՝ խանգարելով նրա խորհրդակցությունը Հեսսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ Հոլենհաուզենի և այլ սինյորների հետ։
 
Լանդսկնեխտների, ռեյտարների՝ կանաչ ու դեղին համազգեստ հագած այդ զորականների ուղեկցությամբ նրանք եկան Լռակյացի վրանի առաջ և աղմուկ֊աղաղակով սկսեցին պահանջել, որ իրենց ընդունի։
 
Նա դուրս եկավ վրանից։ Այնժամ Ուլենշպիգելը կտրելով ավագ սպայի խոսքը, որ հազում էր և պատրաստվում ամբաստանել իրեն, ասաց․
 
― Տե՛ր իմ, առգավների փոխարեն ես սպանել եմ ձեր շքախմբին պատկանող երկու դավաճան ազնվականի։
 
Եվ նա պատմեց այն, ինչ տեսել էր, լսել ու արել։
 
Լռակյացը ոչ մի բառ չասաց։ Երկու դիակներն էլ խուզարկվեցին իր՝ Օրանժի իշխան Վիլհելմ Լռակյացի, Հեսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ Հոոգստրաատեի, Մալինի (Միխելնի) կառավարիչ Անտուան դը Լալենի, գուգազների և իր տռզած փորով դողդողացնող Լամմե Գուդզակի ներկայությամբ։ Սպանված ազնվականների մոտ գտնվեցին Գրանվելայի ու Նուարկարմի կնիքները կրող նամակներ, որոնց մեջ սրանք հաղորդում էին պառակտում սերմանել իշխանի շքախմբի մեջ՝ նվազեցնելու համար նրա ուժերը, ստիպել նրան զիջելու և հանձնել նրան դքսի ձեռքը, որպեսզի նա գլխատվի ըստ արժանվույն։ «Պետք է, ― ասված էր նամակներում, ― խորամտորեն ձեռնամուխ լինել դրան և սքողյալ բառերով, որպեսզի բանակում եղողները հավատան, որ Լռակյացը լոկ իր շահի համար արդեն մասնավոր համաձայնության է եկել դքսի հետ։ Նրա զորապետներն ու գուգազները զայրանալով՝ կգերեն նրան։ Ի վարձատրություն կուղարկվի ամեն մեկին հինգ հարյուր դուկատի մի մուրհակ՝ վճարելի Անտվերպենում Ֆյուգգերների կողմից։ Նրանք հազարական դուկատ ևս կստանան՝ հենց որ Իսպանիայից Զելանդիա հասնի սպասվող չորս հարյուր հազար դուկատը»։
 
Երբ այս դավադրությունը բացվեց՝ իշխանն անխոս դարձավ դեպի ազնվականները, սինյորներն ու գուգազները, որոնց մեջ իրեն կասկածողները բավական մեծաթիվ էին, ապա նույնպես անխոս ցույց տվեց երկու դիակները՝ ցանկանալով այդ ձևով կշտամբել նրանց իրենց անվստահության համար։ Ամենքն էլ բարձրագոչ աղաղակեցին․
 
― Երկա՜ր կյանք Օրանժի իշխանին։ Օրանժը հավատարիմ է հայրենիքին։
 
Եվ ի նշան արհամարհանքի ուզում էին դիակները գցել շներին, բայց Լռակյացն ասաց․
 
― Մարմինները չէ, որ պետք է գցել շներին, այլ մտքի թուլությունը, որ կասկածի տակ է առնում մաքուր դիտավորությունները։
 
Եվ սեպուհներն ու գուգազները գոչեցին․
 
― Կեցցե՜ իշխանը։ Կեցցե՜ Օրանժը՝ երկրի բարեկամը։
 
Եվ նրանց ձայները նման էին անարդարությանն սպառնացող որոտի։
 
Իշխանը մատնացույց անելով մարմիններին՝ ասաց․
 
― Քրիստոնեաբար թաղեցեք դրանց։
 
― Իսկ ես, ― հարցրեց Ուլենշպիգելը, ― ի՞նչ պետք է անեմ իմ հավատարիմ մարմնին։ Եթե վատ եմ արել՝ թո՛ղ հարվածներ պարգևեն ինձ, իսկ եթե լավ եմ արել՝ թո՛ղ վարձատրություն շնորհեն ինձ։
 
Այնժամ Լռակյացը խոսեց ու ասաց․
 
― Այս հրաձիգը իմ ներկայությամբ կստանա կանաչ փայտի հիսուն հարված՝ առանց հրամանի երկու ազնվական սպանելու համար, ի մեծ անտեսում ամենայն կարգապահության։ Նա կստանա նաև երեսուն ֆլորին՝ լավ տեսնելու ու լսելու համար։
 
― Տե՛ր իմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― եթե նախ երեսուն ֆլորինը տային՝ ես համբերությամբ կտանեի կանաչ փայտի հարվածները։
 
― Այո, ― հառաչեց դարձյալ Լամմե Գուդզակը, ― Ուլենշպիգելը ոչ լվացվելու կարիք ունի, ոչ էլ պարզաջրվելու։ Նրա հոգին մաքուր է։ Մի՛ լվանաք նրան, տյա՛րք իմ, մի՛ լվանաք նրան։
 
Երբ Ուլենշպիգելը ստացավ երեսուն ֆլորինը՝ ավագ սպան stockmeester-ին՝ խարազանապատժի պետին հրամայեց գործի անցնել։
 
― Տեսեք, տյա՛րք իմ, ― ասաց Լամմեն, ― որքա՜ն խղճալի է նրա տեսքը։ Նա՝ իմ բարեկամ Ուլենշպիգելը ամենևին փայտ չի սիրում։
 
― Սիրում եմ, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ― գեղեցիկ տերևախիտ հացենին, որ աճում է արևի տակ իր բնական կանաչությամբ․ բայց մահու չափ ատում եմ փայտի տգեղ ձողերը՝ ճյուղազուրկ, անտերև ու անոստ, որոնցից դեռ հոսում է հյութը զարհուրիկ տեսքով ու դաժան այցելության նշանով։
 
― Պատրա՞ստ ես, ― հարցրեց ավագ սպան։
 
― Պատրա՞ստ, ― կրկնեց Ուլենշպիգելը, ― ինչի՞ պատրաստ․ ծեծվելո՞ւ։ Ոչ, պարոն stockmeestr, ոչ պատրաստ չեմ, ոչ էլ ուզում եմ պատրաստվել։ Ձեր մորուքը շեկ է, իսկ ձեր տեսքը՝ ահազդեցիկ․ բայց ես վստահ եմ ձեզ վրա․ ձեր սիրտը մեղմ է և դուք բնավ չեք սիրում ջարդել ինձ նման մի խեղճ մարդու մեջքը։ Ձեզ պետք է ասեմ նաև, որ ինքս չեմ սիրում ոչ այդպիսի բան անել, ոչ էլ տեսնել, որովհետև քրիստոնյայի կռնակը սուրբ տաճար է, որ կրծքի պես ներփակում է թոքերը, որոնցով մենք շնչում ենք աստծու օդը։ Դուք հետո սաստիկ խղճի խայթ կզգաք, եթե գավազանի մի բիրտ հարված պատառ֊պատառ անի թոքերը։
 
― Դե, շտապիր, ― ասաց stockmeester-ը։
 
― Տե՛ր իմ, ― ասաց Ուլենշպիգելը՝ դիմելով իշխանին, ― շտապելու ոչինչ չկա․ ամենից առաջ պետք է չորացնել այդ ճիպոտը, որովհետև ասում են, որ կանաչ փայտը մտնում է կենդանի մսի մեջ և մահու թույն է սրսկում այնտեղ։ Ձերդ բարձրությունը կուզենա՞ր ինձ մեռած տեսնել այդ տգեղ մահով։ Տե՛ր իմ, ես իմ հավատարիմ կռնակը տրամադրել եմ Ձերդ բարձրության ծառայությանը․ ձաղկել տվեք գավազաններով, մտրակահարեցեք․ բայց եթե չեք ուզում ինձ մեռած տեսնել, ազատեցեք, խնդրեմ, կանաչ փայտից։
 
― Իշխա՛ն, ողորմացե՛ք նրան, ― ասացին միասին տյարք Հոոգստրաատենը և Դիտրիխ Շոնենբերգը։ Մյուսները ժպտում էին գթասիրաբար։
 
Լամմեն նույնպես ասաց․
 
― Տե՛ր իմ, տե՛ր իմ, ողորմացեք․ կանաչ փայտը զուտ թույն է։
 
Այնժամ իշխանն ասաց․
 
― Ներում եմ։
 
Ուլենշպիգելը բազում անգամ վեր ցատկելով՝ խփեց Լամմեի տռզած փորին և ստիպելով նրան պարել՝ ասաց․
 
― Փառաբանի՛ր ինձ հետ իշխանին, որ ինձ փրկեց կանաչ փայտից։
 
Եվ Լամմեն փորձում էր պարել, բայց խոշոր փորի պատճառով չէր կարողանում։
 
Եվ Ուլենշպիգելը նրան կերուխումի փող տվեց։
 
 
===XII===
 
 
Չուզենալով ճակատամարտ տալ՝ դուքսը անընդհատ անհանգստացնում էր Լռակյացին, որը թափառում էր Ցուլիխի և Մաասի միջև փռված հարթավայրում՝ ամենուրեք գետը խորաչափել տալով Հոնդում, Մեխլենում, Էլզենում, Մեերսենում և ամենուրեք գտնելով ծուղակները՝ վնասելու համար ծանծաղուտով անցնել ցանկացող իր մարդկանց ձիերին։
 
Ստոկեմում գետախույզները ծուղակ չգտան։ Իշխանը հրամայեց անցումն սկսել։ Ռեյտերներն անցան Մաասը և մարտակարգով դասավորվեցին մյուս ափին, որպեսզի պաշտպանեն անցումը Լիեժի եպիսկոպոսության կողմից․ ապա ափից ափ շարվեցին և այդպիսով գետի ընթացքը կտրեցին աղեղնաձիգներն ու հրահարավորները տասը շարքով․ դրանց մեջ էր և Ուլենշպիգելը։
 
Ջուրը հասնում էր մինչև ազդրերը, հաճախ էլ որևէ նենգ ալիք բարձրացնում էր նրան ու նրա ձիուն։
 
Հետո անցան հետևակ գուգազները՝ վառոդի տոպրակը գլխարկների վրա և հրահարները բարձր պահած։ Ապա գալիս էին սայլակները, կեռավոր հրահարներով զինված վաշտերը, մանյովրային գուգազները, հրձիգներն ու հրանոթը մաքրողները, ռմբանետները, կրկնակ֊ռմբանետները, մեծ ու փոքր թնդանոթները, օձահրետները, կիսօձահրետները, կրկնակ օձահրետները, ուրիշ բազմատեսակ թնդանոթներ՝ մեծ ու փոքր, սակռեր՝ դաշտային փոքր հրանոթներ, որոնք հաստատված էին երկձի հրետասայլի առաջամասի վրա՝ սրընթաց արշավով մանյովրել կարողանալու համար, և որ ամեն բանով նման էին այն հրանոթներին, որոնք կոչվեցին «կայսեր ատրճանակ»։ Նրանց հետևից, պաշտպանելով հետամասը, գալիս էին լանդկսնեխտներն ու Ֆլանդրիայի ռեյտարները։
 
Ուլենշպիգելը որևէ տաքացնոզ խմիչք էր որոնում։ Աղեղնավոր Ռիզենկրաֆտը՝ Վերին Գերմանիայից, նիհար, դաժան ու վիթխարի մի ռազմիկ, գինօղու հոտ էր արձակում։ Ուելնշպիգելը նիրհած ֆսֆսացնում էր նրա կողքին իր նժույգի վրա և արտաշնչելիս նրա ձիու գավակի վրա որոնեց շիշը, գտավ, բայց տեսնելով, որ թոկով կապված է թրակապին, կտրեց ու սկսեց զցարթագին ումպ֊ումպ խմել։ Նրա աղեղնավոր ընկերներն ասացին․
 
― Մեզ էլ տուր։
 
Այդպես էլ արեց։ Երբ այլևս գինօղի չմնաց՝ նա թոկով շիշը նորից կապեց և ուզեց դնել գուգազի կրծքի վրա։ Բայց երբ նա թևը բարձրացրեց շիշը անցկացնելու համար՝ Ռիզնեկրաֆտը զարթնեց, վերցրեց շիշը և ուզեց կթե իր սովորական կովը։ Եվ տեսնելով, որ կաթից կտրվել է՝ սաստիկ բարկացավ․
 
― Ավազա՛կ, ― ասաց նա, ― ի՞նչ ես արել իմ գինօղին։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Խմել եմ։ Թրջված հեծյալների համար մեկի գինօղին ամենքի գինօղին է։ Իսկ ժլատը վատ մարդ է։
 
― Վաղը մրցադաշտում միսդ կբրդեմ, ― ասաց Ռիզենշպիգելը։
 
― Կբրդենք միմյանց, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― գլուխ, ձեռք, ոտք և ամեն ինչ։ Բայց չլինի՞ պնդություն ունես, քանի որ այդքան թթու է ռեխդ։
 
― Ունեմ, ― պատասխանեց Ռիզենկրաֆտը։
 
― Ուրեմն պետք է լուծողական կուլ տաս և ոչ թե մենամարտես։
 
Նրանք համաձայնեցին, որ հաջորդ օրը կհանդիպեն իրար՝ ամեն մեկն ըստ իր երևակայության հագնված ու հեծած, որոշած լինելով բրդել իրար մի կարճատև, բայց բուռն սրամարտում։
 
Ուլենշպիգելը խնդրեց, որ ինքը սուրը փոխարինի մահակով, և համաձայնություն ստացավ։
 
Մինչ այս, մինչ այդ բոլոր գուգազները, այդ թվում և աղեղնավորները, անցել էին գետը և գնդապետների ու կապիտանների ձայնի վրա կարգ ու կանոնով դասավորվել էին գետի մյուս ափին։
 
Լռակյացն ասաց․
 
― Խոյանա՛նք Լիեժի վրա։
 
Ուլենշպիգելը խիստ ուրախացավ դրանից և բոլոր ֆլամանդացիների հետ գոչեց․
 
― Երկա՜ր կյանք Օրանժին․ խոյանա՛նք Լիեժի վրա։
 
Բայց օտարերկրացիները, մանավանդ վերին գերմանացիները, ասացին, թե շատ են թրջվել ու ցողվել, որ կարողանան քայլել։ Իզուր իշխանը վստահեցրեց նրանց, թե կունենան ապահով մի հաղթանակ բարեկամ քաղաքում․ բայց նրանք ոչինչ չուզեցին լսել, մեծ օջախներ վառեցին և սկսեցին չորանալ ու տաքանալ ասպասարքը հանած իրենց ձիերի հետ։
 
Քաղաքի վրա գրոհելը հետաձգվեց հաջորդ օրվան և Արքան որ խիստ ապշել էր հանդուգն գետանցից, իր լրտեսների միջոցով իմացավ, որ Լռակյացի գուգազները դեռ պատրաստ չեն գրոհի։
 
Այդ պատճառով էլ նա սպառնաց Լիեժն ու նրա շրջակայքը արյան ու կրակի մեջ ողողել՝ եթե իշխանի բարեկամներն այնտեղ որևէ շարժում անեն։ Գերհարդ Գրոոսբեկեն՝ եպիսկոպոսական մարդորսը, զինեց իր գուգազներին ըննդեմ իշխանի, ոըը խիստ ուշ հասավ այդտեղ վերին գերմանացիների պատճառով, որոնք վախեցել էին իրենց վարտիկների քիչ֊քիչ թրջվելուց։
 
 
===XIII===
 
 
Ուլենշպիգելն ու Ռիզենկրաֆտը վկաներ էին վերցրել, որոնք ասացին, թե երկու գուգազները պետք է մենամարտեն հետիոտն, մինչև որ մահը վրա տա՝ եթե իհարկե հաճո է հաղթողին, որովհետև այդպես էին Ռիզենկրաֆտի պայմանները։
 
Մենամարտը տեղի էր ունենալու մի փոքրիկ մացառուտում։
 
Հենց առավոտից Ռիզենկրաֆտը հագավ իր աղեղնավորի համազգեստը, դրեց լանջապանակով սաղավարտը՝ առանց հովարի և հագավ անթև օղակաշապիկ։ Մյուս շապիկը, որ պատառ֊պատառ էր եղել, դրեց սաղավարտի մեջ, որպեսզի կարիքի դեպքում վիրակապ դարձնի։ Նա վերցրեց Արդենյան ընտիր փայտից շինված արբալետը՝ երեսուն նետի մի տրցակով, մի երկար դաշյուն, և ոչ թե զույգ ձեռքի թուր, որը աղեղնավորի սուրն է։ Եվ եկավ մարտնչելու վայրը՝ հեծած իր նժույգը՝ թամբը մարտական, փետրացցուն գլխապանով, և առհասարակ ձին լանջապանել էր մետաղով։
 
Ուլենշպիգելը զորական ազնվականի զգեստ հագավ․ նրա նժույգը մի էշ էր, որի թամբը աղջկա շրջազգեստներից էր կազմված․ փետրացցուն գլխապանակը փոխարինված էր ուռենու ճյուղով՝ վերնամասը զարդարված փռփռան գեղեցիկ տաշեղներով։ Էշի լանջապանը ճարպե<ref>Այստեղ, ինչպես և հաջորդ նկարագրության մեջ, կա հաջող բառախաղ, ֆրանսերեն barde բառը նշանակում է և՛ լանջապան (ձիու), և՛ խոզաճարպի շերտ։</ref> էր, որովհետև, ասում էր նա, երկաթը խիստ թանկ է, պողպատն արդեն անգին բան է, գալով պղնձին, ապա դրանից այնքան են թնդանոթ շինում այս վերջին օրերս, որ համարյա բան չի մնում մինչև իսկ մի ճագար զինելու համար։ Իբրև գլխանոց դրել էր սալաթի<ref>Դարձյալ բառախաղ․ ֆրանսիական հանրածանոթ salade բառը, բացի սովորական սալաթից նշանակում է, նաև սաղավարտի մի տեսակ, կլոր վերնամասով, որ գործածական էր XVI դարում։ Բնագրում ասված է՝ Ռիզենկրաֆտը դրել էր լանջապանակով սաղավարտ՝ salade a gorgerin։</ref> գեղեցիկ մի տերև, որ խխունջները դեռ չէին ծակծկել֊կերել․ սալաթի տերևի վրա կարապի մի փետուր էր ամրացրել, որպեսզի վերջին երգը երգեր, եթե մեռներ։
 
Սրի փոխարեն Ուլենշպիգելը վերցրել էր ազդու ու թթու մի բան՝ երկար, հաստ, ամուր մի մահակ՝ սոճու փայտից և ծայրին ամրացրել մի ցախավել՝ նույնպես սոճուց։ Նրա թամբի ձախ կողմից կապված էր դանակը, որ նույնպես փայտե էր․ աջ կողմից ճոճվում էր լախտը՝ թանթրվենու փայտից, ծայրին մի շաղգամ։ Նրա զրահը ամբողջովին բացատներից<ref>Այդ դարաշրջանի զրահն ուներ անպաշտպան տարածություն (defaut de la cuirasse) առջևի և հետևի շիգդերի միջև։ Բուն բառը հայերենում չունենալու պատճառով մենք թարգամնեցինք «բացատ»։</ref> էր։
 
Երբ նա այսպես հանդեձված ու զինված եկավ մարտադաշտ՝ Ռիզենկրաֆտի վկաները սկսեցին քահ֊քահ ծիծաղել, բայց ինքը իր արդեն թթու կերպարանքով այժմ նման էր թթու դրած բանջարեղենի։
 
Այնժամ Ուլենշպիգելի վկաները հայտարարեցին Ռիզենկրաֆտի վկաներին, որ գերմանացին հանի օղազրահն ու երկաթե զինավառությունը՝ նկատի ունենալով, որ Ուլենշպիգելը սոսկ քրջերով է զինված։ Ռիզենկրաֆտը համաձայնեց։ Դրանից հետո Ռիզենկրաֆտի վկաները հարցրին Ուլենշպիգելի վկաներին, թե ինչու Ուլենշպիգելը ավելով է զինված։
 
― Ձողը դուք թույլ տվիք, բայց չարգելեցիք, որ այն զարդարեմ կանաչ տերևներով։
 
― Արա՛, ինչպես ուզում ես, ― ասացին չորս վկաները։
 
Ռիզենկրաֆտը ձայն չէր հանում և միայն սրի թեթև հարվածներով թռցնում էր մացառուտի վտիտ բույսերը։
 
Վկաներն առաջարկեցին նրան իր սուրը փոխարինել ավելով՝ ինչպես Ուլենշպիգելը։
 
Ռիզենկրաֆտը պատասխանեց․
 
― Եթե այս չնչին արարածը իր կատարյալ ցանկությամբ ընտրել է այսպիսի արտասովոր մի զենք, ապա նա հույս ունի, թե կկարողանա իր կյանքը պաշտպանել դրանով։
 
Ուլենշպիգելը դարձյալ կրկրնեց, թե ուզում է գործածել իր ավելը, չորս վկաներն էլ հայտարարեցին, թե ամեն ինչ տեղին է։
 
Ախոյաններն իրար դեմ կանգնած էին՝ Ռիզենկրաֆտը՝ երկաթե լանջապանով ձիու վրա, Ուլենշպիգելը՝ ճարպե լանջապանով էշի վրա։
 
Ուլենշպիգելն առաջացավ դաշտի մեջտեղը և իր ավելը նիզակի պես բռնելով ասաց․
 
― Ես ժանտախտից, բորոտությունից և մահից ավելի գարշահոտ եմ համարում այն զզվելի ճիճուներին, որոնք իրար լավ ընկեր եղող գուգազների ճամբարում այլ մտահոգություն չունեն, եթե ոչ ամենուրեք պտտեցնել իրենց թթու ռեխը և բարկություն թքող բերանը։ Որտեղ դրանք են կենում՝ ծիծաղը չի համարձակվում երևալ, և երգերը լռում են։ Նրանց մի բան է պետք՝ շարունակ մռմռալ կամ կռվել և, այդպիսով, հայրենիքի համար մղվող օրինական մարտի կողքին մտցնել մասնվոր մարտը, որը բանակի կործանում է և թշնամու հրճվանք։ Ռիզենկրաֆտը, որ ներկա է այստեղ, անմեղ խոսքերի համար սպանել է քսանմեկ մարդ, առանց երբևիցե ճակատամարտում կամ նախամարտում փայլուն քաջության որևէ արարք գոծած լինելու, ո՛չ էլ իր արիությամբ նվազագույն պարգևի արժանանալու։ Արդ, ինձ հաճո է այսօր հակառակ ուղղությամբ խոզանակել այս կծան շան լերկ կաշին։
 
Ռիզենկրաֆտը պատասխանեց․
 
Այս հարբեցողը լավ բաներ է երազել մասնավոր մարտի ի չար գործադրումից․ ուստի հաճո է ինձ այսօր ճմլել նրա գլուխը՝ ցույց տալու համար ամեն ոքի, որ նրա ուղեղում միայն հարդ կա։
 
Վկաները նրանց ստիպեցին իջնել ձիուց ու էշից։ Իջնելուց հետո Ուլենշպիգելը ցած գցեց գլխից սալաթը, որն էշն իսկույն բերանն առավ, բայց ավանակի այդ աշխատանքը ընդհատվեց մի քացիով, որ նրան շնորհեց վկաներից մեկը՝ մարտադաշտի շրջանակից դուրս հանելու համար։
 
Այնժամ ավել բռնած վկաները, որ Ուլենշպիգելինն էին, և մյուսերը, որ սուր ունեին (դրանք Ռիզենկրաֆտինն էին), սուլելով մենամարտի ազդանաշան տվեցին։
 
Եվ Ռիզենկրաֆտն ու Ուլենշպիգելը մոլեգնորեն սկսեցին կռվել՝ Ռիզենկրաֆտը հարվածելով իր սրով, Ուլենշպիգելը հակահարվածելով իր ավելով․ Ռիզենկրաֆտը հայհոյում էր բոլոր սատանաներով, իսկ Ուլենշպիգելը փախչում նրա առջևից, խաբս տալիս մացառուտում շեղակիորեն և շրջանաձև, զիգզագներ գործում, լեզուն հանում, հազար ու մի ծամածռություններ անում Ռիզենկրաֆտին, որ շնչահեղջ էր լինում և գժված գուգազի պես խփվում էր օդին իր սրով։ Ուլենշպիգելը նրան զգաց իր կողքին, հանկարծ շրջվեց և իր ավելով մի փառավոր հարված հասցրեց քթի տակ։ Ռիզենկրաֆտը ձեռքերն ու ոտքերը տարածած փռվեց՝ շունչը փչող գորտի պես։
 
Ուլենշպիգելը հարձակվեց նրա վրա և սկսեց ավլել նրա դեմքը հետ ու առաջ՝ առանց գթալու, ասելով․
 
― Շնո՛րհ խնդրիր, թե չէ ավելս կուտեցնեմ քեզ։
 
Եվ անընդհատ շփում էր նրան՝ ի մեծ հաճույք ներկաների, կրկնելով շարունակ․
 
― Շնո՛րհ խնդրիր, թե չէ ավելս կուտեցնեմ քեզ։
 
Բայց Ռիզենկրաֆտը չէր կարող խնդրել, որովհետև մեռել էր սև կատաղությունից։
 
― Աստվա՜ծ ընկալի հոգիդ, թշվա՜ռ մոլագար, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Եվ տխրագին թողեց գնաց։
 
 
===XIV===
 
 
Հոկտեմբերի վերջերն էր։ Իշխանը փողի պակաս ուներ․ նրա բանակը քաղցած էր։ Գուգազները մրթմրթում էին։ Նա շարժվեց դեպի Ֆրանսիա և ճակատամարտ ներկայացրեց դքսին, որը, սակայն չընդունեց։
 
Մեկնելով Քենուա֊լը֊Կոնտից Կամբրեզի գնալու համար, նա պատահեց գերմանացիների տասը վաշտի, իսպանացիների ութ գումարտակի և թեթևհեծելակների երեք էսկադրոնի, որոնց հրամանատարն էր Ռուֆելե Հենրիկիսը՝ դքսի որդին, որը կռվի մեջն էր և իսպաներեն գոչում էր․
 
― Սպանի՛ր, սպանի՛ր, անխնա։ Կեցցե՜ պապը։
 
Դոն Հենրիկիսն այդ ժամանակ ճիշտ դեմուդեմն էր հրահարավորների այն վաշտի, որտեղ Ուլենշպիգելը տասնապետ էր, և իր մարդկանցով խոյանում էր նրանց վրա, երբ Ուլենշպիգելը դասակի սերժանտին ասաց․
 
― Ես հիմա այդ դահճի լեզուն կկտրեմ։
 
― Կտրի՛ր, ― ասաց սերժանտը։
 
Եվ Ուլենշպիգելը ճիշտ արձակված մի գնդակով ջարդուփշուր արավ դքսի որդու՝ դոն Ռուֆելե Հենրիկիսի լեզուն ու ծնոտը։
 
Ուլենշպիգելն իր ձիուց ցած բերեց նաև մարքիզ Դելմարեսի որդուն։
 
Ութ գումարտակներն ու երեք էսկադրոնները ջախջախվեցին։
 
Այդ հաղթանակից հետո Ուլենշպիգելը Լամմեին փնտրեց ճամբարում, բայց չգտավ։
 
― Ափսո՜ս, ― ասաց նա, ― մեկնել է բարեկամս՝ Լամմեն, ցմփոր բարեկամս։ Մարտական ավյունով տարված, փորի ծանրությունը մոռացած՝ նա, անշուշտ, հետապնդելիս կլինի փախչող իսպանացիներին։ Եվ շնչակտուր լինելով՝ պարկի պես ընկել է ճանապարհին։ Նրանք էլ բռնել են նրան փրկագին՝ քրիստոնեական ճարպի փրկագին ստանալու համար։ Ո՞ւր ես դու, իմ բարեկամ Լամմե՛, ո՞ւր ես դու, իմ ճարպակալա՛ծ բարեկամ։
 
Ամենուրեք փնտրեց նրան Ուլենշպիգելը և չգտնելով՝ խիստ տխրեց։
 
 
===XV===
 
 
Ձնախառն մրրիկների ամսին՝ նոյեմբերին, Լռակյացը իր մոտ կանչել տվեց Ուլենշպիգելին։ Իշխանը կրծոտում էր իր օղաշապկի կապը։
 
― Լսի՛ր և ըմբռնի՛ր, ― ասաց նա։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Ականջներս բանտի դռներ են․ հեշտ է այդտեղ մտնելը, բայց դուրս գալը գլխացավանք է։
 
Լռակյացն ասաց․
 
― Գնա Նամլուռ, այցելիր Ֆլանդրիա, Հենաու, Հարավային Բրաբանտ, Անտվերպեն, Հյուսիսային Բրաբանտ, Գելդեր, Օվերսել, Հյուսիային Հոլանդիա՝ ամենուրեք ազդարարելով, որ եթե բախտը դավաճանի մեր սուրբ քրիստոնեական գործին՝ ապա պայքարը կշարունակվի ծովի վրա ամեն մի անիրավ ոտնձգության դեմ։ Աստված ամենայն ողորմածությամբ ղեկավարում է այս գործը թե՛ բախտավորության, թե՛ դժբախտության պահին։ Ամստերդամ հասնելիս բոլոր ասածներիդ և արարքներիդ մասին հաշիվ կտաս Պաուլ Բուիսին՝ իմ հավատարմին։ Ահա երեք անցաթուղթ, որ ստորագրել է անձամբ Ալբան և որ գտնվել են Քենուա լը֊Կոնտում՝ դիակների վրա։ Իմ քարտուղարը լրացրել է սրանք։ Ճանապարհին թերևս գտնես մի լավ ընկեր, որին կարողանաս վստահել։ Այն մարդիկն են վստահելի, որոնք արտույտի դայլայլին պատասխանում են աղաքաղի մարտական շեփորով։ Ահա հիսուն ֆլորին։ Եղի՛ր քաջ ու հավատարիմ։
 
― Աճյունը բախում է սրտիս, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
Եվ ճանապարհ ընկավ։
Ադմին, Վստահելի
1876
edits