Changes
/* Գլուխ 10 */
== Գլուխ 10 ==
Ատտիկուսը ուժեղ չէր, ախր արդեն մոտենում էր նրա հիսուն տարին։ Երբ ես և Ջիմը նրան հարցնում էինք, թե նա ինչու է այդպես ծեր, նա ասում էր՝ ուշ եմ սկսել, և մենք հասկանում էինք, որ հենց այդ պատճառով էլ նա չէր կարող չափվել ուրիշ տղամարդկանց հետ։ Նա բավականին մեծ էր մեր համադասարանցիների հայրերից, և երբ մյուս երեխաները սկսում կին պարծենալ, ա՛յ իմ հայրը... իսկ իմ հայրը... մենք կամա֊ակամա լռում էինք։
Ջիմի խելքը գնում էր ֆուտբոլի համար։ Ատտիկուսը իսկական ֆուտբոլի մասին իսկի չէր էլ մտածում, և եթե Ջիմը փորձում էր նրան տանել խաղերին, նա անվերջ պատասխանում էր․
― Դրա համար ես բավականին ծեր եմ։
Ոչ մի կարգին բանով մեր հայրը չէր զբաղվում։ Աշխատում էր իր առանձնասենյակում և ոչ թե դեղատնում, գոնե բեռնատար մեքենա քշեր, որը քաղաքից դուրս էր տանում աղբը ու թափում մեր գավառի աղբանոցը, կամ լիներ շերիֆ, կամ ֆերմայում տնօրինություն աներ, կամ աշխատեր գարաժում, մի խոսքով, այնպիսի բան, որով կարողանայիր հպարտանալ։
Ի լրումն այդ բոլորի, նա ակնոց էր դնում։ Ձախ աչքով գրեթե ոչինչ չէր տեսնում։ Նա ասում էր՝ ձախ աչքը Ֆինչերի ժառանգական անեծքն է։ Եթե հարկ էր լինում որևէ բան լավ տեսնելու, նա գլուխը թեքում էր մի կողմ և նայում միայն աջ աչքով։
Նա ոչ մի այնպիսի բան չէր անում, ինչ անում էին բոլոր երեխաների հայրերը երբեք որսի չէր գնում, պոկեր չէր խաղում, ձուկ չէր որսում, չէր խմում, չէր ծխում։ Նա նստում էր հյուրասենյակում և կարդում էր։
Այդպիսի հատկանիշների դեպքում մենք կցանկանայինք, որ նրան ոչ ոք չնկատեր․ ոնց չէ՜, այդ տարի ամբողջ խոսակցության նյութը Ատտիկուսն էր, Ատտիկուսը, որը պաշտպանելու էր Թոմ Ռոբինսոնին, և այդ ասեկոսեները ամենաանհաճելիներից էին։ Երբ ես կռվեցի Սեսիլ Ջեյկոբսի հետ և հետո հեռացա որպես մի հետին վախլուկ, տղաները սկսեցին ասել, թե Մեծաչքանի Ֆինչը այլևս չի կռվի, նրա հայրիկը թույլ չի տալիս։ Նրանք մի փոքր սխալվում էին․ ես այլևս հնարավորություն չունեի դրսում կռվելու, բայց յուրայինների մոտ, ընտանեկան շրջապատում բանն ուրիշ էր։ Ամեն տեսակի ազգականների, նրանց տղաներին ու աղջիկներին, նրանց թոռներին պատրաստ էի ամենայն բավականությամբ դնգստել։ Ֆրենսիս Խենկոկը, օրինակ, դա փորձեց իր մաշկի վրա։
Ատտիկուսը մեզ նվիրել էր փողավոր հրացաններ, բայց կրակել սովորեցնել չցանկացավ։ Այդ պատճառով կրակելու առաջին դասերը մեզ Ջեկ հորեղբայրը տվեց․ նա ասաց՝ Ատտիկուսը զենքերով չի հետաքրքրվում․ Ատտիկուսը Ջիմին ասաց․
― Ես կնախընտրեի, որպեսզի դու կրակեիր բանջարանոցում՝ թիթեղե բանկաներին, բայց գիտեմ, որ կսկսես խփել թռչուններին։ Եթե կկարողանաս դիպցնել ճայերին, սպանիր ինչքան կարող ես, բայց հիշիր՝ սարյակին սպանելը մեծ մեղք է։
Ես առաջին անգամն էի լսում, որ Ատտիկուսը որևէ բան մեղք համարեր, և ես միսս Մոդիին հարցրի, թե ինչու է մեղք։
― Քո հայրն իրավացի է,— ասաց միսս Մոդին։— Սարյակը ամենաանմեղ թռչունն է, նա միայն երգում է՝ ուրախացնելով բոլորիս։ Սարյակները չեն կտցահարում այգու մրգերը, խրձանոցում բույն չեն սարքում, նրանց արածը միայն այն է, որ իրենց երգերն են երգում մեզ համար։ Ահա այդ պատճառով էլ սարյակին սպանելը մե՜ծ մեղք է։
― Միսս Մոդի, մեր թաղը շատ հին թաղ է, ճի՞շտ է։
― Մեր թաղը գոյություն է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ նույնիսկ քաղաքն էլ չի եղել։
― Ոչ, ես այդ մասին չեմ հարցնում, այլ այն մասին, որ մեր փողոցում բոլորը ծեր են։ Երեխաներ ընդամենը ես ու Ջիմն ենք։ Միսիս Դյուբոզի հարյուր տարին շուտով կլրանա, միսս Ռեյչելն էլ է ծեր, դուք էլ, Ատտիկուսն էլ։
― Ես չէի ասի, որ հիսուն տարին դա, իրոք, ծերություն է,— թունոտ նկատեց միսս Մոդին։— Ինձ, ես կարծում եմ, դեռևս սայլակով ման չեն ածում։ Եվ քո հորը նույնպես։ Չնայած պետք է ասել, փառք աստծու, որ իմ այդ հնամենի դամբարանը այրվեց, թե չէ իմ ուժը այլևս չէր պատելու, որ ամեն ինչ տեղը տեղին անեի... այո, թերևս դու ճիշտ ես, Ջին Լուիզա, մեր թագը շատ պատկառելի թաղ է։ Դու համարյա ջահելներ չես տեսնում, ճի՞շտ է։
― Տեսնում եմ, մեմ, դպրոցում։
― Ես նկատի ունեմ ջահելներին, բայց արդեն չափահասներին։ Դու և Ջիմը երջանիկ եք, բան եմ ասում ձեզ։ Ձեր բախտը բերել է, որ Ատտիկուսը արդեն հասակն առել է։ Եթե նա երեսուն տարեկան լիներ, դուք միանգամայն այլ կերպ կապրեիք։
― Պարզ է, այլ կերպ, դե Ատտիկուսը ոչինչ չի կարողանում անել։
― Դու նրան չզիտե՜ս,— ասաց միսս Մոդին։— Նա դեռ լեցուն է կյանքով։
― Իսկ նա ի՞նչ կարող է անել։
― Դե, օրինակ՝ կարող է այնպես խելացի և հասկանալի կազմել որևէ մեկի կտակը, որ մոծակն էլ չկարողանա քիթը ներս խոթել։
― Մե֊ե՜ծ բան է...
― Դե լավ, իսկի քեզ հայտնի՞ է, որ նա մեր քաղաքի ամենալավ շաշկի խաղացողն է։ Օ՛հ, իսկ դուք գիտե՞ք, որ մենք երբ դեռ փոքր էինք, նա ում ասես տանում էր, թե՛ այս ափին, թե՛ այն։
― Ի՛նչ եք ասում, միսս Մոդի, ես և Ջիմը նրան ամեն օր տանում ենք։
― Որովհետև ինքն է այդպես ուզում, ժամանակն է, որ այդ հասկանաք։ Իսկ քեզ հայտնի՞ է, որ նա կարողանում է օկարինա նվագել։
Բա՜ն գտավ պարծենալու։ Դրանից ես Ատտիկուսի փոխարեն սկսեցի ավելի շատ ամաչել։
― Դե լավ․․․
― Ինչը լավ, միսս Մոդի։
― Ոչինչ։ Դու, երևում է, անկարող ես քո հորով պարծենալ։ Ամեն մարդու ձեռքից չի գա օկարինա նվագել։ Իսկ հիմա մի պտտվի հյուսների ոտքերի տակ։ Վազիր տուն, ես հիմա զբաղվելու եմ լեռնավարդերով, և ժամանակ չեմ ունենա քեզ հսկելու։ Մեկ էլ տեսար փայտը ընկավ վրադ։
Ես գնացի մեր ետնաբակը, այնտեղ Ջիմը կրակում էր պահածոյի բանկայի վրա, մի հիմար զբաղմունք, երբ չորս բոլորդ լիքը ճայեր են։ Ես վերադարձա այգի և երկու ժամ շարունակ ամրոց էի սարքում, որի համար օգտագործեցի ավտոդողը, նարինջի դատարկ արկղը, սպիտակեղենի զամբյուղը, պատշգամբի աթոռները և բոված եգիպտացորենի տուփից կտրած ազգային դրոշակը, որն ինձ տվեց Ջիմը։
Երբ Ատտիկուսը եկավ ճաշելու, ես նստել էի ամրոցում և կրակում էի։
― Այդ ո՞ւր ես կրակում։
― Միսս Մոդիի տուտուզին։
Ատտիկուսը դարձավ ու տեսավ իմ լայնածավալ թիրախը՝ միսս Մոդիին, որ իր այգում կռացել էր թփերփ վրա։ Ատտիկուսը գլխարկը ետ տարավ դեպի ծոծրակը և կտրեց անցավ փողոցը։
― Մո՛դի,— ձայն տվեց նա,— ուզում եմ քեզ զգուշացնել։ Քեզ լուրջ վտանգ է սպառնում։
Միսս Մոդին ուղղվեց, նայեց ինձ և ասաց․
― Ատտիկուս, դու իսկական դև ես։
Հետո Ատտիկուսը վերադարձավ և ինձ պատվիրեց դիրքս փոխել։
― Այլևս չտեսնեմ, որ դու որևէ մեկին կրակես այդ հրացանից,— ասաց նա։
Եվ լավ կլիներ, որ իմ հայրը ուղղակի դև լիներ։
Ես սկսեցի Կելպուրնիային հարցուփորձ անել․
― Միստեր Ֆի՞նչը։ Ախր աշխարհում մի բան չկա, որ նա չկարողանա անել։
― Ախր ի՛նչ, ի՛նչ։
Կելպուրնիան ծոծրակը քորեց։
― Դե ո՞նց ասեմ...
Այդ միջոցին Ջիմն էլ Ատտիկուսին էր հարցնում, թե նա կարո՞ղ է խաղալ մեթոդիստների կողմից, և Ատտիկուսը պաաասխանեց՝ ոչ, նա դրա համար բավականին ծեր է և կարող է խաղը տանուլ տալ։ Մեթոդիստները ցանկանում էին ետ գնել իրենց եկեղեցուն կից հողամասը, որը գրավ էր դրված, և բապտիստներին կանչել էին ֆուտբոլի մրցման։ Դրան պետք է մասնակցեին Մեյկոմբի բոլոր երեխաների հայրերը, բացառությամբ, կարծեմ, միայն Ատտիկուսի։ Ջիմն ասաց, որ նայել անգամ չի ուզում, բայց կարո՞ղ էր դիմանալ ու չգնալ, երբ ֆուտբոլ էին խաղալու, թեկուզև խաղացողները ֆուտբոլասերները լինեին։ Ինչ խոսք, նա գնաց և խաղի ժամանակ կանգնել էր իմ և Ատտիկուսի կողքին, ու մռայլադեմ նայում էր, թե ոնց էր Սեսիլ Ջեյկոբսի հայրը մեթոդիստներին գոլը գոլի ետևից խփում։
Մեկ անգամ, մի շաբաթ օր, ես և Ջիմը վերցրինք մեր հրացանները և գնացինք հետախուզության՝ միգուցե սկյուռի կամ ճագարի հետք գտնեինք։ Անցանք Ռեդլիների տունը, հեռացանք ևս մոտ հիսուն յարդ, և հանկարծ տեսնեմ Ջիմը գաղտագողի նայում է ինչ֊որ տեղ։ Գլուխը թեքել է կողքի ու ծուռ նայում է։
― Դու այնտեղ ի՞նչ ես տեսնում։
― Հրեն, մի շուն է վազում։
― Դա Թիմ Ջոնսոնը չէ՞։
― Ըհը՛։
Թիմի տերը՝ միստեր Հարբի Ջոնսոնը, Մոբիլ գնացող ավտոբուսի վարորդ, ապրում էր քաղաքի հարավային մասում։ Շիկավուն խալերով պոյնտեր Թիմը ամբողջ Մեյկոմբի սիրելին էր։
― Այդ ի՞նչ է անում։
― Չգիտեմ, Մեծաչքանի։ Արի վերադառնանք։
― Ի֊ի՞նչ ես ասում, հիմա փետրվարն է։
― Մեկ է, պետք է Կելպուրնիային ասել։
Մենք վազեցինք տուն և խուժեgինք խոհանոց։
― Կե՜լ,— ասաց Ջիմը,— մի րոպեով փողոց դուրս եկ, խնդրում եմ։
― Իսկ ինչո՞ւ։ Ժամանա՞կ ունեմ, որ ամեն անգամ դուրս ելնեմ։
― Այնտեղ մի շուն կա, նրան ինչ֊որ վատ բան է պատահել։
Կելպուրնիան հառաչեց.
― Ես հիմա ժամանակ չունեմ, որ զբաղվեմ շան թաթեր կապելով։ Լոգարանում մառլյա կա, գնա վերցրու և ինքդ կապիր։
Ջիմը գլուխն օրորեց․
― Այդ շունը հիվանդ է, Կել։ Ինչ֊որ բան է պատահել։
― Իսկ ինչ, իր պո՞չն է բռնում։
― Չէ՜, նա ա՛յ այսպես է անում։— Ջիմը ամբողջովին կծկվեց, կռացավ և սկսեց բերանը բաց ու խուփ անել ոսկե ձկնիկի նման։— Նա հենց այսպես է գնում, և իմ կարծիքով դա իրեն իսկի էլ դուր չի գալիս։
― Դու ինձ չե՞ս խաբում, Ջիմ Ֆինչ։— Կելպուրնիայի ձայնը դարձավ զայրացկոտ։
― Ո՛չ, Կել, ազնիվ խոսք։
― Այդ շունը վազքո՞վ է գնում։
― Ո՛չ, նա մի տեսակ սնգսնգալով վազում է, բայց շատ կամաց։ Նա գալիս է այստեղ։
Կելպուրնիան ձեռքերը թեթև լվաց և Ջիմի հետևից դուրս եկավ բակը։
― Ոչ մի շուն էլ չի երևում,— ասաց նա։
Մենք Կելպուրնիային տարանք Ռեդլիների տան մոտով, և նա նայեց այն ուղղությամբ, ուր ցույց տվեց Ջիմը։ Թիմ Ջոնսոնը դեռևս շատ հեռու էր, բայց նա գալիս էր դեպի մեզ։ Նա շարժվում էր ինչ֊որ ծռմռվելով, ասես աջակողմյան թաթերը ավելի կարճ էին ձախակողմյաններիg։ Ես մտածեցի՝ նա ասես ավտոմոբիլ լինի, որ տեղապտույտ է տալիս ավազի վրա։
― Նրա ուսը կարծես թե ծռված է,— ասաց Ջիմը։
Կելպուրնիան աչքերը ֆռռացրեց, հետո ճանկելով մեր ուսերը քարշ տվեց տուն։ Դուռը փակեց, վազեց հեռախոսի մոտ և ճչաց.
― Տվեցեք միստեր Ֆինչի գրասենյակը։ Միստեր Ֆինչ։ Կելն է խոսում։ Երդվում եմ աստծով, մեր փողոցում կատաղած շուն կա... Այո՛, սըր, դեպի մեր տան կողմն է վազում․․․ Այո․․․ Միստեր Ֆինչ, ահա իմ ազնիվ խոսքը․․․ Թիմ Ջոնսոնը․․․ Այո՛, սըր․․․ Շատ լավ, սը՛ր․․․ շատ լավ․․․
Նա հեռախոսը կախեց, մենք սկսեցինք հարցնել, թե ինչ ասաց Ատտիկուսը, իսկ նա միայն գլուխն օրորեց։ Խփեց լծակին և հեռախոսափողի մեջ ասաց․
― Միսս Յուլա Մեյ... ո՛չ, մեմ, միստեր Ֆինչի հետ արդեն խոսել եմ, խնդրում եմ, այլևս չմիացնեք... Լսեցե՛ք, միսս Յուլա Մեյ, գուցե դուք զանգահարեք միսս Ռեյչելին և միսս Ստիվենի Կրոուֆորդին և մեր փողոցում ապրողներից նրանց, ովքեր հեռախոս ունեն։ Նրանց հայտնեցեք՝ կատաղած շուն է գալիս։ Խնդրո՛ւմ եմ, մեմ։
Նա մի փոքր ականջ դրեց․
― Գիտեմ, որ փետրվարն է, միսս Յուլա Մեյ, բայց ես գիտեմ, թե որ շունն է առողջ, որը կատաղած, ես չեմ սխալվում։ Խնդրում եմ, մեմ, շտապեցեք։
Հետո Կելպուրնիան Ջիմին հարցրեց․
― Իսկ Ռեդլիները հեռախոս ունե՞ն։
Ջիմը նայեց հեռախոսի գրքին և ասաց՝ ոչ։
― Բայց նրանք տնից դուրս չեն գալիս, Կել։
― Միևնույն է, պետք է ասել։
Նա դուրս վազեց պատշգամբ, ես ու Ջիմն էլ՝ ետևից։
― Նստեցեք տանը,— գոչեց նա։
Միսս Յուլան Կելպուրնիայի զգուշացումը արդեն հայտնել էր մեր բոլոր հարևաններին։ Որքան աչքդ կտրեր, մեր փողոցում ամուր փակվեցին դռները։ Թիմ Ջոնսոնը ոչ մի տեղ չէր երևում։ Կելպուրնիան հավաքեց շրջազգեստի ու գոգնոցի փեշերը և վազեց Ռեդլիների տունը։ Վազեց պատշգամբը և սկսեց թմբկահարել դուռը։ Ոչ ոք դուրս չնայեց, և նա գոչեց․
― Միստեր Նաթա՛ն։ Միստեր Արթո՛ւր։ Զգուշացե՛ք։ Կատաղած շուն կա։ Կատաղած շո՜ւն։
― Նա պետք է ետնամուտքի դուռը ծեծեր,— ասացի ես։
Ջիմը գլուխն օրորեց։
― Հիմա դա կարևոր չէ,— ասաց նա։
Իզուր էր Կելպուրնիան խուժել դուռը։ Ոչ ոք չարձագանքեց, թվում էր՝ նրան իսկի չեն էլ լսի։
Կելպուրնիան սլացավ դեպի Ռեդլիների ետնամուտքը, և այդ միջոցին մեր շքամուտքի ճանապարհով սրընթաց մոտեցավ մի սև «ֆորդ»։ Նրա միջից դուրս եկան Ատտիկուսը և միստեր Հեկ Թեյթը։
Հեկ Թեյթը Մեյկոմբ գավառի շերիֆն էր։ Բարձրահասակ ինչպես մեր Ատտիկուսը, միայն ավելի բարակ և մեծաքիթ։ Նրա հագին երկարաճիտք, կապավոր, մետաղե փայլուն օղլակներով կոշիկներն էին, բրիջի, որսորդական բաճկոն և փամփուշտակալ գոտի։ Եվ ձեռքին հսկայական հրացան։ Նա և Ատտիկուսը մոտեցան արտասանդուղքին, Ջիմը դուռը բացեց։
― Դուրս չգաս, որդիս,— ասաց Ատտիկուսը։— Որտե՞ղ է շունը, Կելպուրնիա։
― Հիմա արդեն, հավանաբար, այստեղ մոտերքում է,— և Կելպուրնիան ձեռքը մեկնեց փողոցի երկարությամբ։
― Արա՞գ է վազում, թե ոչ,— հարցրեց միստեր Թեյթը։
― Ո՛չ, սըր, միստեր Հեկ, նա հիմա ջղաձգության մեջ է։
― Դուցե գնանք նրան ընդառա՞ջ, Հեկ,— ասաց Ատտիկուսը։
― Ավելի լավ է սպասենք, միստեր Ֆինչ։ Սովորաբար դրանք ուղիղ են գնում, բայց ով է դրանց հասկանում։ Միգուցե փողոցի ոլորանում ինքն էլ թեքվի, թող աստված հենց այդպես կամենա, կամ էլ գնա ուղիղ դեպի Ռեդլիների ետնաբակը։ Մի փոքր սպասենք։
― Չեմ կարծում, որ նա գնա դեպի Ռեդլիների բակը,— ասաց Ատտիկուսը։— Փշալարին մոտ չի գնա։ Ավելի շուտ կգնա սալարկած ճանապարհով․․․
Առաջ ես մտածում էի, որ կատաղած շների բերանից փրփուր է ծորում, և իրենք էլ շատ արագ են վազում, հարձակվում են վրադ և ուզում են կոկորդդ կրծել, ու այդ բոլորը պատահում է օգոստոս ամսին։ Եթե Թիմ Ջոնսոնը այդպես լիներ, ես ավելի քիչ կվախենայի։
Երբ ամբողջ փողոցում ոչ մի շնչավոր արարած չկա, և բոլորը թաքնված սպասում են ինչ֊որ բանի, դա շատ սարսափելի է։ Ծառերը անշարժ քարացել էին, նույնիսկ սարյակներն էլ էին լռել, միսս Մոդիի մոտ աշխատող ատաղձագործները անհետացել էին ինչ֊որ տեղ։ Միստեր Թեյթը փռշտաց, հետո քիթը աղմուկով սրբեց։ Եվ հրացանը ձեռքն առավ։ Հետո իր շքամուտքի ապակու ետևում, ճիշտ ինչպես նկարի շրջանակի մեջ, հայտնվեց միսս Ստիվենի Կրոուֆորդը։ Մոտեցավ միսս Մոդին և կանգնեց նրա մոտ։ Ատտիկուսը ոտքը դրեց բաղկաթոռի միջնօղակին, ափով դանդաղորեն ծունկը տրորեց և հանդարտ ասաց․
― Ահա նա։
Փողոցի ոլորանից երևաց Թիմ Ջոնսոնը, նա դանդաղ, կողքից կողք ընկնելով գալիս էր մայթով, որ շրջանցում էր Ռեդլիների տունը։
― Հապա նայիր,— շշնջաց Ջիմը։— Միստեր Հեկը ասում էր, թե կատաղած շները ուղիղ են գալիս։ Այնինչ սալարկի վրայով էլ չի կարողանում քայլել։
― Իմ կարծիքով նրա սիրտը պարզապես խառնում է ասացի ես։
― Եթե որևէ մեկը նրա ճանապարհին հանդիպի, նա կհարձակվի։
Միստեր Թեյթը ափով աչքերին հովանի արեց և ձգվեց առաջ.
― Այդպես է որ կա, կատաղած է։
Թիմ Ջոնսոնը շարժվում էր կրիայի քայլերով, բայց նա չէր խաղում չոր տերևների հետ և ոչ էլ օդն էր հոտոտում։ Նա կարծես իմանում էր, թե ուր է գնում։ Կարծես մի աներևույթ ուժ նրան դանդաղ հրում էր դեպի մեզ։ Նա ցնցվում էր ինչպես ձին, որին տանջում էին պիծակները․ մերթ բացում էր երախը, մերթ փակում․ նա թեքվում էր մի կողմ, բայց և այնպես դանդաղ շարժվում էր դեպի մեզ։
― Նա տեղ է փնտրում, որ սատկի,— ասաց Ջիմը։
Միստեր Թեյթը դարձավ մեզ.
— Մինչև սատկելը դեռ շատ կա, Ջիմ, նա դեռ չի էլ սկսել խեղդվել։
Թիմ Ջոնսոնը քարշ եկավ մինչև Ռեդլիների տան դիմացի նեղ փողոցը և, երևում է, հավաքեց գիտակցության վերջին փշրանքները, փորձելով պատկերացնել, թե հիմա ուր պիտի գնա։ Կատարեց մի քանի անվստահ քայլեր և հենվեց Ռեդլիների դռանը, ցանկացավ շրջվել, չստացվեց։
Ատտիկուսն ասաց․
― Հիմա արդեն հեշտ է նրան խփելը, Հե՛կ։ Շտապեgեք, քանի չի թեքվել դեպի անկյունը, թե չէ աստված գիտի ում կարող է հանդիպել անկյունում։ Գնա՛ տուն, Կել։
Կելպուրնիան բացեց ապակյա դուռը, հետո սողնակով իր ետևից փակեց, նորից ետ տարավ սողնակը և միայն կեռը գցեց։ Նա աշխատում էր իրենով ապակին փակել, որպեսզի ես և Ջիմը չնայենք, բայց մենք նայում էինք նրա թևերի տակից։
― Կրակեցեք, միստեր Ֆինչ։
Եվ միստեր Թեյթը Ատտիկուսին մեկնեց հրացանը։ Ես ու Ջիմը քիչ մնաց ուշաթափվենք։
― Ժամանակ մի՛ կորցրեք, Հեկ,— ասաց Ատտիկուսը,— խփեցեք։
― Միստեր Ֆինչ, այստեղ հարկավոր է անվրեպ խփել։
Ատտիկուսը բարկացած գլուխն օրորեց։
― Մի ձգձգեք, Հեկ։ Նա ձեզ ամբողջ օրը չի սպասի․․․
― Միստեր Ֆինչ, ապա մի նայեցեք, թե նա որտեղ է կանգնած։ Եթե վրիպեւմ, գնդակը կմտնի ուղիղ Ռեդլիների պատուհանը։ Ես այդպիսի անվրեպ նշանառու չեմ, դուք այդ ինքներդ էլ գիտեք։
― Իսկ ես երեսուն տարի է ձեռքս հրացան չեմ վերցրել։
Միստեր Թեյթը իր հրացանը ուժով խրեց Ատտիկուսի ձեռքը։
― Ահա՛, հրե՛ս վերցրեք, ինձ համար շատ ավելի հանգիստ կլինի,— ասաց նա։
Ես և Ջիմը նայում էինք ասես մշուշի միջով։ Հայրս հրացանը վերցրեց և դուրս եկավ փողոցի մեջտեղը։ Նա քայլում էր արագ, իսկ ինձ թվում էր, թե հազիվ է շարժվում, ինչպես ջրի մեջ․ անտանելի դանդաղ էր սահում ժամանակը։
Ատտիկուսը ձեռքը տարավ ակնոցին․
—— Ողորմա՜ծ աստված, օգնիր նրան,— շշնջաց Կելպուրնիան և ափերը սեղմեց այտերին։
Ատտիկուսը ակնոցը տարավ դեպի ճակատը, որը դարձյալ սահեց ցած և ընկավ գետնին։ Լռության մեջ ես լսեցի, թե ինչպես խշրտացին ապակիները։ Ատտիկուսը շփեց աչքերը և կզակը ու կոպերը արագ թարթեց։
Ռեդլիների դռան մոտ Թիմ Ջոնսոնը, որքան ուժը ներում էր, ինչ֊որ մի բան մտածեց։ Նա վերջապես շուռ եկավ և մեր փողոցով սկսեց ճանապարհը շարունակել։ Արեց երկու քայլ, կանգ առավ, գլուխը բարձրացրեց։ Եվ քարացավ։
Ատտիկուսը կարծեմ դեռ հրացանն էլ չէր հասցրել բարձրացնել, որ նույն պահին սեղմեց ձգանը։
Որոտաց կրակոցը։ Թիմ Ջոնսոնը թռավ վեր, շրմփաց ցած և անշարժացավ, նմանվելով սպիտակշիկավուն բլրակի։ Նա նույնիսկ չհասկացավ էլ, թե ինչ կատարվեց։
Միստեր Թեյթը արտասանդուղքից թռավ և դիմեց դեպի Ռեդլիների տունը։ Կանգ առավ շան մոտ, պպզեց, շրջվեց և մատով խփեց իր ճակատին՝ ձախ աչքի տակ։
― Դուք մի փոքր ավելի աջ եք վերցրել, միստեր Ֆինչ։
― Միշտ դրանով եմ տառապել,— պատասխանեց Ատտիկուսը,— եթե ընտրություն կատարելու հնարավորություն ունենայի, կնախընտրեի մանրագնդակ հրացանը։
Նա կռացավ, բարձրացրեց ակնոցը, ապակու փշրանքները կրունկով տրորելով փոշիացրեց, հետո մոտեցավ միտեր Թեյթին, կանգ առավ ու նայեց Թիմ Ջոնսոնին։
Մեկը մյուսի ետևից բացվում էին դռները, փողոցը կամաց֊կամաց կյանք էր առնում։ Տնից դուրս եկան միսս Մոդին և միսս Ստիվենին։ Ջիմը քար էր կտրել։ Ես նրան կմճտեցի, որպեսզի տեղից շարժեմ, բայց Ատտիկուսը մեզ նկատեց և գոչեց.
― Չգա՛ք այստեղ"
Հետո միստեր Թեյթը Ատտիկուսի հետ եկան մեր բակը։
Թեյթը ժպտում էր։
― Ես Զիբոյին կկարգադրեմ շանը տանել,— ասաց նա։— Դուք այնքան էլ չեք մոռացել, միստեր Ֆինչ, ասում են դա մոռանալն անկարելի է։
Ատտիկուսը լռում էր։
― Ատ տիկուս...— սկսեց Ջիմը։
— Ի՞նչ։
― Ոչինչ։
― Հաճելի էր քեզ նայելը, Ֆինչ Անվրեպ։
Ատտիկուսը կտրուկ շրջվեց, նրա առջև կանգնած էր միսս Մոդին։ Նրանք լուռ նայեցին միմյանց, և Ատտիկուսը նստեց շերիֆի մեքենան։
― Արի այստեղ,— ասաց Ատտիկուսը Ջիմին։— Չհամարձակվեք մոտենալ, նա մեռած ժամանակ էլ է նույնքան վտանգավոր, որքան և կենդանի ժամանակ։
― Այո, սըր,— ասաց Ջիմը։— Ատտիկուս․․․
― Ի՞նչ, որդիս։
― Ոչինչ։
― Ի՞նչ է պատահել քեզ, բարեկամս, ինչ է, լեզուդ բռնվե՞լ է,— քմծիծաղեց միստեր Թեյթը։— Եվ մի՞թե չգիտեիր, որ քո հայրը...
― Թողե՛ք, Հեկ,— ընդհատեց Ատտիկուսը,— Ժամանակն է, որ քաղաք գնանք։
Նրանք գնացին, իսկ ես և Ջիմը մոտեցանք միսս Ստիվենիին։ Նստեցինք արտասանդուղքին և սպասեցինք Զիբոյին ու իր մեքենային։
Ջիմը նստել էր շշմած ու շփոթված։ Միսս Ստիվենին ասաց․
― Հը՜մ, հը՜մ, փետրվար ամսին կատաղած շուն․․․ ո՞ւմ մտքով կանցներ։ Միգուցե նա կատաղած չէր, միգուցե պարզապես ցնդվել էր։ Չէի ցանկանա տեսնել Հարրի Ջոնսոնի կերպարանքը, երբ նա վերադառնալով Մոբիլից, կիմանա, որ Ատտիկուս Ֆինչը սպանել է իր շանը։
― Գրազ կգամ, որ շունը պարզապես լվոտվել էր․․․
Միսս Մոդին ասաց՝ միսս Ստիվենին ուրիշ երգ կերգեր, եթե Թիմ Ջոնսոնը դեռևս ման գար մեր փողոցում, իսկ այդ պարզելը շատ հեշտ է, նրա գլուխը կուղարկեն Մոնտգոմերի։
Վերջապես Ջիմի բերանը բացվեց։
— Տեսա՞ր Ատտիկուսին, Մեծաչքանի։ Ո՛չ, դու տեսա՞ր, թե ոնց կրակեց․․․ Կարծես հանկարծ նա թեթևացավ և կարծես թե հրացանը ոչ թե առանձին է նրանից, այլ դա հենց նրա ձեռքն է որ կա․․․ և ինչպես արագ եղավ այդ ամենը․․․ Թրա՛խկ․․․ իսկ ես երբ ուզում եմ մի բանի խփել, տասը րոպե նշան եմ բռնում․․․
Միսս Մոդին չարախնդաց․
― Հապա, ասա տեսնեմ, միսս Ջին Լուիզա,— խոսեց նա,— դու դեռ էլի՞ ես մտածում, որ քո հայրիկի ձեռքից ոչինչ չի գալիս։ Եվ դեռ էլի՞ ես նրա համար ամաչում։
― Չէ֊է՜․․․— հեզահամբույր ասացի ես։
― Անցյալ անգամ ես քեզ մոռացա ասել, Ատտիկուս Ֆինչը ոչ միայն գիտեր օկարինա նվագել, նա ժամանակին ամենաանվրեպ հրաձիգն էր ամբողջ Մեյկոմբ շրջանում։
― Ամենաանվրեպ հրաձի՜գը․․․— արձագանքելով կրկնեց Ջիմը։
― Միանգամայն ճիշտ է, Ջիմ Ֆինչ։ Կասկածում եմ, որ հիմա դու էլ ես ուրիշ երգ ասելու։ Հարկավոր է վերջապես եզրակացության գալ, դուք նույնիսկ չգիտեք, որ ձեր հորը դեռևս տղա ժամանակ անվանում էին Ֆինչ Անվրեպ։ Դե, ախր այն ժամանակները, «նավահանգստում» երբ պատահում էր, տասնհինգ կրակոցով խփում էր միայն տասնչորս աղավնի, ակսում էր վշտանալ՝ ախ, փամփուշտները իզուր փչացրի։
― Նա այդ մասին մեզ ոչինչ չի ասել,— քրթմնջաց Ջիմը։
― Ահա թե ինչ։ Եվ ոչ մի խո՞սք։
― Այո, մեմ։
― Ինչո՞ւ ոչ մի անգամ որս չի անում,— զարմացա ես։
― Թերևս կարողանամ ձեզ այդ բացատրել,— ասաց միսս Մոդին։— Ինչ, ինչ, բայց քո հայրը ազնվագույն հոգու տեր է։ Անվրեպ կրակելը նույնպես աստծո շնորհ է, տաղանդ․․․ բայց, իհարկե, պետք է կատարելագործվել, մարզվել, չէ որ նպատակակետին հարվածելը այն չէ, ինչ զորօրինակ դաշնամուր նվագելը։ Ես այսպես եմ մտածում, մի գեղեցիկ օր նա հասկացավ, որ աստված իրեն անարդարացիորեն գերակշռություն է տվել կենդանի արարածների հանդեպ, և այն ժամանակ նա զենքը դրել է ցած։ Հավանաբար որոշել է՝ կկրակեմ միայն ծայրահեղ անհրաժեշտությունից, և ահա այսօր, երբ երևան եկավ այդ անհրաժեշտությունը, նա կրակեց։
― Ես կարծում եմ, որ նա պետք է հպարտանա,— ասացի ես։
― Միայն ցանցառներն են հպարտանում իրենց տաղանդով,— ասաց միսս Մոդին։
Մոտեցավ աղբահավաք Զիբոն։ Նա իր մեքենայից հանեց եղանը և զգուշությամբ տարավ Թիմ Ջոնսոնի տակով։ Գցեց մեքենայի թափքը, հետո բիդոնից ինչ֊որ բան թափեց գետնին, այն տեղում, ուր ընկած էր Թիմը, և շուրջը նույնպես։
― Առժամանակ այստեղ ոչ ոք չգա,— ձայն տվեց նա։
Մենք գնացինք տուն, և ես ասացի Ջիմին, ա՛յ հիմա արդեն մենք բան կունենանք պատմելու դպրոցում, բայց հանկարծ Ջիմը այնպես վրա պրծավ․
― Մտքովդ էլ չանցնի պատմել։
― Այդ ինչո՞ւ։ Անպայման կպատմեմ։ Այդ ո՞ւմ հայրն է միակ անվրեպ հրաձիգը ամբողջ շրջանում։
― Իմ կարծիքով,— ասաց Ջիմը,— եթե նա ցանկանար, որպեսզի մենք այդ մասին իմանայինք, նա ինքը կպատմեր։ Եթե նա դրանով պարծենար, ուղղակի կպատմեր։
― Գուցե պարզապես մոռացել է,— ասացի ես։
― Է՜, չէ, Մեծաչքանի, դու այդ չես հասկանա։ Ճիշտ է, Ատտիկուսը ծեր է, բայց ինձ համար միևնույն է, թե նա ինչ է կարողանում անել, ինձ համար բոլորը մեկ է, թող նա աշխարհում ոչ մի բան էլ չկարողանա անել։
Ջիմը գետնից մի քար թռցրեց և հանդիսավոր նետեց դեպի գարաժը։ Վազեց քարի ետևից՝ ուսի վրայով գոչելով․
― Ատտիկուսը ջենտլմեն է, իսկ և իսկ ինձ նման։
== Գլուխ 11 ==