Changes
/* Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը */
— Իջիր,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Այստեղ սրով ոչինչ չես անի:
Սանդուղքների մոտ պատուհան-հորեր չկային, և նրանք իջնում էին լիակատար մթության մեջ: Ֆրոդոն մեքենայորեն հաշվում էր աստիճանները՝ դրանք ութսունհինգն էին: Հետո աստիճանները վերջացան: Ճամփորդները գլուխները բարձրացրեցին վերև, բայց միայն գավազանի կրակը տեսան: Հավանաբար թշնամիները դեռ ուշքի չէին եկել, և հրաշագործն առաջվա պես կանգնած էր դռան մոտ: Ֆրոդոն դժվարությամբ շնչեց՝ խորը շնչել չէր կարողանում: Նա թուլացած հենվեց Սամի վրա, որը գրկեց տիրոջ ուսերը: Հանկարծակի լսվեց Գանդալֆի ձայնը, բայց Պահապանները խոսքերը զանազանել չկարողացան՝ թնդուն արձագանքը դրանք աղավաղում էր: Խուլ թնդաց ստորգետնյա որոտը, և ճամփորդների ոտքերի տակ հատակը երերաց: Հանկարծ հրաշագործի գավազանը կուրացուցիչ բռնկվեց, մի վայրկյանով ջնջեց մութը և հանգավ: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ՝ հաղթականորեն որոտաց մութը, իսկ հետո ահարկու թնդունը ճայթեց ուղիղ նրանց գլխավերևում: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, Ռ-ռ-ռ-ռ-ո-գ և լռեց: Սանդուղքով թավագլոր ցած նետվեց Գանդալֆը:
— Գնացի՛նք,— ոտքի կանգնելով գոռաց նա: — Սարսափազդու հակառակորդ դեմս ելավ, հազիվ դիմացա: Շտապեք, արագ: Սկզբում ստիպված կլինենք անլույս գնալ, ես ուժ չունեմ, որ գավազանը վառեմ: Ջիմլին ինձ հետ կգա, առջևից: Մեզնից ոչ մի քայլ հետ չմնաք: Առա՛ջ..
Գանդալֆի բացատրություններից ոչինչ չհասկանալով, իսկ նրան հարցուփորձ անել ոչ ոք չէր համարձակվում, Պահապանները հնազանդորեն հետևեցին նրան: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ՝ թնդում էր հեռվում. դղրդյունն այժմ խլացած էր թվում, սակայն լսվում էր ոչ թե ներքևից, այլ ասես գլորվում էր փախստականների հետևից: Հետապնդման ուրիշ ոչ մի նշան չկար՝ շտապող ոտնաձայն, բարձր ոռնոց կամ հատու հրամաններ ճամփորդները չէին լսում: Գանդալֆը քայլում էր ոչ մի կողմ չթեքվելով, թեպետ նրանց հանդիպում էին հատող սրահներ. միջանցքը, որով հիմա նրանք գնում էին, տանում էր դեպի հարկավոր՝ Արևելյան Դարպասի կողմը: Երբեմն նրանց հանդիպում էին գիրթ սանդուղքներ, և հրաշագործը, ներքև չգլորվելու նպատակով, մոգական գավազանով թփթփացնում էր հատակին՝ սովորաբար այդպես կույրերն են քայլում, իսկ գավազանը նա դեռևս վառել չէր կարողանում: Մեկ ժամում նրանք հաղթահարեցին մեկ լիգից ավելի և մի քանի անգամ իջան սանդուղքներով. շուրջը անծայր ու անծագ մթություն էր, բայց ամեն մի քայլն անելուց հետո նրանց մեջ ամրանում էր հավատը, որ իրենց հաջողվեց խուսափել հետապնդումից: Յոթերորդ, ամենաերկար սանդուղքից հետո, Գանդալֆը հոգնած կանգ առավ ու ասաց.
— Ըստ իս, մենք իջել ենք առաջին հարկաշարք: Եթե շարունակենք միջանցքով առաջ շարժվել, այն մեզ կտանի հարավային թև: Ժամանակն է դեպի ձախ, արևելք թեքվելու: Հուսով եմ, որ դարպասն արդեն հեռու չէ: Ես շատ եմ հոգնել: Ինձ հարկավոր է հանգստանալ: Այլապես մինչև դարպաս չեմ հասնի: — Ջիմլին ուսը դեմ տվեց նրան և վերջինս ծանրորեն նստեց աստիճանին:
— Դու նրա՞ն էիր պահում, որ որոտում էր,— հարցրեց Ջիմլին: — Որ ընդերքի՞ց էր ելել:
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Գանդալֆը: — Ես առաջին անգամ էի այդպիսի հակառակորդի հանդիպում և ուրիշ ելք չունեի, քան դուռը չքանդվող նզովքով փակելը: Ես շատ չքանդվող նզովքներ գիտեմ, բայց դրանք գործի դնելու համար ժամանակ է հարկավոր, և դուռը դրանից չի ամրանում, բացել այն չի կարելի, իսկ կոտրել՝ կարելի է: Ես պատրաստվում էի օրքերի և թրոլների դիմավորել: Դռան հետևում լսվում էին դրանց ձայները, բայց թե ինչի մասին էին խոսում՝ չէի հասկանում. դրանց լեզուն շատ դժվար է հասկանալ: Իմիջայլոց, մի բառ հասկացա՝ նրանք ամբողջ ժամանակ կրկնում էին այդ՝ գխաշ կամ թարգմանաբար՝ կրակ: Իսկ հետո օգնության եկավ մի դաշնակից, որից իրենք իսկ խուճապահար վախենում են: Թե նա ով է կամ ինչ է իրենից ներկայացնում, ես չկարողացա հասկանալ, իսկ գլխավորը, չգիտեի՝ հնարավո՞ր է արդյոք հաղթել նրան մենամարտում: Չքանդվող նզովքը նա չեզոքացրեց. չնայած իմ կորովի դիմադրությանը, դուռ սկսեց քիչ-քիչ բացվել: Այն ժամանակ, վերջին ուժերս հավաքելով, ես ասացի արգելիչ հմայախոսքս: Բայց դուռն ընդդիմադիր ուժերի ճնշման տակ կտոր-կտոր եղավ, իսկ չէ՞ որ այն քարից էր: Ես ոչինչ զանազանել չկարողացա, քանի որ սրահում քուլա-քուլա ծուխ էր՝ շիկացած ու մութ, ինչպես քուրայի ծուխը: Ես, բարեբախտաբար, շպրտվեցի ցած, իսկ սենյակի պատերը դղրդոցով փուլ եկան: Մորիական կայսրության թագավոր Բալինի շիրմաքարի վրա դամբանաբլուր բարձրացավ: Հուսով եմ, որ իմ հակառակորդը մնաց փլատակների տակ... Չնայած համոզված չեմ: Այսպես, թե այնպես մենք ժամանակ շահեցինք. փլվածքը մեզ անջրպետեց հետապնդողներից: Այ թե քայքայեց ինձ այդ մենամարտը... Իսկ որ ճնշտն ասենք, դատարկ բան էր, արդեն լավ եմ զգում... Ուրեմն, ի՞նչ էր պատահել Ֆրոդոյին: Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում, որ լսում էի նրա բարալիկ ձայնը: Ինձ էլ թվում էր, թե Արագորնը տանում էր խիզախ, բայց արդեմ մեռած հոբիթին...
— Ես կենդանի եմ, և, իմ կարծիքով, անվնաս: Իմ կրծքին երևի հսկայական կապտուկ կա... Դե դա ոչինչ, շուտով կանցնի:
— Հոբիթները կարողանում են անխնա ջարդել, իսկ իրենք, երևում է, միթրլից են պատրաստված,— փութանցիկ ժպիտով պատասխանեց Արագորնը: — Այժմ հասկանում եմ, թե ինչ վտանգի էի ենթարկում ինձ, երբ գիրուկ Նարկիսի պանդոկում իմ ընկերությունը ստիպմամբ նրանց վզին փաթաթեցի: Այդ օրքը եզանն անգամ երկու կես կաներ...
— Բարեբախտաբար չկարողացավ խոցել,— խոսեց Ֆրոդոն՝ կուրծքը շփելով: — Թեպետ, ինձ թվաց, որ մուրճի ու զնդանի արանքում եմ գտնվում,— ավելացրեց նա: Այլևս հոբիթը ոչինչ չասաց: Իսկապես դժվար էր շնչում:
— Դու հաճախ ես ինձ Բիլբոյին հիշեցնում,— Ֆրոդոյին նայելով, նկատեց Գանդալֆը: — Նա ևս մշտապես զարմացնում էր իր ուղեկիցներին:
Խորհելով Արագորնի ու Գանդալֆի ասածների շուրջը, Ֆրոդոն այդպես էլ չկարողացավ որոշել, նրանք ամեն ի՞նչ էին ասում, ինչ մտածում էին:
Ճամփորդները միջանցքով գնում էին դեպի հարավ: Հանկարծ Ջիմլին տագնապով հարցրեց.
— Դուք լույս տեսնու՞մ եք... Այնտեղ, առաջ նայեք... Իմ կարծիքով, դա հրդեհի արտացոլքեր են:
— Գխաշ,— ակամա քրթմնջաց հրաշագործը: — Հետաքրքիր է, նրանք ի՞նչ նկատի ունեին... Բայց մենք ուրիշ գնալու տեղ չունենք, հարկավոր է քայլել... — Նա առանց կանգ առնելու քայլեց առաջ:
Ջիմլին իրավացի էր: Երեսուն քայլ հետո միջանցքը կտրուկ թեքություն ընդունեց, և ճամփորդները մի ցածրիկ կամար տեսան, որը ներսից լուսավորված էր կրակի շողերով: Միջանցքը լուսավորվեց ու շոգելու աստիճան տաքացավ: Գանդալֆը կանգ առնելու նշան արեց, մտավ կամարից ներս և մի վայրկյան քարացավ՝ նրան լուսավորեցին վարդագույն ճաճանչները:
— Մեզ ճեխ ընդունելություն են պատրաստել,— ջոկատի մոտ վերադառնալով, ասաց նա,— բայց ես այժմ գիտեմ, թե որտեղ ենք գտնվում: Կամարից այն կողմ Բարապանի սրահն է, որի միջով ձգվում է Արևելյան և Արևմտյան դարպասները միացնող գլխավոր ուղին: Կամարից անցնելով՝ կթեքվենք ձախ: Բարապանի սրահը մեզ դուրս կբերի կամրջի մոտ, կհատենք Մորիական խանդակը, կբարձրանանք սանդուղքով և դուրս կգանք Սևագետք... Մինչև դարպաս մնացել է մի կես լիգ, ոչ ավելի: Իսկ հիմա նայեցեք, թե ինչու է մեր բախտը բերել:
Ճամփորդները նայեցին Բարապանի սրահի ներսը: Այն ավելի ընդարձակ էր ու բարձր, քան քսանմեկերորդը: Այդ երկարուկ դահլիճի կենտրոնում երկու շարքով վեր էին ձգվում հզոր ծառերի նմանվող քարե սյուներ: Ծառերի ճյուղերը պահում էին մթնշաղի մեջ կորած առաստաղը: Աջ կողմում, կամարից ոչ հեռու, դահլիճը հատում էր մի լայն ճեղք, որի մեջ մոլեգին վետվետում էր կրակը և ծառասյուների սև բներին դողդողում էին արնակարմիր ցոլքերը: Երբեմն կրակի օձագալար լեզուները կատաղությամբ փաթաթվում էին սյուներին: Ճեղքի վրա ծխի ամպ էր կուտակված:
— Եթե գնաինք գլխավոր ուղիով, ապա մեզ կկոտորեին այդ ճեղքի մոտ,— գլուխն օրորելով, ասաց Գանդալֆը: — Հույս ունենանք, որ բախտներս բերել է, և այս ճեղքը մեր հետապնդողներին հետ կպահի: Սակայն միևնույնն է, ժամանակ կորցնել չի կարելի:
Գանդալֆը դեռ խոսքը չէր վերջացրել, երբ ճամփորդները լսեցին թնդյուն, սպառնացող ճիչեր ու փողի ձայն: Որոտից ցնցվեցին քարե սյուներն ու անզոր մարեցին կրակի լեզուները:
— Իմ հետևի՛ց,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Եթե այսօր արևոտ օր է, օրքերը քարանձավներից դուրս գալ չեն համարձակվի: Վերջին մի ճիգ, և մենք փրկված ենք:
Գանդալֆը հապշտապ դուրս եկավ կամարի տակից և վազեց Բարապանի սրահով դեպի արևելք: Դահլիճն ավելի երկար էր, քան կարծում էին Պահապանները, բայց հատակը հարթ էր և վազելը բոլորովին էլ դժվար չէր, եթե չլիներ նրանց հոգնածությունը: Ճեղքի մյուս կողմից սուր ոռնոցներ լսվեցին, օրքերը նկատել էին փախչող ճամփորդներին: Ֆրոդոյի գլխավերևում սուլեց նետը: Բորոմիրը հետ նայեց ու ծիծաղեց:
— Դրանց տես, կատաղե՜լ են,— գոռաց նա: — Ուրիշների համար թակարդ լարելը լա՞վ է:
— Վաղ ես ուրախանում,— նրա խոսքը կտրեց հրաշագործը,— առջևում վտանգավոր ու նեղ կամուրջն է:
Շուտով նրանց առջև բացվեց սև անդունդն ու նեղ, առանց բազրիքների կամրջի կամարը՝ մոտ հիսուն-վաթսուն քայլ երկարությամբ: Թզուկներն այդքան նեղ էին կառուցել, որ Մորիան պաշտպանեն թշնամիներից, եթե նրանք ջարդեն արտաքին դարպասը: Այդտեղով միայն իծաշարուկ կարելի էր գնալ: Վազելով կամրջի մոտ, Գանդալֆը կանգ առավ. նրան շրջապատեցին հևացող Պահապանները:
— Ջիմլին՝ առաջինը,— հրամայեց հրաշագործը: — Նրանից հետո՝ հոբիթները, Լեգոլասն ու մարդիկ:
Մի նետը դիպավ Ֆրոդոյի մեջքին և զրնգոցով հետ թռչելով՝ ընկավ գետնին: Մյուսը ցցվեց հրաշագործի գլխարկի մեջ սև փետուրի պես: Ֆրոդոն ահով հետ նայեց: Ճեղքի մյուս կողմում, կրակի արտացոլքով լուսավորված, իրար գլխի էին հավաքվել օրքերի սև ֆիգուրները՝ այնտեղ մի քանի հարյուր կլինեին: Նրանք թափահարում էին երկար նիզակներն ու սև, բոսոր, ցոլցլացող յաթաղանները: Ավելի ու ավելի բարձր էր ճայթում ընդերքից եկող որոտը՝ ռ-ռ՜-ռ՜-ռ՜-ո-գ, ռ՜-ռ՜-ռ՜-ո-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ:
Լեգոլասը կապարճից հանեց նետը, բայց հետ նայելով, վախեցած ճչաց ու ձեռքից գցեց: Ճեղքին էին մոտեցել երկու հսկա թրոլ՝ բերել էին երկար սալաքարեր, որ կամուրջ գցեն: Սակայն ոչ թե թրոլներից էր վախեցել էլֆը, այլ հանկարծ օրքերն իրենք սարսափով ընկրկեցին, և ճամփորդները տեսան մի ահռելի ստվեր, որը պարուրված էր գզուզ, քուլա-քուլա գալարվող ամպով: Զգացվում էր, որ այն կործանիչ զորություն ուներ:
Ամպը մի պահ քարացավ ճեղքի մոտ, և բոսոր կրակն իսկույն դժգունեց, ասես խեղդվեց ծխի ծածկոցից: Իսկ հետո օրքերի հրեշավոր դաշնակիցը հեշտությամբ թռավ կրակե ճեղքի վրայով, և կրակի դժգունող լեզուները ողջույնի գվվոցով վեր խոյացան՝ ծիածանագույն ներկելով խռիվ ամպը: Ամպի միջի սև գունդը խտացավ և վիթխարի մարդու կերպարանք ստացավ, որի աջ ձեռքում կրակե դաշույն էր, իսկ ձախում՝ կրակե խարազան:
— Փախե՜ք,— հուսահատ գոռաց Լեգոլասը,— դա Բալրոգն է... Նրան չես ոչնչացնի... Փախե՜ք...
Թզուկի աչքերը սարսափից սառել էին:
— Ահա թե որն է Դուրինի Մեծ Չարքը,— շշնջաց նա, և տապարը ձեռքից գցելով, երկու ձեռքով երեսը ծածկեց:
— Բալրոգն է,— խռպոտ մրմնջաց Գանդալֆը: — Այժմ հասկանալի է: — Նա հենվեց գավազանին: — Առանց այդ էլ ես մահու չափ հոգնած եմ:
Բալրոգը սրընթաց մոտենում էր Պահապաններին: Թրոլները ճեղքը ծածկեցին սալերով, և օրքերը շարժվեցին Բալրոգի հետևից: Բորոմիրը հուժկու փչեց փողը, և Գոնդորի կանչը, արձագանքելով ուժեղացած, կանգնեցրեց հարձակվող օրքերի հորդաները, նույնիսկ Բալրոգը մի պահ հապաղեց: Բայց արձագանքի անդրադարձները շուտով խլացան, և թշնամիները նորից առաջ շարժվեցին:
— Փախե՛ք, արա՛գ,— հրամայեց Գանդալֆը: — Սանդուղքով բարձրացեք և գնացեք Հայելու լիճ: Այս թշնամին ձեր ուժի բանը չէ: Նույնիսկ ես էլ չեմ կարողանա նրան կանգնեցնել, եթե մարտի մեջ մտնեն օրքերն ու թրոլները: Ես պետք է կամրջի վրա դիմավորեմ նրան: Ճամփորդներն իրար հետևից անցան կամրջով ու կանգնեցին սանդուղքի մոտ՝ անկարող լինելով լքել Գանդալֆին: Իսկ Բորոմիրն ու Արագորնը քարացել էին խանդակի մոտ:
Բալրոգի սև կերպարանքը պարուրած կրակի ցոլքերով մութ ամպը դանդաղ մոտենում էր նեղ կամրջին: Կամրջի մեջտեղում գավազանին հենված, հոգնածությունից կորացած՝ կանգնած էր Գանդալֆը: Բալրոգը նույնպես մի պահ քարացավ, նրա գզուզ թիկնոցը թանձրացավ ու տարածվեց, ինչպես երկու թև, բազմաթիվ պոչերով կրակե խարազանը շուրջը կարմրագույն կայծեր ցրելով վզզաց. բոցավառ, բայց մուգ կրակի շեղբը կեռ թրի ձև ընդունեց: Սակայն Գանդալֆը տեղից չշարժվեց:
— Հեռացի՛ր,— ցածր ասաց նա: Օրքերը լուռ էին: Բարապանի սրահը սուզվել էր ամպրոպին նախորդող չարագույժ լռության մեջ: — Ես հավիտենական արևի սպասավորն եմ,— առաջվա պես ծանր շարունակեց Գանդալֆը,— և Անոր պայծառ տոհմի տիրակալը: Բոսոր մութը քեզ չի օգնի: Ընդերքի հուրը գետնի վրա անզոր է: Դու կամուրջը չես անցնի: Հեռացի՛ր:
Բալրոգը Գանդալֆին ոչինչ չպատասխանեց: Նրա թևերի կրակի ցոլքերը հանգան, բայց յաթաղանը լցվեց բոսոր սևությամբ և խարազանի պոչերը աղոտ լուսավորվեցին: Նա այլեց առաջ և թևերը, հանկարծակի վիթխարի չափերով աճելով՝ խավարով վարագուրվեցին: Սակայն Բալրոգն իսկապես անզոր էր իր սև թևերով պարուրել Գանդալֆի արծաթամոխրավուն կերպարանքը:
Այդ ժամանակ նա իջեցրեց թուլացած թևերը և բարձրացրեց բոսորասև յաթաղանը:
Երկնագույն Մոլեգինը սառը փայլեց:
Ճամփորդներին կուրացրեց բոցի կապտավուն բռնկումը, զրնգոց լսվեց և բոսորագույն յաթաղանը փշուր-փշուր եղավ: Բալրոգը ցնցվեց, շփոթված ընկրկեց, հրաշագուրծն օրորվեց, բայց չնահանջեց:
— Դու չե՛ս անցնի,— խոսեց նա:
Բալրոգը լուռ մղվեց առաջ: Շառաչեց ու խլացուցիչ շրմփաց խարազանը:
— Նա մենակ չի դիմանա,— գոռաց Արագորնը և նեղ կամրջով վազեց հրաշագործի մոտ: — Էլենդի՜լ,— բարձր գոռաց նա: — Ես քեզ հետ եմ, Գանդալֆ, մենք նրան կխորտակե՛նք...
— Գոնդո՜ր,— ահարկու մռնչաց Բորոմիրը և կամրջով սլացավ Արագորնի հետևից:
Իսկ Գանդալֆը բարձրացրեց մոգական գավազանը և, երբ այն փայլատակեց, ինչպես մի փոքրիկ արև, կտրուկ իջեցրեց ցած, ասես գիծ քաշելով ու ջնջելով կամուրջը Բալրոգի առջև: Բռնկվեց արծաթավուն կրակի խուրց: Մոգական գավազանը մեջտեղից կիսվեց, իսկ կամուրջը Բալրոգի հետ միասին փլվեց անդունդը: Խռպոտ ոռնոցով ներքև ընկնելով, Բալրոգը գլխավերևում թափահարեց խարազանը, և խարազանը երկու տակ փաթաթվեց հրաշագործին: Գանդալֆը ձեռքերով կախվեց կամրջից, սակայն չկարողացավ կառչած մնալ և ճչալով «Փախե-ե՜ք», անհետացավ մորիական խորխորատի երախում: Քանդված կամրջի բեկորը, որը նման էր երախից դուրս ցցված լեզվի, թեթև ցնցվում էր առաջացող մթության մեջ:
Լռին մթությունը թավշյա էր դարձել: Սարսափահար ճամփորդներն անխոս կանգնած էին: Առաջինն ուշքի եկան Արագորնն ու Բորոմիրը: Հազիվ էին նրանք հետ եկել սանդուղքի մոտ, երբ կամրջի մնացորդները փլվեցին անդունդը: Մեռյալ լռությունը խախտեց Արագորնը:
— Հարկավոր է գնալ,— ասաց նա ուղեկիցներին: — Սա նրա վերջին կամքն էր: Այսուհետև Ջոկատը ես կառաջնորդեմ:
Չլուսավորված գիրթ սանդուղքի վրա սայթաքելով, ճամփորդները Արագորնի հետևից քարշ էին գալիս դեպի վեր, իսկ Բորոմիրը եզրափակում էր փախստականների երթը:
Սանդուղքը նրանց դուրս բերեց մի թնդուն միջանցք. Արագորնը, առանց հապաղելու, շարժվեց առաջ: Ֆրոդոյի կողքից հեծկլտալով քայլում էր Սամը, դե Ֆրոդոն ինքն էլ անձայն լալիս էր: Խուլ, աստիճանաբար մարող որոտը հազիվ զգալի ցնցում էր հատակը. ռ-ռ՜-ռ-ռ-ո՜գ, ռ-ռ՜-ռ-ո՜-ո-գ, ռ-ռ՜-ո՜-գ, ռ-ո՜-գ...
Առջևում երևաց լուսավորված դահլիճը: Պահապաններն ակամա արագացրին քայլերը: Դահլիճը լուսավորվում էր երկար ու նեղ, հրակնատի նման չորս լուսամուտներով: Միջանցքի դիմաց, որտեղից իրենք դուրս եկան, ճամփորդները քարե դուռ նկատեցին: Բացելով այն, նրան տեսան դարպասը՝ բարձր, կուրացուցիչ փայլող կամարը:
Ավելի ճիշտ, ճամփորդները դարպաս չտեսան՝ այն վաղուց չկար, այլ ելքի մոտ, ստվերում, տեղավորված ժամապահներին՝ հինգ խաղաղ ննջող օրք: Այստեղ Պահապանների հայտնվելուն չէին սպասում: Առաջինը պահակների գլխավորը վեր թռավ և անմիջապես էլ Արագորնից խոցված ընկավ: Մնացած օրքերը սարսափահար փախան: Պահապաններն արագորեն մոտեցան ելքին և իջան քարե հինավուրց աստիճաններով:
Սարսափելի ճանապարհորդությունն ավարտվեց:
Արագորնն առանց հանգստի շարժվում էր առաջ. նա որոշեց իսկույնևեթ հեռանալ դարպասից, որպեսզի օրքերը չկարողանան հասնել Ջոկատին: Ճամփորդների առջև փռված էր Սևագետքի հովիտը: Մշուշապատ Լեռները ծածկել էին արևը, բայց առջևում ոսկեզօծ հովիտն էր, իսկ վերևում կապույտ երկինքն էր՝ սպիտակ ամպերի թեթև խոպոպներով: Օրն արդեն կիսվել էր:
Կանգ առնելով, նրանք հետ նայեցին: Մշուշապատ Լեռնաշղթայի թափանցիկ ստվերում մռայլ սևին էր տալիս հսկայական կամարը: Ինչ-որ տեղ, խոր-խոր հողի տակ հազիվ լսելի գալարվում էր մեռնող որոտը. ռ-ռ-ռ-ռ-՜-գ, ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ո՜-գ, ռ-ո-գ...
Եվ այստեղ, անզոր լինելով հաղթահարել անհուն վիշտը, Պահապաններն ազատություն տվեցին արցունքներին: Ոմանք կանգնել ու լուռ լաց էին լինում, մյուսները հեկեկալով թավալվում էին գետնին: Հեծկլտում էր նույնիսկ դժնի Բորոմիրը: Մեկ անգամ էլ հազիվ լսելի հառաչեց ընդերքը՝ ռ-ո-գ, և հովտում լռություն տիրեց:
=== Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն ===
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: