Changes

Բժիշկն ու իր կինը

Ավելացվել է 12 677 բայտ, 17:45, 10 Հուլիսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բժիշկն ու իր կինը |հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]] |թարգմանիչ = Նինա Ա․ Ջաղինյա...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Բժիշկն ու իր կինը
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]]
|թարգմանիչ = Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
|աղբյուր = [[«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

Դիք Բուլթընը հնդկացիների ավանից եկավ Նիքի հոր համար գերաններ կտրելու։ Նա իր հետ բերել էր որդուն՝ Էդդիին, նաեւ մեկ այլ հնդկացու՝ Բիլլի Թեյբշո անունով։ Նրանք անտառից ետնամուտքով ներս մտան, Էդդիի ձեռքին՝ երկար լայնակի սղոց։ Սա տղայի ուսին տարուբերվում էր ու քայլելիս զրնգում։ Բիլլի Թեյբշոն երկու խոշոր կեռաձող էր տանում։ Դիքն էլ անութի տակ երեք կացին ուներ պահած։

Նա շրջվեց ու փակեց դարպասը։ Մյուսները գնում էին նրա առջեւից՝ իջնելով լճափ, ուր գերաններն էին՝ թաղված ավազների մեջ։

Գերանները «մոլորվել֊մնացել» էին մեծ լաստերից, որ «Մեջիք» շոգենավը բուքսիրով լճից քաշում֊իջեցնում էր սղոցարան տանելիս։ Դրանք ափ էին քշվել֊բարձրացել, ու եթե դրանց հետ ոչինչ չանեին, վաղ թե ուշ «Մեջիքի» աշխատողները լաստանավով կգային, կճանաչեին իրենց գերանները, օղակը վրան երկաթե մեխ կխփեին յուրաքանչյուրի ծայրին ու բուքսիրով կքաշեին֊կմտցնեին լիճը՝ մի նոր լաստ սարքելու։ Բայց անտառահատները հնարավոր է երբեք էլ չգային դրանց ետեւից, քանի որ չարժեր մի քանի գերանի համար ողջ անձնակազմը ոտքի հանել։ Եթե ոչ ոք չգար տանելու, դրանք այդպես էլ կմնային ջրի մեջ ու կփտեին՝ ափին ընկած։

Նիքի հայրը միշտ էլ ենթադրում էր, որ այդպես էլ պիտի լիներ, ու հնդկացիներին վարձել էր, որ ավազնից գան, կտրեն գերանները լայնակի սղոցով ու սեպով ճեղճեղեն՝ վառելափայտ ու խարույկի ծղաններ սարքելու համար։ Դիք Բուլթընը տնակի կողքով իջավ դեպի լիճը։ Չորսբոլորը հաճարի գերաններ էին ընկած՝ գրեթե թաղված ավազի մեջ։ Էդդին սղոցի բռնակներից մեկը կախեց տապալված ծառից։ Դիքը երեք կացինն էլ դրեց կամրջակին։ Սա խառնածին էր, եւ լճի շրջակայքի ֆերմերներից շատերը կարծում էին, թե նա իրոք սպիտակամորթ է։ Շատ ծույլ էր, բայց գործի կպչելիս հոյակապ էր բանում։ Նա գրպանից մամլած ծխախոտ հանեց, մի փոքր կծեց֊ծամեց ու սկսեց Էդդիի ու Բիլլի Թեյբշոյի հետ օջիբվեյի լեզվով խոսել։

Նրանք իրենց կեռաձողերի ծայրը խրեցին գերաններից մեկի մեջ ու ճոճվեցին դրան հենված՝ ավազի մեջ թուլացնելու։ Իրենց ողջ թափով սղոցի կոթին կպած տարուբերվում էին երեքն էլ։ Գերանն ավազի մեջ շարժվել սկսեց։ Դիք Բուլթընը շրջվեց Նիքի հոր կողմը։

— Հը՞, Դո՛ք,— ասաց նա,— համա թե ահագին գերան ես թռցրել, հա՜։

— Էդպես մի՛ խոսի՛ր, Դի՛ք,— ասաց բժիշկը։— Հոսանքի բերած է։

Էդդին ու Բիլլի Թեյբշոն ճոճելով հանել էին գերանը թաց ավազից ու գլորել ջրի մեջ։

— Ուղիղ մե՛ջը գցիր,— գոռաց Դիք Բուլթընը։

— Էդ ինչի՞ եք էդպես անում,— հարցրեց բժիշկը։

— Հլա մաքրի՛ վրեն։ Սղոցի տակի ավազը մաքրի։ Ուզում եմ տեսնեմ՝ ո՞ւմն է,— ասաց Դիքը։

Գերանը հենց ջրի երեսին էր ընկած։ Էդդին ու Բիլլի Թեյբշոն հակվեցին իրենց կեռաձողերին՝ արեւից քրտնամխած։ Դիքը ծնկեց ավազի մեջ ու նայեց գերանի ծայրին փայտահատի արած կացնահարվածի նշանին։

— Սա Ուայթ եւ Մըքնելիին է պատկանում,— ասաց նա՝ ոտքի ելնելով ու թափ տալով ավազը տաբատի ծնկամասից։

Բժիշկը շատ անհարմար դրության մեջ էր։

— Դե, էդ դեպքում ավելի լավ է չսղոցես, Դի՛ք,— ասաց նա կտրուկ։

— Մի՛ նեղանա, Դոք,— ասաց Դիքը։— Մի՛ նեղանա։ Հե՛չ էլ վեջս չի, թե ումից ես թռցրել։ Իմ ի՞նչ գործն է։

— Եթե կարծում ես, որ գերանները գողացված են, թո՛ղ դրանք ու գործիքներդ առ, ե՛տ գնա ավան,— ասաց բժիշկը։ Նրա դեմքը զայրույթից կարմրել էր։

— Մի՛ վռազի, Դո՛ք,— ասաց Նիքը։ Նա ծամած ծխախոտը թքեց գերանին։ Թուքը սահելով թափվեց ջրի մեջ։— Դո՛ւ էլ ինձ պես գիտես, որ թռցրած են։ Ինձ համար որ՝ մեկ է։

— Լա՛վ։ Եթե գտնում ես, որ գողացած են, հետիդ մարդկանց հավաքիր ու էստեղից կորի՛ր։

— Դե՛, Դոք…

— Մարդկանցդ վերցրո՛ւ ու ռա՛դ եղիր։

— Լսի՛, Դոք…

— Եթե մի անգամ էլ Դո՛ք ասես, կտամ մռութդ կջարդեմ։

— Օ՜, չէ՜, էդ մեկը չե՛ս անի, Դոք։

Դիք Բուլթընը նայեց բժշկին։ Դիքը խոշոր տղամարդ էր։ Ինքը լավ գիտեր դա։ Իրեն դուր էր գալիս կռիվների մեջ ընկնել։ Նա ուրախ էր։ Էդդին ու Բիլլի Թեյբշոն կեռաձողերին հակված նայում էին բժշկին։ Վերջինս ներքեւի շրթունքով ծամծմում էր մորուքն ու նայում Դիք Բուլթընին։ Հետո շրջվեց ու բլրի վրայով քայլերն ուղղեց տուն։ Նրանք բժշկի թիկունքից զգում էին, թե ինչքան է բարկացած։ Երեքն էլ կանգնած նայում էին, թե ինչպես է նա բլրով բարձրանում ու մտնում տուն։

Դիքն ինչ֊որ բան ասաց օջիբվեյերեն։ Էդդին ծիծաղեց, մինչդեռ Բիլլի Թեյբշոն շատ լուրջ տեսք ուներ։ Նա անգլերեն չէր հասկանում, բայց ամբողջ վեճի ընթացքում տագնապի մեջ էր։ Նա հաստամարմին էր՝ դեմքին ընդամենը մի քանի բեղիկ, ասես չին լիներ։ Նա գետնից երկու կեռաձողն էլ վերցրեց։ Դիքն էլ կացինները վերցրեց, իսկ Էդդին ծառից իջեցրեց սղոցը։ Նրանք ճամփա ընկան՝ անցնելով տնակի կողքով, ու անցան֊մտան անտառ ետեւի դռնով։ Դիքը դարպասը բաց թողեց։ Բիլլի Թեյշբոն ետ դարձավ ու փակեց այն։

Տնակում բժիշկը իր սենյակում անկողնուն նստելով տեսավ հատակին դրված՝ կոմիտեից ստացված բժշկական ամսագրերի մի կույտ։ Դրանք դեռեւս փակ էին՝ ծրարի մեջ։ Այդ ամենը զայրացրեց նրան։

— Էլ գործի չե՞ս գնում, սիրելիս,— ձայն տվեց կինը թանձր վարագուրած իր սենյակից, ուր պառկած էր։

— Չէ՛։

— Ինչ֊որ բա՞ն է եղել։

— Մի քիչ վիճեցի Դիք Բուլթընի հետ։

— Օ՜,— ասաց կինը։— Հուսամ, որ հավասարակշռությունդ չես կորցրել, Հե՛նրի։

— Չէ՛,— ասաց բժիշկը։

— Հիշի՛ր, նա, ով կառավարում է իր հոգին, ավելի բարձր է ու մեծ, քան նա, ով քաղաքներ է առնում,— ասաց կինը։ Նա «Քրիստոնեական գիտություն» համայնքի անդամ էր։ Աստվածաշունչը, «Գիտություն եւ առողջություն», նաեւ «Քառամսյա» ամսագրերի իր բաժին համարը դրված էին մթնեցված սենյակի իր անկողնու կողքի սեղանին։

Ամուսինը պատասխան չտվեց։ Նա այժմ արդեն նստած էր մահճակալին եւ հրացանն էր մաքրում։ Նա մանր դեղին պարկուճներով լի պահեստատուփը ներս հրեց ու կրկին հանեց։ Դրանք շաղ եկան անկողնու վրա։

— Հե՛նրի,— կանչեց կինը։ Հետո մի պահ դադար տվեց։— Հե՛նրի։

— Հա՛,— ասաց բժիշկը։

— Դու Բուլթընին էնպիսի բան չե՞ս ասել, որ ջղայնանա, չէ՞։

— Չէ՛,— ասաց բժիշկը։

— Ինչի՞ համար էր էդ վեճը, սիրելի՛ս։

— Առանձնապես բան չկա՛։

— Ասա՛, էլի, Հե՛նրի։ Խնդրում եմ, մի՛ փորձիր ինձնից բան պահել։ Էդ վեճը ինչի՞ համար էր։

— Դե՛, Դիքը ինձ ահագին փող է պարտք կնոջը թոքաբորբից բուժելու համար, ու կարծում եմ՝ նրան վեճ էր պետք, որ ստիպված չլիներ փողն աշխատելով տալ։

Կինը լուռ էր։ Բժիշկը հրացանը զգուշորեն սրբեց լաթի կտորով։ Նա պարկուճները հրեց֊տեղը գցեց։ Նստեց՝ հրացանը ծնկներին դրած։ Նա շատ էր կապված այդ հրացանին։ Հետո ականջին հասավ կնոջ ձայնը՝ մթնեցված սենյակից։

— Սիրելի՛ս, չե՛մ կարծում, ես իրո՛ք չեմ կարծում, թե մարդ էդպիսի բան կաներ։

— Չէ՞,— ասաց բժիշկը։

— Չէ՛։ Իրո՛ք հավատս չի գալիս, թե մարդ դիտմամբ էդ տեսակ բան կաներ։

Բժիշկը ոտքի ելավ ու հրացանը դրեց խոհանոցի պահարանի ետեւի անկյունում։

— Դո՞ւրս ես գնում, սիրելիս,— ասաց կինը։

— Երեւի գնամ մի քիչ քայլեմ,— ասաց բժիշկը։

— Եթե Նիքին տեսնես, սիրելիս, կասե՞ս՝ մայրդ կանչում է,— ասաց կինը։

Բժիշկը շեմք ելավ։ Միջնորմի դուռը շրխկաց նրա ետեւից։ Լսեց, որ կինը շունչը պահեց, երբ դուռը շրխկոցով փակվեց։

— Կներե՛ս,— ասաց նա՝ կնոջ մթնեցված պատուհանի տակ։

— Ոչի՛նչ, սիրելիս,— ասաց կինը։

Դարպասից դուրս գալով՝ նա քայլում էր բարկ արեւի տակ, հետո անցավ կածանով, մտավ փշատերեւ անտառ։ Անտառում զոգ էր՝ անգամ այդպիսի մի շոգ օրվա համար։ Նա տեսավ Նիքին նստած կարդալիս՝ մեջքը մի ծառի հենած։

— Մայրդ ուզում է, որ մոտը գնաս,— ասաց բժիշկը։

— Ուզում եմ քե՛զ հետ գալ,— ասաց Նիքը։

Հայրը նայեց տղային։

— Լա՛վ։ Դե՛, գնացինք ուրեմն,— ասաց հայրը։— Գիրքը տուր ինձ։ Գրպանս կդնեմ։

— Ես գիտեմ, թե սեւ սկյուռները ուր են, պա՛,— ասաց Նիքը։

— Լա՛վ,— ասաց հայրը։— Գնանք էնտեղ։
Վստահելի
593
edits